OPEL-Ի ԱՂՋԻԿԸ /պատմվածքաշար/
ՓԱԽՈՒՍՏ ՄՈԼՈՒԹՅԱՆ ՈՐՋԻՑ Ընտանեկան խորհուրդը որոշել էր նրանց պատժել, և որոնում էին: Խորհրդակցությունն սկսվել էր երեկոյան, ընթացել ողջ գիշերը, իսկ համաձայնությունը կայացրել էին այգաբացին: Փնտրտուքը պիտի երեք ուղղությամբ ընթանար` լճափին, ուր զույգին տեսնող էր եղել, մայրաքաղաքում և օդակայանում, եթե փորձեին ժամկետից շուտ ճողոպրել: Հանձնառուների առաջին խումբը` Վրիժառուն, Կրտսերը, Դրացին, Չբերը Երևանը պիտի տակնուվրա աներ: Ղեկավարը, հարկավ, Վրիժառուն էր: Մեքենան վարելու էր Դրացին: Երկրորդում ընդգրկվեցին Պանդուխտը, Միջնեկը, Անտարբերը, Այրին: Մեքենան Պանդուխտինն էր, խմբի ղեկավարը` նա: Լողափը սանրելը նրանց վստահվեց: Երրորդ խումբ առայժմ չառանձնացվեց: Մեղքողից, ով օդանավակայանի սրճարաններից մեկում մատուցողուհի էր, պահանջվեց աչալուրջ լինել և աննշան կասկածի պարագայում զանգել բջջայինների վրա: Նրանք այդ մասին չգիտեին: Համոզված էին` իրենց այցի մասին ոչ ոք տեղյակ չէ: Մնալու էին ընդամենը երկու շաբաթ: Ետդարձի տոմսերը դեռևս Լոսում էին պատվիրել: Հանգստանային պիտի աչքից հեռու, եթե հաջողվեր, Կինը տեսնելու էր զավակներին և վերստին տուն էին դառնալու: Գուցե թե ամեն բան որոշածի պես ընթանար, եթե Մեղքողն աշխատանքի ընդունված չլիներ և պատահաբար սպասասրահից սուրճի պատվեր չստանար: Այնտեղ էլ նկատեց ճամպրուկն ստացող զույգին, սակայն տնեցիներից թաքցրեց, այդու, երբ գյուղից մեկը թռուցիկ պատմեց, թե Սևանում մի կնոջ է տեսել` նման նրանց հարսին և նկարագրեց հետի տղամարդուն` ծոծրակին հավաքած խոպոպով, իսկ փեսան խոստացավ ձեռք բերել Լոսի չվերթով ժամանածների ցուցակը, այլևս իմաստ չգտնելով լռելու մեջ, հաստատեց նրանց` Երևան ժամանելը: Օրիորդը, իհարկե, լուտանք ստացավ, այնքան խիստ, որ տեղնուտեղը փոշմանեց: - Որ ասեի, ի՞նչ, -արդարացավ: - Եկել են ***ության, չիմանա՞նք: - Սկսվեց... - Հիշեցնե՞մ բառերդ` համբերեք, կգա: Բա չեկա՞վ... - Եղածը եղել է: - Ամերիկայում շնություն արին, քիչ է, Հայաստանո՞ւմ շարունակեն: Դրանց համարձակությանը տես... Խոսք ասա, - հայրը դարձավ ավագ որդուն: - Ինձ համար մեկ է, - անտարբեր նետեց տղան, ով անձնագրով` ժամանած կնոջ ամուսինն էր: - Չե՞ս ուզում ետ գա, տեր լինի երեխաներիդ: - Ես նրան ջնջել եմ հիշողությունիցս: - Իսկ վրե՞ժ` չունե՞ս լուծելու: Լռենք` մնա՞: - Բան կփոխվի՞, - նույն հանգույն հնչեց պատասխանը: - Երանի քեզ, - ամուսնացած, սակայն անզավակ քույրը ներքին լարումից կարմրատակեց: - Ես իմ ձեռքով եմ դատաստան անելու. մեր պատվի հարցն է: - Հասկացանք: - Ինձ վրա է, հա՞, ուժդ պատում: Նրա սանձերը քաշեիր: - Ասեք` լեզվին չտա: - Երկու երեխան մնացել է վրաս, չխոսե՞մ: - Նա չի խնդրել: - Նվիրի` թող տանի Ամերիկա: Երևի նրանց համար էլ եկել է: - Քո գործը չէ: - Լսեցի՞ր, պա... - Ժամանակ գտաք, - սաստեց հայրը: Հետո, երբ տուն եկան մյուս զավակները, Չբերի ամուսինը, որ առևտրով զբաղվելու պատճառով ավելի շատ դրսերում էր, հորաքույրը, որ այրի և տարեց լինելով` ժամանակ մեռցնելու խնդիր ուներ, երկվորյակների կնունքի քավոր դրկիցը` մեքենաների շարժիչների հետ հաճախակի գործ ունենալուց` մրոտ, հավաքը լրջացավ: Վերջնական վճիռն այսպիսին էր` եթե մեղա գան, օջախի պատիվը փրկելու, ասեկոսեները մարելու համար հարսին, թեկուզև ձևական, տուն կառնեն, իսկ Տղամարդուն այն օրն են գցելու, որ մոռանա Հայաստանի ճամփան, շունը ձեռից հաց չառնի, հակառակ պարագայում... Ոչ շատ լրջորեն, սակայն այդ ուղղությամբ ևս քննարկում եղավ` կախաղան, վրաերթ, ջրահեղձու թյուն, քարծեծ, հյուրանոցի համարում խեղդամահ անել ու կինոնկարներից տեսած էլի ուրիշ սարսափազդու տարբերակներ, որոնք թողնվեցին դեպքերի հետագա ընթացքին: Այդուհանդերձ, գլխավոր վրիժառուն մյուսներից թաքուն հազար դոլարով խլացուցիչով «Մակարով» գնեց սև շուկայից, հինգ հարյուրը` ատրճանակի, մնացյալը` խլացուցիչի համար: Փամփուշտները նույն օրը երեկոյան հայթայթեց ծանոթ սպայից` հատը հինգ դոլարով: Վերստին թեթևակի վեճ վերջում` խմբերը կազմելիս ծագեց: Պանդուխտը դեմ էր կնոջ մասնակցությանը: Կխանգարի, - համոզված էր: Գլխավոր վրիժակը, հակառակ, գտնում էր, որ նրա ներկայությունը միայն կօգնի. նախ` կասկածի տեղիք չի տա և ապա` թույլ սեռի տրամաբանությունը կարող է անսպասելի ելք առաջարկել փակուղու առաջ հայտնվելու դեպքում: Չբերը, ամուսնու ընդդիմանալուց չարացած, չկամեցավ նրա հետ նույն մեքենան նստել: Այրին պետք է երեխաներին տեր կանգներ, սակայն որոշվեց նրան ևս ընդգրկել, որպեսզի Սևան մեկնողների խմբում նույնպես կին լինի: Միջնեկը, ով նոր էր ամուսնացել, հարկադրված` ծնողների տուն մեկ շաբաթով դարձ գնացած կնոջը գիշերը ետ բերեց` խոստանալով հետո մեկ ամսով թողնել, թե ինչու` չասաց: Ամեն բան սկսվեց նրանից, երբ Պանդուխտը երկու տարի առաջ Հայաստան հրավիրեց Աբու-Դաբիում ծանոթացած ամերիկահայ գործընկերոջը: Որքան էլ դեմ ընկան, հյուրանոցում տեղավորվեց, սակայն մեքենա էր վարձակալել և հաճախակի գալիս, մնում էր մինչև կեսգիշեր: Պանդուխտը գյուղում նույնպես տուն ուներ, աներոջ հետ պատկից հարևաններ էին, ու մեծիմասամբ նրանց մոտ էին հավաքվում: Զրուցասեր էր, բնավորությամբ այնքան մեղմաբարո, որ շահել էր ամենքի համակրանքը, մանավանդ` փոքրերի, որոնց հաճախ առնում էր լայնշի ուսերին, թույլ տալիս քանդել գյուղի ժողովրդին խիստ անսովոր երկար` ծոծրակին փնջած վարսերը: Հարսը դիտողություն էր անում, պահանջում իջնել, սակայն զիջում էր` տեսնելով բերկրալի աչուկները: Սկզբից ևեթ նրա ու հյուրի հարաբերություններն անբնական էին. խուսափում էին զրուցել, խոսք փոխանակել: Կար անտես, կաշկանդող տարածություն, որը խախտել ոչ ոք չէր հանդգնում: Զգուշանում էին, ինչից` պարզ չէր: Կինը գեղեցիկ էր, փոքր ինչ թխադեմ և խոշորաչվի: Հյուրը նկատել էր` ամուսնու հետ առանձնակի ջերմ չէ, ինչպես և մյուսների, թեև հեզ էր, պատրաստակամ: Սառնությունը գուցե թե կողակցի պատճառով էր, որովհետև, ասես, ամեն բանից հոգնած լիներ` անգամ թղթախաղում, եթե զուգընկերոջ պակաս զգացվեր ու նրան դիմեին: Պանդուխտը քաղաք էր գնացել, մյուս տղամարդիկ` խոտհնձի: Հյուրը, որ հակառակի պես վաղ էր եկել, որոշեց չմնալ: Երեկոյան նորեն կուգամ, - ասաց: Վերջին պահին Մեղքողը խնդրեց հարսին հետը քաղաք տանել: Երեխաներին գիրք, տետր պիտի առնի, - բացատրեց: Սպասեց` մինչև հագնվի: Սկզբում գրեթե չէին խոսում: Ընդամենը հարցրեց` ինչպես է վերադառնալու: Ասաց` տաքսիով: - Ես կբերեմ, միևնույն է` պիտի գամ, - առաջարկեց: - Չէ, վատ բան կմտածեն, - պատասխանեց: - Չեմ կարծեր: - Լավ չեք ճանաչում. պատմություն կսարքեն: - Ինչո՞ւ կվախնաս, - շարունակեց խորամուխ լինել: - Գյուղի ժողովուրդ են` նախանձ: - Ո՞վ: - Մեծ տալս` չե՞ք նկատել: - Ի՞նչ ունի օձնվորելու, - հարցրեց, ինքն էլ պատասխանեց: - Դուն մեղավո՞ր իս, որ ինքն ստերջ է: - Միայն դա չէ: - Որովհետև մատաղատի՞ մնացեր իս, - նա ձեռքը տարավ ուղեկցի ծամերին, փաղաքշելով ուղղեց: Կինը ցնցված` լռեց: - Երևանը ծանոթ չէ ինձի, ըսե` ո՞ւր պիտի երթանք: - Հրապարակի գրախանութը: - «Արմենիայի» մոտի՞նը: - Այո: - Հոն իջևանած եմ: Սփյուռքահայերի համար ամենահարգին է, թեև հիմա, կըսեն, շքեղները շատցեր են: Տղամարդը մեքենան կայանեց հրապարակում, Կինն առևտուր արեց «Նոյան Տապանից»: - Վե՞րջ: Կինը հաստատեց: - Ի՞նչ առնիմ պզտիկներուն: - Բան պետք չէ: Տղամարդը երկու ուսապայուսակ գնեց, դարձյալ գրենական պիտույքներ` շատ-շատ և նկարազարդ գրքեր: - Այսքանն ի՞նչ են անելու, - կինը տարակուսեց: - Առաջին տարին դպրոց պիտի երթան, թող աղեկ հայերեն սորվին, - ապա առաջարկեց գնալ հյուրանոց: - Սուրճ կըմպենք, կհանգստանաս: Զով նախասրահը, մաքուր աստիճանները, մշտադալար բույսերը` տարաձև ծաղկամաններում, ուղեգորգերը, կիրառական արվեստի նույնաոճ նմուշները` անկյունախորշերում, սանդղահարթակներին, պատերի ճոխ շրջանակներով յուղանկարները, մանավանդ` ժպտացող գործավորները Կնոջն այլ իրականություն փոխադրեցին, ու նա զգաց, Տղամարդը` նույնպես. անխուսափելին մոտենում է: ...Ցանկությունն այն աստիճան ուժգին էր, որ, չհասնելով մինչևիսկ անկողնուն, տարփանքին տրվեցին գորգապատ հատակին` ճմռթելով պայուսակներից մեկի գնումները: Դադարից հետո Կինը խնդրեց ցույց տալ լոգարանը: Տղամարդն առաջնորդեց, սակայն չհեռացավ. մերկացրեց Կնոջը և, երբ կիրքը վերստին տիրեց նրանց, մերձեցան ցնցուղի տակ, որքան էլ դիրքն անհարմար էր: Լոգասենյակից ելնելով` Կինն անկողին չմտավ: - Էլ բավական է, - խնդրեց, - կխենթանամ: - Երեկ այս ամենը գրեթե նույնությամբ երազի մեջ տեսած եմ: - Հորինում ես: - Հավատա` նույնչափ քնքուշ մեկմեկու կսիրեինք: - Ես քեզ ամեն օր եմ տեսել, - բայց թե ինչ կերպ, չասաց, որքան էլ պնդեց մահճակալին լոտոսի կեցվածք ընդունած Տղամարդը: - Եկուր քովս` մեկնեմ երազներդ: - Ոչ, - թրթռուն մերժեց: - Եկուր` կըսեմ, խափշիկս: - Մի շարունակիր, եթե չես ուզում ցնորվեմ, - արդեն անկողնում` կրքից նվաղուն մրմնջաց կամազրկված Կինը: Նա գյուղ գնաց տաքսիով, տղամարդն ավելի ուշ` նույն վարձու ավտոյով: Մինչ այդ հասցրեց «Մետրոպոլում» համար պատվիրել, սակայն «Արմենիայինը» չհանձնեց, որպեսզի կասկած չառաջանա կամ անպատեհ այցի դեպքում չբռնվեն: Բնակավայրը քաղաքին գրեթե մերձ էր, և Երևան գնալ-գալն առանձնակի բարդություն չէր ներկայացնում: Կինը հաջորդ առավոտ, պատրվակ բռնելով նախորդ օրը փողի չհերիքելը, դարձյալ քաղաք մեկնեց` այս անգամ երկվորյակներին շոր-կոշիկ առնելու: Հանդիպեցին պայմանավորված տեղում, գնումներ կատարեցին, այնուհետ սիրակաղձ զույգը տոթից, հետաքրքրասեր հայացքներից պատսպարվեց «Մետրոպոլում»: Հագենալ չունեին: Գնալով` ավելի ու ավելի էին ձգում իրար: Այլևս չէին պատկերացնում կյանքը մեկմեկուց զատ: Հետո Տղամարդը գնաց: Երկու ամիս անց Կնոջ դրդմամբ և Պանդուխտի կապերի շնորհիվ ամուսիններն ընդգրկվեցին ԱՄՆ հյուախաղերի մեկնող թատերախմբում: Պարզվեց, սակայն, մուտքի արտոնագիր դեսպանատունը կտա մեկին: Ընտրությունը թողնվեց նրանց, և Անտարբերը ետ կանգնեց: Նույնը սպասում էին Կնոջից, բայց կազմակերպիչները հրաժարվեցին գումարը վերադարձնել, ուստի առանձնակի չպնդեցին: Դեսպանատանը, իրավ, չմերժեցին, և Ծննդյան տոներից առաջ ընտանյոք նրան ճամփեցին Կալիֆորնիա: Մինչ այդ Պանդուխտը հեռաձայնեց ընկերոջը` ապսպրելով տեր լինել հարսին: Թատերախումբը մեկ ամիս անց ոչ լրիվ կազմով վերադարձավ. Կինն օվկիանոսից այն կողմ մնացածների մեջ էր: Սկզբում պատասխանները հուսադրող էին: Այն հարցին, թե ինչու չի գալիս, գործընկերը պատասխանում էր` աշխատանք է գտել, երեք ամիսը լրացավ, կգա: Երեքը դարձավ վեց, ապա` տարի: Ամուսնու անունով հրավերք ուղարկելու պահանջը բավարարվեց, սակայն պարզվեց` թղթերում սխալ կա, ըստ երևույթին` միտումնավոր: Պարզ է, մուտքի թույլտվություն չտվին, և հարյուր դոլարն իզուր ջուրն ընկավ: Իսկ երբ Տղամարդը փոխեց հեռախոսահամարը, ինտերնետում` հասցեն, հետքերն իսպառ կորան: Հարցումները Կնոջ ծնողներին, ովքեր Երևանում էին ապրում և քթները տնկած դասախոս լինելու պատճառով գնալ-գալ, խնամիություն չկար, արդյունք չտվին: Այդ ողջ ընթացքում Կինը երբևէ չմոտեցավ լսափողին. սկզբում, իբր, տանը չէ, ապա, իբր, բնակարան է վարձել, հեռախոսից թույլ չեն տալիս օգտվել ու նման մեծականջ ստեր: Երևույթին սկսեցին այլ դիտակով նայել, և բանն աստիճանաբար հասկանալի դարձավ: Թատերախմբի անդամներից մի քանիսի հետ ուշացումով զրույցը փարատեց վերջին կասկածները: Դերասանները հիշեցին` այո, տիկնոջը դիմավորել է տպավորիչ արտաքինով մի երիտասարդ` շքեղ ծաղկեփնջով, ջերմ և երկար գրկախառնվել են, այնուհետ թև-թևի գնացել կայանավայրի ուղղությամբ, որից հետո նրան տեսնող չի եղել: Սառնությունն ընտանիքների միջև խորացավ: Խնամիների խնդրանքը` երեխաներին իրենց տուն տանելու, սկզբում` քաղաքավարությամբ, երկրորդ այցի ժամանակ` կոպտորեն, մերժվեց: Մասնավորապես դեմ էին մեծ տալն ու սկեսրայրը, ով սկսեց վրեժխնդիր լինելու ծրագրեր մտմտալ, Պանդուխտին կարգադրեց հարսին բերելու համար Լոս-Անջելես մեկնել, եթե հրաժարվի, մարդասպան վարձել: Փողն ինձնից, - լուրջ-լուրջ ասաց: Անհասցե ո՞ւր գնամ, - մերժեց փեսան, - Հայաստանից շատ բնակչություն, տարածք ունի: «Հարսնաքարում» տեղավորված զույգը ջանում էր հանգստացողների աչքին քիչ երևալ: Բոլորովին մեկուսի կյանքով կենալ, ինչ խոսք, հնարավոր չէր: Ուտելիքը նրանց ցանկությամբ բերում էին համար, բայց, հո, լողափը ևս չէի՞ն կարող հանել վերև, թեև, պիտի ասել, տնօրինությունը գրեթե դրան էլ էր հասել. ընդհանուրին չխառնվելու համար առանձնացված տարածքում և փոքրերի, և մեծերի համար հոյաշեն լողավազաններ կային` նույն լճաջրով, սակայն շատ ավելի վճիտ, որովհետև շուրջ օրը զտիչ սարքերը` անտես և անաղմուկ, բանում էին: Վերջին հարկը հատուկ ընտրեցին. տեսարանը հիասքանչ էր: Երկկողմ պատուհան ներից թե կղզին, թե փոքր Սևանն էին երևում ու թե մեծը` ափերը գրկած կանաչ գոտիով, շեները` շեն, սարերը Գեղամա` ուսընդուս պահապան, արեգը` հերարձակ, ջրահայելին` վետվետուն, մակույկները` ձկնորսական, երկինքը` լազուր, ճայերը` ճախրող, այլ վրձնահարվածներ, որը` Տիրոջ, որը` մարդու ձեռամբ: Այդու ինչ-որ բան այն չէր, վայելքին հանձնվել չէր լինում: Կինը փորձում էր չտրվել ապրումներին, սակայն տրամադրության փոփոխությունն ակնառու էր: Պատճառը երեխաներն էին, ծնողները, որոնց դեռ չէր տեսել: Տղամարդը հուսադրում էր. - Ոչինչ, ժամանակի մեջ այդ հարցերը ևս կկարգավորվին: - Օր չմնաց: - Մենք ադոր համար չենք ժամանած. թողենք մյուս անգամվան: Գիտակ իրավաբան կվարձիմ, հոգ մըներ: - Իզուր եկանք, - ավելի ու ավելի էր տրտմում Կինը: Ամոթը կողմ դնելով` զանգեց ծնողներին: Զարմացան, որտեղ լինելն իսկույնևեթ կամեցան ճշտել: Մենք կգանք, - խոստացավ, - բայց մարդու, նրանց` մանավանդ, չասեք, թող չիմանան: Սպասեցին մութն ընկնի: Մեքենան, ուշադրություն չգրավելու նպատակով, կայանեցին փողոցում, ոտքով առաջացան: Մուտք մտնելու պահին Կինը նկատեց բակի թթենու տակ կանգնած կարմիր LADA-ն: Անակնկալից խուճապի մատնված` չշրջվեց ճշտի` մեջը մարդ կա՞: Հնարավոր է տուն բարձրացած լինեն, - մտածեց, - մերոնք չհամբերելով` քավորին խնդրել են փոքրիկներին տեսնելու բերել: Տղամարդուն առայժմ ոչինչ չասաց: Համոզվեմ` նոր, - վճռեց: Երկրորդ հարկի հարթակը լուսավորված էր: Շունչ առնելուց հետո բջջայինով զանգեց: Լսափողը վերցնողը մայրն էր: - Քնած չե՞ք, - հարցրեց: - Ձեզ ենք սպասում, - ի՞նչ եղաք: - Տանն ուրիշ մարդ կա՞: - Ես ու հայրդ ենք, եղբայրդ քնեց: Ե՞րբ կգաք: - Մուտքում եմ... Տնեցիները դուռը կիսաբացել, սպասում էին: Ողջագուրվելուց հետո ներկայացրեց ընկերոջը: Ամերիկայում եղած ժամանակ երբեմն-երբեմն զանգել էր ծնողներին, բայց թե ում հետ է կապված, որքանով է լուրջ, ինչ է լինելու հետո, չգիտեին. դուստրը խուսափում էր այդ թեմայով զրուցել, վստահ չլինելով` նախատի՞նք կստանա, թե՞ կքաջալերեն: Ի վերջո, երեխաների խնդիր կար, հասարակական կարծիք, որքան էլ դժկամ էին ժամանակին գյուղ ճամփել ու տարիներ անց անգամ չէին հաշտվում փաստի հետ: Կինը, չնայած ամառ էր, խնդրեց գոցել փեղկերը, վրա բերել վարագույրները: Չհարցրին` ինչո՞ւ: Ամաչում է կողմնակի աչքերից, - մտածեցին: Հայրը կոնյակ բացեց: Մայրը, լինելով առավել անմիջական, թեև զգույշ, սկսեց հարցերի տարափը` երբ ժամանեցին, ինչու նախապես տեղյակ չեն պահել, որտեղ են իրերը, ինչքան ժամանակով... Տեղեկանալով, որ մի շաբաթ կլինի, եկել են, տատամսած գնաց խոհանոց` ամառային տոլման տաքացնելու: Հյուրերը հրաժարվեցին ուշ ժամի ճաշելուց: - Այդ դեպքում` միրգ, կարոտած կլինեք, - կաշկանդված մթնոլորտը փորձեց աշխուժացնել հայրը, - և սառը գարեջուր: Հայկական է, խմած չեք լինի, - արդեն` Տղամարդուն: - Հիմա Ամերիկայի մեջ հայերի խանութներ կան` ամեն բան կգտնվի: Մինչ նա ձեռներեց երկրացիներից կսկսեր պատմել, հաճախորդներին խաղողի տերևով տոլմա ու խաշ առաջարկող խորտկարաններից, Կինն անցավ ննջարան` տեսնելու դպրոցահասակ եղբորը, ետևից` մայրը: Սրտաշարժ տեսարան էր. տղան, ով արթնացել, սակայն ամոթխած` չէր ելնում սենյակից, ընկավ քրոջ վզով: Հեռախոսազանգ լսելով` մայրը ետ գնաց, իսկ քույր ու եղբայր նստեցին բաց անկողնուն: Մայրը քիչ անց ընկալուչը ձեռքին շփոթահար վերադարձավ. - Փոքր տալդ է: Կինը վախվորած` հասկացրեց, որ իր մասին բան չասի: - Գիտի` Հայաստանում եք: Ասում է... փնտրում են: - Միևնույն է, - նա քաշվեց ննջարանի հեռավոր անկյունը` հեռախոսից, որքան հնարավոր է, հեռու: Մայրը վարանքով ձեռնափը վերցրեց խոսանցքից. - Ասի` չի եկել, լուր չունենք: Պատասխանը հստակ լսվում էր. - Ինքս եմ տեսել: Մերոնք ման են գալիս, թող թաքնվի կամ ետ գնան Ամերիկա: Ես կխաբեմ, կասեմ` Լոսի թռիչքի օրը փոխել են: - Պատճառը ո՞րն է: - Օֆ, չգիտեմ... - Ովքե՞ր են: - Բոլորը...- փղձկոց լսվեց, դադար, այնուհետ` - մենակ չասեք` զանգել եմ, թե չէ ինձ կուտեն: Միջանցքից զրույցն ունկնդրող հայրը զայրագնած մտնելով խոհանոց` կնոջ ձեռքից խլեց խոսափողը. - Ձերոնց ասա` կրակի հետ չխաղան: - Դրել է, մի բորբոքվիր: - Միլիցիա կզանգեմ, թող կապերը քաշեն: Իրենց գերին չէ: Դուստրը, որ մի պահ ուզում էր եղբորը բակ ուղարկել` ճշտելու LADA-ում սպասողների ով լինելը, վերջնականապես միտքը թաղեց` հայրը թույլ չի տա, ինքը կիջնի: Ավելի լավ է` չիմանան, մեկ էլ տեսար բռունցքների դիմեցին: - Դրանք ո՞վ են, որ վախենանք: Ականջներն այնպես քաշել տամ...- չէր հանդարտվում հայրը: - Գեղցիները... - Ինչ կրակվեցիր, թող մտքներինը հասկանանք: - Տասը տարի առաջ էլ նույն սազն էիր նվագում: Հաշտվիր` գնա... Եթե դատի տայինք, այս պատմությունը չէր լինի: - Մինչև կյանքիդ վերջը պիտի խոսե՞ս: - Հա, որովհետև սխալի արդյունքն ենք հնձում: - Ամոթ է` հյուր ունենք: - Ձեր դուստրն ինձ մասամբ հաղորդած է, - տղամարդը նեղվածքի պատճառով շեմից չէր առաջանում: - Իբր մեզ պատմում է, - հոր ձայնում թեթևակի կշտամբանք կար: - Իմ մտահոգությունս այլ է: Ոստիկաններուն դիմելու հարկ չկա. տհաճության մեջ կիյնանք: Չենք ուզեր: - Հո երեխաներին թաքուն չե՞ք վերցրել, - մայրն սթափ էր դատում: - Ուրիշ կնճռոտ խնդիր ունինք: Կհամարիմ, - նա հայացքն ուղղեց վարագույրի ծոփքերի հետ խաղացող Կնոջը, - ճիշտն իրենց ալ տեղյակ պահելն է, որպեսզի թյուրիմացություններեն խուսափենք: - Ուրիշի անձնագրով, անուն-ազգանունով եմ այստեղ: - Ամերիկայում է՞լ է նման բան հնարավոր: - Այլ կերպ չէր ըլլա: Հոս գալը, մանավանդ` ետ երթալը կբարդանար, եթե կարգ մը խախտումներու չդիմեինք: Անախորժ լռություն տիրեց: - Մեծ սենյակ անցնենք, խեղդոց է, - առաջարկեց հայրը` սպասելով մյուսների ելնելուն: - Աղջիկս, - նա դստերը մեջքը գրկած տարավ, - կարոտն է բերել, հասկանում եմ: Չխեղճանաս, հետաքրքիր ընկեր ունես: Կինը փղձկաց: - Չասի` լաց լինես: - Տնաշեն...- մայրն էր: - Չխոսե՞մ: - Իմացիր որտեղ` ինչ: - Հայրիկին, մա, բան չասես, - դուստրն արցունքախառը ժպտաց: - Վերջ, այլևս ոչ մի լաց: Միրգ կերան, զրուցեցին: Ասես փոխհամաձայնեցված` խուսափում էին Մեղքողի տեղեկատվությունը քննարկել: Միտքը, որ դուռը թակող չկա, կնոջը հուսաբերել էր. ուրեմն` չեն նկատել իրենց մտնելը: Համարձակություն հավաքելով` վարագույրը ճեղք արեց: Թթենու հսկայական սաղարթը խանգարում էր, բակի չլուսավորված լինելը` իր հերթին: Եղբայրը, ով այդ մեկ-երկու ժամում հասունացավ, դեմ էր հյուրերի գնալուն. - Մնացեք, - ընդամենն ասում էր, - խնդրում եմ: Քույրը պայուսակից փող հանեց. - Կներեք, առանց նվերի եմ եկել: Այս այցը ծրագրված չէր, - նա հարյուր դոլարանոցները մեկնեց մորը: - Եղբորս մեր կողմից մի լավ բան կառնես, ձեզ` նույնպես, - նրա աչքերը վերստին արցունքակալեցին: - Էլ չե՞նք տեսնվի: - Ես նորից կգամ: - Ե՞րբ: - Այ, դա չգիտեմ: - Գոնե կասե՞ս` որտեղ եք, որ հյուրանոցում: - Երևանում չենք: - Հեռախոս ունեք` համարը թող: - Ինքս կզանգեմ: - Ես ձեզ հետ կգամ, - մոր և քրոջ զրույցն ընդհատեց պատանին: - Քեզ մենակ չեմ թողնի: - Մի անհանգստացիր: Տալս, բան էր, ասաց. վտանգ չկա: - Կա, - եղբայրը համառեց, - գիտեմ: - Քրոջդ գլուխեն մազ չպակսիր, վստահե ինձի: Բազուկս կտեսնի՞ս. ըմբիշ եղած եմ: Իսկ կռուփիս զորությո՞ւնը: Շոշափե: Մեքսիկներու, սևամորթներու հետ կռիվներու մեջ պատանությունս անցած է: Դուն որևէ մարզաձևով կզբաղվե՞ս: Տուր ձեռքդ` տեսնամ: Չէ, դու նույնպես ուժով կերևիս: Ծնողներուդ քով մնա, անոնք քու պետքն ունին: - Ժամը մեկը եղավ. միտք չունի սպասելը, - Կրտսերն էր: - Լույսը վառվում է, բա որ գա՞ն: - Դժվար: Ճիշտը գնալն է: - Տո՞ւն: - Առավոտից բան չեմ դրել բերանս, այ հեր: - Քաղաքում ուրիշ հյուրանոց կա՞: Բոլորո՞ւմ եղանք: - Կարող է մասնավոր բնակարա՞ն են վարձել: Հիմա ինչն է շատ` եվրոտները. ամեն հարմարությունով` հավաքարար, ճաշ եփող, տալիս են արտասահմանցոց: - Կապվենք Սևան` փեսան նման բաներից աջային է: Համ էլ, հնարավոր է, հետքի վրա ելած լինեն: Բջջային Չբերն ուներ: Զանգեց ամուսնուն, բայց միանալուն պես տվեց հորը. - Առ խոսիր` հավես չունեմ, - մաղձը մնում էր: - Ես եմ, - Վրիժառուի հաստ մատները, թվաց, ուր որ է կճզմեն սարքը: Ձայնը կտրատվում էր: Այնտեղից հարցրին` ով է խոսողը: - Աներդ: Ասում եմ` ի՞նչ կա, չկա: Փեսան տեղեկացրեց, որ եղել են բազմաթիվ հյուրանոցնե րում, խորտկարաններում: Միակ հավանական վայրը «Հարսնաքարն» է, ուր, պատմելով, փնջած մազերով մարդ ապրում է, բայց չեն ասում անունը, սենյակի համարը: - Մեկ առ մեկ ստուգեք: Պանդուխտը շարունակեց պատմել, թե` ժամանակի շատ մասը լողափերի վրա կորցրած լինելով` ուշ ժամի են հասել: Կամեցել են սենյակ վարձել, սակայն ազատ քոտեջ, համար չի եղել, նույնը` հիմնական մասնաշենքում: Ռեստորան են մտել, երկու ժամի չափ կլինի` այնտեղ նստած են: - Կսպասեք մինչև փակվելը: Գալիս ենք: - Իմաստ չունի: Ամեն բան մնում է վաղվան: Համար չազատվի էլ, լճափի հատված, որը թեև փակ և վճարովի է, կթողնեն: Թե այնտեղ եղան, ոնց լինի, լողալու կիջնեն, այլապես ինչո՞ւ էին գալիս Սևան: - Աչքներդ, դե, ելումուտի վրա պահեք: Մենք մտնում ենք մի տեղ հաց ուտենք: Հենց բան լինի, վռազ զանգի, - վերջին կարգադրությունն անելով փեսային` Վրիժառուն դարձավ Դրացուն: - Քշի: Նախքան մուտքից ելնելը, Կինը ոտքը կախ գցեց. թթենու տակ կարմիր LADA չկար: Սիրտը մասամբ տեղն ընկավ, այդուհան դերձ զարտուղի ճանապարհով` երկու-երեք շենք շրջանցելուց հետո կամարակապ բակուղով հասան BMW-ին: Սևանի ճամփին էլ պատմեց դարանած մեքենայի մասին: - Չեմ հասկնար, ինչո՞ւ կփնտրեն: Կուզեն նորե՞ն իրենց հարսը դառնաս: Կկարծեն հնարավո՞ր բան է: Չե՞ն գիտեր, որ անիրականանալի է այսքանեն ետքը: Չարացածությունն ո՞ւմ կողմեն է, ինչպե՞ս կթվի: - Բոլորն էլ ոխակալ են, բացի նախկին ամուսնուցս և փոքր քրոջից. մորն են քաշել: - Իրենց մայրիկին հանկարծամահությունը քու հոն եղած ժամանա՞կ պատահած է: - Ինձնից առաջ, բայց` նույն տարվա մեջ: Պատճառներից մեկն էլ դա էր, որ շտապեցին մեծին ամուսնացնել: Քեզ դրանց զազիր արարքները միշտ խուսափել եմ պատմել: Նրանց մայրն ինքնասպան է եղել, - իր համար իսկ անսպասելի` բացվեց: - Ինչպե՞ս, ի՞նչ արած է: - Էսենցիա էր խմել: - Բառը չեմ հասկնար: Թո՞ւյն է, որտեղե՞ն ձեռք բերած է: - Հեղուկ է, բոլոր տներում կա: Աննշան քանակությամբ թթու դնելիս են գործածում: Ազատ վաճառվում է: Ջրով չբացած` մահացու է: Ստամոքսը, կոկորդը, թոքերը, պատմում էին, քրքրել էր: Տարածեցին, թե սխալմամբ է խմել, բայց այդպես չէր. իջել է նկուղը, դուռը ետևից գոցել... - Ինչո՞ւ նման արարքի դիմած է, զորավոր պատճառ պիտի եղած ըլլա: - Չեմ կարող պատմել: Մեծ աղջկա և ամուսնու հետ կապ ունի: Այդքան: - Եթե հարմար չես գտնար, ամենևին մի ըսեր: Հաստապարա նոցներուն ձեռքին տոկալը, կերևի, սաստիկ դժվար է: Բնավորու թյամբ բոլորովին տարբեր եք, ինչպե՞ս մտերմացած եք: - Նրանց տանն առաջին անգամ, պիտի որ այդքանն ասած լինեմ, եղել եմ մոր թաղմանը: Ամբողջ կուրսով էինք: Վրաս դեպքը շատ էր ազդել` խղճում էի, գնում օգնելու... Սոսնձվել էր` եղբորս հետ պիտի պսակեմ, եթե չհամաձայնես, գլխին փորձանք կբերի... Այդ անգամ էլ` մոր քառասունքի օրը սառը ջրերի հետ երևի շատ գործ արի. ջերմությունս բարձրացավ, իրիկունը չկարողացա քաղաք դառնալ: Կրակի պես վառվում էի: Քույր ու եղբայր, իբր, խնամում էին... Չիմացա` ինչ եղավ: - Խաբեությամբ նպատակներուն հասած են: Ատոնց հասկըցանք` անկիրթ, ցածրոգի արարածներ են, հապա փեսա՞ն: Կարգին մարդ կթվեր: Ան մի՞թե չէր կրնար սաստել, կիրքերը հանդարտեցնել: - Ե՞րբ, այն ժամանա՞կ: - Հիմիկվա ոգևորվելը նկատի ունիմ: - Մեծ տալս է հարց որոշողը: - Համարձակությունը չբավե՞ր ընդվզելու: Այդ պարագային ինչո՞ւ տխմար խաղերու կխառնվի: Իմ պատճառովս անիկա մեզի դեմ տրամադրված է: Չփորձե՞մ հետը զրուցել: Համարը բջջայինի վրա ջնջած չեմ: - Գործ չունես, - կինը ձեռքը երկարելով` շոյեց Տղամարդուն: - Բացատրվեմ, գուցե ըմբռնե, ինքն էլ անոնց խոսք հասկցնե: Միևնույն է` վաղ թե ուշ երես-երեսի պիտի նայինք: Երեխաներու խնդիր կա, չմոռնաս: - Միտքս փոխել եմ` չեմ ուզում. հեռվից տեսնելով կարոտ չի առնվի, ավելի վատ: - Հոգնած ես: Թողենք նման նուրբ հարցերու քննությունը: Դուն ննջե քիչ մը, թեև շուտով կհասնենք, որքան կտեսնեմ: «Հարսնաքարի» շարունակությունը կազմող հանրային լողափի ավտոկանգառում կայանած միայնակ մեքենան, նկատելով դարպասների բացվելուն սպասող BMW-ն, վառեց լույսերը` ակամա իր վրա հրավիրելով Տղամարդու և Կնոջ ուշադրությունը: - Փեսայինն է: - Ես ալ ճանչցա. անոր VOLVO-ն է: Դուն կելնես վերև, ես կխոսիմ հետը. մտքերը պարզեմ: - Մենակ չի լինի եկած: - Վճիռ մը կայացնելու հարկադրված ենք: - Պահակին ասա` ներս չթողնի: - Այդ հարցի ժամանակավոր լուծում կըլլա: Հայելու մեջ Տղամարդը տեսավ, որ դռնապանը փակում է դարպասը: - Մի գոցեր, նորեն դուրս պիտի երթանք, - ապա մեքենայի համար այնպիսի դիրք ընտրեց, որ դեմը բաց լինի, միաժամանակ` դարանածներին չերևա: - Վճռած եմ` պիտի զանգեմ: Չեմ ըսեր` որտեղ ենք: Անկարելի է, որ մեր օթոն գիտնա: - Գուցե աշխատողներն արդեն ասե՞լ են: - Առավել ևս, - նա հանեց հեռախոսը, գտավ համարը, հավաքեց: - Ալո... Պանդուխտը ձայնից անմիջապես ճանաչեց զրուցակցին: - Ե՞րբ ես եկել: Մենակ չասես` Հայաստանում չեմ: - Ճշմարիտ չխոսելը բնավորությանս հատուկ չէ: - Բա ինչո՞ւ չէիր զանգում: - Մենակ չեմ ժամանած: Խոստովանիմ` քիչ մը անհարմար կզգայի: Խրթին կացության մեջ քեզի նմանապես նետած եմ: - Մի քիչ... Հետիդ քածն է՞լ է նույն կարծիքին, - պահի տակ կրակեց: - Անպատիվ խոսքեր ըսելու իրավունք չունես, ինչ էլ որ պատահած ըլլա: Կլսե՞ս, զանգեր եմ, որ հետդ բացատրվեմ: Վիրավորանք հանդուրժող անձ զիս չկարծես, եթե ճանչցեր ես: - Սա հեռախոսի թեմա չէ, - մեղմվեց Պանդուխտը: - Կհասկնամ խնդրին փափկությունը: Ես ալ կուզեմ հանդիպենք: - Հիմա որտե՞ղ ես, տեղդ ասա` գանք: - Դուն պիտի մենակ ըլլաս, այդ պայմանով կհամաձայնվեմ: - Որ այդպես է, ես էլ պայման ունեմ` պետք է երկուսով լինեք: - Տիկինը քնել կուզե. գլուխն արևեն կցավի: - Երեխաներին էլ, կբերեմ: Առիթ է` թող տեսնի: - Աղեկ, եթե կպնդես: Երևանի մեջ բաց սրճարան, կամ վայր մը ըսե, մեկ ժամեն կուգանք: - Հարմար չէ: - Դուն առաջարկե: - Արզնիի մեծ կամրջի վրա լա՞վ է` գյուղի կողմից: - Ի՞նչ կխոսիս: Աս ժամին միտք չունի ամայի տեղ տեսնվիլը: - Չեմ ուզում մյուսներն իմանան: - Ինչպե՞ս մնացյալներուն պիտի բացատրիս կեսգիշերին փոքրիկները քունեն հանելը: - Մեր տանն են: - Երևանն ատանք պզտիկ քաղաք չէ: Հոն ժամադրվինք: - Մի բան գիտեմ, որ ասում եմ: - Ես նորեն կզանգեմ: Խորհիմ քիչ մը, տիկինին համաձայնությունն առնեմ: - Սպասում եմ: Չդրած` աներձագը վրա պրծավ. - Ինչ էլ հանգիստ էիր խոսում: Ափսոս, հորքուրը հետներս է: Տիկինեն թույլտվություն պիտի առնի... Տիրոջդ լավը տնկեմ: - Հո չէի՞ խրտնեցնելու: - Զոռեիր, հասցեն ասեր: - Կզգուշանար, շատ շեշտեի: - Երեխաներին, ճի՞շտ, պիտի տանենք, - այրին էր: - Չէ մի...- նինջը թոթափեց Անտարբերը: - Նրանց բերելու միտքը պահի տակ եկավ, բայց վատ խայծ չէ, կարող է կուլ տան: Եթե զանգեց, - Պանդուխտը շրջվեց Այրու կողմը, - կասեմ` քեզ հետս եմ վերցրել, որ պուճուրներին տեր լինես: Կհավատան: Պետք լինի, հեռախոսը կտամ, մի-երկու բերան հետները ստից խոսիր: - Աման, զահլա չունեմ: - Ձեզ էլ թվում է` խաբեցիք: Կամ որ եկան, ի՞նչ: - Ո՞նց թե...- Միջնեկը խոսքի տակ չմնաց, - կամրջից երկուսին էլ ցած կգցեմ: Դե թող իմանան` ով է արել: - Քա տղա, ո՞ւմ` ճժերի՞ն: - Էս միամիտ հորքուրն էլ... - Խոսում ես, էլի... - Չէիր ուզում, էն գլխից ասեիր: - Զանգենք ախպորս, - հորաքույրը վեճը կանխելու մտադրություն ուներ: - Տեսնենք ինչ են պատասխանում, նոր: - Պահակից չհարցնե՞մ քիչ առաջ ներս մտած ավտոյի մասին, - չսպասելով համաձայնության` Միջնեկը գնաց պահատնակի ուղղությամբ, իսկ Պանդուխտը համար հավաքեց: - Անոր զանգն է: - Չվերցնես: - Մոտիկցողը տղաներեն ո՞րն է: Միջնեկին կնմանի: - Ինքն է: - Գիտեն, որ հոս ենք: Մնալն իմաստ չունի: Բարձրանանք իրերը հավաքինք: Սենյակներուն վարձը մուծած եմ, այդ առումով խոչընդոտ չեմ տեսներ: Երթանք աղվոր, խաղաղ տեղ մը հանգրվանենք` Դիլիջանը, Ջերմուկը շատ կգովեն: Զանգը, որ դադարել էր, վերստին հնչեց: - Անջատիր, ինչների՞ս է պետք: - Կամուրջի վրա կժամադրե` գյուղի կուշտը: Հետո կըսե` չեմ ուզեր իմանան: Ավանակի տեղ ինձի դրած է: Էմիրաթներու մեջ ադոր շատ օգնած եմ: Պիտի ստահակ մարդոց ձեռքը թողած ըլլայի, բիզնեսը տանուլ տար. անանք սխալ գործ բռնած էր... - Տաքսի կանչե՞նք` գլխի չընկնեն, - բանալին հանձնելուց հետո, երբ հասան մեքենային, երկմտեց Կինը: - Խելամիտ միջոց է, սակայն... Գործավորը կտեսնե՞ս, դարպասը չի գոցեր. մեր մեկնելուն կսպասե: Ճեպով դուրս կուգանք: BMW-ին VOLVO-ն անկարելի է հասնի: Ծանոթ իմ. իմ առաջին ինքնաշարժը VOLVO էր, ան ալ` նոր: Այնուհետ դեպքերն ընթացան փութանակի: Տղամարդը լույսերը հանգցրած մոտեցավ ելքին, թեքվեց ձախ և, խախտելով կանոններն ու դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` ընթացավ մայրաքաղաքի ուղղությամբ: Դիմացից մեքենա, բարեբախտաբար, չէր գալիս: Գավառի խաչմերուկում կամրջի վրա բաժանարար շերտն ընդհատվում էր: Հասցրեց փոքր ինչ շեղելով ուղղությունը` անցնել աջակողմ: Ետքից վառվող հեռահար լույսերը հուշում էին, որ VOLVO-ն ևս շարժվել է, սակայն, ժամեր շարունակ կանգնած լինելով, չի կարողանում արագություն հավաքել: Հանկարծակիի եկած հանձնառուները ջանում էին ճողոպրած ներին տեսադաշտից բաց չթողնել: Ընթացքում Միջնեկը զանգեց հորը, մի քանի բառով պատմեց` ինչ եղել է և առաջարկեց ռադիոկայմից վերև, ուր Երևան մտնող ճանապարհը ճյուղ է տալիս, սպասել: «Գերմանական բալի գույնի BMW է: Համարը չենք վերցրել: Ուշադիր կլինեք», - պատվիրեց: - Ավտոտեսուչները չընկնե՞ն ետևներիցս, - Կինը կուչուձիգ էր լինում տեղում: - Որքան հասկցեր իմ, մութ եղած ատեն անոնք կխուսափեն կարգը հսկելուց: Արտասահմանյան մակնիշի ինքնաշարժերը մինչևիսկ ցերեկը չեն կանգնեցներ, եթե ստահակները վաղօրոք կաշառած չլինեն: - Նրանք փող տա՞ն. հավատալս չի գալիս: Պետավտոտեսչության առաջին կետն անարգել անցան, հաջորդը Մհուբի մոտ էր: Տղամարդը վճռեց Երևան չհասած` թեքվել ձախ և դուրս գալ Ջրվեժ. դեռ նախորդ այցին` Գեղարդ գնալիս էին նրան նորաբաց ճամփով տարել: VOLVO-ն չէր երևում, ու նա այդպես էլ վարվեց: LADA-ում գտնվողները առժամանակ սպասելուց հետո հոր կարգադրությամբ ընդառաջ գնացին, երբ VOLVO-ից նոր զանգով տեղեկացրին, թե կորցրել են մեքենան: Համոզված, որ BMW-ն մայրաքաղաք մտած չի լինի, մեկ-երկու ժամ հնարավոր ճամփաբաժաններում, Աբովյան քաղաքում նրանց որոնելուց հետո հետապնդողները հարկադրված էին սպասել լույսի բացվելուն, իսկ փախստականները, հասնելով Ջրվեժի անտառպուրակ, ճանապարհամերձ ծառերի տակ կանգնեցին` որոշելու հաջորդ օրվա անելիքը, բայց այնքան հոգնած էին, որ առանց վճիռ կայացնելու, թիկնակները պարզելով` քնեցին: Արթնացան թռչունների հանգերգից: Թեթևակի ցրտել էր: Աստծո խաղաղ օրն առպահ մոռացնել տվեց հոգսը, գիշերվա ապրումները: - Դեռ կանուխ է: Երթանք Արարատը նայինք: Դիմացի բլուրեն պիտի որ երևա: Չարենցի կամարին մոտերքը, կարծեմ, կգտընվինք: Եթե կնոջը մնար, կգերադասեր ժամ առաջ ապահով անկյուն գտնել, բայց դեմ գնալ կյանքը տակնիվեր փոխած սիրասուն մարդուն անկարող էր: Արահետը բռնած գնացին: Տեղ-տեղ թաց էր, առուներ էին խոխոջում: Ինչպես հետո պարզվեց, վերևում բավական մեծ ավազան կար, ուր մղված ջրով էին ոռոգում անտառակը: Բլրակից բացված տեսարանը խիստ ակնահաճո էր: Մեծ Մասսի գագաթը, վիհի աջակողմը ողողված էին լույսով: Ապա շողքերն առան Փոքրին, հասան թամբին, աչքի համար աննկատ շարունակեցին իջվարել: Օդը հստակ էր, սառնությունը պահած, հայացքով ընդգրկածը` գրեթե ինչպես ափում: - Հրաշք է: Նայելով չեմ հագենար: Նախաստեղծ գրավչություն մը կա անգամ ցածի անմշակ բլուրներուն մեջ: Օվկիանոսի սառած կոհակներու կնմանին: Տուն մը գնելու եմ Երևանի մեջ, հեռուստաաշտարակի կողմերը: Ուզած ատեններս կուգանք, կկենանք, կարոտներս կառնենք մեր հինավուրց հողեն, պաղպաջուն ջուրեն, ջինջ երկինքեն, սրբազան Լեռեն: - Իսկ մշտապես ապրելո՞ւ: - Ինչո՞ւ ոչ. հնարավոր է: Շահույթ բերող գործ մը դնեմ, մանչերդ դատարանով քովերնիս բերենք, մերն ալ, թե Աստված հաջողի, կունենանք: Թող ջոջնան, ուսում առնեն, ազգովին շատնանք: Արարատյան աշխարհի վեհությամբ արբեցող և անրջանքին տրված սիրատածիկ զույգին սթափեցրեց աղմուկը, որ մայրուղու կողմից էր: Շրջվեցին: Նախրապահը ճանապարհն ազատելու նպատակով տավարի ընթացքը ջանում էր ուղղել արոտավայրի կողմը: Առջևից, ետքից մեկական մեքենա ազդանշան էին տալիս, սակայն արդյունքն աննշան էր: - Կարմիրը նրանց ավտոն է, - կինն ակամա պպզեց: - Նստիր` չտեսնեն: Բլրի վրա եղողներին` չէ, սակայն LADA-ի ուղևորները նկատեցին սոճիների տակ կանգնած BMW-ն: - Գտել ենք, - ոգևորությունից քենը թողած` Չբերը զանգեց ամուսնուն: - Ասա թող գան Ջրվեժի դաչեքը` չհասած Ողջաբերդ, - հանձնարարություն ստացավ և որդին: - Տես` մե՞ջն են: Բարձունքից մեքենան չէր երևում, բայց պարզ էր, թե կրտսերը դեպի ուր ուղղվեց: - Դռները գոցած եմ: - Մեքենային վնաս կտան: - Անշունչ առարկայի հետ ի՞նչ գործ ունին: Դուն հոս մնա, ես իջնեմ: - Ավելի լավ է` փախչենք. դրանք հոգի չունեն: Հրեն, հերն էլ ելավ: Քավո՞րն ինչ գործ ունի, եկել է: - Կին ալ կա իրենց հետ: - Զանգենք հայրիկիս, թող հետը մարդ բերի: Համազգեստա վոր տեսնելիս դրանց նմանները կատու են դառնում: - Անտես մըներ` գալու համար ինչ զարտուղի քայլերու դիմած ենք: - Հետո փող կտանք, չեն խորանա: - Հեռախոսն ինքնաշարժի մեջ թողած եմ, զուր տեղ ջուր չծեծենք: Նախիրը լանջն ի վեր հեռացավ, ընթացքում կուտակված փոխադրամիջոցները գնացին, իսկ LADA-ն ճամփեզր հանած հետապնդողներն սպասեցին, մինչև ժամանած VOLVO-ից իջան փեսան, որդիները: Այրուն կարգադրեցին առայժմ երեխաների հետ դուրս չգալ: - Ինչո՞ւ շուտ չգնացինք, - Կինը լաց եղավ: - Անպայման չէ վատ մտածես: Ինձ այնպես կթվի, իրենց նպատակը քեզ տուն տանելն է: - Չեմ ուզում: Եթե կախեն էլ, չեմ ուզում: - Ինձի լսե: Որպես տղամարդ, այլևս անպատիվ է թաքչելս: Ուրիշ խնդիր ևս կա` ամբողջ գումարը, փաստաթղթերը հոն թողած ենք: Եթե բացեն, ի՞նչ կըլլա վիճակներս. կձախողվի մեր ետ գնալը: Դուն ականջդ ձայնի սպասե: Թե խոսք չհասկցան ու սկսեցին փնտրել, այն հեռվի մեկուսի շինությունը կտեսնե՞ս, հոն աճապարե: Ես ուրիշ ճամփով` վրիժակները մոլորեցնելուց ետքը կուգամ: - Կարծում ես կստացվի՞, կկարողանա՞ս: - Անպատճառ կհաջողիմ: Տղամարդու բարևին ոչ ոք չպատասխանեց: Խոժոռ հայացքները խոսուն էին: - Հարսն ո՞ւր է, - հայրն էր: - Ինչո՞ւ ես մենակ: - Եթե բան ունիք, ինձ ըսեք, կշտամբեք: Ան մեղք չունի, ես գայթակղած եմ: - Տեղն ասա, անասուն, - Վրիժառուն առաջ մղվեց: Տղամարդը թեթևակի ընկրկեց. - Ձեր տարիքը կհարգեմ... - Թե չէ... - Հայը հայուն չպիտի անարգե: - Հլա դո՞ւ ես հայությունից խոսում, շան որդի: Գաս, մեր հացը կիսես, հետո օջախի պատիվը գետնով տա՞ս: Հիմա կսատկացնեմ...- նա ձեռքը բարձրացրեց, որ խփի, բայց տիրապետեց իրեն: - Հարվածեք, միայն թե մի նսեմացուցեք անձս: - Դու մարդ ե՞ս, որ վիրավորվելուց ես խոսում: Կտկլոզցնեմ, կապել կտամ ծառից... Ուրիշի կնկան բերել է չոլի մեջ...- նա բառ էր փնտրում, - սիլո-բիլոյի: Թյու, - ատելությունն ի մի բերած` Վրիժառուն գունդ թքեց մեքենայի ուղղությամբ: - Սիդելնիկներն էլ բացել են... Հարսին գտեք, - զրույցին չմիջամտող հարազատնե րին հասցեագրելով խոսքը` ընտանիքի գլուխը, սկսված շնչարգելանքից նեղված, լռեց: - Հանդարտվեք, թողեք երևույթը ես ալ իմ կողմե մեկնեմ: - Խոսի, - հոր դադարից օգտվեց Միջնեկը, - բայց` հայերեն: - Դուք տարիներ առաջ զայն բռնությամբ ձեր տուն պահած եք: - Քե՞զ ինչ: - Հիմա նույնի՞ն կձգտեք: - Հա°: - Ան իր ամուսինը չի կամենար: - Ոչինչ: - Անոր կյանքը դժոխք եղած էր: Մեղքի մեջ կթաթախվեք: Տարիներ առաջվա պատահարը բավական չէ՞ր ձեզի, նոր զոհի կարի՞ք ունեք: Վերջին միտքը բորբոքեց կրքերը. աղմկել սկսեց մինչևիսկ Դրկիցը, ով մինչ այդ իրեն չէր դրսևորել: Անտարբերը վրա-վրա ծխում էր: - Կտրեք ախպար շան լեզուն, - հրահանգեց հայրը` վրա բերելով ձեռնափայտը: Տղամարդը խուսանավեց: Դագանակը դիպավ ավտոյին: Չարության օղակը սեղմվեց: Դիմադարձեց Կրտսերի հարվածը, ապա անսպասելի շրջվելով` բռնեց կողքից մոտեցող կնքաքավորի դաստակը և, ինչպես շատ անգամ ախոյանների հետ էր վարվել գորգին ըմբշամարտելիս, ուժգին ձգեց: Սա հավասարակշռությունը կորցրած` ընկավ: Աջից ուղին ազատ էր, և հնարավոր դարձավ դիրք գրավել սոճուտում: Չբերը քար շպրտեց: Հասցրեց անցնել ծառաբնի թիկունքը, բայց երբ տեսավ մի քանիսի ձեռքին հայտնված մետաղաձողերը, որ կռանալով գետնից վերցրին, հասկացավ նրանց` նախապատրաստված լինելն ու դրության լրջությունը, առաջին իսկ մոտեցածին գետին տապալելով` փախուստի դիմեց: Խումբն ընկավ ետևից: Վազում էր, երբեմնակի շրջվում` տեսնի. շատ չե՞ն մոտեցել: Նման դեպքերում առաջինը նախահարձակ լինելով` ստիպում էր ընկրկել և վերստին միջոց գտնում հեռանալու: Հարվածներ էլ ստացավ` ոչ ուժգին: Ուռիներով բոլորված լճակի մոտ մեկը կարթերը կախել, սպասում էր` մի ձեռքին լոլիկ, մյուսում` բրդուճ: Կտրած բերանով էթիլենե շշում ձկնիկներ էին լող տալիս: Անակնկալի բերելով` սուրաց մոտով: Պատվարը բարձր էր, թռչելը` վտանգավոր: Շրջանցեց, խորացավ նշենիների խիտ թփուտում և, հարմար տեղ ընտրելով, ազատ շունչ քաշեց: Ձկնորսության սիրահարը, պիտի կարծել, չէր մատնել թաքստոցը կամ զլացել էին հարցնել, որովհետև ամբարտակի պռնկին այդպես էլ ոչ ոք չհայտնվեց: Հինգ-տասը րոպե հապաղելուց հետո շենքի ուղղությունը մոտավորապես բռնած` արահետներով, վարդանոց, ծառուտ ու մացառուտ հաղթահարելով` գնաց: Լավ է` «Հարսնաքարում» զգեստափոխվել էր, ոտքերին մարզակոշիկ ներն էին: Միայնակ տունը մեկ այլ բլրակի վրա էր: Շուրջը ծառեր չկային: Ասֆալտուղու մի ճյուղավորումը, մակերեսը որի չօգտագոր ծելուց տեղ-տեղ քայքայվել էր, զիջել սիզախոտին, արմատները լայնքով երկարած կանադական բարդու բուսակներին, հասնում էր բակ: Ցամաք, քայքայված պատերով ջրավազանը, մասամբ ավեր կտուրը, կրնկահան դուռը, պատուհանների մեծ մասի անապակի շրջանակները կառույցի` վաղուց լքված լինելու վկայություն էին: Կինն այնտեղ էր: Փաթաթվեց, պոկ չէր գալիս: - Այս ինչ արի, ինչ արի, - վրա-վրա կրկնում էր: - Ինչո՞ւ եկանք, - հետո տեսավ` ողջ-առողջ է, վերադարձավ իրականություն, հավաքվեց: - Գնացի՞ն: - Չեմ կարծեր: Ցածը լճակ մը կա, հոն աչքերեն կտրվեցա: - Բա ավտո՞ն: - Մնաց հոն` ուր լքած ենք: Դուն ինչպե՞ս եկար, տեսնող չի՞ եղեր: - Ջրվորներից մեկը: - Ես դիտմամբ ձայն չտվի, որպեսզի ուր ըլլալդ չմատնեմ: - Գոռգոռոցը հասնում էր: Մեքենան վնասե՞լ են: - Մահակի զարկ մը առավ: Այդ` ոչինչ, եթե հետո ձողերով չջարդեն: Վնասը տերերին կհատուցեմ, մի մտատանջվեր: Մանչերուն ալ ապիկարները բերած էին: - Ուրեմն` չի՞ թվացել. ես վերևում լացի ձայն լսեցի: - Կռիվեն հեռու մեքենայի մեջ կեցած էին: Տարեց կին մը կար, անիկա կզսպեր. ելնել, պատուհանեն գլուխները հանել չէր թողներ: - Ո՞վ կլինի: - Չեմ ճանչնար, - Տղամարդը հայացքը դրսից չէր կտրում: - Տեսնենք սա տունին ապահովությունը: Շրջեցին, բարձրացան երկրորդ հարկ: Սենյակների, սանհանգույցների առատությունը հուշում էր, որ ժամանակին առողջարան, կամ փոքրիկ հյուրանոց է եղել: Որոշները դուռ չունեին, հատակի մանրատախտակը, տեղ-տեղ անգամ հախճասալերն էին տարել: Հին ու նոր աղտեղանք կար, պատերին` գռեհ խզբզանքներ, անկյուններից մեկում` ծղոտը դուրս տված ներքնակ, խարույկի հետք. հավանաբար թափառականներին այն մինչևիսկ ձմեռն էր ժամանակավոր հանգրվան ծառայել: Տղամարդը թուջե մի քանի անպիտո մարտկոցով, որ դեսուդեն թափած էին, ամրացրեց երկրորդ հարկի մուտքադուռը: - Առայժմ հոս կմնանք: Կտեսնեն խուփ է, չեն մտներ, եթե, բան է, երևացին: Զբաղմունք չկար, նստել հնարավոր չէր: Կինը մեկիկ-մեկիկ պոկոտեց Տղամարդու հագուստին կպած փշերը, խոտի շյուղերը, ընթացքում հուզվելով` սկսեց գգվել, փայփայել: - Ինձ ներո՞ւմ ես: - Ինչո՞ւ կըսես: Դուն պիտի ներես սա արտաքնոցը բերելուն համար: - Քո հանգիստ, խաղաղ կյանքը խռովեցի: - Հոգիս, դուն իմ գոյությանս իմաստ հաղորդած ես: Ես սիրո քաղցրությունը, ընտանիքի ջերմությունը, նմանապես անձիս կարևորությունն զգացած եմ: Հետքը կորցնելուց հետո հետամտողները ի մի եկան լճակի մոտ: Հարցումը ձկնորսին` ոչինչ չտվեց, խմբով փնտրելն իմաստ չուներ, բաժանված, ոչ ոք մտքում իսկ չէր խոստովանում, երկյուղում էին: - Ետ դառնանք: - Աներոջս ձեռից կոթոց կուտենք: - Գնանք` կերևա: Վրիժառուն մեքենային կռթնած` սպասում էր, դուստրը նյարդային` եղունգներն էր կրծոտելով գնում-գալիս, երկվորյակները ծառերի տակ հորաքրոջ հսկողությամբ պահմտոցի էին խաղում, Անտարբերը մի քարի նստել, լռում էր: - Փախա՞վ: Խուսափուկ հայացքները պատասխանից խոսուն էին: - Ես ժամանակին այգու շինարարությանը, ծառատունկին մասնակցել եմ. բոլոր ծակուծուկերը գիտեմ: Պտտվենք` դաչեքի կողմից մուտք կա: Մեջը հանգիստ ավտո կքշվի. լիքը ճամփեք են: Հարսը հետն է, ո՞ւր պիտի ծլկեն: - Համոզվա՞ծ ես, - Անտարբերն էր: - Պարզ չէ՞, - Չբերը մատնացույց արեց ետնահարթակի ձեռնապայուսակը: - Ու՞մը կլինի: - Փշրե՞մ ապակիները, - Կրտսերը բարձրացրեց ամրանը: - Գործ չունես, պատմության մեջ կընկնենք, - քիչ թե շատ սառը դատողը Պանդուխտն էր: - Բա որ մեր գնալուց հետո գա՞ն: - Ակներն իջեցնեմ, - Դրկիցն անցավ մասնագիտությանը: Դողերից ֆշշոցով դուրս մղվել սկսեց օդը: Երկվորյակները խաղը թողել, զարմանքով հետևում էին մեծերի տմարդի արարքին: Չբերը քաշեց թևքերից. - Շարժվեք: Նրանք պատուհաններից տեսնում էին միջպուրակային ճանապարհներով դանդաղ վերուվարող մեքենաները. երբեմն-եր բեմն կորչում էին տեսածիրից, հայտնվում, այնուհետ ուղղություն վերցրին մեկուսի տան կողմը: - Այստեղ են գալիս, - Կինը տագնապեց: - Մի երկյուղեր` քովդ եմ: Կանգնեցին, տղամարդկանցից երկուսը պտտվեցին շուրջը, մյուսները մտան: Կանայք, երկվորյակները, Անտարբերը` նույնպես, մնացին մեքենաներում: Ներս գնացածները երկրորդ հարկի դուռը գոց գտնելով` փորձեցին հրել _ չբացվեց: Բախեցին _ արձագանքող չեղավ: Իջան: - Հը՞, - հարցրեց հայրը: - Վերևինը փակ է, - Պանդուխտը թաշկինակը բերանին տարավ: - Սիրտս գոզահոտից խառնեց: Ջրվորը ճիշտ էր` բաց-բրախ անտերանոց է, ոտաց ճամփա. չի մտնի: - Աշխատողը չգիտի, որ մենակ չէ: Հագուկապն ի՞նչ... Վերևում մթնոլորտն այլ էր` լուռ: Տղամարդը նոր մարտկոցներ գտավ, ավելացրեց կիտուկին: Անաղմուկ էր գործում. մարզակոշիկները նման հնարավորություն տալիս էին, դաստակներում ուժը բավարար էր: - Այնտեղ են, - Չբերն ընդոստ ելավ մեքենայից: - Ի՞նչ իմացար, ո՞նց, - այսուայն կողմից հարցրին: - Տեսնո՞ւմ եք արևից լուսավորված պատը. շարժվող ստվեր երևաց: Հորս արև...- անթաքույց ուրախ` երդվեց, - ճիշտ եմ ասում: - Բռնվեցի՞ք, - բղավեց Միջնեկը, - ելեք: - Հրես մազերդ խուզելու ենք: Կնկա պես փախար, գիտեիր` պը՞րծ...- Կրտսերը քար շպրտեց: - Արա, ադիկալոնի հոտը հավես ա՞, - Դրացին նյութ գտավ խոսելու և, կատակից գոհ, հռհռաց: - Խելքն առե՞լ են...- գլուխը մեքենայից հանեց Այրին: - Թե չէ` ուներ, պաղած տոլմեն...- սրտմտանքը չթաքցրեց Չբերը: - Ոչ մի կողմից չեն կարող, չէ՞, իջնել, - Վրիժառուն գործողու թյունների ծրագիր էր մտմտում: - Հեչի պես հինգ մետր կա, - աչքաչափով գետնից լուսամուտ ներն ընկած տարածությունը որոշեց քավորը: - Ջարդուխուրդ կլինեն: - Ո¯ւր էր, - երանությունից ելևէջեց տալի ձայնը: - Երկաթները հետներդ բերեք, - հայրն առաջացավ: - Ապահովու թյան համար մեկը թող մնա: Դու, - Պանդուխտին կարգադրեց: - Ավտոյում կխաշվեք, դռները լրիվ բաց պահեք, - վերջին դիտողությունն ավագ որդուն, քրոջն էր հասցեագրված: Կաղնեփայտե դուռը ճնշմանը դիմացավ. ձողերը ծռվեցին: - Խելոք դուրս եկեք, քանի շուտ է: Լսո՞ւմ եք... Ներսում լռում էին: Երկու եղբայր ուսերը միաժամանակ դեմ արին: Ժամանակին կիտած լրացուցիչ մարտկոցները` ահռելի քաշով, հուսալի հենարան էին: Կատաղությունից Կրտսերը ծռված ամրանով քանիցս հարվածեց դռանը. - ***ի տղա, բաց: - Մի գոռա, - միայն նրանց լսելի` նկատողություն արեց հայրը, - գլխներիս ժողովուրդ չհավաքվի: - Վառենք` իրենց էլ հետը, - երկյուղ պատճառելու համա՞ր, թե լուրջ, առաջարկեց Միջնեկը: - Բենզին բերե՞մ: Ցածից ձայն հասավ. - Աղջի, երեխեքիդ մեղք արի, մարդ էդքան անսիրտ չի լինի: Ճժեր, ձեն տվեք ձեր մորը: - Մա¯մ...- լացակումեցին երկվորյակները, - արի: - Բարձր, - ոգևորվեց Այրին, - ավելի բարձր: Ազդեց, աղեկտուր կանչը վայրկենաբար ազդեց. Կնոջ գլուխը շրջանակվեց պատուհանի բացվածքում: Լալիս էր, անձկանքով վերևից ներքև մտովի գուրգուրում զավակներին: - Քարը փեշիցդ թափի, իջի: Էս` մարդդ, էս` էրեխեքդ: - Որ սպանեք, չեմ գա: - Բրախի ախպարին, - Այրին անկեղծ էր: - Կգցվեմ` չեմ գա: - Սև անատակին գցվես, պրծնենք, անամոթ, դուրս ընկած, - Չբերը, որ որոշել էր հետը լեզու չթրջել, չդիմացավ: - Հազիվ գրողիծոցվել էիր, ո՞ւր եկար: Ժխորի վրա մնացյալը բակ իջան: Քիչ խորքում կանգնած Տղամարդը չէր միջամտում կանանց, Անտարբերը մեքենայից դուրս չէր գալիս: - Ութ տարի թունավորեցիր կյանքս, հագենալ չունե՞ս: - Կեղտոտին տես. ընտանիքի տեր արի... Էդ էլ իմ լավությու նը: Կինը սուր պատասխան էր որոնում, չգտավ: Օգնություն հայցող հայացքը հառեց երեխաներին: - Դռները փակիր, չեմ ուզում լսեն: Ամուսինը, որքան էլ տարօրինակ է, ենթարկվեց: - Նրանց մասին մտածող էիր, պատահականի տակ չպառկեիր: - Պատահականն ինձնից լավ գիտես` ով է: Իմ կյանքն էլ խորտակեցիր, նրանն էլ: - Չէիր ուզում, չմնայիր, չորացած, փոստի թանաքաման: - Քո հասցեն ես տալիս: - Չափդ ճանաչիր, - ակնարկից վրդով` կարգի հրավիրեց Պանդուխտը: - Ո՞չ մեկդ խիղճ չունեք, - Կինն անզորությունից հեծկլտաց, - անգութ-անաստվածներ... Տղամարդը թիկունքից գրկեց նրա ցնցվող ուսերը. - Արժանի չեն քո արցունքին, մի լար: - Ձեռդ վերցրու, - խանդեց Կրտսերը: - Քածիկ-մածիկ ես լինում, ի՞նչ: Տղա ես, իջի: - Համբերե, կուգամ: - Շուտ արա, ծնողաերիշ: - Բերանդ կիներուն քով մի շաղե... Ձեզի բանականություն, լեզու տրված են, որպեսզի մարդու նման խոսեք, ձեր մտադրությունը բաց արտահայտեք: - Էլ ո՞նց դդումդ կոխենք, այ բութ: Ուզում ենք փասա-փուսեդ հավաքես, սիկտիրվես Հայաստանից, իսկ հարսը կմնա: - Քեզի կըսեմ` բերանդ ծեփե: Եթե այդչափ արժանապատ վություն ունիք, ան ձեր պատիվը գետնով տված է, ինչպե՞ս նորեն անոր ձեր տանը տեսնել կկամենաք: Վերջապես, միջնադար չենք մտեր, քսանմեկին մեջն ենք: - Հլա էս ***ի տղու խոսելուն տես, - վերջնեկը կռացավ, սկսեց քար փնտրել: - Խնդրում եմ, մոտ արի, - Կինը, որ ուշքի էր եկել, Անտարբերին ձեռքով արեց: Ամուսինն իջավ մեքենայից: - Այսքանից հետո համատեղ կյանք հնարավո՞ր է: Ասա` թող լսեն: Նա ժխտաբար տարուբերեց գլուխը: - Ինձ` չէ, իրեն մեղքացեք. ձեր հարազատն է: - Փալասին խոսք չի հասնում, - քույրը չարակնած` հայացքով շամփրեց եղբորը: - Հերս է որոշողը: - Հա՞: Դե որ այդպես է, ամեն բան կասեմ, թող իմանա: Լռել եմ, բայց էլ բավական է: Բոլորը` ում տեսնում ես, - հայացքն ընտանիքի երեց զավակին ուղղեց, - վրաս աչք ունեին: Հերիք է մենակ լինեի, վրա էին տալիս... Քո խեղճությունը` եռանդ, իմ լռությու նը` համարձակություն էր տվել լկտիներին: Հիմա էլ, հավատա, նախանձում, եփ են գալիս` չկարծես քեզ համար... Մտքներում ես եմ, իմ մարմինն է... Ի¯նչ գերդաստանի պատիվ, բարոյակա նություն... Սուտ խոսքեր են: Թողնես` բաժակաճառ ասեն... Անգամ քավորը, որ անունը գրել չգիտի, ողորմելին, գիտես գալիս էր թուղթ խաղալո՞ւ: Մրոտը... Շարունակե՞մ, պատմե՞մ հերդ ոնց էր գոմում բուղի պես ընկել ետևիցս... - Ձենդ, ******ի ծնունդ, - ընտանիքի գլխավորը ձեռքը գրպանը տարավ: - Պիտի ասես` հորինում եմ, հա՞: Իսկ կի՞նդ ինչու ինքնասպան եղավ... Թե՞ չգիտեմ: Երկտողն իմ աչքով եմ կարդացել: Ինքն էր թողել տղայիդ գրպանում` հետո նա ինձ ցույց տվեց: Կարծում էիր` չի՞ բացվելու: Վրիժառուի ձեռքին զենք հայտնվեց: Բոլորն անակնկալի եկան: Տղամարդը սահմռկած` քաշեց Կնոջ թևքից, սակայն դիմադրու թյան հանդիպեց: Անտարբերն առաջացավ. - Տուր ինձ: Հայրը տարակուսանքով նայեց ավագ որդուն: - Ես կսպանեմ, - և ձեռքից վերցրեց ատրճանակը: - Կրակիր, - պատուհանի եզրաքարերից բռնված` չէր հեռանում կինը: - Խոստացել էի լռել, բայց դրանք իրար արժանի են: Հատուցումը պիտի գա: Եթե գրածը պահել ես, մյուսներին էլ տուր կարդան: Թող գյուղն իմանա հեր ու աղջիկ ինչ են անելիս եղել, ինչպես է տեսել մայրդ: Կուսությունս էլ, ասա, որ դու չես առել: Քույրդ է իմ հիվանդ, վրաս ուշք չեղած ժամանակ մատով պատռել: *******ը... Դու ամոթից խեղդված` քո վրա վերցրիր... Հիմա հանգիստ եմ` վերջապես ասացի: Դե, կրակիր: Պատժելու իրավունք միայն մի բանի համար ունես` գաղտնիքը բացելու, - նա ուժասպառ` հենվեց Տղամարդուն: - Սատկացրու խելագարին, երկարամազ շանն էլ... - Քեզնից, աղջկանիցդ լավ շո՞ւն, արյունռուշտ գազան... - Շանսատակ արա, շուտ, թե չէ...- Վրիժառուն գցվեց` խլելու զենքը: Անտարբերն հանկարծաբար` փողն ուղղեց հոր, եղբայրների, փեսայի, քրոջ, քավորի վրա. - Չքվեք աչքիցս, ռադ եղեք: Նստեք ավտոներն ու ցնդեք: Արագ, հենց հիմա: Հորքուր, իջեցրու տղեքին, - սպասեց, մինչև կարգադրությունը կատարեց: - Շարժվեք, հայդե, օդն ազատեք...- իսկ որդիներին: - Եկեք մոտս: Տեսնո՞ւմ եք, հրեն ձեր մայրը: Հիմա կիջնի, - կնոջը: - Նրանց քեզ եմ հանձնում: Կտանես ձերոնց տուն, հետո` Ամերիկա: Թող չմնան. այստեղ օր չեն ունենա, կյանք չեն ունենա: Փոքր քրոջս էլ` հիմա օդանավակայանում է աշխատում, եթե հարմար գտնեք, վիզա ուղարկեք, կգա: Նեղություն չի տա, չվախենաք, բեռ չի դառնա: Էնքան որ ոտքը դժոխքից դուրս դնի, - ապա կռացավ, համբուրեց զավակներին և զենքը ձեռքին մտավ անտառ: ԱՌԵՎԱՆԳՈՒՄ ՏԱՐԵՄՈՒՏԻՆ - Եթե մի փոքր ուշ գայիք, գնացած կլինեի: - Ինը չկա: - Մոռանո՞ւմ եք` նախատոնական օր է: - Հակառակը չպիտի՞ լիներ. համոզված էի` մինչև տասներկուսը կաշխատեք: - Բոլորը ձեզ նման վերջին պահին չեն թողնում: Վարպետն ո՞վ էր` Արկո՞ն: - Առաջին անգամ է: Սովորաբար կենտրոն եմ իջնում, ասի` ժամանակ շահեմ: - Մեքենայո՞վ եք, - վարսավիրուհին պատուհանից նայեց: - Մոտիկ պիտի կանգնեցրած լինեիք: - Որքա՞ն կտևի: - Ինքս չեմ սպասարկում, բայց որ եկել եք... Ի՞նչ է հարկավոր. եթե միայն մազերը` կես ժամ: - Ոչ միայն. մորուքիցս հիմնավոր ձանձրացել եմ: Նոր տարին ուզում եմ սափրված դիմավորել: - Ձեզ սազում է: - Առանց մորուքի էլ տանելի եմ: - Կուշանամ, սակայն մինչև Սուրբ Ծնունդ դժվար թե բաց վարսավիրանոց գտնեք, հո այդպես չե՞ք մնա: Վերարկուն այնտեղ կախեք, - նա մատնացույց արեց անկյունի կախիչը: Սրահում տաք էր. այցելուն հանեց նաև բաճկոնը: - Քունքերի, ծոծրակի հատվածը լավ կխուզեք` կարճ: - Հիմա անգամ տարիքով մարդիկ են նորաձևությանը հետևում: Վերջերս մեկը եկել էր` վաթսունն անց, ստիպեց ջահելավարի կտրենք, - կինը հաճախորդին օձիքն ի վար ծրարեց մուգ, ծնկները ծածկող լաթով: - Երևակայեք` չէր սխալվում: - Քահանայի նմանվեցի: Տեր, գթա մեղավորիս, - այցելուն փորձեց շորի տակ խաչակնքել: - Խանգարում է: - Սկսեցինք, այլևս չշարժվեք: Առաջին կտրած մազափնջին հաջորդեց երկրորդը: - Այսօր եք լվացել: - Ի՞նչ իմացաք: - Սանրի տակ ցցվում են. ստիպված եմ թրջել, - վարսավիրուհին ջուր սրսկեց: Մի քանի կաթիլ տղամարդու ճակատն ի վար ծորաց` ստիպելով փակել կոպը: - Մա՞զ ընկավ, - կնոջ հարցում հոգողություն կար: - Երկրորդ անգամ լողացա: Կինը տեսավ կաթիլքը, բամբակով մաքրեց. - Հետ եմ վարժվել: - Ձե՞րն է: - Տարածքը` չէ, վարձել եմ: - Տակը հազիվ բան մնա` ծայրամաս է: Տուն պահել լինու՞մ է: - Ոչինչ` դժգոհ չեմ: - Եթե լավ կտրեք, այսուհետ ձեզ մոտ կգամ: - Կաշխատեմ, ափսոս ժամանակն է քիչ: - Տանը եփութափի գործ շա՞տ կա, տոլման... - Կթողնե՞ն մոտ գնամ: Եղբայրս ուր որ է պիտի գա` ուշացավ: - Ես կտանեմ. իմ պատճառով մնացիք: Որտե՞ղ եք ապրում: - Երկու կանգառ ներքև: - Զանգեք` չանհանգստանան: Վարսավիրանոցը հեռախոս ունի՞: - Կա: - Վերջում համարը կասեք, որպեսզի հետագայում` նախքան գալս ժամ պայմանավորվեմ: - Եթե հավանեք: - Իմ կարծիքով հոյակապ է ստացվում: - Հաճոյախոսում եք: Մինչև չսափրեմ, լավն ու վատը չեն երևա: Վաղո՞ւց եք միրուք պահում: - Շարժման առաջին իսկ տարուց: Իսկ ձեր եղբայրն ի՞նչ մեքենա է վարում: - Ընկերոջ հետ է գալու, կարծեմ` «Ժիգուլի» է: Իրենը, կլինի մի տարի, ծախել է: - Հասաք բեղ-մորուքի՞ն, փակեմ աչքերս: - Հեշտ լինելու համար սկզբում կխուզեմ: - Միևնույն է` չեմ ուզում տեսնել այլանդակ կերպարս: - Եթե ափսոսում եք, ուշ չէ: - Որքան շուտ, այնքան լավ: Որոշված է: - Ես էլ եմ ձեզ պես. մի բան մտավ գլուխս` վերջ, - մկրատով խռիվ մազածածկույթը կարճելուց հետո նա անցավ օճառելուն: Տղամարդը բացեց աչքերը: Դեմքը փրփուրի մեջ էր: - Հիմա պետք է խնդրեմ լռել, - կինն ածելին մոտեցրեց հաճախորդի քունքին, զգույշ փորձեց: - Կոշտություն կա, թող փափկի: Սուրճ դնե՞մ, - ընթացքում չոր խոզանակով հեռացրեց օձիքին, լաթին կպած մազերը, ոտնատակից ավլեց թափվածը: - Ընդհանրապես չեմ խմում: - Թե՞յ... - Հազվադեպ, սակայն ոչ հիմա: - Խմիչք առաջարկեմ, կասեք` մեքենայով եմ: - Դա` ինձ վրա, եթե չեք առարկի: - Հրավիրո՞ւմ եք` որտե՞ղ: - Ուր կամենաք` մեր տուն, ռեստորան... - Եղբայրս խանդոտ է, նկատի ունեցեք: - Թող ինքը ևս գա: - Մնացին մայրս ու հարսս: Տեսնեմ ի՞նչ են անում: Հայելու մեջ արտացոլված պատկերն ուսումնասիրելու հնարավորություն տղամարդը լիուլի ուներ: Կինը (թե՞ օրիորդը) կլիներ առավելագույնը երեսուն տարեկան: Հարթ, ուսերն ի վար թափվող սրճագույն ծամեր ուներ, անթերի ճերմակ մաշկ, դեմքը, որքան էլ տարօրինակ թվաց, անշպար էր, մարմինը` կառուցիկ: Մինչևիսկ աշխատանքային գոգնոցի տակ, որն սպասարկելուց առաջ հագավ, ընդգծվում էին կոնքերը: Թիկունքով այցելուին էր կանգնած: Շրջվելով` նկատեց զարդահայելում բևեռված հայացքը, ձգվեց, բայց և շարունակեց զրուցել, հավանաբար` մոր հետ: - Համաձայնեցի՞ն, - երբ ետ եկավ, հարցրեց: - Եղբայրս տանը չէ, իսկ մայրս, - կինը երկդիմի ծիծաղեց, - խորհուրդ չտվեց անծանոթի հետ տեղ գնալ: - Բայց նա չգիտի` ինչ պարկեշտի է վստահում դստերը: - Բոլոր տղամարդիկ մի սանրի կտավ են. նրա սիրած խոսքն է: - Ախ այդպե՛ս: Ուրեմն` ես ձեզ հյուր կգամ: - Կատակին` վերջ, - նա վերստին օճառ քսելուց հետո ձեռքն առավ սայրը: - Մնաս բարով, իմ քնքուշ գազան, - հաճախորդը վրա բերեց կոպերը: - Միշտ կամեցել եմ իմանալ` ինչո՞ւ են պահում: - Որպեսզի ազդեցիկ տեսք ունենան, շուք է տալիս: - Իսկապե՞ս: - Չե՞ք նկատել` արվեստագետները խոհուն հայացք են ձեռք բերում, կռված տղերքը` խրոխտություն: - Լղպորներ նույնպես կան: - Այդպիսիք իգությունն են թաքցնում: - Դուք ո՞ր ցուցակում եք: - Համենայնդեպս` ոչ վերջին: Գործի բնո՞ւյթն էր պահանջում, թե՞ ակամա, կինը սափրելու ընթացքում խիստ մերձ էր կանգնել, այնքան, որ թվում էր այցելուի գլուխը չափից ավելի է սեղմել մարմնին, իսկ ազատ ձեռքի մատները, որոնցով ուղղություն էր տալիս, շոյում են պարանոցը: Նա վերջում տաք, խոնավ սրբիչով մանրակրկիտ մերսեց հաճախորդի դեմքը: Կնոջից արտածվող ջերմությունը, փաղաքուշ շարժումները հաճելի թմբիր էին բերում: - Կարող եք բացել, ավարտեցի, - վարսահարդարն զգույշ արձակեց կաշկանդող լաթը: - Չե՞մ հիասթափվի: - Նախկին խրոխտ տեսքը չունեք, բայց խոհեմությունը պահպանվել է: Այցելուն սարտչած` ձեռքը տարավ, շոշափեց այտերը. - Տարօրինակ ողորկ են: Թեթևություն եմ զգում, ասես...- նա հարմար բառ էր փնտրում, չգտավ, - կարծես մերկ լինեմ: Գլուխս էլ չսափրե՞մ: - Այդ մեկը` չէ: Ժամանակ չունեմ, բացի դա... շատ տպավորիչ եք: - Ավելի, քան առանց մորուքի՞: - Այնպես էլ վատ չէր: - Ընդամե՞նը: Իսկ ես սպասում էի «հրաշալի», «փառահեղ» բառերին: - Սիրում եք գովաբանե՞ն: Ի՞նչ օծանելիք շաղ տամ: - Թա՞նկ հաճույք է: - Նայած՝ ում համար: - Քանի որ առանձնահատուկ օր է, օծեք աշխարհիկ կյանք վերադարձածիս անուշաբույր յուղերով, որպեսզի մեկ անգամ ևս վայելեմ ձեր նրբին մատների շոյանքը, - տղամարդը ձայնին հանդիսավորություն հաղորդեց: - Հատուկ սպասարկման համար, ուրեմն, սակագինը կբազմապատկեմ, - մեկ անգամ ևս հայելու մեջ այցելուին հայացքով տնտղելուց, սանրով վերջին շտկումները կատարելուց և օծանելիք շաղելուց հետո կինը հանեց գոգնոցը: - Վե՛րջ: - Որքա՞ն եմ վճարելու, - հաճախորդը ձեռքը գրպանը տանելու համար ոտքի ելավ: - Բավակա՞ն է, - և պարզեց հինգ հազարանոցը: Նույն պահին էլ լուսամուտից նայելով, տեսավ` մեքենան տեղում չէ: - Ավտոս տարել են: - Ի՞նչ... - Չկա...- նա մղվեց դեպի ելքը: - Ներսից փակել եմ, սպասեք` ինքս: Բանալին դռան վրա էր: Կինը մնաց հարթակին, տղամարդն իջավ փողոց: Մայթեզրին երկու մեքենա կար, մեկի լույսերը վառվում էին: Նկատելով անծանոթի մոտենալը` վարորդն իջեցրեց ապակին: - Վաղո՞ւց եք սպասում: - Դո՞ւք եք պատվիրել: - Սպիտակ 07 տեսե՞լ եք, - և ցույց տվեց իր մեքենայի կայանատեղը: Պատասխանը հուսադրող չէր: - Ավտո չի եղել. կլինի հինգ րոպե կանգնած եմ: - Լավ... Դիմացինի մոլոր պահվածքը վարորդին, ըստ երևույթին, տարօրինակ թվաց. - Բա՞ն է պատահել: - Մեքենաս գողացել են, - ակամա բացվեց: - Ո՞նց... - Հա՛: Մտել էի մազերս կտրել տալու: - Զանգիր միլիցիա: - Կգտնե՞ն որ...- երկբայեց: - Ուղևորի եմ սպասում, թե չէ... Հրեն, եկան: Բնակելիի մուտքից ելած տարեց զույգը նստեց: Վարորդը գործի գցեց շարժիչը, սակայն առժամանակ չէր շարժվում, ապա երկարեց գլուխը. - Միլիցիան, ասում են, երկու շենք այն կողմ է` դպրոցի մոտ: Նրանք մեկնեցին: Վարսահարդարը սանդուղքով իջել, կտրում էր փողոցը: - Հետ գնացեք, գալիս եմ: - Ի՞նչ ասաց: - Տաքսի էր` չի տեսել: - Ո՞վ տարած կլինի, - կինն իրար էր խառնվել: - Գոնե Գնելը գար, ո՞ւր մնաց: Վարդուշը...- նա ուղղվեց խմորեղենի կրպակի կողմը: - Փակ է, այս ժամին ի՞նչ գործ ունի: Գնանք ներս: Թա՞նկ մեքենա է, ի՞նչ կարժենա: - Ահագին: - Նոր էր` չէ՞: Սպիտակ գույնն աչքիս առաջ է: - Երկու տարվա: Ցերեկն էի լվանալ տվել` նախքան ձյան գալը. ասի` մաքուր լինի: - Ո՞նց են տարել: Բանալին... - Գրպանումս կլինի: Վերադարձան սրահ: Տղամարդն ստուգեց բաճկոնի, վերարկուի գրպանները. - Երևի վրան եմ թողել: - Նման բան կանե՞ն: - Մոռացա, - նա վերջապես վերստին ժպտաց: - Ձեզ տեսնելուց հետո խելք չմնաց գլխիս: - Պիտի շուտ-շուտ աչքս վրան գցեի: Սկզբում ուզում էի ասել` այս մայթը տեղափոխեք, ձայն որ չհանեցիք... - Ո՞նց էլ նկատել են: Տեղը թեք է, երևի հրելով հեռացրել են, որպեսզի շարժիչի ձայնը չլսենք: - Ի՞նչ միլիցիայի մասին էր տաքսիստն ասում: Դպրոցի տեղը գիտեմ` հինգ րոպեի ճամփա է: - Զանգեմ 1-02: Կինը մոտեցրեց հեռախոսը: Համարն զբաղված էր: - Ժամանակ չկորցնենք: Տղամարդն օգնեց կնոջը, ինքը ևս հագավ: - Քանի՞սը կլինի: - Տասն անց քսան: - Դռան վրա գրություն կթողնեմ: Հնարավոր է շարժվենք, ու Գնելը գա: Ընկերը ծանոթներ շատ ունի. գուցե հետքի վրա ելնեն: Հնի վրա նստած նոր ձյան միջով քայլելը, մանավանդ սառցակալած տեղերով, դժվար էր: Երկուսն էլ մեկմեկուց բռնվելու պահանջ, նաև կարիք ունեին, սակայն մտերիմ չլինելը կաշկանդում էր: - Շա՞տ եք վատ զգում: - Եթե ասեմ` չէ, թաքցրած կլինեմ: - Կգտնվի, չվախենաք: - Մխիթարո՞ւմ եք: Ուղղակի տրամադրությունս գցեցին. հրաշալի օր էր սկսվում: - Ձեզ խրոխտ պահեք և... խոհեմ: - Առանց մորուքի և մեքենայի՞: - Սիրտս վկայում է` մինչև տասներկուսը կգտնենք: - Անպայման ռեստորան կհրավիրեմ: - Հնարավոր է և գամ: Տղամարդու ընկճվածությունն աստիճանաբար անցնում էր. - Ոչինչ, մի դուռ կբացվի: Գտածս, իմ սիրտը նույնպես վկայում է, շատ ավելի թանկ է: Կինը ձայն չհանեց: - Ձեզ նկատի ունեմ: Վերստին լռություն: - Երախտապարտ կլինեմ, եթե բռնվեք, - տղամարդը բացեց թևքը: - Շուտ պիտի առաջարկած լինեիք: Թև-թևի էլ մտան ոստիկանական բաժանմունք: Հերթապահը խաչբառով էր զբաղված: Ընդմիջելով` ներկայացրին պատահարը: Ոստիկանը մատյանում գրանցեց մեքենատիրոջ անունը, ազգանունը, տան, գործատեղի հեռախոսահամարները, դիմելու ժամը, փոխադրամիջոցի մակնիշը, պետհամարանիշը, առևանգման վայրը, մի խոսքով` հնարավոր ամեն տեղեկություն քաղեց: Դա բավական չէ, թուղթ տվեց, որպեսզի խնդրարկուն անձամբ դիմում գրի: - Կարգ է, - ասաց: - Հույս կա՞, - հարցրին: - Ես կենտրոնին կփոխանցեմ, նրանք` պետավտոտեսչությանը: Հնարավոր է, եթե չեն հասցրել թաքցնել, բռնեն: Վատն այն է, տոնական օրեր են սկսվում: Ինքներդ լավ գիտեք, չնայած ուժեղացված ռեժիմ ասվածին, աշխատանքը գրեթե մի շաբաթ կազմալուծվում է: Իմ խորհուրդը` եթե կարող եք, թաղի «հեղինակություններից» մեկ-երկուսին գտեք: Դժվար պատահական մարդ լինի տարած: Մենք, իհարկե, գործ կբացենք, թաղայինի միջոցով, եթե նորություն լինի, լուր կտանք: Շնորհակալություն հայտնելով` դուրս եկան: - Վերադառնանք վարսավիրանոց, եղբայրս եկած կլինի: - Գուցե տո՞ւն ճամփեմ: - Հետո կորոշենք: - Գլխացավանքի մեջ գցեցի: - Ի՞նչ եք կարծում` մի բան կանե՞ն, - կինը թեման փոխեց: - Եթե իրար հետ կապված չեն: - Օրինավոր մարդու տպավորություն թողեց: - Դրա համար էլ Նոր տարով հերթապահ են կարգել: Վարսավիրանոցի շրջակայքում մարդ, մեքենա չկար: Չբացած` կինը նկատեց գրության բացակայությունը: - Եթե Գնելը եկած լիներ, կսպասեր: - Գուցե ուրիշ ճամփո՞վ է գնացել: - Գրել էի, որ հետ եմ գալու, ընդամենը` դա: Մտնելու պահին հեռախոսը ծլնգաց: Կինը երկրորդ զանգին հասցրեց վերցնել. նա էր: - Ի՞նչ եղար, - վրա տվեց քույրը: Գնելը երկար` բան էր բացատրում: Հետո կապն ընդհատվեց: - Ընկերոջ հետ լռվել են կենդանաբանականի ձորում` խցանում է: Ոչ վերև, ոչ ներքև, - ասում է, - հնարավոր չէ քշել: Ինչ-որ մեկի բջջայինով էր խոսում: Չհասցրի բան ասել: Չեմ հասկանում` ի՞նչ գործ ունի քաղաքում: Վալերի հետ է: Վերջերս են մտերմացել: Ինձ դուր չի գալիս. մի տեսակ մութ տղա է... Գուցե նորից միանա, մի քիչ սպասե՞նք: - Ձեզ համար եմ անհանգիստ: - Իսկ ձերոնք... Ինչո՞ւ չեք զանգում: - Մենակ եմ ապրում: Կոլեկտիվով պիտի «Հին Հռոմում» հավաքվենք. ամանորի առթիվ է: Տասնմեկն անց է, դեռ ժամանակ կա: Եթե թույլ տան, ձեզ իսկապես հետս կտանեմ: Երևի մինչ այդ խցանումը բացվի: - Այսքանից հետո տրամադրություն ունե՞ք: - Նոր տարի է գալիս, հո սուգ չե՞մ անի: Չծանոթացանք էլ... - Ձեր անունը ոստիկանությունում լսեցի` Մուշեղ է, չէ՞: Իմն Արուս է: - Հնչեղ անուն է: Արուսյակը Վեներան է: Լուսաստղ ենք ասում: - Գիտեմ` մոլորակ է, այդքան: - Եթե մի օր պարզ եղանակ լինի, ցույց կտամ: Ջերմ օրերն առջևում են: Զանգը վերստին հնչեց: - Գնելը կլինի, - Արուսյակն առպահ ունկնդրելուց հետո, սակայն, խոսանցքը փակելով և փոքր ինչ երկյուղած` շշնջաց: - Ձեզ հետ են կամենում խոսել: Մուշեղը տարակուսած` վերցրեց ընկալուչը: - Ուզո՞ւմ ես ավտոդ բերենք, - հարցրեց ձայնը: - Գտա՞ք, - կարծեց ոստիկանությունից են, սակայն նույն պահին մտաբերեց` հերթապահությունում վարսավիրանոցի համարը չթողեցին, թեև նրանց ի՞նչ... - Հա՛, մեզ մոտ է: - Որտե՞ղ էր: - Հարցիս պատասխանիր` ուզո՞ւմ ես: - Պարզ չէ՞, - խոսքի հնչերանգը` անդուր, պահանջկոտ, շփոթեցնող էր, բայց այն միտքը, որ մեքենան կա, հույս էր: - Ու՞ր գամ: - Հարցեր կան, ճշտենք` նոր. ետ վերցնելու համար փող է պետք: - Մաղարի՞չ: Կտամ, իհարկե, - Մուշեղը ժպտաց բան ըմբռնել ձգտող Արուսյակին: - Հիսունը բավակա՞ն է: - Հինգ հարյուր, - հնչեց պատասխանը: - Դրամ, թե՞ դոլար: Հեռախոսի մյուս ծայրում քմծիծաղեցին, այնուհետ խոսափողը մեկ ուրիշը վերցրեց. - Կանաչ, ապեր, կանաչը գիտե՞ս որն է: - Հինգ հարյո՞ւր, - Մուշեղն ապշեց, - այդքան շա՞տ: Դուք ո՞վ եք: - Ինչ կասեմ, լավ լսիր. ավտոդ մեզ մոտ է` մագով, ամեն բան տեղն է: Մեր ասած թիվը տուր, բերենք Հայկի արձանի մոտ, թե չէ կմախքը կգտնես: Նոր համոզվեց, որ գործ ունի առևանգողների հետ: Ձայնի խռպոտ լինելն էլ, հասկացավ, չճանաչվելու համար է: Թաշկինակ, բան կլինեն անցքին պահած` մտածեց: Ծանրութեթևի ժամ չէր. նրանից վճիռ էին սպասում: - Ինչքա՞ն ժամանակ եք տալիս: - Քեզնից է կախված: Եթե շուտ բերես, թիվը չի փոխվի: - Ճարելու խնդիր կա: - Կունենաս: Տասը րոպեից կզանգենք, որոշիր: Իմացած լինես, - վերջին պահին ձայնն զգուշացրեց, - եթե միլիցիա ես դիմել, մարդ մեջ գցել, ավտո չես տեսնի: Եղա՞վ: - Գողացողներն էին, - Մուշեղը դրեց լսափողը: - Իրենք են պոկել գրությունը, - Արուսն ընթացքում սուրճ էր դրել: - Ձեզ ի՞նչ հյուրասիրեմ, - նա սառնարանից տուփով հյութ հանեց: - Գոնե սա` բնական է: Ստոր սողունները... Շատ-շատ են ուզում: Գնելը, Վալերը դրանց հաստատ կճանաչեն: Հնարավոր է անգամ դիմացի շենքից լինեն: Որ իջաք, տղաներ չկայի՞ն կանգնած: - Ուշադիր չեմ եղել, - Մուշեղը հայացք գցեց բնակելիին. բոլորի լույսերը վառվում էին: - Էլ ուշ է, - նա ձեռքը գրպանը տարավ: - Հարյուր հիսուն դոլար ունեմ, - հաշվեց նաև դրամը, - և երեսունհինգ հազար` մերով: Հինգը մազերի վարձն է: - Մնացածը ես կտամ: - Ոչ մի դեպքում. փեսայիցս կվերցնեմ` քրոջս ամուսնուց: - Ինչո՞ւ մտահոգվի` քույր է... Տղամարդը մտմտուքի մեջ էր. - Հայկի արձանի մոտ են ժամադրում: - Մեր կողքի շենքն է: - Հիմա են ուզում, թե չէ, ասում են, գինը կբարձրացնենք: - Ստոր սողուններին տես... Փողը տանն է: Հեռախոսազանգն ընդհատեց զրույցը: - Ես կվերցնեմ, - Մուշեղն արտորաց: Նրանք էին. - Ի՞նչ որոշեցիր: - Պակաս հնարավո՞ր է` այդքան չունեմ: - Ամենացածր թիվն է: Մենք էլ մարդ ենք. դեմը Նոր տարի է, թե չէ հինգով չէիր պրծնի: - Կես ժամից կգամ: Պահանջեցին սպասել. ինչ-որ բան էին որոշում, հետո ձայնը նախկին հանգույն` - Տասներկուսից տասը պակաս` Հայկի մոտ: Կմոտենաս արձանին, ոտերի դեմ սիգարեթի տուփ կլինի, կդնես մեջը, կիջնես: Ավտոն կգտնես թերթի կրպակի մոտ: - Բա բանալի՞ն: - Վրան կլինի: - Եթե մի թեթև ուշանամ, սպասեք: - Պայմանը չխախտես` մարդ-մուրդ հետդ չլինի: Լավություն ենք անում, տես, քթիցդ կհանենք: Ուղիղ կես ժամ ունես: Դուրս եկան գլխավոր փողոց: Կանգառում սպասող չկար, երթևեկը սակավ էր: Այս ժամին ի՞նչ խցանում, - մտածեց Մուշեղը, - տարօրինակ է, - սակայն չարտահայտվեց: - Մեկ շաբաթով հինգ հարյուր դոլար պարտք եմ խնդրում, - նա խաղի կանոններում վճռեց որոշակիություն մտցնել: - Մինչև տոներից հետո բանկի բացվելը, չեմ ուշացնի: - Կտամ, բայց ինչո՞ւ այդքան. հարյուր հիսուն ունեիք: - Գրպանինս ռեստորանի համար է: - Արժե՞ որ... - Սրանից լավ առի՞թ. մեքենան գտնվեց: Տաքսու, երթուղայինի սպասելն իմաստ չուներ: Երկու կանգառ ճեպեցին: - Չեմ ուշանա, - Արուսյակը քանդեց վզնոցը: - Շոգեցի: Մինչ նրա գալը, մեկը ելնելով մուտքից` փութանակի դիմեց շենքի մյուս երեսը: Վերարկուի վրա բերած կնգուղը սքողել էր դեմքը: Տպավորությունն այնպիսին էր` հանդիպման է շտապում: Պարապությունից Մուշեղն սկսեց հաշվել բնակելիի հարկերը: Չկարողացավ. խոշոր փաթիլները` կտրվելու նշան, խանգարում էին: Նույնը փորձեց վերևից, որպեսզի հայացքը չշաղվի, աչքերը կկոցած: Շենքը տասներկու հարկանի էր` քառաթև: - Մերը հինգերորդ հարկում է, ա՛յ, այն պատուհանները, - Արուսյակն էր վերադարձել: - Այդպես էլ գիտեի. լավագույն հարկում պետք է ընտրագույնն ապրի: - Հինգ հարյուր է, - Արուսը գումարը տվեց Մուշեղին: - Տնեցիները հե՞շտ համաձայնեցին. իրար գրեթե չենք ճանաչում: - Սա մեր գաղտնիքն է: Ոչ մեկին չեմ ասել, անգամ` եղբորս: Քիչ առաջ իջավ, չհանդիպեցի՞ք: Ընկերոջ հետ իր գործով շտապ մեկին պիտի տեսնեն: Կես բառով պատմեցի: Ասում է` լավ թիվ է, կարող էին նաև հազար ուզել: - Պայմաններից մեկն այն է, որ մենակ լինեմ, - իսկ մտքում «թիվ» բառն էր` ոճի նմանությունը: - Չխաբե՞ն ստոր սողունները: - Եթե մեքենան չտեսնեմ կանգնած, պարզ է, փողը չեմ թողնի: - Ես մերոնց հետ Նոր տարին կդիմավորեմ, չնայած, - Արուսյակն անսպասելի անցավ մտերմիկ տոնի, - կուզեի քեզ հետ լինել: Անց տասնհինգ` ոչ ուշ, կիջնեմ, - նա բռնեց Մուշեղի դաստակը, սեղմեց: - Կսպասե՞ս: - Ինչ խոսք, բայց եթե Գնելը հետո տեսնի տանը չե՞ս: - Ես իմ կյանքն ունեմ, - աներկբա կտրեց, ասես եղբորը պատասխանելիս լիներ, հետո ժպտաց: - Դեհ, նախապես շնորհավոր: - Փոխադարձում եմ, քոնը` նմանապես: Նա գնաց: Մուշեղն իջավ փողոց: Լուսասյան տակ կանգնելով` ծոցատետրից թերթ պոկեց` գրառելու գլխում առկայծած խոհը. «Գնել, քրոջդ հինգ հարյուր դոլար պարտք մնացի, կվերադարձնես», սակայն նույնքան արագ էլ վանեց այն, չթողեց միտքն արմատ գցելով` ընձյուղի. եղբայրն արժանի չէր Արուսյակի գաղտնիքին: Նայեց ժամացույցին. տասներկուսին տասը րոպե էր մնում: Թուղթը հենեց սյանը, խազխզեց` ԳՆԵԼ, ՎԱԼԵՐ, ՍՏՈՐ ՍՈՂՈՒՆՆԵՐ... Ապա ծալելով` դրեց կանաչ հարյուրանոցների մեջ, շտկեց ուսերը, հայացքը: Ճամփի մյուս եզրին` թմբի վրա ուրվագծվածը նետաձիգ նահապետի խրոխտ անդրին էր` մորուսով, ջլապինդ ձեռքերում` պրկած աղեղ, ներքևում` ձյան տակ կքած կրպակից քիչ այն կողմ` ճերմակ 07-ը: Քաղաքի կենտրոն տանող մայրուղին ազատ էր: ԳԻԾԸ ԳՆՎԱԾ Է Շարժվելու ժամն էր: Եթե մի քիչ էլ սպասեր, ուղևորները վրա կտային: Ավտոբուսը լեցուն էր, նստատեղերի միջև ընկած տարածքում ևս մարդիկ կային, որը` կանգնած, որը` կռթնած թիկնակին, կախված բռնաձողից, նստած կործած դույլի, արկղի կամ թե կաթսայի վրա, որոնցով առավոտները միրգ, ձու, կաթնեղեն եւ էլի ինչ իմանաս ինչ էին բերում շուկա ու հիմա ետ պիտի տանեին` հաջորդ օրը նույնը կրկնելու համար: Առաջնականգառին էր մոտեցել մեկ ժամ շուտ: Գնալու տեղ չուներ, բացի դա` տարիների ընթացքում սովորույթ էր դարձել. կանգնում էր, շարժիչը բզբզում, թուլացած պնդօղակ-բան էր լինում` ձգում, յուղը չափում... Հին, ժամկետն անց ավտո էր` վրան չկար թերությո՞ւն: Համ էլ` մարդկանց հետ էր գործը, ինչո՞ւ արևի, ձյան, անձրևի տակ մնային, ի վերջո, իր ապրուստը նրանց միջոցով էր դատում: Վերջին ուղերթն էր: Պետք է հասներ Գառնի ու ետ դառնար, գնալ-գալը` մեկուկես ժամ: Թե ճամփան էր ծանոթ, թե միջակա գյուղերի կանգառները, թե նստածների մեծ մասն ու թե հայտնի` օրվա մոտավոր վաստակը, եթե ճամփին ավտոտեսուչ չկանգնեցներ կամ «Լազը» փչանար և ստիպված` ժողովրդին իջեցներ: Շարժիչը գործի էր գցել, երբ կողահայելու մեջ նշմարեց մոտեցող մարդկանց: - Չգնա՛ս, - առաջին հասածը ձեռնափով զարկեց ետևի դռանը: Վարորդը մատը տարավ սեղմակին, կարծեց ուշացած ուղևորներ են, թեև հագուկապը, հասցրեց նկատել, ավտոբուս նստողների չէր: - Սեղմվեք, տեղ տվեք մտնեն, - ձայնեց ետնամասում խմբվածներին և ոտքն արգելակին` սպասեց: Բարձրանալու փոխարեն նրանք առաջացան, ապա մեկը, շրջանցելով մեքենան, բացեց խցիկի դուռը: - Անջատի՛ր: - Ի՞նչ կա, - ակամա ենթարկվեց կարգադրությանը: - Հրես կիմանաս, - մարդը ձգվեց, որպեսզի հասնի բանալուն: - Ձեռդ, - վարորդը թևքով փակեց ճամփան: Սա կախվելով ղեկից` փորձեց ելնել վերև: - Դե հերի՛ք եղավ, - վարորդը հրելով նրան` կտրուկ ձգեց դուռը: Հավանաբար ներքևից դժվար էր, որովհետև մարդը, չդիմանալով ճնշմանը, տեղի տվեց: - Սեթո, ովքե՞ր են, - հարցրին խցիկին մերձ կանգնածները: - Շա՜տ գիտեմ, - Սեդրակը դուրս հանեց գլուխը: - Ի՞նչ ես ուզում: - Ցա՛ծ իջիր, - մարդը քաշեց բռնակից: - Գիշերվա երազ է, - հետո տեսավ` շատ է քաշքշում, վերևից թեթևակի խփեց մատներին: - Թո՛ղ, արա, կպոկես: Երկրորդը, որ նույնպես մոտեցել էր, ընկերոջը մի կողմ տարավ. - Սողո, հանգիստ: - Թող իջնի, - Սողոմոն կոչվածը, այդուհանդերձ, ենթարկվեց: - Քեզ չեն ասե՞լ, - ներքևից վերև տիրաբար հարցնողը փողկապով էր, թխադեմ, աչքերի տակ` տոպրակներ: - Ո՞վ, ի՞նչ...- հակադարձեց, սակայն ուշադրությունը շեղվեց, երբ հայելու մեջ տեսավ ետևի դռնից մտնողին: Նրա կողմից վտանգ, թվում էր, առայժմ չկա: Մարդը, եթե մինչևիսկ կամենար, չէր կարող առաջանալ, այնքան խիտ էր պատվարը: Սրահում հայտնվածն սկզբում իսկապես էլ նման մտադրություն չուներ, որովհետև սկսեց ինչ-որ բան բացատրել խիտ կանգնածներին: Սեդրակը տեղից ելավ. - Արանք բացեք, տեսնեմ ուզածն ի՞նչ է: - Ասում է` մարշրուտկեքով գնացեք... - Ոչ ոք չիջնի, - նա վճռական սեղմեց դռները փակող կոճակը: - Մեկնումեկդ պինդ հրեք: Հացավանցի ուսանողը մեջքով հենվեց դռանը: Փեղկերը ճնշման տակ շրխկոցով վրա եկան: Մարդը, իհարկե, մնաց ներսում: Նա զայրագնած բղավեց, թե ինչ` ժխորում լսելի չեղավ: Խցիկի դուռն ամբողջ ընթացքում ծեծում էին: Սեդրակը գրգռված` ցած նայեց. - Ու՞մ մասին էիք հարցնում, ո՞վ պիտի բան ասեր: - Խուլ ե՞ս, - բանալին հանել փորձողը հարցին կարևորություն չտվեց, - թե՞ չես հասկանում: - Թողնո՞ւմ եք, որ... - Տնօրինությունից քեզ չեն ասե՞լ, որ այսօրվանից էլ չքշես, - փողկապավորի պահվածքը պարտադրում էր իրեն պատասխանել: - Այսինքն... - Գիծը գնված է: Ամսի մեկից ուրիշինն է: - Չհասկացա... - Այս գծում երթուղային է աշխատելու: - Քանի՞սը, - հարցնողը սրահի պատուհանից գլուխը հանած ուղևոր էր: - Երեք մեքենա` դա սկզբնական փուլում, քսան րոպեն մեկ կշարժվեն, - հետևեց պատասխանը: - Ուրիշները ևս, կողմ հրելով ապակինները, կախվեցին լուսամուտներից. - Ու գինը ինչքա՞ն կլինի: - Սրան որքա՞ն եք վճարում: - Նայած ով` որտեղ է իջնում, - հապաղումով արձագանքեցին: - Խոսքը վերջին կանգառի մասին է` Գառնի գնացողների: - Երկու հարյուր հիսուն դրամ, - պատասխանեց զրույցի մեջ ներքաշվածը: - Այդքան էլ տաքսուն կտաք: - Փոխարենը նստած կգնաք` մարդավարի: Սա վիճա՞կ է: Սեդրակը շրջվեց: Ուղևորասրահի մարդը ճամփա էր բացում: - Քո տունն ակոռի, կամաց, ոտս տրորում ես, - դժգոհեց տարեց ողջաբերդցին, ով միշտ կաթ-մածուն էր քաղաք բերում: - Քա, բանկեքս ջարդեց: Մարդը պատասխանի չարժանացրեց. նրա նպատակակետը խցիկն էր` վարորդին հասնելը: - Որ փակեցիր, կարծում ես պրծա՞ր: - Ինչի՞ց: - Քեզ ապուշի տեղ մի դիր: - Տխմարն ինքդ ես, - Սեդրակը բռնկվեց: - Տավարի մեկը... - Դռները, երիտասարդ, բաց` մարդիկ իջնեն, - վերստին դրսից լսվեց փողկապավորի հորդորը, ապա նա նշանացի կարգի հրավիրեց ներսում գտնվողին: Գծի տերն է կամ թե չէ` քաղաքապետարանի, նախարարության ներկայացուցիչը, - մտածեց Սեդրակը, իսկ բարձրաձայն նետեց. - Սա պետական ավտոբուս է: - Չասինք` մասնավոր է: - Թուղթ ունե՞ք, պաշտոնական գրություն, - գիծը, աշխատանքը կորցնելու հետ չէր հաշտվում Սեդրակը: - Կա, ամեն բան օրենքով է, հանգիստ մնա: - Հանգի՞ստ թողիք...- նա ձեռքը սեղմակին տարավ: - Ժողովուրդ, ով ուզում է` իջնի: - Չիջնեք, հոր գինը հետո կդնեն վրան: Խաբում են...- առարկեց գեղադիրցի Շուշանը` նույնպես իր մշտական ուղևորներից. սա լավաշի գործով էր շուկա գալիս: - «Գազելներն» անցումի բերանն սպասում են, երեքն էլ` նոր, մրցույթով անցած, - սրահի մարդն իջավ, ետքից` մի քանիսը: - Մյուսներդ... Մարդ չմնա: - Պահ, դու չես որոշողը: Սեթո, քշի, օրը պրծավ, - գեղադիրցի կինը հաստատապես վճռել էր թիկունք կանգնել վարորդին: - Կա՞ ուրիշ ցանկացող, շարժվում եմ... Առպահ երկբայելուց հետո վերջին դռնից ևս հինգ-վեցն իջան: - Գնացինք, - Սեդրակը գործարկեց շարժիչը: - Դռները փակեցի: Երկու երիտասարդ նույնպես հասցրին ընթացքում ցատկել: - Չփոշմանես, - ուղևորասրահի մարդը, որ իջել էր, մատը թափ տվեց, - քթիցդ եմ բերելու: Շարժիչը հռնդաց: Մյուսները, ծխախեղդ չլինելու համար, ընկրկեցին, և «Լազը» ծանրորեն պոկվելով տեղից` խառնվեց պողոտայի հոսքին: Ուղևորասրահում, պարզ է, խոսակցությունն ինչի շուրջ էր: - Էնքան գնան-գան` հոգիները դուրս գա... - Մրցույթով... Չէ մի` փողը տվել, գիծն առել են... - Թե էդ ջահելներն ինչո՞ւ իջան... - Երկու հարյուր հիսուն... Հավատալս չի գալիս... Կամ էլ բոլորից նույն գումարը կառնեն, կուզես Ողջաբերդում իջիր, կուզես` Հացավանում... - Դաչեքի ժողովուրդը, հո, հացը կերավ, - երբ Ջրվեժի ամառանոցների մոտ ավտոբուսը կանգառեց, կեսլուրջ-կեսկատակ նկատեցին: - Չեն էլ թողնի մոտ գնաք: Մարդ իջավ: «Լազը» փնչոցով հաղթահարել սկսեց անտառպուրակի զառիվերը: Հաջորդը Ողջաբերդն էր: Սրընթաց «Մերսեդես» անցավ, քիչ անց` ճերմակ «Գազել»: Թվաց` ղեկին ավտոբուս բարձրացածն է: Մինչ կանցներ ելիվերի շարունակությունը կազմող ոլորանն ու կմոտենար Չարենցի կամարին, վազանց կատարած մեքենաները մտան գյուղ: Անորոշ տագնապ համակեց Սեդրակին: Լսել էր, որ շատ գծեր այսօր-վաղը աճուրդի են հանելու: Հավաքակայանը ծանր օրեր էր ապրում. պարտքի մեջ խրված ձգձգում էր հոգեվարքը` ի վիճակի չլինելով որակյալ սպասարկում ապահովել: Միկրոավտոբուսի կարգի ավտոներն օր-օրի շատանում էին, աշխատելը` գնալով դառնում դժվար: Բայց թե Սեդրակը Գառնիի գծի համար վտանգ առայժմ չէր զգում. տնօրենն ասել էր` այդ ու էլի մի քանիսը` օդակայան, Էջմիածին, կպահենք, քանի որ ապագայում գնացող-եկողը շատ է լինելու, պետությունը, հույսը զբոսաշրջության լավանալու վրա դրած, ձեռքից չի կամենում բաց թողնել: Ողջաբերդին հաջորդեց Գեղադիրը, այնուհետ` Հացավանը: Մնաց տասնհինգ-քսանի չափ մարդ` բոլորը գառնեցի: Դրանց էլ կիջեցնի տաճարին մերձ կանգառում ու ետ կդառնա: Գուցե թե` տնօրենը գնացած չլինի. կպարզի` ինչն ինչոց է: Գառնիի խնձորուտների մոտ հանդիպեց պոչ-պոչի դարձող «Մերսեդեսին» ու «Գազելին»: Նրանք էին` ավելի շատվոր: Ուղևորները ևս ճանաչելով` վերստին աշխուժացան: Ավտոբուս բարձրացածն այս անգամ ոչ թե մատ թափ տվեց, այլ բռունցք: Կանանցից ոմանք, ի պատասխան, չանչեցին: - Զգույշ կլինես, - շատերն էին խորհուրդ տալը պարտք համարում: - Ի՞նչ իմանաս` ովքեր են: - Պահ, դրանցից պիտի վախենա՞մ, - վճռական արձագանքեց: - Թող փորձեն: - Արտաշատի կողմով գնա, - հորդորեց Մացոն. սա կրպակ ուներ տաճարի մոտ ու երբեմն-երբեմն գալիս էր քաղաք` ծխախոտ, ծամոն, էլի ուրիշ մանր-մունր բաներ առնելու: - Ճամփադ կերկարի, սակայն անվտանգ է: - Բանի վրա ես, - Սեդրակը պատրաստվեց շրջադարձի: - Անհոգ գնացեք... Քաղաք եկող, կարծես, չկար: Սովորաբար ուշ աշնանն այդպես էր. դարձի ճամփան, մինչև Ջրվեժի ամառանոց, մենակ էր կտրում, եթե պատահական ուղևորներ չհանդիպեին կամ գյուղի օտար լեզվի ուսուցչուհին ժողովի-բանի պատճառով չմնար վերջին ավտոբուսի հույսին. նա Երևանից էր ու շաբաթվա չորս-հինգ օրը գնում-գալիս էր: Դպրոցին չհասած` ականջը սուլոց որսաց, մինչ կկանգներ, հևիհև մոտեցավ ուսուցչուհին: - Սեթո, բարև՜, - աստիճանահարթակից բղավողը պահակն էր: - Գործերը լա՞վ են: - Բոլորի նման, - Սեդրակը բութ մատը կախեց: - Դու քո մասին ասա, Սահակ ապեր: - Էլի ինձ պես` ոնց գիտեիր, - նա կամեցավ հումոր անել: - Մեր դասատուին քեզ եմ վստահում, տես, հա՜... - Կարգին մարդ է, - ուսուցչուհու տեղավորվելուց հետո խոսք բացեց: - Ինչո՞ւ հեռու նստեցիր: Թե՞ տեղ չկա: - Մեկ չէ՞, - նա տեղափոխվեց առաջին շարք` դռան մոտ: - Էլի՞ ժողով էր: Էսօր ի՞նչ հարց էիք քննում: - Ծնողներին էի աշակերտության հետ կանչել. հանդեսի ենք պատրաստվում: - Ինչքա՞ն ես ստանում չարչարանքիդ դիմաց, - հարցախույզը շարունակեց Սեդրակը: - Երեսունհինգ հազար: - Էդ, հո, գնալ-գալուդ ծախսը հազիվ հանի: - Ճանապարհի համար գյուղապետարանն է վճարում` առանձին: - Դա որքա՞ն է: - Տասը հազար: - Միասին անում է հարյուր դոլար: Գոնե աշակերտ պահո՞ւմ ես: - Չէ: Դասերից հետո երբեմն մեկ-երկուսը մնում են, սակայն անվճար է. փող կա՞ ձեռքերին, որ տան: - Բարտերով աշխատիր, - Սեդրակը ծիծաղեց, - խնձոր, պոպոք... Ապրանքի դիմաց` գիտելիք: - Լավ էլ տեղյակ ես, - աղջիկը պայուսակից ընկույզ հանեց: - Վերցրու, ծնողներից մեկն էր բերել: Ինչ արեցի, վրան չկարողացա. ձեռիցս խլեց, լցրեց մեջը: - Քեզ պահի, ձեռքերս զբաղված են: - Նվիրում եմ, - ուսուցչուհին բուռը պարզած` սպասեց: -Առաջին նվերդ է, կպահեմ, - Սեդրակն ընկույզը թաքցրեց նստարանի կողագրպանում: - Սեթո, այսօր մի տեսակ ես, բան չի՞ եղել: - Չէ, - ասաց ու նույն պահին նկատեց ասֆալտի լայնքով կանգնած «Գազելը», «Մերսեդեսը» տեղ էր զբաղեցրել ճամփեզրին: Ստիպում են կանգնել. մտքներին կեղտոտ բան կա, - կռահեց Սեդրակը: Ձախ կողմում ձորակ էր, մնում էր աջը: Զառիթափը ասֆալտից բաժանող խանդակը լի էր վերևից թափված քար-ավազով: Նա ճամփի այդ հատվածը լավ գիտեր: Հետաքրքրության համար մինչևիսկ մի քանի անգամ կանգնել էր, ուշադիր դիտել: Ժամանակին լանջը կտրել էին, և պարզորոշ նկատելի էր գլաքարի, կավի, ավազի նստվածքը: Շերտերն անառարկելի ապացույց էին, որ տարածքը, ով գիտե քանի միլիոն, միլիարդ տարի առաջ, օվկիանոսի հատակ է եղել: Չեմ կանգնի, - վճռեց Սեդրակը, - ծանր ավտո է, շուռ չի գա, միայն թե լայնքը հերիք անի: - Քեզ պինդ պահի, - ասաց ու արիաբար քշեց: «Մերսեդեսից» մարդիկ թափվեցին, մեկը վազեց դեպի «Գազելը»: Հասնելով միկրոավտոբուսին` Սեդրակը ղեկը կտրուկ աջ թեքեց, այնուհետ, որպեսզի քթով չզարկվի զառիկողին, նույն արագությամբ ուղղեց: Միայն մի տեղ ավազի նստելու պատճառով «Լազը» երերաց: Դա բավական էր, որպեսզի աջակողմյան հայելին թեթևակի դիպչելով գահավանդի ելուստին, շյուղի փափկությամբ ծալվի, իսկ ետնամասն առավ «Գազելի» կոտոշին ու, մի մեծ փերթ ճանկռելով, պոկեց: Հարվածից միկրոավտոբուսը դեմքով շրջվեց դեպի քաղաք: Հայհոյանքներին, ազդանշանային անընդմեջ կանչերին, ետքից շպրտվող քարերին կարևորություն չտալով` Սեդրակը մեքենան հանեց ճանապարհի բանուկ մաս և գազ տվեց: Հետապնդումից չէր վախենում: Թույլ չի տա առաջ ընկնեն, իսկ ետևից, ոչինչ, թող գան: Թե չկարողացավ քաղաքում պոկվել, կքշի Արեշ` իրենց թաղ կամ` ուղիղ հավաքակայան: Թող մոտենան... Ուսուցչուհին լռում էր: Սեդրակը հայելու մեջ բռնեց նրա ոչ այն է` սփրթնած, ոչ այն է` դժգոհ հայացքը: - Հը՞... - Դու ասա, - հնչերանգը կատարվածի պարզաբանում էր պահանջում: - Գիծը մրցույթով շահել են, իրենք պիտի աշխատեցնեն: - Ես մեկին ճանաչեցի` պատգամավոր է: - Հա՞, - Սեդրակը գլխի էր, ում մասին է խոսքը: - Պարզ է` չեն թողնի: - Ինձ են փորձում: - Օրենքն իրենց կողմն է: - Ես հլա որ գործի մեջ եմ, ղեկավարությունից բան չեն ասել: - Աշխատիր լեզու գտնել, թե չէ` գիտես, ոստիկանության ձեռքը կգցեն: - Ինչպե՞ս... - Թող մեքենան քեզ տան` դու քշիր: - Այսքանից հետո` էլ ուշ է... - Իսկ դու համառիր, - ապա հավելեց, - քեզնից աչքաբա՞ց. բոլորին ճանաչում ես, հետները լեզու գտած... Սեդրակը չարձագանքեց: Գեղադիրում նախիրը լանջն ի վար գյուղ էր մտնում: Հասցրեց անցնել: Գծատերերը, եթե հետապնդելու միտք ունենան էլ, ստիպված առժամանակ կկանգնեն: Ահագին կշահի: -Պատգամավորը քեռուս շենքում է ապրում: Մոտիկ են, կասեմ` կխոսի. ընտրությունների ժամանակ վստահված անձերից էր: - Պետք չէ: - Մի տաքացիր: Դեռ չգիտես` մեքենան ինչքան է վնասվել: Տվիր ջնջխեցիր, քոնը` իր հերթին... - «Լազին» դժվար բան եղած լինի: Համ էլ ողջ տեղ չի մնացել: - Բոլոր դեպքերում... Ամառանոցի կանգառում, ինչպես սովորաբար, տուն դարձողներ կային: Սեդրակը դաստակները խաչելով` հասկացրեց, որ չի կարող արգելակել: - Ու՞ր տանեմ, - երբ Ջրվեժն անցան, հարցրեց: - Ապահովության համար քեզ հետ մինչև վերջ կգամ: Մարդ ես` մեկ էլ տեսար, երևացին: Հետո ինձ տուն կուղեկցես, հա՞: - Սիրով: - Ասա` մեծ սիրով, - աղջիկը զվարթուն ժպտաց: - Շատ մեծ սիրով, - բացվեց Սեդրակը: - Եվ ոչ միայն այսօր: - Դու չարաճճի աշակերտ ես, իսկը` երեխա: - Grand enfent, mademoiselle Sona. - Parles-tu fransais, monsieur Sedrak? 1. Ֆրանս. - Մեծ երեխա, օրիորդ Սոնա: 2. ֆրանս. - Դու ֆրանսերե՞ն ես խոսում, պարոն Սեդրակ: ՎԵՐԱՐԿՈՒՆ Վերարկուն իրենը չէր: Թեթևակի նեղություն ճամփին ևս զգում էր, բայց այն որոշակիացավ ավտոտնակը բացելիս, ապա, երբ ձգվելով վառեց լույսը: Այդպես էլ կար. հանդերձարանում, անուշադիր լինելով, ուրիշինն էր հագել: Այս մեկը մուգ էր, ոչ թե կապտին տվող, ինչպես իրենը, այլ սև, գուցե թե` ավելի նոր: Կաշկանդվածությունը դրա՞ պատճառով էր, թե՞ փոքր լինելու: Կարևորը, սակայն, դա չէր: Տաճատը տենդագին արագությամբ վրա բերեց դարպասը և վերստին մեքենա նստեց: Մինչև թատրոն հինգ-տասը րոպեի ճամփա է, հավանաբար հասցնի, միայն թե մյուսն իր պես առաջին դուրս եկողներից չլինի: Ասա ինչո՞ւ չսպասեց հանդերձապահուհուն... Երկու թե երեք րոպե կորցրեց պետավտոտեսուչի պատճառով, ավելի ստույգ` իր. առանց թարթիչը միացնելու վազանց կատարեց: Ժամանակ շահելու համար դրամ առաջարկեց: Տեսքը, թե՞ մեքենայի համարանիշերը վստահություն չներշնչեցին. Ոստիկանն զգուշացավ, փորձում էր արձանագրություն կազմել: Հարկադրված` ներկայացավ, ասաց` որտեղ է աշխատում: - Կարգ չխախտողն առաջինը դուք պետք է լինեք, - դիտողություն արեց տեսուչը, այդու առանց տուգանելու թույլատրեց գնալ: Թատրոնի մերձակայքում մարդ գրեթե չկար: Ներսում լույսերը, սակայն, չէին մարել, և դուռը բաց էր: Մուտքին մերձ խցիկում երկուսը պատրաստվում էին ընթրել: - Հանդերձապահուհին որտե՞ղ է, - հարցրեց: - Ի՞նչ կա, - մարդը շարունակեց երշիկ կտրել, մյուսը թեյ էր լցնում: Տաճատը դժվարացավ միտքը ձևակերպել ու, ինքն իրենից դժգոհ, դիմեց հանդերձարանի կողմը: - Սպասիր, ո՞ւր ես քշում, - մարդը դրեց թեյնիկը և, շրջանցելով ընկերոջը, ելավ սրահ: - Թատրոնը փակ է, ետ արի: Տաճատը կանգնեց, սակայն հայացքը հանդերձարանի կողմն էր: Դատարկ կախիչները, լքյալ անկյունը հույսի տեղ չէին թողնում: - Իմի փոխարեն ուրիշինն են տվել, - պահի տակ հորինեց. հավանաբար գործեց պաշտպանական բնազդը: - Տանը նոր նկատեցի: - Չի կարող պատահել, - խցիկում մնացածն էր: - Պատահել է, - Տաճատը ետ տարավ վերարկուի փեշերը: - Իմը չէ: - Ժետոն ունեի՞ր, - սա ևս առաջ եկավ: - Իհարկե, - Տաճատը նեղվում էր նրանց հարձակողական տոնից, բայց այլ ելք չուներ: - Բա էն մյուսը... ինչո՞ւ բան չասաց: Կարո՞ղ է ավելի թանկանոցն է եղել: - Չէի ասի. գրեթե չեն տարբերվում: Գույնն է ուրիշ, - նույն պահին նկատեց, - մեկ էլ ուսերը` իմը կտրած են, սրանը` թափվող: - Այ քեզ մարդ: Ուրիշի շորը հագել գնացել է, գլխի չէ... Հո խմած չե՞ս: Տաճատը հապաղեց. ի՞նչ պատասխաներ: - Չէ, - ասաց: - Սոֆիկը տուն հասած կլինի՞, - ավելի տարեցն էր: - Հարո, քաշե՞մ համարը: - Որ զանգեցինք, ի՞նչ: Մենակ եմ տվել շորերը: Ինքը շուտ գնաց. հարսը գործի էր, պուճուրին պահող չկա: Սպասիր, սպասիր, - նա դարձավ Տաճատին, - բայց ես չեմ հիշում, թե քեզ պալտո տված լինեմ: Չլինի՞ խաբում ես: - Նման մարդու տպավորությո՞ւն եմ թողնում, - Տաճատը փորձեց խիստ լինել, սակայն միտքը, որ դիմացինը ճիշտ է, թույլ չտվեց: - Ի՞նչ իմանամ` ով ես: Հլա գնանք ցույց տուր, որտե՞ղ էր կախած, - ու առաջ ընկավ: Տաճատն ակամա հետևեց նրան: - Ներքևի շարքում էր` նախավերջինը, - հետո հիշեց, - 222 համարը: Մարդը հանեց արույրից թվօղակը. - Սա՞ էր: - Ոնց որ: - Թե ցած ընկած լինի, հետո սխալմամբ ուրիշ տեղ կախած լինեմ...- նա ավելի շուտ ինքն իր հետ էր խոսում, հետո դարձավ Տաճատին: - Որ սպանես, չեմ հիշի: Մեղավորը դու ես: Թափվել էիք գլխիս, հնարավոր է և խառնել եմ, - մարդը համոզված էր` գործի լրջանալու դեպքում կմեղադրեն, և ջանում էր պատնեշ կառուցել: - Աշխատանքից հանել չտվինք, պաշտպանվում ես: - Տվածներն ի՞նչ է, որ վախենամ: Թող էգուց էլ հանեն, - հետո բորբոքվեց, - Բայց խի՞... - Նման դեպք էլի եղե՞լ է, - Տաճատը փորձում էր ելք գտնել: - Գողություն` հա, բայց որ երկուսն էլ սուսուփուս հագնեն գնան` չէ: Քսանհինգ տարի կնոջս հետ էս գործին ենք, քիչ չկարծես: - Հիմա ի՞նչ անենք, - Տաճատը հուսալքվում էր: Սկսել էր ձյուն տեղալ: Սպասելը դառնում էր անիմաստ: - Ես, երևի, գնամ: Եթե կարելի է, ձեր համարը վերցնեմ, իմն էլ մի տեղ գրեք: Թե գա, թող զանգի: Պահակը դարակից հանեց կարճլիկ մատիտը: - Վերցրու: Հենց պատի վրա քո ձեռքով էլ գրի: Տաճատը, չկամենալով հանդերձ, օրացույցի ազատ եզրին գրեց հեռախոսահամարները: - Սա տան համարն է, մյուսը` երկարը, ձեռքինս է: - Ախպեր, ուզո՞ւմ ես մի բաժակ էն մյուսից... Տրամադրությունդ, տեսնում եմ, ընկած է, - հանդերձապահը գլուխը սեղանի տակ մտցրեց: - Շնորհակալություն, մեքենայով եմ: Եթե վերարկուս գտնվի, խոստանում եմ դատարկաձեռն չգալ: Ձեր համարը չտվիք, - նա ձեռքը տարավ, որպեսզի հանի բջջայինը: Այն սովորաբար կոնքի վրա էր կրում, վերարկու հագնելիս` տեղափոխում ծոցագրպանը. այդպես ավելի հեշտ էր: Գրպանում երկու հեռախոս կար: Շփոթահար` փորձեց շոշափելով որոշել, թե որն է իրենը: Երկրորդը ևս պատյանով էր, բայց, կարծես, ավելի բարալիկ: Մինչ կհաներ իրենը, որպեսզի հիշողությանը հանձնի պահակի ասած համարը, հանդերձապահը սեղանին բացված թերթին գրելով թվերը` պարզեց Տաճատին: Բարի գիշեր մաղթելով` դուրս եկավ: Համոզված էր` բանը թատրոն զանգելուն այլևս չի հասնի, որովհետև գործը հեշտանում էր: Մեքենայում բջջայինի օգնությամբ կփորձեմ գտնել տիրոջը, - որոշեց: - Տեղեկատուի վրա ծանոթ-բարեկամների, գուցե թե հենց տան հեռախոսահամարը լինի: Չհամբերելով` վառեց սրահի լամպը և գրպանից հանեց բջջայինը: Անծանոթ հեռախոս էր` նուրբ, արծաթավուն փայլով: Սեղմեց տեղեկատու էջը: Երկնագույն էկրանին հիմնականում բջջային համարներ էին, երկուսը` բնակարանի, դեպի դուրս զանգերի էջում` ոչինչ չասող անուններ` Արմեն, Նորա... Ուշադրությունը գրավեց Լիլիթ անունը: Այն հանդիպում էր թե° մուտքի, թե° ելքի էջերում: Որոշ զանգեր անպատասխան էին մնացել։ Վերստին սեղմեց կոճակը: Այո, նույն համարն էր: Կամուկացի մեջ չգիտեր որն է ճիշտ` տեղնուտեղը մեկնումեկին զանգելը, թե՞ սարքը միացրած սպասելը: Մինչ կորոշեր անելիքը, հեռախոսը ծլնգաց: Տաճատը, փոքր ինչ հուզված, այն ականջին տարավ. - Լսում եմ: - Ալո, Գագիկի բջջայի՞նն է, - հարց տվողը կին էր: - Գուցե, - Տաճատը շարժիչը, որ տաքանալու համար գործի էր գցել, անջատեց: - Ձեր անո՞ւնը: - Տաճատ: - Չլսեցի: - Տաճատ, Տաճո է անունս: - Էլի լավ չհասկացա, բայց ոչինչ... Էդ ձեռքի հեռախոսը ձեզ որտեղի՞ց: Գիտե՞ք... - Հա՛: Սխալմունք է... Ես հիմա թատրոնի մոտ եմ, եթե, ի՞նչ ասիք անունը, Գագո՞, եթե նա հիմա գա, կփոխենք. ես իմը կվերցնեմ, նա` իրենը: - Գագիկի ինքնաթիռը տասը րոպեից կթռչի: Բջջայիննն անջատած էր, թե չէ ավելի շուտ իմաց կտայինք: Նա մի շաբաթից նոր կգա: Խնդրեց վերցնել, իսկ վերարկուները կմնան հետո: - Պարզ է, - մի շաբաթ առանց վերնազգեստի մնալու հեռանկարը Տաճատին տխրեցրեց: - Դուք նրա ի՞նչն եք, - հարցրեց և տեղնուտեղն զգաց` սխալ է թույլ տալիս: Պատասխանը սառը հնչեց. - Ի՞նչ կարևոր է: Եթե չեք վստահում, ուրիշ խնդիր: - Վստահելը վստահում եմ, բայց ներկայացման ավարտից հազիվ մի ժամ է անցել: Եթե պիտի թռչեր, այդ ժամին թատրոնում... - Հյուրեր ուներ, չգնալ չէր կարող: Տեղավորել է, կեսից դուրս եկել: Տաճատը թեթևություն զգաց. ուրեմն` առաջին սխալը նա է թույլ տվել, կամ հանդերձապահուհին, ով, հավանաբար, այդ պահին դեռ տուն գնացած չի եղել: - Հեռախոսի ետևից դուք կգա՞ք, թե՞ ինքս բերեմ: - Հիմա քանի՞սն է: - Տասներկուսը դեռ չկա` քսան պակաս: - Ուշ է, սակայն ոչինչ... Մամիկոնյանի արձանի մոտ հարմա՞ր է: - Հինգ-յոթ րոպեից այնտեղ կլինեմ: Ես սև վերարկուով եմ, այսինքն` ինձնից լավ գիտեք... Իսկ ձեր արտաքի՞նը: Կինը ծիծաղեց. - Դե, ո՞նց ասեմ` երեսուն տարեկան եմ, բարձրահասակ... - Շիկահեր, երկար ոտքերով, բարակ իրանով: Կինը քրքջաց. - Չտեսած` հաճոյախոսում եք: Որտեղի՞ց իմացաք: - Ձայնից: Ուզո՞ւմ եք ասեմ` ինչ վերարկուով եք լինելու: - Շարունակեք: - Մոխրագույն, փեշերը` երկար, նույն գույնի վզնոցով և գլխարկով: - Ստիպված` մուշտակ եմ հագնելու, այլապես... - Դուք ոտքով եք գալու, թե՞ մեքենայով: - Տնից հեռու չէ` նախկին «Ռիգա» գաստրոնոմի մոտ եմ ապրում: - Պայմանավորվեցինք: Տաճատը գործի գցեց շարժիչը: Փողոցում անցուդարձ չկար: Սահքից խուսափելու համար դանդաղ էր ընթանում: ...Իր բնակարանը ևս այդ թաղամասում է: Հետաքրքիր է... Հենց այնպես ծնված միտքը դարձավ կանխազգացում: Եթե իրենց շենքի... Հարկը չգիտի, անունը` նմանապես: Վերջերս է տեսել մտնել-ելնելիս, մի քանի անգամ վերելակում են հանդիպել: Ո՞ւմ արտաքինն էր ինքը հեռախոսով նկարագրում, ենթագիտակցու թյունն ինչո՞ւ այդ ուղղությամբ տարավ... Տաճատը վերջին պահին նկատեց մեքենայի դեմով փողոցը կտրող կնոջը: Նա էր` մոխրագույն վերարկուով, նույներանգ վզնոցով... Ուսերին, գլխարկին ձյուն կար նստած: Իջեցրեց կողապակին: - Լիլի՛թ... Կինը շրջվեց, տեսավ Տաճատին. - Բարև ձեզ: - Բարև: Տեսա՞ք, որ ճիշտ էի, - Տաճատը հայացքով տնտղում էր կնոջը: - Հագուստը նկատի ունեմ: - Հեշտ ճանաչվելու համար այսպես հագնվեցի, - արդարացավ կինը: - Սպասեք, սպասեք, ձեր դեմքը...- նա բարձրացրեց ձեռքը, ասես կամենում էր մի կողմ տանել շեղությամբ թափվող խոշորափաթիլ ձյունը: - Նույն շենքից ենք, - Տաճատը ծիծաղեց, - բայց ազնվորեն եմ ասում` չգիտեի, որ ձեզ հետ եմ խոսում: - Իսկ անո՞ւնս... - Պատահաբար թռավ բերանիցս: - Չհավատացի: Ինչ-որ մեկից լսած կլինեք, թեև... ես նոր բնակիչ եմ` ո՞ւմ եմ ճանաչում, բարևում, որ... - Ո՞ւր գնանք: - Այսուհետ կճանաչեք` Տաճատ է անունս: - Տաճա՜տ։ Ես էլ հեռախոսով լսում եմ` տաճար: Ասում եմ` այ քեզ անուն... - Նստեք: Կինը նազանքով օրորեց գլուխը: - Ուզո՞ւմ եք` ոտքով գնանք: Հրաշալի ձյուն է, հրաշալի գիշեր, դուք` առավել: Կինը շարունակում էր լռել: - Լավ, դուք ոտքով գնացեք` մայթով, ես մեքենայով կհետևեմ: Հարմա՞ր է: - Որպես ի՞նչ: - Որպեսզի չփախցնեն: - Փորձվածն եք, հա, - կինը քայլ արեց և, մինչ Տաճատը կշրջանցեր մեքենան, բացելով առջևի դուռը` նստեց: - Իհարկե, տուն: Թե՞ վախենում եք շենքում միասին տեսնեն: - Ձեզ համար եմ անհանգիստ: - Անհոգ մնացեք: Եթե այս ժամին դուրս եմ եկել...- նա միտքը չհասցրեց ավարտել, որովհետև ծլնգաց հեռախոսը: - Գագոյինն է, - Տաճատը բջջայինը մեկնեց կնոջը: «Ալո» խոսքից հետո զանգողն ինչ-որ բան ասաց, որին հետևեց կնոջ պատասխանը. - Արդեն վերցրել եմ: Աղմուկ լսվեց, մեկի խռպոտ ձայնը, ապա կինն ականջից հեռացրեց հեռախոսը. - Անջատվեց, ինքնաթիռից էր զանգում: Ուր որ է կթռչեն։ Առժամանակ երկուսն էլ չէին խոսում: - Այդպես էլ չասացիք` անունս որտեղի՞ց գիտեք, - լռությունն առաջինը խզեց կինը: - Բջջայինի տեղեկատուում կարդացի, մուտքագրած զանգերի էջում: Հենց այնպես ասացի, համընկավ: - Հենց այնպես ոչինչ չի լինում, - խորհրդավոր նկատեց կինը, - ապա թե` - Տրամադրության փոփոխությունը զանգի՞ պատճառով է: Խոսքի նման ոճը համարձակության էր մղում: - Իսկ դո՞ւք: Հենց այնպե՞ս այս վերարկուն հագաք, թե՞... հատուկ: - Փորձեք գուշակել: Բջջայինը վերստին ձայնեց: Տաճատը տեսավ` կինը դժկամությամբ պայուսակից հանեց հեռախոսը: Մինչ այդ հասան: Նա բացեց դուռն ու, քանի որ կինը խոսում էր, սպասեց: Վերջինս ձեռքը նրբորեն երկարելով` հասկացրեց, որ օգնի: Քանի դեռ նա զբաղված էր հեռախոսազրույցով` Տաճատը բացեց ավտոտնակը և ձյունածածկ մեքենան ներս տարավ: Կինն ավարտել զրույցը, սանդղահարթակին սպասում էր: Մուտքի լամպը չէր վառվում: Տաճատն անվարան բռնելով նրա թևքից` խարխափելով առաջացավ, այնուհետ նույն կերպ գտավ սեղմակը. վերելակը նրանց էր սպասում: - Ո՞ր հարկ: - Ութերորդ, - կինը ձեռքը պարզեց վահանակին: - Իմը հինգերորդն է, բայց ես ևս ձեր հարկ եմ գալիս: - Եվ ո՞ւմ տուն: - Լիլիթի, - շեղակի նայելով կնոջը` ասաց Տաճատն ու մատը հպեց կոճակին, իսկ ազատ ձեռքով ետ տարավ նրա` գլխարկից դուրս պրծած մազափունջը: Լիլիթը գլուխը թեքելով` պարանոցով սեղմվեց Տաճատին և, դեմքին հմայիչ ժպիտ, շշնջաց. - Վերարկուն իսկը ձեր հագով է, էլ չտաք Գագիկին: - Վերարկուն` չգիտեմ, բայց քեզ հաստատ չեմ տա: Դու իմն ես: ԵՍ ՄՈՐՍ ԱԶԳԱՆՈՒՆՆ ԵՄ ԿՐՈՒՄ Գոհար Ներսիսյանի հիշատակին - Ուրիշ սպասող կա՞: - Մի երիտասարդ, - քարտուղարուհին մոխրամանի պարունակությունը դատարկեց մոմլաթե փոքրիկ տոպրակի մեջ: - Ի՞նչ հարցով է: - Ասում է` անձնական: - Թող գա, - տնօրենն աչքը գցեց ժամացույցին: - Դու կարող ես տուն գնալ, վարորդն էլ. ես դեռ աշխատելու եմ: Առայժմ... Լևոնը հայացքը կտրեց թղթերից: Երկշերտ դռների մեջ հայտնվածն առաջացավ և, հասնելով խորհրդակցական երկարուկ սեղանին, սպասեց նստելու հրավերի, որն ուշացավ: - Բարև ձեզ: - Լսում եմ, - փոխադարձաբար չողջունելով` ակնարկում էր, որ տրամադիր չէ մտերմիկ զրույցի: - Մեր խոսակցությունը, հնարավոր է, երկարի: - Տևողությունը որոշողը ես եմ: - Գիտեմ, - երիտասարդը շուտ ընկճվողներից չէր: - Նստեք, - հարկադրված` առաջարկեց: - Ընդունելության ժամը, ի դեպ, ավարտվել է, սակայն` ոչինչ: Աշխատանքի՞ հարցով եք: - Ամենևին: - Այդ դեպքում... - Տիգրան է անունս: - Ուրախ եմ: Վատ անուն չէ: - Այսօր իմ ծննդյան օրն է: - Շնորհավորում եմ, - Լևոնը երկարեց ձեռքը. կյանքի փորձն ասում էր, որ դիմացինը խնդրարկու չէ: - Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել: - Շնորհակալություն: Ես դարձա քսանհինգ տարեկան: - Հրաշալի տարիք է: - Գիտե՞ք ամսի քանիսն է: - Իհարկե, - ասաց, հետո գրգռված` հավելեց, - ինչո՞ւ եք հարցնում: - Այն ձեզ ոչինչ չի՞ հուշում: - Ի՞նձ, - Լևոնը աթոռի թիկնակով ետ գնաց: - Երրորդ ծննդատանը մի տղա ծնվեց` ես էի: - Այդ ամենն ինձ հետ կապ ունի՞, - մտաբերելով, որ զեկույցը կիսատ է, նա սթափվեց: - Տիգրան, ես զբաղված մարդ եմ, եթե կոնկրետ խնդիրք ունեք... - Գոհար էր մոր անունը; - Պարզ խոսեք, - Լևոնը ձեռքը ծխատուփին մեկնեց: - Ես այդ տարիներին «Երեկոյան Երևանին» էի թղթակցում, հնարավո՞ր է ռեպորտաժի գնացած լինեմ, - իսկ մտքում` մի՞թե... - Ոչ: - Սպանեք չեմ հիշի, - իսկ մտքում` նա է... - Խոսքը ձեր տղայի մասին է: - Բայց ես արու զավակ չունեմ, - կտրուկ առարկեց, իսկ մտքում` այո, նա է... - Հապա ե՞ս: - Դուք իմ որդի՞ն, - ծիծաղեց, սակայն դա այն` խորքից ելնող խինդը չէր: - Սա մեր առաջին հանդիպումն է, չստացվի` վերջինը դառնա: Խոսքն ազդեց: Լևոնը դեռ չէր որոշել բռնելիք հետագա դիրքը, այդուհանդերձ հասկանում էր` այլևս հնարավոր չէ խուսանավել: - Ինչո՞ւ ավելի վաղ չէիք գալիս: - Ես վերջերս եմ իմացել ով է իմ հայրը: - Ու` ումի՞ց: - Մայրս չի ասել: - Բոլոր դեպքերում... հետաքրքիր է: - Ընկերուհուս հայրը` Վազգենը ձեր կուրսից է. խնամախոսության ժամանակ պարզվեց: Ավարտելուց հետո չէին հանդիպել: Օրեր անց աղջկան է պատմել, Արևիկը` ինձ: - Նշանածի՞դ անունն է: - Այո, վաղը մեր հարսանիքն է: Եկել եմ հրավիրելու: - Չեմ կարողանա. հոգեբանորեն պատրաստ չեմ: - Ես հատուկ եմ օրն ընտրել: Աշխատանքային չլիներ, անգամ շաբաթ չէի տեղափոխի: - Իսկ նա գիտի՞: - Մայրս` չէ: Որոշեցի սկզբում ձեզ հետ խոսել. ձեր համաձայնելու պարագայում նոր կասեմ: - Գոհարը, համոզված եմ, դեմ կարտահայտվի, նա չի ների, մոռացած չի լինի վիրավորանքը: - Նա ձեզ սիրում է, շարունակում է սիրել: - Առավել ևս: Իսկ դու քույր, եղբայր ունե՞ս: - Նա աշխարհաթող եղածի պես է ապրել` միայն ինձ համար: Ես նրա ազգանունն եմ կրում: - Շա՞տ մարդ է լինելու: - Երկու կողմից միասին` հիսուն: - Ծախսն ո՞վ է հոգալու: Դրամի կարիք... - Դրա համար չեմ այստեղ: - Եթե վիրավորեցի, ներողություն, - Լևոնը ոտքի ելավ: - Տեղափոխվենք հանգստի սենյակ: Ժամանակ ունե՞ս: - Մի ժամի չափ կարող եմ: Զանգել կարելի՞ է: - Անշուշտ: Մինչ որդին կխոսեր, հայրը սառնարանից հանքային ջուր հանեց, կոնյակ, գավաթներ: - Մեկական բաժակ խմենք, գուցե խելքի գամ: Բարով տեսանք... Ըմպեցին: - Գոհարն էլի նույն տա՞նն է ապրում: - Որի՞ մասին է խոսքը. մենք մի քանի անգամ ենք բնակարան փոխել: Հիմա Նորքի զանգվածում ենք` մեկ սենյականոցում: - Եղբայրը մնո՞ւմ է: - Քեռիս` չէ: Նրա մահից հետո մայրս կայարանի տունը ծախեց: Կոմիտասի վրա էր մեր երկսենյականոցը, հետո հերթը դրան հասավ: - Կարիքն է պարտադրել, իսկ աշխատա՞նք... - Սկզբում` եղբոր կենդանության օրոք, տնից անգամ դուրս չի եկել, խանութ չի գնացել, բայց կյանքն ստիպեց: Երկար տարիներ գործ չէր գտնում, հիմա խմբագրությունում սրբագրուհի է: - Նա լավ գրիչ ուներ: Հոդվածներս հաճախ էր խմբագրում, - Լևոնը վերստին լցրեց գավաթները: - Կենացդ, Տիգրան: Ուզում եմ սրտառուչ խոսք ասել, սակայն մեղքի զգացումը կաշկանդում է... Մեր սերը հարսանեկան արարողությամբ, եկեղեցական ծեսով չամրակայվեց, երևի դրա համար սխալ ընթացքով գնաց: Երջանկություն եմ մաղթում: - Զգացված եմ: - Գոհարն էլի գեղեցի՞կ է: - Տարիներն իրենցն արել են, սակայն, կարծում եմ, նախկին հմայքից մնացել է: Վաղն ինքներդ կտեսնեք: - Ասիր` շարունակում է սիրել: Որտեղի՞ց այդ համոզմունքը: - Լռությունից. ձեր մասին ինձ հետ նա երբևէ չի խոսել: - Գուցե ատում է, դրա՞ պատճառով... Նա հպարտ կին էր` անթեղել է ողջը, որպեսզի պահպանի գլխավորը` չհասարականա: - Դուք նրան չեք մոռացել: - Այդպես չի լինում, եթե... սիրել ես: Ես մի բաժակ ևս խմեմ, կարելի՞ է: - Գործատեղը ձերն է, տնօրենը` դուք, - Տիգրանը ժպտաց: - Չկարծես խմիչքի հակում ունեմ. հյուրերի համար եմ պահում, իսկ այսօր...- նա մի ումպով դատարկեց գավաթը: - Դու գիտե՞ս մանրամասները: - Ոչ ամբողջությամբ: - Իսկ կկամենայի՞ր տեղեկանալ: Եթե այստեղ ենք հասել, բանը դրան հասավ... - Գուցե պետք չէ՞: - Վախենում ես պատկերացումներումդ ինչ-որ բան փշրվի՞: Մորդ համար անհոգ մնա. եթե կա մեղավոր, ես եմ, - Լևոնը ծխախոտ վառեց: - Ծխո՞ւմ ես: - Ոչ: - Իսկ Գոհա՞րը: Նա դեռ այն տարիներին թունդ ծխող էր, բայց հղիության շրջանում շրթունքին ծխախոտ չառավ: - Քիչ` միայն սուրճի հետ: - Ես դեմ էի քո ծնվելուն, համոզված էի` վաղ է: Գոհարը համառեց: Այն օրերին կարծում էի այդ քայլին է գնում ինձ չկորցնելու համար, սակայն... Մենք ավարտական կուրսում էինք, բնակարանի, աշխատանքի խնդիրներ կային: «Դու վախկոտ մարդ ես, հարմարվող», - մի օր ասաց: Խարազանի հարվածը ճորտի թիկունքին ի՞նչ հետք կթողնի, այդպես էլ «հարմարվող» բառը` իմ սրտին: Այդ հողի վրա գժտվեցինք: Հետո ժամանակը հաստատեց, որ նա էր ճիշտ: Ինքն աղջիկ տեղով չերկյուղեց դժվարություններից, իսկ իմ համարձակությունը չբավեց: Մինչևիսկ հիվանդանոց չգնացի: Սա է ամբողջը... Տիգրանը լռում էր: - Հարցեր տուր, նախատիր` գոնե մորդ փոխարեն... Խնայո՞ւմ ես, - Լևոնը ձեռքը դարձյալ շշին մեկնեց: - Ոչ, - Տիգրանն ափը դրեց ըմպանակին: - Դուք ևս, խնդրում եմ... - Տպավորությունն այնպիսին է, թե մեծը դու ես: Չեմ խմի, որպեսզի չմտածես` խմիչքի ազդեցության տակ եմ: - Ցավը մոռանալու համա՞ր շուտ ամուսնացաք: - Մաղձից ազատվելու: Եվ ում հետ` գիտե՞ս: - Ոչ: - Նրա ընկերուհու: Ամենաքստմնելի արարքը, որ երբևէ կարելի էր մտածել: Ունակ գտնվեցի: Հետո վերլուծելով կատարվածը` ըմբռնեցի, որ նա միջնորդ չէր ուզում` սպասելով իմ կողմից բոլորովին այլ քայլի` նույնքան անսպասելի, սակայն վեհանձն... Պետք է նոր բնակարան վարձած լինեի, մեծ ծաղկեփնջով ծննդատուն գնայի ու որդուս, կնոջս մեր տուն տարած... Գոհարը դարձյա՞լ շատ է կարդում: - Այո, նա ամեն բանում արվեստ է փնտրում, թեև գրքային չես ասի: Ես երկար խորհելուց հետո վճռեցի ձեզ հաշտեցնել: Համոզված եմ` ճիշտ լուծում եմ գտել` գեղարվեստական լուծում: Կարող եք ձեր դստեր հետ գալ: Կծանոթանանք, ի՞նչ է անունը: - Գոհար: - Տանը դեմ չեղա՞ն: - Կնո՞ջս նկատի ունես: Ոչ: Հավանաբար վերքի թարմությունը դեր խաղաց, սակայն հետո քթիցս բերեց. խանդում էր` տեսնելով աղջկաս հանդեպ տածածս սերը: «Դու նրա անունը տալով` մյուս Գոհարին ես հիշում», - շարունակ, մինչև հիմա կրկնում է: Գուցե ճշմարտություն կա ասածում, վստահ չեմ: - Իմ գնալու ժամանակն է, - Տիգրանը ոտքի ելավ: - Վաղը չորսին լինելու ենք սուրբ Զորավորում, հինգին` «Ձորագյուղ» ռեստորանում: Կսպասեմ: - Եկեղեցի կգամ: Արիությունս այս անգամ կհերիքի: Քրոջդ` Գոհարին ևս կառաջարկեմ. մոր հետ է ապրում, բայց հաճախակի հանդիպում ենք, զանգում իրար: Նա, գիտե՞ս, քեզ բավական նման է` նույն շեկին տվող վարսերն են, նույն հայացքը, հասակը` բարձր... - Գուցե բնավորությամբ ևս մոտ դուրս գանք. այդ դեպքում հեշտ կլինի: Դե, գնամ: Առջևում որոշիչ օր է: - Վճռական օր է, ճիշտ ես: ԿՅԱՆՔ է, ԿՊԱՏԱՀԻ - էս ով է եկե՜լ... Նորայրը, որ մեքենան ներս առնելուց հետո պատրաստվում էր փակել դարպասը, ընդառաջ գնաց դրացուն. - Ողջույն: - Խեր լինի` էս ժամին... - Ասի տեսնեմ` ինչ կա-չկա, ամառանոցս, հո, չի՞ փախել: - Արխային` ամեն բան տեղում է: Շորերդ փոխիր, բան եմ ցույց տալու: Մնալո՞ւ ես: - Դեռ չեմ որոշել, - կամենում էր ասել` ինձնից կախված չէ, չհասցրեց: - Պրծի... - Լույսերը չվառե՞մ: - Սպասում եմ, չուշանաս: Ես գնամ գոլորշուն նայեմ: - Ո՞վ էր, - երբ ետ եկավ, հարցրեց աղջիկը, որ դեռ չէր իջել մեքենայից: - Ամառանոցի հարևանս է` Վաչո պապը: Պիտի այնպես անենք, չիմանա, - ընթացքում Նորայրն իջեցրեց մթերքը, բացեց տան դուռը: - Հյուրասենյակն է, ձախում խոհանոցն ու զուգարանն են: Ջուրը հորից ենք հանում: Հիմա կմիացնեմ շարժիչը, թող բաքը լցվի: Մաքուր է, սակայն չխմես. աման-չամանի, լվացքի, մեկ էլ ոռոգման համար է պիտանի: - Որտե՞ղ ես քնում: - Ուր ենք քնելո՞ւ, - հարցը բազմանշանակ փոխադարձեց Նորայրը, - ննջարանը երկրորդ հարկում է: Թե՞ համաձայն չես: Աղջիկը խոնարհեց հայացքը: - Տեսնեմ հարևանս ինչ է ասում ու գամ, հա՞, - նա թեթևակի գգվեց աղջկան: - Չեմ ուշանա, Ան: - Կուզե՞ս մարեմ լույսը: - Ի՞նչ կարիք կա: - Կողմնակի աչքեր են, հանկարծ ու նկատեցին: - Հեգնո՞ւմ ես: - Ամենևին: - Հո խավարի մեջ չե՞ս նստի: Տարվա այս եղանակին պապից բացի մարդ դժվար գտնվի: Ինքը չլիներ, լրիվ կթալանեին: Մինչև սեղանը գցես, կգամ: - Գուցե նրա համար և՞ս ափսե-բաժակ դնեմ, եթե մտերիմ եք: - Տարիքային տարբերությունը մեծ է, խորշոմներից ամաչում եմ: - Քեզ համար եմ մտահոգ: - Թե գլխի չընկավ, չեմ կանչի, թե ընկավ, ճար չունեմ, պիտի հրավիրեմ: Ինչպես սովորաբար, վառ էին դրացու բակի, տան լույսերը. նա էլեկտրիկի հետ լեզու էր գտել և հոսանքը խնայելու խնդիր չուներ: - Վաչո պա՜պ, - կանչեց: - Արի՛, - ձայնը տան թիկունքից եկավ: Հարևանը սրվակը լույսին դեմ արել, նայում էր. - Անտեր ակնոցն ո՞ւր կորավ: - Ի՞նչ բանի ես: - Հլա տես քանի՞ աստիճան է. աչքդ սուր է: Անոթում հեղուկ էր, մեջը` ջերմաչափի պես բան: - Ինչի՞ն նայեմ: - Խազը որի՞ վրա է: - Ջրի բերանի՞նը` ութի: - Այ տղա, ութսուն գրադուսանոց ջո՞ւր կլինի: Ցքի է: - Չհասկացա: - Ցքին չգիտե՞ս: Ուսումնականիս տես` արաղ է: - Օղի ես թորո՞ւմ: - Այո՛, - Վաչագան պապը սիրում էր շեշտել բառը, երբ գրականի էր անցնում: - Ես էլ մտածում եմ` էս եղանակին ի՞նչ է շինում դրսում: - Մի բաժակ խմիր, տեսնեմ կասե՞ս` ցուրտ է: - Ավտոյով եմ, - թույլ առարկեց: - Տունը մտքիցդ հանիր. առավոտը կգնաս: Հո չնեղացա՞ր: - Ինչի՞ց: - Որ ասի` ուսումնական: Ճիշտը խոստովանեմ` «ցքի» բառը ես էլ եմ նոր սովորել: Ձեռս «Աստվածաշունչ» է ընկել` այնտեղ հանդիպեցի: - Լուրջ-լուրջ դրել, կարդում ես... - Պարապությունս պիտի՞ մի բանով լցնեմ: - «Աստվածաշունչ» ու արաղ` ես էլ հավատացի: - Բերե՞մ: - Դու սարքը ցույց տուր` ո՞ւր է: - Խնդրե՛մ, - բառը դարձյալ կարևորելով` նա ետ տարավ միջնորմի դեր կատարող վարագույրը: - Նու դա՜, - ակամա ռուսերենի անցավ Նորայրը: - Էս, հո, մի ամբողջ գործարան է: Որտեղի՞ց: - Ինքս եմ սարքել, - հարևանն ըմպանակը պահեց խողովակից եկող հեղուկի տակ: - Քիչ կլցնես: - Հո հիվանդ չե՞ս, վախեցար: - Ինչի՞ց ես քաշում: - Խառը` տանձ է, խնձոր, քիչ հոն ունեի... - Շուտ ասեիր. ծառերի տակ միրգը թափած էր, տանձը` մանավանդ: - Գալիս ես, որ... - Բա դո՞ւ. չես խմո՞ւմ: - Սպասիր բաժակ գտնեմ: Նորայրը հոտ քաշեց. - Ոչինչ, հաճելի բույր ունի: - Հոնի շնորհքն է: Պապի գավաթը ևս լցվեց: - Տաք է, կխմվի՞: - Էն էլ` ոնց: Էհ, բարի տեսանք, - նա չխկացնելուց հետո սպասեց հյուրի խումին: Նորայրը, սովորույթի համաձայն, միանգամից կուլ տվեց պարունակությունը: - Հը՞... - ... - Չխեղդվես, մեր տղա: - Թունդ էր, - մի կերպ կարողացավ արտաբերել: - Տնականն ուժեղ չեղավ, չի խմվի. երկրորդ բերանն եմ քաշում: Տես` ինչ զուլալ է: Շշերի մեջ հավաքածը լցրել եմ պղինձը, մեջը փայտածուխ գցել ու... Նոր սկսել է եռալ: Մի ժամ հետո բացեմ, կտեսնես: Հոսանքը թույլի վրա փոխեցի, որ չտա կափարիչը պոկի: - Մի ողջ գիտություն է: - Եթե հետս ընկերություն անես, կսովորեցնեմ: Գնամ թթու հանեմ: Պանիր կա, հաց, սոխ, քթից ծուխ հանող բիբար: - Մի բեր, խնդրում եմ: - Ի՞նչ է խոսում: Հազիվ եկել ես: Գիշերը չեմ քնելու: Ահագին փլուշ է մնացել. մանրից կխմենք, նարդի կխաղանք, - նա ոտքով դիպավ տակառին: - Հրե՛ս: - Միջինն ի՞նչ է: - Համա թե հարևան ունեմ, հա՜: Էն նյութն է, որից օղի են քաշում` հավաքածս միրգը: Թողել եմ քաղցուն լրիվ թթվի, էնքան, մինչև ջուրը երես դուրս գա: Հետո լցրել եմ կաթսան, բերանը խմորել, որպեսզի շոգու կորուստ չլինի: Խողովակը տեսնո՞ւմ ես. սրա մեջ ջուր է: Մի կողմից մտնում է, մյուսով դուրս գալիս: Բարակով` չժանգոտվողով գոլորշին է անցնում, ճամփին դառնում արաղ, որ ես, դու, քեզ նման լավ մարդիկ խմենք: - Քանի՞ լիտր դուրս կգա: - Եթե տակառի եղածն էլ քաշեմ, քսան` հեչի պես: Ինձ ու քեզ հերիք կանի: - Խմելու անուն չտաս. ես չկամ: - Քեզ է թվում: Նստիր, հացը բերում եմ: - Մի լրջացրու, պապ, չեմ ուզում: - Կնեղանամ: Որ գնացիր, ի՞նչ ես անելու: Նորայրը բացատրություն չէր գտնում: - Չկա զբաղմո՞ւնք, - ասաց: - Սրանից լավ գո՞րծ: Թե՞ հեռուստացույցի ստերը պիտի լսես, պատգամավորների պոռոտախոսելը: Կներես, մոռացա, որ Ազգային ժողովում ես աշխատում: Նորո, ճիշտ, դրանցից գոնե մեկնումեկը ժողովրդի մասին մտածո՞ւմ է: - Ազնիվներ կան: - Չհավատացի: Համ էլ` ազնիվը քիչ է. թող գործ անեն: - Դե, օրենք է, ընդունում են: Դա էլ իրենց աշխատանքն է: - Որ գրեցին, ո՞վ է բանի տեղ դնողը, մեկը` իրենք: - Արդեն քաղաքականության անցար: Գիտես` կուշտ եմ: - Ճիշտ ես ասում: Դու բաժակները տակը պահիր, հացը բերում եմ, - կեսճամփից ետ դարձավ: - Ուրիշն էլ ունեմ: Նախորդ անգամվա քաշածս մաքուր սև սալորի է, կուզե՞ս: - Արդեն մեկ է, - հանձնվեց Նորայրը: - Ապրե՛ս, - հաղթությունից անթաքույց գոհ` ընդգծեց Վաչո պապը, սակայն նկատելով հյուրի գնալը՝ աճապարեց ետքից: - Ու՞ր: - Դռները փակեմ, - դժկամ նետեց Նորայրը: Աղջիկը մթերքը սեղանին դասավորել, սպասում էր: - Ուշացա՞: - Կարևորը` եկար: - Պրծնել հնարավոր չէ: Օղի է թորում: Մենակությունից, երևում է, գժվել է, - նա բացեց կոնյակի շշի բերանը: - Կկարողանա՞մ: - Եթե ես նոր քաշածը գոլ-գոլ խմեցի... Չես պատկերացնի, որքան թունդ էր: - Երևում է: - Ինչի՞ց: - Աչքերդ արդեն փայլում են: - Իմը խմիչքից է, քոնը` բնական: Կենացդ, Ան, միշտ այդպես` ժպտուն, հմայիչ... Խմեցին, Նորայրը` մի ումպով, Անին` դանդաղ, ըմպանակի եզրը հազիվ շրթունքին հպած: - Պապի ցքուց հետո` ասես ջուր լինի: Լսած կայի՞ր` ցքի, հետաքրքիր բառ է, ոնց որ ճապոներեն խոսես. նրանք բրնձօղուն սաքե են ասում: Ցքե-սաքե, գրեթե նույնն է: - Ինչո՞ւ չես նստում: - Կոկա լցնե՞մ, - հարցն անպատասխան մնաց: Անին գլխով արեց: - Եթե ցուրտ է, տաքացուցիչը միացնեմ: - Սա, - աղջիկը մատնացույց արեց բուխարին: - Առաջին անգամ եմ տեսնում: - Հաց ուտենք` նոր: Ո՞րը տամ, - առանց սպասելու պատասխանի, տղան մեջքամսի ընտիր կտորներից մեկը տեղափոխեց Անիի պնակը: - Հերիք է: - Պատառաքաղը մի կողմ դիր` ձեռքով... Այսպես ավելի բնական է, - Նորայրը խորտիկն ատամների տակ առավ: - Երիտասարդ, ի՞նչ եղար, - լսվեց դրսից: Երկուսով իրար նայեցին: - Կանչի` գա: Բերանի պարունակությունը խանգարում էր: Մի կերպ կուլ տալով` Նորայրը մղվեց դուրս: - Գալիս եմ, - չէր կամենում դրկիցն առաջանա: - Հիմա ինչո՞ւ է կանչում, - երբ ետ եկավ, հարցրեց Անին: - Չի ուզում մենակ թողնել: Իր հաշվով` լավություն է անում: Սեղանին եղածից բացի, խորոված մնացե՞լ է: - Կեսից շատը տոպրակում է: Լավաշով փաթաթել եմ, չսառչի: - Կոկա, ջուր էլ վերցնեմ: - Գնո՞ւմ ես: - Քեզ համար կեր-խմիր, մինչև գլուխս ազատեմ: Անին ուսերը թոթվեց: Շշերը տեղավորող Նորայրը սրտնեղանքը չտեսավ: - Դարպասի դուռը ապահովության համար կփակեմ: - Նորո, - վերստին լսվեց: - Գնացի: Չտխրես, - նա օդային համբույրով հավաստելով սերը` շտապեց ձայնի ուղղությամբ: Հարևանը, մեքենային կռթնած, սպասում էր: - Ջրի ձայն եմ առնում: - Շարժիչը միացրած եմ թողել. բաքը լցվեց: Պահիր, - նա ձեռքի մոմլաթե տոպրակը մեկնեց պապին: Անջատիչը խորդանոցի սյուներից մեկի վրա էր` անձրևից պատսպարված տեղում, բարձր, որպեսզի պատահական ձեռք չհասնի: - Փոխվեիր, - դիտողություն արեց Վաչագան պապը, - փոշի եղար, - ու թափ տվեց տղայի բաճկոնին կպած սարդոստայնը, թևքով մաքրեց կավճի հետքերը: - Բանի վրա ես: Լամպն այրվել էր, մինչև գտա... Դուրս արի, դուռը փակեմ, - նա ջանում էր, որքան հնարավոր է, հարևանին շուտ հեռացնել բակից. Անիի ելնել-շարժվելու դեպքում պապը կզգար, կնկատեր ստվերի խաղը: - Լույսերն ինչո՞ւ չես մարում: Փող շատ ունե՞ս, - հետո ինքն էլ պատասխանեց: - Ասա փողն էլ, հո, խելք չէ՞, որ չունենամ, - ու ինքնագոհ քրքջաց: - Դու քո մասին խոսիր: - Մոռացե՞լ ես իմ երկրորդ` ձախ գիծը: Հաշվիչի տակ լիներ, օղի՞ կկարողանայի քաշել: Հոսանքը, որ ես եմ վառում, քաղաքի մի շենքի հերիք կանի: - Հետո պատգամավորներից կդժգոհես: Թե՞ քոնն օրենք խախտել չէ: - Ձուկը, տղաս, ձուկը գլխից է հոտում: Լույսի մարդուն ամեն ամիս տվածս տասը հազարից, կարծում ես, ղեկավարությանը չի՞ հասնում: Ինքն առաջարկեց, չհամաձայնեի՞: - Եթե արդարության պաշտպան ես, դեմ գնայիր: - Ձմեռը դուրս գա, կասեմ կտրի, որ էլ ամոթանք չտաս: Պետքս չէ: Նա դատարկ շշերը հավաքել էր սեղանից, ուտելիք դրել: - Ձեռքինս ի՞նչ է, տվիր: - Խորոված է, կոկա, հանքային ջուր: - Բայց դու ի՞նչ կերպար ես. խորոված ունեիր, ու ձայն չէիր հանում: Մենակ էիր ուտելո՞ւ: - Թողնո՞ւմ ես, մարդ շունչ քաշի. վրա ես տալիս: Չմտած` բաժակը դեմ արիր: - Մեր տղա, քեֆ ենք անելու: - Կես ժամից ավել չեմ մնա: - Նորից պոզերը տնկեց: Սալորինն եմ դրել` մառանից նոր հանած: Ձեռք տուր, ինչ պաղ է: Սա էլ մաճառը: Գալ տարի ծիրանից ի՜նչ արաղ եմ քաշելու... - Մաճառ կխմեմ: - Մի-մի թաս առյուծի կաթից զարկենք, հետո կամքը քոնն է, թե բան ասեմ, ել ու գնա: Խմեցին, ախորժակով կերան: - Անմահական թթու է, - խրթխրթոցով ուտելով վարունգը` մնում-մնում ասում էր Նորայրը: - Հոյակապ խորոված է, - փոխադարձում էր Վաչո պապը, որ դանդաղ, վայելելով էր ճաշակում` միսը նախապես դանակով մանրատելով: - Որտեղի՞ց առար: - Ջրվեժի ճամփից: - Վաղուց չէի կերել: Չիմանաս ձեռս քարի տակ է: Եթե քնելուց առաջ սպաս կամ մածուն չուտեմ, օրս օր չէ: Իմը կաթնեղենն է: - Գնացող-եկող կա՞: - Համարյա` չէ: Տղաս, գիտես, Շվեդիայում է, աղջիկս էր մեկ-մեկ գալիս, էն էլ ամուսինը Մոսկվա կանչեց, գնաց: Ոնց էլ գտնում են անտերների ճամփեքը, զարմանում եմ: Որ չե՞մ լսում` այսինչի զավակը Կանադայում է, մեկելինը` Ավստրալիայում, մնում եմ ապշած: Ասա` մնացեք, տեր եղեք ձեր հողին: - Մեկը` քոնը. Սկանդինավյան թերակղզի: Մի աշխարհ հեռու է: Ինչո՞ւ արգելք չեղար: Խոսում ես, էլի: - Ասողին լսող է պետք: Ինձ մնար, կթողնեի՞: Գուրգուրանքով մեծացնես... Ես` հեչ, գլուխս կպահեմ, թեև, ի՞նչ թաքցնեմ, գումար սկսել է ուղարկել: Երկիրն է մեղք. օդը շնչեն, ջուրը խմեն, հացն ուտեն, ուսում ստանան ու չվեն: Եղա՞վ: Ես դրանց մարդ ասողին... Առաջինը` իմը, թյու... Նոյի ագռավ չեն, բա ի՞նչ են: Լցրու: Մեկական գավաթ ևս ըմպեցին, պապը` վճիտ օղի, Նորայրը` անապակ մաճառ: - Խմիչք եմ ասել... - Զգույշ, որ բռնեց... Մրսո՞ւմ ես, բան գցե՞մ ուսերիդ, - պապը ձգվելով` պատից ցած բերեց մորթե միջուկով անթև բոճկոնակը: - Պահի: Հոգատար քայլը հուզեց արդեն գինով Նորայրին: - Արի քեզ ամուսնացնենք: - Հո չասի՞ր: - Վա՞տ կլինի` մեկին բերես. հա ու չէիդ կհասնի: - Թեման փոխիր, Նորո: Խնամողն էր պակասում` ինձ ի՞նչ է եղել: - Գտնելը վրաս: - Տղա, վազն արի: Խմիչքն իսկապե՞ս ազդեց: Վերջ` չխմես: - Հյուրին, ո՞վ է լսել, արգելեն: Օղի չեմ ուզում` մաճառ: Ի՜նչ էլ կարմիր է: - Նույնտեսակ խաղողից է` Արենի: Հիվանդի դեղ է, եթե օրը մի բաժակով գոհանաս: Գարնանն էտելիս կտրոն կվերցնեմ: Հենց կանաչեց, կտեղափոխենք քո այգին: - Բախտս բերեց` քեզ պես հարևանի հանդիպեցի: Կենացդ, Վաչագան պապ: - Դու ջահել ես, առաջինը քոնը խմենք: - Չի լինի, սկզբում պարտադիր` մեծինը: Պապը փոխեց կաթիլվող օղու տակ դրած ապակյա ամանը: - Էս մեկն էլ լցվի, բոլ-բոլ է: Մնացածի վրա փլուշ կավելացնեմ, թող նորից եռա: Ինչի՞ց էինք խոսում: - Կնոջից: - Խաղողից: - Ոչ, քեզ լծակից գտնելուց: - Համա բառ գտար: Տո՛, հիմա քեզ դառնամ` ինչո՞ւ չես զույգվում: Եղար քանի՞ տարեկան: - Երեսուներկու: - Շատ ես ուշացրել. ձգելու տեղ չունես: - Շուտով կամուսնանամ: - Քամի մի արա. երեք տարի է մեր փողոցում տուն ես առել, անընդհատ նույնն եմ լսում: - Գնա՞նք հարսնացուիս հետ ծանոթացնեմ: - Ասի՞ մի խառնի. օղին ու մաճառն իրար հետ չունեն: - Պապ, հարբածի տեղ մի դիր: - Բան ե՞րբ ասի: - Հիմա չես գալի՞ս մեր տուն: - Քաղաքի՞: - Այստեղ է: Դուռը փակել եմ վրան, եկել: Հրես զանգեմ: Բջջայինը չմիացավ. մարտկոցը նստել էր: -Քոնը կտա՞ս: -Ինչի՞ս է պետք: Չէ, շատ խմեցինք: - Դու` գուցե: Քեզ չեմ լցնելու, - Նորայրը ձեռքը մեկնեց մաճառին: Անզգույշ շարժումից թևքը կպավ օղուն: Շիշն ընկավ, փշրվեց: - Կներես, պապ: - Փորձանքն անցավ: Ինչ լինում է, թող անշունչ առարկային լինի: - Խմեմ ու գնանք: - Ինձ լսիր. արի սեղանը հավաքեմ, նարդի գցենք: - Ոչ մի խաղալ: Ասում եմ` աղջիկն սպասում է: - Անո՞ւնն ինչ է, - հեգնանք կար Վաչո պապի հարցում: - Անի: - Ծնողները որտեղացի՞ են: - Չեմ հարցրել, ինքը Երևանից է: - Աշխատանք ունի՞: - Նորավարտ է, դեռ գործ չի գտել: - Ես էլ հավատացի: Պաշտոնյա մարդ ես, մեկին զանգիր, թող տեղավորեն: - Չի կարելի: - Բոլորին կարելի է, քեզ` չէ՞, - ապա խոսքը փոխեց: - Մինչև չիմանաս հոր, մոր ով, որտեղացի լինելը, մատանի չդնես: - Ծնողների հե՞տ եմ ամուսնանում: Կարևորն աղջիկն է: - Պտուղը, չե՞ս լսել, ծառից հեռու չի ընկնում: - Սկսվեց... - Հազար հարց կա: Ման եկած չլինի` առաջին... - Չէ մի... - Ի՞նչ իմանաս, մանավանդ` հիմա: Առողջ մեկին առ, քեզ որձ երեխա բերի` պինդ, որ մեծանա, առնահուտ զինվոր դառնա, սահման պահի: Վերջին բաժակը... Սպիտակից լցրու: - Ինձ չի թողնում, իսկ ինքը, տես... - Բանակայինի կենացը պիտի ամեն սեղանի խմվի: Նրանց շնորհիվ չէ՞, որ հանգիստ քեֆ ենք անում: Ով գիտի` Օմարի բարձունքում հիմա ինչ եղանակ է: Ձյունը, հաստատ, նստած կլինի, էն էլ ինչքան` մարդահասակ: Երեք հազար մետրից բարձր է, հանաք չկարծես, - նա Քարվաճառի կռվին էր մասնակցել, բարձրերում դիրք բռնել: - Ցրտից դեմքերիս կաշին պլոկվում էր: Հա՛, Օմարն էլ, իմացած լինես, մեր Ամուրն է, թուրքն է դիտմամբ փոխել: - Ոտքի վրա խմենք, - Նորայրը ելավ աթոռից: - Նրանց հետ և քոնը, բոլոր հին ու նոր ռազմիկներինը. հրամանատար, զինվոր` բոլորն արժանի են: - Ես ո՞վ էի նրանց կողքին: Տղերք եմ ասել` խիզախ... Հազար երանի ծնողքին... Չէ` իմի պես. Շվեդիա, օտար կնիկ... Թյու: - Դու քո բաժինը կռվել ես, քո խիղճը հանգիստ է: Ես, ա՛յ, ամաչում եմ: - Մարդ կա, էդ էլ չի ասում: - Պատմել եմ` հայրս քաղցկեղով հիվանդ էր, խնամող չկար: - Էհ, ո՞ւմ կյանքը թերթես, ցավ, վիշտ ու արցունք չլինի: - Մեկ է` ինձ չեմ ներում. պիտի գնացած լինեի, - նա ձեռքը զարկեց ծնկին: - Ամո՛թ: - Քեզ պահի, հանկարծ լաց չլինես. տղամարդուն վայել չէ: - Թուլասիրտ չեմ, - Նորայրը դժվարությամբ ժպտաց: - Գլխավորը թողինք: Բա սա երկարացնելո՞ւ կենաց էր: - Մեղավորը ես եմ. շատ ձգեցի: Արևշատություն` ովքեր կան և հազար ողորմի հեռացածներին: Ըմպելուց հետո մի-մի պատառ թթու առան բերանները: - Այլևս` վերջ: - Համաձայն եմ: - Սարքն անջատեմ` հերիք է: Որոշել էի տակառի եղածը գինու տկուցքի հետ քաշել, քանի ձյուն չի նստել, բայց միտքս փոխեցի: Սեղանը հավաքեմ, նարդի խաղանք: - Մեր տուն ենք գնում: Հարսնացուս մնաց: - Նարդին ձեր կողմը տանե՞նք: - Հաշվիր` հինգով զրո կրել ես: - Կարող է երեք մա՞րս եմ անում` 6-0: - Թող քո ասածը լինի: Շարժվեցինք: Պապ, չմոռանաս խոստացածդ: - Մտահան եմ արել: - Խաղողի մատերը: - Արենու՞` աչքիս վրա: - Արևկող տեղ կտնկենք` մի քանիսը: Թող ելնեն, փռվեն... Ջունգլի, ջունգլի եմ դարձնելու բակը: Հանելու եմ ավտոտնակի տանիքը, սյուներին փաթաթած հասցնելու եմ ննջարան: Պատկերացրու, պապ, լուսամուտը բացում ես, ողկույզները կախված են... Ան, հյուր ունես, դիմավորիր: Նորայրն առջևից, Վաչագան պապը` ետքից մտան պատշգամբ: - Մենք եկանք: Հյուրասենյակը դատարկ էր, սեղանը` հավաք: Ծխահոտ կար. Անին փորձել էր վառել բուխարին: - Դու նստիր, տեսնեմ աղջիկն ուր է, - բացեց խոհանոցի դուռը, մտավ զուգարան, ելավ: - Այստեղ խորոված կա, բերե՞մ: Կոնյակ ունեմ... - Տրաքվելու չենք: Շարունակեց փնտրտուքը: Հիշում էր` ննջարանի դուռը չի բացել, կողպած է: Խորդանոցում ի՞նչ ունի անելու: Մնում էր այգու խորքերը նայել: - Անի, որտե՞ղ ես, - ձայնեց: - Ներս արի, Նորիկ, կմրսես: - Ա՜ն... - Նարդին շարել եմ, եկ: Թե մեքենան լինի մտած... Աղջիկը չկար ու չկար: - Ըստ քեզ, ո՞ւր կլինի: - Ո՞վ, Նորո: - Անին: Մի ժամ է ո՞ւմ եմ ման գալիս: - Քիչ առաջ, մեր տղա, Աննա էիր ասում, հը՞, թե՞ Անահիտ է անունը կամ` Անուշ, Աննման, - փորձեց կատակի տալ պապը: - Ասի` Անի: - Անին երբվանի՜ց իրենց տանը տեղաշորում մուշ-մուշ քնած է: Նարդին թողնենք վաղվան: Բարձրանանք, պառկիր: Ես էլ գնամ` առավոտից ոտքի վրա եմ: - Առանց Անիի ոչ մի քնել: Պիտի գտնեմ... - Երազում կտեսնես, ոչինչ: - Մինչև հիմա չի հավատում, որ մենակ չեմ եկել, - նա բացեց սառնարանը: - Ուտելիքը տեսա՞ր: Ինքն է տեղավորել, բաժակ-ափսեն անգամ լվացել է: - Ուրեմն` տնարար աղջիկ է: Մնում է տեսքով լինի, հասակը պարտադիր` բարձր: Այդ դեպքում համաձայնությունս կտամ, կասեմ` նշանվիր: Ելանք, ուշ է: - Եթե գնացել է... Ախր, դուռը փակ էր, ո՞նց: - Օդով, թև է առել, սիրուն թռել է: Բանալին ինձ տուր, ես փակեմ: Ապրե՛ս: Հիմա մտիր թևս: Ու՞ր... Քնելու: Վատ ես զգո՞ւմ: Ոչինչ, ետ տու, մի ամաչի: Ծառի տակ, ծառի... Այ, այդպես: Էլի՛, էլի՛... Մի վախենա, չես մեռնի: Հիմա հանգստացա՞ր, էլ չի՞ խառնում: Թաշկինակդ հանի, թե՞ չունես: Զորանաս: Վերևի դռան բանալին ո՞րն է: Լավ, լավ, դու բաց: Լույսը... գտա: Հիմա հանում ես կոշիկներդ... Քո մահճակալը, ասում ես, լուսամուտի տակի՞նն է: Շալվարը, ոչինչ, թող մնա, դրանով էլ պառկիր: Վերմակով չծածկե՞մ: Եղավ... Հետո, եթե մրսես, կքաշես վրադ: Դե, ես գնամ: - Անին վիրավորվեց, նեղացավ ինձնից: - Քեֆով մարդուց չեն նեղանում: Դու քնի... - Նա լավ, կարգին աղջիկ է: - Խոսք չունեմ: Վաչագան պապը հանգցրեց լույսը, ննջարանի դուռը ետևից գոցեց, իջավ, որ գնա: Աչքին ընկավ պարսպին հենած սանդուղքը: - Աստիճանն ինչո՞ւ է դուրսը թողել, վաղը-մյուս օրը ձյուն կդնի, գողություն-բան կա: Վերցրեց, տարավ խորդանոց: Բակում ոտքը կախ գցեց: Ականջում մայրուղուց հասնող խուլ աղմուկն էր, լսողությունն ուրիշ ձայն չառավ: - Չվատանա՞ հանկարծ: Դույլը տանեմ վերև, մարդ ես...- դարպասը կողպելիս մտահոգ որոշեց: Ետ եկավ, գտավ ոտք լվանալու տաշտը, վերստին բարձրացավ ննջարան: Նորայրը, գլուխը պատի կողմը, քնել էր: Շրջեց հակառակ ուղղությամբ: Ործկալու պատճառով դեմքը դժգունած էր: Վերմակն զգույշ վրա բերեց, ելավ: - Ասի, չէ՞, մաճառն ու օղին մեկմեկու թշնամի են: Չպիտի թողած լինեի. խմիչքը տվել է գլուխը, միտքը պղտորել... Լույսը բացվի, հարցնեմ` տեսնես կհիշի՞ ում անունն էր տալիս: Հնարավոր է, իրոք, մեկին գտել է: Թող ընտանիքավորվի, ճաշարանների հույսին ինչքա՞ն մնա: Հարսանիքին թե կանչեց, խորովածն ինձնից: Փողոցն ի վեր մեկը գալիս էր: Ձեռքին բջջային հեռախոս կար: Շողքն ավելի շատ պատերին էր պահում, քան ոտքերի առաջ: Բան էր փնտրում: Չլինի՞ ճիշտ էր Նորոն` Անին է: Վաչագան պապը քխկաց` պատրաստվելով ձայն տալ: Օտարականը, հանկարծակիի եկած, վարանքոտ կանգնեց: - Առաջ արի, հայ մարդ եմ, - պապը փոխադրվեց բակից փողոց հասնող լույսի տակ: Թող իմանա` հոր տարիքին եմ, - խորհեց, - չերկյուղի: - Նորիկի՞ն ես ման գալիս, - տեսավ` դիմացինը հապաղում է, հարցրեց. դեռ լիովին վստահ չէր, թե դիմացինը կին է: - Դուք Վաչագան պա՞պն եք: - Ես եմ, աղջիկս: Մենք էլ քեզ ենք ման գալիս, - նա փութաց առաջ: - Նորայրն ո՞ւր է: - Վերևում պառկած է: Թեթև վատ է զգում: - Հո բան չի՞ պատահել, - աղջկա ձայնում անհանգստություն կար: - Չէ: Ի՞նչ պիտի եղած լինի: Բա դու ո՞ւր էիր: - Ուզում էի Երևան գնալ: - Նեղսրտել ես: Մեղավորը ես եմ: Նորիկն ասում էր` գնանք, տանը մարդ կա, հյուր ունեմ, չէի հավատում: Պահեցի ու պահեցի: Դուռը փակ էր, ո՞նց դուրս եկար: - Տեսա` չի գալիս, աստիճանը գտա` խորդանոցում էր, ելա պատին... - Բա իջնե՞լը: - Մի կերպ` փոխեցի տեղը: - Լավ էլ ուժդ պատել է: Ես հետո տեսա: Ասում եմ` Նորոն սանդուղքն ինչո՞ւ է թողել դրսում: Հիմա որ մտածում եմ` ո՞նց կարող էր նա դրած լինել ու չտեսնեի. ամեն օր մտնում-ելնում եմ: Չէ, շատ խմեցինք, - նա ձեռնափով շփեց ճակատը: - Մեր կողմ գայիր: - Ձեր դուռը ներսից փակ էր: - Երևի ձեն էլ ես տվել: Տան թիկունքն էինք: Եթե լավ գոռայիր, կլսվեր: Ներող եղիր: Անի է, չէ՞, անունդ: Ոչինչ, կյանք է, կպատահի: Նորիկը, իմացիր, քեզ շատ է սիրում: Գժվել էր: Զորանաս, որ չես գնացել: Երևում է, հալալ կաթնակեր ես: - Մեկը կանգնեց, բայց վախեցա. մենակ էր: - Հիմա հազար տեսակ մարդ կա, ի՞նչ պետք էր: Հրես բացեմ դարպասը: Առ բանալին, ներսից կողպիր ու գնա վերև: Ճամփան գիտե՞ս: Մանսարդի ելումուտը պատշգամբով է, աջի վրա աստիճաններն են: Հիմա սրտովս եղավ: Թե չէ` անհանգիստ էի. հանկարծ սիրտը նորից թափեր... Բարի գիշեր, - արդեն փողոցից. - Հետդ, մեր հարս, ջուր վերցրու. գիշերը Նորոն կծարավի: ՍԵՐՆ Է ՏԱՐԵՄՈՒՏԻՆ ԹԱԿՈՒՄ ԴՈՒՌԸ Երկրորդ թակոցի վրա Հայկը բացեց դուռը: - Կներեք, ուշ ժամի անհանգստացնում եմ, - հարթակին կանգնածը կլիներ քսան տարեկան` ոչ ավելի: Ձեռքին թափանցիկ տոպրակ էր, մեջը` շշով ձեթ: -Ձեր հարևանուհին եմ: - Ողջույն, -հիացքը մի կերպ թաքցրած` չհնչած բարևին արձագանքեց տղան, հետո սթափվելով` լրեց: - Համեցեք: - Ոչ, ոչ, - ընդդիմացավ օրիորդը: - Բա՞ն է պատահել: - Տատիկս դուռը չի բացում: - Ջղայնացրե՞լ եք: - Նոր տարուց առաջ ո՞վ է ում նեղացնում: - Ձերը ո՞րն է, - հասկանալով, որ դիմացինը տուն մտնելու հրավերքը մերժում է, Հայկը ելավ հարթակ: - Սա, - ձեռքը մեկնելով զանգի սեղմակին` աղջիկը երկար բաց չէր թողնում: -Չեմ հասկանում: - Բանալի չեք վերցրել, - խելամիտ լուծումի համար տղան անհարկի հարցերով ժամանակ էր շահում: - Իջա խանութ բան առնելու, ո՞ւմ մտքով կանցներ: - Հնարավոր է` քնած լինի, - Հայկն ուժգին բախեց: - Իմ դուրս գալու պահին հաղորդում էր նայում: - Գուցե բա՞րձր է միացրել. շա՞տ է տարիքով: - Յոթանասուն, բայց լսողությունը տեղն է: - Կներեք, նոր մարդ եմ, դեռ ոչ մեկին չեմ ճանաչում, - արդարացավ: - Գիտեր, որ տակի մթերայինն եմ մտնում: Գնալ-գալը որքա՞ն կտևի, հի՞նգ, թող լինի տասը րոպե: - Կարող է մերը բացի՞, - նա միջանցքում կախած վերարկուի գրպանում գտավ բանալին: - Միայն վերևինն է փակ: - Տեսնենք կմտնի՞, - տղան փորձեց բանալին: - Չի լինում: - Անգլիական կողպեք է` ինքն իրեն փակվող: Եթե դանակ լիներ... - Ավելի բարակ, նուրբ բան է պետք: Պատշգամբում մանրատամ սղոց եմ տեսել: Եկեք ներս, գտնեմ: - Կսպասեմ, ոչինչ: - Ցուրտ է, ինչո՞ւ մնաք դրսում: Օրիորդը երկմտանքի մեջ էր: - Առանց վարանելու. հարևաններ չե՞նք, - նա տեղ տվեց, որպեսզի աղջիկն անցնի: - Քննությունների եմ պատրաստվում, - կարդալով հյուրի հայացքը` ամանորից առաջ հայի օջախին ոչ բնորոշ խաղաղության, սեղանին կիտած գրքերի, տետրերի համար որպես բացատրություն, ասաց, - հունվարի երեքին առաջինն է: - Իմն ութին է: - Մի աշխարհ ժամանակ ունեք: Որտե՞ղ եք սովորում, - ընթացքում Հայկը խառնշտում էր պատշգամբի դարակները: - Աշխարհագրականում: - Գտա, - տղան վերադարձավ` ձեռքին սղոցի մի կես: - Կոտրված է, սակայն կարևորը` տեղ անի: Վերադարձան հարթակ: - Իզուր էլ ման էի գալիս. շրջանակը չի թողնում: Երկաթից չլիներ, կտաշեինք, լեզվակի հատվածը կարելի էր սղոցել: Ուրիշ բան մտածենք: Կրակին ճաշ չե՞ք թողել, հրդեհի, վառվելու վտանգ չկա՞: - Չէ: Տատի, տատի...- աղջիկը սրտմտած` մատը դարձյալ հպեց կոճակին, - ի՞նչ եղար: - Ճնշումից, սրտից չէ՞ր բողոքում: - Վատ բա՞ն մտածեցիք: Ժիր է, թողնես` մի րոպե չի նստի: - Ձեթի համա՞ր էիք խանութ իջել, - Հայկը թեման փոխեց: - Տվեք մի տեղ դնեմ, մինչև բացենք, - և տոպրակը հենեց զարդահայելուն: - Ուզում էի ավելուկի վրա լցնել, տեսա` պրծել է: -Ժամը քանի՞սն է, - աղջիկը փոքր ինչ խուճապի մեջ էր: - Իմ պատճառով դուռը բաց եք պահել, կցրտի, գոնե ծածկեք: - Որ ասեմ` ժամացույց չունե՞մ: Այսինքն` ունեմ, բայց չի աշխատում: Արհեստանոց պիտի տարվի, մոռանում եմ: Ինձ թվում է` տասը: - Տասնմեկն էր, երբ դուրս եկա. Նոր տարուն մի ժամ էր մնացել: - Հեռուստացույցը կմիացնե՞ք: - Դեկոր է, - նեղվեց Հայկը, - հետս տնից տուն եմ տեղափոխում: Դեմի հարևանին հարցնենք: - Ռուսաստանում են` արդեն քանի՜ տարի... - Զանգե՞նք արտակարգ իրավիճակների ծառայություն: - Նման տե՞ղ էլ կա: Կկարողանա՞ն: - Հեչ որ չէ` պարանով կկախվեն: - Երկու հա՞րկ: - Եթե շատ է բարձր, հեշտը պիտի վերևից իջնելը լինի: - Համարը գիտե՞ք: - Կգտնենք: Ծանոթներին հեռաձայնելը ժամանակ խլեց: Մի քանիսը հետաքրքրվեցին` հո բան չի՞ եղել: Տեսնելով` աղջիկը քողարկում է ճշմարտությունը, Հայկը ևս խուսափողական պատասխաններ էր տալիս: Ի վերջո ոստիկանության հերթապահ աշխատակցուհին խորհուրդ տվեց դիմել հրշեջներին, վերջիններս իրենց հերթին ինչ-որ համար տվեցին, որը շարունակ զբաղված էր: Տարաբնույթ զանգերի արդյունքում մեկմեկու անուն իմացան: - Շաղիկ... Քնքուշ անուն է, մտքովս չէր անցել: - Անձնագրով Շողիկ է` մորական տատիս անունը: Կուրսում են Շաղիկ ասում: Արդեն տանն էլ են սովորել: - Քանի՞ տատիկ ունեք. շատ չեղա՞ն: - Ընդամենը երկուսը: Մեկը Թիֆլիսում է, մյուսը փակվել, չի բացում: Չզանգե՞մ... - Ո՞ւր` Վրաստա՞ն... - Մերոնք գնացել են Դուբայ` ապրանք բերելու: Ամսի երկուսին նոր կգան: Հյուրանոցի համարն ունեմ: - Իզուր չանհանգստացնենք, - տղան մտմտուքի մեջ էր: - Իսկ եթե ես մտնե՞մ: Մեր թևի վրա պատշգամբ ունե՞ք: - Ննջարանի կողմի՞ց` իհարկե: - Ապակեպա՞տ է: - Ոչ, բայց դուռը փակ ենք պահում: - Ապակին կհանեմ, - Հայկը վճռական անցավ պատշգամբ, սկսեց հինումին իրերը դեսուդեն տանել. մոտենալու համար տարածք էր ազատում: - Ավելի լավ է դրսի դուռը ջարդենք: - Կես մետրի չափ տարածություն է, զգույշ կանցնեմ: - Հանկարծ ու ընկնեք, չեմ ուզում, - աղջիկը գլուխը կորցրածի պես էր: - Մի անհանգստացեք, - Հայկը ելավ բազրիքին: - Ցած չնայեք: - Հասա, - ոտքի հենարան ընտրելով լվացքապարանի անկյունակը` տղան անհետացավ տեսադաշտից: - Ի՞նչ եղաք, - Շաղիկը դրմփյունից տագնապեց: - Ետ եկեք: - Արդեն ձեր կողմն եմ: - Դուռը փակ է, չէ՞: - Ցավոք` այո: - Իսկ պատուհա՞նը: Հնարավոր է փեղկն ամուր սեղմած չլինենք, փորձեք հրել: - Լավ էլ պինդ է: Ոչինչ, հետս դանակ եմ վերցրել, ապակին պահող փայտերը կթուլացնեմ, դուրս կգա: - Ներսի դուռը տաք լինելու համար բաց ենք պահում: Տատիկս չի՞ երևում: - Միջանցքում լույս վառվում է, սակայն շարժում չկա: Ինչ-որ ձայն եմ լսում: - Երևի հեռուստացույցն է: - Մեխերը քաշելու համար մոռացա գործիք վերցնել: Աջի վրա` պահարանում պիտի լինի... Երրորդ դարակում են: Շաղիկը գտավ աքցանը: - Կհասնի՞, - նա, որքան հնարավոր է, երկարեց ձեռքը: Հայկն իր հերթին ձգվեց` վերցնելու պարզած գործիքը: Այդ պահին օդը լցվեց տրաք-տրաքոցով, հրթիռներ ճայթեցին երկնքում: Անակնկալից աղջիկը բաց թողեց աքցանը: Այն տասներորդ հարկից գրեթե անլսելի ընկավ, հավանաբար խրվեց ձյուների մեջ: - Հիմա կբերեմ: - Գլուխ կհանեմ, մի գնացեք: Անմիջապես տակի հարկից լսելի էր տարեմուտի զանգերի ղողանջը: - Նոր տարին եկավ, այսպես ո՞նց կլինի, - աղջկա ձայնում վհատություն կար: - Հիշելու բան կունենանք, ամենևին վատ մի զգացեք: Երազանք պահեք, կկատարվի, - տղան ապակին զգուշորեն հենեց պատին: - Ներսի կողմինը կոտրելու եմ, այլ կերպ անհնար է: - Ձեզ չվնասեք: - Տատի անունն ի՞նչ է: - Ազգանուշ, Ազգուշ ենք ասում: - Ձայն տամ` չվախենա հանկարծ, կարծի` գող եմ: Շաղիկ, դռռոց եմ լսում: Ինչ-որ բան է աշխատում: Հեռուստացույցից բացի ի՞նչ կա միացած: - Սառնարանը: - Չէ, ուրիշ ձայն է: Կտրվեց: Շաղ...- տղան հուզված էր, - միջանցքի լույսը մարեց: Տատդ ողջ-առողջ է: - Երանի ճիշտ լիներ, - աղջիկն ուժավորվեց: - Այդպես էլ կա` շարժում եմ զգում: Վարագույրը, ափսոս, խանգարում է: Նա է... Երևի քնով էր ընկել, զարթնեց: Իմ մտնելն արդեն իմաստ չունի: Մինչև զանգը տաք, ես մեր կողմը կանցնեմ: - Նման բան չանեք: - Անհարմար չէ՞ տեսնի պատշգամբում: - Խոստացիր, որ կմնաս, - առաջինը մտերմական դու-ի անցավ օրիորդը: - Լավ, - Հայկը ենթարկվեց, - ընթացքում փորձեմ ապակին տեղը դնել: - Խնդրում եմ` ոչնչի ձեռք մի տուր, - հետո, տպավորությունը մեղմելու համար, կեսլուրջ-կեսկատակ գումարեց: - Հարց է` կբացի՞: - Գոնե քաղաքով հիանալ կարելի՞ է: - Անվնաս զբաղմունք է, թույլ եմ տալիս, - առաջարկած դերից չխուսափեց Շաղիկը: - Առայժմ... Մեկտակ ապակին ներսի աղմուկն իսպառ խլացնել անկարող էր, և պատշգամբում կալանված Հայկին լսելի էին թե զանգի ձայնը, թե փականքի շխկոցը և թե խոսքի պատառիկները, որոնք տատի ու թոռնուհու ննջարան մտնելուն պես հստակվեցին: - Հետաքրքիր ես` ինչո՞ւ վերցնեի, - վիճելով` Շաղիկը հասավ պատշգամբ հանող դռանը, սակայն աճապարելուց չէր կարողանում բացել: - Սրան ի՞նչ եղավ: Տատ, լույսը վառիր: Սենյակը լուսավորվեց, վարագույրի թիկունքում ուրվագծվեցին մարմինները: - Ինչի՞դ է պետք, բացում ես: - Մարդը դրսում է, ներս չգա՞: - Մեղա քեզ... - Հայկ, հիմա էլ սա չի բացվում, - նա սկսեց տենդագին պոկոտել կպչաժապավենը, որ հայրն էր գնալուց օրեր առաջ ամրացրել: - Ու՞մ հետ ես խոսում, Շաղո: - Մեր հարևանի: - Էս աղջիկն ինձ չարոց կգցի: Ի՞նչ ես անում, թող, - նա թափով քաշեց դուռը: - Ահան... - Բարև ձեզ, - Հայկը կտրվեց բազրիքից: Կինը շվար` օտարականին հառեց հայացքը: - Ձեր նոր հարևանն եմ, վատ բան մի մտածեք: - Ի՞նչ գործ ունես Սիրակիս տանը, - նա ուշքի էր գալիս: - Ես եմ խնդրել: Զանգը տալիս-տալիս էի, չէիր լսում, ուրիշ ի՞նչ անեինք: Մի կերպ անցել էր, որ բացի: - Ձեռքինդ... ինչո՞ւ ես պահել, - խոժոռ հայացքը վկայում էր, որ լիովին չի վստահում թոռանն ու անծանոթին: Հայկը շփոթահար` դանակը թաքցրեց թիկունքում: - Լուսամուտի ապակին հանելու համար էի վերցրել: Եթե մուրճ տայիք... - Նոր տարի է, այլևս ոչ մի գործ: Ներս արի, Հայկ: - Բա որ փորձանքի գար. մեղքի տակ կմտնեինք: - Դու քեզնից խոսիր, ի՞նչ ես վառել: Ծխահոտ առա: - Բլինչիկը...- տատը, որ փոքրամարմին էր, առաջկտրուկ դիմեց խոհանոց: - Ասե՞լ էի` տոլմայից բացի ոչնչի ձեռք չտաս, - կշտամբեց թոռնուհին, իսկ անորոշության մեջ մի ոտքից մյուսը տեղափոխվող տղային ժպտաց: - Գնա ձեր դուռը փակիր ու եկ: - Հարկ կա՞: - Նոր տարի է, միասին կանցկացնենք: - Բա որ դե՞մ լինի: - Քանի մերոնք չեն եկել, իշխանությունն իմ ձեռքում է: Տատի, - կանչեց, - համաձա՞յն ես Հայկը մնա: - Հյուրն Աստծունն է, ես ո՞վ եմ: Տաք ջուր չի մնացել, բայց սառը խշխշալեն գալիս է, թող գա լվացվի, - նկատելի դժկամ հնչեց հրավերքը: - Մտել էիր բաղնիք, չէ՞: Ես էլ ասում եմ` ինչո՞ւ չի բացում: - Չլողանայի՞, - դիմադարձեց տատը: - Դուք ձեր հաշիվները պարզեք, մինչև գամ: Միջանցքով անցնելիս Հայկը նկատեց լուսառատ հյուրասենյակի շողշողուն տոնածառը: Երկարուկ սեղանին ծոպավոր ճերմակ սփռոց կար փռած, վրան` ութ, թե տասը տեղ ափսե-պատառաքաղ, ըմպանակներ, անձեռոցիկ: Ուտեստն աղջիկը, հավանաբար, հետո պիտի շարեր, եթե դրսում չմնար: - Սպասում ենք, չուշանաս, - Շաղիկը մինչև դուռն ուղեկցեց: - Ամենակարևորը չմոռանամ, - Հայկն ուղղվեց դեպի վերելակը: - Ո՞ւր: - Ուրիշի գործիք է, չտանեն: Դու մտիր, թե չէ նորից կփակի, - կատակեց: - Թող փորձի... Աքցանը հեշտ գտավ. ոտնատակից հեռու ձյան մեջ գլխիվայր խրված էր: Խանութի մոտ հիշեց, որ խմելիք չունի: Վաճառողը, տետրին հակված, խորասուզվել էր թվերի մեջ: - Շնորհավոր նոր տարի: - Քոնն էլ, ախպերս, - նա պատրաստակամ` կտրվեց մատյանից: - Առաջին մտնողն ես, ինչո՞վ հյուրասիրեմ: Աշխատողներին ուղարկեցի տուն, ասի` թող Նոր տարի անեն: Ես եմ մնացել: - Շտապում եմ: Խմիչք է պետք. կոնյակ, թե՞ շամպայն, ո՞րը խորհուրդ կտաք: - Նայած ուր ես տանում: - Ինքս էլ լավ չգիտեմ: - Եթե ինձ մնա` կոնյակ. տպավորությունն ուրիշ է: - Կոնյակ տուր` ոչ շատ թանկանոց և բանան` մի կապուկ: - Իր գնով եմ հաշվելու, - խանութպանը Հայկի պարզած թղթադրամը քսմսեց մոտերքում եղող ապրանքներին: - Խերով տարի լինի: Կարգին տոպրակի մեջ կդնեմ: Հարյուր դրամ արժե, բայց անվճար եմ տալիս. ասի` առաջին հաճախորդն ես: - Մակարդակ... - Բա ո՜նց... Թող եվրոպացիք ու ամերիկացիք մեզնից սովորեն: Հայաստանից լավ տեղ, ճիշտ եմ ասում, չկա: - Ուշանում եմ, բարի գիշեր: - Գնա, ցավդ տանեմ... Գիշեր-ցերեկ խանութս բաց է: Եթե ես էլ չլինեմ, մտի, ասա` Սաքոյի ընկերն եմ: Վերելակն ազատ էր: Կոստյում կհագնեմ, ճերմակ վերնաշապիկ` փողկապով, - սափրվելիս վճռեց, - և սև կոշիկներ: Դուռը կողպելիս մտաբերեց, որ ձեթը չի վերցրել: Մինչ վերստին կբացեր, Շաղիկն անաղմուկ ելավ հարթակ. - Մենք պատրաստ ենք: - Ես` նույնպես, - տղան տոպրակները տվեց աղջկան: - Ձեթը տեսա, իսկ սա՞: - Խմելու բան է, ուրիշ նվերի ժամանակ չկար: - Կարող էիր և առանց դրա: Զգացված եմ, - նա ևս զուգվել էր: Հայկը չկարողացավ զսպել հիացքը. - Գեղեցկուհիների մրցույթի՞ ես պատրաստվում: - Եթե ժյուրիի անդամ դառնաս, գուցե: - Եզրափակիչում հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Շաղիկ...- նա աչքը գցեց ցուցանակին և ասմունքողի առոգանությամբ շարունակեց, - Ավետիսյանը: - Թատերականո՞ւմ ես սովորում: - Ոտք դրած չկամ: - Իսկ ես խմբակի անդամ եղել եմ: Չե՞ս հավատում, - աղջիկն աշխույժով մաքրեց կոկորդը: - Լսիր` հաղթահանդեսի ճաշկերույթը կկայանա մեր տանը: Պատիվ արեք...- և թեթևակի խոնարհվեց: Հայկը ծափեց. - Վատ չէր, - կասեի մինչևիսկ` փայլուն: Հայկական սեղան էր` ուտելիքով ծանրաբեռ: - Նստեք, տոլման սառեց: Խմիչք ո՞վ է լցնելու, - տատն իրար էր խառնվել. Հայկի վայելուչ հագուկապը բարերար էր ազդել, թողած տպավորությունն ակնհայտ այլ էր: - Իհարկե` ես, - տղան օղի բացեց: - Ինձ` գինի: - Ես լիկյոր կխմեմ: Իմ սարքածն է` կանաչ պոպոքի կեղևով... - Տատ, բաժակաճառդ սկսիր, եղավ ժամը մեկը: - Աշխարհին` խաղաղություն, գործերին` հաջողություն, ով օտարության մեջ է, իր տունուտեղին դառնա, ջահելների ոտը քարին չառնի... - Բոլոր կենացները մեկից ասիր, հետո ի՞նչ ենք խմելու, - կանխեց թոռը: - Չկա կենա՞ց... Փառքդ շատ, Աստված, դու հասնես անճարներին, անօթևաններին...- նա թեթևակի կում արեց: - Հիմա ձեզ տեսնեմ: Զրնգացին գավաթները: - Հաղթության տարի լինի: Հաջորդը` իսկական բեմահարթակում, ոչ թե տասներորդ հարկի: - Առաջինն ամենաանմոռացն է, - երկիմաստ նկատեց օրիորդը: - Մեր իղձերի կենացը... - Թաքնագրերով եք խոսում: - Ձեր գեղանի թոռնուհու ապագան եմ կանխագուշակում: - Գաղտո՞ւկ, - ապա խոսքը շրջեց: - Անուշ արեք, Շաղիկ, հյուրասիրիր: - Ես սկզբում տիկին Ազգուշի պասուց տոլման կհամտեսեմ: - Վե՛րջ, դարձար աչքի լույսը, Հայկ: - Տեսնեմ ինչքան կուտի, նոր... - Հաշվելո՞ւ ես պատառները: - Շաղիկ, քեզ նման չես: - Նոր տարով դուռը վրաս էիր փակել, լռե՞մ: Ի՞նչ էի անելու, եթե ինքը չլիներ: Սիրտս կանգնում էր, գիտե՞ս ինչեր անցան մտքովս: Մերոնք գան, պատմելու եմ: - Եթե մնամ: Ես էլ տուն ունեմ, հարևանություն, եկող-գնացող կա: Թոռնուհին սեղանը շրջանցելով` փարվեց տատին. - Մինչև տաքերը չընկնեն, քեզ թողնող չկա: Հայկ, արի Ազգուշ տատիս կենացը խմենք: Նա իրականում մեղք չունի: Կարծել է` մոտս բանալի կա: Սպասում էր ջրի տաքանալուն. Նոր տարուց առաջ պարտադիր պիտի լողանա: - Մտքումս նեղացել էի: Ասում եմ` փոխանակ գա, մեջքս տրորի, էլի ո՞ւմ տուն մտավ: - Քեզ առողջություն, երկար-երկար կյանք: - Ձեր թոռներին մեծացնեք, ծոռներին բանակ ճամփեք, - երկրորդեց Հայկը: - Շատ եղավ. թոռներիս համաձայն եմ: Աստված Շաղիկիս պսակին արժանի անի... Հայկի հետ: - Տատ, ինչե՞ր ես խոսում, - աղջկա դեմքը վայրկենաբար բոսորեց: - Սխալ չեմ. ասես իրար համար ծնված լինեք: Հեռախոսազանգը փրկեց դրությունը: - Դուբայից հայրիկենք են, - Շաղիկը վազեց դեպի հեռախոսը, որ միջանցքում էր: - Դու կեր, թող ինքը խոսի: Մսով տոլմա լից: Սպասիր` իմ ձեռով... - Հերիք է, չեմ կարողանա: - Տղամարդը պիտի ուտի: Սիրակս ու Կարինես, ափսոս, ուշացան: Ճանաչում ես, չէ՞: Երկուսն էլ բարձրագույն կրթություն ունեն, գիտահետազոտական ինստիտուտում էին աշխատում, պաշտոն ունեին... Հիմա առևտրով են տուն պահում: Հո ուրիշի ձեռքի չէի՞ն նայելու: Շաղիկը հորն է քաշել` առավ ու առավ: Թող առատ լինի, - ասում է: Հարսս` Կարինեն էլ գովելի է: Ինձ նեղում են` տունդ ծախի, արի մեզ հետ կապրես, - ամեն գնալ-գալիս խոսք կբացեն: Էս երկու շաբաթն էլ Շաղիկի համար եմ այստեղ: Մնացել էր մենակ: Ախպերը, հո, գիտես, բանակում է... - Տատ, հեռախոսի մոտ. հայրիկն ուզում է տարիդ շնորհավորել: Հայկն անհարմար էր զգում, որ ակամա ականատեսն է նրանց ներընտանեկան կյանքի: - Ի՞նքն է լցրել, - Շաղիկը տեսավ լի պնակը: - Եթե լրիվ չուտես, ձեռքից չես պրծնի: - Բարի կին է: - Բա որ Շողիկ մամի՞ս տեսնես` տեղով հումոր: Թիֆլիսահայերի բարբառով հո չի պատմում... Տատը վերադարձավ` աչքերում արտասուք: - Ազգանուշ, հուզվեցի՞ր: - Մա՞րդ էլ էս անուշ օրով իր օջախում չլինի: Նարեկիս հիշեցինք, մեռնեմ թոռանս արևին` բանակային է: - Տատ, կենացդ մնաց: Շողիկ մամին էլ միացնե՞նք: - Խնամուս ականջը կանչի, ուր որ է կզանգի: Թե՞ գիտի, որ Կարինեն քաղաքում չէ: Ձեր տանը մեծ կա՞, Հայկ: - Մերոնք գյուղում են` Ապարանից եմ: - Ապարանցիք լավ ժողովուրդ են: Պարզամտությունը, որ կպցրել են, հորինովի է: Մարդու շիտակությո՞ւնն էլ երեսով տան, ծիծաղի նյութ շինեն: Մուշից գաղթածներ են, չէ՞: Իսկական հայերը մշեցիք են: Չես վերջացրել, տղաս: Գլուխ ես պահում, - նա գոհունակ` անցավ խոհանոց: - Բլինչիկը բերում եմ: - Փոխե՞մ ափսեդ, քանի չի եկել, - խաղացկուն ժպիտ կար Շաղիկի երեսին: - Պայմանով, որ ուրիշ բան չդնես: - Ինչո՞ւ: - Ավելուկի աղցան անգամ չկա, ի՞նչ ուտեմ: - Սոխեռած չեմ արել, մնա վաղը: - Էգուց էլ եմ գալո՞ւ: - Ինչպես կամենաս, - խոսքը բերանում` քիթը կախեց օրիորդը: - Հանկարծ խցից դուրս չգաս, ճգնավոր, - հեգնեց: - Մոռացել էի` ապակին, հո, այդպես չի՞ մնա: Նույնքան արագ տրտմությանը փոխարինեց խինդը, անցավ սեռին հատուկ հտպտանքի. - Կարևորն ապակի՞ն է, թե՞ երազանքը` զանգերի ներքո... Պատասխանը չհնչեց, միջոց չեղավ. տատը վերադարձել էր` պնակում բերնեբերան մսաբլիթ: - Շաղիկիս պատրաստածն է: - Այնպիսի բան ասիք, կարո՞ղ եմ հրաժարվել: Տիկին Ազգուշ, կներեք, հա ուզում եմ հարցնել` ձեր պատշգամբում եղած ժամանակ ականջիս դռռոց էր հասնում, ի՞նչ ձայն էր: - Հայկ, հետաքրքիր տղա ես: Ֆենը, բա, ծննդյանս օրն ինչո՞ւ նվեր բերեց, որ մենա՞կ օգտագործեմ, - հետո արդեն` իբր լուրջ: - Փոխանակ անհանգստանա` թոռն ուր մնաց... Կգան, չէ՞: - Ես ևս բան ունեմ պատմելու: - Չասողի՞, ի՞նչ... - Հեչ, կասեմ` ձեր ցանցառը գնացել էր հարևանի տուն սուրճ խմելու: - Ո՞ր մեկի: - Ում եմ ճանաչո՞մ, - տատն աչքով արեց տղային: - Չեն հավատա: Նրանք մինչևիսկ չգիտեն, որ Սիրուշենք տունը վարձով են տվել: - Կենվոր ե՞ս, - Ազգուշ տատը տատամսեց: - Հիասթափվեցի՞ր, տատի: - Ամիսն ինչքա՞ն ես տալիս: - Հիսուն հազար: - Մի տուր, - նա կտրուկ էր տրամադրված: - Շաղիկ, թող մեր տանը կենա: Երեք սենյակ է, ի՞նչ եմ անում: - Տա՞տ... - Հրես Սիրակս գա... Մեկ է` բնակարանը, երբվանի՞ց եմ ասել, քոնն է: - Տատ, լիկյորն ազդեց, թե՞ իմ դրսում եղած ժամանակ մենակ էլ ես խմել: Վարձը որքա՞ն է լինելու: - Ի՞նչ վարձ: Վերջ-առաջ ձեզ չի՞ մնալու, չպիտի՞ կարգվեք: - Արդեն որոշեցի՞ր: - Քանի՞ շապիկ փոխած կլինեմ. չե՞մ տեսնում: - Հայկ, սուրճ դնե՞մ, - Շաղիկը ճողոպրեց խոհանոց: - Ամաչում է, - տղային դարձավ տատը: - Ինձ թեյ կդնես, Շաղոս: Սիրակիցս բացի ո՞վ ունեմ: Նարեկն իրենց հետ կապրի, դուստրն էլ թող Սեդրակիս ունեցվածքին տեր դառնա: Աստված ինչքան կյանք տվեց, ձեզ հետ կանցկացնեմ: Ախպեր, քույր ունե՞ս: - Երկու եղբայր, մի քույր ենք: Ծնողներս դպրոցում են, հայրս տնօրենն է: - Աստված շատ չհամարի: Ես նույնպես ուսուցիչ եմ եղել` քառասուն տարի: Իսկ դու զբաղմո՞ւնք...- պատշաճության սահմանները խախտելով և, տարեցներին հատուկ, ծավալվեց Ազգանուշը: - Բակալավրի ավարտական քննությունների եմ պատրաստվում, բայց հետո պիտի մագիստրատուրա ընդունվեմ: - Գլուխ չեմ հանում հիմիկվա անուններից: Ասպիրանտուրայի մասի՞ն է խոսքը: - Դրա հերթն էլ կգա: - Շաղիկս համալսարանի երկրորդ կուրսում է` տնից երկու կանգառ է հեռու: Դու ո՞ր բուհում ես: - Կից մասնաշենքեր են` պատմության ֆակուլտետում: - Իրար հետ կգնաք-կգաք, աչքդ վրան կլինի... - Հաստատ ինձնից եք բամբասում, - օրիորդը վերագտել էր իրեն: - Տատ, մեխակ էլ եմ գցել: - Շատ ապրես, քաղցրավենիքը չմոռանաս: - Չեմ ուտի, եթե անգամ քո պատրաստածն է: Խնդրում եմ, մի բեր: - Բերանի մեջ հալվում է: - Եթե չի ուզում, մի զոռիր: - Քեզնից եմ սովորել, - ապա խոսքը փոխեց: - Մեր կուրսում տղա կա, մի տորթ դնես, կուտի` տկռոշին հագենալ չկա: - Պապդ անուշեղեն` չէ, բայց մսակեր էր: Ճաշի մեջ միս չլիներ, կխռովեր, բերան չէր տա: - Հեռուստացույց ինչո՞ւ չենք միացնում, - Շաղիկը գտավ ալիքների փոխարկիչը: Հանրապետության գլխավոր հրապարակում շքահանդես էր` ծով երիտասարդություն: - Ուղիղ եթեր է: - Տատ, թույլ կտա՞ս... - Ժամը քանի՞սն է, քուններդ չի՞ տանում: - Ընդամենը երկուսը: - Տաք հագնվեք: Շաղիկ, գլխարկ կդնես` ականջավորը: Որդի, դու էլ... - Ձյուն է գալիս, ինչ լա՜վ է... Հայկ, դու ձմեռ սիրո՞ւմ ես, - աղջիկը տարերքի մեջ` ցնծում էր: - Շա՜տ: Մեր կողմերում գիտե՞ս ինչքան է դնում. համատարած դառնում է ճերմակ: - Կեսրարս ասում էր` փաթիլն Աստծո թարթիչն է: Մոկսից էին: Հազար ողորմի..- հետո վերադարձավ իրականություն: - Երանի ձեզ, գնացեք: Թոռնիկս, բանալին չմոռանաս: - Գործ մի արա: Կգամ` կհավաքեմ: - Փչացող ուտելիքը սառնարանը դնեմ: Պատշգամբը, լավ է, բացեցիք. որը չտեղավորվեց, դուրսը կթողնեմ: Լավ կծածկեմ, չսառչի հանկարծ, - նա արդեն ինքն իր հետ էր խոսում: - Տիկին Ազգուշ, զգույշ կլինեք, այնտեղ ապակի կա: Առավոտյան տեղը կգցեմ: OPEL-Ի ԱՂՋԻԿԸ Անհրապույր եղանակ էր: Արուճից սկսած` անձրևը փոխվեց ձյունի, սկզբում` թաց, ապա գնալով պնդվեց և, շրջակա դաշտ- բլուր ճերմակով պատելուց հետո, փութով տիրույթի տակ առավ նաև մայրուղին: Խոզանակները հազիվ էին հասցնում մաքրել դիմապակուն ծեփվող փաթիլները: Առջևից ընթացող դեղնականաչավուն «Օպելը» աղջիկ էր վարում: Հազվադեպ հանդիպող գույնն ակամա իր վրա էր հրավիրել ուշադրությունը, օրիորդը` նույնպես. ակնոցով, խիստ կարճ կտրած մազերով... Թե չլիներ աղջկական երկարուկ շքոցով կեպին, կարելի էր շփոթել, կարծել ղեկին տղա է: Թալինի խաչմերուկում երկու ավտոտեսուչ Գյումրի մեկնողներին առաջարկում էին ետ դառնալ: «Օպելը», չանսալով հրահանգը, անցավ: Պերճը կանգնեց, իջավ. - Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չեք թողնում: - Վերևներում փակ է, ավտոները չեն ելնում: - Բա սրա՞նք, - նա մատնացույց արեց դիմացից եկողներին: - Երևանից գնացածներն են ետ դառնում: Չտեսա՞ր էն մեկին` ոնց քշեց... - Գուցե բացվի՞: Ինձ պետք է...- Պերճն ուղղվեց դեպի մեքենան: - Կարծես ինձ համար եմ ասում, գնա, - քրթմնջաց ոստիկանը. նրան, ինչպես երևում է, հոգնեցրել էր անիմաստ զբաղմունքը: - Փորձը փորձանք չէ, - արդեն խցիկում ինքն իրեն համոզելու համար ասաց ու սահուն պոկվեց տեղից: Ձմեռային բութակավոր դողերը վստահություն էին ներշնչում: Եթե թեկուզև թեթևակի հնարավորություն լինի, կբարձրանա, միայն թե խցանած չլինեն երթևեկելի մասը: «Օպելը» չէր երևում: Մշուշ կար, որ մեքենայատերերից շատերին ստիպել էր լույսերը վառած ընթանալ: Գիշերն սկսված անձրևն այստեղ ի սկզբանե ձյան տեսքով էր տեղացել, և ճերմակ ծածկոցը շատ ավելի հաստ էր: Մաստարայի մոտ, ուր ճանապարհն անկյուն էր տալիս և գյուղեզրով գնում, այսուայնտեղ ավտոներ երևացին: Մի տեղ ուղևորներն իջել, փորձում էին «Ժիգուլին» ճամփի բանուկ մաս հանել: Հրողները կանայք էին: - Իմաստ ունի՞ գնալը, - հարցրեց վարորդին, երբ օգնել, դուրս էին բերել ձյուներից: - Քոնը «Նիվա» է, կկարողանաս, եթե ակներդ լավ են: Գյումրիից Երևան եկող ավտոբուսը` վրան թզաչափ ձյուն, անցավ: Ուրեմն` ուղին դեռ բաց է: Պերճը բավականաչափ փորձ ունենալով` գիտեր ձմռանը մեքենա վարելու նրբությունները: Միացրեց բաշխորդ սարքը: Դժվարն անցել էր, երբ «Օպելը» դեմը փակեց. նա փորձում էր ետ դառնալ: Որպեսզի չկանգնի, Պերճը, նրան չհասած, գրեթե ելավ ճամփից: Թեքությամբ սահող «Օպելն» ուղիղ վրան էր գալիս: Հարվածը մեղմելու համար նա արգելակեց, սակայն ետընթացի միջոց չեղավ, որովհետև վերջինս քթով զարկվեց «Նիվային», թիթեղը քերելով հասավ ղեկամասի դռանը, առաջացավ մի փոքր էլ և, ուղղվելով, կիպ կանգնեց: Պերճին ու աղջկան երկշերտ ապակի էր բաժանում: Երկուսն էլ միաժամանակ բացեցին պատուհանները: - Բա եղա՞վ... - Ստացվեց, - մանկան միամտությամբ շրթունքն ատամների տակ առավ աղջիկն ու հանեց ակնոցը: - Ի՞նչ ես անում, սպասի՛ր, - տեսնելով, որ նա բացում է դուռը, Պերճը կողքի դռնով շտապ ելավ. բարեկիրթ պահվածքի ժամ չէր: - Չշարժվե՛ս, - կարգադրեց: Ընթացքում հեռու-մոտիկ մեքենաներից մարդիկ մոտեցան: - Օգնեք տեղաշարժենք, - Պերճը դիմեց հավաքվածներին, - ձեռ գցեք, - ապա դարձավ աղջկան: - Ավտոն ազատ ընթացքի դիր: Մեկ, երկու... բարձրացրինք: Մի քանի փորձից հաջողվեց «Օպելի» առաջամասը գետնից կտրելով` հեռացնել «Նիվայից»: - Ոտքդ արգելակից հանիր ու ղեկն աննշան աջ պահիր: Աղջիկը կատարեց հրահանգը: - Հիմա ուղղիր... Թո՛ղ ոտքդ, էլի՛, էլի՛... Կանգնիր, - ընթացքում Պերճը բացեց դուռը և, ձեռքը գցելով փոխանցումների բռնակին, ստուգեց դիրքը: - Հետընթացի վրա դիր: Շփոթմունքից, թե՞ անվարժության պատճառով աղջիկը դժվարանում էր բռնակը հարկավոր դիրքի բերել: - Մի խառնվիր: Ոտքդ պահիր արգելակի վրա, մյուսով սեղմիր ձախ ոտնակը, - իսկ ինքն ընթացքում բռնակը մղեց ետ, այնուհետ մինչև վերջ քաշեց ձեռքի արգելակը: - Կարող ես իջնել: Մեքենաներից «Նիվան» էր տուժել: Առնվազն հարյուր հիսուն- երկու հարյուր դոլարի ծախս կնստի, - աչքաչափով որոշեց Պերճը: - Ես կվճարեմ, - ասես կարդալով դիմացինի մտքերը` աճապարեց մեղքը վրան առնել աղջիկը: - Լավ կլինի վերարկու հագնեք, - դիտողության կարգով նկատեց Պերճը: Աղջիկը, որ ջինսից շալվարով և բրդյա սվիտրով էր, չլսեց կամ հորդորը կատարելու մտադրություն չուներ: - Կմրսեք, - Պերճն «Օպելից» հանելով կիսամուշտակը` պարզեց նրա ուղղությամբ: Աղջիկը հագնվեց: Մյուսները «Նիվան» բոլորել, վնասված տեղերն էին տնտղում, հետո անցան «Օպելին»: - Պինդ ավտո է, հո զոռով չէ՞, - ոգևորությունը չկարողացավ զսպել օգնելու պահին եռանդ ցուցաբերած երիտասարդը: - Ռուսականին, մեկ է, չի հասնի, - տարեց վարորդը կռացել, դեմի ռետինապատ վահանակն էր շոշափում: - Հլա թող մետաղական մասով քսվեր... - «Նիվան», հրեն, աչքիդ առաջ է: Բա որ «06» լինե՞ր... բան չէր մնա: Ախպեր, քո տեղը լինեմ, էս վիճակով կծախեմ, ջիպ կառնեմ, - նա ասես հարյուր տարվա ծանոթի հետ խոսելիս լիներ: - Սրա նման, - նա մատնահարեց «Օպելի» թիթեղը: - Իբր, «Նիվան» ջիպ չէ, - գիտելիքի պաշարն ի ցույց հանեց տարեցը: - Լավ ասիր` իբր...- չհանձնվեց երիտասարդը: - Մետաղը` ոնց որ թուղթ... - Էդ` հիմա... - Միշտ էլ նույնն է եղել: Պերճին ձանձրացրեց ունկնդրի վիճակը. - Ժողովուրդ, շնորհակալ եմ: Հիմա մենակ թողեք, մեր անելիքը որոշենք, - ասաց, հետո մտածեց` չնեղանա՞ն հանկարծ, ուստի հավելեց: - Ինքներդ եք հասկանում. մեկ էլ տեսար ավտոտեսուչներ հայտնվեցին: - Խելքով է ասված` չեղած տեղից գործ կսարքեն, - առաջինը քայլ տարեցն արեց, մյուսները հետևեցին: - Ճիշտն այստեղից հեռանալն է: Իջնենք մինչև գյուղի բերանը, հետո մնացած հարցերը կճշտենք, - Պերճը գնաց դեպի մեքենան: - Հիմա ես էլ կշրջվեմ, - նա ձեռքը մեքենայի բռնակին տարավ: Դուռը չէր բացվում: Դրանից Պերճի տրամադրությունն ընկավ: Մինչ անհարմարությունները հաղթահարելով` դուրս եկած ճանապարհով կհասներ ղեկին, «Օպելը» շարժվեց: Այլ վնասվածք ավտոն, կարծես, չուներ, այդուհանդերձ միացրեց վթարային ազդանշանը: Աղջիկը գյուղի եզրին նրան էր սպասում: - Նստե՞մ... Վերջինս անակնկալի եկավ. - Ե՞րբ դուրս եկաք. ես հայելու մեջ հետևում էի: - Կողքի դռնով. իմը չի բացվում: - Շա՞տ է վնասվել: - Վարպետը կասի: - Հայրս ծանոթ ունի, դրանց ինչ են ասո՞ւմ... - Դզող-փչող: - Հա՛, - աղջիկը ժպտաց: - Էլի է նման բան եղել: - Չի՞ զայրանա... - Խփելու համար` չէ, բայց ինքը դեմ էր Գյումրի գնալուս: - Վարպետի տեղ ես էլ գիտեմ, ուզո՞ւմ եք Դավոյի մոտ տանենք. հին ծանոթ է` մեր հարևաններից: - Կարելի է, բայց ծախսը ես կհոգամ: - Դրամի մասին շատ չշեշտեցի՞ք: Կկարողանա՞ք... - Բանկում եմ աշխատում: - Ու ինչքա՞ն է վաստակը: Պատասխանը հապաղում էր: - Պարզ է` բանկային գաղտնիք է: - Հարյուր հազար դրամ: - Օրակա՞ն: - Ի՜նչ եք ասում, - նա խնդաց: - Ամիսը... - Շարժիչն անջատեք, - անցողակի նկատեց Պերճը, - բենզինը չպրծնի: Թե՞ մրսեցիք: - Մի փոքր, - խոստովանեց: - Ասում էի... Ինչո՞ւ էիք ետ դառնում: - Ուզեցի մեկ անգամ ևս փորձել. ներքևից թափ առած պիտի քշեի: - Չէիք կարողանա, հիմա` առավել: - Բայց... Ես տասներկուսին պիտի Գյումրիում լինեմ: - Կարևո՞ր գործով եք...- Պերճը ձյուն մաքրող խոզանակները դանդաղ ընթացքի դրեց: - Կներեք, ձայնը խանգարում է: - Ընկերուհուս հարսանիքն է. խոստացել եմ: - Ջինսո՞վ: - Ուրիշ շոր էլ եմ վերցրել: Պերճը հայացքը շրջեց: Հետևի նստարանին շրջազգեստ կար, դարձյալ ինչ-որ հագուստ, պայուսակ և մի տուփ: - Հարկավոր է ետ դառնալ: - Երևա՞ն... Իսկ դո՞ւք: - Ես` նույնպես, հո խփած ավտոյով Գյումրի չե՞մ մտնի: Առաջ ընկած գնացեք, ես ետքից կգամ: - Չեմ փախչի... - Ձևակերպում եմ, իբրև կատակ: Համ էլ` ավտոդ, մեկ է, կճանաչեմ. քաղաքում, երևի, նման գույն չկա: - Առաջարկ ունեմ, - աղջկա դեմքից ընկճվածությունն անհետացավ: - Դե՞... - Ասում էի` իմ մեքենայով գնանք, բայց...- նա վերստին վհատվեց: - «Նիվայի» համա՞ր եք անհանգիստ: Աղջիկը գլխով արեց: Պերճից վճիռ էր սպասվում: Դիմացինի անմեղությունը, անփորձությունը, եղանակի ու հանգամանքների արդյունքում անհաճո վիճակի մեջ հայտնվելը հոգատարության էին դրդում: - Գյուղում մեկնումեկի դռանը կկանգնեցնեմ, ձեռք չեն տա: Իսկ դողերը, ուշադրություն չդարձրի, մաշված չե՞ն: - Երեկ հայրս ձմեռայինը դրեց: - Կանխազգացել է, - Պերճը ելավ մեքենայից: - Դուք մնացեք: Առաջին իսկ տան տերը, իմանալով ինչն ինչոց է, պատրաստակամ բացեց դարպասը: Ներքևի հարկն ամբողջ դատարկ էր: - Էս, հո, մի քանի մեքենա կտեղավորի: - Կառուցելիս ասի` լեն-բոլ լինի: Տղաս էր ավտո կանգնեցնում, էն էլ երկու տարի կլինի` Ռուսաստանում է: Բարձրանանք տուն: - Սպասող կա, շնորհակալություն: - Իրենց էլ կանչի: Կամ` միասին գնանք, ես հրավիրեմ: Մարդկային պահվածքը փոխադարձ վերաբերմունք էր թելադրում: - Զգացված եմ, - ընդամենն ասաց: - Ես վաղը կգամ: - Էգուց չլինի, թող մի շաբաթից լինի: Ավտո է, ո՞ւմ է խանգարում: - Գոնե վրայի ձյունը մաքրեմ: Ավել, եթե կարելի է... - Բանի վրա ես: Թոռանս կասեմ` կսրբի. ուշքը մեքենայի համար իրենը չէ, - մարդը վրա բերեց դարպասը: - Բայց լավ չարիք... Մերս իմացավ, կխռովի: Երբ արդեն դուրս էր եկել, ականջին ձայն հասավ: Շրջվեց: Տանտերը, որ վաթսուն կլիներ, վազքով մոտեցավ. - Եթե, բան է, չկարողացաք դիքը ելնել, կգաք մեր տուն: Կտաքանաք, կմնաք` մինչև խաղաղվի: Գործը չփախավ: Աղջիկը, նստարանի մեջ ընկղմված, երաժշտություն էր ունկնդրում: Նկատելով Պերճին` հանեց ականջակալը. - Տեղափոխվե՞մ: - Մեքենան ձերն է, որոշողը` դուք: Աղջիկը ճարպկորեն փոխեց տեղը. - «Նիվան» տեղավորեցի՞ք, տեսա` բակ մտաք: - Ամեն բան կարգին է` ծածկի տակ, ապահով: Ափսոս, անունը չհարցրի: - Երևում է` նման սովորություն չունեք: - Անունս Պերճ է: Աղջիկը կարկաչուն ծիծաղեց. - Ասե՞մ իմը: Լավ, շարժվենք` նոր, - նա շարունակեց մեկուսի ժպտալ: - Կկարողանա՞մ, - Պերճը զրույցին զուգընթաց ծանոթանում էր մեքենային` ինչը որտեղ է: - Եթե ես գլուխ եմ հանում... - Իհարկե, - պատասխանը բազմանշանակ հնչեց: - Ի՞նչ, վատ խփեցի՞: - Խոսք չունեմ` հոյակապ հարված էր: - Չեմ ասի անունս, - աղջիկը պահախցից հանեց ակնոցը. նա թեթևակի ծաղր էր որսացել: - Առանց ակնոցի պակաս հմայիչ չեք, - Պերճը հաշտության ձեռք էր մեկնում: - Ձյունից պաշտպանվելու համար եմ դնում, - նա ընկրկելու մտադրություն դեռ չուներ: - Չե՞նք շարժվելու: «Օպելին» սովոր չլինելու պատճառով Պերճը չկարողացավ սահուն շարժվել կանգնած դիրքից. շարժիչը հանգեց: Միջադեպը բավական էր, որպեսզի աղջիկը նեղացածի դիմակը մի կողմ նետի. - Հոյակապ եք վարում, խոսք չունեմ: - Մի բանով պիտի՞ նմանվենք: Երկուսն էլ հարևանցի մեկմեկու նայեցին, ապա` նույն ճեպով փախցրին հայացքները: - Մեր ծանոթությունը կիսատ մնաց, - Պերճը կամենում էր զրույցի ղեկը դարձյալ ձեռքը վերցնել, սակայն խաղի կանոններ թելադրողն աղջիկն էր: - Չեմ ասի անունս: - Պատժում եք: - Ճիշտ այդպես: Ճանապարհի այն հատվածին էին հասել, որտեղ վթարը եղավ: Միայն մի «Ռաֆ» կար կանգնած: Վարորդը, նկատելով «Օպելը», ձեռքով արեց: Ջանադիր օգնող երիտասարդն էր` ջիպի սիրահարը: Նրա դեմքին զարմանքի պես բան հայտնվեց, երբ տեսավ ղեկին նստածը Պերճն է: Երևում է, տղան համառորեն դիքը ելնելու նոր անհաջող փորձ էր արել: «Օպելն» սպասածից հեշտ հաղթահարեց վերելքը: Ոլորանից սկսվածը բարձրադիր հարթություն էր` տեսադաշտը երբեմնակի փակող բլրակներով խճողուն: Վատն այն էր, վերևում քամի հայտնվեց, ու ճամփի ծեծկված, բանուկ մասերում տեղ-տեղ ձյուն էր ուզում կուտակվել: Դեմից, ետքից եկող ավտո չկար: - Ամենադժվարը Լանջիկն է, եթե անցանք, Գյումրի կհասնենք: - Հուսալի՞ ավտո է, - աղջիկը հաշտ էր տրամադրված: - Ավելի, քան տիրուհին: - Հասցրիք մինչևիսկ հիասթափվե՞լ: - Ըստ ձեզ, ինչո՞ւ եմ այս բքին ճամփա ելել: - Ո՞վ գիտի` ինչ նպատակով եք... - Հարսանիք եմ գնում: Տասներկուսին պիտի Գյումրիում լինեի, - Պերճը աչքը գցեց ժամացույցին, - բայց արդեն շատ ուշ է: - Մի հիշեցրեք, հա՞, - աղջիկը նեղսրտանքից ծնկները վերուվարեց: - Իզուր հորս չլսեցի: Նա գնացքով էր ուզում ճամփել: Անին էլ էր նույնն ասում, համ էլ` հեշտ կգտնեի. երկաթգծի ռեստորանն են վարձել: - Ուղիղ այնտեղ եմ քշելու, անհոգ մնացեք: - Դուք Գյումրին գիտե՞ք: - Իմ ծննդավայր քաղաքն է` հինգ մատիս պես: - Նրանց տունը հրապարակի վրա է` կայարանի դիմաց: - Հո մեր դասարանի Անին չէ՞: Հայրը ֆրանսիական թեքումով դպրոցի տնօրենն էր, հիմա, կարծեմ, կրթության բաժին են տարել: - Նա է: - Պատկերացնո՞ւմ եք` մեզ միասին տեսնի: - Կարո՞ղ է իսկապես հետս գաք: - Չգա՞մ: - Որպես ի՞նչ: - «Օպելի» աղջկա ընկեր: - Լանջիկն անցա՞նք, - թեման փոխեց օրիորդը: - Իբր, ճամփա երևում է... Որքան էլ զրույցով տարված, տեսնում էին` գնալով դժվարանում էր կուտակված ձնաթմբերը հաղթահարելը: Այդպես երկար չէր կարող շարունակվել: Չլիներ տված խոստումը, Պերճը ետ կդառնար: Եվ իրոք` մի տեղ ճանապարհի լայնքով շեղությամբ կիտված ձյունն այնքան բարձր էր, որ անգամ ջիպ «Օպելը» չէր անցնի: Կանգնեցին: - Չթաղվե՞նք հանկարծ, - Պերճն արագ բացեց դուռը, իջավ, քայլ-երկու առաջացավ, տեսնի` բլրվածը լայնությա՞մբ որքան է: - Անհուսալի գործ է, - վերադառնալով` ասաց: - Եթե թափով քշե՞ք: - Ավելի վատ` կլռվենք: - Ինչ ասեմ` հետ գնանք: - Ուրիշ ելք չունենք, - Պերճը պատրաստվեց շրջադարձի: Ամենամեծ վրիպումը նա այդ պահին թույլ տվեց. ճամփի թեքվելիք հատվածը նախապես ուսումնասիրելու փոխարեն, միանգամից ետընթացի անցավ` պտտելով ղեկը: Դեռ մի մետր էլ չէր գնացել, երբ ավտոյի պոչը կախվեց: Գցեց առաջին: «Օպելը» չկարողանալով հաղթահարել թեքությունը` սկսեց տեղապտույտ տալ: Քաշեց ձեռքի արգելակը, իջավ: Մեքենան ետնամասով հայտնվել էր ճամփաբերանի առվում, որ երբեմն թողնում են, կամ` անձրևի, ձնհալոցքի ջրերն են ժամանակի ընթացքում բացած լինում: Պերճը քար գտավ: Սառած էր: Ոտքով մի քանի անգամ խփելով` տեղաշարժեց, այնուհետ մի կողմ քշելով դողի մոտ կուտակված ձյունը` հրեց տակը: Եվս մեկը մյուս ակին հարմարեցրեց: Աղջիկը հույսով, վստահությամբ սպասում էր: Ելնելու նոր փորձը նույնքան անհաջող էր: Առուն լայն էր, և քարերը ճնշման, ծանրության տակ ետ էին գնում: - Մնացինք...- Պերճը չէր ներում իրեն սխալի համար: - Պիտի միանգամից պտտված լինեի: - Տեղ կտա՞ր: - Հանգիստ. ճամփի եզրով եմ քշելիս եղել: - Ի՞նչ ենք անելու, - աղջկա ձայնում, դեմքին խուճապ չկար: - Մտածել է պետք: Բենզի՞ն, - Պերճը հայացքը գցեց ցուցիչին, - ահագին կա: Թե՞ դիզելային է վառում: - Բենզինով է: Բաքը հայրս լցնել է տվել, բայց ինչքան է տեղավորում, չգիտեմ: - Եթե չկարողանանք դուրս գալ, պիտի ժամանակ առ ժամանակ շարժիչն աշխատի, որպեսզի չմրսենք: - Իսկ եթե ես նստեմ ղեկին, դուք հրե՞ք... - Փորձենք, սակայն` դժվար. ծանր ավտո է, - Պերճը որերորդ անգամ դուրս եկավ: - Շատ գազ չտաք: Արդյունքն այն եղավ, որ դողերի թռցրած ձյունով ծեփվեցին Պերճի տաբատը, վերարկուն, մինչևիսկ դեմքը: Մինչ նա վերարկուն հանել, թափ էր տալիս, մաքրում ձյունից, աղջիկը ներսում անզուսպ հրճվում էր, հետո տիրապետեց իրեն, լրջացավ. - Կներեք, - կիսամուշտակի գրպանից հանելով թաշկինակը` նա քնքշանքով մաքրեց սրահ մտած Պերճի արտևանունքների ձյունը, - իմ պատճառով եղավ: - Նորից հրեմ, ուժ եկավ վրաս: - Զորավո՞ր թաշկինակ է: - Շնորհքը տիրուհունն է: - Հաճոյանալու ժամանակ գտաք, - ապա թե` - պետք չէ շատ ներսուդուրս անել, - նա կարողանում էր հարկավոր պահին տարածություն պահել, թույլ չտալ դիմացինին վտանգավոր սահմանը հատի: - Է՛հ, որ այդպես է, սպասենք, գուցե մեքենա-բան անցնի, ճանապարհը բացելու գան: - Իսկ եթե չեկա՞ն: - Տարբերակներից մյուսը ոտքով գնալն է: - Ըստ ձեզ, որքա՞ն կտևի: - Մաստարայից Լանջիկ հինգ-յոթ կիլոմետր է: Ճամփի շատը եկել ենք: Լանջիկը պիտի որ մոտ լինի, սակայն հեշտը ետ դառնալն է. գոնե ծանոթ ճամփա է: - Ժամը երկուսն է, հիմա օրը ե՞րբ է մթնում: - Վեցի կողմերը: Ինչո՞ւ եք հարցնում: - Հայրս, ոնց լինի, կզանգի Անիենց: Եթե իմանա, չեմ հասել, կանհանգստանա: Շտապելուց բջջայինը չվերցրի, կփորձեինք կապվել: Դուք... - Թողեցի «Նիվայի» մեջ: - Տրամադի՞ր եք որևէ բան լսել: Ի՞նչ եք սիրում: - Ես մեղմ երաժշտության երկրպագու եմ, բայց հիմա, որքան հնարավոր է, պետք է խնայել մարտկոցները: - Կարծում եք` բանը գիշերվա՞ն կհասնի: - Շարժիչը գործի գցելու համար ասացի, - Պերճը ջանում էր չվախեցնել, թեև հենց նրա կռահածն էր մտքում, ուստի, զրույցի նյութից շեղվելու համար, հարցրեց: - Ձեր հայրը որտե՞ղ է աշխատում; - Քաղաքապետարանում վարչության պետ է, իսկ դո՞ւք: - Համալսարանում դասախոս եմ: - Ու ի՞նչ գծով: - Գրականության: - Եթե գրում էլ եք` ձեզ թեմա... - Վատ միտք չէ. ձյունաճերմակ սարավանդում մոլորված դեղնականաչավուն «Օպելում» մենակ մնացած չքնաղ օրիորդի և Պերճ անունով տղայի մասին: - Պերճուհի է անունս: - Հրա՛շք, - Պերճը շողշողուն ժպտաց, պարզեց ձեռքը: - Հիմա իսկապես ծանոթացանք: Այս առիթով արժեր կոնյակ ըմպել: Սա դիպված չէ, այլ ճակատագիր, - նա բարձրացրեց ռադիոընդունի չի ձայնը: - Իմ պատվերն է` վալս: Ես ձեզ պարի եմ հրավիրում: - Այդ որտե՞ղ. ձյուների մեջ, թե՞ արդեն Գյումրիում ենք` կայարանի ռեստորանում: - Երկու տարբերակն էլ սրտովս են, թեև գերադասելին ներկան է: Գնանք պարելու, - Պերճը ելավ մեքենայից և հենց ճամփի այն հատվածում, որտեղ ձյունը համեմատաբար սակավ էր, սկսեց պտտվել: Աղջիկը, ակամա ենթարկվելով տղայի ցանկությանը, մղվեց դուրս: Դուռը մնաց բաց, և լսելի էին վալսի հնչյունները: Պերճը երկարեց ձեռքը: - Խենթացա՞ք, - այդուհանդերձ, աղջիկն ընդառաջ գնաց: - Պերճուհի, պերճանուն հրաշք: Գիտե՞ք ձեր անվան հոմանիշները` ճոխ, վսեմ, փառահեղ, վեհապանծ, շքեղաշուք... - Կմրսենք, - նա ևս գինովի պես էր: - Ցուրտն անկարող է, երբ սերն է ընձյուղ տալիս: Պերճուհին մարմինը հանձնել էր Պերճին, սիրտը` նմանապես: Այդպես գրկված, պտտվելով էլ գնացին դեպի մեքենան: - Իրավացի էիր, - տղան օգնեց, որպեսզի աղջիկը նստի, - ես քո անձի անվտանգության պատասխանատուն եմ` հիմա և այսուհետ, - նա միացրեց շարժիչը: - Դուռը բաց էինք թողել, թող տաքանա, չմրսի հանկարծ իմ նորաբողբոջ սերը: Պերճուհին հեզիկ ժպտում էր: - Ի՜նչ հրաշալի էիր պարում: Ես այս պահը երբեք չեմ մոռանա, - նա մատներն ազատեց ձեռնոցներից: - Բա որ հարսանիքի համար վերցրած շորը հագած լինեի... Պերճը հնչերանգից գլխի չընկավ` լո՞ւրջ է ասվածը, թե՞ հեգնանք: - Այդպես էլ շքեղ էր` Ֆելինիին ու Փարաջանովին վայել տեսարան... - Լսել էի, որ բանասերները վառ երևակայություն ունեն, հարուստ բառապաշար: - Նման ոճով քեզ սեր չեն խոստովանել, ճի՞շտ է: - Փորձում ես կյանքիցս մանրամասնե՞ր կորզել` ոչ ոք, - աղջիկը հանեց կեպին, արձակեց մուշտակի կոճակները: - Վերջապես առանց գլխարկի էլ տեսա, - Պերճը համարձակություն հավաքելով` ձեռքը նրա մազերին տարավ: Պերճուհին չդիմադրեց, ավելին` իր հերթին բռնելով տղայի ձեռքը, հպեց այտին. - Ի՜նչ տաք է: - Եթե սիրտս տեսնես... - Ձմեռ օրով չհալչե՞մ հանկարծ: Պերճը կռացավ, համբուրեց աղջկա մյուս ձեռքի մատները և հիացքով արտասանեց` Քո այտերը նման են կիսած նռան` հարսնաքողի տակ, Քո շուրթերը` որդան կարմիր թել... - Ինչո՞ւ էիք Գյումրի գնում, - Պերճուհին վերստին անցավ դուք-ի, ասես հասկացնելիս լիներ, որ շատ չծավալվի քնքշանքի դրսևորումներում: - Տեղի մանկավարժականում ամբիոնի վարիչի պաշտոնը թափուր է, առաջարկում են: Գնում եմ պայմաններին ծանոթանալու: - Իմաստ ունի՞: Բավական երկար նրանք աչք-աչքի նայեցին; - Հիմա արդեն` չէ: Ես այլևս ոչ մի վայրկյան քեզնից չեմ հեռանա: Աղջիկը ձգվելով, երևի թե իր համար իսկ անսպասելի, նրբորեն համբուրեց տղայի այտը, այնուհետ շառագունած` թեքեց հայացքը: Երկուսն էլ մնջվեցին: Պերճն ընդամենը ձեռքը դրեց նրա ուսին: - Չեմ հավատում: - Ի՞նձ, - Պերճը տագնապեց: - Այս ամենին: Ասես երազում լինեմ, - նա շրջվեց տղայի կողմը: - Չեմ հավատացել, թե առաջին հայացքից սեր լինում է: Կարծել եմ` խոսք է, ասում են: - Ես` նույնպես: Քամին գնալով ուժգնանում էր: Ճամփան փակած ձյունաշեղջը հասավ մեքենային և, նոր արգելքի հանդիպելով, սկսեց արագորեն առաջանալ: Պերճը մերթ ընդ մերթ գործի էր գցում շարժիչը, միացնում դիմապակու խոզանակները, սրահի ծանրամած օդի հեռանալու համար երբեմն մի փոքր իջեցնում ապակին: Մրրիկի պատճառով դժվար էր գլխի ընկնել` ձյունը կտրվել, թե՞ շարունակում է տեղալ: - Տեսնեմ` ինչ կա... Պերճն իջավ, անցավ մեքենայի ետնամաս: Թեթևանալուց հետո ձյունը դեսուդեն տալով` կորցրեց շիթի հետքերը: Շուրջը բան գրեթե չէր երևում: Մեքենայի հյուսիսային կողմում ձյունը համարյա հասել էր պատուհաններին: Նույնի կարիքն աղջիկը ևս, անշուշտ, զգում է, - մտածեց տղան: Սակայն ինչպե՞ս առաջարկի: Գուցե տրամադրությունը դրա համա՞ր փոխվեց, ընկած է: - Դու ևս իջիր, - ետ գալով` ասաց, - բայց այս կողմով, - նա օգնեց, որպեսզի աղջիկը տեղը փոխի: - Ես ներսում կլինեմ, - ու փակեց դուռը: Առժամանակ անց Պերճուհին ետևի դռնով մտավ` ձեռքին գնդած ձյուն. - Այստեղ շատ ավելի ազատ է: - Իսկ ինձ կարելի՞ է, - Պերճը հայելու մեջ բռնեց նրա հայացքը: - Դուք շա՜տ նրբանկատ եք: Խփե՞մ, - նա ձնագնդին դեմ արեց տղայի այտին£ - Գթա սիրեցյալիդ...- դիմադրության չհանդիպելով` Պերճը վերցրեց ձյունը, առավ ափերի մեջ. ի՞նչ էր ակնարկում աղջիկը` քիչ առաջվա արտաքուստ ոչ այնքան կիրթ պահվա՞ծքը, թե՞ խոսելաոճն էր այդպիսին` կատակախառն, ծաղր-հեգնանքով շաղախուն: - Ես թույլտվության եմ սպասում: - Եթե շորս չճմռթես, - Պերճուհին ծիրանագույն շրջազգեստը փռեց դիմացի նստատեղի թիկնակին, վրան` նույներանգ բաճկոնակը: - Ճաշակով է: - Մռայլ գույներ չեմ սիրում, - հետո անցողակի՝ - ձեռքերդ չմրսեն: Պերճն զգացված` կիսահալ գունդը շպրտեց դուրս, որից հետո նստատեղերի միջակա նեղլիկ արանքով անցավ ետնամաս: - Օհո՛, ցածր է, բայց` լայն: Սա՞ ինչ է, - նա կռանալով` հանեց ոտքի տակ ընկած բարձրակրունկ կոշիկը: - Տիրուհու նման նրբին է: Ու՞ր դնեմ, գուցե այստե՞ղ, - և ոտնամանները տեղավորեց ետնահարթակին: - Սա էլ, - Պերճուհին բարձրացրեց տուփը: - Անիի համար է: - Փորձե՞մ գուշակել միջինը, - Պերճը տուփը վերուվար արեց: - Գիշերանոց կլինի: - Ո՞նց իմացար, - երեխայի անմիջականությամբ վրա բերեց աղջիկը: - Միասին խանութից չառա՞նք: Երեկ... Երկուսիս կողմից է, երբ տալու լինես` կասես: - Ուզում է առանց նվերի պրծնել, խորամանկ: Բառը հնչեց իբրև գուրգուրանք: Իրականում ևս` երկուսի սիրտը բացված գիրք էր: Քիչ անց աղջիկը նվերի, հարսանիքի մասին խոհերից վհատ` լռեց: - Տխրեցրի՞, - Պերճը կիպ մոտեցավ, գրկեց նրա ուսերը: - Դու ամենևին մեղք չունես, - աղջիկը գլուխը հենեց տղայի ուսին, դա քիչ համարելով` շրջվեց, նրա դեմքն առավ ափերի մեջ. - Դու ո՞վ ես: - Պերճը, եթե կամենաս, կլինեմ քո Պերճը: - Չե՞ս խաղում: - Կնեղանամ, այլևս չասես: Դու այնքան անմեղ ես, որ քեզ հետ ուրիշ կերպ անհնար է: Պերճուհին մատներով դիպավ Պերճի շուրթերին. - Գիտե՞ս, ես առաջին անգամ էի տղայի պաչում: - Հավատում եմ, - Պերճը համբուրեց նրա շրթունքները, քթածայրը, աչքերը, ձեռքերը: - Ես հարբում եմ, - շշնջաց աղջիկը: - Սիրուց է, - Պերճը նրան առավ ծնկներին, - Դու անսահման գեղեցիկ ես, անասելի հրապուրիչ, անչափելի դյութիչ. Քո տնկիները նռնենիների դրախտ են` պատվական պտուղներով, հինաներով ու նարդոսներով... - Ասա, որ ինձ միշտ կսիրես: - Միշտ, շարունակ, անվերջ ու անընդմեջ: - Պերճ, բոլորի հե՞տ է այսպես. ես չգիտեի` ինչ է սերը: Նման կյանքի փորձ ամենևին չունեմ, - նա կրքից թալկում էր: - Այնտեղ ջուր կա, եթե կարելի է, - աղջիկը մատնացույց արեց պահախուցը: Պերճը ձգվելով` խորշից հանեց կես լիտրանոց «Ջերմուկի» շիշը: - Հայրս է միշտ պահում, - աղջիկը փորձեց կում անել, չկարողացավ: - Դիր շրթունքիդ, բերանդ լրիվ մի առ: Պերճուհին մի կերպ ըմպեց: Ջուրը ծորաց ծնոտն ի վար: - Դու ևս խմիր: Պերճը համբուրեց նրա խոնավ բերանը, լեզվով սրբեց փոսիկում մնացած կաթիլը. - Այսքանն ինձ լիուլի բավական է: - Այնտեղ երկու խնձոր կա, գոնե կեր... - Էլի՞ հայրդ է հոգացել: Աղջիկը գլխով արեց: - Սա քո, թե՞ նրա ավտոն է: - Իրենն է, բայց ինձ թողնում է քշել: Հիմա մտքին ծախել կա: - Ինչո՞ւ: - Իր ետևից պետական մեքենա է գալիս: Ուզում է ավելի փոքրն առնել: Ջիպը, - ասում է, - աղջկան չի սազում: - Բայց գույնը հոյակապ է: - Միասին ենք ընտրել. նա ինձ ոչինչ չի մերժում: - Երևում է...- Պերճը խնձորը, որ խոշորներից էր` կարմիր, տվեց աղջկան: - Դու կեր, ես կհետևեմ: - Մեկը` ես, մյուսը` դու: Ո՞վ գիտե, առավոտյան բան կերե՞լ ես: - Ես, շատ է պատահել, ողջ օրը բան չեմ դրել բերանս. սովոր վիճակ է: - Ուզում եմ, - Պերճուհին խնձորը դեմ արեց տղայի բերանին: - Կծիր: - Հեքիաթի անմահական խնձորն է, - Պերճը որքան հնարավոր է, փոքր պատառ պոկեց: - Հիմա քո հերթն է: - Այնտեղ խնձորները վերջում են թափվում: Ես չեմ ուզում հեքիաթն ավարտվի: - Սա դեռ սկիզբն է... - Ինչի՞ սկիզբը: Մենք դեռ երկա՞ր կմնանք: - Ես մեր սերը նկատի ունեի, - Պերճը գգվեց աղջկան: - Մեզ ոչինչ չի պատահի: - Ռադիոն կարելի՞ է միացնել: Մարտկոցը չի՞ նստի: - Դու անուշ արա, ես մի բան գտնեմ, - Պերճը փոխադրվեց առաջամաս, միացրեց ընդունիչը: Պատահականությո՞ւն էր` եղանակի տեսությունն էին հաղորդում, ավելի ստույգ` պետավտոտեսչության և տրանսպորտի նախարարության համատեղ հայտարարությունը հանրապետության ճանապարհներին տիրող վիճակի մասին: Պերճը հապճեպ փոխեց ալիքը: - Թող մնա, խնդրում եմ: Երևան-Գյումրի մայրուղու մասին հատվածը, ըստ երևույթին, այդ միջոցում անցել էր, որովհետև խոսք չեղավ: Ինչպես միշտ, վարորդներից խնդրվում էր միայն ծայրագույն անհրաժեշտության դեպքում գիծ դուրս գալ ու նաև` որ ամեն ինչ արվում է երթևեկությունը բոլոր ուղղություններով վերականգնելու համար: Երաժշտական ընդմիջում հայտարարելուց առաջ հաղորդավարուհին հայտնեց նաև ժամը` տասնյոթն անց էր երեսուն րոպե: - Նրանք կբացեն ճանապարհը, - Պերճն անջատեց ռադիոն: - Դու ասիր` մութը վեցի կողմերն է վրա տալիս, բայց արդեն բան չի երևում: - Եղանակից է: Ուզո՞ւմ ես վառեմ վերևի լամպը: - Դեռ չէ: Պերճ, մենակ կերա խնձորը, լավ չարի, չէ՞: - Մյուսը դեռ մնում է, թե՞ հայրդ քեզ համար չէր դրել: - Առավոտյան միայն թեյ եմ խմել: Հայրիկիս էլ նեղացրի: - Եթե հոգնել ես, քնիր: Այդտեղ այնքան ազատ է, կարող ես պառկել: - Ի՜նչ ես ասում, եկ ինձ մոտ: Տղան նույն ճամփով վերադարձավ ետնամաս: - Չե՞ս մրսում, - նա փարվեց աղջկան: - Բոլորովին: Համբուրիր ինձ, - ու չսպասելով Պերճին` մոտեցրեց շրթունքները: - Դու նկատե՞լ ես` ես անգամ համբուրվել չգիտեմ. շունչս կտրվում է: - Իսկ դու ազատ շնչիր: Պետք չէ լարվել: Արդեն սեղմել ես շուրթերդ, - նա լեզվով խաղաց աղջկա բերանի հետ: - Բաց արա, խնձորաբույր խենթուկս: - Ես քեզնից, որքան էլ տարօրինակ է, չեմ ամաչում: Բոլորովին չեմ ամաչում: Ինչի՞ց է, Պերճ: - Որովհետև անբիծ ես, անարատ: - Իսկ դու շա՞տ ես սերեր ունեցել: - Ես ընդամենը փնտրել եմ: Հիմա գիտեմ, որ քեզ էի որոնում: - Ես` չէ, ես սպասել եմ... - ...Մեր հանդիպմանը, որը կայացավ, երբ դեմ-դիմաց ելան «Օպելն» ու «Նիվան»: Նրանք չբախվեցին, դա ձեռքսեղմում էր, ողջագուրանք: - Ես կարծում էի` կգոռգոռաս, կանպատվես, բայց երբ մեքենաները հավասարվեցին, իջեցրինք ապակիներն ու հորս նման ասացիր` բա եղա՞վ, հասկացա, որ եթե կա մեկը, ով ինձ պետք է դժվար կացությունից հանի, դու ես: Նույն զգացողությունը հիմա ունեմ: Ո՞րն էր, Պերճ, ճիշտ` մնալը, թե՞... եթե ոտքով գնայինք: - Եթե այստեղ ենք, ուրեմն` ճիշտը մնալն էր: - Դու վստա՞հ ես, որ կգան մեր ետևից: - Համարյա, եթե չգան էլ, ոչինչ: Մեքենայում բենզին շատ կա. կարմիրը չի թարթում: - Գիշերը հարկ կլինի ավելի հաճախ միացնել շարժիչը: - Արտասահմանյան մեքենա է` հերմետիկ, օդ գրեթե չի խաղում. շուտ չի ցրտի: Եթե մրսես, իմ վերարկուն կտամ: - Դու այնքան հոգատար ես իմ նկատմամբ, ինձ թվում է` քեզ լրիվ մոռացել ես: - Յոգերի ուսմունքին մի փոքր ծանոթ եմ: Կարող եմ ներշնչել և չզգալ ցուրտը: - Քանի՞ տարեկան ես, Պերճ: - Երեսուն: - Ես` քսաներկու: Տնտեսագիտականի հինգերորդ կուրսում եմ: - Ասացիր` բանկում ես աշխատում: - Չեմ հորինել: Վերջին կուրսում դասեր համարյա չկան: Պրակտիկան բանկում է, ձևակերպել են որպես աշխատող, որպեսզի ավարտելուց հետո մնամ: Իրենք առաջարկեցին: Հայրս դեմ էր: Նա մինչև հիմա ուզում է, որ շարունակեմ, ընդունվեմ ասպիրանտուրա, բայց ես դասախոս չեմ դառնա. նրանց չեմ սիրում: Աստված իմ, այս ինչքան շատախոսեցի: Պերճ, մի պահ մոռացել էի, որ դու նույնպես դասախոսում ես: Ասածս քեզ չի վերաբերում: Ես քեզ սիրում եմ, ինձ թվում է` շատ-շատ... Դու քո մասին պատմիր. ուզում եմ ամեն բան իմանալ: - Մենակ եմ ապրում, երկսենյականոց բնակարան է... - Մեր տունն այնքան մե՜ծ է: Ես ու հայրս ենք: - Մորդ մասին բոլորովին չես խոսում: - Նա գնացել է, երբ ես փոքր եմ եղել: Հայրս է ինձ մեծացրել: Մայրս հիմա, կարծեմ, Հոլանդիայում է: Իսկ ձերո՞նք... Ծնողներ ունե՞ս: - Նրանք երկրաշարժի զոհ դարձան, քույրս` նմանապես: - Ի՜նչ տխուր բան ասացիր: Ես ուզում եմ լաց լինել: Տես, լալիս եմ: Ես քեզ նրանց փոխարեն էլ կսիրեմ: - Խաղաղվիր, Պերճուհիս, ուժերդ կսպառվեն: Շշում դեռ ջուր կա, ուզո՞ւմ ես: - Ամենևին: Ինձ թույլ չկարծես: Ինստիտուտ ընդունվելու, սովորելու հարցում հայրս չի միջնորդել: Ամեն բանի ինքնուրույն եմ հասել: Ես նրան կպատմեմ քո մասին: Ի՜նչ մութ է դրսում: Պերճը թեթևակի իջեցրեց ապակին: Լուռ էր ու խավար: Նա լրիվ բացելով պատուհանը` գլուխը հանեց դուրս: - Աստղեր եմ տեսնում: Վե՛րջ, այլևս ձյուն չի գա: - Գնանք առաջ, այնտեղից երկինքը կերևա: Նրանք փոխեցին տեղերը: Մեքենայի թեք դիրքն օգնում էր: Երկնքի տեսանելի հատվածում աստղեր էին առկայծում: - Ուզում եմ դուրս գալ, բայց քեզ հետ: Պերճն զգուշորեն բացեց դուռը, մի փոքր ետ գնաց, որպեսզի Պերճուհին ևս կանգնելու տեղ ունենա: - Քիչ կմնանք, մեզ մրսել չի կարելի, - տղան կոճկեց աղջկա կիսամուշտակը: - Կեպիդ մոռացար: - Ոչինչ, - նա թևանցուկ արեց Պերճին և, հենվելով մեքենային, հայացքը հառեց երկնքին: - Քաղաքում այսպես չէ: - Լույսերի պատճառով է: Սրան կապարե երկինք են ասում: - Իմ աստղը տեսնես ո՞րն է, իսկ քո՞նը: - Իմն այստեղ է` դու ես... - Պերճ, - սիրազեղ շշնջաց Պերճուհին: - Ներս գնանք, - նա գոտկեց աղջկա մեջքը: - Գուցե մենակ լինելու ցանկությո՞ւն կա: - Չկա, - աղջիկը երկու ձեռքով կախվեց տղայի օձիքից: - Պերճ, դու հրաշալի մարդ ես: Ես քեզ շատ եմ սիրում... Գլխումս անընդհատ այդ միտքն է, շարունակ կրկնել եմ ուզում: Պերճը երկար, կրքով համբուրեց նրա շրթունքները, բայց քանի որ ուղեղի հեռավոր անկյունում վտանգի զգացողությունը քնած չէր, սթափվելով` ասաց. - Անգամ ես մրսեցի: Ներսում տաք է, - ուզում էր ասել` և ապահով, սակայն լռեց: - Մի քիչ էլ մնանք: - Գոնե կեպիդ դիր: Դուռը, քանի որ ավելի մոտ էր, բացեց Պերճուհին: Նա ծնկելով` խորշից հանեց գլխարկը, ապա ուղղվելով` թափով հրեց դռնակը: Ինչ-որ բան շրխկաց: - Սեկրետն ընկավ, - Պերճը վայրկենաբար ձեռքը տարավ բռնակին: Դուռը չէր բացվում: - Պերճ, սա էլ է փակ, - աղջիկը գլխի էր` ինչ կատարվեց: - Իսկ ապակի՞ն, - Պերճը շոշափելով հասավ շրջանակի եզրին: - Բարձրացրել եմ: - Այս ի՞նչ արեցի, - Պերճուհին շվարածի ձայն ուներ: - Մեղավորը ես եմ, եթե չասեի` գլխարկդ դիր... - Դու իմ մասին էիր հոգում: Ես պետք է զգույշ լինեի: Գոնե բանալին հանած լինեինք, ախր, էլի է նման դեպք պատահել: Զանգեցի հորս, տնից երկրորդ բանալին բերեց: - Թերություն ունի: Ազդանշան, լավ է, չի տալիս: - Երկու փականքով է: Անձայնն է միացել: - Դի՛ր, կեպին քաշիր գլխիդ, - Պերճն աղջկա ականջները, որքան կարող էր, գլխարկի տակ առավ: - Ոտքերդ գետնին խփիր, թող թափվի ձյունը: - Պերճ, մի՞թե մեր հեքիաթը վատ ավարտ է ունենալու: Պերճը հուզվեց: Երբևէ ոչ ոք նրա անունն այդպես փաղաքուշ չէր տվել, հույսով չէր դիմել: Անցյալում աղջկա հենարանը հայրն է եղել, արդեն կլինի տասը ժամ, եթե ոչ ավելի` ինքը: Նրա հայրը տղամարդու պես է ուսերին առել դստեր հոգսը: Մանրամասներ առանձնակի չգիտի, սակայն ցրիվ պատմածներից իսկ հետևում է` նա կարգին մարդ է: Պերճը տրորելով ձյունը` լայնացրեց տեղը. - Ինձ մոտեցիր, - իսկ ինքը հենվեց մեքենային, հետո մտաբերելով, որ ձեռնոցները գրպանում են, պարտադրեց, որպեսզի աղջիկը հագնի: - Հիմա սեղմվիր ինձ: - Դու չպատասխանեցիր: - Սա ընդամենը փորձություն է: Մեր հեքիաթն ավարտ չունի, սերը` վախճան: - Ես քեզ հավատում եմ: Այդպես միայն հայրիկիս եմ վստահել: - Դու հարգանքի արժանի ծնող ունես: - Ինձ թվում է` նա իմ ետևից կգա, մեզ մենակ չի թողնի: - Ճանապարհը հիմա երկու կողմից բացում են. սա կարևոր մայրուղի է` հանրապետության երկրորդ քաղաքը Երևանին կապող: - Ես դեռ չեմ մրսում, դո՞ւ: Ինչո՞ւ գլխարկով չես: - Չգիտեմ, երբեք չեմ դրել: Իմ մազերը երկար են, գլուխս չի մրսի: - Ինձ սկզբում, երևի, նաև մազերիդ տեսքը գրավեց: Երբ նստեցիր մեքենան, ձեռք տալու, շոյելու անդիմադրելի պահանջ զգացի: Իմը կոշտ են, դրա համար եմ կարճ կտրում: - Քո դիմագծերն այնքան նուրբ են, որ սափրած գլխով անգամ գայթակղիչ կլինես: Համոզված եմ, տղաները հանգիստ չեն տալիս: - Ես ընկերներ շատ ունեմ, բայց քեզ հանդիպելուց հետո ամեն բան անկարևոր դարձավ: Նույնիսկ, հավատա, ուրախ եմ, որ հարսանիքին չհասա: Ի՞նչ պիտի անեի, եթե հետս չլինեիր: Պերճ, դու ինձ հետ կամուսնանա՞ս: - Իհարկե, հենց քաղաք հասնենք... Առանց քեզ չեմ կարող, հավատա: - Իսկ հարսանի՞ք: Հայրս առանց եկեղեցու համաձայն չի լինի. իր միակ դուստրն եմ: Դու գիտե՞ս քահանան ի՞նչ է հարցնում պսակելիս: - Որդյակ իմ, մինչև ի մահ տե՞ր ես: Սա փեսային ուղղված հարցն է: - Եվ պատասխանում է... - Այո, Հայր սուրբ, տեր եմ հրամանովն Աստծո: - Իմ մասն էլ ասա: - Որդյակ իմ, և դու մինչև ի մահ հնազա՞նդ ես: Հարսնացուի պատասխանը պիտի լինի` այո, Հայր սուրբ, հնազանդ եմ հրամանովն Աստծո: - Կկարողանա՞մ: - Եթե շփոթվես էլ, ոչինչ. որոշ պահերի էականը բառերը չեն, այլ խորքում եղածը: - Սրտիս զարկերն ուզո՞ւմ ես լսել, - նա բռնեց տղայի ձեռքը: - Տար ներս: Պերճի մատները մուշտակի տակ գտան աղջկա ստինքը. - Զգո՞ւմ ես: - Քնքուշ տրոփում է: - Չհանես, տաքացրու: Որքան հաճելի է, թեթևակի սեղմիր... - Խենթուկս, այսպես անհարմար է: Շրջվիր, - նա աղջկան մեջքի կողմից գրկեց, փարեց մարմնին: - Թող թիկունքդ ջերմանա: Ո՞նց է: - Բառեր չեմ գտնում, բայց կուզեի դեմքդ տեսնել... Գայլերը չգա՞ն հանկարծ, - գլուխը խուժած անպատեհ մտքից սահմռկած` նա խուճապով շրջվեց Պերճի կողմը: - Հայաստանում վաղուց աղվես չի հանդիպում, ուր մնաց` գայլ: - Հա՞, - աղջիկը խաղաղվեց: - Ըստ քեզ, մենք որքա՞ն կդիմանանք: - Բազմաթիվ ժամեր... Եթե ոտքերդ սառչեցին, փորձիր կոշիկների մեջ շարժել: Պարելիս ուշադրություն դարձրի, հուսալի սապոգներ էին` ճտքերը երկար: Ծնկներդ են բաց, - նա ձեռքը տարավ և արձակեց վերարկուի կոճակները, հետո եզրերով, ինչքան թույլ էր տալիս զգեստը, պարուրեց աղջկան, առավ իր մեջ: - Պերճ, բայց դու... - Եթե պետք լինի, ես նաև վերարկուս կհանեմ: - Այս եղանակի՞ն, - նա տղայի վզնոցի ծոփքը հանելով` պտտեց պարանոցի շուրջը, մտցրեց խորքերը: - Ավելի տաք կլինի: Ականջներդ սառել են, - նա բարձրացրեց նաև օձիքը: - Փորձիր թաղվել մեջը: - Ինձ մրսել չկա: Ժամերով կարող եմ բաց գլխով դրսում զբոսնել: Ի՞նչ եղանակ է, որ... - Դու ինձ հիացնում ես: Քիչ է մնում ոտքով գնալու առաջարկ անեմ, քո ասածի պես` զբոսնելով: - Ճանապարհը, հնարավոր է, կորցնենք: Մենք պիտի սպասենք լույսի բացվելուն, եթե... - Եթե ի՞նչ: - Ուրիշ ելք չգտնենք: - Իսկ ելք կա՞: - Իհարկե... Ո՞նց գլխի չէի. մենք կարող ենք կոտրել ապակիներից մեկը: - Ճիշտ ես, Պերճ: - Հետո մի բանով կգոցենք փշրված տեղը: - Դու քար գտիր, բայց, խնդրում եմ, շատ չհեռանաս: Պերճը հայացքը հառեց խավարին: Ոչինչ չէր երևում: Մեքենայի ետնամասում, դեպի ձախ, մոտավոր տեղը հիշում էր, քարի կիտուկ կար: Սակայն կգտնի՞: Նա զգուշորեն առաջացավ: Ձյունը ծնկներին էր հասնում: - Պե՛րճ... - Քար եմ փնտրում, դեռ չեմ գտել: - Հեռու չգնաս, ե՛տ արի: - Դու էլ` տեղից չշարժվես հանկարծ, լսո՞ւմ ես, Պերճուհի: - Լսեցի, իսկ դու բան տեսնո՞ւմ ես: - Չէ, ոտքերով եմ որոնում. մի տեղ պե՞տք է լինի... - Կկորցնես մեքենան, Պերճ, աղաչում եմ, վերադարձիր: - ... - Պե՞րճ...- աղջիկը սոսկաց: - Պե՛րճ, դու, հո, չե՞ս մոլորվել: - Չէ՛, - ձայնը բավական հեռվից լսվեց: - Կարծես մեկը գտել եմ, բայց չի պոկվում, թաղված է գետնի մեջ: - Թո՛ղ արի: Դու ակերի տակ քար դրեցիր, դրանով էլ կխփես: - Եկա՜... - Այդ ո՞ր կողմ ես գնում, - նա որքան ուժ ուներ աղաղակեց: - Դու սխալ ուղղություն ես ընտրել, լսու՜մ ես: - Գալի՜ս եմ, - պատասխանն ավելի հեռվից եկավ: Նա կորցրել է մեքենան: Հարկավոր է ընդառաջ գնալ, գտնել... Ոչ, Պերճը պատվիրեց չհեռանալ ավոյից: Հիշեց պսակադրու թյան ժամանակ ասելիքը` հնազանդ եմ հրամանովն Աստծո: - Պե՜րճ...- աղջիկը քխկաց: - Կոկորդի՞ս ինչ եղավ: Կռացավ, ձյուն վերցրեց: Հիմա կուլ կտա, և խզված ձայնը վերստին կբացվի: Պերճն ասաց, որ սա ընդամենը փորձություն է: Փորձություն է... - Պե՜րճ... Ջանքերն անարդյունք անցան. բղավել ոչ մի կերպ չէր ստացվում: Բարձրացրեց հայացքը: Պայծառ, ցածում կատարվածին անտեղյակ ու անտարբեր` շողշողում էին աստղերը: - Տե՛ր, դու ճամփա ցույց տուր նրան և վերադարձրու իմ ձայնը: Նա ձեռքերն իրար խփելով` թափեց ձեռնոցներին կպած ձյունը, ամուր հենվեց ոտքերին ու խոր, շատ խոր շնչելուց հետո` կանչեց. - Պե՜րճ... Ձայնը, ճեղքելով խավարը, ձյան պատնեշները, ծավալվեց, գնաց... Արձագանքը երկա՜ր` ականջներում էր, խավարչտին գիշերվա դավադիր լռության մեջ... Աղջիկն ուժասպառ` հենվեց մեքենային: Ոտքերը, չդիմանալով ծանրությանը, ծալվեցին, ու նա սահելով` իջավ գետնին: Պերճը ոտքի տակ հարթություն զգալով՝ հուսավորվեց: Դաշտերից, դարուփոսերից հետո վերստին մայրուղու վրա է: Պետք է ընթանալ դանդաղ, որտեղ ձյուն է` ասֆալտի առկայության մեջ համոզվելով, այլապես դարձյալ կշեղվի ուղուց: Բավական գնացել էր, երբ թիկունքից ականջին հասավ Պերճուհու ձայնը: Շրջվեց, ձեռնափերը բերանին տարավ. - Պերճուհի՜... Միայն թե մեքենայից հեռացած չլինի: Հիմա՛, հիմա՛... Գալիս եմ: Սիրելիս... Վերարկուն պիտի հանած լիներ, աղջկան տված: Ավելորդ ծանրություն է, փեշերի երկար լինելու պատճառով քանի~ անգամ գայթեց... Համ էլ` ինքը շարժման մեջ է, առանձնապես չի մրսում, իսկ Պերճուհին... Պաշտելիս... Եկա: Ասել եմ` պատասխանատու եմ, հիմա արդեն` կյանքիդ համար: Լավ է, քամին տեղ-տեղ սրբել է ասֆալտի ձյունը, կողմնորոշվել լինում է: Սակայն ինչո՞ւ չի պատասխանում աղջիկը: Լուսեղենս... Մի՞թե այդքան խճճվել, հեռացել է. - Հե՜յ... Դեմը ելած հերթական ձնաթումբը հասնում էր գոտկատեղ: Ուղիղ, միայն ուղիղ և` ձա՛խ, ձա՛խ... Զգույշ չգլորվես, շփոթեցիր ուղղությունը, կրկին ետ կգնաս: - Պերճուհի՜... Խրված տեղից ելնելու համար նա ուժ տվեց ոտքերին, մարմնի դուրս մնացած մասով մղվեց առաջ և... նկատեց դեմը ցցված «Օպելի» ուրվագիծը: - Ես եկա...- նա ձեռքը երկարելով` դեսուդեն տվեց ավտոյի ապակուն հասած ձյունը, պառկած դիրքով կախվեց բռնակից, որպեսզի դուրս քաշի մարմնի թաղված մասը: Դուռն աննշան շարժվեց. լավ չէր փակված: Սեկրետն ընկել է, բայց... կբացվի, - կայծակեց միտքը: - Պերճուհի՛, Պերճուհի՛... Տղայի ոգեշունչ աղաղակը թմբիրից, անզգայությունից հանեց աղջկան. - Վերադարձար...- ցածր, միայն իրեն լսելի շշնջաց: Տղան տենդով ետ տարավ փորատակի ձյունը, տարածք ազատեց: - Հիմա՛, հիմա՛... Բքի լցրածը խիտ էր: Վերջապես... Հանելով վերարկուն` նեղ բացվածքից մարմնի կեսով մի կերպ մտավ: Վառեց սրահի լամպը, սեղմեց լույսերի կոճակը. շրջակայքը մեկից կենդանացավ: - Պերճուհի...- նա դեռ չգիտեր, որ աղջիկը ձյունից համեմատաբար պատսպարված կողմում է, ուր թողել էր: Ներս քաշեց նաև ոտքերը, հասավ ղեկին: Ձեռքը երկարելով ձողիկին` միացրեց հեռահար լուսարձակները: Եթե իրեն փնտրելով` մոլորվել է, - մտածում էր տղան, - կնկատի, կգա: Ինքնաշխատ գաղտնափականքից հանեց դռները, ապա գլխի ընկավ` կարող է նաև ազդանշան տալ: Կերկեր, ողբերգություն գուժող ձայնը փշաքաղեց Պերճին: Իջեցրեց ապակին, ականջ դրեց: Լուռ, անտանելի լուռ էր շուրջը: Լույսով ողողված ճանապարհից անդի փռված հարթությունն ավարտվում էր բլրակով: Ոտնահետքեր չէին երևում: Հայացքը թեքեց ձախ: Խավարը հնարավորություն չէր տալիս հեռուն տեսնել: Հե՞տք: Նա կախեց հայացքը... - Պերճուհիս... Տղան դուրս մղվեց: Աղջիկը ձյուների մեջ պառկել, չէր շարժվում: Ծնկեց և, թևատակերից բարձրացնելով, նստած դիրքով հենեց մեքենային: Այտը հպեց քթին, լարվեց... Աղջիկը թույլ շնչում էր: - Ես` հիմա, - նա իրեն ներս նետեց: Գործի գցեց շարժիչը և միացրեց վառարանը: Նստատեղի հենոցին մնացած հագուստը, որ ընկել էր, շպրտեց հետևի ապակու ուղղությամբ, ապա բացեց-պառկեցրեց թիկնակը: Իջեցրեց նաև վարորդի նստատեղինը: Սրահը դարձավ փափուկ, թեք թախտ: Ելավ, բարձրացրեց Պերճուհուն և ետևի դռնով մտցրեց ավտոն: Ոտքերը մնացին դրսում: Բացեց առջևի դուռը, ծնկած առաջանալով` աղջկան լրիվ ներս քաշեց: Գոցեց դռները` չմոռանալով բարձրացնել ապակին: Պերճը գործում էր արագ, անվրեպ, առանց դույզն ինչ խուճապի: Այնքան հանգիստ, որ մարտկոցները խնայելու համար հանգցրեց լուսարձակները: Վզնոցը, ծայրերը որի աղջիկը փաթաթելուց հետո մտցրել էր տղայի բաճկոնի օձիքի տակ, մնում էր: Հանեց, հապճեպով մաքրեց հետը բերած ձյունը, թափեց դուրս: Գիտեր` սրահի ջերմանալու հետ այն կհալվի, իսկ Պերճուհուն չոր, տաք, փափուկ տեղ է պետք: Արձակելով աղջկա կոշիկների քուղերը` հանեց սապոգները և սկսեց շփել ոտքերը, ազդրերը: Ձեռքերն ազատեց ձեռնոցներից, քանդեց կիսամուշտակի ճարմանդները, մի կողմ դրեց կեպին: Դիրքը հարմար չէր: Հարսանիքի համար նախատեսված զգեստները հարմարեցրեց գլխի տակ: Շարունակեց շփել, շփել... Ականջը դրեց կրծքին: Սիրտը զարկում էր, թոքերն աշխատում էին: Դարձյալ ու դարձյալ շփեց: Վերջապես... Պերճուհին բացեց աչքերը, իսկ շուրթերը ետ գնացին. - Պերճ, դու եկար: - Մենք նորից միասին ենք, - նա հակվելով` հուշիկ համբուրեց աղջկա ճակատը: - Որտե՞ղ ենք, - Պերճուհին փորձեց ելնել: - Մեքենայում, - Պերճը ժպտաց, ձեռքը տարավ, մարեց, ապա` կրկին վառեց առաստաղի լամպը: Աղջիկը դաստակներին ուժ տալով` ինքնուրույն ելավ: Պերճը չթողեց, որ նա ուժ վատնի. թևատակերից օգնելով` հասցրեց թիկնակին. - Հենվի՛ր: Պերճուհին հայացքով տնտղում էր սրահը: - Ապակիների՞ն ես նայում: Մնում են. ձեռքս չգնաց փշրեի քո ավտոն, - կատակեց: Աղջիկը տարուբերեց գլուխը. լրիվ չէր սթափվել: - Ինչպե՞ս ես: - Շոգ է, հանե՞մ մուշտակը: - Դեռ` չէ: Ջուր տա՞մ, - տղան գտավ «Ջերմուկի» շիշը: Կեսը մնում էր, օգնեց` ըմպի: Կռացավ, համբուրեց մատները: Աղջիկը ձեռքը դրեց Պերճի գլխին, փաղաքշեց. - Ինչ փափու՜կ են, - քիչ անց: - Դու լրիվ ջուր ես: - Ոչինչ: Ձյունն է հալվել, կչորանա: - Չհիվանդանա՞ս, մի բանով սրբվիր, - և հանեց թաշկինակը: - Անհոգ եղիր: - Մենք երկա՞ր մնացինք դրսում: - Կես, կամ մի ժամ, - Պերճն իսկապես ժամանակի զգացողություն չուներ: - Հիմա քանի՞սն է, - աղջկա թիկնած դիրքից մեքենայի ժամացույցը հստակ երևում էր: - Պերճ, արդեն գիշերվա տասն է: - Մենք ահագին կլինի` ներսում ենք: - Ո՞նց բացեցիր, - հետո մոռացավ հարցը: - Վերարկուդ ո՞ւր է: - Դրսում եմ թողել: Աղջիկն անհանգստացավ. - Ինչո՞ւ չես բերում: Կորցրել ես... - Թող մնա, ձյունոտ է: - Բան չեմ հասկանում: - Դուռը բացելուն խանգարում էր, հանեցի հագիցս, հետո մոռացա, միջոց չեղավ: - Ի՞նչ արիր, քո բանալիո՞վ... - Չէ, սա փակ չէր, - նա ձեռնափով խփեց դռանը: - Մեկնումեկս պինդ չէինք քաշել: - Իսկ ինչպե՞ս գլխի ընկար: - Ես շատ էի այն կողմ գնացել, ետ գալիս դեմ առա դռանը: - Դու կորցրե՞լ էիր ճանապարհը: - Հա՛, - խոստովանեց Պերճը, - և չէի գտնի, եթե քո ձայնը չհասներ. բոլորովին հակառակ ուղղությամբ էի քայլում` դեպի Լանջիկ: - Պերճ... - Ասա, փրկիչս: - Իսկապես կարևորը բառերը չեն: Ես ոչ մի աղոթք չգիտեմ, բայց երբ կանչերիս այլևս չէիր պատասխանում, պաղատեցի, որ Աստված քեզ ճամփա ցույց տա: - Երևի այդ ժամանակ եմ գտել ասֆալտը: Ես խճճվել էի, շարունակ այս ու այն կողմ էի դեգերում, դիմացս մեկ թումբ էր ելնում, մեկ առու... - Ձայնս էլ կտրվեց. չէի կարողանում գոռալ: Նա ինձ նաև ձայն տվեց և զորություն: Հիշում եմ` այնպես զիլ, երկար կանչեցի... - Դուռն էլ նրա կամքով չէր փակվել: Խորհուրդ կա այս ամենի մեջ: - Փորձություն էիր ասում: Կարծում ես` ամեն ինչ ավարտվե՞ց: - Իհարկե: Մեզ մնում է սպասել օգնության գալուն: Հո այսպես չի՞ մնա. լույսը կբացվի: - Էլ ջուր կա՞: - Ուզում ես խմե՞լ. շշի տակ մնում է: - Պերճ, որքան բարի ես: - Դու ինձ այդպիսին դարձրիր: - Հանիր կոշիկներդ, չհոգնեցի՞ր ծնկած մնալով: Պերճն արձակեց քուղերը, կոշիկները թողեց ավտոյի առաջամասում և, տեղավորվելով նրա կողքին, շոյեց գլուխը: - Դու տաք ես: Ջերմությո՞ւն ունես, - աղջիկը խառնվեց իրար, ձեռքը հպեց տղայի ճակատին, մատներով փոցխեց վարսերը: - Չէ, ի՞նչ ես ասում: - Սպասիր, - նա հանելով կիսամուշտակը` փռեց Պերճի վրա, ծնկաչոք հասավ խորշին, գտավ խնձորը: - Բռնի՛ր: - Բայց ես չեմ ուզում, - անկեղծորեն հետ քաշվեց տղան: - Կեր, որպեսզի լավանաս: - Իմ հիվանդ լինելը մոռացիր, իսկ շորդ չեմ վերցնում, որովհետև, ինչ քոնն է, դիպել է մարմնիդ, ինձ համար անձկալի է: - Անձկալին ո՞րն է: Ի՞նչ է նշանակում, Պերճ, անձկալի: - Ցանկալի, - նեղվեց տղան: - Ես որքան բան չգիտեմ: Դու ինձ ցանկանո՞ւմ ես, - աղջիկը ելավ Պերճի ազդրերին: - Տենչում... Նրանք տևաբար համբուրվեցին: - Արդեն կարողանո՞ւմ եմ, - հևասպառ հարցրեց աղջիկը: - Դու ամեն բան հրաշալի ես անում, - Պերճը նրան գրկից չէր թողնում: - Դու խելամիտ օրիորդ ես: Ես քեզնով թովված եմ: - Երբ ես մենակ էի, սիրտս պայթում էր, ուզում էի քո ետևից գալ, սակայն մնացի, որովհետև հանկարծ մտաբերեցի իմ բաժին խոսքը, որ ասելու եմ եկեղեցում: Հիմա էլ եմ հիշում: Ուզո՞ւմ ես ասեմ, - ու չսպասեց արձագանքի: - Հնազանդ եմ հրամանովն Աստծո: Զսպեցի ինձ, կարողացա չշարժվել: - Դու խոնարհ կին կլինես ինձ համար` հրեշտակի պես... - Իսկ դու` քաջ ամուսին: Համարձակ ամուսին: Մթնում ժամեր շարունակ մենակ թափառելով` գլուխդ չես կորցրել, չես վախեցել: Դե, կեր խնձորը, որ ավելի արիանաս: - Այսօր ծոմի մեջ եմ: - Կնեղանամ: Ես ևս չեմ ուտելու: - Պերճուհի, ձևեր չեմ թափում: Շաբաթը մեկ օր ես ծոմ եմ պահում: - Առանց ուտելու կարողանո՞ւմ ես դիմանալ: - Պատահել է` երեք օր պատառ չեմ դրել բերանս: Օր է եղել` մինչևիսկ ջուր չեմ ըմպել: - Ինչո՞ւ: - Երևի պարապությունից, կամ` գրքերի ազդեցության տակ: - Բայց դա վնաս չէ՞: - Հակառակ. ըստ եկեղեցու, մարդ շաբաթվա երկու օրը պետք է ծոմ պահի: - Ու դրանք ո՞ր օրերն են: - Չորեքշաբթի և ուրբաթ: - Այսօր շաբաթ է: - Ես սա ծանոթության կարգով ասացի: Հո եկեղեցու կանոններո՞վ չեմ առաջնորդվում: - Հիմա չես ուտելո՞ւ: - Ոչ ու նորից` ոչ: - Ես ուտե՞մ, - այդքանից հետո անգամ թերահավատությամբ Պերճի աչքերին նայելով` Պերճուհին խածնեց խնձորը: - Շա՞տ եմ բկլիկ: - Դու այնքան փխրուն ես, չուտելու դեպքում կնվաղես: Եվ հետո` ուզում եմ շրթունքներիդ բուրմունքին խառնվի խնձորինը. Այտերդ բալասանի ածուի պես են` ծաղկած բուրաստաններ, Շրթունքներդ շուշաններ` հեղուկ զմուռս կաթող... - Մի շարունակիր, դու ինձ կխենթացնես, - աղջիկը շրջվեց, որպեսզի վերցնի հարթակին դրած պայուսակը: - Ծամոն ունեմ: - Չսիրածս բանն է: Ծոմ օրերին մաստակն անգամ արգելվում է: - Բա ի՞նչ անեմ, - աղջիկը ճաշակում էր խնձորն ու մտմտում: - Ինձ կեր, - անսպասելի ասաց և, իր իսկ մտքից ամաչելով, կարմրատակեց: - Դրան, ա՛յ, համաձայն եմ, գժուկս: - Ես հասկանում եմ` ինձ համար ես հրաժարվում: - Իսկ եթե դա ինձ անպատմելի բերկրանք է պատճառո՞ւմ: - Գոնե մի բերան, որպեսզի քո ասած հաճույքը ես ևս զգամ: - Համոզեցիր, - Պերճը վերցրեց խնձորը, կծեց: - Հյութեղ է: Միասին մեջընդմեջ կերան, համբուրվեցին, քիչ կերան, շատ համբուրվեցին` այդ կերպ երկարաձգելով յուրատեսակ վայելքի պահը: - Ցրտեց, - աղջիկը կիսամուշտակը, որ տղան մի կողմ էր դրել, առավ ուսերին: - Տեսնեմ ինչքան վառելիք կա, - Պերճը պտտեց բանալին. կարմիր լույսը չթարթեց: - Դեռ կարելի է, բայց նախ` ներս բերեմ վերարկուն: - Դո՞ւրս ես գալու ավտոյից, - աղջկա դեմքին երկյուղ գծագրվեց: - Այստեղ պիտի լինի, - տղան ճեղք արած` պատուհանից նայեց: Վերարկուն երկու քայլ այն կողմ էր: Հրելով` լրիվ ետ արեց դուռն ու մի ոտքով և մարմնի կեսով դուրս եկավ: Հեռու էր: Հագավ կոշիկները, ելավ, թափ տվեց վերարկուն: Գրեթե ներս էր մտել, երբ շարժում նկատեց: Զարհուրած` թափով քաշեց դուռը: Հանդերձի փեշը տակը մնաց: Վայրկյան չկորցնելով` բացեց, վերստին խփեց: Շատ մոտիկ տեսավ կենդանու աչքերի փայլը և լսեց ատամների կափկափյունը: - Ի՞նչ եղավ, - աղջիկն էր: - Կարծես շուն լիներ, - տղան միացրեց լուսարձակները: Դիմացը ողողվեց լույսով: Պերճը տեսավ լուսաշիթերից աջ ու ահյակ փախչող կենդանիներին. Երեք, թե չորսն էին: - Պերճ, նայի՛ր, նայի՛ր... - Տեսնում եմ, - նա ազդանշան տվեց: - Շներ են, - տղան չէր ուզում սարափեցնել աղջկան: - Խոստացիր, որ էլ դուրս չես գա, - Պերճուհին թիկունքի կողմից փարվեց տղային: - Լավ, - նա անջատեց լույսերն ու գործի գցեց շարժիչը: - Հիմա մենք կփորձենք քնել: - Սրահի լույսը չմարես: - Եթե ողջ օրը վառված մնա էլ, մարտկոցը չի նստի. հոսանք գրեթե չի խլում: Պառկեցին: Քանի որ «Օպելը» թեք էր կանգնած, գլուխների տեղը հարմար չէր: - Իսկ եթե շրջվենք հակառակ ուղղությա՞մբ: Նրանք մեկնվեցին` գլուխները դեպի ղեկը: - Հիանալի է, - ասաց աղջիկը: - Հոյակապ է, - հաստատեց տղան` կիսամուշտակով ծածկելով նրան: - Դու ևս մտիր տակը, - Պերճուհին բարձրացրեց զգեստի եզրը: - Եթե մրսեմ` սիրով: - Պերճ, ինձ թվում է` ջերմություն ունեմ: Տղան շոշափեց նրա ճակատը, ձեռքը տարավ վզով: - Հուզմունքից է: Հնարավոր է նաև` մի փոքր մրսած լինես, - նա վաղուց գիտեր, որ աղջիկը ջերմում է: - Քնեցինք, - և անջատեց շարժիչը: - Բռնիր ձեռքս ու գրկիր ինձ: Պերճը պինդ փարվեց, սակայն չհամբուրեց. չէր կամենում բորբոքել ֆիզիկապես առանց այդ էլ թույլ աղջկան: Հրաշալի անձնավորություն է, ձեռքը գլխատակին` մտածում էր, տոկուն: Նրա կյանքում կանայք եղել էին ու գիտեր` ով իրեն ինչպես կպահի նման վիճակի մեջ հայտնվելու դեպքում: Խոհերը մնացին հեռվում. դրսից ոռնոց եկավ` թույլ, հազիվ լսելի, հետո դարձյալ` բավական ուժգին: - Էս շներն էլ...- Պերճը փորձեց կանխել աղջկան: - Որքան գիտեմ` նրանք հաչում են: - Կարող են նաև գայլի պես ոռնալ: Շների նախնիք գայլ են եղել: Բնազդը նրանց մեջ չի մեռել: Աղջիկն ընդոստ ելավ, ձեռքը մեկնեց սեղմակին. փականքները շրխկացին: - Պառկիր, գիժ, - Պերճը ծածկեց նրա թիկունքը: - Կարծում ես, եթե անգամ գայլեր են, կբացե՞ն դռները: - Ի՞նչ իմանամ: Մեկ էլ տեսար` թաթերը գցեցին. սեկրետը չի թողնի: - Քո ասածն է, - համաձայնեց Պերճը: Աղջիկը շուտ քնեց: Տղան արմունկին հենվելով` բարձրացրեց գլուխը: Թևքով սրբեց ապակին, նայեց դուրս: Կենդանիներին չտեսավ, այդուհանդերձ վստահ էր` նրանք այնտեղ են: Տեսնես իրո՞ք գայլեր են, թե՞... Եթե շների ոհմակ է, գյուղը հաստատ մոտերքում կլինի: Երևանում, մասնավորապես ծայրամասային թաղերում անտերունչ թափառողներ շատ կան: Դեպք է եղել` առավոտ վաղ գործի գնացողին են վրա տվել: Ասում են` շատ անոթի մնալու պարագայում կհոշոտեն միայնակ մարդուն... Հազը, որ աղջկա մոտ վաղուց էր սկսվել, հաճախացավ: Պերճն զգույշ հպվեց նրա ճակատին: Ջերմությունը բարձր էր, երևի` երեսունինը: Նա շոշափեց իր վերարկուն. տեղ-տեղ թեթևակի խոնավություն կար: Ավելի լավ է, թեկուզ այդպես, մուշտակի վրայից գցի: Աղջիկը ծայրանդամների մրմուռից, այտուցից չբողոքեց, ուրեմն` ցրտահարված տեղ չունի: Դա էական է: Մնում է թոքաբորբը... Վերնազգեստի ծանրությունից, թե՞ շարժումից Պերճուհին արթնացավ. - Դու քնած չե՞ս: - Վերարկուն իջեցրի, որպեսզի հետո, երբ ցրտի, գցենք վրաներս: - Դե պառկիր: Տղան մեկնվեց: - Գայլերը գնացի՞ն: - Շները, հա՛, վաղուց չկան, - ասելն ու ճանկռտոցի լսվելը մեկ եղան: Պերճն շտապով վառեց-մարեց լույսերը, ազդանշան տվեց: - Դրանք գայլեր են, - աղջկա ջերմությունը, երևում է, ավելի էր բարձրացել: - Դու քնի՛ր, քնի՛ր, - Պերճը գտավ իր թաշկինակը, սրբեց նրա դեմքի, պարանոցի քրտինքը: - Ես հիվանդ եմ, գիտեմ: - Արդեն քրտնեցիր. ջերմությունդ շուտով կանցնի: - Վերարկուդ ծանր է, Պերճ: - Ոչինչ` նորից չմրսես... - Ի՜նչ լավ է` մեր դրսում եղած ժամանակ նրանք չկային: - Այո, վատ բան կլիներ: - Պերճ, դու ի՞նչ աղոթք գիտես: - «Հայր մերը»` և հին և նոր հայերենով, - Պերճը կամքի ուժով տիրապետեց իրեն, որպեսզի չփղձկա: - Իմ կոկորդն էլ է քերվում, - կերկերոցը թաքցնելու համար նա քխկաց: - Գոնե դու չհիվանդանաս: - Ես... եթե ջերմեմ էլ` քո սիրուց: - Դանդաղ կասես, որ հասցնեմ: - Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քոյ...- Պերճը դադար տվեց: - Պերճուհին կրկնեց. - ... - Եկեսցէ արքայութիւն քոյ, եղիցին կամք քոյ, որպէս յերկինս և յերկրի... Ու այդպես` մինչև վերջ: - Հիմա հանգիստ եմ. նրանք մեզ չեն հասնի, - արդեն քնի մեջ` մրմնջաց աղջիկը: - Անշուշտ, - Պերճի ձայնում որոշում կայացրածի վճռականություն կար: Նա Պերճուհուն տեղափոխեց ետնամաս և մեքենայի լայնքով պառկեցրեց: Գլխի տակ դրեց պայուսակը, վերևից` հանդիսության զգեստը: Վերստին ծածկեց, սկզբում` կիսամուշտակով, ապա` վերարկուով: Թիկնակներն ուղղելուց հետո վառեց լույսերը: Հանկարծակիի գալով` կենդանիները վայրկենապես տեսադաշտից անհետացան: Պերճուհուն չարթնացնելու, երկյուղ չպատճառելու համար ազդանշան չտվեց: Շարժիչը տաք էր, միանգամից գործի ընկավ: Այս անգամ անշտապ միացրեց նաև բաշխիչ տուփը, որպեսզի քարշի ուժը երկու կամրջակներին ընկնի: Վճռեց սկզբում ոչ թե փորձել ելնել, այլ, որքան հնարավոր է, ետ ընթանալ: Պատուհանի ապակին փշրելու համար քար փնտրելիս հասկացել էր, որ խանդակի մյուս երեսը շատ դիք չէ և այնտեղից թափ առած գալու դեպքում հնարավոր է հաջողվի հաղթահարել ճամփեզրի արգելքը: Նա փոխանցումների բռնակը դրեց ետընթացի վրա, թեթևակի տեղաշարժեց ղեկը և գազ տվեց: Քարերը ղրտոցով փախան ակերի տակից, ու մեքենան ետ գնաց, այնքան, որ այժմ քիթը կախվեց, և երևացին առջևի դողերի դաջվածքները: Ոտքն արգելակին` Պերճը շրջվեց: Աղջիկը ցնցումից բացել էր աչքերը, սակայն ջերմի մեջ չըմբռնեց` ինչն ինչոց է: Հանգի՛ստ, Պերճ: Մեկ անգամ ևս ճշտիր քայլերիդ հաջորդականությունը: Փոխում ես արագությունը, դնում առաջին, այնուհետ... «Ջիպը», բուլդոգի պես դունչը կախած, իջավ փոսորակն ու թափով ելավ... մայրուղի: Ղեկի կես պտույտ, և նա դեմքով շրջվեց Մաստարայի կողմը: ... Դարձի ճանապարհը և նույնն էր և` չէ: Մրրիկը տեղ կար ավլել էր ձյունը, որտեղ արգելք էր` ի մի բերել: Այդու էջքը համեմատաբար հեշտ էր: Խիստ դանդաղ էր ընթանում` երկրորդից ոչ բարձր, ավելի հաճախ` առաջին արագությամբ: Վատն այն էր, վառելանյութի ցուցիչի լույսն սկսեց թարթել, վտանգ, որից երկյուղում էր: Բաքում մնացածը որքա՞ն կհերիքի, քանի՞ կիլոմետր` քսա՞ն, երեսո՞ւն. տարբեր մեքենաների մոտ տարբեր է: Գոնե Մաստարա հասցնի: Առանձնակի տարածություն չէ, սակայն երբ ձնաշերտը հաղթահարելով, կուտակումները շրջանցելով ես առաջ գնում... Հայրը տեսնես իրերի պահոցում նման դեպքերի համար մեկ-երկու լիտր չի՞ առանձնացրել: Շրջահայաց մարդ է, պիտի որ նկատի ունեցած լինի: Ոչինչ, եթե բանը դրան հասավ, ճշտելու համար ծով ժամանակ կա: - Ծարավ եմ: Չհասկացվեց` աղջիկը քնի՞ մեջ էր խոսում, թե արթնացավ: - Պերճուհի՞: Արձագանք չեղավ: Նա ձգվելով` խորշից հանեց դատարկ շիշը. - Հիմա ջուր գտնեմ: Ստիպված էր կանգնել: Դուռը կիսաբաց անելով` ձյուն վերցրեց: Խցկեց, որքան կարող է, ապա շիշը դրեց տաք օդ փչող անցքերից մեկի վրա. - Քիչ հետո ջուր կունենաս: Պերճը երկարեց ձեռքը: Աղջկա մարմնի ջերմությունը, կարծես, առաջվանը չէր. - Թող քնի: Նա աչքը գցեց ժամացույցին. օրը փոխվում էր: Դարձյալ երկու-երեք կիսաոլորան, և բարձունքից շենը կերևա: Դեռ շուտ է, սակայն... ի՞նչ շողք է բլրալանջին: Իրենց ավտոյինը չէ: Էլի մի փոքր, ու նա տեսավ ճամփան բացող բուլդոզերը: Հեռահար լույսերը հանգցրած, որպեսզի չկուրացնի, մոտեցավ: Բուլդոզերավարն անջատեց շարժիչը, բռնակից կախվելով` իջավ. - Էն կողմը բացե՞լ են: - Ո՞ր, - Պերճը հարցը չըմբռնեց: - Մարալիկ-Լանջիկ հատվածը: Սպասիր, սպասիր, սա, հո, Երևանից գնացած իմպորտնի ավտոն չէ՞: Քեզ հետ աղջիկ կա՞: - Հա՛, քնած է: - Անունը մտքիս էր` թռավ: Պայծա՞ռ էր, թե՞ ոնց... - Գուցե Պերճուհի՞: - Էդ է` որ կա: - Դու նրա մասին որտեղի՞ց գիտես: - Հայրն է մեզ էս գիշերով հանել: Երևանում մեծավո՞ր է: Պերճը հաստատեց: - Զանգել է նախարարին, սա` մարզկենտրոն, այնտեղից` ճանբաժին: Երեք-չորս ժամ է ձների հետ կռիվ ենք տալիս: - Եթե չզանգեին, չէի՞ք բացելու: - Ի՞նչ իմանամ: Մինչև ղեկավարությունից չկարգադրեն, ես ո՞վ եմ: - Ճանապարհը դեպի Երևան բա՞ց է: - Երևի: Մերը Թալինի հատվածն է: - Մինչև Մաստարա շա՞տ կա դեռ: - Թեքվեցիր` կերևա: - Դե՛, ես գնացի. աղջիկը մրսել է: - Վերևում էլի ավտոներ կա՞ն: - Ես որ` չեմ տեսել: - Ճամփին ուշադիր կլինեք. հերն ասել է` գալիս եմ: - Աղջկան գյուղ եմ տանում` էս կողմից առաջին տունը: Ավտոս այնտեղ եմ թողել, թե հորը տեսնեք, ասեք` Մաստարայում են: Բուլդոզերը շրջանցելիս նկատեց նաև երկրորդ մեխանիզմը, որ ետ ընկած գալիս էր` երկկողմանի խոզանակներով մաքրելով առաջինի թողածը: Պերճը մեքենան քշեց «Նիվան» ծածկի տակ առած մարդու դուռը: Ազդանշան տվեց: Սենյակներից մեկում լույս վառվեց: Քիչ անց սողնակը չրխկաց: - Ո՞վ է, - լսվեց երկրորդ հարկից: - Տանտիրոջն եմ ուզում: - Կորյու՛ն, քեզ են կանչում, - կինը ներս գնաց: - Գալիս եմ, տես...- խոսքի շարունակությունը մնաց փակվող փեղկի տակ: Պերճը ենթադրեց, որ տանտերը հագնվում է: Ժամանակ շահելու համար նա սանդուղքով բարձրացավ: Մեկը ներսից վառեց պատշգամբի լույսը: - Նորից բարև: - Հազար բարի...- ճանաչելով հյուրին` մարդը լարվեց: - Այդպես էլ գիտեի` չեք կարողացել գնալ: Բան, հո, չի՞ եղել: - Հետիս աղջիկն է հիվանդ` մրսեց... - Էլ ի՞նչ ենք ոտակախ եղել: Հայկու՛շ, - ձայն տվեց, - վառարանը թեժացրու: Հյուրեր ունենք: Պերճն աղջկան գրկած տարավ վերև: Մարդը դռներն էր պահում: Միջանցքից հետո բացվածը մեծ սենյակ էր` ներսը գաջած, սակայն չէին հասցրել հարդարել: Հատակը տախտակից էր` չներկած լինելու և խոնավ լաթով հաճախակի սրբելու հետևանքով` գույնը կորցրած: Կենտրոնում վառարան կար, քիչ այն կողմ` սեղան, պատերի տակ` երկաթյա մահճակալներ, թախտ, խորհրդային տարիների մի մեծղի հեռուստացույց, դեպի աջ` երկու դուռ: - Թախտի՛ն, թախտի՛ն... Բարձ բերեք, Սիրա՛ն, - կինն անկողնում նստած` լաչակն էր ամրացնում: - Քոռնամ ես, հրես իջա: Հավանաբար ննջարան տանող դռնից մեկը ելավ` ջահել, ձեռքին խոշոր գյուղական բարձ: Պերճուհին լույսից, աղմուկից բացել էր աչքերը: - Մաստարայում ենք, Պերճուհի: - Ի՞նչ է էղի էս շողշղուն կաքվուն, - տարեց կինը մոտենալով` շոշափեց աղջկան, ձեռքը տարավ թիկունքից ներս: - Մրսուկ ի, կանցնի, - նա սկսեց տրորել Պերճուհու թիկունքը: - Հայկուշ, կաթ եռցու: - Մա, թե՞ թեյ` մուրաբայով, - տղան էր` Կորյունը: - Էդ` ետնուց, թող մե բաժակ լավ եփման կաթ խմա, թոքեր տաքնան: Իմա՞լ իս, խորոտ աղջիկ: - Հիմա` լավ, ջուր եմ ուզում: - Դու համբերա, ջրի վախտ գիկա: Չայաման լէ դրեք կրակին: Եփուկ ջուր թող խմա, պաղ հմիգ վնաս ի: - Մա՞յրդ է, - Պերճի հարցը տանտիրոջն էր ուղղված: - Շուշա՞նը` հա: Չծանոթացանք էլ: Ես Կորյունն եմ, Հայկուշն իմ կինն է, Սիրանը` հարսս: Երկու թոռս, հրեն, քնած են: Խորքի մահճակալին շապկանց նստած երեխաներն ամոթից գլուխները կոխեցին վերմակի տակ: - Տղաս, արդեն ասել եմ, Ռուսաստանում է: - Ուրիշ զավակներ ունե՞ս: - Երկու աղջիկ, մեկը գյուղում է ամուսնացած, մյուսը` Երևան: - Քա, Կորյու՛ն, աթոռ դի, նստի տղեն: Թե մրսուկ իս, կրակից մե խել հեռու մնա, չվնասի, - երբ փոքր հարսն աթոռակը վառարանին մոտեցրեց, հորդորեց Շուշան տատը. դրության տերը նա էր: Պերճը տեղավորվեց թախտին, ափերի մեջ առավ Պերճուհու ձեռքը. - Իսկապե՞ս լավ ես: Աղջիկը հաստատեց: Ընթացքում մի մեծ գավաթ կաթ բերեցին: - Ել նստի: Քու ձեռով բռնա: Հո թուլ չի՞ս, - տատը սկուտեղով գավաթը պարզեց աղջկան: - Վրայի սերը կարելի՞ է վերցնեք... - Էդ սեր չի, դու խմա՛: Խոզի ճարպ է, կամ նման մի բան, - գլխի ընկավ Պերճը: - Տատն ինչ ասում է, արա` խմի՛ր, - խրախուսեց: Սիրանը նաև պնակով մեղր բերեց` արդեն թանձր, գրեթե սառած: - Թալ մեջ, խառնա, - կարգադրեց փոքր հարսին, իսկ մեծին` - Հայկու՛շ, սեղան դրեք, տղեն անոթի ի, - հետո դարձավ որդուն: - Կորյուն, ցած իրա՞ ավտոն ի կայնուկ: - Հա՛, մերա: - Դուք իրարու ի՞նչ իք, - հարցրեց, ինքն էլ վճռեց պատասխանը: - Քուր-ախպեր չիք, կտենամ: - Քու հա՞րսն ի: - Հարսնացուս, - Պերճն անվարան շոյեց աղջկա գլուխը: - Հավատացի: Ձեր անուններ բաշխեք: - Պերճուհի է անունը, իմը` Պերճ: - Խուփ պտտե, ընկե պուտկի բերան: Բոլորը թեթևացած` ծիծաղեցին: - Ավտոյի դուռը չեմ փակել, - Պերճը ոտքի կանգնեց: - Ձեռ տվող չի լինի, բայց ապահովության համար, ճիշտ ես, ներս քաշենք, - տանտերը ևս ելավ: - Պերճ...- աղջիկն էր` ձայնում գորով: Տղան ետ դարձավ: - Իջնեմ դարպասը բացեմ, - Կորյունը գնաց: - Բջջայինը չմոռանաս, պայուսակն էլ, խնդրում եմ: - Արի նախ` «Նիվան» առաջ տանք: Պետք չէ, - երբ Պերճը բանալին հանեց, նկատեց տանտերը, - կհրենք, - նա բռնակն ազատ ընթացքի դրեց և իջեցրեց ձեռքի արգելակը: - Տեղ շատ կա: Մեքենան չոր էր, անգամ դողերի տակ թացություն չկար. երևում է` իր գնալուց հետո ոչ միայն սրբել էին ավտոն, այլև գետնին եղածն արագորեն մաքրել: Փոխանցումների տուփի փոսիկում մնում էր հեռախոսը: «Օպելի» շարժիչը, ի զարմանս Պերճի, չմիացավ: Երկրորդ, երրորդ փորձերը ևս անհաջող էին: - Հո բենզինը չի՞ պրծել: - Ապշելու բան է...- Պերճը մտքերով ուրիշ տեղ էր, հետո վերադարձավ իրականություն: - «Նիվայից» քաշենք: - Ունեմ, տղայիս ժամանակվանից մնում է: Տեսա՞ր ոնց պետք եկավ, - անթաքույց ուրախ` նա մետաղյա հարթակից իջեցրեց շիշը: - Քիչ... էնքան որ` շարժվեմ: Իսկ գյուղում բենզին կճարվի՞, վաճառո՞ւմ են: - Տունդ շեն, - նա մինչև վերջ դատարկեց ամանը, - երեք-չորս տեղ, կուզես` տոննայով առ: Բարեհաջող ներս տարան «Օպելը»: Դարձյալ իրար հանդիպեցին, - մտածեց Պերճը, - երբ իջնելով` տեսավ քիպ կանգնած ավտոները: - Կորյուն, էս ի՞նչ ուշանալ էր... Պերճը բարձրացրեց հայացքը: Առաստաղի` անկյունում թողած բացվածքով իջնողը Հայկուշն էր: - Աղջիկն անհանգիստ է: - Պրծանք: Ի՞նչ ունենք հանելու: Պերճը վերցրեց պայուսակը: - Բա շորե՞րը: Սապոգ էլ եմ տեսնում: Հայկուշ, սրանք տուր վերև, թող կախեն` չորանա: Է՞ս ինչ շիշ է: Պիտանի՞ բան է: - Ձյուն եմ հալեցրել... Պետք չեկավ: - Դուք բարձրացեք, ես ղավուրմա հանեմ, - կինը ձեռքին էմալապատ թաս ուներ պահած: Ներսի սանդուղքով էլ ելան: Սեղանը պատրաստ էր` լավաշ կար, հորած պանիր, մուրաբա, մեղր, կաղամբի թթու` ինչ ունեին: - Ո՜նց էի մոռացել, ես` հրես, - Կորյունը դռնակի բացվածքով վերստին ցած գնաց: Պերճը որսաց աղջկա սիրավետ հայացքը, նույն կերպ փոխադարձեց. - Բերեցի բջջայինը: - Ձեր մոտ ձեռքի հեռախոսը բռնո՞ւմ է, զանգել կլինի՞, - հարցը վերարկուները կախող հարսին էր ուղղված: - Վերջերս` հա՛, երեք-չորսն ունեն: Պերճուհին փորձեց համար հավաքել: Գավաթը խանգարում էր: - Իստակ խմա՞ր: Զորանաս, բաժակ տու: Հմի մե խելի խմբրա, ետնուց բրդուճ-երկու հաց կուտիս, - Շուշան տատը հետևողական` ապաքինման գործն առաջ էր տանում: - Ձմեռ օրով կաթ-մածունը որտեղի՞ց, - մի բան ասած լինելու համար հարցրեց Պերճը: - Կովերուց մեկ ստերջ մացե, չուր հմի կկթվի: Դու ուստի՞ց իս, գյուղի մարդոց վիջագ կըմբռնիս: - Գյումրիից, բայց Երևանում եմ ապրում: - Ժաժք Անիի ավերակ դարձուց ձեր քաղաք: Կե՛, հաց վերու, հեսա Կորյունս գա, - ապա դարձավ Պերճուհուն: - Դու հեր-մեր ունի՞ս: - Ունեմ տատի, հիմա հորս եմ զանգում: - Ասվաձ պահի: - Ըհը՛ն, ընկա: Հայրի՞կ, ես եմ: Բարև... Մաստարայում: Լավ եմ, շատ լավ: Գաս ի՞նչ անես, պետք չէ: Ինչ է եղե՞լ... Կարիք չկա, ամենևին: Ում հեռախոսով...- Պերճուհին փորձեց աչքով անել տղային, չկարողացավ. երկու թերթերունքներն էլ ժպտուն վրա բերեց: - Պերճ է անունը, դու նրան չգիտես: Հետո կասեմ... Զանգել է՞: Ճամփեքը փակ էին, չկարողացանք անցնել: Շնորհավորեցի՞ր... Ապրե՛ս: Ի՞նչ... Տեղյակ չեմ... Հենց լուսանա: Բենզի՞ն... Երևի: Զգույշ եմ, բարի գիշեր: - Հիմա հանգստացա՞ր, - Պերճը գրպանը դրեց հեռախոսը: Պերճուհու հայացքը բառերից շատ ավելի խոսուն էր: - Ի՞նչ էր ասում: - Սպասարկող մեքենայի վարորդի կինն է հանկարծակի վատացել, տարել են հիվանդանոց: Հորեղբորս է տեղյակ պահել: Հիմա նրա գալուն է սպասում, ուզում էր հոպարի ավտոյով գալ: Ասի` պետք չէ: - Այդքանը հասկացվեց: - Անին է Գյումրիից զանգել: Ուրիշ... Քեզնով հետաքրքրվեց, ճամփեքը, հարցնում էր, բացո՞ւմ են: - Ձեր բախտ ձմռնեցով բացվե, ձեր սիրտ ծռուկ: Պինդ բռնեք իրարու, չթողաք, - տատը հասկացել էր, որ Պերճն ու Պերճուհին ոչ վաղուցվա մտերիմներ են: Վերջապես անցքում ձեռք հայտնվեց` տհալով թասը բռնած, հետո` Հայկուշի գլուխը: Հարսն շտապով սկեսրոջից վերցրեց խորտիկով ամանը: Կորյունն օղու շշով ելավ. - Խմելու ենք: - Բա ավտո՞ն: - Էլ առավոտվա սխալը թույլ չեմ տա. մեր տանը կքնեք: Հարսը կաթ խմած չլիներ, իրեն էլ կզոռեի, - բաժակները նա լցրեց: - Մերա, քե՞զ... - Ինչ կխոսա: Ես էս ժամին արա՞ղ: - Քո բաժինը կթողնեմ, - ծիծաղեց որդին: - Թե խմիմ, լուսուն` անոթի փորին, թաք մե բաժակ: Ձագ, - նա դարձավ Պերճին, - դու մեղք չի՞ս, հանա էդ ոտնամաններ: - Մնա հետո... - Կքաշվի՞ս: Հայու օջախ իք մտի: Կորյունիս տուն քու տունն ի, քու տուն լէ` իրան: Թե՞ դեմ իս: - Մեր հարսանիքին ձեզ կանչելու եմ, - այլ խոսք չգտավ տղան: - Տես, դու ըսիր: - Ջոջո՛, թող հաց ուտին, - խորքից անչար դիտողություն արեց ծոռներից մեկը: - Կսիս իրա մենձ պապն ի: Տղա Վրուր, ես բան ե՞փ ըսի. իմ բերան խուփ: Սեղանին կանայք մոտ չեկան: Պերճը դրանից վատ էր զգում: - Դուք նույնպես մոտեցեք: Պերճուհի, քեզ ի՞նչ տամ: - Ջոջոն հրաման չտվե... - Քու մեր ջուխտ բերա, Վրուր: Դու քու ջոջ տատ հորի՞ ձեռ կառնիս: - Ի՞նչ, դու չսի՞ր` խմբրա: Պերճը հարցական նայեց Կորյունին: - Վրույր, - ձայն տվեց պապը, - խմբրան ո՞րն է, - հետո, իբրև բացատրություն, շարունակեց. - Մեծ տատ ու ծոռ իրար հետ չունեն: - Թող ինքն ըսա... - Աշխրհքով մեկ խայտառակվանք, - մարեն ևս տրամադիր էր կատակի, որը, սակայն, խիստ կարճ տևեց: - Տաքություն, Սիրան չափեք, թե իջե, ինչքան սիրտ քաշեց, թող ուտա: Ջերմաչափ չգտնվեց: - Էվելի լավ, - նա ձեռքը դարձյալ տարավ աղջկա թիկունքով, քիչ համարելով` սվիտրի բացվածքից մտցրեց ծոցը: - Անցե, հազ լէ էգուց-էլօր կկտրի: Քու տակի շորեր չփոխի՞նք: Ծոռները փռթկացին: - Պայուսակում գիշերանոց ունեմ` քնելիս... - Աղեկ: Տուն տաք ի... Ե՛լ, ել աթոռ քաշա: Կե, մե փշուր միս գա վրեդ: Թե գուզիս` խավուրմեն տաքցուն: - Սառած ավելի հետաքրքիր է, - աղջիկը տեղ զբաղեցրեց Պերճի հարևանությամբ: - Դուք լէ նստեք, թող չխպնվի, - կարգադրությունը հարսներին էր վերաբերում: Կերան, խմեցին, տղամարդիկ` օղի, կանայք, երեխաները, որ այդպես էլ տեղաշորից չելան, թեյ: Պերճը սեղմ պատմեց գլուխներով անցածը: - Ասվաձ իրա ձեռ դրե ձեր գլխուն, թե չէ դուք` երկու կակուղ շիվ, իմա՞լ փրկվաք թիփի-բորանից ու գիլվնքուց: Դուք քնուկ, ձեր բախտ զարթուն: Քու փառք շատ, Տեր Աստուձ, իմ թոռ Աշոտ լէ էղի պաշտման, գործեր պրծնի, ետ գա` իրա հարսի, ճժերու ճիտ չմնա ծուռ: - Որ ասում եմ` բաժակ վերցրու...- միջամտեց որդին: - Հաշվի` իմ ձեռ բռնուկ իմ: Թող բարով-խերով հարսնիք էնին, մեր Աշոտ էգուկ էղնի, ավտո նստինք, էթանք քաղաք, Ասսու օրշնանք թափիմ իրանց վրեն: - Ընենց շշմցնի երևանցոց... - Էլի էդ արևաչմեռ Վրու՞րն ի. ջոջ պապի պնչուց թռուկ էղնի, կսիս: Տղա, քու հեր հոս չի, քու անգջներ մե լավ ձգա, - հետո խոսքը փոխեց: - Օրեր տաքնան, Պերճ, իգաք Մաստարա, ելնինք Նխավիկ սար, մոմ վառինք: Ես մեռնիմ քու զորության, Սուրբ Ստեփանոս Նխավիկ... - Վերևի մատո՞ւռն է: Միշտ կամեցել եմ տեսնել: Շուշան տատ, կգանք` անպայման, - Պերճը վստահ էր, որ խոստումը չի դրժի: Երեխաներն անկողնում իրար էին բոթբոթում: - Ըսի՞մ... - Չսիս... - Ճժեր հմիգ ի՞նչ կքչփչան: Հրայր, դու հեչ ձեն չըս էնի: Տղա, հո դու լէ հիվանդ չի՞ս: Զօրուն էնքան մացիր դուս... - Հրոն կսա` աղջիկ Դեմի Մուրին ի նման: - Էդ ո՞վ ի: - Կինոյի մեջ կխաղա: Երեկ իրգուն չտեսա՞նք: - Էն երկարվիզ աղջի՞կ: - Հա՛: - Մեր հարս ընդուց լուսերես ի... Հայ կնգտիք ըմնուց խորոտ ին, խաչ... Սիրան, սենեկի դուռ լրիվ ետ արա, օդ տաքնա: Կոնախներ հոն քնին: Տեղաշոր փոխուկ՞ ի... Հարսն անցավ ննջարան, կանչեց նաև սկեսրոջը: Նրանք երկար դուրս չէին գալիս: - Մեկնումեկդ եկեք, պղնձի ջուր քլթքլթոց դրե: Թող երկուս լէ իրանց ոտվներ վլան, պաղուկ օսկրներ դինջցուն: Կորյուն, ահան քզի «խմբրա», տնաշեն, դու լրիվ մոռցեր իս Մաստարվա լիզուն: Ճժեր թե պահին` պահին... - Ի՜նչ անուշ է խոսում, - Պերճուհին հիացած էր մեծ մոր հայերենով: - Ասածի կեսը չեմ հասկանում, դո՞ւ, Պերճ: - Համալսարանում որոշ բան անցել եմ: Կորյուն, Մշո, թե՞ Սասունի բարբառն է: Խմբրելը, երևի, համբերելն է, թե՞ դմբրել, թմրել, թմբիր բառից է: - Որ ասեմ` ես էլ լավ չգիտե՞մ. հավաքովի ժողովուրդ ենք` Մուշ, Խնուս, Բասեն, Վան, Ալաշկերտ... Որտեղի՞ց չկան: Բոլոր բարբառները խառնվել են իրար: Մերոնք մշեցի են` ավելի վաղ եկածներից... Պատմությունը գյուղի, իրենց տոհմի մասին կիսատ մնաց. կինը ննջարանից աչք-ունքով ամուսնուն էր կանչում: - Իրենց գործն է, - հասավ Պերճի ականջին տանտիրոջ ձայնը: Նա հանեց կոշիկները: Մինչ այդ վերադարձած ամուսինները կաթսայով ջուրը տարան միջանցք, որից այն կողմ, պարզվեց, լոգարան կա, սանհանգույց: Պերճը լվաց ոտքերը, տամկած գուլպաները: Պերճուհին մտավ: Առիթը չկորցնելով` Պերճը փաղաքշեց նրան: - Ջուր լցնե՞մ: - Դու գնա, ամոթ է, - աղջիկը նրբորեն տղային վանեց իրենից: Պերճը պարանին թողնելով գուլպաները` վերադարձավ: - Գիշերը կես եղավ, քնենք, - Կորյունը տղային առաջնորդեց ննջարան: - Ձեր տեղերն են: Պլիտան թող միացած մնա: Նա գնաց: Պերճն սպասեց, մինչև աղջիկը գա: Պերճուհին չգոցեց դուռը: - Ո՞ր մահճակալին ես ուզում քնել, - հարցնողը տղան էր: - Դո՞ւ: - Երկուսին էլ: - Սրամիտ պատասխան է... Լույսը մարիր: Դրսից մեկն զգույշ փակեց փեղկը: Որքա՜ն նրբանկատ են, - մտածեցին տղան և աղջիկը: Պերճն սկսեց դանդաղ հանվել: - Օգնե՞մ, - նա խավարում գտավ Պերճուհուն: Աղջիկը, որ գիշերազգեստն էր կոճկում, դողէրոցքի մեջ սեղմվելով տղային` հևոցով շշնջաց. - Որտեղ դու, այնտեղ` ես: - Որտեղ մենք, այնտեղ` Սերը, - հավելեց Պերճը, ապա` Մեղրախորիսխ է կաթում քո շրթունքներից, Մեղր ու կաթ կա լեզվիդ տակ... Նրանք իրար փարված-ձուլված` ծվարեցին վերմակի տակ: Կրակված մարմիններն օդի, անկողնու սառնություն չէին զգում: Հուշիկ փայփայում էին մեկմեկու. ավելիի կարիք չունեին: Եթե երբեմն բառ, նախադասություն փոխանակում էին էլ, սրտերի բերկրանքը միմյանց հաղորդելու համար: Պերճը որերորդ անգամ դիմեց «Երգ երգոցին» . Պորտդ բոլորակ բաժակ է` անպակաս ըմպելիքից, Փորդ ցորենի շեղջ` շուշանով պատած... Պերճուհին շրթնահպումով լռեցրեց նրան, այնուհետ շշնջաց. - Մենք փորձությունը հաղթահարեցինք: - Որպեսզի հեքիաթն ավարտ չունենա: - Շնորհիվ քեզ: - Շնորհիվ քեզ: Եվ ոչ միայն։ |