Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում

12:30, Среда, 10 Января, 2018 года
Ռուս կինն ինքնուրույն հայերեն է սովորում
     5-6 տարի առաջ սոց. կայքերից մեկի հայերենի ուղղագրությանը նվիրված խմբերից մեկում մի գրառման հանդիպեցի: Ելենա Չիկմենյովա անուն-ազգանունով օգտատերը ռուսերեն մի քանի նախադասություն էր գրել, խնդրում էր հայերեն թարգմանել: Սկսեցին այդ գրառումները ավելի հաճախակի դառնալ, որոշեցի ընկերության առաջարկ անել, ու մենք ընկերներ դարձանք: Ամեն անգամ, երբ նա ինձ հերթական նամակով խնդրում է ինչ-որ բան թարգմանել կամ հայերենի քերականության, ուղղագրության հետ կապված ինչ-որ հարցում օգնել իրեն, ես ամեն անգամ հուզվում եմ, հետո՝ հպարտանում, որ հեռավոր Սիբիրում կա մի ռուս կին, ով ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը, հաճախում է հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց, Կոմիտաս է լսում, Թումանյան ու Սևակ կարդում…
     Մի օր նրան հարցրեցի, թե ինչու՞ է հայերեն սովորւմ և այն էլ այդքան խորությամբ: Պարզվում է՝ 14 տարեկանում հայ ընկերուհի է ունեցել, և հենց այդ աղջկա ծնողներն էլ նրան հայերեն գրել- կարդալ են սովորեցրել: Մի քանի ամիս անց նրանք բաժանվել են՝ այդ ընտանիքը Հայաստան է վերադարձել: Ելենան այնքան է հավանել մեր լեզուն, որ շարունակել է ինքնուրույն սովորել:
     Վերջերս հարցրեցի՝ ինչպե՞ս են հայերը արձագանքում, երբ իմանում են, որ նա հայերեն է սովորում: Այս հարցի պատասխանն ու մեր նամակագրությունից մի քանի մեջբերում որոշեցի առանց խմբագրման տեղադրել ստորև, որպեսզի ընթերցողը Ելենայի հայերենի իմացության մասին որոշակի գաղափար կազմի:
     …Հայերը իհարկե զարմանում են, երբ իմանում են, որ սովորում եմ հայերեն, հիմա բոլորը անգլերեն են սովորում: : Ինձ համար հայերենը ավելի մոտիկ է: Այն ինձ համար կարծես գեղեցիկ երաժշտություն լինի ու չգիտեմ թե ինչու, պարզապես խոսքեր չեմ գտնում բացատրելու համար…
     … Գիտես, ես հաճախում եմ հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց ու շատ զարմանում եմ, որ մեր քաղաքի հայերը չգիտեն հայերեն տառերը, անկեղծ ասած, ես նրանց չեմ հասկանում: Մեսրոպ Մաշտոցը ստեղցել է հրաշալի այբուբեն: Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ամենադժվար պահերին անգամ պահպանել է իր գիրն ու գրականությունը և հասցրել է մեզ: Յուրականչյուր մարդ պիտի հպարտանա իր մայրենի լեզվով: Մայրենի լեզուն մեր գանձն է: Հայերենը իմ մայրենին չէ, բայց ես հպարտ եմ, որ կարող եմ խոսել, գրել ու կարդալ հայերեն: Ինչու՞, որովհետեվ հայոց լեզուն աշխարհի ամենահին լեզուներից է, որովհետև Հայաստանն է առաջին երկիրը աշխարում, որը ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինձ համար հայերենը շատ գեղեցիկ է…
     ...Ինչքան շատ եմ իմանում Հայաստանի մասին, այքան ավելի շատ եմ ուզում իմանալ: Այդ չքնաղ երկիրը չի դադարում ինձ զարմացնել…
     Հ.Գ. Ամեն անգամ, Ելենայի հայերենի ու Հայաստանի հետ կապված հիացական նամակները կարդալիս միայն մի ցանկություն է մոտս առաջանում՝ լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ գնահատեր մեր լեզուն ըստ պատշաճի, որ սոց. կայքերում և այլ վայրերում լատինատառ հայերենով գրառումները իրենց տեղը զիջեին մեսրոպատառ հայերենին…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
3
Не нравится
0
7365 | 0 | 0
Facebook