Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Գործընթացն ուղորդվում է, սա պատվեր է, նպատակը՝ Հայոց եկեղեցին քայքայելն է

Հեղինակ
Автор:
Հեղինակ
16:08, Понедельник, 11 Июня, 2018 года
Գործընթացն ուղորդվում է, սա պատվեր է, նպատակը՝ Հայոց եկեղեցին քայքայելն է

Հարցազրույց պատմական գիտությունների թեկնածու ԱՎԱԳ ՀԱՐՈՒԹՅՈւՆՅԱՆԻ հետ
    
    

- Փողոց են դուրս եկել, ցույցեր են անում մի խումբ մարդիկ, որոնք եկեղեցու բարեփոխումների անվան տակ իրենց առաքելությունն են համարում մեղադրանքներ հնչեցնել Հայ եկեղեցու, Մայր Աթոռի միաբանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին: Եվ դա անում են քրիստոնյային ոչ վայել հայհոյախոսությամբ ու կեղծիքով: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ երևույթի հետ գործ ունենք:

-Նախ խնդրին անդրադառնամ որպես պատմաբանի՝ ժամանակի հեռավորությունից քննելով իրավիճակը: Այն, ինչ այսօր կատարվում է, գոնե թե ինձ համար ամեևին նորություն չէ, տարիներ շարունակ զբաղվել եմ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանեանի գործունեության ուսումնասիրությամբ ու այս օրերի իրադարձություններին հետևելով միտքս եկան նրա շուրջ տեղի ունեցածը:

1900թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո ստեղծվել էր, գրեթե, համանման իրավիճակ, ի թիվս այլ կրոնական համայանքների՝ հույն, հրեա, կաթոլիկ, նաև Կ. Պոլսում պահանջ դրվեց, որ տվյալ ժամանակի պատրիաքը՝ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը հրաժարական տա: Եվ կրկին մի խումբ ցուցարաներ, ինչպես այս օրերին, բողոքեցին ու ներխուժեցին պետրիարքարան և Կաթողիկոսից պահանջեցին հրաժարական տալ, ասելով թե՝ երիտթուրքական հեղաշրջման արդյունքում Օսմանյան կայսրությունում ստեղծվել էր նոր իրավիճակ, որի համապատասխան պետք է լինի նոր պատրիարք:

Խորհրդային շրջանում ևս նման իրավիճակ ստեղծվեց, ի հայտ եկան միություններ, որոնց անդամները նույնպես ասում էին՝ հաստատվել է խորհրդային համակարգ, ուրեմն, պետք է եկեղեցին վերանա, նաև կաթողիկոսի պաշտոնը վերանա, թերթեր ու ամսագրեր էին հրապարակվում: Ցավոք, այդ ժամանակ էլ ակտիվ մասնակիցների մեջ նաև հոգևոր սպասավորներ կային, որոնք տասնյակ տարիներ իրենց պարտքն են համարել հլու հնազանդ ծառայել Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու նրա գահակալ Կաթողիկոսին, բայց խորհրդային կարգերի հաստատումից հետո հանկարծ դարձան այն ժամանակվա Կաթողիկոս Գևորգ 5-րդ Սուրենյանցի հրաժարականը: Նրանք ևս անունը դնում էին եկեղեցու բարենորոգում, սակայն խորքային առումով, նպատակը եկեղեցու վերացումն էր:

Նույնը մենք տեսնում ենք այսօր:

-Իսկ ինչո՞վ եք բացատրում հոգևորականի նման պահվածքը. քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական հովերով են տարված:

-Որքան տեղյակ եմ Հայոց եկեղեցու կանոնակարգով, յուրաքանչյուր հոգևորական՝ սկսած, սարկավագից, աբեղա ու մինչև եպիսկոպոսներ, վարդապետներ, երբ ստանում են հոգևոր կոչում ու անցնում իրենց հոգևոր պաշտոնի կատարմանը, ի թիվս այլ քայլերի, նրանք նաև իրենց հնազանդության երդում են տալիս տվյալ պահի գահակալին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Պետք է գիտակցել, որ շատ մեծ է հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների տարբերությունը: Նախ, կաթողիկոսը նախագահ չէ, վարչապետ չէ, նախարար ու պատգամավոր չէ, եկեղեցին աշխարհիկ կառույց չէ, նրա գահակալն էլ աշխարհիկ պաշտոնյա չէ: Հետևաբար, իրողությունն այս տեսանկյունից պետք է դիտարկենք: Այսպես կոչված՝ քաղաքական կամ քաղաքացիական հովերը չեն կարող տարածվել եկեղեցու վրա: Առավել ևս, նման անընդունելի մեթոդներ կիրառելը հոգևոր կառույցի ու նրա գահակալի նկատմամբ՝ միանշանակորեն մերժելի են ու անընդունելի:

-Եթե աշխարհիկ մարդն այս ամենը կարող է չգիտակցել, ապա բոլորվին անհասկանալի է ցուցարար հոգևորականների վարքագիծը, որոնք, ինչպես ասացիք, երդում են տալիս գահակալին, բայց հիմա տրված երդումը դրժելով՝ դեմ են գնում եկեղեցու օրենքներին: Միամտություն է կարծել, թե չեն գիտակցում, որ իրենց քայլերով սասանում են եկեղեցու միասնականությունը:

-Իհարկե, նրանք շատ լավ են հասկանում, թե ինչ են անում: Ես նկատում եմ, որ այս գործընթացների հետևում կան ուղղորդողներ, սա պատվերի կատարում է:

Ուշադիր դիտել եմ ցուցարարների տեսանյութերը, այնտեղ տեսնում եմ ընդամենը 50 կամ 100 հոգու, և ոչ ավելի, բայց Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու նրա գահակալը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամենևին էլ 50, 100 կամ 1000 հոգու կաթողիկոսը չէ:

Հայոց Առաքելակյան Եկեղեցին այսօր այն միակ կառույցն է, որն ունի համահայկական, համաշախարհային դերակատարություն թե՛ իր ազգային, թե կազմակերպչական առումով: Թե Հայաստանի ու Արցախի Հանրապետություններում, թե Ջավախքում ու սփյուռքյան ցանկացած գաղթօջախում հայությունն աշխարհում ներկայացված է մեր եկեղեցիով: Սա նշանակում է, որ հայ եկեղեցին միայն կրոնական կառույց չէ, այն հայապահպանությանը միտված համահայկական կառույց է, մեկ այլ նման կառույց մենք չունենք:

Գլոբալացող աշխարհում մնացել է այս մեկ կառույցը. ուրեմն, ի՞նչ է հարկավոր անել՝ վերացնել: Այստեղ հարցն, իմ կարծիքով, ամենևին էլ հայ եկեղեցու ներկա գահակալի խնդիրը չէ: Ուղղակի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անձն օգտագործվում է որպես առիթ:

Պատահական չէ, որ ցուցարարներն իրենց պարտքն են համարում առաջին հերթին շեշտել, թե իրենց շարժումն ուղղված չէ եկեղեցու դեմ, այլ ուղղված է միայն եկեղեցու գահակալի դեմ: Նման արտահայտություններով նրանք կարող են միայն միամիտներին շեղել կամ խաբվել: Գիտակից մարդու համար հասկանալի է, որ այդ ամենն ուղղված է հենց եկեղեցու դեմ: Հետևաբար, ով էլ լիներ այս պահին եկեղեցու գահին նստած, նրանք նույն կերպ էին վարվելու, քանի որ նպատակը եկեղեցին քայքայելն ու վերացնելն է:

Այն մեղադրանքները, որոնք այսօր ուղղվում են Գարեգին Երկրորդին, 1900թվականին ավելի «ծանրակշիռ» ու ավելի ցավալի կերպով ուղղվել են Օրմանյան պատրիարքին: Դրանք և՛ անձնական բնույթի էին, և՛ ֆինանսական, և ծիսական, իհարկե, բոլորն ամբողջությամբ հիմնազուրկ էին: Այն ժամանակ պատրիարք Օրմանյանը հատուկ հաշվետվությամբ հանդես եկավ և ցույց տվեց իրեն ուղղված մեղադրանքների հիմնազուրկ լինելը: Նույն կերպ հիմազուրկ էին նաև խորհրդային տարիների 20-ական թվականներին Կաթողիկոս Գևորգ 5-րդին ուղղված մեղադրանքները: Սակայն, երբ բողոքի շարժում է սկսվում, մարդիկ այլևս դադարում են լսել ու ընկալել մեղադրանքների հիմնազուրկ լինելը: Կեղծ փաստեր են հրամցվում հանրությանն ու այն ընդունվում է որպես վերջնական ճշմարտություն:

-Անկախությունից ի վեր մեր ժողովուրդը, կարծես, հոգևոր վերածնունդ է ապրում. հաճախ է այցելում եկեղեցիներ, մասնակցում պատարագների, հոգևոր միջոցառումների, ուրախալի է նաև, որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Բայց դրա հետ մեկտեղ, ցավոք, քիչ չեն նաև եկեղեցուն օտարի աչքով նայողները: Ու հենց այս տեսակն է, որ շատ արագ կուլ է տալիս կեղծիքի խայծը: Նման իրավիճակում պետք է հասկանալ՝ ի՞նչ անել, ինչպե՞ս նեցուկ լինել մեր եկեղեցուն:

- Ցավոք, մեզանում այսօր այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ է, երբ քննադատությունը, կապ չունի՝ հիմնավոր է, թե հիմնազուրկ, հանրության որոշակի խավեր վատաբանելն ավելի սիրով են ընդունում, քան լրջմիտ ու հիմնավոր խոսքը:

Ամենևին չթերագնահատելով այլ եկեղեցիների ծիսակարգերը, պետք է ասեմ, որ հայ եկեղեցու հենքում ի սկզբանե դրված է եղել ժողովրդայնության սկզբունքը, որն ի դեպ ժողովրդավարության սկզբունքից մի քանի անգամ ավելի բարձր կատեգորիա է:

Ժողովուրդն է եղել մեր եկեղեցու հիմքը: Հայաստանյանց Առաքելական եկեղեցին միայն Կաթողիկոսը չէ, ու եկեղեցու սպասավորները, այն մեր ժողովուրդն է: Իսկ սա նշանակում է, որ եկեղեցու, որպես համահայկական, համաշխարհային կառուցի պահպանումն ու զարգացունը աշխարհիկ հայ քաղաքացիների պարտքն է: Ու այս տրամաբանուիթյամբ էլ պետք է այսօր նեցուկ լինենք մեր եկեղեցուն:

Հետևաբար, հորդորս է մեր հայրենակիցներին, մեր ժողովուրդին, այն իմաստությունն ու ներուժը, որ ունի իր մեջ՝ դրսևորի և չհետևի այս մի խումբ բողոքավորների կեղծիքին:

-Շատ կարևոր է, որ մեր ժողովուրդը իրազեկվի, իմանա, թե ովքե՞ր են Հայոց եկեղեցու դեմ ելած բողոքավորները, ու ի՞նչ նպատակներ են իրականում հետապնդում: Օրինակ, ցուցարար Կարեն Պետրոսյանը եղել է թավշյա հեղափոխության մասնակց, պարզվում է՝ նպատակ է ունեցել ստանալ Շիրակի մարզպետի պաշտոնը, սակայն անտեսվելով ու տեղ չզբաղեցնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմում, հիմա փորձում է Հայաստանյան հոգևոր դաշտի հեղափոխիչը դառնալ:

-Այդպես է, որ կա: Եվ ոչ միայն Կարեն Պետրոսյանը, մյուսները ևս այդպես եմ մտածում: Ու հիմա նրանք և՛ ուղորդվում, և՛ օգտագործվում են այս շարժման մեջ: Ձեր նշած անձին չեմ ճանաչում, բայց ես նրա նման ևս մի քանիսին տեսա այդ խմբում, այո, որոնք ներկա իշխանության կողմից մնացել են անտեսված, բավարարված չեն, իրենց ուզածը չեն ստացել, ամբիցիաներին հագուրդ չեն տվել, ու հիմա այս շարժման գլուխ են կանգնել: Բայց դրանք մարդիկ են, որոնց երբևէ չի հետաքրքրել Հայոց եկեղեցին, չի մտահոգել եկեղեցու ճակատագիրը, հիմա իրենց մտքինը բավարելու պահանջ ունեն:

Նույն Կորյուն աբեղան տարիներ շարունակ եղել է Սուրբ Գայանե եկեղեցու վանահայրը, ուզում եմ հասկանալ, որպես վանահայր, ինչո՞ւ չէր այս հարցերը ներսում բարձրացնում: Իդեալական կառույց չկա, բոլոր հոգևոր կառույցներում էլ կան որոշակի խնդիրներ, եթե նպատակը բարի է, ու կա ցանկություն բարեփոխելու դա կարելի է անել առանց աղմկելու: Ուրեմն, ինչո՞ւ է հայր Կորյունը լռել ու ինչո՞ւ է հենց հիմա ու հենց այս կերպ է բարձրաձայնում:

- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, և նրա գահակալությունը ցմահ է, հետևաբար, ի՞նչ ասել է պահանջել Կաթողիկոսի հրաժարականը: Այս մարդիկ չգիտե՞ն պատմություն, չգիտե՞ն եկեղեցի, չգիտե՞ն ավանդույթներ: Արդյոք, այն, ինչ արվում է էժանագին «տրյուկ» չէ՞:

-Այո, Կաթողիկոսի հրաժարական պահանջելը դեմ է Հայաստանյաց եկեղեցու կանոնակարգին, ծիսակարգին, որ գործում է հազարամյակներով: Հայր Կորյունը որպես հոգևորական սա պետք է շատ լավ իմանա: Վստահ եմ՝ քաջատեղյակ է, որ Կաթողիկոսի հրաժարական չեն պահանջում: Երևի հայր Կորյունին ինչ-որ ուժեր խոստացել են, որ ինքը կլինի կաթողիկոս ու նա այդ հովերով տարված փողոց է դուրս եկել:

-Այդ դեպքում Հայաստանյաց եկեղեցու կանոնակարգերը խախտող հոգևորականները պատժի ենթական չե՞ն:

-Իհարկե, ենթական են: Կարծում եմ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրական մոտեցում է ցուցաբերում, հակառակ դեպքում, նա պետք է անմիջապես հայր Կորյունին կարգալույծ անի, որպես եկեղեցու ու Մայր Աթոռի գահակալի նկատմամբ ոտնձգություն անող, որդիական հնազանդությունն ի չիք դարձրած հոգևորականի: Հայաստանյաց եկեղեցու կանոնակարգերով Հայր Կորյունը ենթակա է կարգալույծ լինելու, իսկ այդ կանոնակարգեր վաղուց հրատարակված են, փակ, գաղտնի տեղեկատվություն չեն, բոլոր գրադարաններում կան: Նա պարզապես խախտել է Մայր Աթոռի գահակալին տրված իր երդումը և որպես անհնազանդ, որպես մայր աթոռի հայ եկեցղեցու դեմ ոտնձգություն արած անձ՝ պետք է կարգալույծ լինի: Ուղղակի նրա բախտը բերել է, որ ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայրական մեծահոգություն է ցուցաբերում:

Նաև տեր Արմենը պետք է կարգալույծ արվի, որը Հոլանդիայից եկել է ու զբաղված է ցույցեր կազմակերպելով: Մի հարցնող լինի, ինչո՞ւ ես թողել հոտդ ու եկել: Հետ գնա Հոլանդիա ու քո հոտով զբաղվի, գուցե հոտդ ենթարկվում է Հոլանդիայում իշխող հակամարդկային, հակաքրիստոնեական բարքերի հարվածներին, գնա լգբտ-ներից պաշտպանիր հոտիդ իրավունքերը: Ինձ թվում է, ամենևին պատահական չէ նրա ներկայությունը Երևանում: Երևի նրան էլ խոստացել են հոգևոր մի մեծ պաշտոն տալ Եվրոպայում:

Մյուս կողմից էլ, գուցե նրանք ուզում են, որ Կաթողիկոսն իրենց կարգալույծ անի ու արհեստականորեն սրվի այս օտարածին շարժումը:

-Տարիներ շարունակ լսում ու կարդում ենք մեր եկեղեցու հոգևոր հայրերի հասցեին հնչող զրպարտիչ լուրեր, որքան էլ դրանք կեղծիք են, սակայն քար ծակող կաթիլի պես իրենց գործն անում են՝վտանգավոր նստվածք թողնում մարդկանց մտածողության վրա: Ժամանակը չէ՞, այս հարցը դարձնել հանրային քննարկման առարկա, բարձրացնել զրպարտություն, կեղծիք տարածողների պատասխանատվության ենթարկման պահանջ:

-Լիովին համաձայն եմ ձեզ հետ: Հայ եկեղեցու դեմ ուղղված այս լուտանքները պետք է դիտարկել ընդհանրապես հայության դեմ ուղղված: Մենք իրավական պետություն ունենք ու ամեն ինչ պետք է կարգավորվի օրենքներով: Զրպարտության ու կեղծիքների պարագայում պետք է գործի քրեական կամ քաղաքացիական օրենսգրքերը, և այդպիսիք պետք է կրեն պատասխանատվություն:

Հակառակ դեպքում այն իրավական պետությունը, որ բոլորս ուզում ենք, վերջնականապես կայանա՝ չի լինի: Ու եթե չպատժվեն կեղծարարները, նման երևույթները մեզանում կարող են շարունակվել:

Ամփոփելով, ասեմ, որ գործ ունենք ինչ-ինչ ուժերից ուղղորդվող մի խումբ մարդկանց հետ: Ի դեպ, և պատրիարք Օրամանյանի ժամանակ, և խորհրդային տարիներին մեր եկեղեցու դեմ ուղղված պայքարը, պատմական փաստերով ապացուցված է, որ եղել է արհեստական և օտարների կողմից ուղղորդվող: Նրանք քայլերն անշուշտ հայության ու մեր եկեղեցու շահերից չէին բխում, այլ հետապնդում էին միմիայն մեկ նպատակ՝ հնարավորինս խարխլել, լուծարել հազարամյակների համակարգը.

Եվ ես համոզված եմ, որ այսօր ևս հերթական սադրանքն է ուղղված է Հայաստանյանց Առաքելական Եկեղեցու դեմ. Նաև համոզված եմ, այս խումբը հաջողություն չի ունենալու, մեր ժողովուրդը, որն իր մեջ ունի անսպառ հոգևոր ներուժը, չի տրվի կեղծիքին: Իսկ զրպարտություն ու կեղծիք տարածողները իրենց պատիժը կստանան Աստծուց:
    
    

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


    
Источник: haydzayn.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
1
3042 | 2 | 1
Facebook