Կրթությունը բարձրագույն էր՝ Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետ:
Սոցիալական դրությունը – անտանելի:
Զոքանչը հիվանդ, երեխաները ուսանողներ (վճարովի):
Կինը երկու տարի առաջ էր մահացել (մինչև հիմա քարն էլ չէր գցել):
Հպարտությո՞ւնը, ոչ ոտնահարված չէր, ուղղակի կարծես ամեն ինչ վերջացած լիներ ու դա էր պատճառը, որ այսօրվանից աշխատում է այս խուճուճ անունով ֆիմայում որպես հավաքարար:
Հաստիքն էր այդպիսին, իսկ իրականում պետք է դռների փականները սարքեր, էլեկտրալամպերը փոխեր, մանր-մունր աշխատանքներ, ամսեկան քառասուն հինգ հազար դրամով:
- Խաչի՛կ, մո՛տ եկ:
Տնտեսվարն էր, որին մի կերպ համոզելով էր ընդունվել աշխատանքի:
- Հա, Շախրամանյան ջան, ասա՛:
- Լավուրը գործի չի եկել, էդ կնիկը գլխիս պատիժ ա, էն պոլի փետովը մի երկու անգամ տղամարդկանց զուգարանում քսի-մսի մինչև տենանք ինչ ա ըլնում:
- Բայց, ախր…
- Արա՛, արա՛, բա ո՞վ է անելու:
Նոր էր վերջացրել աշխատանքը, երբ ներս մտավ դեղին փողկապով, կանաչ կոստյումով, կարմիր կոշիկներով երևի տարեկից մի մարդ:
Մինչ կհասցներ կոշիկներից աչքերը բարձրացրնել դեմքը տեսնելու մարդը հարցրեց:
- Խաչի՞կ:
- Հա՜, բա՜յց:
- Քո տունը շինվի, ձեր կուրսի Անդո՛ն եմ, Մանուչարյան Անդոն:
- Հա՜, չճանաչեցի, Անդո ջան, բա էստեղ ի՞նչ ես անում:
- Բիզնեսմեն եմ, նոր եմ եկել, կնոջս ու զոքանչիս հետ Երուսաղեմ էի գնացել, Զատիկի օրերին:
- Հավատացի՞ր:
- Եսի՞մ, երևի մի բան կա էլի այնտեղ՝Վերևում:
Եկա, գնացի գյուղ, եկեղեցի սարքելու համար փող տվեցի, այնպես էլի, համենայն դեպս:
- Վախենում ես դժոխք ընկնե՞ս:
- Վախը քի՞չ ա, բայց հիմա ինձ ոչ մի չար բան չի կպնի, համենայն դեպս:
Տե՛ս:
Գրպանից հանեց ու ցույց տվեց մելքեորե մի փոքրիկ աման՝ խնկաման:
- Իսրայելում, տեր Վարդանից եմ գնել, երեք հարյուր դոլարով, Հիսուսի ձեռքի ամանն է եղել, բա՜:
- Ո՞վ է քեզ ասել:
- Դե լավ, գործդ արա, չխանգարեմ, համենայն դեպս,
հիմա հաճախ կտեսնվենք:
- Համենայն դեպս, - ասաց Խաչիկը ու ուսի վրայից դեպի ետ երեք անգամ թքեց զուգարանի պատին:
Ս.Ումառ-Հարությունյան