Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հետաքրքիր դրվագներ Մակեդոնիայի Փիլիպոս 2-րդ թագավորի կյանքից

21:16, Среда, 28 Марта, 2018 года
Հետաքրքիր դրվագներ Մակեդոնիայի Փիլիպոս 2-րդ թագավորի կյանքից

Ալեքսանդր Մակեդոնացու հորը՝ Փիլիպոս 2-րդին, մերձավորները խորհուրդ են տալիս իր շրջապատից վանել մի զրպարտչի, իսկ նա պատասխանում է.

«Այդ բանը չեմ անի, որպեսզի նա չգնա ու այս անգամ ամենուրեք ինձ չզրպարտի»:


     Փիլիպոսի մերձավորներից մեկն ասում է, թե Նիկանորոսը՝ արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անդադար վատ բաներ է ասում թագավորի մասին, և թագավորի մերձավորները խորհուրդ են տալիս այդ Նիկանորոսին պաշտոնանկ անել ու պատժել:

«Բայց, ախր, Նիկանորոսը մակեդոնացիներից վատագույնը չէ, - ասում է Փիլիպոսը, - ավելի լավ է հետևենք, թե նա մեր դեմ մի որևէ չար բան հո չի՞ գործում»:

Իմանալով, որ շնորհազրկված Նիկանորոսն աղքատության դուռն է հասել՝ հրամայում է նրան նվերներ տալ: Շուտով Փիլիպոսին տեղեկացնում են, թե Նիկանորոսն ամենքի մոտ թագավորի հասցեին աներևակայելի գովեստներ է շռայլում:

«Տեսա՞ք, - ասում է Փիլիպոսը, - որ մեր մասին վատ կամ լավ բան լսելը կախված է հենց մեզանից»:


     Փիլիպոսն ասել է, թե ինքը երախտապարտ է աթենացի ամբոխավարներին (դեմագոգներին), որովհետև նրանք ամբոխին հաճելի թվացող իրենց ստերով իրեն ավելի խելացի ու առավել պարկեշտ են դարձնում, որովհետև ինքն աշխատում է խոսքով ու գործերով ապացուցել, որ այդ ամբոխավարները ստախոսներ են:
     Քերոնեայի ճակատամարտում աթենացիների բանակը պարտություն է կրում: Գերի ընկածներին Փիլիպոսն առանց փրկագին պահանջելու ազատ է արձակում: Անշնորհակալ աթենացիները պահանջում են, որ հաղթողները վերադարձնեն նաև իրենց թիկնոցներն ու ծածկոցները:

Իմանալով այդ մասին՝ Փիլիպոսն ասում է.

«Աթենացիներին, երևի, թվում է, թե իրենք մեզ հետ ընդամենը ճան են խաղացել ու տանուլ են տվել»:


     Երբ Փիլիպոսին խորհուրդ են տալիս դաժանորեն պատժել պարտված աթենացիներին, նա պատասխանում է.

«Մի՞թե հիմարություն չէ խորհուրդ տալ, որ այն մարդը, որն հանուն իր փառքի անում է ամեն ինչ ու հանդուրժում է ամեն ինչ, իրեն զրկի այդ փառքի հանդիսականներից»:


     Մի անգամ, երբ Փիլիպոսին վիճակվում է լուծել երկու սրիկաների միջև ծագած վեճը, նա որոշում է կայացնում, որ դրանցից մեկը պիտի վազելով փախչի Մակեդոնիայից, իսկ մյուսը՝ հետապնդի նրան:


     Արշավանքներից մեկի ժամանակ նա մի գեղատեսիլ վայրում կանգ է առնում ու հրամայում է այդտեղ բանակ խփել, բայց երբ իմանում է, որ այդտեղ անհրաժեշտ քանակությամբ խոտ չկա գրաստների համար, ասում է.

«Մեր կյանքն էլ այս է. ապրում ենք, որպեսզի էշերի ճաշակով լինի»:


     Շքախմբով ճանապարհ գնալիս՝ մի հյուրասեր մարդ նրան ու իր շքախմբի անդամներին հրավիրում է իր տուն; Բայց քանի որ հյուրերը շատ էին, հյուրընկալը մտահոգվում է, թե իր ունեցած կերակուրը բոլորին չի կշտացնի: Իմանալով այդ մասին՝ Փիլիպոսն իր շքախմբի անդամներին խորհուրդ է տալիս ստամոքսում դատարկ տեղ թողնել թխվածքի համար: Հավատալով նրան՝ բոլորը չափավոր են ուտում, և կերակուրը բավարարում է:


     Երբ մեռնում է Փիլիպոսի շատ սիրելի մերձավորներից մեկը՝ Հիպարքոս Եվբեացին, թագավորը չի կարողանում վիշտը թաքցնել: Նրան ասում են.

«Մի՞թե նա բավականաչափ չապրեց»:

«Իր համար երկար ապրեց, - պատասխանում է Փիլիպոսը, - իսկ ինձ համար քիչ ապրեց, որովհետև ես չհասցրեցի կենդանության օրոք նրան իր բարեկամության համար ինչպես հարկն է երախտագիտությունս հայտնել»:


     Տեղեկանալով, որ իր որդին՝ ապագա Ալեքսանդր Մեծը, տարբեր կանանցից որդիներ ունենալու համար իրեն հանդիմանում է, նա ասում է.

«Դա նրա համար է, որպեսզի դու, տեսնելով թագավորության այդքան շատ հավակնորդներ, դառնաս լավն ու բարի ու իշխանության համար պարտական լինես ոչ թե ինձ, այլ ինքդ քեզ»:


     Մի աղքատ պառավ նրան հաճախակի դիմում էր իր դատն անելու խնդրանքով, իսկ Փիլիպոսը միշտ պատասխանում էր, թե ժամանակ չունի: Հերթական անգամ նույն պատասխանը ստանալուց հետո ծեր կինն ասում է. «Այդ դեպքում ո՞ւմ է պետք քո թագավոր լինելը»: Ասում են՝ ամաչելով այս հանդիմանությունից՝ Փիլիպոսը դրանից հետո բոլոր իրեն դիմողների դատն այլևս չի հետաձգել:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6729 | 0 | 0
Facebook