Անձրև է մաղում,
Վաղո՜ւց է, որ անձրևն արդեն չի հուզում,
Արև՞ թե՞ անձրև, ի՞նչ տարբերություն,
Երբ քո մասին եմ անընդհատ խոսում:
Այնքա՜ն եմ գրել քո մասին,
Այնքա՜ն զրուցել պատուհանիս հետ,
Որ այգումս աճած վայրի մասրենին
Ինձ ընդունում է խելագարի տեղ…
Մի խե՜ղճ հայացքով նայում է վրաս,
Ճյուղերն իջեցնում է հողին,
Քամին՝ այդ խելառն անաստված
Պոկում է պտուղները դեղին:
Տարիներս տեսնես ո՞վ տարավ,
(Համրություն է ի՜մ և մասրենու միջև)
Պարզվո՜ւմ է, որ այսքան ժամանակ
Մասրենի՜, ես քեզ հետ եմ կիսվել:
Խո՜ւլ, հա՜մր, համե՜ստ վկան ես եղել,
Մտքերի՜, խոսքերի՜, տրամադրությա՜ն,
Ինձ հետ հավասար դու էլ տառապել
Ու մերկացել ես մտքերիս նման:
Մասուրներիդ նման տարիներս թռան,
Կառչած անցյալի թևերից,
Չգիտեմ ինչո՞ւ, մասրենի աննման
Ամաչո՜ւմ եմ նայել աչքերիդ…