ՎԱԶԳԵՆԻ ՊԱՐՏՔԸ ՏԱ՞Լ ԿԼԻՆԻ
Թղթերս քրքրելիս գտա։ Հինգ տարի առաջ եմ գրել, մնացել է․ Վազգեն եմ կարդում։ Վազգեն Սարգսյան՝ «Խաղ» ։ 2000-ին է լույս տեսել, հիմա եմ կարդում։ Երկու շաբաթ Վազգեն գրողի, մարդու հետ եմ։ Համ ընթերցող եմ, համ գրչընկեր։ Գրչընկերն ինչ-ինչ պակասություններ նկատում է, բայց շռինդով գիրն այնքա՜ն հորդ է, որ ընկերն ընկրկում է։ Հավանաբար ինքն էլ է զգացել, որ շտկելու, լրացնելու բան կա, այլապես հրատարակչությունից վերջին պահին ետ չէր վերցնի նոր գրքի ձեռագիրը։ Նրան «Գարուն» -ում էի կարդացել, բայց որ այդքան բան ունի գրած, հասցրել է, տեղյակ չէի։ Հիանալի, ավարտուն գործեր կան։ «Երեխեքի սիրույն» անվամբ գրվածք ունի։ Վերնագիրը չի տրամադրում, բայց արցունք քամող, սրտառուչ պատմություն է․ Հաբիկը պատերազմից հետո մնացել է Գրոզնիում, տուն դրել, սերմ թողել։ Տեսության գնացածները հորդորել են, որ լքի հետ գա։ Մերժել է, մնացել՝ «միայն երեխեքի սիրույն» ։ Կյանքի վերջում վերադառնում է ծննդավայր գյուղ։ «Դատարկ, անգույն պատյանն էր մնացել» ։ Քրոջ դստեր՝ «Արևի պահելը չլիներ, ամսից ավել չէր ձգի․ վեց ամիս ապրեց» ։ Բժշկուհի կինը, ավագ որդին բավարարվում են ցավակցական հեռագրով, իսկ փոքրը՝ վաղուց Ռիգայում ապրող Լյովան /Լևոնը/, որ «հոր քթից թռած» էր, գալիս է։ «Թաղման թափորը տեղ էր հասնում, երբ տաքսի կանգնեց գերեզմանատան մուտքի առաջ» ։ Հայերեն չգիտի և չի ըմբռնում՝ ինչ է կատարվում, ովքեր են հանգուցյալին վերջին հանգրվան տանողները, ինչու են լալիս, փաթաթվում, համբուրում իրեն․ «Եթե դագաղի մեջ պառկած ճերմակահեր ու գեղեցիկ այս մարդն իմ հայրն է, ապա ինքն ու ես այս օտար ժողովրդի մեջ ի՞նչ ենք անում։ Էս ի՞նչ քարքարոտ ու անշուք գերեզմանոց է։ Էս ի՞նչ անողոք շոգ ու արև է։ ՈՒ էս շոգին որտեղի՞ց է այսքան մարդ հավաքվել, իմ հայրը, ախր, ոչ մի ընկեր-բարեկամ չուներ» ։ Հետո «կափարիչը դնելու պահին Լյովայի ծնկները ծալվեցին», հետո «չորս-հինգ ուժեղ ձեռք բռնել, ամուր պահում էին», հետո «շարքով մոտեցան, սեղմեցին ձեռքը», հետո «աշխարհի ծայրից եկած ինչ-որ մեկին դարձրել էին իրադրության տեր, համարյա պաշտամունք․ շալվարի փոշին էին մաքրում, գերեզմանատնից տանում էին տուն, բազմեցնում էին սեղանի գլխին և հոտնկայս իր հոր հիշատակի բաժակն էին խմում» ։ Մի խոսքով՝ հայոց հատուկ պատմություն, թեև հեղինակը «սովորական» բառով է ընդհանրացրել, այն դեպքում, երբ մարդկայինը գունեղ գորգի պես փռելով դեմդ, ասում է՝ տես, որպիսին է ռանչպարը, ինչպիսին կարող է լինել ռամիկը։ Արարատյան աշխարհի տոհմիկ երկրագործ հայը։ Այն աստիճան մարդկային, որ գլուխը կորցրած եկվոր վերջնեկ ժառանգը՝ հիշատակի, երախտիքի խոսքի անունակ, «լաց եղավ երեխայի նման վնգստալով» ։ «Վերջը» պատումն իր աշխատած ամսագրից՝ «Գարուն» -ից եմ հիշում․ «Դրսում գարուն, դրսում արև-արքայություն ու Հայկը պառկա՞ծ։ Երկհարկանի տունը դեռ կիսատ-պռատ, այգին անվարել․․․ ու Հայկը պառկա՞ծ» ։ Հրաժեշտի են եկել ընկերները, սիրտ են տալիս, բայց ինքը, հո, գիտի՞, որ մոտ է վերջաբանը։ Խնդրում է Սաքոյին իր համար մի բան երգի։ «Հազար միլիոն փող ունենամ, մահս եկավ, կթողնեմ կերթամ» ։ Գարունն է «թիթեռնիկի» ՝ մանկտի դստեր տեսքով երգ ու խինդ շուրթերին խուժում սենյակ։ Ամաչելով ներկաներից՝ մահճին գամված հորից շաքարաքլորի փող է փսփսոցով ուզում։ Ընկերները գնում են, Հայկը մնում է մահվան, ծանր խոհերի հետ։ Ծանոթ պատմություն է, -կասեք։ Համաձայն եմ։ Բայց լուծումն է անսպասելի։ Իրական չէ, -կասեք։ Համաձայն եմ։ Բայց ո՞ր գեղարվեստական գործն է իրական։ Էլ ի՞նչ գեղարվեստ, մշակովի արվեստ, եթե սոսկ կյանքի, եղածի պատճենում է և ընթերցողին, դիտողին, ունկնդրին չի բացում առօրեականից անդին եղածի ծալքերը։ Անորոշություն չթողնելու համար շարունակեմ․ սիրտը պաղ ջրի պահանջ ունի և կնոջն է կանչում։ Հայկի ներսում հանկարծաբար ծիլ է տալիս կիրքը։ Երեք երեխամայր Մարոն առաջին անգամ մերկանում է մահամերձ ամուսնու առաջ և «վագրի ճկունությամբ սահեց վերմակի տակ», բայց․․․ Հայկի բազուկներում «նույնիսկ կին գրկելու ուժ չկար» ։ Փույթ չէ, նրա հետ է հիշողությունը․ «Աշուն էր, ոսկե աշուն։ Կուժկոտրուկների ձորում հնձվորները դեռ ամառվանից խոտը հնձել, դեզեր էին կապել ու հանձնել էին կարմրադեղին արևի տնօրինությանը։ Մարոյի մարմնի բույրը խառնվել էր դեզի մեջ ներծծված արևի, քրտինքի, չոր խոտի ու ծաղկի բույրերին ու խտտեցնում էր Հայկի գլուխը» ։ Մեկ այլ գործ՝ «Մեր հայրը» ․ լեզու գիտցող հարևանի հետ գնացել է բանտում մեռած քսանութամյա որդու դին գյուղ բերելու։ «Ասացին՝ հիվանդացավ, մեռավ։ Եսիմ հիվանդացա՞վ, թե հիվանդացրին։ Մի քանի ամիս առաջ էլ հացադուլ էր արել, ինչի՞ համար՝ չիմացանք» ։ Տասնմեկ օր կորցրել է ճամփեքին, ու հիմա օդանավակայանում ասում են՝ Երևան մի շաբաթ տոմս չի լինի։ «Մարդ մի հեկտար փոր անի, մի վագոն ածուխ թափի՝ հերթ չկանգնի» ։ Ճարպիկները, կարևորները, թղթակից կոչվածը, տոմսավոր ու անտոմս թռչում են, իսկ ինքը․․․ ցինկեդագաղ բեռ-զավակով լռվել է՝ օտարված ձևախեղդ, շահախեղդ աշխարհից, մարդուց, մորուքավորի՝ «Դուք եք, ախր, երկրի աղը, կույր ինքնամոռացմամբ ինչու՞ եք ձեզ դնում ստերջ անասունների կճղակի տակ» հարցի, տանն սպասող հարազատների մորմոքի հետ․ «Ես՝ ջհանդամը, էն խեղճ մերն էնտեղ սպասելով կեսմարդ դառավ» ։ Վիզը ծուռ, մոլոր կանգնել է՝ «ձեռքերը հնամաշ վերարկուի գրպաններն առած», «հերթերից ու երթերից մոռացված», ռուսերեն մի քանի բառով՝ «սին վոտ ումեր․․․ վնիզու, պանիմայեշ․․․ մատ ժդյոտ․․․» ։ Հատկանշական է, որ պատմվածքի հերոսն անուն չունի․ թե ինչու, բանալին վերնագրում է։ «Հայի վերջին խելքը» Մեղրու տարածաշրջանի մասին է։ ՈՒ ոչ միայն։ Ծավալուն հոդված է, գիտականի հասնող ուսումնասիրություն, թվագրված՝ մարտ-ապրիլ, 1989: Տեսեք հատվածաբար քաղվածքում ինչ է ասում․ «Սրտացավության պակասից եմ վախենում։ Ցավի առուծախից եմ վախենում։ Մեր հացն ուտող, ուրիշի դռանը հաչող շներից եմ վախենում։ Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք /Հոկտեմբերի 27-ը՝ վկա․ հավելումն իմն է/։ Որակազրկումից եմ վախենում, կեղծ դիպլոմներից, սուտ կոչումներից, ծակ փիլիսոփաներից, գաղափարագարությունից, բոշայությունից, ոռբացությունից։ Վախենում եմ մեր խելքի չգալուց։ Ամենից շատ վախենում եմ նրանցից, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, բացի աթոռ կորցնելուց /եթե ունեն/։ Հայրենակիցներ, վախենում եմ։ Չէ, վախ բռնողի մոտ մի տարեք, վախս ԿԻՍԵՔ /ընդգծումն իմն է/։ Մեր փրկությունը նաև մեր հավաքական վախի մեջ է /Չարենցի տողն է՝ վերափոխած․ պարզաբանումն իմն է/։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի էն վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Խելք-խելքի, եղբայրներ, ուս-ուսի, եղբայրներ։ Վախենում եմ» ։ Վախերից մեկն առաձնացնեմ․ «Է՜ն ամենաառաջին չոբանի հայտնությունից եմ վախենում։ Չէ, հայտնությունից չէ՝ մեր կանչել-բերելուց եմ վախենում» ։ Քոչվորների վերստին գալը, մեր սարերին, հողին տիրելը նկատի ունի։ «Փայլոն» պատմվածք-ակնարկում մանրամասնել է հիշյալ վախի հիմքերը․ «օչխարատեր» օտարը լեռնային արոտները նվաճելուց հետո իջել է հարթավայր։ Ծախու պաշտոնյաները խաղողի այգիները հատուկ չեն թաղում, հսկիչները հայացքները թեքում, չնկատելու են տալիս, որպեսզի նրանց հոտերը ձմռանն էլ խժռելիք ունենան։ Փայլոյի ու ընկերների կռիվը ճարահատ է, անթիկունք, որովհետև ամենազոր Բալոն հրացանը քաշել, սպառնում է․ «Ես ձեր տիրու մերը, իմ օչխարինն է էս արոտը, էրկու հազար մայեթ փող եմ տվե» ։ Տվել է հսկիչին, պետական տնտեսության տնօրենին, տեղացի ու դրսեկ կուսակցապետերին, դարձել հրամայող, բանակը որի կճղակավոր է․ «Արտաքուստ շատ ոչխար, բայց իրականում շատ համառ ու բութ կենդանիներ են և, հարկ եղած դեպքում, խոտը պրծացնելուց հետո կարող են մեզ ուտել» ։ Նրանց հաղթարշավը կանգնեցնել փորձող Փայլոն գիտի նաև «հազարավոր գլուխ ոչխարն ի վերջո որտե՞ղ է մորթվում, վաճառվում, չէ՞ որ մենք առանձնապես ոչխարակեր ժողովուրդ չենք» հարցի պատասխանը․ «Հարևան հանրապետությունում։ Մեր խոտ ու ջրով պահում են, էնտեղ ծախում» ։ Ասեք, տարբերություն կա՞ Վազգենի մի քանի տասնամյակ առաջ նկարագրածի ու ներկայի միջև։ Եթե կա էլ, այն է, որ օտարի առաջ դարպաս բացողները հիմա նախկին ծախուների զավակներն են։ Ոչխարն էլ հիմա հարևան պետություն /Ադրբեջանի փոխարեն՝ Իրան/ ոչ թե ողջ-ողջ են տանում, այլ տեղում է մորթվում՝ իրենց պատկան սպանդանոցում, մահմեդական կրոնավորի օրհնանքից հետո /մեր պիղծ ձեռքը հանկարծ չդիպչի/․․․ Ըստ այդմ քիչ է ասել՝ փարսախներով հեռուն տեսնում էր, գալիքը տեսնում էր, իր մահը տեսնում էր․ կանխազգացող, կանխաձայնող էր Վազգենը։ ՈՒ քանի որ կյանքը խորքով գիտեր, միջուկն ուտող թրթուրի դեմն առնելու համար տագնապներն ի ցույց էր դնում՝ լինելով ամենաարին, զորավորը, բռնկունը, գործունակը, կազմակերպունակը։ Հաղորդման էի հրավիրել։ Նյուվադիից էր խոսում /2006-ից՝ Նռնաձոր/, թիկունքում մնացած թշնամուց, օր առաջ գյուղը զազիրներից պարպելու միտքը հանգիստ չէր տալիս։ Ճանապարհելիս իմ գնալու մասին խոսք բացեցի։ Չթողեց շարունակեմ։ «Քո տեղը չէ», -ասաց։ Հարցրեց՝ քանի՞ երեխա ունես։ «Երրորդը նոր է ծնվել», -ասացի։ «Ամաչելու բան չունես», - արձագանքեց։ Եվ ժպիտ ծաղկեց դեմքին։ «Մտքիցդ հանիր», - բաժանվելիս պարզեց պինդ ձեռքը, վերստին խոսուն աչքելով՝ ասաց։ Գիշեր էր։ Ճամփեզրի սյունն ի կախ լամպից արտածվող լույսի պսակում թիթեռներ էին թևին տալիս։ Վազգենի հետ էի երկու շաբաթ։ Մանրամասն կարդացի, ցաքուցրիվ անդրադարձա։ Նրա պարտքը տվեցի՞։ Կարդալով պարտք տա՞լ կլինի։ Երկու խոսք իրար կապելով պարտք տա՞լ կլինի։ Եվ ընդհանրապես ու հատկապես Վազգենի պարտքը տալ կլինի՞՝ մեր ապրելու դժվար իրավունքը հաստատածի, մեր չտվածն իր կյանքով հատուցածի, ամուսնանալ, ընտանիք կազմել չհասցրած Մահապարտի պարտքը։ Ամեն շուն ու գելի, մոլագարի, սեռախեղի, իմաստակությունը բառի, բառաշարի տակ թաքցրած օտար անդեմի կարդում ենք, միմյանց՝ չէ։ Անգամ Վազգենի գրածը՝ չէ։ Մեծամասամբ՝ չէ։ Հիմա էլ է ինձ սիրտ տալիս, ասում է՝ պինդ մնա, ամաչելու բան չունես։ |