Идет загрузка...
COMMENT.am
Сегодня:  Среда, 12 Декабря, 2018 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.50%
Telegram - t.me/mamul_am

Статьи

Հայաստանի հայաթափումն սկսվել է Եկատերինա 2-րդի ժամանակներից, և դրան օժանդակողը Ռուսաստանում բարձր դիրքի հասած հայերն են եղել

22:22, Понедельник, 12 Марта, 2018 года
Հայաստանի հայաթափումն սկսվել է Եկատերինա 2-րդի ժամանակներից, և դրան օժանդակողը Ռուսաստանում բարձր դիրքի հասած հայերն են եղել

Պետրոս Մեծի նվաճողական քաղաքականության կարկառուն շարունակողը՝ Եկատերինա Երկրորդ կայսրուհին, չափազանց մեծ կարևորություն է տվել Սև ծովի ափերին Ռուսաստանի հաստատվելուն: Քաղաքական և մանավանդ տնտեսական տեսանկյունից Ռուսաստանի համար կենաց ու մահու խնդիր է եղել դեպի հարավային ծովեր դուրս գալը և չսառչող նավահանգիստներ ունենալը: Սև ծովի ափերին հաստատվելու համար հարկավոր էր այդ ծովի ափերից քշել Թուրքիային և նրա վասալ Ղրիմի թաթարական խանությանը: Առաջին ռուս-թուրքական պատերազմի ավարտին` 1774 թվականին, հաշտության պայմանագիր է կնքվում, որը Ռուսաստանին մեծ առավելություններ է ընձեռում: Այդ պատերազմի ու մանավանդ հաշտության կնքման ժամանակներից սկսվում է սիրեկաններին թաշկինակի պես փոխող Եկատերինայի (վավաշոտության համար նրան «Հյուսիսի Շամիրամ» մականունն է տրվել) հերթական սիրեկանի աննախադեպ վերելքը իշխանության ու փառքի աստիճաններով: Այդ սիրեկանը Գրիգորի Պոտյոմկինն էր, որը հետագայում «Տավրիկյան իշխան» տիտղոսին արժանացավ: Կարճ ժամանակում նա ռուսական պետության ամենաազդեցիկ մարդն է դառնում: Տռփամոլ կայսրուհին մարմնական վայելքների դիմաց ոչ միայն առատորեն վարձատրել է Պոտյոմկինին, այլև հաճախ հպատակվել է նրան պետական կարևոր որոշումներ կայացնելիս: Պետական բոլոր գործերը Պոտյոմկինի ուզածի հանգույն են իրականացվել, երկրի արտաքին քաղաքականությունը հիմնականում նա է տնօրինել, օտար պետությունների պատվիրակները նրա ընդունարանում են սպասել, նախարարներին նա է նշանակել:

1768 – 1774 թթ.ռուս-թուրքական պատերազմից հետո էականորեն բարձրացել էր Ռուսաստանի հարավային երկրամասերի նշանակությունը, և դա էր պատճառը, որ Պոտյոմկինը նշանակվում է այդ երկրամասերի ընդհանուր կառավարիչ: Հեռանալով Պետերբուրգից` նա չէր զրկվել պետական առաջին մարդու կարգավիճակից, դիրքից, և հեռվից է ուղղություն տվել պետական ընդհանուր գործերին: Փառքի և մեծ ազդեցիկության գագաթնակետին հասած այս պալատականը, Հարավային Ռուսաստանի այս փոխարքան, արևելյան բռնապետի պես է կենցաղավարել: Նրա պալատում 200 գեղեցկուհի է ապրել, նրան զվարճացրել են բազմաթիվ ծաղրածուներ ու երաժիշտներ: Բայց սա նաև տարօրինակություններ է ունեցել. մե'րթ տենդագին գործունեություն է ծավալել, մե'րթ անտարբերության է մատնվել: Երբեմն ադամանդակուռ, շքանշաններով զարդարուն շքեղ հագուստ է կրել, երբեմն էլ դեսպաններին ընդունել է խալաթ ու հողաթափեր հագած: Փողի պակասություն, բնականաբար, չի զգացել, ու ոչ մի ծախսից չի խուսափել: Նրա մահվանից հետո 40 միլիոն ռուբլի արժողության կարողություն է մնացել:

Սրա շուրջը պտտվող բազմաթիվ հաճկատարներից մեկն էլ ազգային մեծ բարերարի համարում ունեցող Հովհաննես Լազարյանն է եղել:

1747 թվականին նորջուղայեցի Աղազար կամ Եղիազար անունով մի հայ վաճառական` Լազարյան տոհմի նախահայրը, իր չորս որդիների հետ Ռուսաստան է գաղթում: Հովհաննես Լազարյանը նրա ավագ որդին էր, որը Ջուղայում էր ծնվել, 1735 թվականին: Նա կրթությունը Ռուսաստանում է ստացել, որից հետո, Մոսկվայում թողնելով հորն ու եղբայրներին, մշտական բնակություն է հաստատել Պետերբուրգում ու կարճ ժամանակում կարողացել է մերձենալ պետական բարձր շրջանակներին: Թեպետ մեծ հարստության տեր էր, այնուամենայնիվ պետական ծառայության է անցնում և բարձր պաշտոններ է ստանում: Նա Ռուսատանի պետական բանկի վարչության անդամ է նշանակվել և, որպես հարուստ ֆինանսիստ, մեծ ծառայություններ է մատուցել Ռուսատանի կառավարությանը: Նա նաև խոշոր կալվածատեր է եղել ու այնքան հարստություն է կուտակել, որ կարողացել է գնել Պետերբուրգի մերձակայքում գտնվող և կայսերական ընտանիքին պատկանող «Ռոպշա» անունով կալվածքը` մեծ ու ճոխ պալատով հանդերձ: Եկատերինայի արքունիքի բոլոր նշանավոր դեմքերը, բոլոր հռչակավոր գործիչները (Օրլով եղբայրներ, իշխան Պոտյոմկին, իշխան և կոմս Զուբովներ, իշխան Սուվորով, Կուրակին, Բեզբորոդկո, Վյազեմսկի և ուրիշներ) նրա մտերիմներն են եղել: Ռոպշայի պալատը հաճախ հյուրընկալել է կայսերական ընտանիքի անդամներին, Պետերբուրգ այցելած թագակիր անձանց և թագավորող տների անդամների: Եվ տանտերը նրանց ընդունել է արևելյան ճոխությամբ: Եկատերինան, Եկատերինայի որդին ու թոռները նույնպես սիրել են հյուրընկալվել հայ հարուստի տանը: Կայսերական պալատն էլ նրան է հաճախ հյուրընկալել: Ավստրիայի կայսրը նրան կոմսի տիտղոս է շնորհել:

Սա եղել է Հայաստանը հայաթափող ամենակարկառուն հայ գործիչներից մեկը: Սա է հայերին Ռուսաստան գաղթեցնելու գաղափարն արծարծել կայսրության պետական բարձր շրջանակներում` իբր հայությանը ասիական բռնակալների ճիրաններից փրկելու, բայց իրականում Ռուսաստանի նվաճողական քաղաքականությանն օժանդակելու և Ռուսաստանի նվաճած տարածքները կայսրությանը միամտաբար նվիրված հայերով բնակեցնելու նպատակով: Հրաշալի հասկանալով, որ Ռուսաստանի նվաճողական քաղաքականության մեջ քրիստոնյա ազգերին մահմեդականների լծից ազատելը զուտ քողածածկույթ է եղել քրիստոնյաներին Թուրքիայի ու Պարսկաստանի դեմ ոտքի հանելու ու նրանց օգությամբ հարավում նոր տարածքներ գրավելու համար, ձևացնելով, թե հավատում է, որ Ռուսաստանն օժանդակելու է հայոց պետականության վերականգնմանը, նա մինչև կյանքի վերջը բոլորանվեր լծվել է ռուսական ծավալապաշտության կառքին:

Իր «հայրենանվեր» ծրագրերն իրականացնելու համար նա եռանդուն օգնականի կարիք է ունեցել, և այդ օգնականը, ի դեմս Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի, երկնքից իջած ընծայի նման հայտնվել է նրա կողքին: Այդ ընծան նրան մատուցել է հայոց Սիմեոն կաթողիկոսը` Ռուսաստանի հայոց առաջնորդությունը հանձնելով իր երբեմնի աշակերտին` դեռ երիտասարդ Հովսեփ եպիսկոպոս Արղությանին: Սանահինցի այս կարիերիստ հոգևորականը 1773 թվականին մեկնում է իր նոր աշխատատեղին` Աստրախան: Թեմակալի աթոռանիստ Աստրախանում Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդը, իհարկե, շատ բան չէր կարող անել, ուստի Լազարյանը նրան Պետերբուրգ է կանչում ու մտցնում է իր բարձրաստիճան ծանոթների շրջանն ու արքունիք:

Եվ շատ շուտով Արղությանը կարողանում է մերվել այդ նոր միջավայրին: Էջմիածնում կրթված և մահմեդական Արևելքում մեծացած այս հոգևորականն այնպիսի հախուռն ձգտում ուներ իրեն անծանոթ փառահեղ միջավայրի ու սովորությունների, որ ռուսերենի խղճուկ գիտելիքներով հանդերձ, կարճ ժամանակում դառնում է Եկատերինայի դրանիկներից մեկը և արժանանում է կայսրուհու բարեհաճությանը: Եվ նրան ղեկավարողն ու մշտական խորհրդատուն Հովհաննես Լազարյանն էր:

Ռուսաց կառավարությունը շուտով նկատում է, որ, ի դեմ Աստրախանի հայոց առաջնորդի, իր քաղաքական նպատակներն իրագործելու մի լավ գործիք է ձեռք բերել: Ընդամենը հինգ տարի առաջնորդի պաշտոնը զբաղեցրած հոգևորականը 1778 թվականին գլուխ է բերում Ղրիմում բնակվող մեծաթիվ հայերի բնակեցումը Դոն գետի ափին, որոնք էլ հիմնում են Նոր Նախիջևան քաղաքը: Նոր գաղթավայրում նա մի քանի եկեղեցի է շինում, որոնցից ամենանշանավորը Սուրբ Խաչ վանքն էր:

Ռուս-թուրքական առաջին պատերազմի ժամանակ հույները, Եկատերինայի պատվերով, ապստամբեցին թուրքերի դեմ, բայց Ռուսաստանը նրանց մենակ թողեց, և թուրքերն ապստամբներին ջախջախեցին: Հենց այս պատերազմի ժամանակ ծնունդ առավ «Հունական նախագիծ» -ը, որով նպատակ էր դրվել թուրքերին վտարել Եվրոպայից ու ազատագրված տարածքներում ստեղծել մի պետություն ու այդ պետության թագավոր կարգել ռուսական կայսերական ընտանիքի անդամներից մեկին: Ծրագրի հեղինակը վերոհիշյալ Պոտյոմկինն էր: Այն շուտով դրվում է ռուսական արտաքին քաղաքականության հիմքում: 1779 թվականին ծնվում է Եկատերինայի թոռը, և քանի որ կայսրուհին որոշել էր նրան բազմեցնել ապագա հունական պետության գահին, այդ պատճառով նրա անունը Կոստանդին է դնում` ի հիշատակ Բյուզանդիայի վերջին կայսր Կոնստանդին 12-րդի: Այս առթիվ Պոտյոմկինը մեծ հանդիսություն է կազմակերպում: Հրավիրյալ կանանց առջև դրվել են ադամանդներով լի բաժակներ, հանդիսության մասնակիցների համար ընթերցվել են հույն պոետների ստեղծագործությունները: Հատկապես այս առիթով պատրաստված մեդալների վրա պատկերված է եղել Կոստանդնուպոլսի սբ. Սոֆիայի տաճարը, Սև ծովը, մի հրդեհված մզկիթ, որի փլուզվող մինարեի վրա շողացել է խաչը: Անգլիայի դեսպանի հետ զրույցի ընթացքում Եկատերինան ասել է, թե հույներին մեծ ապագա է սպասվում: Նորածին մեծ իշխանի համար, որպես խաղընկեր, հույն երեխաներ են բերվում պալատ, որպեսզի նա հունարեն սովորի: Եկատերինան մտադիր է եղել Մոլդովայից, Վալախիայից ու Բեսարաբիայից էլ մեկ ուրիշ թագավորություն ստեղծել, և այդ պետության անունը «Դակիա» դնել: Ապագա Դակիայի թագավոր էր կարգվելու Ռուսաստանի վստահությունը վայելող մի հունադավան:

Թուրքիայից ապագայում նվաճվելիք տարածքներում թագավորություններ ստեղծելու ծրագիրն այսքանով չէր սահմանափակվում: Անկախ թագավորությունների ստեղծման ծրագրում, Հովհաննես Լազարյանի ու Արղությանի առաջարկությամբ, նաև Հայաստանն է ընդգրկվում:

(շարունակելի)

Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
| | |
3047 | 0 | 0
Facebook
Пресс-секретарь