Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ

16:43, Пятница, 04 Мая, 2018 года
ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՄԱՅԻՍՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ

Հեղափոխություններ որքան էլ որ առաջ մղում, իրականացնում են նվիրյալներն ու անձնազոհները, իսկ առավել օգտվում են քամելեոնաբար իրենց գույնը փոխող, իրենց չարածն արածի տեղ անցկացնելիս ավելի ուժգին կուրծք ծեծող պատեհապաշտներն ու պնակալեզ փարիսեցիները, միևնույն է՝ զարթոնքը կասեցնելն անհնար է: Այսօրվա թավշյա հեղափոխությունը պտկեց, առողջ բողբոջներ տվեց ու հիմա ամբողջ ուժով ու զորությամբ, համատարած բույրով ու մարդայնությամբ ծաղկել է հայոց երկնակամարում: Փթթում է Հայաստանի բնակավայրերի հրապարակներում ու գլխավոր փողոցներում, խճուղիներում, մայրաքաղաք Երևան տանող մայրուղիներում, վերջապես համախմբվում է երկրի բուն սրտում՝ Հանրապետության Հրապարակում կայացող հանրահավաքներում: Այստեղ ամեն Աստծու օր ժողովրդի առաջնորդները հաշվետու են լինում ազգաբնակչությանը ու ներկայացնում բոլորի հետագա անելիքները՝ շարունակելով մնալ բացճակատ:
     Այն ինչ կատարվում է հիմա Հայաստանում, ազգային զարթոնք է, զարթոնք արժանապատիվ կյանքի պահանջի, զարթոնք հանուն սեփական ապագայի և ազգային ինքնության պահպանման, բարոյական ու մարդկային արժեքների վերահաստատման: Երևույթը նախադեպ չունի ոչ միայն իր հզորությամբ ու բազմամարդությամբ, համազգային միասնականությամբ, այլ նաև աննախադեպ են հեղափոխությունն իրագործելու մեթոդները և առաջնորդների մշտարթուն կոչերը՝ լինել հանդուրժող, հարգալից, չբռնացող, արդարացի պահանջն արտահայտել բաց ձեռքերով ու մաքուր սրտով, քրիստոնեական իմաստնությամբ: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած այս համաժողովրդական շարժման մաքրությանը պատրա՞ստ էին արդյոք ազգային ժողովում բազմած բոլոր խորհրդարանականները, Հայաստանում տիրող վարչակարգը, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն ու նրա հետևորդները: Ցավոք, ոչ: ՀՀԿ-ականներն ընդունակ չեղան ընկալելու իրենց իսկ հարստահարած ժողովրդին, որը վարչապետի թեկնածու առաջադրելիս իրենց դուռն էր եկել ու խնդրում էր քրիստոնեաբար: Մարդկային հոգու, մտքի ու խղճի պատուհաններն էր թակում, հանրապետականներին աղաղակում էր գտնել իրենց քարացած սրտերի անկյուններում արժանապատվության ու բարոյականության մի պուճուրիկ հատիկ, որը կօգնի իրենց անսալու այն ուժի արդարացի ձայնին, որից իրենք սնվում են ու որի իրավունքներն ի պաշտոնե իրենք են կոչված պաշտպանելու: Կլանային ապրելակերպը այնքան է խեղդել նրանց, որ սեփական շահն անգամ անտեսեցին, ազգային ժողովի հանրապետական կուսակցության խմբակցության անդամներն այնքան են կուրացել ամենաթողությամբ շաղախված իրենց վարվելակերպում, որ արդեն չտեսան, թե ինչ անխորտակելի ուժ է իրենց առաջ կանգնած: Ի հակակշիռ իրենց իսկ սահմանած հարկուտուրքին՝ նրանք իրենց անհամրելի մեղքերի տակ կքած՝ այնքան վախկոտ գտնվեցին, որ «Ելք» խմբակցության մեկնած ձեռքի ելքն անգամ չտեսան: Այստեղ են ասել՝ «Մարդն ինքն իր շքից է վախենում»: Հանրապետականի թայֆայակլանային ստվերայնությունն այնքան մեծ է, որ երբ իրենց ուսի վրայով մի հպանցիկ հայացքով անգամ ետ են նայում, սարսափում են իրենց չնչին մարմնի թողած ահռելի ստվերից: Այո: Երբ մայիսի մեկին Հանրապետական կուսակցությունը չքվեարկեց ժողովրդի թեկնածուի օգտին (մինչդեռ հենց դա պիտի լինի խորհրդարանի պատգամավորի գործելակերպն ու սկզբունքը), պատճառն այն էր, որ «հանրապետականը», ինքն իր ստվերից վախեցած, ետդարձ, փրկություն ու ելք չտեսավ, որովհետև այրել էր մարդկանց աչքերին նայելու բոլոր կամուրջները, սեփական իշխանավորած երկրի ու պետականության, ազգի ու ժողովրդի աչքում այնքան ոչնչություն էր, որ որևէ մեկի սրտում տեղ չուներ այլևս ու իրեն չգտավ մայր քաղաքի հրապարակում համախմբված մաքրության մեջ: Եվ, հավատարիմ իր ճիզվիտային էությանը, սկսեց առավել կատաղի պաշտպանվել՝ նենգափոխելով (ինչպես իրենց հիմնաքարային գաղափարախոսությունն են նենգափոխել), սպառնալով (ռուսական ու թուրքական յաթաղաններով), շանտաժելով (իրենց արշինով չափելով ժողովրդի ընտրյալին), ապականելով (վարպետ են լվացված ճերմակաթույր սպիտակեղենին անգամ ցեխ շպրտելու, միայն թե չփողփողա), ատամների արանքից վատ թաքցրած ատելություն թափելով, արժանապատվություն, պատվախնդրություն ու սկզբունքայնություն խաղալով, շինծու դերասանությամբ (հռետորաբանության լավ յուրացրած ձևեր ու մեթոդներ ունեն), ստորաբար իրար մեջ անգամ (խորհրդարանում) կոմպրոմատներ գործադրելով: Վարչապետի թեկնածուին հարցախեղդ անելով (որը բնավ չարեցին նախորդ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի ժամանակ), դեմագոգիկ հայտարարություններով և ընթացքը կորցրած ձայնապնակի նման նույն տակտը պտտելով-նույն տեղում դոփելով՝ Ճգնում էին ապացուցել, թե իրենք գրոշի արժեք ունեն և իրենցից մի բան ներկայացնում են: Չհասկանալով, որ դա ապացուցելու միակ քայլը ժողովրդի թեկնածու վարչապետին կողմ քվեարկելն է՝ Հանրապետական կուսակցությունը գնաց ինքնաոչնչացման ճանապարհով, սեփական չունեցած հեղինակությունը (որ վարկաբեկվելու տեղ այլևս չունի) վերջնականապես թաղելու ճանապարհով: Ի պատասխան՝ համաժողովրդական շարժումը հաջորդ օրն ամբողջովին կաթվածահար արեց երկիրը՝ ապացուցելով, թե ով է այսօր իշխանությունը և ում կամքն է կատարվում: Ոչ ոք այնքան միամիտ չէ, և բոլորն էլ ՀՀԿ-ին լավ են ճանաչում, մարդիկ հասկանում են, թե ինչ է արվում: Դեմ քվեարկելը սոսկ յոթ օրվա ժամանակ շահել չէ: ՀՀԿ-ականներն իրենց հաջորդ քվերակություն-մահախոսականում (որին մասնակցել իրենք են իրենց դատապարտել ու փոս փորելով ընկնելու են իրենց խորացրած անդունդը), ձգտում են, փրփուրներից կառչելով՝ սեփական թեկնածու առաջադրել ու անցկացնել: Այս ընթացքում իհարկե նաև ճամպրուկային տրամադրության մեջ են՝ իրենց կերած բողկերն ուրիշներից լավ իմանալով ու քաջ գիտակցելով, որ բարեփոխումներն այսպես թե այնպես անխուսափելի են, իսկ իրենք արդեն քաղաքական դիակ են: Ու, ինչպես միշտ, միջոցների առաջ խտրականություն չեն դնելու, ինչպես որ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ, մայիսմեկյան քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանից ինքնաբացարկ պահանջելու խղճուկ փորձ արեցին՝ ի նշան տքնողի քրտինքը լափլփելու իրենց սուրբ սովորության: Այ այստեղ ժողովրդաազգային համատարած քրքիջը պայթեցնում է կեղտակորույս, հետևաբար և «խուլ» ականջների թմբկաթաղանթներն ու «անուղեղ» գանգատուփերը: Բացի այդ, մեծ է ցուցափեղկ անգամ չկոտրող, մեկի քթից արյուն անգամ չբերող խաղաղ ցուցարարների սադրանքի չենթարկվելուն սեփական պատկերը ի հակակշիռ դնելու գայթակղությունը: Այս հարցում արդեն ոմանց նյարդերը տեղի են տալիս, և նրանք իրենց ձեռագրի ու արմատավորված սովորույթի մղումով շտապում են բացահայտ կողոպուտի: Ահա, թե ովքեր են այսօրվա (արդեն ժամանակավոր դարձած) վարչակարգի գնդապետներն ու գեներալները: Մարդասպաններ՝ բառիս բուն իմաստով և դրա կիրառման ուղիղ գործածությամբ: Գիտեինք, թե ով էր ռազմաճակատներում ազգի հերոսներին թիկունքից խփել, և հետո բանկավարկային ճզմիչ ճանապարհով ով էր ժողովրդին առճակատ գնդակահարում, բայց որ ազգային ժողովի ամբիոնից օրենքի պաշտպանությանը կոչված բազում մեդալակիր «գեներալը» իր խոսքերը ափլփելով, ստորաքարշ կեղծավորությամբ հա՛մ մեխին, հա՛մ նալին խփելով, բայց և ուղիղ տեքստով սպառնալով ու գողական ժարգոնով «փչացնել» բառն իր ուղիղ իմաստով գործածելով՝ կդիմեր այդ լեքսիկոնի տիրույթի շրջանակներին ու փրկության ահազանգ կհնչեցներ, միայն հանրապետականի մտքով կարող է անցնել: (Ողբալի վիճակ է:) Անկեղծ ասած, գլխի չընկա, թե այդ պատգամավորն ում ինչ էր պատգամում, իր իսկ միջավայրի խոսվա՞ծքն էր արդեն բացահայտ գործածում, թե՞ ուղիղ տեքստով դիմում էր գողական աշխարհին (Մեղա, Տեր, տարակույսն այն ցեցն է, որ կրծում է համոզվածությունը): Իմ կարճ խելքով, օրենքով գողերը պատվախնդիր են ու իրենց կարգած օրենքները հանրապետականների նման չեն խախտում: Ուստի այստեղ տեղին է հարցնել՝ «Ապե, էս մարդը ճշտո՞վ էր խոսում, թե՞ մուտիտ էր անում» (Ներողություն եմ խնդրում գողականներից՝ դիլետանտությանս համար և հազար ներողություն, ազգ ջան, եթե թեմայից շեղվեցի): Ես էլ եմ ապշած, թե արտահայտվելով ուր հասա: Բայց ախր… ո՞նց չասեմ, հիմա ի՞նչ երեսով ենք թուրքից արդարություն պահանջելու, հանրապետականնե՛ր: Նախ՝ այն թուրքից, որին «էստի համեցեք» եք ասում, բայց որը, փառք Աստծո, լավ գիտի, թե ինչ է նշանակում հայկական համաժողովրդական շարժում դեպի սահման խախտողները: Եվ հետո, ինչպե՞ս ազգային պահանջատիրություն ներկայացնենք ենիչերներ սնած ու մեծացրած երեկվա ու այսօրվա Թուրքիային, երբ այսքան ապականված է մեր իսկ միջավայրը (թող ներեն ինձ մաքուր մարդիկ), և բարձրամբիոն ստեր ճառելով, ազգային գաղափարները շահարկելով, երկրի կառավարական լծակներն օգտագործելով՝ կառավարությունը սպիտակ ջարդ է անում, ժողովրդին տեղահանում օտար ափեր, իսկ ազգային ժողովի պատերից ներս (որը կոչված է լինելու ազգի սերուցքով կազմված ծերակույտ, իմաստության ու արդարադատության կաճառ) սեփական ժողովրդի ընտրյալին փչացնելու առաջարկություն է հնչեցվում: Ոչ թե պատահաբար, այլ մտածված և քանի-քանի անգամ կրկնելով, որ հանկարծ համապատասխան այրերի ուշադրությունից դուրս չմնա և (սպառնալիքը, թե մեսիջը) հստակ տեղ հասնի: Ու անմիջապես վարչակարգի գնդապետը գնում է բանկ թալանելու և մարդ է սպանում: Սա՞ է Հայաստանի հանրապետական կուսակցության ստեղծած սերուցքը: Բա չասե՞մ՝ «Հայազգի գողականնե՛ր համայն աշխարհի, վստահ եմ, որ գիտեք, թե ինչ է կատարվում Հայաստանում, վստահ եմ, որ վստահ եք, թե ժողովրդի պահանջն արդար է, խնդրում եմ, չսատարեք հակարծ հանրապետականներին, դրանք չափը շատ են անցել, համը հանել են արդեն»:
     Մայիսը հայոց համար հաղթանակների ամիս է, մայիսի 8-երը՝ ազատագրության օր են, ու եթե 2018-ի այդ օրն էլ մի նոր հաղթանակ գրանցվի, հիրավի կարող ենք ազատագրության օր հռչակել և ի լուր համայն աշխարհի գոռալ, որ մենք ապրելու իրավունք ունեցող ազգ ենք, ուզածդ լծից, ուզածդ պահին կարող ենք ազատագրվել: Սիրով, չբռնանալով, թավշյա մտքերով, բաց ձեռքերով, մաքուր խղճով ու հարգանքներով: Անահիտ Արփեն


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3944 | 0 | 0
Facebook