Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչպես այսօր, առաջներում էլ հայ գյուղացին պայքարել է անօրեն գյուղապետերի դեմ ու երբեմն էլ նույնիսկ կարողացել է պատժել նրանց

12:27, Понедельник, 02 Июля, 2018 года
Ինչպես այսօր, առաջներում էլ հայ գյուղացին պայքարել է անօրեն գյուղապետերի դեմ ու երբեմն էլ նույնիսկ կարողացել է պատժել նրանց

Մի դրվագ հայ գյուղի ու գյուղացու անցյալից, որը, ընդհանուր առմամբ, բավականաչափ աղերսներ ունի մեր ներկայի հետ: Կարդացեք և կհամոզվեք:


     17-րդ դարի կեսերին Քանաքեռում Ամիրջան անունով մի գոռոզ, ինքնահավան և բոլորին ծաղրող մարդ է եղել: Քանաքեռցիներն ում իրենց գյուղի տանուտեր են նշանակել, սա հայտարարել է, թե տվյալ անձնավորությունը գյուղն ավերելու է, և գյուղացիները որոշում են այս Ամիրջանին տանուտեր կարգել, որպեսզի նրա հպարտությունը կոտրեն (փաստորեն, բռնակալների երկիր Պարսկաստանում հայկական գյուղերը ներքին ինքնավարություն են ունեցել), իսկ Մկրտիչ անունով ճարտար ու գրագետ, պարսկերեն իմացող մեկին էլ Ամիրջանի քարտուղար են նշանակում, որպեսզի գյուղացիների առևտրային բոլոր գործարքները գրի առնի:

Տանուտերն ու քարտուղարը չորս տարի համերաշխ աշխատել են. ինչ որ ծախսվել է, Մկրտիչն ամսով ու ամսաթվով գրանցել է, բայց մի անգամ, երբ գյուղի ավագները հավաքվել են, որպեսզի պարզեն իրենց շահույթի չափն ու քննարկեն իրենց հուզող խնդիրները, քարտուղար Մկրտիչը մի բան է ասել գյուղի օգուտի մասին: Տանուտերը զայրացած ընդհատել է նրան` ասելով. «Քեզ ո՞վ թույլ տվեց, որ խոսես»: Մկրտիչն ընդամենն ասել է. «Ի՞նչ վնաս տվեց իմ ասածը, որ այդպես զայրանում ես»: Ամիրջանին ափերից հանում է այս «հանդգնությունը», և նա մահակով խփում է քարտուղարին ու նրա կնոջը «բ ոզ» է անվանում: Մկրտիչը կուլ է տալիս վիրավորանքնք ու լռելյայն հեռանում է: Տանուտերի պահվածքը դուր չի գալիս նաև գյուղի ավագներին, և նրանք էլ են հեռանում: Մկրտիչը տանուտերի արարքի մասին պատմում է իր քենու տեգորը` գյուղում հարգված ու խաղաղասեր մի անձնավորության: Մկրտիչին հատկապես վիրավորել էր այն, որ տանուտերն իր կնոջը «բ ոզ» էր անվանել: Նրա քենու տեգրը խորհուրդ է տալիս երկու օր համբերել` հուսալով, որ տանուտերը կզղջա ու իր քարտուղարին հետ կկանչի: Մկրտիչը երեք օր է համբերում, իսկ Ամիրջանը ոչ միայն նրան հետ չի կանչում, այլև մարդ է ուղարկում Մկրտիչի մոտ ու պահանջում է առևտրին վերաբերող բոլոր թղթերը:

Վերջինս հրաժարվում է տալ պահանջված բոլոր թղթերը` ասելով. «Ես ոչ թե նրա հրամանով եմ գրառումներ կատարել, այլ` գյուղի ավագների որոշմամբ», ու գնում է քենու տեգոր մոտ` նոր խորհուրդ առնելու: Տեգրը պատասխան քայլերը թողնում է Մկրտիչի հայեցողությանը, և նա, ճարը կտրած, միաբանվում է իր երեք համախոհների ու մի քանի ավագների հետ, ու նրանք մարդ են ուղարկում տանուտերին կանչելու, որպեսզի հաշվետվություն ներկայացնի իր գործունեության մասին: Մինչ տանուտերին ձայն տալը քարտուղար Մկրտիչը կարդացել է գյուղում տեղի ունեցած առևտրական գործարքների վերաբերյալ իր բոլոր գրառումները` մեկ առ մեկ նշելով, թե ինչ է հանձնել տանուտերին, գրանցել է նրա տնօրինմանը տրված մեկ հավկիթն անգամ: Նրանք տանուտերի վրա են դնում երեք տարվա հարկը, որը կազմել է 340 թուման և նրանից հաշվետվություն են պահանջում: Բայց վերջինս ոչ միայն չի ցանկացել հաշվետու լինել, այլև զայրացել է ու այս անգամ էլ հայհոյել է գյուղի ավագանու բոլոր անդամներին` ասելով. «Դուք ո՞ւմ շունն եք, որ ես ձեզ հաշվետու լինեմ, ես հաշվետվություն կներկայացնեմ միայն խանի ոստիկանին»: Ապա խոսքն ուղղել է Մկրտիչին` ասելով. «Այդ 340 թումանը, որ ինձ ես տվել, քո Վարդ կնոջ գլխինն է»: Այս խոսքերը ցասումով են համակել նաև հասարակ գյուղացիներին, որոնք էլ Մկրտիչին ուղարկել են խանի մոտ, որին Մկրտիչն անձամբ ճանաչել է պարսկերեն իմանալու շնորհիվ: Խանը լսել է Մկրտիչի ներկայացրած փաստերը ու նրա հետ Քանաքեռ է ուղարկել Գուլ-Նազար անունով մի պարսիկ ոստիկանի, որը թուրքերեն չի իմացել: Սրան պատվիրվել էր տանուտերի գործունեության հաշվետվություն պահանջել, և եթե նա չկարողանա կատարած բոլոր ծախսերը հիմնավորել, ապա հանձնարարված էր կախել, այնքան բրածեծ անել, որ վատնած փողը վերադարձնի:

Գյուլ Նազարը գալիս է Քանաքեռ, տանուտերին կանչում է հրապարակային դատարան և պահանջում է ներկայացնել 340 թումանի հաշվետվությունը: Տանուտերը կարողանում է 280 թումանի ծախսը հիմնավորել, բայց չի կարողացել ասել, թե ինչ է արել 60 թումանը: Ոստիկանը պահանջում է հատուցել գումարը: Տանուտերը լռում է, այդժամ, ոստիկանի հրամանով, մի անիվ են բերում, գցում են նրա պարանոցը, կախում են բարձր պատից ու երկու կողմից հարվածներ հասցնելով պահանջում են վերադարձնել 60 թումանը: Տանուտերի բարեկամները գյուղացիներին սկսել են աղաչել, որ մի քիչ նվազեցվի, մասամբ զիջվի պահանջվող գումարը: Գյուղացիները համաձայնել են կիսով չափ զիջել և տանուտերից 30 թուման գանձել, բայց խանը չի համաձայնել և պահանջել է վերդարձնել յուրացված փողը: Քանի որ տանուտերն ի վիճակի չի եղել վերադարձնել գումարը, չզարմանաք, իր չորս տղաներին ու գեղեցիկ դստերն առաջարկել է խանին, միայն թե ազատվի:

Գուլ Նազարը կարգադրել է նրան իջեցնել կախաղանից ու Ամիրջանի քահանա եղբորը հանձնարարել է պահել նրան այնքան ժամանակ, մինչև ինքը խանին տեղեկացնի տանուտերի առաջարկի մասին: Երբ խանն իմանում է, թե տանուտերն ինչ է առաջարկել, սաստիկ բարկացել է ու ասել. «Մի՞թե նա իմ դրամն է վատնել, որ ես նրա որդիներին և դստերն առնեմ: Թող քանաքեռցիների պարտքը տա ու ազատվի»:

Ոստիկանը վերադառնում է Քանաքեռ, հրամայում է նորից կախել տանուտերին ու բրածեծ անել: Այնքան են խփում նրա ոտքերին, որ ոտնաթատերի բոլոր տասը եղունգները թափվում են, և ծնկներից վեր ուռուցք է գոյանում: Թշվառին վեց օր պարբերաբար ձաղկում են:

Զատիկից հետո հիսուներորդ և պատժի յոթերորդ օրը բնությունը նրան օգնության է հասել. կեսօրին երկինքում սև ամպեր են կուտակվում, երկիրը մթնում է, կայծակն է փայլատակում և հավկիթի մեծության կարկուտ է տեղում: Պատժավայրում գտնվողները փախչում են: Տանուտերը մնում է կարկուտի տակ այնքան ժամանակ, մինչև որ Մկրտիչի հորեղբոր դուստրը նրա կապերն արձակում է ու հորդորում, որ փախչի:

Ամիրջանը հետևում է նրա խորհրդին, փախչում է մի վայր, որտեղ Առաքել անունով մի մարդ կոտրում է նրա պարանոցին գցված անիվը: Այստեղից Ամիրջանը փախել է Աղստև ու կարողացել է փրկվել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4456 | 0 | 0
Facebook