Սի՜րտն ընդամենը մի բռունցք արյո՜ւն է,
Բայց այնքա՜ն ծանր,
Բայց այնքա՜ն խորը,
Լայնածավա՜լ
Ու տարողունա՛կ,
Որ թվո՜ւմ է թե աշխարհը սեղմե՜լ
Ու տեղավորել են
Ուղի՛ղ կրծքիդ տակ…
Ու թպրտո՜ւմ է աշխարհը կրծքում,
Հաճախ ցավո՜ւմ է,
Ծակո՜ւմ,
Հառաչո՜ւմ,
Հաճախ ուզում է գլուխը առնե՜լ ու
Քեզնից փախչե՜լ,
Ի՞նչ իմանաս ո՜ւր…
Ամեն մի անձրև իր արև՜ն ունի,
Ի՜ր ծիածանը՝ իրենից հետո,
Խեղճ Սիրտն ի՞նչ անի,
Որ մի աշխա՜րհ է
Լի՜ արցունքներով…
Այսքանով հանդե՜րձ
Սիրտն ուրախանալու պերճա՜նքը ունի,
Խելագար պարելու ցանկությո՜ւն,
Սիրտն ուրախությունից իր պայթե՜լն ունի
Եվ պայթեցնելու հնարավորություն:
Եվ երգե՜լ գիտի- ուրա՜խ ու տխուր՝
Այրո՜ղ մի լավա՝ սրտամեղեդի՜,
Եվ ատել գիտի թշնամու նման,
Եվ սիրե՜լ գիտի անսահմա՜ն,
Իր գրիչն ունի՝ ձեռագիրը իր,
Արվե՛ստն իր ունի դյութական:
Հսկա՜ է սիրտը՝ հսկայամարմի՛ն,
Ադամանդի պես կա՜րծր է,
Հողի պես փխրո՜ւն,
Ի՞նչ առեղծված է՝ մարդ չի՛ հասկանում՝
Եվ սպանե՜լ գիտի և
Ունակությո՜ւն հարություն տալու:
Կարո՛ղ է դարերո՜վ գաղտնիքներ պահել,
Կարող է պահի՜ տակ դառնալ «չաչանակ»
Մեկ խաչեղբա՜յր է՝ թև՜ տալ է կարող,
Մե՛կ էլ սգավո՜ր՝
Կարո՛ղ է կոտրե՜լ տենչեր բյուրավոր:
Քո մեջ աշխա՜րհը,
Դո՛ւ աշխարհի մե՜ջ,
Մի ամբողջությո՜ւն՝ արյան մի բռունցք,
Նույնի՜սկ ուրանի ատոմը ճեղքվեց…
…Սի՜րտն Աստվածային
Մնաց հանելուկ: