Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Կե'ր, խմի'ր, զվարճացի'ր, բայց հաղթանակած թշնամուդ ոչինչ մի' թող մնա

14:15, Четверг, 18 Октября, 2018 года
Կե'ր, խմի'ր, զվարճացի'ր, բայց հաղթանակած թշնամուդ ոչինչ մի' թող մնա

Առհավետ կործանված Ասորեստանի վերջին հզոր թագավորն Աշուրբանիպալն է եղել, որը գահ է բարձրացել մ.թ.ա. 669 թվականին: Սա ոչ միայն մեծ նվաճող, այլև գրասեր անձնավորություն է եղել: Նինվեում նա մեծ գրադարան է հիմնել, որտեղ 20 հազար սեպագիր կավե տախտակներ է ի պահ տվել: Այդ գրադարանը համարվում է աշխարհի առաջին գրադարանը, որի ավերակներում հետագայում հայտնաբերվել են Գիլգամեշի մասին հայտնի առասպելը, աստղաբաշխությանը, աստղագիտությանը և գուշակություններին վերաբերող բազմաթիվ «գրքեր»: Աշուրբանիպալը սիրել է գրավոր խոսքը, և ինքն անձամբ գրել է: Հայտնաբերված սեպագիր տախտակներից մեկը հետևյալ բովանդակության է.

«Ես` Աշուրբանիպալս, տիեզերքի տիրակալը, Ասորեստանի տերը, որին Նաբու աստվածն ու իր կինը շնորհել են սուր ընկալում և գրի լուսավորող էությունը հասկանալու մտավոր կարողություն, որոնք ինձնից առաջ եղած թագավորներից ոչ մեկը երբեք չի հասկացել, ես տախտակների վրա սեպագիր նշաններով գրեցի Նիբուի գիտությունը…Ես դրանք ապագա սերունդների համար զետեղեցի իմ տեր Նիբուի տաճարի գրադարանում: Մեծ տեր Նիբուն Նինվեում է, որպեսզի ինձ ուղեկցի, պահապան լինի իմ հոգուն և ինձ պաշտպանի հիվանդությունից ու ամուր պահի իմ գահի հիմքերը: Օ~Նիբու, գոհունակ հայացքով նայիր և ընդմիշտ օրհնիր իմ թագավորությունը: Երբ քեզ մոտ գամ, ուշադրությանդ արժանի արա ինձ: Երբ ես անցնում եմ քո տաճարով, հովանավորիր իմ քայլերը: Եվ քանզի այս աշխատանքը զետեղված է քո տաճարում ու դրված է քո առջև, զննիր այն և ինձ բարեհաճությամբ նայիր»:

Բայց այս Աշուրբանիպալին հին հույները Սարդանապալ են անվանել և սանձարձակ վարքի տեր միապետ են համարել: Պարսից Արտաքսերքսես 2-րդ թագավորի արքունիքում մ.թ.ա. 415 – 398 թվականներին որպես բժիշկ ծառայած Կտեսիաս Կնիդացին ահա թե ինչ է գրել նրա մասին.

«Սարդանապալը շվայտությամբ ու պորտաբուծությամբ գերազանցեց իր բոլոր նախորդներին: Քանի որ նա ոչ միայն դուրս չէր գալիս արտաքին աշխարհ, այլև կանացի կենսակերպով էր ապրում: Նա նույնիսկ ջանում էր իր ձայնին կանացի հնչողություն հաղորդել, նա նաև երկու սեռերի հետ էլ սեր էր անում: Թշնամիների ձեռքը չընկնելու համար նա հրամայում է իր պալատի մեջ մի վիթխարի խարույկի փայտ կուտակել, դրա վրա դնել իր ամբողջ ոսկին, արծաթն ու արքայական հագուստները: Նա խարույկի կենտրոնում կառուցված սենյակում փակում է իր բոլոր կանանց ու ներքինիներին, միանում է նրանց և հրամայում է ամբողջը պալատի հետ կրակի տալ»:

Շարունակելով վերաշարադրել Կսեսիասի պատմածը` հռոմեացի պատմագիր Դիոդորոս Սիցիլիացին ասում է.

«…Այս պարտությունից հետո թագավորը (Սարդանապալը) բանակի հրամանատարությունը հանձնում է իր կնոջ եղբորը` Սալեմենին, իսկ ինքը փակվում է Նինվեում` պաշտպանվելու համար: Ապստամբները քաղաքի պարիսպների մոտ երկու ճակատամարտ են տալիս, հաղթում են ու սպանում Սալեմենին ու փախստականների մի մասին: Մնացյալը, քաղաքում պատսպարվելու հնարավորություն չունենալով, ստիպված նետվում է Եփրատը, և գրեթե բոլորը խեղդվում են: Մահացածներն այնքան շատ էին, որ Եփրատի մի երկար հատվածը պատվել էր արյունով: Քաղաքի կրծքում պաշարված թագավորին լիովին լքել էին բոլոր երկրամասերը…Սարդանապալն իր երեք տղաներին ու երեք աղջիկներին, ինչպես նաև իր գանձերի մեծ մասն ուղարկում է Պաֆլագոնիա` իր ամենանվիրված կառավարիչներից մեկի մոտ: Այդ նույն ժամանակ նա սուրհանդակներ է ուղարկում իր երկրի բոլոր ծայրագավառներ` գրավոր հանձնարարություն տալով զորքեր հավաքել պաշարվածներին օգնելու համար: Մի ծեր պատգամախոս ասել էր, թե Նինվեն երբեք չի գրավվի, եթե գետն իրեն քաղաքի թշնամի չհայտարարի: Արդ, չպատկերացնելով, որ այդպիսի բան կարող է երբևէ տեղի ունենալ… նա որոշում է պաշարմանը դիմանալ` սպասելով իր պահանջած օգնությանը:

Խանդավառված իրենց հաջողություններով` ապստամբներն ուժեղացնում են գրոհը, բայց ոչ մի վնաս չեն կարողանում պատճառել պաշարվածներին, որովհետև չունեին պարսպակործան մեքենաներ. դրանք այն ժամանակ դեռ չէին հորինվել, և թագավորը հոգացել էր, որ քաղաքն առատորեն ապահովվի պարենով: Երկու տարի շարունակ քաղաքը պաշարված մնաց, բայց երրորդ տարում այն ընկավ` առատ անձրևի պատճառով. Եփրատի ջրերը հեղեղեցին քաղաքի մի մասը և տապալեցին պարսպի քսան ստադիոն (3600 մետր) երկարության հատվածը: Ահա այդ ժամանակ է, որ թագավորը, համոզվելով, որ կատարվում է պատգամախոսի կանխագուշակումը, փրկվելու հույսը կորցնում է, և որպեսզի ողջ չընկնի թշնամու իշխանության տակ, հրամայում է իր պալատում մի հսկայական խարույկ պատրաստել, որի վրա տեղավորում է իր ոսկին, արծաթն ու թագավորական հագուստները: Իր կանանց ու ներքինիների հետ փակվելով խարույկի մեջտեղում կառուցված սենյակում, նա այսպես մոխրի է վերածում իրեն, իր մարդկանց ու պալատը: Առնելով Սարդանապալի մահվան լուրը` ապստամբները բացված ճեղքից մտնում են քաղաք ու այն գրավում»:

Ասում են, թե Սարդանապալի գերեզմանին հարբած պարողի արձան է կանգնեցվել հետևյալ գրությամբ.

«Անցո'րդ, կե'ր, խմի'ր, զվարճացի'ր, մնացյալ ամեն ինչը սին է»:

Սարդանապալի մասին կիսաառասպելական պատումը ոգեշնչել է Ջորջ Բայրոնին, որը նրան նվիրված դրամա է գրել, Հեկտոր Բերլիոզին, որը գրել է «Սարդանապալի մահը» կանտատը, Ֆերենց Լիստին, որը գրել է «Սարդանապալ» օպերան և Էժեն Դելակրուային, որը վրձնել է «Սարդանապալի մահը» կտավը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5337 | 0 | 0
Facebook