Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագիրը

Yerevan info
Автор:
Yerevan info
18:08, Понедельник, 12 Февраля, 2018 года
Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագիրը
     Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ և «Հայ զբոսավարների գիլդիա» -ի աջակցությամբ մայրաքաղաքում մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը, որով զբոսաշրջության ոլորտում սովորող և ոլորտով հետաքրքրվող երիտասարդները կանցնեն մեկամսյա վերապատրաստման դասընթացներ, կծանոթանան զբոսավարի մասնագիտությանը, կայցելեն Երևանի մի շարք թանգարաններ, կստանան Երևանի պատմության և մշակույթի վերաբերյալ համապատասխան գիտելիքներ, որպես կամավորներ կաշխատեն զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում ու կաջակցեն մայրաքաղաք այցելող հյուրերին:
     Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի օգնական, տուրիզմի ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ծրագրի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար:
     «Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը տևական ժամանակ աշխատել է ծրագրի մշակման շուրջ և արդեն այսօր պաշտոնապես մեկնարկում է այն: Ծրագիրը նախատեսում ենք դարձնել ամենամյա և, ըստ էության, այս տարվա մասնակիցները լինելու են ծրագրի առաջամարտիկները, դեսպանները, ովքեր ներկայացնելու են Երևանը և հաղորդակցվելու են մեր քաղաքի հյուրերի հետ: Հաշվի առնելով, որ այս տարին թե՛ մեր հանրապետության և թե՛ մայրաքաղաքի համար պատմական ու հոբելյանական տարի է, որպես ծրագրի մասնակիցներ, դուք հնարավորություն կունենաք ներգրավվելու և մաս կազմելու Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումների ու փառատոների: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագիրը կարևոր հարթակ է այն երիտասարդների համար, ովքեր ընտրել են զբոսավարի մասնագիտությունը և ցանկանում են որպես կամավոր դառնալ քաղաքային միջոցառումների մասնակիցը: Մեր նպատակն է նաև երիտասարդներին կանոնակարգված մատուցել Երևանի վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվությունը» , - ընդգծել է Մարիա Բարաղամյանը:
     Ավելի քան 150 դիմորդներից ընտրվել է շուրջ 40 մասնակից, ովքեր տիրապետում են օտար լեզուների և պատրաստ են կամավոր հիմունքներով օժանդակել Երևանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության տարածմանը: «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի մասնակիցները համապատասխան մասնագետների կողմից կստանան անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ:
     Ի դեպ, երեքշաբաթյա դասընթացները վարելու են «Հայ զբոսավարների գիլդիա» -ի նախագահ Լիա Բախշինյանը, ինչպես նաև Երևանի Վ. Բրուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Միջազգային տուրիզմ» կենտրոնի տնօրեն Մարինե Հայրապետյանը, Հայկական տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը, ԻԿՕՄ-Հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Անի Ավագյանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, Ալ. Թամանյանի անվան Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը և թանգարանի էքսկուրսիայի բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը:
     «Առաջին անգամ անցկացվող այս նախաձեռնությունն իր տեսակով բացառիկ է, ինչի համար պետք է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել տուրիզմի բաժնին: Դասընթացների ընթացքում դուք կստանաք ոչ միայն Երևանի վերաբերյալ պատմական կարևոր տեղեկատվություն, այլև կտիրապետեք զբոսավարի աշխատանքի հիմնական գործիքներին: Ուրախ եմ, որ երիտասարդներն այսքան հետաքրքրված են զբոսաշրջության ոլորտով: Մեզ սպասում են հետաքրքիր և բովանդակալից դասաժամեր» , - նշել է «Հայ զբոսավարների գիլդիա» -ի նախագահ Լիա Բախշինյանը:
     Ընդգծելով նախաձեռնության կարևորությունը՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն էլ նկատել է, որ երիտասարդների համար այն իսկապես լավ հնարավորություն է զարգացնելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:
     «Երևանի զբոսաշրջության մասին խոսելիս առաջին հերթին պետք է լավագույնս տիրապետել և ներկայացնել մայրաքաղաքի հարուստ պատմությունը, հատկապես, որ այս տարի նշում ենք հինադրման 2800-ամյակը: Այս առումով՝ Երևանի պատմության թանգարանը պատրաստ է լինելու ձեր կողքին և հնարավորին աջակցելու: Ամենակարևորը, թերևս, սերն է Երևանի և ընտրած մասնագիտության հանդեպ, որն էլ կապահովի ցանկալի արդյունքներ: Համոզված եմ, որ ծրագիրը հաջողելու է և լինելու է շարունակական» , -նկատել է Արմինե Սարգսյանը:
     Ծրագրի մասնակիցներին են փոխանցվել մայրաքաղաքի զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: Այնուհետ մասնակիցներն առաջին այցը կատարել են Երևանի պատմության թանգարան և ծանոթացել ցուցանմուշներին, ստացել զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1892 | 0 | 0
Facebook