Լեռ Կամսար, Մազապուրծ օրագիր, /մաս 2/
Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1930 թվական Կիրակի 28. ― Պատվելի Բզնունին, իբրև հավատացյալ, Չեկայեն աքսորված էր Սիբիր։ Հոն կորսնցունելով իր երկու ոտները ողջ երկարությամբ՝ կապստամբե հանկարծ ու իր մարմնի կեսը հոն թողնելով, ինքնակամ կելնե աքսորեն Երևան կվերադառնա։ Բայց վախը կստիպե զինքը երթալ նորեն Չեկային հանձնվել ու պարզելով իր ողբալի կացությունը՝ ներում խնդրել։ Ու ինքզինքը բեռնակրի մը շալակը դնելով՝ Չեկայի նախագահին կերթա։ Նախագահը սաստիկ կբարկանա ու կհրամայե պատժել պատվելին օրենքի ամբողջ խստությամբ։ Նախագահին բարկությունը մեծ էր մանավանդ այն պատճառով, որ պատվելին հաջողել էր իր մարմնի կեսը փախցունել Չեկայեն։ Խե՜ղճ Բզնունի, միամի՜տ հավատացյալ։ Կկարծե, թե իր կեսը կտրել տալով պիտի ազատվե։ Ատանկ օրենք գոյություն ունենար նե, ես կեսես ավելի կտրել կուտայի։ Ավելին՝ ես իմ ողջ մարմինս կկտրեի, միայն ազատ թողնեին լեզուս․․․ Երկուշաբթի 29. ― Պատվելի Բզնունիին պատմությունը կհիշեմ ու կշարունակեմ զարմանալ։ Եթե մեկը մը հավատք ունենալու համար պետք է Սիբիր աքսորել, ապա այրեցյալ ու բարեխառն գոտիները իսպառ պետք է դատարկել ու մարդկությունն ամբողջ հյուսիսային սառուցյալ գոտին բնակեցնել, վասնզի այն ո՞ր մարդն է, որ բանի մը չի հավատար։ ❈ Հացի նորման 200 գրամեն 150֊ի իջավ օրական։ Վերջերս այնքան շուտ֊շուտ կիջնա, կարծես 400 գրամն ուշացեր է ու կշտապե 0 գրամի հասնել․․․ Գիտական սով, ինչպես անգամ մը գրեր եմ։ Այսօր առաջին անգամ մայր մը խանութեն հաց փախցուց, վասնզի երեք երեխաներ պատի տակ անոթի կնվային։ Ողջ Ռուսաստանը բաց աչքով կդիտե իրեն մոտեցող մահվան քայլերը։ Բայց այսպես չի կարելի, չէ՞։ Եթե Ստալինին ըրածը կատակ չէ և անպատճառ որոշեր է սոցիալիզմ կառուցել՝ պետք է ուրիշ ճար մտածե։ Միջոցները շատ են։ Ֆրիտյոֆ Նանսենն, օրինակ բևեռին հասնելու համար, ճամբին, երբ իր սահնակը քաշող շուներու կերը պակսեց, սկսեց մաս մը շուներ մորթել ու մյուսներուն կերակրել՝ մինչ իր ցանկալի նպատակը իրագործելը։ Ստալինն ալ, հետևելով Նանսենին, կրնա 150 միլիոն բնակչութենեն մաս մը մորթել, մյուս մասին կերակրել ու առաջ վազել։ Եթե այսքան միլիոնեն մեկն անգամ հասնի սոցիալիզմին, դարձյալ նպատակը արդարացուցած պիտի ըլլա միջոցը։ Ինչո՞ւ «մեկ երկրով» սոցիալիզմ կըլլա, մեկ մարդով չլլար․․․ Հինգշաբթի 8. ― Չեմ գիտեր՝ ինչո՞ւ այսօր կինս մտածեր էր անպատճառ դդումով դոլմա եփել։ Միսը․․․ պատահմամբ կար, իսկ բանջարեղեն ճարելու համար շուկա ելա։ Մաղադանոսին հերթը արևելքեն արևմուտքը կձգվեր, ժամ մը հոն հերթի կեցա։ Սոխին՝ արևմուտքեն արևելք կերկարեր, շուռ եկա ու ժամ մըն ալ հոն կայնեցա։ Դդումին համար ալ այլ հերթի մը կցվեցա, որն հյուսիսեն հարավ կերկարեր, իսկ բողկին համար ալ պետք եղավ հարավեն հյուսիս ձգվող երկար հերթի մը ծայրը շարվել։ Եթե ավելցունեմ նաև այն, որ տանը աղ, նավթ ու պատրույգ չունեինք, ամբողջ կես օր մը պտտեցա։ Աղեկ որ անոթի էի, չէ նե այսքան երկար առանցքիս շուրջը պտտելով՝ պիտի սիրտս խառներ, ու եղած չեղածը ետ տայի․․․ Սա տասը տարի է այնքան վարժված եմ հերթի, որ եթե խանութպան մը առանց հերթի ապրանք առաջարկե, պիտի հրապարակը վազեմ ու չորս մարդու ձեռքեն բռնելով խնդրեմ․ ― Ընկերնե՛ր, կաղաչեմ, եկեք ինձի առաջեն ու ետևեն սղմեցե՛ք, քիչ մը ապրանք առնիմ։ Ուրբաթ 9. ― Ռուսաստանեն ժամանակ մը աղվոր «բրոդսկի» շաքար և ճերմակ ալյուր կուգար Հայաստան։ Հիմա սակայն, այդ ընդարձակածավալ երկիրը միայն հաշմանդամներ ու մուրացկաններ կարտահանե։ Այսօր պատի մը տակ նստած տեսա երեք հաշմանդամներե բաղկացած մի միացյալ մուրացկան խմբակ, որք մի մեքենայի մը մասերու նման իրար միացած կաշխատեին․ մեկը անոնցմե ձայն ուներ ու կերգեր, մյուսը ձեռք ուներ, որով ձգված դրամները կժողվեր, իսկ երրորդը իր կծկված վիճակով անցորդի գութը կշարժեր միայն։ ❈ Հինգ֊տաս պատահական մարդիկ, մեկ մեթրանոց կարմիր դրոշակի մը առաջնորդությամբ, դագաղ մը առած, թաղելու կտանեին։ Նայողին վրա այն տպավորությունը կթողուր, որպես թե հուղարկավորները դագաղը գտեր են, տերը չեն ճանչնար և ի՞նչ ընելնին կամ որո՞ւ հանձնելնին չեն գիտեր․․․ Այսպես կտանեն սովորաբար շեն երկրներու մեջ բեռնակիրները ձկնով լիք արկղերը, երբ հասցեն կմոռնան։ Բոլոր անցորդներն անխտիր, նայելով այս տարօրինակ երթին, խնդացին․ Տարօրինակ երկրի մեջ կապրինք։ Երկիր մը ուր մարդիկ լալով կապրին ու խնդալով կմեռնին․․․ Շաբաթ 10. ― Երեկ ճիշտ այս ժամին մեր դիմացի դերձակը, որն ինձ չափ խելացի էր, այսօր խենթացեր է և իր առաջին այցը կուտա փողոցին։ Ինձ համար չափազանց հետաքրքիր էր տեսնել սկսնակ խենթ մը և իմանալ՝ այդ խլաձայն երգո՞վ, թե՞ դեկլամացիայով մը իր նոր գործունեության ասպարեզը իջավ։ Սիրուց խելագարվածները սովորաբար քանի մը անգամ իրար վրա կարտասանեն սիրածի անունը, կլռեն պահ մը, կարտասվեն, ապա կսկսին փոքրիկներուն ու կանանց «հուշտ» ընել և խնդալ։ Ըսեմ անմիջապես, որ վերջերս խելագարվելու գործը շատ է դժվարացեր։ Ի՞նչ խոսես, ի՞նչ շարժում գործես, ինչպե՞ս մերկանաս կամ ի՞նչ գրես, որ բոլշևիկները ըրած չըլլան։ Իսկ անոնց կատարածը պաշտոնապես խենթություն չի ճանչցվեր։ Մեկ ալ հիմա ժխտված է «խենթություն խենթության համար» լոզունգը և բոլոր խենթությունները նպատակի մը կծառայեն։ Կոմունիստներն, օրինակ, իրենց խենթության սոցիալիստական թեքումն են տվեր։ Ես եթե խենթանալու ըլլամ, վճռեր եմ ծունր դնել, երկրպագել ու խաչ հանել ամեն անգամ, երբ Լենինի արձան տեսնեմ, հասկացնելու համար կուսակցությանը, որ միայն կուռքերը իրավունք ունին այսքան հաճախակի քարե կերպարանք առնել, և միայն Աստվածն է «ամեն տեղ» ։ Եթե չեն ուզեր կռապաշտ կոչվել, թող վերջ տան Լենինի արձան շինելուն և քիչ մըն ալ ամանեղեն շինեն ժողովրդյան գործածելու համար։ ․․․ Մովսե՜ս, Մովսե՜ս։ Պզտիկ «ոսկե հորթի» մը համար ինչե՜ր թափեց իր հարազատ եղբորը՝ Ահարոնին գլխուն։ Ի՞նչ պիտ թափես հապա, երբ երկրորդ անգամ Սինայեն իջնելուդ, տեսնես երկրիս վրա կավ չի թողեր, որ Լենին դարձուցած չըլլա սա մեր «անաստված» կոմկուսակցությունը․․․ ❈ Քաղաքիս օդը կանգնած է։ Շնչել չի կարելի։ Քաղխորհուրդին նախագահ Երզնկյանը կարգադրեր է օրվա մեջ քանի մը ժամ «կոլխոզի խանութներու» դուռը բաց ձգել՝ օդ խաղալու համար․․․ Հինգշաբթի 11. ― Մեռավ կենդանիներու բարեկամ Հովհանես Մալխասյանը։ Թաղումը տիպիկ դարձնելու համար անհրաժեշտ է կենդանիներու յուրաքանչյուր տեսակեն ներկայացուցիչներ ղրկվեն հուղարկավորությանը, վասնզի այս կորուստը գերազանցապես կենդանիներու կվերաբերե։ Հանգուցյալն իր ողջ կյանքը էշակչիներու հետ կռվելով անցուց։ Ավանակները կզռան ցավեն, կույր ձիերը կարտասվեն դառնադետ․․․ Այժմ որբ են կենդանիներն ու անտեր․․․ ինչպես մարդիկ։ Ես բարեկամ չեմ կենդանիներու և կատեմ զիրենք։ Կատեմ, վասնզի կնախանձեմ իրենց։ Անթվելի են այն առավելությունները, զոր կենդանիները կվայելեն այս երկրին մեջ։ Ավանակ մը, օրինակ, բնավ ամիսներով քաշ չի գար Բորսայի դռան գործ մը ճարելու համար․ անոր գործը անպակաս է։ Առանց «օրդերի» իր համետը կհագնե, ոչ մեկ հերթի չի կենար, կոշիկի պետք չունի։ Ճաշարաններու աղտեն ու ժխորեն հեռու՝ կճաշե մաքո՜ւր, հանգիստ իր ախոռին մեջ։ Քաղաքին մեջ բնական կարիք զգալուն, հուսահատ այս ու այն կողմ չի նայեր՝ պարտավոր ելք մը գտնելու, այլ առանց խտրություն դնելու տեղին մեջ, բոլոր մարդոց ներկայության, բոլշևիկյան անկեղծությամբ կկատարե անխուսափելին։ Մարդոցմե հազարավորներ ամուսնանալ կուզեն, բայց սենյակ չճարելուն պատճառով տարիներով կուլ կուտան իրենց այդ պահանջը։ Ավանակի համար ամեն տեղ ամուսնական առագաստ է։ Ավանակը ազատ է տուրքե, տուգանքե, փոխառությանց արձանագրվելե։ Չունենալով անուն, ազգանուն, հայրանուն՝ ազատ է որևէ անկետա լեցունելե ու եթե տարիներով ծախու ապրանք տանի գյուղեր, իբրև «մասնավոր առևտրական» չի հալածվեր ու միշտ «հարազատ տարր» կնկատվե բոլշևիկներուն կողմե։ Անոնց քուռակները չեն նկատվեր «սպեկուլյանտի» որդի և անմիջապես «մսուր» կընդունվեն։ Այն անգլիական ջորիները, որք 1920 թվին դաշնակցության թնդանոթները կքաշեին, այսօր իբրև «դաշնակների ագենտ» չեն նկատվեր ու չեն բանտարկվեր․ այսօր բոլշևիկները իրենց թնդանոթները վստահեր են այդ նույն ջորիներուն։ Այծերը ինչքան ալ երկար մորուք թողնեն՝ բնավ չեն մեղադրվեր կրոնական որևէ «թեքման» մեջ, իսկ մարդը՝ հապա՞ թող սիրտ ընե երկու սանթիմ մազ ունենալ կղակին․․․ Սիրամարգի պոչն ունեցող մարդը մը տարեկան 1000 ռուբլի «նալոգ» պիտի վճարեր, մինչդեռ այդ կենդանիք ազատ կպտտեն։ Մարդիկ անկարող են անգամ անծեղի պոչ ունենալու՝ առանց «կուլակ» կոչվելու։ Այս բոլոր տարբերությունը միայն կենդանության ատեն, իսկ մեռած ատեն տարբերությունը անհամեմատ ավելի կմեծնա։ Մորթված եզն մը իր գլուխին ու չորս ոտներու հետ ամենապակասը 800 ռուբլի կբռնե։ Իսկ Չեկան տասնյակներով մարդիկ կսպանե ու առանց կոպեկի մը շահի նույնությամբ կթաղե գետնին տակ․․․ Աչքը լո՜ւյս մեր եկեղեցիին։ ❈ Կլսվի թե օրերս Ժողկոմխորհն օրենք մը պիտի հրատարակե, որով հոգևորականները արտոնված են եկեղեցին մեջ մորուք կրելու։ Ասիկա մե՜ծ զիջում է՝ եթե ճիշտ ըլլա․․․ Ուրբաթ 12. ― Ստացա այսօրվա «Խորհրդային Հայաստան» օրաթերթը։ Խորհրդային թերթերը, եթե ամսաթիվ դրված չըլլա, սատանան միայն կրնա ջոկել՝ երեկվա՞, թե՞ այսօրվան թերթն է ձեռքիդ։ Եթե օրացույց ունենայի, ոչ մեկ թերթ չէի ստանա․․․ Շաբաթ 13. ― Այսուհետ դեղորայքը, փոխանակ արտասահմանեն բերվելու, հոս՝ երկրին մեջ պիտի շինվի։ Այդ առթիվ Առժողկոմը հրահանգ մըն է տպեր հայ գյուղացիներուն, որով ցույց կտրվի վայրի դեղաբույսերը հավաքելու ու հանձնելու ձևերը։ Ըստ այդ հրահանգի՝ գյուղացին յուրաքանչյուր դեղաբույս առանձին պարկի մեջ պիտի լեցունե, որ հոտերը չխառնվեն իրար ու քիմիապես զուտ ըլլան։ Է՛, այսօր ո՞ր գյուղացու մազե հաստ պարկին քիչ մը ժաժիկ կամ աթարի մնացորդ չկա կպած, հավաքված դեղաբույսը որքա՞ն զորավոր ըլլա, որ այդքան վնասակար նյութերը չեզոքացնելե զատ՝ ինքն ալ գոյություն ունենա։ Չէ, սա հիմնական միջոց մը չէ։ Կառավարությունը պետք է ուղղակի դեկրետով մը հիվանդանալը իսպառ արգելե։ Կարճ ճամբան ձգած, ի՞նչ պետք կա այդքան հեռուներ երթալ։ Ինչո՞ւ ամեն բան վարչական եղանակով լուծվե, այս մեկը բացառություն կազմե։ Կամ ուրիշ բան մը։ Կարելի է, դեղատոմսը գրել հիվանդին տալ, որ երթա տեղվույն վրա դեղաբույսերը արածե, գա։ Աժան և մաքո՛ւր։ ❈ Ըստ փոքրիկիս կարծիքի՝ ան, ով կշվացնե ու ինքնիրեն թութի ծառը կբարձրանա, մեծ է արդեն։ Մեծության սա չափանիշը ավելի օգտակար է իգական սեռին համար, ըստ որու 60֊ամյա պառավն անգամ կրնա ինքզինքը փոքր սեպել, վասնզի ոչ շվացնել, ոչ թութի ծառ բարձրանալ գետե․․․ Կիրակի 15.― Երկու տեսակ աշակերտություն կա։ Առաջին տեսակը դասը կսերտե իր համար, երկրորդ տեսակը՝ վարժապետին համար։ Նկատե՞լ եք՝ ինչպես սա վերջին տեսակի աշակերտը, երբ դասը լավ գիտե, ի՜նչ միջոցներու կդիմե վարժապետին ուշադրությունը իր վրա գրավելու, որ հանի դասը պատմելու։ Կհազա, տեղեն կբարձրանա ու կնստե, հայացքը վարժապետի աչքին կսևեռե աղաչական, իսկ եթե մատ բարձրացունել արգելված չէ, մատը խորհտնտեսության ծառերու նման ցից կտնկե ժամն ամբողջ։ Երիտասարդ գրող Ստեփան Զորյանը դաշնակցության հասցեին ուժգին հայհոյանքներ էր սերտեր ու սա տարի մըն էր առիթ կփնտրեր ըսելու։ Առիթը ներկայացավ։ Ամերիկայի դաշնակցական օրաթերթը արտատպեր է իր մեկ գրվածքը։ Ու Զորյանը ելավ, մեկ շունչով հայհոյեց, «զզվեց» ու նստավ տեղը։ Տեղը նստավ, բայց աչքի ճոթով մի՜շտ հետևելով, թե այդ առթիվ խորհրդային իշխանությունը ի՜նչ թվանշան կդնե իրեն․․․ ❈ Ռուսաստանի 150 միլիոն ժողովուրդը անհասցե ծրար մըն է փոստը ձգած։ Ո՛չ ղրկողը գիտե ո՞ւր կղրկե, ոչ ծրարը գիտե, թե ո՞ւր պիտի երթա․․․ Երկուշաբթի 16. ― Ամեն անգամ, երբ կլսեմ, թե ամերիկացի սենատոր մը կամ անգլիացի լորդ մը, որ ի պատասխան իրենց տրված հարցին, դրական կարծիք է հայտներ մերոնց սոցիալիստական շինարարությանը մասին, կհիշեմ տատիս պատմությունը։ Ի ծնե կույր աղջիկ մը, կըսեր, մտադրվելով պսակվել, իր դրկից երիտասարդին կարծիքը կխնդրե իր գեղեցկության մասին։ ― Օ՜, ― կպատասխանե տղան, ― եթե ինձ ի նկատի չունիս և ուրիշի մը կուզես առնել, աննման գեղեցիկ ես, գնա՛ ու ամուսնացիր։ Այո՛, սոցիալիզմը շատ լավ բան է․․․ իրենց երկրից դուրս միայն։ Եթե այս սիստեմը ամրապնդվե՝ ես ամեն օր թույն կխմեմ․․․ ուրիշի բերանով։ 17.Երեքշանթի 17. ― Մեռավ այսօր իմ մտերիմներես մեկը, ու ցավը անպատմելի է․․․ Օ՜, Աստվա՛ծ․․․ Այդքան անգթություն ունենալեն վերջը, իզուր բոլշևիկ չես գրվեր․․․ ❈ Այս տարի սեփականատերերը դողդողալով հարկաթերթին կսպասեն։ Դողդողալն այն օգուտն ունի գեթ, որ այլևս ամառանոցի կարիք չեն զգար այս ամառը․․․ Չորեքշաբթի 18. ― Կկարդամ «Փարիզի կոմունան» ։ Ինչպես Դոն Քիշոտը նախքան իր «գործունեությունն» սկսելը ուշի ուշով ուսումնասիրեց իրմե առաջ «գործող» ասպետներուն, անանկ ալ, բանեն դուրս կուգա, որ Լենինն է ուսումնասիրեր Փարիզի կոմունան։ Ըստ Լենինի, կոմունայի պակասությունը նախ այն է եղեր, որ անմիջապես չի կոտորեր ձեռքն ինկած պատանդները, երկրորդ՝ կրոնը լավ չի հալածեր։ Այդ իսկ պատճառով, այս սխալը բուժելու համար, Լենինը՝ այդ արդեն արհեստավարժ հեղափոխականը, սա տասը տարի է, իր հետևորդներու հետ միասին կսպանե ու կհալածե կրոնը։ Ու կմտածեմ։ Եթե Փարիզի կոմունարները ոչ թե քիչ, այլ պետքեն ավելի կոտորեին, այժմ Լենինը պիտի փորձեր, անշուշտ, քիչ կոտորելով սոցիալիզմին հասնել, և կօգտվեինք մենք․․․ ❈ Մովսե՛ս, ինձի նայե։ Այո՛, աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ։ Իսկ եթե քո ատամը ջարդեր է 90֊ամյա ծերունի մը, որ ոչ մեկ ատամ ունի բերանը, ի՞նչ ընելու է այդ պարագային։ Սա ալ ըսե, որ օրենքդ կատարյալ ըլլա։ Հինգշաբթի 19. ― Յոթ զույգ ամուսնացած բարեկամներ ունիմ, որոցմե ինը զույգը պիտի բաժանվեն իրարմե, հենց որ սենյակ ունենան․․․ Ես սխալ խոսեցա, առաջ ինը պիտի ըսեի, հետո յոթը, վասնզի հանման ատեն մեծ թիվը վեր կդնեին ատեն մը, և կարծեմ այդ սիստեմը դեռ չի փոխվեր․․․ Երկու օր առաջ մարդ մըն ալ իր կնիկը տարավ քարահանքը և օրը ցերեկով մորթեց, եկավ։ ․․․Բաժանման այս սիստեմը ավելի ձեռնտու է, ըսես, և հարմար ներկա տնտեսական պայմաններին։ Ընդամենը դանակ մը պետք է։ Որո՞ւ ըսես․ «ընկե՛ր, դանակդ տուր, կնոջս մորթեմ, տամ» ՝ մերժե պիտի․․․ Հարյուր ռուբլի կուզեն գերեզման մը փորելու համար։ Մինչդեռ հին, երանելի ատենները հարյուր ռուբլով տասը մարդ կարելի էր թաղել։ Հե՜յ գիտի աժանություն․․․ Ես որ հարստանամ՝ վեց գերեզման փորել կուտամ, պատրաստ կդնեմ մեկդի։ Ու այն հարուստ հայրերը, որ մնայուն ժառանգություն մը թողնել կուզեն իրենց որդոց, պետք է քանի մը պատրաստի գերեզմաններ ունենան։ Միակ անկապտելի գանձը այս երկրի․․․ Ուրբաթ 20. ― Այնքան ընելիք չի մնացեր ինձի այս աշխարհին մեջ, որ վախվխելով փողոց կելնեմ ու ելնելուս ալ ամեն ծանոթին մտովի իրավունք կուտամ, ի տես ինձի, պոռալու զարմացած․ ― Ա՜յ մարդ, դուն դեռ հո՞ս ես․․․ ❈ Օ՜ֆ, սա անտեր Երևանի նոր փողոցներն ալ չբացվեցան։ Այսօր որ փողոցեն քալել ուզեցի՝ միլիցիա դեմս ելավ․․․ ❈ Ուղիղ Ազիզբեկով հրապարակի մեջտեղ ձի մը սատկեցավ։ Այդ ձին եթե քիչ մըն ալ ինքզինքը զսպեր ու քաղաքեն դուրս մեռներ, 85 ռուբլի օգուտ կհասցներ մեր բանվորա֊գյուղացիական կառավարությանը։ Այդքան գումար պետք եղավ դիակը քաղաքեն դուրս տանելու համար։ Շաբաթ 21. ― Հայաստանի համալսարանի շինարարական ֆակուլտետի ուսանող Գարեգինը միևնույն բառերով տաս աղջիկ կսիրե։ Եվ մեղավոր չէ։ Հայ լեզուն իր սիրային ոճերն ստեղծելու ատեն, միշտ միակնություն է ի նկատի առեր ու «սիրել» բառին տասը հոմանիշներ չի ստեղծեր․ մինչդեռ հիմա խիստ հարկավոր է այդ։ Հիմա սիրելու «տեմպերը» սաստիկ արագացեր են։ Ու Գարեգինը գյուղ֊ֆակի մի հանրակացարանի մեջ ապրող 13 աղջիկներու 13 միատեսակ նամակ գրեց։ Բոլորին ալ «չորս տարուց ի վեր» կսիրեր, բոլորի վարսերն ալ «ոսկի» էր։ 13֊ի աչքերն ալ «գիշերի պատուհաններ» էին, որք եթե լայն բացվեին, ցերեկը «պիտի հավաքեր իր ճաճանչները ու փախչեր անմիջապես» ։ Մեկ֊մեկ, յուրաքանչյուր 13֊ին ալ «առաջին անգամը» կսիրեր ու վերջին սերը պիտի ըլլար․․․ Բոլորի այտերը «վարդ «էր, թեև կրնար մեկ քանիսինն ալ «մեխակ» ըլլալ։ Կեցվածքը՝ «գլխահակ շուշան», ատամները՝ «կաթ», իսկ բիբերը՝ «սաթ» ։ ― Եվ ահա գիշեր մը, ― կպատմե հանրակացարանին պահապանը, ― հանրակացարանին աղջիկներեն մեկը, չկրնալով իր ներսը կրծող հուզմունքին դիմանալ, կամացուկ վեր կելնե կնստե անկողնին մեջ, ճրագը կվառե և բարձի տակեն հանելով Գարեգինին նամակը կհամբուրե ու կսկսե անգամ մըն ալ կարդալ։ Ինքնամոռացության մեջ ինկած աղջիկը, սակայն, չի զգար, որ ձայնը անզգալաբար բարձրացեր է, դարձել լսելի։ ― Անամո՛թ, ինչո՞ւ նամակս կկարդաս, ―տեղեն վեր ցատկելով գոչեց՝ երկրորդ աղջիկը և նետվեցավ դեպի իր բարձը։ Նամակը սակայն իր տեղն էր։ Աչքին տեսածը ու ականջին լսածը մեկ հայտարարի բերելու համար ինքն ալ հուզված սկսեց շարունակել այն տեղեն, ուր կեցած էր առաջին աղջիկը։ Ասօր վրա՝ ― Անպատկա՛ռ, ― կանչեց երրորդ աղջիկը, ― բարձիս տակ ինչո՞ւ խառներ ես, ինչո՞ւ կկարդաս քեզի չվերաբերող նամակը․․․ Ու ձեռքը բարձի տակ տանելով՝ տեսավ նամակն իր տեղն է։ Վերցուց նամակը երրորդ աղջիկն ու շարունակեց կարդալ այն տեղեն, ուր կեցեր էր երկրորդ աղջիկը։ ― Իմ նամակը ինչո՞ւ կկարդաս, ― քունի միջեն պոռաց չորրորդ աղջիկը խայթված ու ելավ ցից նստեցավ։ Բայց նամակը տեղն էր, ու չհավատալով սկսեց շարունակել այն տեղեն ու հասավ մինչև «շուշան կեցվածքը» ։ ― Արուսյա՛կ, նամա՞կս վերցուցիր, ― աչքն կրունկի վրա բացած շուռ եկավ մեկ կողքեն հինգերորդ աղջիկը ու բարձի տակեն ճանկեց իր նամակն ու կարդաց՝ սկսելով «շուշան կեցվածքեն» ։ Հինգերորդ աղջիկը «վարդ այտերուն» հասեր չէր հասեր, հանկարծ լսվեցավ անհնարին ճիչ մը։ Վեցերորդ աղջիկն էր ճչացողը՝ ի տես իր «անձնական» գաղտնիքին բացմանը։ Այս ձևով 13 աղջիկներեն 12֊ը ելան նստեցան մահճերուն մեջ և յուրաքանչյուրը «իր» նամակը ձեռքին սկսեցին կարդալ և համեմատել։ Նամակները կետերու և ստորակետներու համեմատությամբ անգամ նման էին իրարու։ 12 վարդ, 12 սաթ, 12 հատ «չորս» տարի, 12 հատ «առաջին», 12՝ «վերջին» սեր։ Վերջապես միևնույն նամակը միայն տարբեր անուններու հասցեագրված։ Միայն 13֊րդ աղջիկը նամակ չուներ։ Աչքերը բանալով նախ մեքենայորեն ինքն ալ ձեռքը բարձի տակը սողացուց՝ կարծելով, որ բախտը բացառություն չի սիրեր, ապա չգտնելով այդպիսին, կամացուկ մը ա՜խ֊քաշեց ու սկսեց լսել, որպես ազատ ունկնդիր։ Վերջեն, հաստատ հավատացած, որ Գարեգինի պարզ մոռացության արդյունքն էր նամակ չունենալը, խճճված սիրահարին գործը դյուրացնելու համար, վերցուց ընկերուհիներեն մեկուն նամակը, արտագրեց իր անունով, բարձին տակ դրավ ու պառկեց։ Ահա ձեզի ներկա դարու «մեխանիզացիայի» և «ստանդարտիզացիայի» ենթարկված սիրո նմուշ մը․․․ Կիրակի 22. ― Պետական ռեժիմը, որևէ կերպ կազդե՞ լուսանկարչության վրա, ― հարցուցի այսօր տարեց նկարչի մը, որուն հետ հեռու ծանոթություն միայն ունիմ։ ― Շատ մեծ, ― պատասխանեց նկարիչը։ ― Գրել դարաշրջաններու պատմությունը, առանց դիտած ըլլալու նույն շրջանի մարդոց նկարները, մեծ սխալ պիտի ըլլա։ Նկարն է միակ հարազատ թարգման մարդուն ներքին ապրումներուն։ Ես 53 տարու նկարիչ եմ։ Ապրեր եմ երեք ռեժիմ՝ ցարական, դաշնակցական և բոլշևիկյան։ Ցարական շրջանի նկարները լուրջ են, դաշնակցական շրջանին ես կնկարեի միայն հիասթափված դեմքեր։ Այո, դեմքեր անանկ մարդոց, որք ուրիշ բան կսպասեին, այլ բանի են հանդիպեր։ Իսկ բոլշևիկյան՝ ըսել է ներկա ռեժիմին, նկարվողները անանկ բարկացած ներս կմտնեն, որ կկարծեմ ինձի ծեծելու կուգան։ Ժպիտներու հնա՜ր չկա։ Առաջներ, օրինակ, հիմարություն մը կզուրցեիր, տեսար՝ հաճախորդը խնդաց․ հիմա, այս ռեժիմի բնակիչը, դժբախտաբար, ծանոթ է արդեն աշխարհի բոլոր հիմարությանց ու չի խնդար։ Նկարչությունը քաղաքականությանը կնայե, ինչպե՞ս չէ։ Մեռանք խոժոռված հոնքեր գծելե․․․ ❈ Բանկոոպի ճաշարանը թեյելու մտա՝ խառնելու գդալը մեծ էր բաժակի բերնեն։ Երկուշաբթի 23. ― 24 թվին, երբ ամերիկյան հին զգեստները առատ էին մեր շուկային մեջ, դերձակները կանացի շրջազգեստները քակելով տղամարդու փանթալոն կկարեին։ Այդ փանթալոնները սակայն, ինչքան էլ վարպետորեն կարված, կարի տեղերեն, արդուկեն ու մաշվածքներեն հայտնի կներ կանացի շրջազգեստ ըլլալը, վասնզի առնվազն երկու տարի հագած պիտի ըլլար զգեստը իր նախկին տերը։ Հիմա, սա մեր հավատուրաց Քաջազնունին, Սիմոն Հակոբյանն ու Արշակ Ղազարյանը շատ կնմանեն «պերեդելկա» արված կանացի շրջազգեստին։ Դաշնակցությունը այս մարդոց 25-30 տարի հագավ․ հիմա խորհրդային իշխանությունը, քանդելով, սվոնց բոլշևիկ շինել կուզե իր համար․․․ Բայց օգուտ չըներ․ կարվածքեն, արդուկեն ու մաշվածքեն կերևան, որ նախկին դաշնակներ են։ Անոնք անանկ տձև զգեստներ են հիմա, որ ո՛չ բոլշևիկը հագնել կուզե, ո՛չ դաշնակը․․․ ամոթեն։ ❈ Տորիչելյան դատարկությունը իր անունը Տորիչելլիեն է առեր։ Սա բանկոոպի դատարկությունը ո՞ր գիտնականին անունով կոչենք։ Երեքշաբթի 24. ― Գյուղացիեն քիլո մը պանիր առի։ Պանիրը չոր, դանակը բութ։ Մինչև տղան կկտրեր, ես բավականին խոսեցա հորը հետ։ ― Պիծա՛, ինչպե՞ս է ձեր դրությունը այս տարի։ ― Մի հարցուներ, անտանելի։ Մեկ կողմեն կառավարությունը կհալածե՝ որպես անհատի, մյուս կողմեն ոչխարներս զույգ֊զույգ կծնեն ու ցորենը մեկին հարյուր բերք կուտա։ Ինչ ընելս չեմ գիտեր․․․ ― Կաղոթե՞ս իրիկուն֊առավոտ։ ― Բա ինչպես, առանց աղոթքի կըլլա՞։ ― Խելո՜ ք։ Մեկ կողմե աղքատանալ կուզես, մյուս կողմե աղոթքներովդ «հանապազօրյա հաց» կխնդրես։ Աստվաած ի՞նչ մեղավոր է։ Դուն կուզես՝ ան կուտա։ Եթե աղքատանալ կուզես՝ ըսե՝ «զհաց մեր հանապազօրյա մի՛ տա մեզ այսօր» և «մի թող զպարտիս մեր», քանի որ պետությունը եղած֊չեղածը պիտի հավաքե տանի։ Թող նախ Աստված իր պարտքն առնե, մնացածը նոր կուտաս պետությանը։ Եթե «Հայր մերը» հանձնեն ինձի վերամշակելու՝ «Եվ փրկես զմեզ ի չարե» միայն կթողում, մնացյալ բոլորը կջնջեմ երթա․․․ Չորեքշաբթի 25. ― Ողորմություն տալու ատեն, մուրացիկը ինչքան կուզե թող ոտք չունենա, ձեռքերը գոսացած ըլլան, աչքերը՝ կուրացած, գութս չի շարժեր։ Ողորմություն տալ կուզեմ միայն այն մուրացկանին, որ կալվածատեր է, մեծ տուներ ու այգիներ ունի։ Մեր երկրի ամենաթշվառ դասակարգը կալվածատեր է, որ իր կալվածքին վրա դնելով նաև իր ողջ աշխատանքը, աշնանը իր ողջ եկամուտը հարկային բաժին կհանձնե ու ինքը ապրելու համար այլոց գթասրտությանը կապավինե։ Ժամանակ մը մուրացկանները կըսեին․ ― Ողորմացե՜ք, անտեր մայիֆ աղքատ եմ։ Իսկ հիմա՝ ― Գթացե՜ք, չորս տուն ու երեք այգի ունեցող կալվածատեր եմ, ― կըսեն։ ❈ Միևնույն սրճարանին մեջ երգող երգիչներեն մեկը ութ ռուբլի ավելի հարկ տվավ մյուսեն։ Ինչո՞ւ, վասնզի առաջինը երգելու ատեն ձայնը կկլկլացնե քիչ մը․․․ Հինգշաբթի 26. ― Մինչև 1926 թիվը պրոլետ գրականության մեջ ոչ մեկ աղջիկ չկար, ու ամենայն իրավամբ որձ գրականություն կարելի էր կոչել։ Հետո, սակայն, մեր գրողները հասկցան, որ ոչ միայն սոցիալիզմը, այլ նաև սոցիալիզմեն շատ ավելի համամարդկային գաղափարները առանց աղջկա երկու քայլ չեն կրնար առնել, ու իրենց դուռները լայն բացին կանանց առջև։ Հիմա եթե երեք հոգի հանդ կերթան՝ երկուսը Մարո է, նոր մեկը Կարո։ Բայց ի՞նչ օգուտ։ Աղջկա ու «սոցիալիզմի» խառնուրդը քիմիական ըլլալե ավելի ֆիզիքական է։ Ընթերոցողը գրքին մեջ բերված աղջիկներուն հոլանի թևերուն վրա ինչքան ըսես կհիանա, հաստ ու փափուկ ազդրերը գրկելու անհուն փափագ մը կունենա, բայց սոցիալիզմեն երեսը չի ուզեր տեսնել։ Ասոր վրա պրոլետ գրողները ճարահատ սկսեցին «սոցիալիզմը» ավելի ակնառու տեղ՝ իրենց հերոսուհիներու մերկ, «լիք ծիծերու» վրա դնել։ Բայց ընթերցողները «լիք ծիծերը» կհամբուրեն մտովին, իսկ «սոցիալիզմն» նորեն չէին տեսներ։ Ու սոցիալիզմն որպես պիտանի ապրանքի վրա դրված անպետք «դավեսկա» կմնա գրողներու ձեռքին մեջ հիմա, ու գրողը չի գիտեր, թե կնոջ ո՞ր մասի վրա դնե այդ ապրանքը, որ ծախվե քիչ մը․․․ Բայց ըստ իս, նորեն «սոցիալիզմն» բաժնելու է կնոջեն» ։ Պայմանով, որ հատոր մը չոր «սոցիալիզմ» կարդացող ընթերցողը իրավունք ունենա համապատասխան քանակությամբ կին պահանջելու պրոլետ գրողեն։ Ուրբաթ 27. ― Գանձակեն մարդ է եկեր, որը կպատմե, թե կյանքը ճշմարիտ է՝ քիչ մը թանկ է այնտեղ, բայց ատոր փոխարեն մեռնիլը չափազանց աժան է։ Երեք ռուբլով գերեզմանափորերը կաղաչեն, կփորեն գերեզմանդ։ Դագաղագործները 50 ռուբլով ուզածդ դագաղը կուտան քեզի, իսկ տեղվույն բանկոոպը առանց հերթի պատանացու կուտա պետական գներով․․․ Երջանի՜կ քաղաք։ Բա մենք ի՞նչ ընենք, որ ոչ ապրիլ կրնանք, ոչ մեռնիլ, մեկը մյուսեն թանկ ըլլալուն համար։ ❈ Երբ քաղաքիս երկրորդ դագաղագործը մեռավ՝ անոր կինը 18 պատրաստի դագաղ տուն տարավ, խանութը փակելե առաջ։ Քանի մը արհեստավորներ, երբ կնկանը ծախելու առաջարկ ըրին, կինը պատասխաենց․ ― Ինչո՞ւ ծախեմ․ կպահեմ բոլ֊բոլ մեռնինք․․․ Երեքշաբթի 31. ― Կոմուննիստները այլևս սկսեցին զենքով խոսել իրարու հետ։ Խումբ մը կոմունիստներ ցանքի, առուտուրի ազատություն պահանջելով Ղարալագյազի սարերը կբարձրանան։ Իրենց օրաթերթը զայրացեր ու զարմացեր է ոչ այնքան այն բանի վրա, որ ազատություն է պահանջված, այլ այն բանի համար, որ դաշնակներու ըսածը կկրկնեն։ Իրենց օրվա լոզունգն է՝ ինչ կուզես պահանջե, բայց ոչ այն, ինչ դաշնակցությունը կպահանջե։ Եվ արդեն ի՞նչ է իրենց ողջ գործունեության առանցքը․ վրացի կոմունիստները կփնտրեն ընելու բան մը, որ իրենց մենշևիկները չեն ըրած։ Հայաստանի կոմունիստները կաշխատեն բանով մը դաշնակներեն զանազանվել։ Նույնը նաև այլ հանրապետությանց մեջ։ Այսքան ալ հակասությո՞ւն։ ․․․Կհավատամ, որ բոլշևիկները եթե իմանան, թե դաշնակցականները իրենց միտքերը բերնով կհայտնեն, իրենք արտահայտության նոր ելք մը պիտի փնտրեն։ Չորեքշաբթի 1. ― Կոմունիստները, տեսնելով, որ իրենց շինած սոցիալիստական կարգերուն մեջ չեն կրնար բոլոր ժողովուրդին բավող բարիք հայթայթել, բարձրաստիճան կուսակցականները միացած իրենց համար խանութ մը բացին, ամենայն բարիքով լեցուն ու սկսեցին վայելել։ Եվ այս այն ժամանակ, երբ ժողովուրդին կտրվի միայն ու միայն ֆունտ մը թեփախառն զանգված՝ մականունյալնն «հաց» ։ Տեսա՞ր մի «հավասարություն» ։ Եթե մամուլի ազատություն գոյություն ունենար, հետևյալ հայտարարությունը տպել պիտի տայի օրաթերթին միույն մեջը․ «Հարյուր հազար ռուբլի մրցանակ անոր, ով ցույց կուտա տարբերություն մը նախկին ճորտատեր կալվածատիրոջ և ներկա կոմունիստին միջև, բացի անունեն․․․» Չորեքշաբթի 2. ― Բանկոոպը «քաղաքին կաթ կուտա» ։ Սա ճիշտ է։ Եվ ի՞նչ դժվար է քաղաքին «կաթ տալ։ Այն ձևով ինչ բանկոոպը կուտա՝ ես կրնամ ողջ երկրի մը կաթ տալ, կրնամ երկրագնդին կաթ տալ։ Խոմ հարցն այնպես չի դրված, որ պետք է կաթ տալ ինչքան պետք է, այլ այնքան՝ ինչքան ունի բանկոոպը։ Իսկ բանկոոպը ի՞նչ պետք ունի շատ կաթ ունենալու։ Եթե անասնապահության բոլոր օրենքներով պետք է մորթել բանկոոպի չափ կաթ տվող կովը՝ բանկոոպի՞ն ինչ, անոր ոչ միսն է գործածելի, ոչ կաշին․․․ ❈ Ողջ ընտանիքով մեկ զույգ նոր կոշիկ ունինք․ երեխաների ոտքին մեծ է, մեր ոտքին՝ փոքր։ Այդ պատճառով դրեր ենք կեդրոնը և բոլորս ալ կհագնենք․․․ մտովին։ Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1931 թվական Ուրբաթ 5. ― Ասկե ամիսներ առաջ արտասահմանյան թերթ մը կգրեր, թե Հայաստանին մեջ ձերբակալված է նաև Հովհանես Քաջազնունին։ Քաջազնունին աստիեն կհերքե իր ձերբակալման լուրը այն ձևով, որմե կերևա, թե ոչ միայն ինքը չի ձերբակալված, այլև Հայաստանին մեջ ոչ մեկ բռնված կա, և ձերբակալությունը բացառիկ երևույթ է հոս։ Եվ այս այն ժամանակ, երբ 50 հազար հայեր կտառապեն բոլշևիկյան բանտերու մեջ․․․ Հովհանես Քաջազնունի։ Ահա քեզի միտասաներորդ ժամու ****** մը։ Ու երբ կխորհեմ, թե այս մարդը ժամանակին նախագա՞հ է եղեր մեր երկրի՝ կլսեմ։ ― Վաղուց պետք է կործանված ըլլար այն երկիրը, որու նախագահը ասանկ մարդ կրնա ըլլալ։ Գալով արտասահմանյան թերթին՝ կըսեմ։ ― Որպեսզի ձեր լուրերու բաժնին մեջ ապագային նման վրիպակներ չսպրդեն, լավ է գրել միանգամեն, թե «Հայաստանի ողջ բնակչությունը ձերբակալված է» ու ետքեն ստուգել՝ ով դուրսն է մնացեր․․․ սխալմամբ, գրել, թե «ուրախությամբ կիմանանք, որ այսինչը դեռ չի ձերբակալված» ։ Շաբաթ 6. ― Մեր իշխանությունը, որն որպես թե բանվորական է, բանվորներուն առանձին մթերքի գրքույկ է տվեր, որով ավելի ապրանք պիտի ստանան, որպես թե։ Որպես խայծ, գյուղերը ղրկելու համար, ուսուցչության ալ բարձրացուցին և բանվորներուն հավասարցուցին և քանի մը ամիս նույն նորմայով բավարարեցին, որպես թե։ Այսօր, մթերման նոր գրքույկներ բաժանելուն, վարժապետները բանվորական բարձունքեն նորեն մտավորական անդունդները կգլորե բանկոոպի վարչությունը՝ տալով ձեռներին ոչինչ չստանալու գրքույկներ․․․ Եվ գիտե՞ք՝ ովքեր են այս բոլոր փոփոխության հեղինակները։ Մեր վարիչները։ Անոնք ո՛չ բանվոր են, ոչ ինտելիգենտ, այլ աշակերտներ, որոց մեծ մասը դպրոցեն․․․ վռնդված։ ✳ Կառապան մը, Սիմոն Հակոբյանին և Արշակ Ղազարյաին կառքին մեջ դրած, սաստիկ արագությամբ կքշեր ուր֊որ։ ― Կառապան, ― ըսի ետևն, ― եթե հաջողի քեզի բեռդ քաղաքեն դուրս տանել և մեկ մղոնի վրա դատարկել ետ գալ, բարոյապես մեր քաղաքի սանիտարական դրությունը կլավանա 80 տոկոսով։ Կիրակի 7. ― Պզտիկս, ժամացույց ըսելով, մեր դիմացի ժամագործի ցուցանակին փակցուցած խոշոր թիթեղի ժամացույցը կհասկնա միշտ, որուն սլաքները պինդ մեխված են իրարու, ու որը օրվա բոլոր ժամերուն 10֊ին քառորդ պակաս ցույց կուտա։ Այսօր ընկերներեն մեկը ըսած է եղեր՝ ժամի 4-ն է։ ― Պապա՝, ― զարմացած իր ընկերոջ տգիտության վրա, եկավ ինձի պզտիկս, ― Զաքար կըսե ժամի 4։ Ժամի չորսն ալ ըլլա՞։ ― Ինչո՞ւ չէ զավակս, ― ըսի՝ շոյելով սիրուն գանգուրները, ժամը 4֊ն ալ կըլլա, 5֊ն ալ։ Ու եթե տղաս երկու տարով մըն ալ մեծ ըլլար, պիտի ըսեի․ ― Բալիկս, ան քո տեսածը խորհրդային ժամացույց է, որով սոցիալիզմ կկառուցեն ու Եվրոպային կհասնեն֊կանցնեն։ Բայց սխալ պիտի ըսած ըլլայի, չէ՞, վասնզի խորհրդային ժամացույցը ոչ թե կայներ է, այլ․․․ ետ կերթա․․․ ✳ Օրենք մը հրատարակվեցավ, որով գյուղացի այն անհատ տնտեսությունները, որք տակավին կհամառեն ու կոլխոզ չեն մտներ, 100 ռուբլի եկամուտին 120 ռուբլի հարկ պիտի տան։ Բայց այս օրենքով, իմաստուն օրենսդիրը կոլխոզ մտնելու կամավորական սկզբունքը ամենևին չի ուզեր խախտել։ Գյուղացին ազատ է․ կամենա, բնավ չի մտներ․․․ Երեքշաբթի 9. ― Ամերիկացի գիտնական մը կորոնե օդեն սաստիկ թեթև գազ մը, որով լեցված օդապարիկ մը ինքզինքը երկրեն լուսին բարձրացնե։ Ներողությո՛ւն, ընկե՛ր ամերիկացիներ ու եվրոպացիներ, գյուտերեն այդ մեկը ձեզի չի հաջողվի։ Այդ գյուտը խորհրդային երկրին մեջ միայն կրնա ըլլա, վասնզի այստեղ՝ մեր երկրին մեջ միայն կա «լենինիզմ», որմով լեցված օդապարիկը կրնա այդքան բարձրանալ։ ✳ Քաղաքին մեջ, էլեկտրական ճրագներ չճարվելու պատճառով, գիշերները համատարած խավար է։ Հիդրոկայանները այժմ լույսի փոխարեն էլեկտրական մութ կմատակարարեն քաղաքին։ Այս է պատճառը, որ չեկիստները, իրենց գիշերային արշավներու ատեն, արդարն ու մեղավորը չեն կրնա ջոկել․․․ Չորեքշաբթի 10. ― Երբ երկրի մը բախտը բացառապես մեկ մարդու է հանձնված, երբ ժողովուրդ մը մեկ մարդու խոսքով բացառապես պիտի շարժե՝ ի՞նչ կկարծեք, լու մը կրնա՞ ազդել երկրի մը քաղաքականության վրա։ Կրնա։ Տվեք ինձ Ապարանի լվերեն, շատ չէ՝ երեք խելքը գլխին լու, տանեմ այդ լվերը գիշեր մը դնեմ Ստալինի անկողնին մեջ ու կտեսնեք, որ այդ առտու զորահավաք կհայտարարվի Ռուսաստանին մեջ, և Կարմիր բանակը անմիջապես իր մարտական դիրքերը կանցնե՝ այնքան պիտի գազազի Ստալինը։ Այժմ ձեզի կթողո՜ւմ դատելու, թե մեր կողմե տառացի կատարվող պետական օրենքներեն քանի՜սը լվերու գործն են, քանի՜սը՝ մլակներու և որքանը՝ ոջիլներու։ Մանավանդ օճառի այս չգոյության մեջ․․․ ✳ Գյուղացի մը, ավանակը հեծած, Ստալինին տեսության կերթա։ Հասնելով, անասունը Կրեմլի դռանը կկապե ու ներս կմտնե ինքը, սակայն, վայրկյան մը դուրս նայելով։ ― Ի՞նչ կնայիս, ― կհարցնե Ստալինը։ ― Հե՛չ։ Ավանակիս կնայիմ, փորձանք մը չպատահի․․․ ― Անհոգ կաց, ծերո՛ւկ, ― կըսե սոցիալիզմի առաջնորդը, ― մեր երկրի մեջ ավանակ չի կորսվի։ Ես 150 միլիոն ավանակ ունիմ դուրսը, բնավ գլուխս դուրս չեմ հաներ։ ― Գիտեմ՝ չի կորչի, ― կըսե ծերուկը։ Վախնամ, սակայն, քո ավանակներուն խառնվի․․․ 250 ռուբլիի եմ առեր ժամանակին։ Հինգշաբթի 11 ― Մեծ երկրաշարժ Զանգեզուրին մեջ։ Կործանված է 61 գյուղ, սպանված 380 մարդ։ Կառավարությունը ողջ մնացողներուն մեկական կտոր լվացքի օճառ է բաժաներ։ Դե եկուր ու մի կրկներ, թե ամեն դժբախտություն իր ետևեն բարեբախտություն մը կբերե։ Ուրբաթ 12. ― Դաշնակցությունը, որ տասը տարի չակերտավոր մեռավ խորհրդային մամուլին մեջ, այսօր առանց չակերտներու հարություն է առեր ու Ֆրանսիո և Անգլիո ղեկավարությամբ՝ հարձակման կպատրաստվե Խորհուրդներու դեմ՝ հետն ունենալով քյուրդ ժողովուրդը։ Դաշնակցությունը կատակ չի ըներ, և դրությունը լուրջ կթվի ըլլալ։ Ողջ բոլշևիկյան կուսակցությունը իրար է անցեր ու զեկուցումներեն և միթինկներեն աչք չի բանար։ Ավելորդ խուճապ։ Կվերցունեմ դաշնակցության բոլոր ռազմական գործողությունները չակերտներու մեջ կառնեմ, կլմնա կերթա։ Փառք Աստծո, ոչ մեկ մամուլ այնքան չակերտներ չի գործածեր՝ ինչքան խորհրդայինը։ Խեղճ «աջ» ու «ձախ» բառերը իրենց օրում բնավ առանց չակերտի տպված չկան․․․ ✳ ․․․Բայց Դարվինի ու խորհրդային պետության մեջ տարբերությունը շա՜տ մեծ է։ Մինչ Դարվինը մարդոց կապիկեն սերվելու թեզը կզարգացունե, բոլշևիկները հասակավոր մարդու և մանկան միջև եղած կապն ալ կկտրեն։ Մանկան չի կարելի ապտակել, բայց մեծին կարելի է գնդակահարել։ Այդ է պատճառը, որ այսօր խեղճ վարժապետները ստահակ աշակերտներուն պատժելու ուրիշ զենք չունենալով, քան ամենայն ուժով պոռալե՝ մեծավ մասամբ աղիթափ կըլլան։ Շաբաթ 13. ― Աբովյան փողոցին վրա, դեմ դեմի կեցած են Պողոս֊Պետրոս եկեղեցին ու թերավարտ բանվորական ակումբը։ Եկեղեցին քանդվի պիտի, ակումբը՝ շինվի։ Ու երկու տարի է արդեն, որ կառավարությունը կաշխատե։ Ո՛չ եկեղեցին կրնա քանդել, ո՛չ ակումբը շինել։ Շինելու մասին չեմ մտածեր, բայց եթե բոլշևիկները քանդելու շնորհքն ալ կորսնցունեն, ալ ի՞նչ պիտի մնա տակը․․․ ✳ Բանվորները «հնգամյակը» չորս տարվա մեջ կատարելու համար հարվածային կըլլան։ Լավ է մեր կովը այդ չի լսեր, չէ նե անիկա ալ ինքզինքը հարվածային պիտի հռչակեր մոտեն անցնել հնարավոր չըլլար․․․ Կիրակի 14. ― Ընկերս գործ ուներ, միասին թատրոն մտանք։ Գեղամ Սարյանի «Աչք» պիեսին փորձը կերթար բեմին վրա։ Հոն տեսարան մը կա, ուր ատրճանակներով զինված չեկիստները կպաշարեն դաշնակցական Արշակունիի տունը և կրերբակալեն։ Դերասաններն ու ռեժիսորը շվարեր կեցել էին։ Ի՞նչ դեմք ընդունելու էր Արշակունին, որ կոմկուսակցության հիմնական գիծը չխախտվեր՝ խրոխտ, թե՞ վախկոտ։ Վերջեն ռեժիսորը հայտարարեց․ ― Առայժմս ապուշի դեմք առ փորձը չուշանա՝ մինչև ես իրիկվան կոմիտե մտնեմ, դիրեկտիվ բերեմ։ Երբ այս հայտարարութենեն ապշած՝ դուրս կելլեի, ռեժիսորը ձայնեց ինձի․ ― Ընկեր, խոսքս քեզ չի վերաբերեր՝ Արշակունիին․․․ ― Արշակունին մեկ ժամվա համար պիտի ապշի, իսկ ես՝ մշտական․ զիրար չենք խանգարի, ― պատասխանեցի ու դուրս ելա։ ․․․Ներկայացմանը գացի։ Բեմին վրա Արշակունին խղճալի կերպարանք էր առեր։ Զարմանալի բան։ Իրականին մեջ դաշնակցութենեն կդողան աս բոլշևիկները, իսկ բեմին վրա խղճալի ցույց կուտան։ Է, լավ չըլլա՞ր արդյոք, ողջ դաշնակցական կուսակցությունը բեմ հանել ու ոչնչացնել ու մեկ անգամեն ազատվել այդ մղձավանջեն։ Երկուշաբթի 15. ― Այսօր հավ մը առի տղոց համար։ Հավը առտվնե կկչկչա ու չի ածեր։ ― Ի՞նչ կուզե, ― կհարցնեմ գյուղացուն, որը դեռ չի գնացեր։ ― Ինչո՞ւ չի ածեր։ ― Խեղճ թռչունը չի գիտեր, կոոպերատիվի, թե տան համար ածե, ― կպատասխանե գյուղացին։ Երկու չափ, երկու կշիռ։ Ամեն տեղ։ Մեր դիմացի պետական շենքի վրա աշխատող մշակները, կտեսնեմ, երբեմն այնքան պզտիկ քար կդնեն շալակին, որ սանդուղքներեն վեր կելնեն ու վար կուգան նույնությամբ․․․ մոռնալով, որ կռնակնին քար կա։ ✳ Համար 55 բանկոոպին մեջ աղջիկ մը կա, որ ամիսը մեկ գործակատարի հետ կապրի։ Գործակատար մը, սակայն, որ գործուղման հետևանքով երկու ամսվան իր նորման կորսնցուցեր էր, վերադառնալով կպահանջե հետևյալ ամիսն ալ հաշված՝ երկու ամիս ապրել իր հետ։ Աղջիկը անցած ամսվանը չի ուզեր վճարել և խանութին վարիչին կղրկե կնքելու օրդերը՝ ըստ սովորականի։ Վարիչը բանկոոպի գրքույկը կպահանջե, ուրկե կերևա, որ գործակատարը իր ամսավճարը լրիվ չի մուծած․ ու անվերջ քաշկռտուկ։ Ա՜խ, սա բանկոոպները․․․ Երբ պիտի ըլլա, արդյոք, որ մարդս անոր գործակատարուհիներու հետ առանց «նորմայի» ուզածին չափ ապրի․․․ Երեքշաբթի 16. ― Հեռավոր բարեկամ մը կհարցնե մեր դրությանը մասին․ ― Սիրելի՛ս, ― կպատասխանեմ իրեն նամակով մը, ― դրությունը երեքն է՝ կեցած, նստած, պառկած։ Եթե կեցած ենք՝ ուրեմն բանկոոպի դռան հերթի ենք, եթե նստած ենք՝ Չեկայի մեջ ենք, եթե պառկած՝ գերեզմանին մեջ միայն․․․ ✳ Ու որովհետև դաշնակցությունը Խորհրդային Հայաստանի վրա ինտերվենցիա կպատրաստե, հետևաբար, նոր ներքին փոխառություն մը՝ «վճռական տարվա» փոխառություն։ Դեմ չեմ, թող ըլլա այդ «վճռականն» ալ, միայն «փոխառություն» բառին մեջ հետևյալ փաստական ուղղումը կուզեմ մտնցել։ ― «Փոխառություն» կկոչվե այն գործողությունը միայն, երբ առնողը օր մը վերադարձնելու է գումարը իր օրինական տիրոջ։ Իսկ բնավ չվերադարձնելու համար առնվածները, փոխառության փոխարեն կկոչվեն պարզապես «առություն» ։ Թե կարճ, թե ձեռնտու․․․ Չորեքշաբթի 17. ― Կորսված եղբորս տղու ձայնը Բաղդադեն կուգա։ Աղիողորմ նամակ մըն է ուղղեր ինձի, որ միջոցներ ձեռք առնիմ՝ զինքը Հայաստան բերելու։ ― Ա՜խ, ― կգրե, ― հորեղբա՛յր ջան, Հայաստան գամ, անգամ մը ազատ ապրիմ՝ նոր մեռնիմ։ Ասոր ի պատասխան․ ― Զավակս, ― գրեցի ես, ― ինչ կվերաբերի քեզի ընդունելուն՝ իմ դուռը միշտ բաց է քեզի համար, իսկ գալով «ազատության մեջ մեռնելուն» ՝ ավելի աղեկ է հոտ մեռնիս՝ նոր ճամբա իյնաս։ Եթե այդ ազատության մեջ չես կրնար մեռնիլ, հոս գալով՝ հավիտյանս կենդանի մնալու պիտի դատապարտվես․․․ ✳ Պատասխանատու կոմունիստ պաշտոնի մը քով էի գացեր գործով։ Հիշյալը անլուծելի խնդիրե մը սրտնեղած բացականչեց․ ― Օ՜ֆ, մարդս իր խելքը կրնա կորսնցունել սա լաբիրինթոսին մեջ։ ― Եվ ի՞նչ․ ան ատեն ավելի խելոք պիտի ըլլաս, քան հիմա, ― պատասխանեցի ես․․․ (մտքիս մեջ հարկավ) ։ Այո, կան բաներ, որ մարդս կորսնցունելով ավելի կշահե․․․ Հինգշաբթի 18. ― Փոքր երեխայիս ոտը սահեր ու ցեխն է ինկեր։ Լուսի՛ն, մի պտտիր երկրիս շուրջը, թող կինս քիչ մը բարկանա տղուն վրա։ Ցեխն է ընկեր ու այդ նույն ոտներով կոխեր է սենյակին «պոլը» ։ Արև՛, դուն ալ կեցիր հորիզոնին վրա։ Օրն ամբողջ կինս «խեղճ ու կրակ» սրբե, ավլե, թշվառական տղան երթա կեղտոտե։ Երկնային բոլո՜ր մոլորակներ, առժամյա քիչ մը կեցեք նայինք՝ ինչ պիտի ըլլա։ Երեկ, երեկն էր լվաց գուլպան ու կոշիկները։ Դժո՜խք, ինկվիզիցի՛ա, Չեկա՛, տվեք նայինք ձեր ամենամեծ պատիժը, տվեք պատմենք սա տարիկեսկան չարագործին․․․ Եթե գոչեմ՝ երանի անոր, ով փնթի կնիկ ունի, պիտի խնդաք։ Կխնդաք, ինչու չէ։ Հապա՛, մեկ ունեցեք 12 քառ․ մետր ներկած «պոլ», երեք հատ քալող երեխա՝ յուրաքանչյուր երկու ոտանի, մաքրասեր կին մը ու անձրևոտ օր․․․ Օ՜, Աստված, փակե դժոխքի դուռը ու բանալին դիր գրպանդ, դժոխքին դերը վերջացավ այլևս։ Կինս «բոլշևիկյան համառությամբ» չի ուզեր հասկնալ, որ մարդս հող է և հող պիտի դառնա։ Եվ մարդու ու հողի տարբերությունը ոչ թե ըստ էության, այլ ըստ ձևի։ ․․․Ու ես, եթե ավելի ապրեցա, քան կինս, անոր դագաղին կափարիչը երկտակ շինել պիտի տամ։ Եթե, Աստված մի արասցե, անցքե մը հող մաղելու ըլլա ներսը, ինչ կկարծեք՝ տիեզերական որևէ ուժ կրնա՞ արգելել զայն՝ շուռ գալու իր հավիտենական հանգստարանին մեջ․․․ ✳ Առաջներ, ճաշեն վերջը կթմրեի ու բնավ աշխատելս չէր գար։ Ներկա ճաշելը ընդհակառակը, կթարմացնեն մարդուս, և ճաշեն վերջ մարդս․․․ կթեթևնա։ Ուրբաթ 19. ― Եթե, ըսենք, մեր բոլշևիկները իրենց սույն ընթացքով հասան տեղ մը, որ դեպի սոցիալիզմ ոչ մեկ ճամբա կա, ինչ կկարծեք, հրաժարեն պիտի՞ իշխանութենեն։ Բնավ։ Անոնք անկուսակցականներուն, հակակուսակցականներուն դրամով կվարձեն, կձգեն առջևնին, կստիպեն, որ իրենց համար սոցիալիզմի ճամբա գտնան։ Այսօր շատ «կուսակցականներ» առանց դրամի անգամ «սոցիալիզմ» կշինեն․ հապա որ դրա՞մ տաս, ինչպես պիտի շինեն․․․ ✳ Հիմարությունը» այսուհետ բոլոր լեզվի քերականության դասագրքերը դնելու են «հատուկ անվանց» շարքը, Մասիսին և Արագածին կողքին և դեռ անկե ալ բան մը առաջ։ Վասնզի կրնա ըլլալ, որ երկրիս մեջ սխալմամբ ուրիշ Մասիս մըն ալ գոյություն ունենա, նույնպես հինգ վերստ բարձրությամբ, սակայն, «հիմարությունը» միայն բոլշևիկյան երկրին մեջ գոյություն ունի՝ յոթ վերստ բարձրությամբ։ Շաբաթ 20. ― Օգնությո՜ւն, օգնությո՜ւն․․․ Մեր կառավարությունը առանց նորմայի, անչափ քանակությամբ, անպատմելի առատությամբ կենսամթերք բաց կթողնե․․․ թերթին մեջ։ Շատ աղե՜կ, բաց թողնելը դյուրին է, բայց մենք առանց նորմայի ինչպե՞ս ուտենք։ Ջերմաչափին սնդիկը, որ իր կյանքին մեջ աստիճաններու վրա է ելեր ու իջել․ մեկեն աստիճանները ջնջես, կրնա՞ ելևէջել։ Երկար տարիներ օրական երեք հատ բրինձ կեր ու 300 գրամ հաց՝ մեկեն, ըսենք, վեց բրինձ ու 400 գրամ հաց պիտի ուտես։ Եղա՞վ։ Բանկոո՛պ, այդ ընելե առաջ, նախ և առաջ հասկացողություն տուր կարգ մը անանկ ուտելիքներու մասին, որոց մասին ժողովուրդը իր հասկացողությունն է կորսնցուցեր։ Դուն «քաղգիտակցությունը» վար դիր ու «փորգգրագիտության» դասագիրքն առ ձեռքդ ու կարճատև կուրսերով անցիր հաճախորդներուդ հետ՝ ի՞նչ է կաթ, սորվեցուր, որ կովը պոզեն զատ ունի բուդ, չալաղաջ, թրգոլա կոչվող մասեր, որոնք նույնպես ուտելու համար են, որ ոչխարի ետևեն կախվածը դմակ կկոչվե և համեղ, ուտելու յուղ կպարունակի իր մեջ, որ ամեն կլոր ու ճերմակ բան պանիր չէ և այլն և այլն։ Կարևորը նախ տեսականն է, հասկացողությունը։ Հասկացողություն ունենալեն վերջ, ուտելեն ալ դյուրին բա՞ն։ ✳ Այսօր միլիցիա չեկավ մեր տուն։ Կիրակի 21. ― Երկաթուղային ճամբորդները ապահովագրելեն զկնի, ամեն օր ընդհարումներ կպատահեն ու տասնյակներով մարդիկ կսպանվեն։ Ի՞նչ ընես, կրնա՞ս գանգատել։ Պետությունը կսպանե՝ փոխարենը կհատուցե, խոմ ձրի չըներ․․․ ✳ Պաշտոնակիցս տեղմ մը ըսեր էր, թե Հայաստանն ալ, հետևելով Ռուսաստանի օրինակին, այսուհետև ձի պիտի մորթե։ ― Սխալ ես, ըսի, ― ելնելով տվյալ երկրի առանձնահատկութենեն՝ մեզ մոտ ավանակ պիտի մորթվի, վասնզի մենք ձի չունինք։ Եվ շատ ուրախ պիտի ըլլամ, եթե ավանակ մորթվի։ Տխմարներու հարգը կբարձրաա քիչ մը․․․ Եկրուշաբթի 22. ― Սա բոլշևիկյան ռեժիմին մենակ լավն այն է, որ հանդերձյալ կյանքին մեջ չի շարունակվեր։ Կրնա՞ք երևակայել, ի՜նչ սարսափելի պիտի թվար մեզի այս ռեժիմը, եթե մեռնելով իսկ չազատվեինք․․․ Ու երբ կերևակայես քեզի ազա՜տ՝ դագաղին մեջ պառկած, ո՛չ հացի հերթ, ո՛չ ջրի․․․ Մա՜հ, ինչքա՜ն երախտապարտ մնացիր բոլշևիկներուն։ Անոնք քո ժահրոտ դեմքը գեղեցկացուցին․․․ Երեքշաբթի 23. ― Ոչ մեկ ռեժիմի մեջ երեխաները իրենց ծնողներեն այնքան քաղցր ու սիրալիր խոսքեր չէին լսեր, ինչքան ներկա, բոլշևիկներու օրոք։ Առաջներ, երբ տղան մորը դառնար՝ ― Մամա՛, չամիչ տուր։ ― Ա՛ռ, ― կըսեր մայրը՝ բավարարելով նրա պահանջը։ Իսկ ներկայի պահանջին մայրը՝ ― Չկա՛, մատաղ քեզի, չունիմ, հոգուդ մեռնիմ, եկուր քեզի գրկեմ, բալիկ ջան, ես քեզի անանկ բան պիտի տա՜մ, ի՞նչ, մեկ անգամ մը պինդ համբուրեմ․․․ Այս առթիվ կըսեմ․ ― Մեր ներկա ռեժիմը իսկական երեխաներու ռեժիմն էր, եթե միայն վերջիններս․․․ ստամոքս չունենային։ ✳ Ժողովուրդը վերջին շունչը կապրե, այլևս ուժ չունի դեպի սոցիալիզմն քալելու։ Եթե կոմունիստները կուզեն մասսան սոցիալիզմի հասցունել, ավտոներու պիտի բառնան ու քշեն այնպես, ինչպես այսօր Հայառը իր անասունները ավտոյով սպանդանոց կտանե․․․ Չորեքաբթի 24. ― Այսօր որոշեցի դադրեցունել երեխաներու ծեծը։ Անցնեմ պիտի բանտարկության ռեժիմին։ Եթե հայերը կուզեն իրենց որդիներին կյանքին համար պիտանի քաղաքցիք պատրաստել, ապա պիտի բանտարկության վարժեցունեն մանուկներուն փոքր հասակեն, վասնզի կյանքի մեջ ամենեն շատ բանտարկության պետք պիտի ունենան։ Հայրե՛ր, մեր Խորհրդային հայրենիքը լավ բանտարկյալի կարիք ունի։ Գիտակից և պարտաճանաչ «թշնամիներ» պատրաստել մեր կառավարությանը՝ ահա մեր նպատակը։ Այո՛, եթե կուզեք մեր պետության կյանքը երկարի, «թշնամի» տվեք իրեն, սանկ թեթև, անչոր, անզեն, կակուղ թշնամիներ, որ հաղթանակի։ Ոչ թե առյուծներ, որ ճակատամարտելու պետք ունենա, այլ ոչխարներ գոմը լեցված, որ ուզած ատենը դուրս բերե մորթե․․․ Ուրեմն բանտարկություն։ Եվ իմ առանձնասենյակը Չեկա է հիմա իմ տղոց համար, միայն այն տարբերությամբ, որ առանց հանցանքի անմեղ տեղը չեմ բռներ։ Հոգ չէ։ Ես այսքանը կուտամ, մնացյալն ա իրենք թող կյանքի մեջ սորվեն․․․ ✳ Ա՜խ, ազատ սեր, ի՜նչ անուշ բան։ Երեք աղջիկ կա, որոց հավասարապես կսիրեմ։ Որո՞ւ «օչերեդը» կենամ՝ չեմ գիտեր․․․ Հինգշաբթի 25. ― Այն «հացը», որ բանկոոպը մեզի կուտա, ո՛չ կովը կուտե, ո՛չ հավը, ո՛չ իսկ շունը։ Է, այդ կնշանակե՞ արդյոք, որ հացը վատ որակի է։ Եթե մենք ալ անասուններու նման չհավնինք ու անդին հրենք, այլևս ինչո՞վ պիտի տարբերենք անբան անասուններեն․․․ ✳ Քանի ամառը կուգա, այնքան ռեժիմը կծանրանա։ Ձմեռ ատեն երկու թշնամի ունենալով առջևդ (ցուրտ և բոլշևիկյան ռեժիմ), կկծկես մկաններդ ու դիմադրության ուժ կառնես։ Հիմա, երբ ձմեռը ստրատեգիական պատճառներե կնահանջե տակավ, բոլշևիկյան սարսափը ներս կսողա բոլոր բաց տեղերեն, ու էությունդ կլքե քեզի։ Ո՜վ ռեժիմ, չեմ ըսեր ձմեռվա պես ինն ամսով, գեթ ինն օրով, ինը ժամով, ինը վայրկյանով դուն ալ նահանջե, շունչ քաշինք, ի՞նչ կըլլա։ Ամեն ճակատամարտի մեջ մեռելթաղի դադար կա, քեզի ի՞նչ եղավ․ ժամանա՞կ իսկ չես տար՝ սա տասը տարվա սպանածներդ թաղելու․․․ Տետրի վրա թիվ չկա Հինգշաբթի 8. ― Կայարան էի գացեր այսօր։ Կեցավ գնացքը ու սալոն֊վագոնին մեջեն ելան խումբ մը կոմունիստ տղեկներ։ Նորմալ ժամանակ ատոնք ոչ թե սալոն֊վագոն, այլ գնացքի տակը կպցված արկղերով ճամբորդելու միայն արժանի էին։ Գլխավորը, որուն շրջապատեր էին մյուսները, վերեն վար կաշիե զգեստի մեջ, ձեռները պորտֆել մը կպտտացուներ։ Եվ որովհետև, բոլոր նշաններով ատիկա չեկիստ մըն էր, ուրեմն ըսենք անմիջապես, որ այդ պորտֆելին մեջ կպպտեր հազարավոր անմեղ մարդոց դատավճիռները։ Եթե ըսեմ՝ 16 աղջկա սիրելու կարողություն ուներ տղան, ատով որոշած կըլլամ իր տարիքն ու առողջությունը։ Մի՞թե իրավունք ունի «բանվորի ներկայացուցիչ» մը այդքան կակուղ տեղեր նստելու, երբ բանվորությունը ոտքի վրա է ու չոր տեղ իսկ չունի նստելու։ Ես կապրիմ երեխաներուս համար, այդ պատճառով արջ խաղացնելուն ես տղուս կդնեմ գլխուս վրա, որ լավ տեսնե։ Իսկ ատոնք, կապրին որպես թե բանվորներու համար, բայց արջի ժամանակ բանվորները կդնեն ոտքի տակ, վրան կելնեն, որ աղեկ տեսնեն։ Ուրիշ ի՞նչ անուն տաս, երբ իրենք 600 ռ․ ամսական կառնեն, իսկ իրենց սիրեցյալ բանվորներուն 60 ռ․ կուտան։ Եթե գաղափարը զոհել կհրահանգե, ո՞ւր է ատոնց զոհը։ Կամ եթե կա զոհը, չի՞ նմաներ արդյոք այն զոհին, երբ աքլորը կտանեն վանք մը, կատարը կարյունեն ու բերելով տանը կեփեն ու աղվոր մը կուտեն վասն հոգու փրկության։ Օ՜, փարիսեցություն, քանի՞ ձևով որակեմ քեզի։ Ուրբաթ 9. ― Կառուցողներու ակումբ։ «Կարմիր» ճարտարապետներու անդրանիկ շենքը։ Կես միլիոն ռուբլի ծախս։ Այս շենքը, սակայն, անհամբեր իր ավարտին կսպասե, որ․․․ փող գա։ Եթե կուզեք գիտնալ, թե Աբովյան փողոցեն թևանցուկ անցնող մարդերեն ո՞րն իր կնկանը կսիրե և որը՝ ոչ, դիմացի պատին տակը անցեք ու մտիկ ըրեք։ Այն մարդը, որ իր կնկանը թող կուտա ակումբին պատշգամբին տակեն անցնելու, իսկ ինքը փողոցին կողմով կքալե, գիտցիր, որ այդ իրիկուն մահու չափ ծանր վեճ են ունեցեր, ու մարդը կնկանը չի սպանած լոկ անոր համար, որ մեծ հույս ունի ակումբին վրա․․․ Ուրիշ բան մը, երբ կտեսնեք անցորդ մը, որ վերեն վար իջնելուն, ակումբի տակը հասնելով չի վազեր, առանց երկարելու ետևեն հասեք ու սիրտ տվեք․ մարդը ինքնասպանության միտք ունի․․․ ❊ Ութ բարեկամներ ունիմ զանազան քաղաքներու մեջ, որք անդադար ինձմե երկար նամակներ կսպասեն։ Երեկ քարտով մը իմացուցի իրենց, որ եթե կուզեն երկար նամակներ ստանալ ինձմե, թող բոլորը հավաքվեն մեկ քաղաքի մեջ և սպասեն։ Ի՞նչ ընեմ՝ կոոպերատիվը յուրաքանչյուրին մեկ ծրար միայն կուտա․․․ Շաբաթ 10. ― Իմ պաշտոնատանս կառավարիչը իմ դպրոցական աշակերտներեն էր։ Անպիտան մեկը ըլլալով, հաճախ ծեծեր եմ կերևի, ու այսօր իր ոխը հանելու համար ինձի շարունակ իր մոտ հանդիմանության կկանչե։ Թշվառական տղա։ Բայց եթե ես կոմունիստ ըլլայի, այդ կուսակցության իրավաբանությամբ դեռ իրավունք կունենայի ծեծել զայն։ Ֆունտիկովն, օրինակ, իր 10 տարի առաջ գործած հանցանքին համար բռնվեցավ ու գնդակահարվեցավ։ Ինչո՞ւ ես չպիտի կարողանայի ևս քանի մը ապտակ հասցունել իմ 10 տարվա աշակերտի երեսին․․․ ❊ Ամեն օր սպանդանոցեն քաղաք կբերվե մեկ մորթված կով՝ 112 գլուխով և 500 պոչով սակայն։ Սա ի՞նչ հրաշք է։ Մինչդեռ առաջներ, երբ տեսնեին հորթ մը, որ երկու գլխով կծնվե՝ լրագիրները կանցունեին ու շաբաթ մը ամբողջ կզարմանային։ Կիրակի 11. ― Ասկե տարի մը առաջ Հողժողկոմ Երզնկյանը, դառնալով Կարմիր ինժեներներուն, կըսեր․ ― Դուք տակավին գոմ մը շինեցեք, ապա Հողժողկոմատի շենքը քննադատեցեք։ Անցյալներ Կառուցողներու ակումբի մոտ տեսա զինքը։ Ափսոս, մոռցա ետևնեն հասնել, ցույց տալ ակումբը և ըսել․․․ ― Ընկե՛ր Երզնկյան գո՞մ կուզեք, պատրաստ է արդեն, համեցեք․․․ ❊ Ես չեմ աղոթեր։ Մորս սորվեցուցի, որ իր աղթքին՝ «վոճելք հարյան ի վերա իմ, Տե՜ր, կտոր մը օճառ» ըսե, նայինք՝ ինչ կելլե․․․ Երկուշաբթի 12. ― Պաշտոնակիցս հոգեհարցուկ է։ Զանազան մարդոց հոգիներ կկանչե ու կխոսե հետերնին։ ― Կեցիր, անգամ մըն ալ Լենինի հոգին կանչեմ երկնքեն, նայինք՝ ի՞նչ կըսե, ― ըսավ ան։ ― Օ՜, մի՛ կանչեր, ի սեր Աստծո, մի՛ կանչեր։ Լենինի մարմինը անաղարտ կպահվե գերեզմանին մեջ․ հանկարծ հոգին մարմնի մեջ մտնե ու նորեն կենդանանա․․․ Ալ ուրկե՞ ճարենք Կապլան մը, որ նորեն զարնի։ Եթե «սուրբ» բառը կնշանակե մաքուր՝ Կարմիր գիծեն դուրս բոլոր ապրողները սուրբ են ուրեմն, վասնզի ամեն օր օճառով կլվացվեն։ Երեքշաբթի 13. ― Խորհրդային երկրի ամեն բնակիչ, առնվազն երկու տարին մեկ պետք է վերստուգե իր զգայարանները, և ինչ որ չի համապատասխաներ «նոր կենցաղին» դուրս նետե։ Հիմա, օրինակ, միանգամայն ավելորդ է աչք ունենալ, վասնզի ինչ որ պետքն է Ստալինն արդեն կտեսնե մեզ համար։ Այսքան ընդարձակ ու բարդ ստամոքսն իսպառ անգործածական է։ Պզտիկ փոր մը, որը 200 գրամ սև հացի տարողություն ունենա և ամսական հարյուր գրամ ալ բրինձ մարսե։ Լմնցավ գնաց։ ❊ Կաղամբավաճառին գացի, որը երկու ձեռքս ալ բեռնավորել կուզեր իր փտած կաղամբով։ ― Մեկ ձեռքը ինձի պետք է, ― ըսի՝ կաղամբներեն մեկը վար դնելով։ ― Ինչո՞ւ, ― հարցուց խանութպանը։ ― Պահանջելուն պես հարկ տալու համար։ Չէ նե մինչև բեռը վար դնես, մինչև գրպանեդ դրամը հանես, ահագին տուգանք կուգա վրադ․․․ Հինգշաբթի 14. ― Կսրբագրեմ պայմանագիր մը, որ կնքված է բատրակ֊հովիվներու և գյուղացոց միջև։ Հոն հովիվներու վրա պարտք կդրվե, ի միջի այլոց, լավ պահպանել իրենց հանձնված անասունները գայլերու հարձակումներեն։ Խե՜ղճ գայլեր․․․ Ողջ տարին հարձակվելով 20 ոչխար չեն կրցած խժռել, մինչդեռ մեր կառավարությունը 15 օրվա ընթացքին երկրի ողջ անասունները ոչնչացուց։ Պայմանագրին մեջ հավելյալ կետի մը պետք չե՞ն տեսներ․․․ ❊ Բայց Լենինը իմաստուն մարդ է եղած, ու իր յուրաքանչյուր խոսքը ապագայի մասին մեկ֊մեկ կկատարվի։ Մի՞թե ան չէր ըսողը, թե մենք կամ սոցիալիզմ պիտի կառուցենք, կամ պիտի կործանվենք։ Դե, համեցեք, Լենինի թշնամիներ, հիմա կրնա՞ք այնպես մը ընել, որ այս երկուքեն ոչ մեկը չկատարվե․․․ Ուրբաթ 15. ― Ապստամբություն․․․ Արդեն ժողովուրդի համբերության բաժակը կլեցվե (եթե ծակ չէ) ։ Ուտելու ոչինչ կա հրապարակին վրա։ Հացը 300 գրամի իջեցուցին, ան ալ ի՞նչ հաց՝ բազալտ ու բազալտեն ավելի քար, որն ուտելեն ավելի շինարարությանը ծառայեցունելու է։ Փաստի առջև եմ, խուռն բազմության մեջ։ Ամբոխը կեռա ինքն իր մեջ։ Մեկը կուզե ըսել խանութին վարիչին երեսն ի վեր՝ «ասանկ սոցիալի՞զմ կըլլա, բայց մենակը կվախնա այսքանը ըսելու և օգնականներ կփնտրե։ Առաջ կուգան խումբ մը կտրիճներ, որք հանձն կառնեն արտասանել մեկական տառ այդ ահարկու նախադասութենեն։ «Մահն ընկերով հարսանիք է» ։ Ա․․․ կպոռա առաջին ապստամբը։ Ս․․․ կճչա երկրորդը։ Ա․․․ կխիզախի երրորդը։ Ն․․․ կհարձակե չորրորդ անձնուրացը։ Կ․․․ կարտասանե հինգերորդը, և այսպես 19 մարդ, իրենց մահն աչքն առած արտասանեցին այս ահարկու նախադասությունը և տուն գացին։ ․․․Նույն գիշերը 19 հոգու ձերբակալման լուր տարածվեցավ քաղաքին մեջ։ Եվս 19 զոհեր։ Եթե արտասանված նախադասությունը տասը տառանի ըլլար՝ ինը հոգի շահած կըլլայինք։ Բայց չեմ կարծեր բոլորը գնդակահարվեն։ Բաղաձայն տառեր արտասանողները ամենայն հավանականությամբ տասը տարվա թիապարտության դատապարտվեն։ Մեր օրենքը այնքան ալ խիստ չէ․․․ Շաբաթ 16. ― Նկատելի է, որ մեր գրողները իրենց երկերուն մեջ կենդանիներով ավելի կզբաղեն՝ քան մարդոցով։ Հավերի հոգին կվերլուծվե նրբին մանրամասնությունով մը։ Մեր ներկա ավանակներն ալ դաշնակցության շրջանի ավանակներուն չեն նմաներ՝ անգիտակից ու անբան։ Կենդանիներու այս առաջադիմությունը չեմ գիտեր՝ ինչի՞ն վերագրեմ։ Չըլլա՞ ատոնք ալ իրենց Լենինն ունին, որը տվեր է «մենք պիտի հասնենք մարդոց ու առաջ անցնենք» լոզունգը․․․ ❊ Օ՜ֆ, փորս կցավի կոր ու մեկ կողքի կքալեմ։ Երևի կերածս հացը, որմ կապարեն ավելի ծանր էր, մեկ կողքի է գացեր կուլ տալուս։ Կիրակի 17. ― Մեր պատվարժան գրողներեն Իսահակյանն ու Շիրվանզադեն, Փարիզեն խորհրդային իշխանության կողմեն Հայաստան են հրավիրված, ամսական 250 ռուբլով սոցիալիստ ըլլալու համար։ Պայմանն ընդունված է, և հիշյալ գրողները ըստ ռոճկացուցակի՝ փետրվարի 15֊են արդեն սոցիալիստ են և խզեր են իրենց բոլոր կապերը ազգային շրջանակներու հետ․․․ Ահա այսպես կըլլա այն բոլոր գրողներու վախճանը, որոնք իրենց քարոզած «անկաշառութենեն» ու «մաքրութենեն» պատառ մը չեն կտրեր անդին դրեր, իրենց ծերության օրերը զարդարելու և պատվով մեռնելու համար։ Անոնց գրվածքներու մեջ բեռնակիրն անգամ օժտված է քանի մը հոգեկան առավելություներով, իսկ իրենք այսօր պիտի մեռնին հոգով աղքատ։ Ճիշտ է՝ «կոշկակարին կոշիկը հին կըլլա», ըսեր է առածը, բայց ըսե՞ր է՝ «կոշկակարը բոբիկ կըլլա» ․․․ ❊ Այս ամիս մըն է կատվիս «փը՜շտ» չեմ ըսած, վասնզի տունը ո՛չ միս ունինք, ո՛չ յուղ․․․ Երկուշաբթի 18. ― Կառավարությունը ի նկատի առնելով փայտի ներկա կրիզիսը, կհրահանգե գերեզմանոցներու վարչությանը մեռնող ինվալիդներու փայտե ոտները հանել թաղելե առաջ։ ― Իսկ փայտե գլուխնե՞րը, ― կհարցնեմ ես․․․ ❊ Պաշտոնատուն մտնելուդ գոտիդ պրկե, ապա թե ոչ, հանկարծ փորդ դողաց՝ կորսված ես։ Երեկ գիշեր երկու բանվոր ձերբակալվեցան՝ «անոթի ենք» ըսելուն համար։ Իսկ դողռոցը խո՞մ անվրեպ անոթության նշան է․․․ Երեքշաբթի 19. ― Ի՜նչ մասխարա մարդ է սա խանութպանը։ Պանի՞ր ուրկե ճարեր։ ― Պապա, ի՞նչ բան է աս, ― կհարցնե տղաս՝ մատը դեպի խանութը մեկնելով։ ― Ասոր պատմական անունը, բալա՛ ջան, պանիր է, հին ատեններ ասիկա կգործածվեր ուտելու համար։ ― Ինչե՞ն կշինեն պանիրը։ ― Կաթեն։ ― Կա՞թ։ ― Այո՛, բալա՛, տեսակ մը ճերմակ հեղուկ է, գաջի գույնի։ ― Թե՞ ջուրի նման անգույն։ ― Ոչ։ Կաթը իր սկզբնական վիճակով ճերմակ կըլլա, հետո, մինչև շուկա հասնելը կկորցնի իր գույնը, ինչպես ամեն բան այս կարգերուն մեջ։ Երբ մեծնաս, պիտի հասկնաս, որ ասոր էվոլյուցիա կըսեն։ ― Ես մեծ եմ, թող հիմա էվոլյուցիա ըսեն, պապա՛, ― աղերսեց տղաս։ ― Շատ աղեկ, հիմա։ Վաղը պիտի տանեմ տղոցս միս ցույց տալու։ Անգամ մը, որ առարկայի մը հասկացողությունը վերացվեցավ ալ դժվար է գաղափար կազմել տալ և իզուր ստիպված պիտի ըլլաս «նախնական կուլտուրան» քրքրելու․․․ Չորեքշաբթի 20. ― Ըստ ծանոթ դերձակի մը հետազոտության՝ ներկա մարդոց զգեստները ամենեն շատ կմաշվեն փորին ու կռնակին մասերը, տեղեր, որք ցարի ատենները բնավ չէին մաշվեր։ Եվ ինչո՞ւ այդպես չըլլա, քանի որ ժողովուրդն օրնիբուն հերթերու մեջ՝ առջևեն ու ետևեն կքսվռտե ամեն տեսակ մարդոց։ Այս լավ է։ Եթե ամեն մը դարաշրջան ասանկ հատուկ տեղ մը ձեռք անցունելով, իսկույն պիտի ճշտեին տոտեմիզմի՞, անիմիզմի՞, թե՞ կոմունիզմի դարուն կպատկանե հնությունը։ ❊ Տարի մըն է կինս պատճառ մը կփնտրե ժպտալու՝ չի հաջողեր։ Նկարվելու համար է։ Հինգշաբթի 21. ― Ֆիլադելֆիո բժշկական համալսարանը գիտական փորձերու համար 860 ճագարի, 1300 դաշտային մկան ու 3000 ծովախոզի պետք ունի եղեր։ Ըստ համալսարանի տնտեսական վարիչի զեկուցման՝ ավելի աժան կնստե իրենց, եթե այդ կենդանիներու տեղ Խորհրդային Ռուսաստանեն մարդիկ բերվեն։ Ուստի վարիչը առաջարկեր է համալսարանի տեսչությանը համապատասխան միջոցներու դիմել՝ ճագարի, մկան ու ծովախոզի փոխարեն Ռուսաստանեն բերել տալու «կուլակ», «նեպման» և «օպորտունիստներ» ․․․ Հարցը քննության է դրված։ ❊ Բաղնիսին մեջ կին մը, իր ուռած փորը տեսնելով, կապշե ու կքարանա․․․ ― Ի՞նչ պատահեցավ, ― կհարցնե քովի լողացող կինը։ ― Այս փորը․․․ իմս չէ։ ― Ինչպես թե․․․ Այս տարի մըն է ե՞րբ միասին պառկեցանք, որ հղացա․․․ ― Ջանը՜մ, պառկած կըլլա՜ս, չե՜ս հիշեր, ― կձայնեն ամեն կողմե։ ― Ըսենք, սատանան տանի, ալ ո՞ւշք է մնացեր վրանիս, մորթեն շատ կիմանանք, մնաց պառկե՞լը․․․ Շաբաթ 23. ― Պապա՛, ― ըսավ պզտիկ տղաս, ― մատիտ տուր՝ նկարեմ։ Տվի գնաց։ Գնաց, կես ժամեն վերադառնալով թղթի կտոր մը ձեռին։ ― Ի՞նչ եմ նկարեր։ Նայեցա՝ կլոր, անճոռնի գիծ մը, երկու կողմեն թիականման կանթեր, մեջը ինչ֊որ սև պատրիջանի կտորտանք։ Մտածեցի՝ երևի պղինձ է ուզեցեր նկարել պզտիկս ու բան մը եփելու միտք է հղացեր։ ― Պղինձ է, ― ըսի, ― մեջն ալ պատրիջան։ Լա՜ց, կո՜ծ, աղաղա՜կ, աղմո՜ւկ էր, որ փրթավ․․․ ― Ի՞նչ կա, ի՞նչ պատահեցավ, ջանս, ― ըսի, ― ինչո՞ւ կուլաս։ ― Ինչո՞ւ պղինձ կըսես։ ― Յա, ի՞նչ ըսեմ։ ― Ե՛ս, ախր, մա՜րդ եմ նկարեր․․․ ― Մա՞րդ։ Շատ աղեկ, բալա՛, մարդ է նկարածդ, ես սխալվեցա։ Վեր կաց, արցունքը սրբե։ Իսկ ասկե վերջ, որ նման բան չպատահի, ինքդ առաջվնե ըսե՝ ինչ է նկարածդ։ Չէ նե ես մարգարե՞ եմ, որ միայն նկարին նայելով հասկնամ՝ ինչ է նկարածդ․․․ Սույն նմանությամբ, եթե բոլշևիկները իրենց շինած «սոցիալիզմը» անծանոթի մը ներկայացնեն։ ― Բարբարոսություն է, ― պիտի ըսե հիշայլ անծանոթը։ Միայն թե հետո բոլշևիկը չի փռվի գետին, չի լա, այլ կբռնե քեզ ու կսպանե․․․ Չէ, թյուրիմացության տեղիք չտալու համար, լավ է, որ ինչ ըլլալիքը նկարներու տակ գրվե․․․ Կիրակի 24. ― Եթե ներկա դարու պատմությունը վիճակվեր ինձի հազար տարի ետքը գրելու՝ «զտման» մասին այսպես պիտի պատմեի։ «Զտումը» հին բոլշևիկներու մոտ ծես մըն է, որտեղ պաշտոնյան բեմին վրա իր կենսագրությունը կպատմեր ու կկայներ․ անդին երկու մարդ անոր մասին «կարտահայտվեին» ՝ մեկը վատ, մյուսը լավ խոսելով։ Այնուհետև մեռյալը (կենդանին պիտի ըսեի) կա՛մ կարձակվեր պաշտոնեն, կա՛մ կմնար իր պաշտոնին։ (Տես եգիպտական կրոն) ։ ❊ Փողոցին մեջ մարդ մը, որուն հագուստեն ու շարժումեն օտարական ըլլալն անմիջապես կերևեր, վեր֊վար նայելով՝ հասցե մը կփնրեր։ Ինձի տեսնելով․ ― Ներեցեք, պարոն, ― ըսավ, ― չէի՞ք կրնար ցուցնել ինձի Կարապետ Սանրագործյանի տունը․․․ Սանրագործյա՞ն։ Ի՞նչ մարդ է այդ։ Հայտնի բժիշկ, խելոք, անկեղծ և վերին աստիճանի ազնիվ մեկը․․․ ― Չեմ ճանչնար, ճիշտ որ, բայց եթե իրոք որ ազնիվ ու անկեղծ մեկն է փնտրածնիդ, Չեկա հարցուցեք։ Նման մարդոց այտեղ միայն կարելի է գտնել։ Երկուշաբթի 25. ― «Լենին» անունը զանազան ձևի կրճատելով, տառերու տեղերը փոխելով, քանի մը տառ ալ «Ստալինեն» փոխ բերելով՝ 17 տեսակ անուն են գոյացուցած մայրերը ու դրած իրենց նորածիններու վրա (Նինել, Լենա, Նելա, Լեննի և այլն։) Բայց մեր արևմտյան հարևանը, որ գաղթական վանեցի մըն է, սոցիալիզմի ճամբան կարճելու համար, ուղղակի իր տղան Լենին կկանչե, այնպես, ինչպես ես իմ տղուս Քրիստոս անվանեմ։ Բայց հաշիվ կա, չէ՞։ Եթե նման բան ընդունված ըլլար, ո՞ր քրիստոնյան այսօր «Քրիստոս» կամ «Աստված» թողած իր տղան Պետրոս կամ Շմավոն պիտի կոչեր։ Ինչո՞ւ չեն կոչեր։ Չեն կոչեր, վասնզի սուրբի և սովորական մարդու տարբերությունը մեծ է։ Հիսուսի կյանքը պատմող չորս Ավետարաններու մեջ տասը տեղ հիշատակություն կարելի է գտնել, թե ինչպես Վարդապետը սեղան նստավ, հարսնիք գնաց, այս կերավ, այն խմեց։ Բայց պատահե՞ր եք տեղ մը, ուր պատմած ըլլա թե, զորօրինակ, Տերն մեր Հիսուս֊Քրիստոս Գալիլեաեն Կափառնա երթալու ժամանակը, ճամբին կարիքեն նեղվելով (մեղա՜ Աստծու) փեշը բարձրացուց և ջուր թափեց։ Մինչդեռ Զոլան, իր մահկանացու հերոսներուն ոչ միայն կմիզեցնե իր գրքերուն մեջ, այլև անանկ անառակ տեսարաններ կուտա, որ մենք իսկ կամչնանք։ Ոչ։ Սուրբերը կուտեն, բայց դուրս չեն երթար։ Կխմեն, բայց չեն միզեր։ Բայց դուն եկուր ու պատեն անդին տես, թե վանեցին ինչպե՜ս կմիզեցնե իր Լենինին, օրական քանի՜ հեղ «թաղեմ Լենինի գլուխը» կպոռա զայրացած։ Կամ ի՜նչ խստությամբ կսաստե «Լենինին» ՝ վարտիքը կոճկած պահել ու չհամարձակվել անգամ մըն ալ խաղալ իր պզտիկ վերջավորությանը հետ․․․ ❊ Սրիկաները քսակը հանեցին գրպանես։ Միամիտ, շուկայեն դարձիս, 400 քայլի վրա միլիցիա մը նկատեցի ու ձեռքս գրպանը տարա՝ տեսնեմ քսակը չկա։ Եթե կես ժամ առաջ միլիցիայի հանդիպեի՝ հավանաբար, վազեի գողիս ետևեն ու բռնեի զինքը․․․ Երեքշաբթի 26. ― Ատսմնսբույժ Մաշուրը «Առողջ կենցաղին» մեջ կգրե․ «Ատամները պետք է հեղափոխական, բոլշևիկյան ջախջախից ու հաղթական մեթոդներով բուժել» ․․․ «Հեղափոխությունը» բերանին մե՞ջ․․․ Նույն օրինակով, քթի, ականջի և կոկորդի բժիշկ Խարշատն ալ իրավունք չունե՞ հիշյալ տեղերը հեղափոխություն մտցնել։ Եթե այո՝ պե՞տք է զլանա՞լ արդյոք նույն իրավունքը վեներական բժշկի մը՝ հեղափոխությունը մտցնել նաև իր բժշկած տեղանքը․․․ Բայց հեղափոխությունը եթե բերանը մտնե, առաջին գործը պիտի ընե ատամները պոմպերով նետել, իսկ շինե՞լ։ Եվ վերջապես, արժե՞ խոսել այն երկրին մեջ ատամներու մասին, որոց տերը արդեն կսկսե վերանալ ուտելիքի չգոյության պատճառով։ Չարժե։ Հիմա լեզվին լավ խնամք պետք է տանել, աճեցունել, երկարացնել, որպեսզի հնարավոր ըլլա ասանկ անպատկառ լիզել․․․ ❊ ― Խորհրդային իշխանությունը ինչո՞ւ ամսական կուտա իր պաշտոնյաներուն, քանի որ նորեն զանազան անուններու տակ ետ կառնե, ― հարցուց ինձի մեկը։ ― Որպեսզի պաշտոնեի դրամի տեղն իմանա, ― պատասխանեցի ես։ Հինգշաբթի 27. ― Մեր մսագործ Մելքոնը, ասկե երկու տարի առաջ, ժամանակավոր իր տունն առավ իրեն համագյուղացի Գարեգինին։ Սա ժամանակավոր Գարեգինը մշտական դարձավ ու սիրեց Մելքոնին կնկան։ Ու կինը սկսեց խորհրդային ֆաբրիկաներու օրինակով երկու հերթի աշխատել։ Այսօր քաղխորհուրդը կքանդե պատը, և ապրողները ստիպված պիտի բաժնվեն իրարմե։ Ինչ իր անվիճելի էր, Գարեգինն ու Մելքոնը բաժնեցին իրարմե ու հանդիպակաց անկյունները դրին, մնաց մեջտեղ միայն կինը, որ կդժվարանային բաժնել ու շվարած կեցեր էին։ ― Ծո՛, փուչ ձգեք, թող երթա, մտածե՞լն ինչ է, ― պիտի խորհուրդ տայի իրենց, եթե մոտիկ ըլլայի․․․ ❊ Աշխարհի ամենահարուստ մարդն իսկ՝ գեղեցիկ կնկա մը քով մուրացիկ կդառնա։ Ուրբաթ 28. ― Պետհրատը իր հսկայածավալ ծանր մեքենաներն ու պահեստներն առած, թեթև տղու մը պես, ինկեր է պատասխանատու կոմունիստներու ետև, ինչ խոսեն՝ տպելով գիրք կշինե ու ասով հայ գրականություն ստեղծել կկարծե։ ― Տպե՛, Պետհրա՛տ, տպե՛։ Ասոր հաջորդող ռեժիմը 12 տարի կպչանի դրամ չի տա․․․ Գրականությունը ոչ մեկ դարաշրջանի մեջ այսքան բազմազան կարիքներու չի ծառայած՝ ինչպես հիմա․․․ Շաբաթ 29. ― Բոլոր հերթաշարերը խանութներու առջև երկուս կըլլան՝ արու և էգ։ Սկիզբները խառը կկենային, երբ սաստիկ ճնշման ատենները մարդ ու կինը անանկ մը զիրար կկպչեր, որ հետագային բաժնվելու դժվարություններ առաջ կուգար։ Այժմ անջատված է։ Աջ կողմը այրեր կկենան, ձախը՝ կանայք։ Մարդոց հերթը սովորաբար կարճ կըլլա կանանցեն, այդ պատճառով մանչ ունեցող մայրերը կօգտվեն իրենց ամենափոքր արու զավակեն՝ զանոնք հերթի բերելով։ Այս առթիվ, այս առտու փռի առջև կատարվեցավ գերազանցը։ Հղի կինն մը, որ շիփ֊շիտակ եկեր և կեցեր էր մարդոց շարքին, ի պատասխան խանութպանին նկատողությանը, անոր դարձավ ու՝ ― Չե՞ս տեսներ, ― ըսավ, իր փորը ցուցնելով։ ― Ես անխախտ մեկ աղջիկ երեք տղա կբերեմ։ Վերջին բերածս աղջիկ էր, ուրեմն հաջորդները մանչ են։ Անանկ որ, խնդրեմ ավելորդ չխոսիս․․․ ❊ Արդյոք պիտի գա՞ օր մը, երբ սա մեր բոլշևիկները հասկնան, որ ֆիզիկապես հակառակորդ մեռցնելը հաղթանակ չի բերեր իրենց, այլ միայն պարտություն։ Եթե դուն մեռցնես թշնամիիդ դավանած գաղափարը, եթե դուն զայն սպանես բարոյապես, ֆիզիկականը ինքնիրեն կիյնա գետին ու կմեռնի։ Գաղափար։ Ահա օձի գլուխ, որ պիտի ջախջախես․ չէ նե պոչը կտրատելով քեզի չես փրկեր գալիք պարտութենեն։ Տվեք ինձի փայտե հրացան և թուղթե փամփուշտ մը, ես կոմունիզմի գաղափարը սպանեմ․․․ Կիրակի 30. ― Աստված եթե վերեն նայե և տեսնե կոլխոզի անասուններու ծոմապահությունն ու ապաշխարանքը, անկարելի է, որ արքայության մեկ անկյունը գոմ մը չշինե։ Իմ կարծիքով, անասուն չէ՝ ով ալ ըլլա այս աշխարհիս մեջ այսքան տանջվողը, հանդերձյալին մեջ պիտի հատուցում գտնե։ Իսկ եթե թերթերու նայինք, կոլխոզին անասունները պարարտութենեն կպատռին․․․ ❊ Ըսեր եմ ու նորեն պիտի ըսեմ մեր վարժապետներուն։ Ամենամեծ, բացարձակ հեռավորության մասին եթե գաղափար տալ կուզես աշակերտիդ, իզուր տեղը ո՛չ Երկրի ու Արևի հեռավորության մասին խոսե, ո՛չ Նեպտունին ու Լուսնթագին հոգնություն տուր։ Այս ըսե․ ― Սիրելի աշակերտներ, տիեզերաց ամենամեծ հեռավորությունը բոլշևիկներու գործի ու խոսքի մեջ մեջ ինկած տարածությունն է․․․ Երկուշաբթի 31. ― Խանութները հետզհետե կդարարկվեն՝ բանտերը կլցվեն։ Այս քանի մարդն ալ, որ ազատ կպտտեն ոչ անոր համար է, որ հանցանք չունին, այլ որ պետությունը ատաղձ չունի բանտեր շինելու։ Ո՜վ սուրբ չգոյություն։ Եթե արևն ալ ճառագայթները «նորմայով» բաց թողնելու ըլլար, օրական երկու ժամ հազիվ ծագեր։ Ի՞նչ պետք կա 12 ժամվան, երբ բնակչությունը երկու ժամ դուրսն է։ Երկուշաբթի 1. ― Ֆուրգոն մը պետական եղեգ բարձած կերթար։ Թաղի ողջ մանուկները երամ կապած սկսեցին վազել ու մեկ֊մեկ քաշել եղեգները։ Վրայի նստող պահապանը, փոխանակ բարկանալու ու գոռալու վրանին, այնքա՜ն քաղցր ժպիտով մը «բավական է, բալիկներ» կըսեր, որ յուրաքանչյուր անցորդին հավես կուգար հատ մը քաշել․․․ Խորհրդային ողջ պաշտոնեությունը սայլի վրա նստող պահապանին կնմանե, որք «իրմե անկախ» կուզեն օր մը շուտ քաշվեն այս պետության բոլոր եղեգները․․․ ❊ Հայտնի բանասեր Ե․ Լալայանը իր «Պտղաբերքի սովորություններ» գրքին մեջ կըսե․ «Հին ատենները ամուլ կանայք Տյառն ընդառաջին կթռչեին խարույկի վրայեն, ետքե այրելով իրենց վարտիքներեն մաս մը» ։ Ներկա ժամանակ այդ բանն անհնարին է թեկուզ այն պատճառով, որ հիմա կանանց հագին վարտի՜ք չկա․․․ որ վառեն։ Բանկոոպի վարչությունը գեթ այս տեսակ թշվառներուն մեկական վարտիք տար դեղու համար․․․ Չորեքշաբթի 2. ― Մեզմե հարյուր տարի անց, պատմաբանները արդեն գործ պիտի ունեան երեք «գերություններու» հետ՝ եգիպտական, բաբելական և բոլշևիկյան։ Չեմ միջամտեր իրենց, ինչպես կուզեն թող ուսումնասիրեն և ինչ եզրակացության կամենան, թող գան։ Սակայն, այդ պատմաբաններու ուշադրությանը կուզեմ հանձնել սա կետը, որ Եգիպտական գերութենեն ազատված Իսրայելը անապատին մեջ սկսեց տրտնջալ Մովսեսեն՝ Եգիպտոսի միսով լիքը կաթսաները հիշելով, իսկ մենք՝ բոլշևիկյան գերիներս, չենք գիտեր, թե ինչ բան է միս և ինչե կշինվե․․․ ❊ Կինս այսօր ժպտաց։ Բանկոոպեն կոշիկ մըն էր առեր։ Եվ ցանկացավ օգտագործել այդ եզակի առիթը, հագավ կոշիկները ու նկարչին վազեց։ Վազեց՝ բայց ի՜նչ, կես ժամեն տեսա, լալով տուն կուգա։ Կոշիկը մինչև նկարչին մոտ երթալը․․․ ծակվեր էր։ Ալ բարկությունս պահել չկրցա։ ― Ծո՛, կնի՛կ, ― կըսեմ, ― զարմանալի չե՞ս։ Նախ՝ ի՞նչ պետք կար այդքան հեռու նկարչատուն ընտրել, և վերջապես, կոշիկը խոմ անպատճառ հագնելու համար չէ՞ կարեր «Երկոշը» ։ Խերը տեսանք, որ յուրաքանչյուր զինվածը սկսե աջ ու ձախ իր զենքը գործածել։ Ո՛չ, զենքը գործածելե ավելի հույս մըն է, որ պետք է պատին կախվե կամ մեջքին կապվե։ Հինգշաբթի 3. ― Ճիշտ է, որ կըսեն, մարդս իր մեջ մաքուր որ եղավ, խիղճը հանգիստ, դուրսեն ինչ կուզե պատահի, արժեք չունի։ Մազերս, օրինակ, օրը֊օրին կճերմկեն, բայց բոլորովին չեմ մտահոգվեր ու չեմ տխրեր, վասնզի ես իմ մեջ համոզված եմ, որ չեմ ապրեր։ Ու ինձի անանկ կթվի, որ ազատության պարագային իմ սև մազերը նորեն կվերադարձվեն ինձի․․․ ❊ Կոոպերատիվ մը մտա, որու գործակատարը ծանոթ էր ինձի։ ― Կարապե՛տ, ― կըսեմ, ― ատ կոստյումը ծախե ինձի, ի՞նչ կըլլա։ ― Այդ մեկ կոստյումն է, սիրելի՛ս, ― պատասխանեց գործակատարը խղճալի։ ― Կախեր ենք պատեն, ու ատոր շնորհիվ վեց ընտանիք սա խանութին մեջ ամսական կառնինք կապրինք։ Ծախեցի՝ «գործ չունինք» ըսելով՝ մեզի դուրս պիտի հանեն։ Ո՛չ, սիրելի՛ս, չենք կրնար ծախել ու դեռ մեր վրայի զգեստները կկախենք հաճախ մինչև իրիկուն տուն երթալը, որ խանութին մեջ բան երևա։ Ավելորդ վերարկու չունի՞ս, բեր կախե հոս, ո՛չ ցեց, ո՛չ գող։ Դեռ եթե կուզես բան մըն ալ վարձ տանք, ― ըսավ։ Դուրս կելլեմ խանութեն հետևյալը մտմտալով։ Ի՜նչ հակասություն այսքան պզտիկ տարածության վրա։ Խանութեն թիզ մը անդին Պետական թատրոնն է, ուր փալթոները քանի մը ժամ պահելու համար 15 կոպեկ կվերցունեն, իսկ հոս՝ խանութին մեջ, տարիներով անփող կպահեն ու բան մըն ալ իրենք կուտան․․․ 1932 թվական Երեքշաբթի 12. ― Իմ անձնագիրը չվավերացուցին և այսօր միայն զգացի, որ ես գերի՜ եմ եղեր այս երկրին մեջ։ Կառավարությունը ինձի հետ կվարվե այնպես, ինչպես իր «Խորտնտեսության» եզներու ու կովերու հետ։ Անիկա ինձի ամուսնացուցեր է, որ իմ երեխաներու վրա սոցիալիզմ փորձե։ Ուրեմն ավելի ստոր, քան կովերն ու եզները, վասնզի գիտական փորձարաններու մեջ կգործածվեն կովեն ավելի ստոր ու անարժեք կենդանիներ իրենց փորձերու համար՝ մկներ, ծովախոզեր, ճագարներ և այլն։ Իմ երեք սիրասուն երեխաները կխլե ինձմե «կոնտրակտացիայի», «կայուն առաջադրանքի» և այլ ցնդաբանությանց հիման վրա։ Կսե՝ տարեկան դուն ինձի պիտի տաս այսքան ձագ․․․ Օ՜ ազատություն, թույլ տուր վռնդել քեզի իմ բոլոր զգայարաններով։ Պետք է մարդ մեզի չափ անազատ ըլլա՝ ազատության հարգն իմանալու համար։ Ո՜վ Սուրբ ազատություն, թող անգամ մըն ալ ծնրադրեմ, բանտի ծանր երկաթապատ դռան ետև հավիտյանս անհետանալե առաջ․․․ Ճիզվիտները, որ միջին դարերու մեջ կտանջեին մարդկանց հանուն գաղափարի՝ ծեր, հասակառու մարդիկ էին և արժեր անոնց ձեռքի տակ տանջվել։ Բայց սա կոմունիստներու իննսուն տոկոսը 18 տարեկան երեխաներ են։ Տարիներ շարունակ չարչարեն մեզի, օր մըն ալ ելլեն խնդան թե՝ կատակ ըրինք, ի՞նչ կըլլա մեր դրությունը․․․ Չորեքշաբթի 13. ― Թշնամանքի հողի վրա հարևանը զարկավ պիթլիսցի Սարգիսին եղբորն սպանեց։ Դատարանը չի բանտարկեր չարագործին, և դատավորը մասնավոր խոսակցության մը ժամանակ հասկացեր է, որ կառավարությունը միտք չունի Սարգիսին խաթեր մարդասպանին տանել տասը տարի ձրի հաց կերցնել։ Անանակ որ, եթե Սարգիսն անպատճառ կուզե իր եղբոր սպանողը պատժվե, հանձն պիտի առնե քաշելու ոճրագործին տասը տարվա ապրուստին ծախսը․․․ Այո՛, ոճրագործին և հանգուցյալի ընտանիքին ծախսը մեր օրենքով կծանրանա դժբախտության տիրոջ վրա։ Ասով կհասկցվե միայն, որ դատարան ու բանտ կոչված է պահպանելու կառավարական անձնակազմը միայն ու իր գույքը։ Այո՛, ինչու որ «սովխոզի» ճագար փչացնող մը մահվան պատիժ կկրե, իսկ Սարգիսին եղբոր սպանողը տասը տարով կապահովվե․․․ ⁕ Մեր դիմացի սենյակը ընտանիք մըն է եկեր, որն օրն ի բուն կերգե, կխնդա։ Այդ կինը խենթ չէ։ Կմնա ենթադրել, որ կա՛մ պահեստապետի, կա՛մ կոոպերատիվի վարիչի կին է․․․ Հինգշաբթի 14. ― Գնացքին մեջ նստեր կերթա Ստալինը։ Նույն վագոնի մեջ կերթա ճամբորդ մը, որ առանց նկատի առնելու, թե ո՞վ է նստած իր կողքը՝ պապիրոս մը կհանե և կսկսե ծխել։ Ստալինը, ցույց տալով արգելանքը, կըսե, որ հոս ծխելն արգելված է։ Ճամբորդը, առանց ուշք դարձնելու նկատողությանը՝ կհանե երկրորդ գլանակը ու կսկսե ծխել։ Ստալինը իբրև կարգի հրավիրելու ազդու միջոց, կհանե իր այցետոմսը՝ «Ստալին», և ցույց կուտա հանդուգն ծխողին։ Ծխողը լուռ ու մունջ կվերցնե տոմսն ու կդնե իր գրպանը։ Ասոր վրա Ստալինն, ինքն իրմե ելած, կկանչե կոնդուկտորը և կհրամայե դուրս վռնդել ստահակը։ Երբ կոնդուկտորը «դուրս գնա» կըսե ճամբորդին, վերջինս գրպանեն կհանե «Ստալինը» և ցույց կուտա։ Կոնդուկտորը այլայլված և վախցած «Ստալինի» վրա պոռացած ըլլալուն համար, կերթա Ստալինի ականջին կփսփսա․ ― Ձայնդ կտրե, սիրելի՛ս, և զգույշ կաց այդ շուներեն։ Անոնք երկրի տերերն են և ինչ ուզեն կընեն․․․ ⁕ Ինչպես որ շփոթված ուսուցիչ մը դասարանին մեջ բոլոր ազդեցությանց միջոցները սպառած գավազանը ձեռքը կառնե՝ անանկ ալ մեր պետությունը սկսեր է իր հանդեպ ցույց տված ամենապզտիկ հանցանքն անգամ մահով պատժել։ Կգնդակահարե տաս կիլո պետական ձեթ գողացողին, կգլխատե վեց կանգուն կերպաս թռցնողներին։ Այս միջոցն ալ որ չազդե, հետաքրքիր է կհրաժարվե՞ կառավարությունը, ինչպես այդ կպատահե վարժապետներու մոտ։ Ուրբաթ 15. ― 24 թթվեն մինչև 28 թիվը պետությունը ուժ ուներ՝ ահագին տուներ կառուցեց Երևանին մեջ։ 28֊ին ուժը պակսեց՝ հազիվ կքանդեր միայն։ Հիմա քանդելու ուժ իսկ չի մնացեր վրան, հիմա ուժ չունի անգամ ոտքի ճանապարհ երթալու՝ հիմա կկեղտոտե վրան։ Որ պաշտոնատուն կուզես մտիր՝ արտաքնոցները լեցված են։ Անասելի հոտը վարակեր է դուրսեն այնքան քանդակազարդ Հողժողկոմատի շենքը, և առանց թաշկինակը քթին սեղմելու անհնար է ներս մտնել։ Կառավարությունը պաշտոնեից այս գեր արտաթողության դիմացն առնելու համար սա երեք ամիս է կարգադրեր է ռոճիկ չտալ՝ բան մը, որ առիթ է տվեր ամերիկյան տնտեսագետի մը գրելու, թե Խորհրդային կառավարությունը տնտեսական ճգնաժամ կապրե։ Մինչդեռ դրամի չգոյության շարժառիթը ֆինանսականե ավելի սանիտարական է իրականին մեջ։ Ու ի տես այս երևույթի չեմ կրնար չբացականչել․ ― Ո՜վ Աստված, իր կեղտոտությունը ափ մը հողով ծածկող կատվի մը առաքինություն տուր սա մեր «Ամերիկային հասնող և անցնող» կառավարությանը․․․ ⁕ Լենինականի Ալեքսանդրյան փողոցին մեջ նկարիչ մը կոլխոզի եզ մըն էր նկարեր ու դրեր էր ցուցափեղկին մեջ։ Փողոց մը, ուր բացառապես մարդիկ կերթևեկեն։ Հարգելի նկարիչը եթե կուզեր կոլտնտեսական ագիտացիա տանել եզներու մեջ, իր նկարը կախելու էր այն փողոցին վրա, ուրկե կերթևեկեր Լենինականի նախիրը․․․ Շաբաթ 16. ― Երեկ իրիկվան հովուն գերեզմանոց գացի՝ հավիտենական խոհերով ապրելու։ Նոր մեռյալ չկար, բայց բոլոր հին գերեզմանները օրհնվել կտրվեր մեռելին հարազատներին կողմեն։ Երկու ծեր քահանաներ, որոց զգացմունքները շարունակ կրկնելեն բթացեր ու ողորկացեր էին վարպետի ձեռքի հնամենի չաքուճի կոթի նման, ողորմեա կըսեին՝ մեռյալ գլուխը երկու ռուբլի առնելով։ Այդ քահանաները մաշված գրամոֆոնի ձայնով, մեկ աչքն ավետարանին, մեկալը մեռելատիրոջ գրպանին, մտքով միանգամայն հեռու գերեզմանատունեն, անմիջապես հիշեցուցին ինձի պրոլետ գրողները, որք այս տերտերներուն ոչ ավելի զգայնությամբ, «Խորհրդային Հայաստանեն» հոնորար ստանալով, ոտանավորներ կգրեն՝ մեկ աչքը թերթին, մյուսը կասսայի պատուհանին բռնած։ Բայց ըստ իս, թե՛ հավատացյալները, և թե՛ «Խորհրդային Հայաստանի» խմբագրությունը ծախսը կիսով չափ կպակսեցունեն, եթե քահանայի կամ բանաստեղծի փոխարեն փորձեն պահել զույգ մը աղվոր․․․ թութակ։ ⁕ Կառապանները հիսուն կոպեկ պակասով կտանեն մեր համալսարանի պրոֆեսորները՝ մյուս քաղաքացոց համեմատությամբ։ Կըսեն՝ «անոնք թեթև են» ․․․ Կիրակի 17. ― Կոոպերատիվի վարչությունը շրջաբերականով մը կհրահանգե մրգի բաց խանութները փակել և պաշտոնեից ազատ արձակել մրգի չգոյության պատճառով։ Հրահանգն իրագործված է։ Միայն մեր թաղային խանութի գործակատարները սա երկու ամիս է, որ տակավին կշարունակեն բաց պահել խանութը և ամսական առնել, ինչու որ խանութին ցուցափեղկին մեջ դեռ կմնան քանի մը փայտե խնձորներ, որոց պաշտոնն էր լոկ ազդարարել անցորդներին, որ սա պտուղի խանութ է, այնպես, ինչպես մանեկենները դերձակի խանութին հայտարարն են։ Այսպես ահա մեր թաղի կոոպերատիվին զույգ ծառայողները հավիտենապես ապահովելու են ընդդեմ անգործության, վասնզի բնավ չեմ կարծեր, որ հաճախորդները այնքան նեղվեն օր մը, որ փայտե խնձոր ուտելու զիջանեն․․․ Շուկաներեն բեռնակիրների դասը վերացված է իսպառ։ Այժմ մասնավորին տեղ «կոլխոզ բազար» է, ուր այցելող հաճախորդները այնքան թեթև կդառնան, որ չթռչելու համար դեռ կարիք կզգան քար կախել իրենցմե․․․ Երկուշաբթի 18. ― Այս կառավարության միակ առավելությունը ջրանցքներ շինելն էր, որը վերջերս հանկարծ դադրեցուց։ Բանեն երևաց, որ իր այդ գործունեությամբ դաշնակցության վաղեմի ծրագիրն է, որ կիրականացնե։ Հոսկե կծաե հետևյալ հարցը․ ― Արդյոք եթե դաշնակցությունը իր համաձայնությանը հայտնե Չեկայի բռնած այս խիստ քաղաքականությունը, Չեկան ի հեճուկս դաշնակցության՝ ազա՞տ պիտի արձակե հազարավոր կալանավորներու և աքսորյալներու․․․ Կամ՝ եթե դաշնակցական մամուլը գրե, թե «մենք համաձայն ենք և ուրախ, որ բարձրաստիճան կոմունիստները «պատասխանատուներու» խանութեն մեղր ու կարագ ուտեն, իսկ ժողովուրդը սովեն մեռնի, կոմունիստները ճիշտ ատոր հակառակ՝ իրենք սովեն մեռնեն պիտի ու մեղրն ու կարագը ժողովրդյա՞ն տան․․․ ․․․Ես հավատացած եմ, որ կուտան, ինչու որ կոմունիստները դաշնակցության հետ ոչինչ ընդհանուր ունենալ չեն կարող։ ⁕ Մասնավոր խանութ չկա։ Պետական խանութեն քիլո մը խաղող առի ու մինչև տուն հասնելը այլևս ջրային մաս չէր մնացեր՝ կուտ ու կճեպ։ Ըսես ոչ թե մարդկային ձեռքով քաղված, այլ կատվի ճանկերով բզկտած ըլլային ճութերը։ Թթու։ Ինչո՞ւ։ Վասնզի անիծելով՝ այգետերը իր այգին տվեր է պետությանը, բանվորը անիծելով կքաղե այսօր խաղողը, սայլապանը անիծելով կբերե խանութ, գործակատարը անիծելով կշեռքի մեջ կլեցնե ու հաճախորդն ալ անիծելով տուն կտանե։ Ահա քեզի խորհրդային առուտուր։ Երեքշաբթի 19. ― Սա երեք օր է հարևան թուրքի տունեն եկող անվերջ չաքուճի թակ֊թակը չի թողեր որ քնանամ։ Կերթամ նայելու, թե ի՞նչ ձայն է։ Թիթեղագործ է, խանութը փակեր, փախեր է, տանը տղու խաղալիք շինելով՝ իր օրական հացը կհայթաթե։ Ինձի տեսնելով իր պատուհանեն, սարսափեն գունատված, չաքուճը վար թողած և գոգնոցը թոթվելով՝ վեր ելավ պատասխան տալու իր անլուր «հանցանքին» համար, և հավանաբար ինքզինքը հավետ կորսված զգաց։ Ինձի առաջին անգամ տեսնելուն համար, պետական պաշտոնեի տեղ էր դրել, որն եկել է բռնելու իրեն, որպես գաղտնի տնայնագործի։ Երբ իմացավ բանի էությունը, բռնեց ներս քաշեց և կուզեր համբուրել ձեռքս․․․ որ ագենտ չէի։ Այնուհետև երբ տեսնե, ինձի թեյի, ճաշի, ընթրիքի կկանչե, բայց ես չեմ երթար, ցույց տալու համար, թե՝ տես որքա՜ն վեհանձն եմ ես, որ ագենտ չլինելով հանդերձ դեռ չեմ ուզեր իրմե նյութապես օգտվել․․․ Չէ՞ որ ես ալ երախտապարտ կզգամ այն միլիցիային, որն առանց «աղբի դրամ» ուզելու կանցնե քովես։ Երախտապարտ կզգամ բանտապետին, որ թույլ կուտա ազատ պտտիլ, մանավանդ Չեկայեն, որ չի գնդակահարեր ինձի։ Այսքան բարեգութ կառավարությո՞ւն կըլլա։ Չորեքշաբթի 20. ― Աշխարհագրության այն դասագրքերը, որ կգրեն «Ռուսաստանն ունի 150 հոգի» ՝ կսխալեն, պիտի ըսեն «150 միլիոն մարմին», վասնզի մեր ոչ մեկի մարմնի մեջ հոգի չկա։ Մեզմե շատ շատերը մեռած են արդեն ու եթե չեն թաղվեր, այդ միայն դագաղի ծախսեն վախնալուն համար է։ Ճշմարիտ է «Սովբեսը» յուրաքանչյուր մեռելին երեք մետր տապանացու կտոր կուտա, բայց կտավը Լենինականի տեքստիլ գործարանի պատրաստածն է։ Մեր գերեզմանոցը դժբախտաբար քիչ մը հեռու է քաղաքեն, և այդ գործարանի կտավը այսքան հեռավորությանը չի դիմանար․․․ ⁕ Տասներեք օրեն աշնան գիշերահավասարն է՝ տասներկու ժամ հոս եմ, տասներկու՝ արտասահման։ Ես մորս պատվիրեր եմ արդեն, որ գիշերն ինձի հարցնողներուն ըսե՝ գացեր է Փարիզ։ Հինգշաբթի 21. ― Երեք մարդ մեկ օրվա մեջ գնդակահարվեցան՝ պետական ապրանքներեն մանր֊մունր յուրացումներ կատարած ըլլալուն համար։ Բոլոր նշաններեն կերևի, որ փամփուշտը պիտի սղի, վասնզի ժողովուրդը իր ներկա սովալլուկ վիճակով չի կրնա չգողնալ, իսկ կառավարությունն ալ չի կրնար չսպանել։ Երկուքն ալ մեկը մյուսեն իրավացի են։ Միայն թե պետք է ավելի աժան մահացնելու ձևեր մշակել, վասնզի ամենին մեկ գնդակ՝ ատ ո՞ւր կհասնի։ ⁕ ․․․Ծո՛, նո՜ր իմացա, որ այսօր չեմ ճաշեր։ Սա փառավոր բան էր։ Եթե ամսվան մեջ գեթ քսան օր այսպես մոռնամ ճաշել՝ ռոճիկս ինձի լիուլի կբավե կոր։ Ուրբաթ 22. ― Այսօր հինգ տարեկան Նաթանիս հետ պտույտի ելա։ Անմե՜ղ երեխաներ․ ի՜նչ գաղափար ունին մահվան մասին։ Կկարծե, թե մեռնելու համար անպատճառ հանցանք կամ անհնազանդություն մը պիտի գործել։ ― Ես ամեն առտու կլվացվիմ ու ճաշին ալ ձեռքս զգեստիս չեմ քսեր, ինչո՞ւ պիտի մեռնիմ։ Ու երբ իմացավ, որ անկախ հանցանքեն մարդիկ կմեծնան, կծերանան ու կմեռնին․ ― Ես հաց չեմ ուտեր, որ չմեծնամ, ― կըսե։ Իսկ երբ հասկացավ, թե հաց չուտողը ավելի շուտ կմեռնի, այլևս բան մը չհարցուց և մտատանջության մեջ ինկավ։ Շաբաթ 23. «b/» ― «Գոյության կռիվ» ։ Ծո՛, ի՞նչ կռիվ՝ «գոյության պատերազմ» ըսե։ Ատ ալ չի բավեր՝ «գոյության ճակատամարտ», ու եթե կա՝ ատկե ավելի բան մը։ Նախորդ գիշերվանե ես ու կինս մեր արշավանքի ծրագիրը մշակեցինք ու առտուն գրոհի անցանք։ Տանը, պրիմուսի քով նստեցավ 87 ամյա մայրս, որ կերակուրը չխանձի։ Կինս լույսը բացվելուն դեռ երկու ժամ մնացած հացի հերթի գնաց, ես՝ խաղողի։ Կարգավորված էր, որ հացի ու խաղողի ֆրոնտներու միջև կապ պահպաներ մեր յոթնամյա տղան՝ տանը թողնելով միջնակին, որ փոքրը վեր կենալուն՝ վարտիք հագցնե անոր։ Առտուն֊ժամի ութին եկավ մեր լրատարը հացի ֆրոնտեն և հայտնեց, որ հացը դեռ չի եկեր, որ մայրը ութսուն մետր հեռու է կեցած խանութեն և դեռ տուրուդմփոցը չի սկսեր հաճախորդներու մեջ։ Ես հայտնեցի, որ թեև խանութն 180 մետր եմ հեռու, բայց հույս կա առնելու, և անպատճառ կառնեմ, եթե խաղող գալու ըլլա, և թող իմ մասին չմտածե․ ողջ ու առողջ եմ։ Գնաց լրատարը և երկու ժամեն վերադարձավ՝ հայտնելով, որ հացը եկեր է, բայց նորմայեն պակաս ըլլալուն պատճառով զիրար խեղդելու է ելեր բազմությունը․ հիմակու֊հիմա երկու ուշաթափ կա, վեց վիրավոր։ Կնոջս աջ ոտքը գազանաբար կոխված է, բայց կինս որոշեր է մինչև վերջին ոտքը պահել իր հերթը։ Հաց բերող ավտոն փոխադրեր է ընկածներուն։ Ես խնդրեցի հայտնել կնոջս հետևյալը՝ ողջ եմ, խաղողը պիտի գա։ Տղամարդկանց շարքին մեջ ութ տեղ լեզվակռիվ, կանանց մեջ երեք հոգի իսպառ, հինգ հոգի կիսով չափ զրկվեցան իրենց մազերեն՝ թեթև ընդհարման պահուն։ Երբ լրաբերս գնաց, հացի խանութի կողմեն երևաց երկրորդ ավտոն՝ վիրավորներով լեցուն։ Ինչքան նայեցա, կինս չտեսա մեջը և ուրախացա։ Կենդանի է, ըսել է։ Այս հանգամանքը նոր եռանդ բերեց հոգուս, ու ավելի աշխույժ սկսեցի կայնել։ Մեկուկես ժամեն լուր եկավ կնոջմես, թե տասներեք գլուխ հաց է մնացեր, 382՝ մարդ, աղոթիր ինձ համար։ Պատասխանեցի, որ վայրը աղոթքի համար աննպաստ է, բազմությունը անանկ հայհոյանքներ բաց կթողու բերնեն, որ հազիվ որևէ աստված զիջանի մոտ գալ՝ աղոթքս լսելու։ Երբ խաղողի արկղերը բացվեցան ու խանութին փեղկերը ետ գացին, բազմությունը մեկեն գրոհեց գետնի վրայեն, իսկ մեղուներու անթիվ բազմությունը՝ օդեն։ Խանութի առջևեն սկսեց հոսել կարմիր առվակ մը։ Խաղողը սև ըլլալու պատճառով դժվար էր որոշել խաղողի հյութ կամ արյուն ըլլալը։ Սև խաղողը միշտ կոոպերատիվին հանցանքը կծածկե, այդ պատճառով այս ամառ բացառապես սև կծախվե։ Երբ սկսվեցավ երկրորդ գրոհը, ես մտածեցի ոչ թե խաղողի, այլ միայն ինձի ողջ տուն հասցնելու մասին, և այն կարծիքը կազմեցի, որ ընտանիքավոր մարդոց չի վայելեր հերթի կենալ։ Առանց խաղողի երեխան կապրի, առանց հայր՝ ոչ։ Ու առաջին գործս եղավ ինքզինքս ազատել։ Իրիկունը բոլորս ալ տանն էինք։ Մեր ուրախությանը չափ չկա։ Ո՛չ խաղող ենք առեր, ո՛չ հաց, բայց երկուսս ալ ողջ ենք։ Ես իմ երեխաներուն ողջ հայր մը բերի խաղողի կրպակեն, կինս՝ մայր։ Ադկե ավելի՞ն կըըլա երեք փոքր երեխաներու համար․․․ ⁕ Եթե կուզեք պտուղներու արժեքն իմանալ՝ հերթերուն երկարությանը նայեցեք։ Խաղողի հերթը 800 մետր է, տանձինը՝ 300, խնձորինը՝ 100։ «b» Կիրակի 24. ― Վանին մեջ, ժամանակին, իմ տնտեսող հայրենակիցներն իրենց փանթալոնին այն մասերը, որք իրար կքսվեն, կաշի կկարեին։ Եթե հայոց տառերն ալ շատ գործածվելեն մաշվելու ըլլային, «ոչ» տառը կաշիով ամրացնելու էր։ Անխտիր ո՛ր պաշտոնատուն մտնես, «ոչ» կպատասխանեն քեզի, ինչ կոոպերատիվ մտնես՝ «չունինք» ։ Չ, չ ու դարձյալ չ։ ⁕ Խորհրդային Ռուսաստանը Լեհաստանի և Ֆինլանդիո հետ «իրար վրա չհարձակվելու» պայմանագիր կնքեց՝ հինգ տարով։ Ռոմանիա չի կնքեր։ Հարձակվե՞լ կուզե՝ ոչ։ Չհարձակվե՞լ կուզե՝ ոչ։ Ռոմանիա ո՛չ հարձակվել կուզե, ո՛չ չհարձակվել։ Նման դաշնագիր կնքելն ալ նոր մոդա է։ Այսօր պատշտոնատանս բոլոր աղջիկներու հետ զիրար չսիրելու պայմանագիր պիտի կնքեմ։ Երկուշաբթի 25. ― Բոլշևիկյան օրենսդրությունը ազատ իրավունք կուտա կնկան՝ թողնելու իր չսիրած ամուսնուն, օրվա որ ժամին կամենա։ Միանգամայն արդար, օրինավոր և պատվական օրենք, որուն համար ես խորհրդային օրենսդրության մեկ ձեռքը կհամբուրեմ։ Սակայն ես նույն օրենսդրության երկու ձեռքերը պիտի համբուրեի, եթե անիկա, վարվելով նույն ոգով, թույլ տար ժողովուրդին հեռանալու իր չսիրած կառավարութունեն․․․ Ինչո՞ւ։ Վասնզի, եթե ատելի մարդը գիշերը միայն կչարչարե իր կնկան, ատելի կառավարությունը՝ գիշեր֊ցերեկ միալար։ ⁕ ․․․ Լեհաստանն ու Ֆինլանդիան ալ իրենց հերթին, երբ ուժեղ զգան ինքզինքին, կրնան Ռուսաստանին ըսել, թե՝ ներողություն, եկուր վեց ամիս մը չափ իրար վրա հարձակվինք, հետո նոր շարունակենք «չհարձակվիլ» ։ Երեքշաբթի 26. ― Ես այն կարծիքի եմ, որ պետություններեն մարդավարություն սպասելի չէ։ Անցյալ օր, Իլյիչի շենք՝ բարեկամիս այցի էի գնացեր։ Մեյ մըն ալ լսեցինք խեղդաձայն կանչ մը, ու շենքին բոլոր կենողները մեկեն դուրս թափվեցին։ Երբ պարզվեցավ, թե մարդ մըն է, որ կխեդե կինը, անմիջապես ներս լեցվեցան ու կնկան խլելով կատաղած մարդուն ձեռքեն՝ ամեն կողմեն թքեցին, մրեցին մարդուն երեսը։ Մեկն ալ, կնկան ձեռքեն բռնած, իր տունը տարավ՝ սփոփելու խեղճին։ Իսկ մե՞նք։ Ռուսաստանին մեջ ապրող 150 միլիոն ժողովուրդնե՞րս։ Սա ուղիղ 15 տարի է սահմանները փակեր է մեր կառավարությունը, մեզի դրեր տակը ու կխեղդե, բայց ոչ մեկ պետություն օգնության չի վազեր, նայած մեր կանչին, ու կաթիլ մըն իսկ չի թքեր անոնց երեսի՜ն։ Ափսոս չե՞ն Իլյիչի շենքին բնակիչները․․․ ⁕ Խորհրդային մամուլը կողբա ամերիկյան բանվորին վիճակը, որուն օրավարձը յոթ դոլարեն չորսի է իջեր։ Չորս դոլարը ներկա կուրսով կընե 200 ռուբլի։ Ողբալ 200 ռուբլի օրավարձ ստացող բանվորին այն ժամանակ, երբ իր բանվորը կստանա միայն․․․ 2 ռուբլի, այդ միայն բոլշևիկը կրնա։ Այդ նույնն է, թե մրջույնն ըսե փղին․ ― Անդին քաշվե՝ սխալմամբ չկոխեմ քեզի․․․ Չորեքշաբթի 27. ― Այսօր ժամ մը ամբողջ պետք եղավ ինձի նստել Հայաստանի օգնության գրասենյակը։ Պարապ սենյակ մը, չորս պաշտոնյա մեջը նստած, ձեռքը ձեռքի վրա։ Այդ չորս պաշտոնեից համար երեք ճանճ միայն կար սենյակին մեջ, այդ պատճառով քշելուն, ձեռքներնին կամաց կշարժեին՝ իրենցմե շատ հեռու չթռցնելու համար ճանճերը։ Ըստ երևույթին, ճանճերը՝ այդ ապերախտ միջատները, շաքարի համար էր, որ մարդուն մոտ կուգային։ Վերացավ քաղցրությունը երկրեն, ճանճերը այլևս ընելիք չունին։ Բայց հետաքրքիր է գիտնալ՝ ինչո՞ւ անգործ էր Հայաստանի օգնության կոմիտեն։ Հայաստանն այլևս օգնության պե՞տք չունի, թե ինքը օգնելու կարողութունեն զուրկ է։ ⁕ Սա քսան օր է «Գյուղհրատի» սրբագրիչ եմ նշանակված, բայց գործ չկա։ Ամեն օր կհանդիպեմ անգամ մը հարցնեու «գործ կա՞» ։ Բայց ամենայն օր միևնույն հարցով ներս մտնելն անհարմար ու տաղտկալի նկատելով՝ օր մը «գործ կա՞» կըսեմ, երկրորդ օրը՝ «ի՞նչ նորություն», երրորդ օրը՝ «գործերն ինչպե՞ս կերթան կոր», չորրորդ օրը՝ «աշխատելու եմ եկեր», և այսպես քսան օր՝ քսան տեսակ բան։ Կըսեմ, մեկ կողմեն ալ կմտածեմ․ «Ես կդժվարանամ միևնույն բանը ամսվա մեջ քսան ձևով կրկնել․ հապա «Խորհրդային Հայաստանը» քա՞ր է, որ միևնույն բանը երեսուն ձևով կկրկնե մեկ ամսուն» ։ Հինգշաբթի 28. ― Քաղաքիս մեջ ոգելից խմիչք չի ճարվեր սա շաբաթ մըն է, կուսակցականները մնացեր են ծարավ։ Լև Տոլստոյը «Մարդիկ ինչո՞ւ կհարբեն» իր գրքին մեջ միայն ալկոհոլին կուտա հիմարացնելու, բթացնելու դեր։ Եթե հավատանք Տոլստոյի այդ հավաստիացմանը, կնշանակե խմիչքի չգոյութենեն կուսակցականները բնավ չեն վնասեր, բնականեն բավականաչափ ունենալով այն հատկությունները, որ ալկոհոլը պիտի տար․․․ ⁕ Զգո՛ւյշ կացեք, եթե ձեր առջև որևէ մեկը հաջող պարի, Հերովդեսի նման «ուզե, ինչ որ կուզես» ֊ը չըսես։ Հանկարծ կվերցնե քեզմե ողկույզ մը խաղող կուզե և կխայտառակե քեզի։ «bՈւրբաթ 29.b» ― Եթե կենդանաբանները իրենց դասագրքերը մեր պետական սպանդանոցներու տվյալներու հիման վրա կազմեն՝ կովերը բնավ չորս ոտք չեն ունենա, այլ չորս կով միասին՝ ինը ոտք, կամ հինգ կովուն՝ տասնյոթ ոտք։ Ըսել է յուրաքանչյուր կովին երեքական ոտք՝ երկուսն ալ կավելնա։ Եթե կոոպերատիվ ճաշարաններու վարիչը կրնա դատ բանալ սպանդանոցի վարիչին դեմ, և զայն զեղծարար հռչակել երկու ավելցած ոտքին համար, սպանդանոցի վարիչն ալ իր հերթին կրնա մեղադրել ճաշարանապետին, թե ողջ կովն իր երկու ոտներով կերեր՝ միայն երկու ոտն է ղրկեր սպանդանոց մորթելու։ Փառք Աստծո, կատարյալ անտերություն է։ Սպանդանոց ղրկվող անասուններուն կից, ո՛չ գոյացուցակ կղրկվե, ո՛չ «ֆակտուրա» ։ «Կղրկվե ձեզ մորթելու այսքան կով, այսքան ոչխար» ։ Առանց գրելու, թե այդ կովը գլուխ ունի՞ արդյոք, կամ պոչը քանի՞ սանթիմ է։ Այո՛, շատ իրավունք ունի սպանդանոցին վարիչը։ Ապրանքդ ցուցակով տուր՝ ցուցակով պահանջե։ «Բնական կով, բնական կով» ըսելը կբավե՞։ Հիմա ի՞նչն է մնացեր բնական։ Ինչո՞ւ մարդիկ ողջ բնական կյանքը տակնուվրաա են շրջեր, ինչո՞ւ պիտի կովերը բնական մնան։ Կենդանիները սոցիալիզմի պետք չունե՞ն ինչ է․․․ ⁕ Կարգադրված է քաղաքիս բոլոր աշակերտության ծնողաց, որ ամսվա մեջ որոշ օրեր պետական գործարաններ ձրի աշխատանքի երթան։ Չէ, իզուր տեղը թող չվազե։ Խորհրդային Ռուսաստանը երբեք Ամերիկային չի հասներ, որովհետև Ամերիկա օրական յոթ դոլար վճարելով իր բանվորին, ապրանքը երկու անգամ ավելի աժան կծախե ժողովրդյան, քան Ռուսաստանը, որը ձրի կաշխատացնե իր բանվորները։ Եթե անպատճառ Ռուսաստանն ու Ամերիկան կուզեն միասին քալել, Ամերիկան պետք է իր քայլերը դանդաղե կամ ուղղակի քանի մը տարի նստե, մինչև իր ինքնակոչ ընկերն իրեն հավասարվե։ Շաբաթ 30. ― Երեկ «Մարքս֊Լենինի» ինստիտուտին մեջ դասախոսություն կերթար այն մասին, որ Խաչատուր Աբովյանը սպանվե՞ր է սիրային հողի վրա, ինքնասպա՞ն է եղեր հուսահատութենեն, թե՞ փախեր է Տաճկաստան։ Մահվան բոլոր վերսիաներեն ինքնասպանությունը ընդունվեց։ Շատ աղեկ։ Սակայն ժողովեն վերջ, «ինստիտուտին» վարիչ Հայկ Գյուլիքովխյանը՝ կոմկուսակցության այդ շտամպը, իր եզրակացման խոսքին մեջ կարծիքների տարբերությունը դասակարգային շարժառիթներու տվավ։ Այդ հաշվով, ինչ երկու կարծիք ըլլա՝ մեկը պրոլետարական պիտի ըլլա անպատճառ, մյուսը՝ կապիտալիստական։ Եթե տուն մը գող է մտեր, և երկու ոստիկանները, հետազոտելով գողի ճամբան, մեկը կըսե՝ երդիկեն է մտեր, մյուսը՝ պատուհանեն, մեկը ծագումով պրոլետար է, մյուսը՝ բուրժուա։ Կամ եթե մեկը նայելով ամպերուն «անձրև կուգա» կըսե, մյուսը «չի գար» կըսե՝ կնշանակե դասակարգն է պատճառ, որ մեկը անձրև կբերե, մյուսը չի բերեր։ Այս առումով իմ երկու աչքերն ալ տարբեր դասակարգի կպատկանեն, վասնզի սա երեք օր է մեկը կցավե՝ մյուսը չի ցավեր․․․ ⁕ Անաստվածների միությունը ցույց տալու համար, թե հրաշք ըսածդ զուտ աճպարարություն է, և ադով ժողովրդի մեջի սնոտիապաշտությունը փարատելու համար, Ռուսաստանի զանազան քաղաքներեն ձեռնածուներ կհրավիրեն Երևան։ Կզարմանամ, թե նույն ընկերությունը ինչո՞ւ անտես կընե Երևանի սպանդանոցի վարիչին, որն օրվա մը մեջ 87 ոչխար մորթելեն վերջ այծի վերածեց՝ անհայտացնելով դմակնին։ Մարգարեն իր գավառին մեջ պատիվ չունի՞, ինչ է․․․ Չորեքշաբթի 7. ― Բարեկամս պետական շինարարության պատճառներով սա երեք ամիս դուրսն էր մնացեր անօթևան։ Սենյակ մը կար կողքս՝ տարեկան 200 ռուբլով։ Այնքան համոզեցի՝ եկուր վարձե, թանկ է՝ ըսավ ու այսօր ալ մեռավ։ Թաղումը ուղիղ 300 ռուբլի նստավ վրան։ Թեև ճշմարիտ է, գերեզմանը իր լուսավորությամբ ու այլ հարմարություններով 100 ռուբլի մը ավելի արժեր «սենյակեն», սակայն նեղ ժամանակ է, ի՞նչ արժե պերճանքի ետևե վազել։ Ինձի լսելու ըլլար նե, առայժմս, քանի նեղն էր, 200 ռուբլով կերպ մը կապրեր անտեղ, ետքեն, որ հարստացավ, կրնար մեռնիլ արդեն․․․ Հինգշաբթի 8. ― Ձիաբուծություն։ Ահա քեզի ամենախաղաղ գյուղատնտեսական նյութ մը, զուտ գիտական։ Առաջին առթիվ կթվի թե ինչքան ալ հրազենի հեղինակ ըլլա, ասանկ անմեղ նյութի մասին խոսելու ատեն, ձեռքը չպիտի տանի դեպի ատրճանակը։ Բայց բոլշևիկի համար առանց արյունի ոչ հեղափոխություն կըլլա, ոչ ձիաբուծություն։ Գրքույկին մեջ կխոսե, թե ինչպես պիտի բեղմնավորել զամբիկը, ինչպես պիտի կերակրել քուռակը, քանի՞ տարեկանեն աշխատանքի դնել և այլն, ու մեկեն, քանի մը քայլ կհեռանա, ատրճանակը կբռնե դիմացը ու կսպառնա։ ― Այս խորհուրդները չկատարողները դատախազության կողմե հետապնդվեն պիտի և արժանանան ամենախիստ պատիժի․․․ ⁕ Կենդաբաբաննե՛ր, ուսումնասիրեք ձիուն ինչպես որ պետքն է։ Կանհետանա շուտով կենդանական այդ տեսակը մեր երկրեն, և դուք հետագային մամոնտին նման, մեկական ոսկոր ձեռք բերելով ստիպված պիտի ըլլաք գաղափար կազմել ամբողջին մասին։ Ատրճանակով զարգացած ձիաբուծությունը ոչ մեկ քուռակ չի տա մեր դարավերջի Դոն Քիշոտներուն՝ ստիպելով նրանց ավանակ հեծնել իրենց առաքելության ժամանակ։ Ուրբաթ 9. ― Ասկե երեք տարի առաջ Երևանի քաղխորհուրդը բանվորներու, ծառայողներու և առհասարակ, բոլոր լեզու ունեցողներու բերնով սկսեց պոռալ, թե Պողոս֊Պետրոս եկեղեցին պիտի քանդել և տեղը բանվորական ճաշարան կառուցել։ Այս ճաշարանի կառուցումը եկեղեցու տեղին վրա այնքան հրատապ և անհետաձգելի համարվեց, որ ժամանակի թերթերը կարդացող մը պիտի կարծեր, որ «ճաշարանին» կերակուրը ադեն եփված է ու պետք է շտապ շինել, քանի չի պաղեր, այնքան շտապ էր, այնքան ճաշարանի տեղ չկար Երևանին մեջ․․․ Բայց սա երեք տարի է խորհուրդը զբաղված է եկեղեցու միայն քանդումով և ավարտելն ալ Աստծու գիտնալիքն է։ ․․․ Անիի մեջն ալ տեսած եմ բարբարոսները որքան աշխատած են քանի մը քար փլցնել Անիի Մայր եկեղեցիեն՝ չեն հաջողած։ Կեղտոտեր են տաճարի ներսը և հեռացեր։ Երևանի քաղխորհուրդն ալ, կթվի ինձի, թե ավելի լավ կըներ ինքզինքը զոռի չիտար, ուղղակի իր պաշտոնակիցներու նման կեղտոտեր ու հանգիստ իր գործին երթար։ Իսկ եփած կերակուրն ալ տաներ ծախելու իր այն ճաշարաններուն մեջ, որք իրենց բացման օրեն կերակուր չեն տեսեր ու անոթի կզկրտան։ Շաբաթ 10. ― Առտուն զամբյուղը ձեռքիս շուկա ելա։ Կոլխոզ խանութներ մը կային, որք շաբաթ մը առաջ արդեն աչքերնին կիսաբաց կնայեին, այժմս հավիտյան փակեցին։ Ժողովուրդն անոթի կատուներու նման կանցնե Կենտկոմի առջևեն, ուր կնստեն իր տերերը (երեք մանկունք) ու չեն համարձակվեր անգամ «միաո՜ւ» ըսել կամ ոտներուն քսվել, ի նշան անոթության։ Ըստ ավանդական սովորության՝ էշը համարված է ամենահամբերատարը կենդանիներեն, բայց լսե՞ր եք ինոր ահռելի կզռա իր անոթությանը ժամանակ։ Այո՛, ավանակը կզռա, ձին կխրխնջա, գառնուկը կմայե, այծը կմկկա։ Կենդանիներեն միայն մարդն է, որ գիտե անմռունչ մեռնիլ․․․ ⁕ Կատու մը ունեինք, որ հավասարաչափ մեզի ու մեր դիմացի դրացիին տուները կայցելեր։ Այն օրվնե, երբ դրացիս կուսակցության մեջ մտավ՝ կատուն այլևս մեր տուն ոտք չդրավ։ Բարեբախտաբար, կատվին հետ մեր մուկերն ալ հարևանիս տունը քաշվեցան։ Կիրակի 11. ― Ամեն օր թերթերու մեջ կարելի է կարդալ հետևյալ բովանդակությամբ հայտարարություններ․ «Կփոխեմ այսքան քառակուի մեթր սենյակս՝ իր հարմարություններով, մեկ ուրիշ համապատասխան սենյակի հետ» ։ Այս մարդիկ, սովորաբար, այն երկու սենյակ ունեցողներն են, որք բաժանվելով իրենց կանանցմե, մեկ սենյակի մեջ են ամփոփված և իրենց նախկին կողակիցներու երեսեն իսպառ ազատվելու համար կուզեն փոխանակել։ Խե՜ղճ մարդիկ։ Բայց այս դրությունը երկար չի տևեր։ Դեռ «սոցիալիզմի հիմնքն» է կառուցված, երբ շենքը կբարձրանա մինչև հինգերորդ հարկը, այսինքն՝ սոցիալիզմի շենքն կավարտե կամ, երբ որդիական, ամուսնական ու ծնողական կապերը, որք նախապաշարմունքի հետևանք են, կվերանան․ այլևս սենյակնին հանգիստ իրենց տեղերը թողնելով՝ ուղղակի կհայտարարեն․ ― Կփոխեմ կինս յուր երեք երեխաներով, համապատասխան կնոջ ու երեխաներու հետ, և հասցեն․․․ Ընտանիքը կմեքենայացվի և կունենա անգամ իր պահեստամասերը, մահվան դեպքերուն անմիջապես լրացվելու համար։ ⁕ Կարծելով, թե հին ժամանակները կապրինք, ճաշի ատեն շարունակ «հացով կերեք, հացով կերեք» կըսեմ երեխաներուս, ապա նոր գլխի կիյնամ, որ սով է՝ կըսեմ․ «կերակուրը անհաց կերեք, անհաց» ։ Երկուշաբթի 12. ― Ես իմ նախնական կրթությունը ստացեր եմ տեր֊թոդիկյան դպրոցին մեջ, ուր ոտքի կենալը ամենասովորական պատիժն էր, և ժամանակներուս մեծ մասը ոտքի կենալով կանցունեինք։ Մենք, այն ատենները, սովորություն էինք դարձուցեր քննադատել այդ մեթոդը և պախարակել պատիժը՝ ըսելով․ ― Մեզի կրթություն է պետք և ոչ պատիժ։ Ան ատեն ո՜վ կկարծեր, թե այսօր մենք խորհրդային ռեժիմին մեջ պիտի ապրինք, ուր բացառապես և միայն ոտքի կենալու ունակություն է պետք ապրելու համար։ Սա տասներկու տարվա ընթացքին, երբեք իմ գիտությունը ինձի պետք չի եկեր, սակայն կանգնելու կարողությունս՝ ամեն օր և օրական չորս անգամ։ Երեկ մեկ ու կես ժամ մսի հերթի եմ կեցեր, երկու ժամ հացի ու մեկ ժամ կաղամբի։ Ըսե՛ք, կաղաչեմ, ի՞նչ պիտի ըլլար իմ դրությունը, եթե ես այդ կարողությունը չժառանգեի փոքրուց։ Ուրեմն՝ ― Փա՜ռք քեզի, տե՛տ Թոդիկ, քո ռեժիմին համար։ Ուրեմն, ճիշտ է փիլիսոփային այն խոսքը, թե աշխարհիս մեջ ոչինչ նոր չի ստեղծվեր ու ոչ մեկ բան չի հիննար, չի ոչնչանար։ Ու ի՞նչ։ Այսօր միջնադարյան ինկվիզիցիան ու տեր֊թոդիկյան մեթոդները, կարմիր զգեստներով ծպտված, «բարի լույս» կըսեն ու ձեռք կմեկնեն քեզի ծանոթանալու, որպես թե առաջին անգամ աշխարհ կուգան․․․ Երեքշաբթի 13. ― Չէ՛, դարվինիզմը ճիշտ գիտություն չէ։ Սա տարի մըն է փորս բաց կպտտիմ (վասնզի տաբատս կարճ է), ու կնայեմ հոնտեղի մազերը ոչ խտացեր, ոչ երկարեր են։ Հետո՝ տասներկու տարի է մենք ոչինչ չենք ուտեր, իսկ մեր ատամնաշարը կշարունակե «ամենակերի» մնալ։ Հապա ե՞րբ պիտի սրբագրվե մեր օրգանիզմը, եթե դարվինիզմը ճիշտ է․․․ ⁕ Հայաստանին մեջ պղնձի պլանը «ճեղք» է տվեր, բամբակինը «ճեղք» է տվեր, խաղողինը «ճեղք» է տվեր։ Կենտկոմը այդ առիթով ժողով է գումարեր և այդ ճեղքերը գոցելու համար երեք «կտրուկ միջոց» է գրեր։ Չորս «կտրուկ միջոց» ալ պահեստի է հաներ՝ «ճեղք» երևալուն պես փակելու համար։ Հինգշաբթի 15. ― Ողջ երկրին մեջ լուցկի չի ճարվեր։ Դարավոր թշնամիներ փողոցին մեջ կկայնեցունեն զիրար պապիրոսնին վառելու։ Այդ լավ է, ու ես հակված եմ կարծել նաև, որ եթե դաշնակներն արտոնված ըլլային ապրիլ մեր երկրին մեջ, այսօր անոնք ալ, փողոցին մեջ բոլշևիկները կեցնելով, պիտի պապիրոսնին վառեին։ Կուսակցականությունը ճշմարիտ է, մոլություն է, բայց ծխելու մոլությունը վեր է բոլոր մոլություններեն։ Ժողովուրդը ո՛չ փայտ ունի անշեջ կրակարաններ պահելու, ո՛չ ուժ՝ փայտերն իրար քսելով կրակ ստանալու։ Պրոմեթեև՛ս, կսպասենք, որ երկրորդ անգամ երկնքեն կրակ բերես մեզի․․․ ⁕ Պետհրատը, մասսային ուշադրությունը կենտրոնացնելու համար Լենինի աշխատությունները սկսեր է փառակազմ հրատարակել։ Իզուր ծախս։ Պատառ մը «տժվժիկ» լավաշի մը մեջ փաթթված, ավելի մարդ կրնա հավաքել իր շուրջը, քան փառակազմ Լենինը։ Լենինիզմը սոված բանվորներուն պետք չէ։ Լենինիզմը կուշտ ու կուռ բուրժուաներուն է պետք․․․ կերածնին մարսելու համար։ Ուրբաթ 16. ― Հանցավոր մը ամիսներ ամբողջ կաշառելու մտոք շաքար կերցուց իր դատավորին, բայց դատի օրը նույն դատավորը շատ խիստ վճիռ արձակեց։ Մեղադրյալը, կամենալով հիշեցնել դատավորին իր կերցուցած շաքարի մասին, ըսավ հեռվեն․ ― Ընկե՛ր դատավոր, շատ դառն դատեցիր, ցանկալի է, որ քիչ մը շաքար խառնեիր վճռին․․․ ⁕ Առաջին «հնգամյակը» վերջացուցած՝ երկրորդը կմտնենք։ Թշվառությունը օրեցօր կծավալվե մեր չորս դին։ Այս առթիվ գյուղացի մը մոտեցավ ինձի ու հարցուց․ ― Ընկե՛ր, երկրորդ «հնգամյակեն» վերջ երրո՞րդն ալ պիտի ըլլա։ ― Ո՛չ, ― պատասխանեցի իրեն վստահ, ― խորհրդային օրենքով տասը տարիեն ավելի տաժանակիր աշխատանք չկա․․․ Շաբաթ 17. ― Կաշեգործարանի բանվոր մը գործարանի ճամբին անոթութենե կնվաղի։ Դիրեկտորը, սակայն, այս ակտը «պրովոկացիա» համարելով, անմիջապես կարձակե բանվորը, որպեսզի մյուս բանվորները մյուս անգամ չհամարձակվեն նվաղել։ Այս խստությունը տեսնող ո՞ր բանվորը այսուհետև կհամարձակվե սովեն մեռնիլ։ Եթե նվաղելու պատիժը արձակելն է, Աստված գիտե, թե մեռնողի պատիժը ինչը պիտի ըլլա․․․ կաշեգործարանի դիրեկտորին կողմեն։ Ներկայիս բոլշևիկյան սովը 20 թվի դաշնակցական սովեն կտարբերվե անով միայն, որ20 թվին անոթի մարդիկ ազատ համարձակ առանց վախնալու կպառկեին փողոցին մեջ ու օրը ցերեկով կմեռնեին, իսկ հիմա մարդիկ մեռնել անգամ չեն համարձակվեր․․․ Կիրակի 18. ― Երեք երեխաներս ծանր կարմրուկով պառկեցան։ Երկուսը, փառք Աստծո, առանց ծանր հետևանքի աղեկցան, իսկ երրորդը փորձանք բերեց գլխներուս։ Երևակայեք, երկու ոտքը մեկ փապուճին դրած, խնձոր կպահանջե։ Երևանին մեջ խնձոր ճարելը խոսքով չըլլար։ Շաբաթ մը հարց ու փորձով վերջապես հաջողեցա քիլոն տաս ռուբլով կես քիլո գնել ու բերել այդ արգելյալ պտուղը։ Երբ խնձորը կեղևելով պզտիկին կկերցունեինք, երկու մեծերը մեկ անգամեն հատակին թափված կեղևին վրա հարձակվելու պատճառով, գլուխնին անհնարին թափով իրար զարկին ու ցավեն ժամ մը լացին։ Ներկա ըլլալով այս տեսարանին՝ երեխաներուս մայրը՝ չնայած, որ գլուխը ոչ մեկի չէր զարկած, ամբողջ երկու ժամ լացավ․․․ Խնձո՜ր, խնձո՜ր։ Դուն որ Ադամեն սկսյալ միշտ դժբախտության ես բերեր մարդոց գլխուն։ ⁕ Բանկոոպները նոր կոշիկ տալու համար հիները կպահանջեն։ Հանկարծ չըլլա՞, նոր կնիկ առնողներեն պահանջեն հիները․․․ Երկուշաբթի 19. ― Այսօր փոքր տղաս նստեր, մրոտ ձեռներով կաղամբի կոթ կմաքրե դանակով։ Երբ մաքրած ծայրը կբռնե մյուս կեսը մաքրելու, առաջին կեսը կսևնա։ Երբ երկրորդ կեսը բռնած առաջին կեսը մաքրել կուզե՝ երկրորդ կեսը կմտրոտվե։ Այս եղանակով այնքան այս ու այն կողմը դարձուց, տաշեց, որ այլևս կաղամբի կոթեն բան չմնաց ուտելու։ Բոլշևիկներու այս «կուսակցական զտումը» հար և նման է տղուս կոթ մաքրելուն։ Այնքան աջեն կքաշեն, այնքան ձախեն կքերեն, որ օր մը զարմանքով տեսնեն պիտի, որ մարդ չի մնացեր կուսակցության մեջ։ Գլխու չպիտի՞ իյնան, արդյոք, որ մաքրող «ապարատի» ձեռքն է մրոտ․․ Երեքշաբթի 20. ― Լենինն ըսեր է․ «Էլեկտրիֆիկացիա պլյուս խորհրդային իշխանություն հավասար է սոցիալիզմ» ։ Իսկ ես կըսեմ․ «Քանի մը հասարակ նախադասություն առ բերանդ և տասնհինգ տարի անընդհատ կրկնե՝ այդ հավասար է բոլշևիկներու ստեղծած սոցիալիզմին» ։ Չորեքշաբթի 21. ― Կուսակցական խոսողներն իրենց բոլոր ճառերուն մեջ այն հույսը կհայտնեն, որ կամաց֊կամաց պիտի հասնեն ու անցնեն Ամերիկայեն։ Բայց վեց տարի առաջ մենք ավելի մոտ էինք Ամերիկային, քան հիմա։ Ան ատեն ես երկու ձեռք շապիկ ունեի, նույնքան ալ վարտիք՝ հանդեպ արդի բացարձակ տկլորության։ Այժմ Ամերիկան այնքան է հեռացեր, որ այլևս հասարակ աչքով չի երևար, ու Ռուսաստանն նախքան անոր ետևեն վազելը, պիտի ասոր֊անոր հարցնե, թե ո՞ւր փախավ և ո՞ր ճամբով փախավ այդ անպիտան Ամերիկան։ ⁕ Այսօրվա հացը ամբողջովին քար է։ Ես կրկինը կվճարեի, եթե պետությունը ծամեր, նոր տար այդ «հացը» ։ Հինգշաբթի 22. ― Համամիութենական Ժողկոմհորը տասնհինգ հազար ռուբլի մրցանակ է նշանակեր լավագույն պիեսի համար։ Երկրի մը մեջ, երբ գրելը մրցանակով կըլլա, այդ կնշանակե՝ տվյալ երկրին գրականությունը գյուղացիի ավանակին նման նստեր է կես ճանապարհին։ Ժողկոմխորհը, ճշմարիտ է, ըսեր է, որ նստած ավանակին դնչին դիմաց խոտ կբռնեն, բայց տեղյակ չէ, որ խոտ բռնելը միայն չի բավեր կենդանիին բարձրացնելու, որ պետք է պոչեն բռնել և ուժով վեր քաշել․․․ Հարգելի ժողկոմխորհը «Աբիսողոմ աղային» ժամանակները ապրելու էր, երբ մուսան ոսկիով կուգար։ ⁕ Փողոցին մեջ մեկը ինձի Ժողկոմխորհի նախագահ Սահակ Տեր֊Գաբրիելյանի տեղը հարցուց։ ― Երևան֊Մոսկվա ձգվող երկաթուղիի կայարանները հարցուր։ Անիկա սա չորս տարի է՝ ոտքը երկաթուղիեն վար չի դրեր․․․ Ուրբաթ 23. ― Սա երեք օր է երեք փոքրիկներս իրենց 90֊ամյա հիվանդ մեծ մոր մահիճը կպահպանեն՝ մեռնելուն պես բարձի տակեն անոր միակ նարինջը թռցնելու համար։ Բայց մեծ մայրը մեռնելու միտք չունի և հավանաբար վաղը ի վիճակի ըլլա նարինջն ուտեր՝ իր փոխարեն թաղելով խեղճ թոռնիկներու հույսերը․․․ ⁕ Ժիլետիս գրպանը շուռ տալու ժամանակ դուրս եկավ փետուրե ատամ մաքրիչը։ Հե՜յ ժամանակներ։ Ուրեմն, երբևէ մի՞ս ենք կերեր․․․ Շաբաթ 24. ― Հիվանդ եմ։ Սա քանի օր է ինչքան կվառեն վառարանը՝ չեմ քրտներ։ Բայց այսօր, երբ կնիկս հայտնեց, թե վառելիքը վերջացավ՝ քրտինքը տվավ վրաս․․․ Դեռ երկու ամիս ձմեռ ունինք ու ոչ մեկ կտոր փայտ։ Եվ ոչ միայն ես, այլև 99 տոկոս ողջ ժողովրդյան։ Բայց սովետական կառավարությունը, ինչպես միշտ, այս անգամ էլ կերևի իր ժողովրդին պիտի հանե այս անել վիճակեն։ Կլսվի, թե Համամիութենական Ժողկոմխորհը մտադիր է օրենք մը հրատարակել, որով ձմեռվա մուտքը խորհրդային հանրապետություններու մեջ խստիվ արգելվե պիտի․․․ Ինչ ըսել է, կառավարություն է, հելպեթ պիտի մտածե այդքան։ ⁕ Սաստիկ կհազամ։ Օ՜ֆ, կողքս․․․ Կիրակի 25. ― Այսօր քիչ մը լավ եմ, կարող էի չքրտնել, բայց նորեն քրտնեցի։ Այսօր ալ նավթն են դարձուցեր գրքույկով և ընտանիքիս չորս քիլո կուտան ամսական։ Առաջներ ես որքա՜ն ուրախ էի։ Կըսեի՝ լավ է ութ քիլո նավթ կստանամ, քանի կրցա՝ կապրիմ, որ նեղն ինկա, նավթ կածենք վրանիս կվառվենք։ Հիմա վեց անձ ընտանիք ես չորս քիլո նավթով ինտո՞ր վառեմ․․․ Այսօր շտապեմ վեր ելնեմ։ Քանի պառկեմ այնքան գեշ պիտի լսեմ։ Երկուշաբթի 26. ― Կառավարությունը ինչ մարդ կայնեցուց իր ցորենի ու գետնախնձորի պահեստներու վրա պահակ՝ կերան, կերան ու կերան։ Ստիպված հիմա իր պահեստներու պահպանությունը կատաղած շուներու է հանձներ, առանց նախապես անոնց սնունդին մասին հոգալու։ Այդ պատճառով անոթի կենդանիները փողոցին անցորդներու և անցորդներեն ալ հատկապես կուսակցականներու վրա կհարձակվեն։ ― Ինչո՞ւ, ― պիտի հարցունեք։ ― Վասնզի անկուսակցականներու վրա մի՜ս չի մնացեր այլևս․․․ ⁕ Գերմանական Ռայխստագը այրեր են կոմունիստները։ Խոշոր դեպքեր կնախատեսվի հոն։ Երեքշաբթի 27. ― Առաջները մեր երեխաներու չարությունն հացեն զրկելով կպատժեինք, և ահագին հաց կավելնար (սաստիկ չար էին) ։ Հիմա, երբ խելոքացեր են մեր հացը կիսով չափ կպակսե, ու ամենաքիչը օրական տասնհինգ ռուբլիի հացի պետք ունինք։ Ո՜վ կկարծեր, թե մեր երեխաներու չարությունը օրական տասնհինգ ռուբլիի օգուտ կբերեր ինձ։ Տասնհինգ ռուբլիի հաց գնել այն ժամանակ, երբ իմ ընդհանուր եկամուտը օրական տաս ռուբլի անգամ չէ՝ հարկավ անկարելի է։ Այսօր կնկաս հետ նիստ գումարեցինք և որոշեցինք փոխել օրենսդրությունը։ Մեր կոդեքսը առնված էր հին հռոմեականից, այնպես, ինչպես սովորաբար բոլոր օրենքները աշխարհիս երեսին։ Այդ օրենքով, միջին թվով, մարդկային 120 շարժումեն նոր մեկը հանցանք էր։ Ատիկա մեզի չէր գար այլևս, մեզի հիմա հարկավոր էր բոլշևիկյան օրենք, որի 120 շարժումներեն 121֊ը հանցանք է և կպատժվե օրենքի ամենամեծ խստությամբ։ Հրաշալի կոդեքս։ Օրհնվե թող օրենսգիրը։ Այս օրենքով մեր հացը ոչ միայն չի պակսի այսուհետև, այլև․․․ անձեռնմխելի կմնա։ ⁕ Սոցիալիստական գարնանացանը կմոտիկնա, բայց կոլխոզի եզները դեռ պատրաստ չեն։ Ըստ թերթերու, անասունները ոտքի վրա կենալու համար երկու օգնականի հենվելու պետք ունին։ Բայց մեր եզները համոզված կոլխոզնիկներ են՝ մեռնին ալ, վարը չի տուժե։ Սովորաբար, գաղափարական մարդոց մահեն վերջը անոնց հոգին «կենդանի» կմնա․․․ Չորեքշաբթի 28. ― Չեկայի ագենտները առաջներ դժվար էր ճանչնալ։ Քեզի նման շենք֊շնորհքով մարդ՝ մեկ ալ մոտեցավ քեզի, բան մը լսեց՝ և «ընկե՛ր, ձերբակալված ես» ըսելով՝ առաջն ըրավ ու տարավ։ Հիմա այլ է։ Հիմա սովամահ ժողովրդյան մեջ մեկ մղոնեն կարելի է ճանչնալ ագենտը։ Ամեն անգամ, երբ խոսակցությանս կմոտենա լիքը, կարմիր թշերով, կաշվե շքեղ զգեստին մեջ մեկը․ ― Զգո՜ւյշ, ― կըսեմ խոսակցիս, ― մեզի լրտեսող կա․․․ ⁕ ― Ի՞նչ է խորհրդային գրականությունը։ ― Ատիկա շինծու գրականություն է՝ գրողները շինծու, ընթերցողը շինծու։ Հինգշաբթի 29. ― Բարեկամ բժիշկ մը ունիմ, որ ինձի օգտակար ըլլալու զգացումեն մղված, կուզե որ հիվանդանամ անգամ մը (լավություն շատ է տեսեր ինձմե) ։ Ես ալ մտածեցի, որ ամենահարմար ժամանակն է հիմա դյուրություն ընձեռելու բժշկին՝ իր պարտքը հատուցելու, ու պառկեցի։ Հիմա մեր մարմինները, սեփական նախաձեռնութենեն զրկված, մեր բերնին կնայեն, եթե «հիվանդ եմ» ըսենք, անմիջապես կպառկեն ու կտքան։ Եթե առողջ հայտարարենք ինքզինքնիս, կելլեն ոտքի, կքալեն։ Հա՛, հիվանդ հայտարարեցի ինձի ու բժիշկս եկավ։ ― Ինչպե՞ս է ստամոքսդ, ― կհարցնե։ ― Ինչպե՞ս կուզես որ ըլլա ան․․․ ― Ամեն օր դուրս կերթա՞ս։ ― Ամեն օր ինչո՞ւ դուրս երթամ, բժի՛շկ, ― կըսեմ։ ― Ով ամեն օր բան մը կուտե, ան ամեն օր պարտավոր է դուրս երթալ։ ― Պարտավո՞ր։ Կառավարական դեկրետներուն մեջ ատանք պարտադրանք մը չկա, կարծեմ, հանդեպ իր քաղաքացիներն։ Ուզած ատեն դուրս երթալու կամ չուզելիս բոլորովին դուրս չերթալու ազատությունը տվեր է մեզի մեր «պրոլետարական» կառավարությունը, և ես լիապես կուզեմ վայելել այդ ազատությունը։ Ասիկա ստամոքսիս քաղաքական կողմը։ Գալով տնտեսականին՝ բարեկամս, ― ըսի, ― այն սնունդը, որ մենք առաջները օրվա մը համար կառնեինք՝ այժմ տաս օրվա է բաժանված։ Այդ, ստամոքսը մը եթե ցուցամոլ չէ, ի՞նչ պետք ունի ամենայն օր դուրս երթալու, քանի որ տասն օրվա տարողություն ունի։ Այս տնտեսականը։ Գալով գիտական կողմին՝ ստամոքսնիս կերածնիս մի կողմ դարսած հրահանգի կսպասե։ Պետության տված «հաց» կոչված պզտիկ զանգվածը չի մարսվեր այլևս «ստամոքսի հյութով» ՝ «քիչափ սյուի» է պետք։ Այս «հացով» սոցիալիզմը», ի՞նչ խոսք, ամուր կըլլա, բայց այս «հացով» սնված մարմինը շատ թույլ կըլլա։ Օ՜, բժիշկ, բժի՜շկ, անանկ ժամանակներ կապրինք, որ ամեն բան իրար է խառնվեր, ու եթե դուն այսօր բժիշկ չըլլայիր ու պաշտոնիդ բերմամբ «ստամոքսն» ստիպված չլինեիր միշտ հիշել, վաղո՜ւց մոռացած կըլլայիր ստամոքսն ալ, ներսն ալ, դուրսն ալ․․․ ⁕ Հիմա եթե բժիշկներն ուզենան գիտնալ, իրենց բժշկած հիվանդին ստամոքսը կգործե՞, թե՞ ոչ, պետք է բան մը ճարեն ուտելու ու կերցնեն այնպես՝ ինչպես ավրված կարի մեքենան շինող վարպետ մը, նախքան գործիքը տիրոջը հասնձնելը, իր գոգնոցին քղանցքը կամ թաշկինակը կդնե տակը կարելու․․․ Ուրբաթ 30. ― Մենք այս իշխանության տակ ապրելով անանկ մեծ դժբախտության տակ ենք ընկեր, որ մնացյալ համայնական թշվառություններն՝ երկրաշարժ, սով, պատերազմ, հրդեհ, եթե երջանկություն չեն՝ չեն ալ վախեցներ մեզի։ Երեկ քաղաքիս կեդրոնական մասին մեջ այրվեցավ խոշոր տուն մը։ Պետք էր տեսնել, թե ինտոր օրերով իրենց մատնելու մեջ պապիրոսնին տրորող և ասդին֊անդին նայող ծխողները, եղջերուի ոտներ առած, քաղաքի բոլոր ծայրերեն կվազեին հրդեհի վայրը․․․ պապիրոսնին կպցնելու։ Այնքան որ լուցկի չկա քաղաքին մեջ։ ⁕ Աղի բացակայութենեն, հիմա մարդոց ոչ մեզն է աղի, ոչ քրտինքը։ Համալսարանի ու բանֆակներու լաբորատորիաներու բոլոր աղերն ու թթուները փականքի տակ են առնված։ Շաբաթ 1. ― Այն եվրոպացիներն, որ կցանկան ռուսերեն սորվել, թող շտապեն, ամենահարմար ժամանակն է։ Նախկին հազարավոր արմատական բառ պարունակող ռուսերեն լեզուն հիմա «չկա» բառի է վերածվեր։ Ռուսերեն «չկա» բառը գիտես՝ ամբողջ ռուսերենին կտիրապետես ուրեմն։ Ռուսաստանին մեջ առուտուր ընելու համար մանավանդ ստեղծված է այս լեզուն։ Խանութպանեն դրամագլուխ իսկ չի պահանջվեր։ Բաց խոշոր «մագազին» մը առանց ապրանքի, կանգնե մեջը ու առտվնե իրիկուն «չկա» ըսե։ Ահա Ռուսաստանին առուտուրը։ Պարզ է և դյուրին։ ⁕ Պղինձ ունինք՝ ժանգոտ է և անագ չկա կլայեկելու, պրիմուս ունենք՝ նավթ չկա մեջը։ Ի՜նչ լավ է, որ միս չի ճարվեր քաղաքիս մեջ։ Կիրակի 2. ― Եթե Դարվինի վարդապետությունը ճշմարիտ ըլլար, և մենք կապիկներեն առաջացած ըլլայինք, հիմա, երբ արդեն եկած ճամբաներովս ետ կերթանք, նորեն դեպի կապիկները պիտի վերադառնայինք, մինչդեռ կապիկներեն ավելի դեպի գայլերն ու բորենիները կերթանք։ Վառելիքի չգոյության պատճառով հիմա մարդիկ միսը, եթե ճարեն, կուտեն հում֊հում։ Ռուսաստանի շատ քաղաքներուն մեջ մորթված երեխաներու մասեր են գտնված կերակուրին մեջ, բաներ, որք գայլին ու բորենիին է միայն հատուկ։ Իսկ կապիկը, որքան հայտնի է մեզ, բացառապես պտուղներով կսնվե։ Երանի կապիկներեն սերված ըլլայինք։ Կապիկ ըլլայինք, բայց սոցիալիստ չըլլայինք․ չե նե ի՞նչ օգուտ։ Ավելի վատ։ Մարդիկ, հետի վերջավորություններ չունենալով, բնականեն իրար հավասարվելու ավելի հարմարություն ունին։ Կապիկները իրենց երկար պոչերը իրար հավասարեցնելու համար ինչքա՜ն արյունահեղություններ պիտի կատարեն, քանի՜ Չեկա, որքան Ցեկա, բանտ, աքսոր ու գնդակահարություն․․․ Ոչ, ոչ, ամենեն քիչ կապիկ դասակարգին կհարմարե սոցիալիստ ըլալ։ Անոնք սոցիալիստ ըլլալու համար ստեղծված կենդանիներ չեն․․․ ⁕ Ճշմարիտ է՝ «հացը» պզտիկցեր է, բայց ատոր փոխարեն շատ է կարծրացեր։ Գայլախաչի կտոր ըլլա, ըսես, մանրելու ժամանակ երկու տեղ ձեռքս կտրեց ու արյուն հոսեց։ Եթե վեց անձ չըլլայինք, մեկ անգամեն կուլ կուտայի «հացը» ու մանրելու տեղ չէր մնար։ Կերևակայեմ։ Եթե ապագա պատերազմներու ռումբերու մեջ այս «հացեն» դնեն, ինչ կոտորած կառաջանա․․․ Երկուշաբթի 3. ― Ոչ մեկ բան այնպես չի հիշեցուներ բանտարկյալին իր անազատ դրությունը, ինչքան թռչունը, որ կճախրե օդին մեջ։ Այսօր անծեղ մը նստավ պատուհանիս, պատճառելով ինձի հազար ու մի տխուր խորհրդածություն։ Ավաղեցի ինձի, նախանձեցի շատ ու շատ այդ անծեղին։ Ետքեն սիրտ տալու համար ըսի ինքս ինձ․ ― Է՛հ, կնախանձեմ, ամմա, ո՞վ կրնա երաշխավորել, որ անծեղներն ալ իրենց մեջ սոցիալիզմ չեն կառուցեր։ Գուցե կկառուցեն, գուցե անոնք ալ իրենց կոլխոզներն ունին՝ առանձին բրիգադներով, աշխատանքը բաժանված է այնպես, որ մեկ բրիգադը միայն կածե, մյուսը միայն թուղս կնստե և այլն։ Թռչուններեն անծեղն ու կռունկը բոլոր հավանականությամբ սոցիալիստական հասարակարգի մեջ կապրին։ Անծեղներն՝ որովհետև առտվնե մինչև իրիկուն, մեր կոոպերատիվի գործակատարներու նման «չկա, չէ, չէ» կըսեն, իսկ կռունկներն՝ որովհետև թռնելու երկար հերթ կկանգնեն։ Չգոյության և հերթի երկու ամենաբնորոշ նշաններ սոցիալիստական հասարակարգի․․․ ⁕ Արտակարգ դատարանը երեք խոհարարի՝ կերակուրը խոշոր գդալով համտես ընելու պատճառով իբրև պետական վնասարարի, գնդակահարության դատապարտեց։ Սարսափը բռներ է ինձի ու ինչ ընելս չեմ գիտեր։ Ես ալ անցյալներ, փողոցեն անցածս պահուն, Չեկայի խոհանոցի պատուհանին կեցա ու ժամ մը ամբողջ «բորշի» հոտ քաշեցի․․․ Երեքշաբթի 4. ― Դուք գիտեք, որ Լենինն ըսեր է՝ «ով չաշխատի, ան չի ուտի» ։ Գիտեք նաև այն, որ կոլխոզները դեպի այդ սոցիալիստական աշխատանքի թագավորությունը տանող գլխավոր ճամբան են։ Լավ։ Բայց դուք գիտե՞ք նաև, որ Ղազախի կոլխոզներեն շատերը փոխանակ իրենք կոլեկտիվ աշխատանքի լծվելու ու անհատ գյուղացիներուն իրենց մեջ քաշելու, այսօր իրենց սերմացուն ու գործիքները անհատ գյուղացոց կուտան կիսրար ցանելու։ Այսինքն՝ այն, ինչ ժամանակ մը կգործադրեին հղփացած, անաշխատ վաշխառուները․․․ Ասոր անո՞ւնն ինչ դնենք։ ⁕ Ես դեռ համաձայն չեմ այն մարդոց հետ, որք կըսեն, թե այս կառավարությունը ժողովրդին բացարձակ թշնամի է։ Եթե թշնամի ըլլար, ոչ թե երկու կամ երեք հարյուր գրամ հաց կուտար, այլ յուրաքանչյուրին մեկ քիլո «հաց» կբաժներ, որ ուտեին ու մեկ անգամեն մեռնեին․․․ Խղճով դատելը լավ բան է։ Չորեքշաբթի 5. ― Այսօր նախկին շուկայեն անցածս պահուն նկատեցի նախիրեն ետ ընկած կով մը, որ պատ մը ափ առած՝ ագահաբար կլիզեր։ Երբ հետաքրքրվեցի այս երևույթով, պարզվեցավ, որ տասնևութ տարի առաջ այստեղ աղի պահեստ է եղեր։ Այս երևույթեն օգուտ մը քաղած ըլլալու համար, ես ալ սկսեցի շուկան պտտել և փուռի տեղերը մտքիս մեջ տպավորել։ Այս ընթացքը, որ բռներ է մեր կառավարությունը, ոչ թե 18 տարի այլ 18 ամիսեն փուռերու հետքն անգամ չէր երևալու, և անոթի բազմությունը կովի վայելած բախտավորութենեն ալ կզրկվե՝ չգտնելով փուռ մը, անոր պատերը լիզելու համար։ ⁕ Խորհրդային կոմունիստական կառավարությունն ալ, եթե կամենա հետևել Ղազախի կոլխոզներուն, ամենայն իրավամբ կրնա պատվիրել ամերիկացի կապիտալիստներուն իրենց համար սոցիալիստական հասարակարգ շինել․․․ Հինգշաբթի 6. ― Ես ըսեր եմ ու միշտ պիտի ըսեմ՝ սկզբունքները միմիայն ճառախոսելու համար են ստեղծված, ու այն ժողովուրդները որք սկզբունքներ չունին, անոնց լեզուն աղքատիկ է ու ճարտասանության համար անպետք։ Երկու տարի ի վեր Եվրոպական մեծ պետությունները «զինաթափության» սկզբունքն են որդեգրեր և տարին երկու անգամ կերթան Լոզան ճառելու։ Բոլորովին անօգո՜ւտ։ Վասնզի եթե ճառն արժեք ունենար, այսօր բոլոր մեծ պետությունները ծունկի պիտի գային Ռուսաստանի ներկայացուցիչ Լիտվինովին առջև, որու ճառերն ավելի կուռ են, քան անգլիական որևէ կրեյսեր։ Բայց այդ լեզվե թույլ, բայց բռունցքով զորեղ պետությունները կխոսեցունեն Լիտվինովին ու իրենք․․․ կխնդան։ Եթե Լիտվինովը խելքի չի գա և շարունակե այսպես անկեղծ խոսել, շուտով բոլոր մայրաքաղաքներեն հրավեր ստանա պիտի՝ խնջույքներուն քիչ մը զվարճացնելու իրենց․․․ ⁕ Երկու կեղտ գիտեմ, որք սովորույթի օրենքով արգելված է մաքրել։ Առաջինը՝ ջաղացի պտուտաքարի շրջապատի «փոշին» է։ Առաջներ, հարկավ (վասնզի հիմա ոչ ցորեն կա՝ ոչ ջաղաց ըլլա), ամենեն առաջ կպահանջեր ջաղացպանեն, որ պտուտաքարին բոլորտիքի «փոշին» մաքրված չըլլար․ հակառակ պարագայեն իր ամբողջ ցորենը ալյուր դառնալով, պիտի երթար լեցնելու պտտաքարի շրջապատի խորշերը, և ոչ մեկ գրամ ալյուր չէր հոսելու իր տոպրակը՝ տուն տանելու համար: Երկրորդը՝ ատիկա արդի մեր «ատամի կեղտն» է, որ այսօր ոչ մեկ ատամնաբույժ իրավունք ունի մաքրելու։ Եթե մաքրե, կնշանակե հաճախորդին ստամոքսը ամբողջ երկու օր բան չպիտի մտնե, վասնզի պետության տված երկու օրվա օրապահիկը հազիվ լեցունե մաքրված ատամին խորշերը․․․ Ուրբաթ 7. ― Այսօր Ճապոնիան պաշտոնապես դուրս եկավ Ազգերի լիգայեն։ Իմ ճանաչած ազգերեն միակը, որ երկար խոսել չի սիրեր։ Գործ՝ այս է Ճապոնիան։ Իր միակ դժբախտությունը այն է, որ տարին մեկ֊երկու անգամ երկրաշարժի կենթարկվե, զոհելով քանի մը հազար տուներ ու մարդիկ։ Շատ կմտածեմ՝ ինչո՞ւ սա խենթ երկրագունդը, աշխարհի մյուս մասերը թողած, միշտ այս խեղճ երկրին մակերեսը կշարժե։ Կարծես Ճապոնիան անհարմար դիրքով հեծյալ մըն է, որ անհանգիստ երիվարը կցնցե կամ վեր֊վար կթռցնե իր մեջքին նստածին, հարմար դիրքով տեղավորվելու համար։ Ես տեսեր եմ ջղային հիվանդներ, որք իրենց մարմնի որոշ մասերը միշտ կշարժեն ջղագար։ Կամ գուցե երկրի խորքը ոգիներ կան, ռազմափորձ կկատարեն ճիշտ Ճապոնիային տակը, մոռանալով, որ աշխարհիս վրա բոլոր նոր վարդապետությանց, բոլոր նոր զենքերու փորձադաշտը լայնածավալ Ռուսաստանն է։ Վերջապես չեմ գիտեր, որքան կաշխատեմ բանով մը բացատրել սա երկրաբանորեն դժբախտ պետության վիճակը, չեմ կրնար։ Երբեմն նույնիսկ կտարվեմ կարծելու, որ այս Ամերիկայի սարքած ինտրիգներն են՝ հանդեպ իր ամենաոխերիմ քաղաքական հակառակորդին։ Ի՞նչ կա․ Ամերիկան իբրև ամենաաստվածապաշտը բոլոր պետություններեն, այնքան մոտ է կանգնած Աստծո, որ եթե նշանացի հասկցնե Ամենակալին մատ խոթել Ճապոնիայի տակը, չեմ կարծեր, որ մերժվի։ Ի վերջո, միակ խորհուրդը, որ կրնամ տալ Ճապոնիային, այդ այն է, որ իր կղզին ժամանակավորապես տա վարձու և ինքը քաշվի Մանջուրիա, տեսնենք ինչ կըլլա․․․ ⁕ Այսօր Քաղխորհուրդը որոշում է հրատարակեր կոոպերատիվներու մաքրության մասին։ Չեմ հասկնար․․․ Ամբողջ երկրին մեջ եթե տեղ մը կա մաքուր, ատիկա մեր կոոպերատիվներն են։ Եթե խոսքը կվերաբերե ախտահանությանը՝ նորեն չեմ հասկնար, ապրանքի բացիլ, կամ հոտ անգամ չի մնացեր մեջերնին, ուրեմն ի՞նչ կնշանակե նման որոշում հրատարակել։ Ա՜, շատ կարելի է խոսքը կվերաբերե այն սարդի ոստայներուն, որք անհնարին խտությամբ փակեր են խանութին դռները․․․ Շաբաթ 8. ― Ռայխստագի այրումեն ետքը Գերմանական կառավարությունը շվար դրության մըն է ենթարկվեր՝ չիմանալով ո՞ւր գումարել նիստերը։ Բայց տեսեք դուք սա հարևան պետություններու քարսիրտ վերաբերմունքը դեպի իր ինկած դրացին։ Անգլիա, Ֆրանսիա, Բելգիա կտեսնեն Գերմանիո վիճակը ու չեն տրամադրեր իրենց պառլամենտները ժամանակաորապես օգտագործելու։ Ու Ռայխստագի խե՜ղճ պատգամավորներն, ամեն առտու պատրաստի ճառեր բերաննին կուգան ու բնավեր հավերու նման ետ կերթան․․․ առանց ածելու։ Չէ՛, բոլշևիկները իզուր այդքան կպախարակեն դաշնակցական կառավարությանը։ Ճշմարիտ է, 20֊րդ դարու այդ կառավարությունը պակասություններ շատ ուներ, բայց թշվառքին օգնելու ժամանակ ջենտլմեն էր։ Գերմանիայի պառլամենտը այրված ըլլար ու դաշնակցական կառավարությունը իր պառլամենտը չառաջարկեր՝ ոչ, ատիկա չըլլալիք բան էր․․․ Կիրակի 9. ― Շատ կարևոր ու շատ ճանչված մտավորական մը, այսօր տեսա փողոցին մեկ անկյունը կեցած, ձեռք կպարզեր անցորդներուն․․․ Մենք բոլորս ալ մուրացկանության թեկնածուներ ենք, ուստի իմ ապագա արհեստին նախապես ծանոթանալու մտքով, մոտեցա նորընծա մուրացկանին ու հարցուցի․ ― Ինտո՞ր կերթան գործերդ։ ― Շատ գեշ, անցորդները փոխանակ ողորմություն տալու՝ «դուն որ վճռեր ես մուրալու, դուն շատ բանի ընդունակ ես, դուն չես մեռներ» կըսեն ու կանցնեն։ ― Ուրեմն դուն ալ հայտարարե, թե մուրացկանություն չեմ կրնար ընել և թող մուրալդ, որ քեզ ողորմեն․․․ ⁕ Այսօր իրիկնադեմին հանկարծ գխտացի։ Կներեք արտահայտությանս, ես այդքան անքաղաքավարի չեմ, որ չպիտի տայի այդ անվայել գործողության անունը, եթե այդ ակտը դժբախտ հետևանք չունենար ինձի համար։ Գխտալովս ազատ տարածություն գոյացավ ստամոքսիս մեջ, որուն ինչով լեցնելս եմ շվարեր․․․ Երկուշաբթի 10. ― Ռուսաստանի սոցիալիստական շինարարությունը ես այսպես կպատկերացնեմ։ Ուստա Ստալինը գոգնաց կապած չաքուճը ձեռին կանգնած է պատի մը վրա, որ բնավ չի բարձրանար։ Երկրին 160 միլիոն ազգաբնակչությունը քառակուսի աղյուսներ են, թափած այդ չբարձրացող պատին տակ։ Մեյ մըն ալ տեսար ուստան վար իջավ պատեն, իր շինարարությունը հարմարեցնելու նպատակով զարկավ մեկի գլուխը կիսեց, մյուսի քիթը թռցուց, երրորդի վիզը կտրեց, չորրորդի ոտը կոտրեց և այսպես։ Կհիշե՞ք՝ ինտոր ասկե երեք տարի առաջ երկրի ունևոր դասուն «կուլակ» անվանելով՝ ջարդեց։ Երբ սոցիալիզմ չկառուցվեցավ, հաջորդ տարին միջակները ջարդեց։ Նորեն երբ չեղավ՝ կոլխոզներեն դուրս մնացած չքավորության վիզը թռցուց։ Ան ալ այսպես։ Փորձ է, այո՛, այս բոլորը փորձեր են, որ կկատարե Կրեմլի ուստան։ Դեմ չեմ ու չեմ վախնար, թող փորձե, բայց երեք բան մը տեսա, որը շատ վախցուց զիս։ Պզտիկ աղջիկս իր տիկնիկին թիկնոց մը կարելու համար ամբողջ օր մը զբաղեցավ մատ մը լաթի վրա, և երբ չհաջողեցավ վերջապես թիկնոցի նմանող բան մը դուրս բերել, անհաջողութենեն զայրացած բզիկ֊բզիկ ըրավ լաթին կտորը ու ոտներուն տակ առնելով՝ տրորեց զայն։ Այս կատաղության նոպան բոլոր անհաջող փորձողներուն է հատուկ։ Ստալինն ալ կփորձե, կփորձե, մինչև որ օր մըն ալ փորձանք մը բերե գլխներուս ու եթե դեռ բերածը քիչ է․․․ ⁕ Ծո՛, սա մարդու երևակայությունն ալ անուշ բան է եղեր։ Այս արտու արթննալով, պառկածս տեղ, մեկ ժամվա մեջ Զվիցերիա գացի, պանսիոնի մը մեջ մեղրով, կարագով և սերով նախաճաշեցի ու դարձա։ Ճաշին կուզեմ ֆրանսական մինիստրի մը հրավեր ընդունել․․․ Երեքշաբթի 11. ― Մարդիկ արտաքինով սովորաբար իրարու նման են ստեղծված։ Տարբերությունը շատ է չնչին․ սանկ քանի մը սանթիմ մեկի քիթը երկար է մյուսեն, կամ մեկ մեթրո երրորդի հասակը բարձր է չորրորդեն։ Բայց բնավորությամբ ու համոզվածությամբ, մարդիկ ոչ թե սանթիմով կամ մեթրով իրարմե կտարբերեն, այլ քիլոմեթրներով։ ⁕ Եվրոպական պետությունները Ռուսաստանին կհրավիրեն Լոզան ճապոնական հարցը քննելու, Ռուսաստան կըսե՝ չեմ գար։ Չորեքշաբթի 12. ― Ձեռքս շատ անհաջողակ է։ Կյանքիս մեջ չեմ կրցած տախտակ ռանդել ու իրար կցել։ Բայց սա մեկ տարուց ի վեր է անանկ հացեր կկտրեմ ճաշի ժամանակ, որք գործարանային «ֆաներկաներու» հետ կրնան մրցել իրենց նրբությամբ։ Կտրածս հացերը առաջ այսպես չէին։ Հացի նորման պակասելու հետ քանի գնաց՝ հացի թերթերը նոսրացան ու ապակիեն ավելի լույս պիտի թափանցեին այսօր, եթե գույնը քիչ մը ճերմակ ըլլար։ Առաջներ «պրոլետ գրողներու» մեծագույն մասը կապրեին դաշնակցական կառավարության ատենվան սովը Խորհրդային Հայաստանի լիության հետ համեմատելով։ Հիմա սակայն, երբ ընկեր սովը ներկա կառավարության հետ ալ մտերմացեր է, ինչ գրելնին չեն գիտեր։ ⁕ Այսօր թաղի մը մեջ մեկը բաց օդի մեջ խորոված է եփեր, թաղեցիք բողոքեր են այս գայթակղիչին վրա։ Հինգշաբթի 13. ― «Խորհրդային արվեստին» խմբագիրն տեսավ ինձի այսօր և խնդրեց հոդված մը գրել մեր երկրի արվեստին թերությանց մասին։ ― Խորհրդային արվեստը, ― պատասխանեցի իրեն, ― ոչ մեկ պակասություն ունի, շատ կատարյալ է ան ու շատ անթերի է՝ բացի պզտիկ պակասութենե մը։ Ու այդ այն է, որ նա․․․ գոյությո՜ւն չունի։ Իսկ այսքան չնչին թերություն մը ամեն արվեստի ներելի է։ ⁕ Մոսկվային մեջ 35 հոգի գնդակահարված են, 22 հոգի տաս տարով տաժանակիր աշխատանքի դատապարտված, որպես գյուղատնտեսական ասպարեզի «վնասարարներ» ։ Ձերբակալված են արդեն և շուտով գնդակահարվեն պիտի նաև 60 «վնասարարներ» էլեկտրական ֆրոնտեն, բոլորը ճարտարապետներ։ Քաղաքականութենեն բան մը չեմ հասկնար, բայց մանկավարժության մեջ ասանկ մասսայական պատիժ ընդունված չէ։ Շատ լավ կհիշեմ․ մեր գծագրության վարժապետը, երբ դասարանն ամբողջ կպատժեր՝ մեր տեսուչը հանցավորը վարժապետը կտեսներ, քան պատժված երեխաները։ Ուրբաթ 14. ― Ո՛չ, Չեկայի գոյությունը շատ անհրաժեշտ է։ Հիմա, երբ երկնային դժոխքի գաղափարը խունացեր է, ու այլևս ոչ ոք կհավատա այդ մտացածին հաստատութենին, շատ անհրաժեշտ էր, որ գոյություն ունենար ռեալ դժողք մը, սարսափին գաղափարը մարդկության մտքեն չանհայտանալու համար։ Այս երկու դժոխքներու մեջ ոչ մեկ տարբերություն։ Երկու տեղն ալ նույն սատանաները իրենց սրածայր գլխարկներով ու դաժանությամբ։ Միակ տարբերությունը, որ շատ փոքր է և չարժեր անգամ հիշատակել, այն է, որ երկնային դժոխքին մեջ մեղավորները սովորաբար կտանջվեն, իսկ Չեկային մեջ՝ անմեղները․․․ Շաբաթ 15. ― Դիտելով սա կոմունիստներու սոցիալիզմ կառուցելը, չեմ կրնա չհիշել Մոլիերի «Ակամա բժիշկը», որու կարճ բովանդակությունը հետևյալն է․ «Կոշտ ու կոպիտ փայտահատ մը կծեծե իր կինը ու անտառ կերթա իր գործին։ Կինը, կամենալով վրեժ լուծել իր ամուսինեն, բժիշկ կհայտարարե զանի իրենց իշխանավորի ծառաներուն, որք ճիշտ այդ րոպեին բժիշկ մը կորոնեին իրենց տիրոջ հիվանդ աղջկա համար։ ― Բայց, ― կավելացնե կինը, ― մարդս փայտահատ կձևացնե ինքզինքը ու մինչև աղվոր մը չծեծեք, չի խոստովաներ իր բժիշկ ըլլալը։ Կերթան տիրոջ ծառաները անտառ, կնոջ նշանի վրա կգտնեն մարդուն ու կհարցնեն։ ― Դու բժի՞շկ ես։ ― Ոչ, ― կպատասխանե մարդը ապշած։ ― Բժիշկ չե՜ս, հա՞, սպասե հիմա քեզի բժիշկ կդարձունենք, ― կըսեն ու մեյ մեկ փայտ առած կսկսեն չափել խեղճ մարդուն կռնակը, այնքան մինչև ստիպված «բժիշկ եմ» կըսե ու կխալսե ձեռներեն։ Հիմա մեր իշխանավորներն են՝ սոցիալիզմին ինչ ըլլալը չիմացող խեղճ ու կրակ գյուղացիին, թշվառ բանվորին անանկ դրության են հասցուցեր, որ «կոմունիստ եմ» կըսեն ու կուսակցության մեջը կմտնեն։ Բայց եթե հեռավորությանը նայինք, նորեն փայտահատություն ու բժշկությունն իրար մոտ են ու շատ ընդհանուր բաներ ունին, բայց գյուղացին ու սոցիալի՞զմը։ ⁕ Այսօր աղմուկ ու բողոքի միթինկ։ Գերմանիան, իր Ռայխստագը հրդեհելուն համար, բռներ կոմունիստները կծեծե․․․ Վա՜յ, գազա՛ն Գերմանիա, վա՛յ։ Կարծես չի կրնար իր քաղաքական հակառակորդներուն մեղմ, քաղաքավարի, ընկերաբար բռնել ու․․․ գնդակահարել։ Կիրակի 16. ― Այո՛, ամեն դժբախտություն իր բարեբախտությունն ունի։ Հիմա լսեցեք սովին բերած բարեբախտության մասին պատմեմ։ Էֆենտիմ, ես ստամոքսի ճիճու ունիմ։ Ամեն տարի և տարեկան քանի մը անգամ սանթոնիսնի դոզաներ կընդունեի, բայց ոչ մեկ օգուտ։ Կշարունակեին անհնարին բազմությամբ եռալ մեջս այդ զազրելի կենդանիները՝ պատճառելով սանճի, գլխացավ ու սրտխառնուք։ Այս քրոնիկ ծոմապահության հետևանոք՝ ինչ կըսեք, չիգա՞ն բոլոր ճիճուներն ու թափվեն անխտիր։ Վա՜յ, օրհնվես դու խորհրդային կառավարություն, Աստված քեզի երկա՜ր կյանք տա համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Մեծն Ստալին։ Այն ինչ չկրցան ընել հարյուրավոր գրամ սանթոնիսները, ըրավ քո կառուցած սոցիալիզմը․․․ ⁕ Այսօր թերթին մեջ պրոլետ գրող Մկրտիչ Արմենը հանդիմանված էր, որը փոխանակ Աղբարա երթալու և գարնանացանի համար ոտանավոր գրելու, դրամն առեր, գնացեր է Թիֆլիս պտույտի։ Երկուշաբթի 17. ― Մեր մառանի ուտելիքները վերջանալու վրա ուրախացեր էի։ Կըսեի՝ լավ է, բոլոր մուկերը անոթութենե կստակին, և մենք ընդմիշտ կազատվենք այդ անպիտան կրծողներեն։ Հիմա, սակայն, սարսափով կնկատեմ, որ սկսեր են հոս ու հոն ինկած թերթերու ճառերը կրծոտել։ Եթե մուկերը սկսին ճառով սնվել, վա՜յ մեզ, այլևս ծովի ավազի նման պիտի բազմանան ու հեղեղեն մեզի։ Մուկերը, որք այժմ դյուրամարս ճառեր միայն կկրծեն, զարգանալով կրնան քաղգրագիտության ձեռնարկներ ճաշակել և վերջապես օր մըն ալ Պետհրատի պահեստը ընկնելով՝ Լենինի հատորներուն դեմ առնել, որք տարիներով լեռնացած հոն, իրենց հաճախորդին կսպասեն․․․ Երեքշաբթի 18. ― Անգլիո վարչապետ Մակդոնալդը պատերազմի հոտ կառնե եղեր և Փարիզին մեջ վեհաժողով մը գումարել կուզե՝ այդ աղետին առաջն առնելու համար։ Ճիշտը խոսած, պատերազմի հոտ ես ալ կառնեմ։ Իտալիա, որ սա երեք տարի է սուս ու փուս նստեր է իր բնին մեջ, ես գիտեմ, վեր կենալուն անանկ խոշոր ձու մը պիտի թողնե իր ետևը, որ ինքն ալ վախնա նայիլ։ Բայց ի՞նչ կրնամ ընել․ կյանքը գոյության կռիվ է։ Աշխարհն այսպես եկեր, այսպես ալ երթա պիտի։ Դիվանագիտական աշխարհին մեջ խաղաղություն գոյություն չունի։ «Խաղաղ ժամանակները պետությունները իրենց տուները մտած դանակ կսրեն իրենց դրացի պետության համար։ Ու այն ատեն, երբ տեսնվեցավ, թե դանակը բավականաչափ սրված է դրացիին մորթելու, «պառկի՛ր» կպոռա ան ու դանակը կխոթե։ Ամենայն հավանականությամբ Մակդոնալդին դանակը դեռ պատրաստ չէ, որ խաղաղության մասին կմտահոգվե․․․ ⁕ Բեյբության փողոցին մեջ կինը մանչ մըն է բերեր։ Բոլորը ուշադրությամբ կհետևեն, թե ինչի՞ մեջ պիտի փաթթե մայրն իր նորածինը․․․ Չորեքշաբթի 19. ― Հաջորդ ամսուն 700 գրամ ստացող երկրորդ աստիճանի բանվորներու հացը 300֊ի է իջեցված՝ հավասարեցնելու ծառայողներու։ Ժամանակին Նասրեդին Խոջան ավանակ մըն է ունեցեր, որին կերակուրը օրեցօր պակսեցնելով՝ կամեցեր է առանց ուտելու ապրեցնելու վարժեցունել վերջեն։ Ընդամեն մեկ օր մնացած մոլլայի հաջողությանը՝ ավանակը կմեռնե․․․ ― Ափսո՜ս, ― կըսե Խոջան, ― եթե օր մըն ալ համբերեր, այնուհետև առանց ուտելու ապրեր պիտի ավանակս։ Խորհրդային կառավարությունը, որ «Ծապլվարն» ու «Դոն Քիշոտն» իրականացուց, այժմ ձեռք է զարկեր Մոլլա Նասրեդինի անեկդոտներու «անշեղ կիրառմանը» ։ Բայց Խոջան իր ավանակին կերը մեկ անգամեն 400 գրամ չպակսեցուց։ Իդեալին այսքան շտապ հասնել ուզողը ուշ կհասնե։ ⁕ Հե՜յ գիտի պատմություն։ Ինչպես այսօր մենք մեր տղոցը կպատմենք թե՝ «ժամանակին Պարսկաստանին մեջ մոլլա մըն է եղեր, որ ունեցել է ավանակ մը․․․», պիտի գա օր մը, որ մեր հետնորդները իրենց որդոց ըսեն՝ «ժամանակով Ռուսաստանին մեջ Ստալին մըն է եղեր, որն ունեցեր է 160 միլիոն ավանակ․․․» Հինգշաբթի 20. ― Վերջապես։ Ես ապշեր էի ուղղակի, թե այսքան նեղության մեջ մարդիկ ինչո՞ւ չեն խելագարեր։ Այսօր արդեն Դամար Բալլաղ թաղամասին մեջ գտնվեր է մեկը, որն կամենալով փրկել մարդկությանը «անզգա» կոչվելու անպատվութենեն, հերոսաբար խելագարվեր է, կացինով սպանելով դեմն ելլող յոթ հոգու։ Ապրի՛ խելագարն։ Անիկա թե՛ մարդկության պատիվը փրկեց, թե՛ միաժամանակ յոթ հոգի ազատեց այս անցավոր աշխարհեն։ ⁕ Այսօր կնկաս հետ մեծ կռիվ։ Պատճառը․․․ ինքս ալ չեմ գիտեր իսկապես։ Կռվեն ետքը կպարզվե երևի․․․ Ուրբաթ 21. ― Լենինականի Միացյալ ժողդատարանին ողջ դատական կազմն բռնված է գողության մեջ և դատի տակ է։ Հետաքրքիր է դատավորն կրնա՞ ինքզինքը դատել, թե՞ ուրիշ տեղի դատավոր է կանչելու։ Բժիշկնեերն, օրինակ, հիվանդանալու պարագային ուրիշ բժշկի օգնության կդիմեն։ Այսքանը «ըստ ձևի», իսկ գալով «էությանը» ՝ ես ամենևին չեմ մեղադրեր Լենինականի դատավորները։ Ով այսքան սոված ըլլա, անիկա պիտի գողնա։ Հիմա կրկեսի կենդանիներեն ու կոմիսարներեն զատ, բոլորը անոթի են և բոլորը թեկնածու գողության։ Կառավարությունը եթե կուզե դատարանը զերծ պահել մեղանչելե իր դատավորները կրկեսի կենդանիներու կարգը դասի պիտի ապաքեն։ ⁕ Միլիցիա մը, գյուղի ճամբին սպանելով գյուղացի մը, կհափշտակե շալակի երկու փութ ցորենը։ Նորեն չեմ մեղադրեր։ Գող դատավորին միլիցիան ավազակ ըլլալու բոլոր արտոնությունն ունենալու է․․․ Շաբաթ 22. ― Այս գարնան սաստիկ անհամբեր եմ սոխակներու գալստյան։ Վճռեր եմ արդեն սիրահարվել հարևանուհիիս։ Ինչո՞ւ կզարմանաք։ Ո՞վ է ըսեր ձեզի, որ խելագարները անպատճառ մարդ պիտի սպանեն։ Ես չեմ ընդուներ այդ, ես պիտի սիրահարվեմ․․․ ⁕ Պրոֆեսոր Աբդալյանը, ձիով Տաճկաստան փախնելով, երկու կին թողեց մեր կառավարությանը։ Երեկ այդ լքված, հետևապես և վիրավորված կանայք դատարանին մեջ իրարու օձիքը կքաշքշեին, տնային կարասները սեփականացնելու մտոք՝ յուրաքանչյուրը ցույց կուտար ինքզինքը ավելի խոցված, ավելի վիրավորված։ Բայց եթե բանը վիրավորանքին գար, այդ զույգ պահարանները և մահճակալը ավելի շուտ կառավարությանը կհասներ, քան այդ կանանց։ Վասնզի ավելի վիրավորական ակտ չի կրնար ըլլալ պետության մը համար, քան իր հրամանով հետախուզության գացող գիտնականի մը փախուստը։ Մարդս կփախչե միայն բանտեն։ Բայց կառավարությունը չվերցուց իրերը։ Երևի ցույց տալու համար, որ իր երկիրը բանտ չէ․․․ Կիրակի 23. ― Ռուս պետական գործիչ Կագանովիչը երբ կըսե՝ Մարքսը մեծ է, վասնզի Լենինի և Ստալինի պես աշակերտներ ունի, չեմ հասկնար։ Այդ կնշանակե, թե Լենինեն ու Ստալինեն հետո, մեծ մարդոց ցանկը պակասե պիտի, և անկե վերջ ոչ ոք իրավունք չունի «մեծ» ըլլալու, քանի որ Լենինն ու Ստալինը մեռած ըլլալով՝ անկարող պիտի ըլլան անոնց աշակերտել։ Եթե այդպես է, Լենինն մեռել է, բայց քանի որ Ստալինն կենդանի է տակավին, թող մեծ մարդոց ցանկը կազմելու ժամանակ, քանի մը անվանց տեղ բաց ձգե, նոր մեռնե։ Կարելի՞ է մեկեն դատապարտել ապագա մարդկությանը անխտիր «պզտիկ» ծնվելու։ Կամ առհասարակ այդ պայմանով արժե՞ ծնվել․․․ ⁕ Դասագրքերու մեջ իբրև նախնական, անզարգացած կրոն կհիշվե «Պոլինեզիայի տոտեմիզմը», որն սխալ է և պիտի ըլլա «Ռուսաստանի կոմունիզմը» ․․․ Երկուշաբթի 24. ― Հարդը և խոտը այնքան է սղեր, այնքան հազվագյուտ դարձեր, որ կով ունեցողներն ինչ ընելնին մոռցեր են։ Պետական թատրոնի կով ունեցող դերասանները, դերերնին ավարտելով, բեմը չեն ուզեր ձգել, միշտ աչքը հասարակության՝ ծաղկեփունջ կհուսան․․․ իրենց կովերուն համար։ Խեղճ կովերուն բախտեն, այլևս տաղանդավոր դերասան ալ չի մնացեր պետթատրոնին մեջ․․․ ⁕ Եթե ընդունենք, որ «սոցիալիզմ կառուցելու» ամենաբնորոշ հատկանիշը սոված ըլլալն է՝ կենդանիները մեզի հավասար սոցիալիզմ կկառուցեն այսօր։ Տարբերությունն այն է, որ կենդանիները չունին իրենց «մեծ առաջնորդները» ։ Պակաս մը, որ իսկույն կարելի է լրացնել։ Անգամ եթե իրենց մեջ չի ճարվի, կրնան մեր «մեծ առաջնորդներեն» օգտվել։ Հիմա արդեն անցեր են այն ժամանակները, երբ հիմար ըլլալու համար անպատճառ չորքոտանի պետք էր ըլլալ․․․ Երեքշաբթի 25. ― Առաջներ մարդկության առաջ անլուծելի հարց մը կծառանար․ ― Ի՞նչ է կյանքի նպատակը։ Հիմա՝ ― Ի՞նչ պիտի ուտենք ճաշին․․․ Երկու հավասարամեծ հարցեր, որք անլուծելի կմնան ցայսօր։ ⁕ Սա մեր պետության «բանվորական» ըլլալը գիտենք, բայց չենք գիտեր, թե ո՞ր բանվորականը։ Վասնզի երկու տեսակ բանվոր կա՝ առաջին կարգի և երկրորդ կարգի։ Մեկը կուտե օրական 700 գրամ հաց, մյուսը՝ 300։ Չորեքշաբթի 26. ― Հայաստանի «համալսարանն» ավարտած բժշկուհիները արդեն գործի են անցեր։ Պզտիկ, 20-21 տարեկան աղջնակներ, որք առաջին տեսնողին ավելի շատ սպասուհի կկարծվեն, քան բժիշկ, արդեն պետական բուժարանի կողմե պրակտիկայի կղրկվեն։ (Հավերու մեջ այս տարիքի վառյակները չեն ածեր տակավին) ։ Մեկը անոնցմե այսօր հիվանդ տղուս վրա եկավ ու գիտցածը չմոռնալու համար նախ դեղգիր գրեց, ապա սկսեց «նայել» հիվանդին։ Աս բժիշկները, դեղգիր մը հորինելով, առնվազն 100 հիվանդի վրա կկրկնեին դեղերու անունները՝ իրենց ուղեղին մեջ տպավորելու համար։ Ու եթե նույն օրվա առաջին հիվանդը ստամոքսեն կտառապե, մինչև իրիկուն, մնացյալ բոլոր հիվանդները պարտավոր են հիվանդանալ ստամոքսի սահմաններուն մեջ։ Աս աղջիկները, երբ տեսան հիվանդ երիտասարդ մը, որուն հավնեն՝ այդ երիտասարդին այլևս բժշկություն չկա․ որպես «անբուժելի հիվանդ» այնքան երթան գան հիվանդին վրա, մինչև տակը իյնան․․․ Եթե ընդունենք, որ այս բժիշկներու գործը կկայանա մեռածներուն թաղման վկայական տալ ու ծառայող հիվանդներուն տեղեկանք, ապա իրենց մասնագիտության մեջ մրցակից չունին։ Առաջին հայացքեն անմիջապես մեռելը կջոկեն կենդանիեն ու տակավին չի պատահած մեռյալ մը, որ բժշկին տված սխալ դիագնոզին վրա գերեզմանատունեն ետ վերադառնա ողջացած։ Պետական այս բժիշկները կառավարության կողմե պաշտոն ունին նաև արգելել ամեն տեսակի հիվանդներուն բան մը ուտել։ Պետք է պահպանել ամենախիստ «դիետա» ։ Հաց չի կարելի տալ հիվանդին, մինչև ցանքի քաղելը։ Շաքարե զգուշանալ, մինչև Լենինականի շաքարի գործարանի կառուցման ավարտը։ Միս չիտալ, մինչև պետական մսամթերման վերջանալը։ Պետք է հագնվել շատ թեթև, քանի «տեքստիլը» իր «ճեղքվածքը» չի փակել և այլն։ Վերջապես բժիշկներ են ասոնք, որք ժողովուրդին հիվանդությունը բուժելեն ավելի կառավարության ռեժիմին հիվանդությունները բուժելու պաշտոնն ունին․․․ Առաջները, երբ հիվանդ մը ունենայինք՝ ― Ի՞նչ կուտես, ջանս, ինչի՞ ախորժակ ունիս, ― կհարցունեինք։ ― Հիմա ո՞վ կհամարձակվե նույնը կրկնել, երբ գիտես, որ հիվանդը ախորժակ ունի ամեն բանի, և դուն ոչինչ չունիս տալու․․․ Հինգշաբթի 27. ― Մոսկվայի կառավարությունը ի թիվս այլոց, բռներ է նաև վեց անգլիացի ճարտարապետներ ու պիտի դատե որպես վնասարարներ։ Անգլիական կառավարությունը, շաբաթ մը առաջ, պահանջեց ազատ արձակել իր վեց հպատակները, Մոսկվան մերժեց։ Այսօր Մոսկվայի անգլիական դեսպանը մատը թափ տալով՝ հեռացավ Մոսկվայեն։ ⁕ Անգլիան սա 15 տարվա մեջ Ռուսաստանը վախցնելու մտոք, այնքան մտրակ շարժեց օդին մեջ, որ սպառնալիքն ալ իր իմաստը կորսնցուց։ Վախը իր նպատակին ծառայեցնելու համար պետք է գեթ տարին անգամ մը ծեծել։ Իսկ երբ չես կրնար ծեծել, բնավ չսպառնաս՝ այսպես կթելադրե մանկավարժությունը։ Ուրբաթ 28. ― Կհիշե՞ք Ռաֆֆիի վեպերը։ Հոն հեղափոխական գործիչները քիչ մը ծամոն, քանի մը հայելի, հինա, կոճակ, ասեղ ու թել առած, առևտրականի անվան տակ Տաճկաստան կերթային ու հոն հեղափոխություն կքարոզեին։ Նույն ուղին է բռներ նաև բոլշևիկյան Ռուսաստանը։ Չորս տակառ նավթ տված «ընկերության» մը կռնակ՝ Գերմանիա է ղրկեր, պետությունը ներսեն պայթեցնելու համար։ Բայց մա՜յրը չմեռնի Գերմանիա, կտեսնա՞ք ինչպես Հիտլերը ականջներեն բռնած, ինչպես ստահակ աշակերտի, այսօր իր երկրին բոլշևիկներուն գլուխը պատին կզարնե՝ անոնց վաճառականական հանգամանքը նկատի չառնելով բնավ։ Գերմանիա, պարտված պետություն մը այսքան վճռական։ Իսկ Անգլիա, հաղթող, ողջ աշխարհին հեգեմոնը, մտրակ կշարժե։ Տնաշե՛ն, «Բրիտանական կայսրություն» ես, աշխարհիս բոլոր պետությունները բերանիդ կնային։ Օր մը բոլոր պետությանց ներկայության դուրս կանչե Ռուսաստանը, քանի մը ապտակ իջեցուր երեսին և ըսե, որ այլևս նման բան չընե․․․ Չե՞ն կրնար։ ⁕ Կոոպերատիվները շիշ մը կոնյակ տալու համար երկու դատարկ շիշ կպահանջե․․․ Շաբաթ 29. ― Բոլշևիկներու օրոք, գիտություններեն թվաբանությունը հիմնահատակ փոխվեցավ։ Անճանաչելիության աստիճան։ Հին ատեններ հանման ժամանակ մեծ թիվը միշտ վերը կգրվեր, պզտիկը՝ վար։ Հիմա ճիշտ հակառակը։ Այսպես՝ Քաղաքիս մեջ հացի քիլոն 25 ռուբլի է, յուղինը 70, շաքարինը՝ 40 (եթե ճարվե) ։ Պանիրինը՝ 30։ Վեց անձ ընտանիք մը կշտանալու համար օրական պետք է ուտե 150 ռուբլիի հաց, 30 ռուբլիի յուղ, 10 ռուբլիի շաքար, հետո պանիր՝ 10 ռուբլիի և այլն, չհաշված բանջարեղեն, աղ, պղպեղ, վառելիք և հագուստ։ Գումարած այս պիտույքները կընե օրական 200 ռուբլի։ Այդ ընտանիքի օրական եկամուտն է ընդամենը վեց ռուբլի։ Հիմա պիտի վեց ռուբլիեն հանենք 200 ռուբլի, ինչ որ մնաց տակը՝ ատիկա հավասար է «Խորհրդային շինանարություն․․․» Բայց չորս գործողություններեն հանումը ոչինչ ընդհանուր չունե մեր կոմունիստական կարգերուն հետ և իբրև հանող, գջլող ու հափշտակող գործողություն, հատուկ է միայն կապիտալիստական կարգերուն։ Մեր սոցիալիստական կառավարության գործողություններեն ամենակարևորը բաժանումն է։ Հավասար բաժանում։ Այդ պատճառով կառավարությունը ժրաջան աշակերտի նման սկսել է սորվել բաժանում։ Անիկա հացն այսօր այսպես կբաժանե։ Կոմիսարներն ու քարտուղարներն՝ ինչքան ուզեն։ Պատասխանատու կոմունիստները՝ 800 գրամ, բանվորը՝ 700, ծառայողը՝ 300, մասնավորը՝ 0 գրամ, իսկ կուլակը իր կերածը ետ բերե պիտի և կառավարությանը տա․․․ Եթե գտնեք, որ սույն բաժանումը հավասար, հետևաբար և սոցիալիստկան չէ, մի հուսահատեք՝ դեռ մանուկ է, ընդամենը 15 տարեկան։ Պիտի ըսեք, թե 15 տարվա մեջ դասարանը չփոխող այս աշակերտը բթամիտ մըն է, որ այսքան սխալ կբաժանե, բայց մի՛ ըսեք, մեղավորը ինքը չէ։ Դուք գիտեք, որ բաժանումը լավ յուրացնելու համար հարկավոր են թանձրացական առարկաներ՝ կաղին, զորօրինակ, ընկույզ, փշատ և այլն։ Բայց ի՞նչ ընե խեղճ ռուսաստանը, խոսք ու ճառեն զատ ոչինչ չունի և ունենալու պարագային 160 միլիոն հատ չունի, որ յուրաքանչյուր բնակչին գեթ մեկը հասնե․․․ Ուրիշ բան է, եթե կառավարությունը բանտերու և գերեզմաններու դուռները բաժնա ու բովանդակությունը բաժանե։ Ան ատեն յուրաքանչյուր ազատ մարդուն վեց բանտարկյալ կիյնա, չորս աքսորական, երկու գնդակահարված։ ⁕ Չորս գործողություններեն բազմապատկումը կգործադրվե միմիայն և բացառապես խորհրդային դատավորներու մեջ, երբ պետք է հանցավորին մեկ սխալն տասով կամ 100֊ով բազմապատկել։ Կիրակի 30. ― Այսօր կիրակի է։ Հե՜յ գիտի ժամանակներ․․․ Առաջներ, երբ հավատ գոյություն ուներ դեռ, աստծվածապաշտները եկեղեցի կերթային, կոմունիստները՝ բջիջի ժողովի։ Հիմա բջիջն ալ, եկեղեցին ալ դա՜փ֊դատարկ է։ Նոր կրոնի մը աշխարհ գալու ամենահարմար ժամանակը։ Ով զգեստները փոխե ու ինքզինքը Աստված հռչակե, կպաշտվի առանց հարցաքննության, թե ո՞ւր էիր և ուրկե՞ կուգաս։ ⁕ Աստվածներեն Լենինը, իր կոմունիստ հետևողներուն բերավ անապատի մեջտեղը կեցուց ու ինքը անհայտացավ։ Վերջիններս, երկար սպասեցին ու երբ նեղվեցան՝ ոսկի հորթ մը շինեցին՝ անունը Ստալին, ու սկսեր են սա ութը տարի է ի վեր պաշտել զանի։ Կոպիտ մատերյալե շինված ու շատ դիմացկուն Աստված մըն է վերջինս։ Եթե խնայողությամբ գործածվե, տասը տարի այլևս նոր աստծու պետք չեն ունենա բոլշևիկները․․․ Ժամանակ մը աստուծու անունը գլխատառով կգրվեր, մարդունը՝ հասարակ։ Բայց պիտի գա ժամանակ, և ատիկա մոտ է, որ մարդն հատուկ անուն պիտի ըլլա, աստվածն՝ հասարակ։ Երկուշաբթի 31. ― Քրոջս տղան, ճիշտ է, շատ պտտեց, բայց վերջեն լավ բնակարան վարձեց։ Ուղիղ Աբովյանին վրա, կեդրոն տեղ և պատուհանն ալ փողոցին վրա։ Անցորդները ըսես սենյակին մեջ կխոսեն, այնքան պարզ կլսվե դուրսեն։ ― Անցյալ տարվանեն քանի մը գլուխ չորթան էր մնացեր, ձգեցինք ջուր, ըսինք տրորենք, սրիկա կատուն․․․ ― Բայց ես հաստատ գիտեի, որ գլխուս գեշ բան պիտի գար, այն գիշեր ես Ստալինն էի տեսեր․․․ ― Ճիշտ կխոսիմ, Գալո՛ւստ։ Կինս սա երկու տարի է, չեմ գործածեր։ Ու ունիս՝ տար։ ― Հաց էի տարեր Չեկա, երեք ժամ հոն հերթի կեցա, ժամ ու կես՝ հարկս մուծեցի, երկու ժամ հացի քարտս ստուգել տվի, չորս ժամ․․․ ― Սարգի՛ս, ուղիղ երեք օր բերանս նշխար չէի դրեր։ Էդ հոտը որ առա, ջուրը լեցվեցավ բերանս ու․․․ ― Եկեր էր միջնորդելու, որ իր մարդուն բաց թողնեմ։ Ժարկո ունեի ու տապակած ձուկ։ Կերանք ու եկավ պառկելու ժամանակը․․․ ― Ա՜յ տղա, այս կառավարությունն անասուն անգամ ըլլար, խելքի պիտի գար և հասկնար, որ այսպես կառավարել չի կարելի։ Ափսոս չէ՞ր ճորտատիրական․․․ ― Այո, մեծ տղան 26֊ին գնդակահարվեցավ, միջնակը Սիբիրն է, պզտիկն ալ դատապարտված է հինգ տարի բանտարկության․․․ ― Աս տարի էլ եթե պատերազմ չեղավ, ես ինքնասպան կըլլամ, այլևս հույս չկա ազատության․․․ ― Աջ կողմի ոսկե ակռաները կհանեմ ծախեմ, ձախովը կծամեմ։ Ատ ալ շատ է․․․ ⁕ Եթե կուզեք երկրի մը վիճակին ծանոթանալ, փողոցի պատուհանը նստեք կամ երկաթուղով գիշեր մը ճամբորդեցեք։ Երեքշաբթի 1. ― Երբ Անգլիո, Ֆրանսիո կամ Գերմանիո մեջ հազարավոր թերթեր կհրատարակվեն, ատիկա հասկանալի է։ Բայց ի՞նչ միտք ունի Խորհրդային Ռուսաստանին համար բազմանուն ու բազմաթիվ թերթեր, երբ բոլորը միևնույն բառերով միևնույն գաղափարը պաշտպանեն պիտի։ Ի՞նչ է խորհրդային մամուլը։ Անիկա երկա՜ր, միատեսակ մազի պարան մըն է մեթրաչափ, արշինաչափ, ֆունտաչափ ու մատնաչափ կտրտված և առանձին անուններ տրված։ Անիկա միևնույն անտանելի, անհամ ու սրտախառնուք պատճառող մախոխն է, տարբեր մեծության պնակներու մեջ լեցուցած ու տարբեր անուններով մկրտված։ Այս ձևով օրիգինալ՝ էությամբ կապիկ կուսակցությունը չի հասկնար, որ հազար գրամն մեկ քիլոյեն ավելի չէ ու հարյուր սանթիմը մեկ մեթրոյեն երկար չէ։ Չի հասկանար, վերջապես, որ հազար լակոտներու հաչոցը մեկ մեծ շունեն ազդու չէ․․․ ⁕ Յուղի քիլոն 70֊են հարյուրի բարձրացավ։ Աղոթեցեք մեզի համար․․․ Չորեքշաբթի 2. ― Լենինին նվիրված յուրաքանչյուր «հուշի երեկոյին», առաջնորդի կինը՝ Նադեժդա Կրուպսկայան, հարազատորեն կկրկնե մարդուն միտքերը, բան մը, որ ցույց կուտա, թե Լենինը սիրող ամուսին մըն է եղեր։ Վասնզի ուժեղ գրկախառնության ժամանակ միայն այսքան հարազատորեն կրնա տպվել հուշ մը, մամուլի տակ գտնվող իր կնկա սրտին․․․ ⁕ Գարունը եկավ։ Անգործներու տարմերը առտուներ սկսեր են զբոսարանը տեղ գրավել ու իրիկունները վերադառնալ կառավարությանը քննադատելեն վաստակաբեկ։ Բայց նկատելի է, որ տիրող սովը ազդեր է քննադատության արտադրողականության վրա։ Եվ իրոք։ Երեք հարյուր գրամ հաց ուտող մը ինչպե՞ս կրնա քննադատել այսքան պակասություն ունեցող ռեժիմ մը․․․ Հինգշաբթի 3. ― Կըսվե, թե բանտերու մեջ սաստիկ տարածված է արվագիտությունը և գիջությունը։ Ի՜նչ բնականոն պայմաններու մեջ, կնշանակե և ի՜նչ երջանիկ կապրեն բանտարկյալները։ Անոնք արուները կհիշեն այն ժամանակ, երբ մենք՝ «ազատներս», էգերն իսկ մոռցեր ենք։ Քաղաքիս մեջ բերնե բերան կանցնե այն զրույցը, ըստ որու, Աղայան փողոցին, Պետրոս անունով մեկը, առտու կելնե աղջկա հետ Զագս կերթա ամուսնանալու։ Ու կես ճանապարհին միայն կհիշե հանկարծ, որ ինքը ամուսնացած է արդեն ու տուն գալով՝ կնեղանա կնկան վրա թե․ ― Կնիկ, ես մոռցեր եմ ամուսնանալս, դուն ալ չես հիշեցուներ։ Մազ մնաց նորեն ամուսնանայի․․․ Ես այս կողմանե իսպառ ապահով եմ։ Երեք երեխա ունիմ, որոնք հերթով կհիշեցունեն ընտանեկան հանգամանքս․․․ Եթե տղաներ չունենայի անգամ, դարձյալ սխալմամբ նոր կին չէի առնի։ Վասնզի նախ՝ ես շատ սուր հիշողություն ունիմ, երկրորդ ալ, սովորություն ունիմ տունեն ելնելուս նախապես թուղթի մը վրա նշել, թե ի՞նչ պետք է առնել այսօր, ու ցանկեն դուրս ոչինչ չեմ առներ․․․ Ուրբաթ 4. ― Սա խորհրդային կառավարությունը իր «շինարարության» մասին այնքան զարմանքով կհայտարարե, որ ըսես, ինքն ալ հույս չունե, թե բան մը շինելու ընդունակ է, ու երբ սխալմամբ բան մը շինվի՝ կապշե կմնա ճիշտ այնպես, ինչպես եթե հավ մը ածելեն ետքը տեսնե, որ ածածը սագի ձու է եղեր․․․ Այս կառավարությունը սաստիկ նման է չբեր ու տգեղ կնկա, որ կուզե վարչական եղանակով երեխա ծնել։ Բռնի ուժով կստիպե մարդոց իր հետ պառկել ու դեռ շորերը չհանած՝ շեփորող ապարատը կսկսե գործել։ «Պրոլետ գրողները» երփներանգ բառերով հղությունը կերգեն աս անհույս ամուլին, կուսակցական բջիջները կսկսեն «մասսայականեցնել» այն, ու հանձնաժողովները իրար կանցնեն նորածինին անուն գտնելու համար։ Այսքանը եղա՞վ, դե անդին քաշվեցեք, մամուլն արդեն կսկսե սնուցել։ Մեկ ամիսեն՝ երկու ամսական է տղան, երկու ամիսեն՝ չորս (տես «հնգամյակը չորս տարում») ։ Ու երբ լրանա ինն ամիս ու ինն օրը, փոխանակ ծնելու՝ կըսե․ ― Այս իննամսյակին մենք կառուցենք երեխայի ֆունդամենտը, հաջորդ իննամսյակին նոր տեմպով բարձրացնելու համար․․․ Հաջորդ իննամսյակին՝ ― Ասով մենք ավարտեցինք երեխաշինարարության շենքը, հաջորդ իննամսյակին կանցնենք վերնաշենքին։ Ու այսպես անվերջ իննամսյակներ, առանց նախապես հայտնելու, թե, վերջապես, քանի՞ հարկանի է ըլլալու ատ բերելիք երեխան Ահա այսպես, խորհրդային իշխանությունը «լծված է» ու աս սուտ երկունքեն կտքա՝ իր հետ ու իրմե ավելի բարձր տքացնելով նաև ողջ ժողովուրդը․․․ Բայց ես կերևակայեմ, թե որքան դժվար է չսիրած կնկա մոտ պառկելը։ Խորհրդային իշխանության խե՜ղճ փեսացուք։ Այսքան տգեղ կնկա մոտ պառկող մը անպատճառ «բոլշևիկյան վճռականություն» ունենալու է, ապա թե ոչ անկարելի է, որ գործը գլուխ գա․․․ Շաբաթ 5. ― Չեկան սովորություն ունի, իր ագենտներուն միջոցով, խոսելով փողոցով անցնող երկու մարդոց մեկեն անջատել իրարմե, հարցաքննել առանձին֊առանձին։ Ու եթե այդ մարդկանց խոսքերը իրար չբռնեցին, իբրև պետությանը բամբասողներ կբռնվեն ու կաքսորվեն անմիջապես։ Անցյալ օր ասանկ զույգ մը կբռնեն Աբովյանին վրա և Չեկա կտանեն։ Մեկը անոնցմե, սաստիկ վախկոտ ըլլալով անմիջապես կխոստովանե, որ իրենք Չեկայի մասին կխոսեին։ Երկրորդը, սակայն, իր սառնասրտությունը պահպանել կհաջողի ու կըսե, թե, հեչ, դժոխքի, սատանաներու, կպրե կարասի մասին կխոսեինք։ Կբերեն երես առ երես ու ագենտը կըսե երկրորդին․ ― Դուք բացարձակ հակասության մեջ եք։ Ընկերդ կըսե՝ մենք Չեկայի, չեկիստի ու նկուղի մասին կխոսեինք, իսկ դուն կըսես՝ դժոխքի, սատանայի ու կպրե կարասի։ ― Ոչ մեկ հակասություն, ― կպատասխանե վերջինս։ Չեկան ու դժոխքը միևնույն հասկացողություններն են, սա փոքր տարբերությամբ, որ առաջինի մեջ կտանջվեն արդարները միայն, իսկ վերջինիս մեջ՝ մեղավորները․․․ ⁕ Կինս անվերջ կգանգատե, որ մեր պզտիկը շատ լալկան է, որ ալ չի կրնար քաշել։ ― Կնիկ, ― կըսեմ, ― ի՞նչ կա այդքան նեղսրտելու։ Ենթադրե, թե ժամագործ ես, ու պատի ժամացույցը թիկ֊թաք կընե։ Կիրակի 6. ― Պետք է խոստովանել նաև, որ հաճախ ժողովուրդն ալ կառավարության քննադատության մեջ չափազանցության կերթա։ Զբոսարանին նստարանին 92 տարեկան ծերունի մը այնպես կխոսեր, որպես թե բոլշևիկյան ռեժիմն է եղեր պատճառը իր ներկա ծերությանը, որ, որպես թե, եթե ցարական կամ դաշնակցական ռեժիմ գոյություն ունենար, ինքը ոչ թե 92 այլ 12 տարեկան պիտի ըլլար հիմա։ Իրավ է, որ կըսեն՝ մարդու աչքը ելնե, անունը չելնե․․․ ⁕ Այսօր կինս փուռեն վերադարձին ձեռքի «հացը» դրեր էր ծանոթ ատաղծագործին խանութը խոսելու։ Վերջեն, տուն գալուն, հացի փոխարեն փայտի կունդ մը բերավ տուն։ «Հացը» փոխս էր ընկեր կունդի հետ․․․ Երկուշաբթի 7. ― Ես ալ ծանոթ դերձակի մը խանութ ունիմ, որ երբեմն հանգստանալու համար կմտնեմ։ Երեկ շրջազգեստ մըն էր կարեր կնկա մը, որն սակայն չէր վերցուներ և սկսել էր աղմկել՝ առարկելով, որ նեղ է և պահանջել, որ քակե ու նորեն կարե։ ― Տիկին ջան, կլայննա, հավատացիր, որ կլայննա, ― կաղաչեր դերձակը։ ― Ո՛չ, չեմ տաներ, ― կպնդեր կինը։ ― Շատ աղեկ, ― վերջեն ճարահատված ըսավ դերձակը, ― թող շրջազգեստը հոս, ինչպես կտեսնեմ՝ շուկա կիջնաս, գնա՛, վերադարձին կշինեմ՝ եկուր տար։ Բարեկամս, վերցնելով զգեստը, մինչ կպատրաստվեր քանդել, երբ հանկարծ կարևոր գործով մը տունեն կանչվեցավ։ Բավական ուշացավ, այնքան, որ շուկայեն տիկինը վերադարձեր էր արդեն։ Կինը, առանց մեկու մը բան մը հարցնելու, կարծելով, թե վարպետն ըստ իր խոստման շիներ է արդեն զգեստը, վերցուց հագավ։ ― Ա՜յ, ի՞նչ եմ ըսեր, հիմա եղա՜վ։ Ա՛յ, շրջազգեստն ասանկ լայն ըլլալու է, որ մարդն ազատ շարժվե մեջը․․․ ⁕ Սույն դիպվածը եթե Քրիստոսին ժամանակը ըլլար, հրաշք պիտի համարվեր ու ավետարանն մեկ էջով ալ ավելնար։ Մինչդեռ այս երևույթն ունի իր շատ հասարակ բացատրությունը։ Շաբաթ մը շուկա չիջնող գնորդ մը, երբ առանց նախապատրաստելու ինքզինքը՝ մթերքի գին հարցունե, պատասխանը լսելուն, սարսափեն կես կդադրե։ Այդ է պատճառը, որ առհասարակ դերձակները բան մը ձևելու ատեն, նախքան մկրատը ձեռներնին առնելը, մեյ մը մթերքին գինը գիտնալ կուզեն․․․ 1932 ― 33 թվականներ Ուրբաթ 23 ― Երևակայեցեք ոչխարաբույծ մը, որ շաբաթներ շարունակ իր հոտին աղ կերցնելեն ետքը, ծարավեն պապակած ոչխարներուն ջրի ափը քշելով՝ լեցված հրացանը ձեռքին կհայտարարե․ ― Ով համարձակվի ջուր խմել, գնդակահարվե պիտի։ ― Ոչխարները, սակայն, որք «ջուր» բառեն զատ մնացյալ բոլոր հասկացողություններեն զրկված են, կհարձակեն անշուշտ ջրին վրա ու կխմեն, ու ոչխարաբույծն ալ, եթե կուսակցական է, «բոլշևիկի վճռականությամբ» կսկսե գնդակահարել անասունները մեկը մյուսի ետևեն։ Ոչխարներու հանդեպ չկատարվելիք այս բանը կկատարե այսօր Խորհրդային կառավարությունը ժողովրդյան հանդեպ։ Ապրուստի բոլոր միջոցները իր ձեռքը կենտրոնացնելով և երկիրը կատարյալ սովի մատնելով՝ հրացանը ձեռքին կգնդակահարե կոոպերատիվի այն ծառայողին, որ տարիներով անվարտիք պտտելով՝ կփորձե վարտիք մը գողանալ խանութեն, նաև այն սայլապանին, որ պարկ մը ցորեն կտանե պետության պահեստեն իր սոված ընտանիքին համար, նույնպես պետական մեղվանոցի մեղվապահին, որ մեղրոտ մատը բերնին կտանե․․․ գիտնալու, թե ի՞նչ համ ունի «մեղր» ըսված բանը։ Այս առնչությամբ «Խորհրդային Հայաստանին» երրորդ երեսը կատարյալ սպանդանոց է․ հանուն «հեղափոխական օրինականության» կըսե ու կնդակահարե մարդկանց, որոց շարանին ո՛չ սկիզբ կա, ո՛չ վախճան։ Այո, կառավարական այդ պաշտոնաթերթին ուրիշ նյութ չի մնացեր․ անիկա թերթին առաջին էջին վրա «կձերբակալե», երկրորդ էջին՝ «դատի կուտա», երրորդ էջին՝ «կգնդակահարե», իսկ չորրորդ էջին վրա 10 տարվա ազատազրկման «կդատապարտե» այն «հանցավորներին», որք կազատվեն գնդակահարութունեն՝ նշանի սխալ բռնած ըլլալու համար․․․ ⁕ Առուտուրը վերանալով մեր երկրեն՝ փոխանակության երկու ձև գոյություն ունի այժմս։ Պետությունը ավազակությամբ կխլե ժողովուրդին ձեռքեն իր ճակտի քրտինքով վաստակած հացը՝ ժողովուրդն ալ գողությամբ կուզե ետ խլել այն․ ձև մը, որ կկիրառեր մարդկությունը, երբ դեռ անտառաբնակ էր։ ― Այսքան ետ երթալով՝ կրնա՞ այլևս Ռուսաստանն Ամերիկային «հասնել ու անցնել», ― հարցնեք գուցե։ ― Այո՛, ― կպատասխանեմ։ ― Ռուսաստանն ինչքան ետ երթա՝ այնքան հաջող «կհասնե ու կանցնե» ։ Չե՞ք տեսեր կրկեսի ձիերը բարձր արգելք մը թռչելու համար ինչքա՜ն հեռվեն «երիշ» կքաշեն․․․ Շաբաթ 24. ― Էջմիածնեն Երևան բանտարկյալ կրող ավտոն կես ճաբուն ավրվեց, ու միլիցիան նոր ավտո կպահանջե բանտարկյալները բերելու համար։ Ավտո֊կեդրոնը ոչ մեկ սարքին մեքենա չունենալուն պատճառով կհրահանգե ոտքով տեղափոխել կամ ծանր հանցավորները դնել թեթևներու ուսին բերել։ Շա՜տ աղեկ, բանտարկյալները եկան, բայց ավտո՞ն։ Այդ պատճառով միլիցիան կկարգադրե կալանավորներին իջնել և լծվելով մեքենային քաշել։ Քաղաք հասնելով՝ շոֆերը ուրախությամբ նկատեց, որ այս նոր տեսակի մոտոր գործադրելով, կաթիլ մըն իսկ բենզին չի սպառած։ ⁕ Չէ՛, փաստ է, որ Ռուսաստանն իր ավտոմեքենաներով չի կրնար պարծենալ։ Ըստ Եվրոպայի տնտեսագետի մը՝ Խորհուրդները այս տեմպով եթե ավտո շինելու ըլլան, հինգ տարիեն կրնան Էջմիածնեն Երևան փոխադրել իրենց բանտարկյալներու մեկ տասներորդ մասը միայն, իսկ ամբողջ բանտարկյալները ավտոյով փոխադրելու համար տասնյակ տարիներ են պետք։ Է՛, մարդկությունը խոմ չի՞ կրնար ձեռները ծալած նստել սպասել մինչև կառավարությունը ավտո շինե, պատրաստե, նոր ինքը հանցանք գործե, մանավանդ անանկ մը երկրի մեջ, ուր ութը շարժումեն ինը «հանցանք» է։ Այլապես ժողովրդյան կմնա երթալ հանցանք գործել հոն, ուր դատարան կա, փոխադրվելու անպատեհութենեն ազատվելու համար։ ⁕ Գյուղացի մը կպարծենա, որ ինքը հանցանք չի գործած այս կառավարության հանդեպ։ Ճիշտ նույն տարին երկնքեն իրար վրա անձրևներ կտեղա ու գյուղացին փոխանակ 50 փթի 500 փութ հաց կքաղե իր արտերեն։ Այդքան հաց ունեցող մը «կուլակ» կսեպվե արդեն ու իբրև ամենածանր հանցավոր՝ կաքսորվե կամ կգնդակահարվե։ Գյուղացու բռնվելն լսեցի, բայց թե ի՞նչ պատիժ ստացավ՝ չիմացա։ Կիրակի 25. ― Շատ բաներ կան, որ հինցեր է հիմա և փոփոխության կարիք ունի։ Մահազդն, օրինակ։ «Մայրն՝ այսինչը, հայրն և քույրը՝ այնինչը, կողբան իրենց զավակի անսպասելի մահը, որ տեղի ունեցավ ամսույս 10֊ին» և այլն, և այլն։ Ճիշտ է, կար ժամանակ, երբ մահն «անսպասելի» էր, բայց չէ՞ որ այժմ կյանքն է անսպասելի։ Մահազդը չէ այլևս, որ քեզի ծանուցի պիտի սիրելի բարեկամիդ մահը։ Սրտակից մը ունես նե, առանց մահազդի սպասելու, գործդ վերջացուցիր՝ ելիր հուղարկավորության գնա։ Ան ո՞ր «կենդանին» է հիմա, որ հուղարկի եկողի մը ձեռնունայն կդարձունե․․․ ⁕ Բոլոր մեծ պետությունները Ժնև կվազեն զինաթափվելու։ Պարտված Գերմանիան, որ զենք չունի, խնդրեր է թույլ տալ իրեն զինվելու, որ ինքն ալ անոնց պես Ժնևի կոնֆերանսին զինաթափվելու երթա։ Գերմանիա պակաս խաղաղասերը չէ։ Երկուշաբթի 26. ― Հանցավորներին դյուրություն տալու համար կազմված են շրջիկ դատարաններ, ուր տեղնուտեղը կտանեն ու կգնդակահարեն։ Կնշանակե փոխանակ եզը տանելու դանակի մոտ, դանակը կբերեն եզին քով։ Ամենեն իրավական ձևը։ ⁕ Քանի կոմունիստ սպանվե կապիտալիստական երկրներու մեջ, մեր կոմունիստական կառավարությունը այնքան նավ կկառուցե՝ ինկածներու հիշատակը հավերժացնելու մտոք։ Անանկ որ ֆաշիստական երկիրները եթե գլխի իյնային առաջվնե և երբեք կոմունիստ չդատապարտեին, այսօր հավանաբար Խորհրդային կառավարությունը ոչ մեկ նավ ունենար իր ծովուն վրա։ Ռազմագետ ըլլալու է։ Երեքշաբթի 27. ― Վերջին ժամանակներս կառավարությունը այնքան խոշոր հարկեր կդնե նախկին առևտրականներու վրա, որք չկրնալով վճարել՝ իրար ետևէ կկախվեն։ Բայց հազիվ թե կախվողները մեր կառավարության ձեռքեն ազատվեն։ Հարկային տեսուչը այսօր ծանր հիվանդացավ և շուտով անդիի աշխարհը երթա պիտի․․․ Բացի այս, ի տես այս մասսայական կախվողներու, օրենք մըն է հրատարակեր կառավարությունը, որով խստիվ կարգելվի կախվել առանց․․․ հարկը մուծելու, և ըստ այդ օրենքի՝ բոլոր կախվողները սովորականի կարգով, կդատապարտվեն գնդակահարության։ ⁕ Պարտված Գերմանիան հուշագիր մըն է ներկայացուցեր Անգլիո, որով հավասար սպառազինության իրավունք կպահանջե Անտանտեն։ Անգլիա կմերժե նման պահանջը՝ բարեկամական թոնով հայտնված չըլլալուն համար։ Գերմանիա ետ վերցուց գրությունը՝ ժպիտով դիմելու համար։ Չորեքշաբթի 28. ― Իրոք որ մեր երկիրը կամաց֊կամաց «դրախտ» կդառնա կոր։ Այսօր ծակվեցավ վերջին վարտիքս ու ես արդեն մերկ եմ։ Բայց, ո՜վ Աստված, սա երկու տարի է ես խնձո՜ր չեմ կերեր, ինչո՞ւ մերկացուցիր զիս։ Կամ երբ մերկացուցիր, ինչո՞ւ չես վռնդեր «դրախտեն», երթանք քիչ մը օր ու արև տեսնանք։ Մեռանք է՛։ ⁕ Բայց, ո՜վ Տեր, բան է, եթե պտուղ արգելելու միտք ունենաս, ոչ միայն խնձոր, այլև տանձ, սալոր, դամոն, սերկևիլ և մյուս բոլոր պտուղները արգելված հայտարարե։ Այս դրախտեն արտաքսվել ուզողներու թիվը այնքան մեծ է, որ խնձորի վրա կռվեն պիտի։ ⁕ Քաղաքիս բոլոր կոշկակարները խանութնին կփակեն։ Խորհրդային Միության՝ կաշիի փոխարեն տախտակ գործածելուն համար, կոշիկ պատրաստելու գործը կոշկակարներեն հյուսներուն կանցնե տակավ։ Հե՜յ գիտի ժամանակ․․․ Ողորմած Լենինը իր կենդանությանը ցանկացավ ողջ Ռուսաստանն ավտոներու վրա դնել, բայց այսօր փայտե կոշիկի մեջ կդրվե։ Ու Ռուսաստանը փայտե կոշիկներով պիտի վազե, Ամերիկային «հասնե ու անցնե» ․․․ Պետք չէ՞ հապա փայտե կոշիկ շինողներուն պատվեր տալ հատ մըն ալ փայտե գլխարկ՝ մեր երկրի կառավարիչի փայտե գլխուն համար։ Հինգշաբթի 29. ― Սա 12 տարի է Ռուսաստան նոր ժամացույց չի մտեր։ Հինցած ժամացույցները անհույս հիվանդներու նման ժամագործին մոտ կերթան ու կուգան։ Հարյուր ժամացույցին մեջ չես կրնար գտնել երկուսը, որ միևնույն ժամը ցույց տան։ Կարծիքներու կատարյալ ազատություն։ Եթե այս ազատությունը ժամացույցին փոխարեն մարդկանց գլուխներուն մեջ գոյություն ունենար, Ռուսաստանն ամենազարգացած երկրներեն մեկը կրնար սեպվիլ։ Սակայն ավա՜ղ։ Մարդիկ դարձեր են մեքենա, մեքենաները՝ մարդ․․․ ⁕ Անցյալ գարնան, երբ գյուղացին ցորեն էր ցաներ՝ «կուլակային տենդենց» անվանեց կառավարությունը այդ քայլը և ծլած ցորենի արտերը կրկին վարելով՝ բամբակ ցանեց։ Այս տարի, երբ Հայաստանը սովի առջև կանգնեցավ, ու ցորենը 15 ռուբլիեն հանկարծ 120 ռուբլի բարձրացավ, բամբակ ցանելը «կուլակային տենդենց» համարվեցավ նույն կառավարության կողմեն, և սկսեցին բամբակը շուռ տալ ու ցորեն ցանել։ Կառավարությունը իր ամեն տեսակի սխալների համար կուլակին պատասխանատու կտեսնի։ Այս հաշվով բոլշևիկյան կուսակցությունը իզուր կաշխատե վերացնել կուլակությունը։ Ան ատեն ստիպված պիտի ըլլա սխալ չգործել ամենևին։ Ուրբաթ 30. ― Պետությունը մասնավոր առուտուրը մեռցնելու համար շուկան քաղաքեն քիլոմեթր մը հեռացուց։ Երբ տեսավ չի կրնար մրցել իր կոոպերատիվներով մասնավորին հետ, քիլոմթր մըն ալ հեռացուց։ Այսօր արդեն մասնավոր շուկան հինգ քիլոմեթր հեռու է բնակութենեն։ Ե՞րբ պետք է հասկնա այս կառավարությունը, որ մասնավոր շուկան վերացնելու միջոցը ոչ թե զայն հեռացնելն է, այլ կոոպերատիվները ապրանք լեցնելը։ ⁕ Լավ է որ պետական շինարարությունը կանգ է առեր։ Այս թափով շարունակելու ըլլար նե, այսօր ողջ ազգաբնակչությունը զենք վերցներ պիտի ու պահակ կայներ կառուցված շենքերուն առջև։ Իր ժողովրդեն այսքան վախցող կառավարություն մը բնավ չի կրնար ժողովրդեն ընտրված ըլլալ։ Շաբաթ 1. ― Ներկա համատարած սովի բոլշևիկյան բացատրությունն այս է։ Որ շաքար չկա, այն պատճառով է, որ ժողովուրդը կուլտուրապես բարձրացեր է, ու շաքարի գործածությունը տարածված է։ Որ կոշիկ չկա, ատ անկե է, որ գյուղացիք տրեխի փոխարեն կոշիկ կհագնին։ Իսկ եթե հարցնես, թե ի՞նչն է, որ արտաքնոցները լեցված են։ ― Ժողովուրդը շատ կուտե, ― պիտի պատասխանեն անշուշտ մեր նորագյուտ սովաբանները։ ⁕ Անգրագետ մը, երբ ձեռք առնե խորհրդային որևէ թերթ, չի նկատեր պարապություն, վասնզի ճերմակ սյունակ չկա։ Սակայն հաճախորդ մը, որքան ալ անգրագետ ըլլա՝ կոոպերատիվ մտնելով իսկույն կնկատե պարապությունը, ինչու որ դարակներու մեջ ճերմակ թուղթեր են միայն փռված։ Մաքուր դատարկություն։ Ու հաճախ, երբ խանութին մեջ նստած մենավոր գործակատարուհին ինքզինքը կծախե, այդ ոչ թե հետին նպատակով է, այլ միմիայն խորհրդային առուտուրը փրկելու համար։ Կիրակի 2. ― Այսօր պառկած տեղես ելլել չեմ ուզեր։ Կյանքը մեռած է մեջս իսպառ։ Այնքան եմ մեռեր, որ մինչև չմտածեմ, չեմ զգա, թե կենդանի եմ։ Կզարմանամ, թե ինչո՞ւ Եվրոպայի ջղային հիվանդները, որ կպատրաստվին ծանր վիրահատության ենթարկվել, չեն օգտվեր Խորհրդային Ռուսաստանեն։ Այլևս ի՞նչ պետք կա մորֆինի կամ այլ թմրեցուցիչ դեղորայքի։ Կուգան, ամիս մը կապրին սա «վերելքին» երկրին մեջ, և բոլոր զգայությունին կբթացնեն։ ⁕ Այսօր ողկույզ մը խաղող տուն բերելով՝ կանչեցի տղոցս ու ըսի․ ― Երեխանե՛ր, սա կլոր֊կլոր բաները խաղող կկոչվին, սա սև է, կա նաև ասոր ճերմակը։ Երկրորդ հնգամյակը կմտնինք, եկող տարի եթե խաղող չգտնվե՝ հիշեցեք։ Երեքշաբթի 4. ― Այո՛, Երևանին մեջ խաղող չկա։ Երկիր մը, երբ առաջներ ամբողջ Կովկասը կզարմացներ իր խաղողի որակով ու քանակով, այսօր ինքը չի գիտեր, թե ի՞նչ է խաղողը։ Ինչո՞ւ, վասնզի այգիները կոլխոզ դարձան և արագ կերպով կոչնչանան անմշակ։ Այսպես երթալու ըլլա նե, շուտով պետք պիտի ունենանք մը երկրորդ անգամ նեղություն տալու Նոյ նահապետին, որ արարատն իջնա և խաղողի գյուտն ընե, հարկավ եթե սերմացու գտնե։ ⁕ ․․․ Մտքիս մեջ կըսեմ․ ― Ծո՛, Մովսե՛ս, ի՞նչ պետք կար այդքան տանջանք բերելու խեղճ Փարավոնին գլխուն։ «Բոլշևիկ պիտի բերեմ գլխուդ» ըսեիր նե, Փարավոնն անմիջապես պիտի արձակեր ժողովուրդն անապատ տանելու։ «Բոլշևիկ» բառին մեջ «արյուն» ա՛լ կա, «մահ» ա՛լ, «շնաճանճ» ա՛լ․․․ ⁕ Եթե մարդկության պատմության մեջ չորս հատ Լենին ծնված ըլլար, այժմ հասարակածային բոլոր անտառները ճղակտոր պիտի ըլլային կապիկներու ծանրության ներքո։ Չորեքշաբթի 5. ― Լսեցի, որ ազգաբնակչության յուղի մատակարարումը անցնելու է «Մասլո Տրեստին» ։ Անմիջապես տուն վազեցի ու ափսեի մեջ թափելով յուղի ամանի տակուցքը կանչեցի տղոցս ու ըսի․ ― Զավակներս, ասիկա յուղ է, լավ նայեցեք, այլևս այսպիսի բան չեք տեսնի։ Դեղնավուն գույն ունի։ Տաքութենեն կհալե ու ցուրտեն կպնդե։ Ձյունն ալ նման հատկություն ունի, զգույշ կացեք չշփոթեք։ ⁕ Գերմանիա ոտքը մեկ կոշիկի մեջ սղմած զինվելու հավասար արտոնություն կպահանջե։ Հինգշաբթի 6. ― Այս րոպեիս, եթե կինս իր շրջազգեստը հանած երթա ու կանգնե բարեկարգ քաղաքի մը հրապարակին վրա, անցորդները որքան ալ քարսիրտ ըլլան, անկարելի է անցնեն քովեն, առանց ողորմելու։ Քիչ մը բարեպաշտ քաղաքի մեջ այնքան ողորմություն կրնա ստանալ, որ մեզի բավե մինչև մեր կյանքի վերջը։ Կկարծեք՝ հարուստ չե՞նք։ ⁕ Ֆրանսացի կոմունիստ Կաշենը կմեղադրե այն սոցիալ֊դեմոկրատներուն, որք կգրեն թե «ոչ մեկ եվրոպական պետություն միտք չունե Խորհրդային Ռուսիո վրա հարձակվելու։ Այս լուրը կտարածե Ռուսաստանը իր ժողովրդյան ահաբեկելու և լավ կողոպտելու համար։ Կաշենն իրավունք ունի․ մենշևիկները կսխալեն։ Քանի Ռուսաստանը կենդանի է ինչպե՞ս կրնա պատերազմ չըլլալ։ Դոն Քիշոտի ողջ ժամանակը ժամ մը դադար առա՞վ իր նիզակը․․․ Ուրբաթ 7.― Այսօր որ խանութ մտա, չկրցի սանր մը ճարել գլուխս սանրելու համար։ Գլխու խոզանակի հետամտեցի՝ ան էլ չեղավ։ Ոտքի խոզանակ կար միայն։ Առի հատ մը և տանը եղածին հետ չշփոթելու համար՝ մեկ խոզանակի ետևը գրեցի «գլխու», մյուսին ետևը՝ «ոտքի» ։ Բայց ի՞նչ օգուտ գրելեն․ մեր ընտանիքին մեջ ես ու կինս կարդալ գիտենք, բայց մայրս ու երեք տղաքս գիր չեն ճանչնար, հետևաբար, ի՞նչը պիտի արգելե «գլուխով» ոտք սրբել ու «ոտքով» ՝ գլուխ։ Կոոպերատիվին վարիչին կըսեմ՝ արհեստանոց մը բացեք գեթ, առտուներ մտնինք, սանրվինք, անցնինք՝ կխնդա ինքն իր մեջ։ Չէ՛, իրիկուն երթամ արմատեն խուզեմ մազերս, լմննա երթա, բե՜ ախպար, ալ չուզեցինք, մազն ալ իրենց, սանրն ալ իրենց։ ⁕ Միակ օրաթերթի Կոտայքի թղթակիցը կգրե, թե գյուղացիք շարքացան մեքենայի մեջ մեղու լեցուցեր ու մեքենան փեթակի են վերածեր, իսկ մյուս գյուղատնտեսական մեքենաները դրեր են որպես պատնեշ գոմի դռան առաջ, որ անանսունները դուրս չիգան։ ․․․ Կարդալ չգիտնալուն համար, «ոտքի» ու «գլխի» խոզանակները խառներ են խեղճ գուղացիները․․․ Շաբաթ 8. ― Պետությունը արտասահմանեն 20 «կարակուլ» ցեղի ընտիր խոյեր է բերեր, իր 4000 ոչխարները բեղմնավորելու համար։ Թեև բեղմնավորվելիք հոտի քանակը շատ մեծ է համեմատած խոյերու թվին հետ, բայց կառավարությունն ալ այդ նկատառումով առանձնացուցեր է խոյերը և «խտացուցած և ուժեղ» կեր կուտա։ Ինչպե՜ս։ Մի՞թե ուժեղ կերը կավելցունե կենդանիին սեռական կարողությունը։ Այդ հաշվով, օրինակ, հիմա երբ «պատասխանատու» կոմունիստները հատուկ խանութեն «խտացած» կեր կստանան, մի՞թե իրավունք ունին պահանջելու իրենցմե յուրաքանչյուրին համար 200 կին․ ալ անդին մեզի ի՞նչ կմնա։ Ճշմարիտ է՝ մեր կերածին նայելով մենք ոչ մեկ կնկա պետք չպիտի ունենանք, բայց ձևի համար մեկական կի՞ն ալ չունենանք․․․ կար ու կարկատանի համար։ ⁕ Բայց ես այդ ազնվացեղ խոյերու տեղն ըլլայի նե, ինձի հրամցված «խտացրած կերն» ջենտլմենաբար կտանեի 4000 դամաներուս կբաժնեի ու դառնալով բոլշևիկ գյուղատնտեսին՝ երեսն ի վեր կպոռայի․ ― Ընկե՛ր, ազնիվ ոչխարի ցեղ ստանալու համար պետք չէ, որ միայն արուները ուժեղ սնվեն։ Ուժեղ սնունդը որքան արուներու, նույնքան էլ էգերուն է պետք այդ նպատակի համար։ Բայց խոյերը այսպես չեն ըսեր հարկավ և աղեկ մը կշտանալով, պիտի իյնան անոթի, միայն հարդով սնվող, խեղճ ու կրակ ոչխարներու մեջ․․․ Հետաքրքիր է գիտնալ, թե անոնք կգիտակցե՞ն, որ ըրածնին «սոցիալիստական շինարարություն» է։ Կիրակի 9. ― Ինչքա՜ն մեղմ, որքա՜ն բարեգութ է Չեկան դեպի իր «հանցավորները» ։ Չնայած որ նախապես հայտարարեր է, թե ոսկի ունեցողները բերեն ունեցածնին հանձնեն՝ այլապես բռնվողները կպատժվին, սակայն չեն պատժեր։ Անցյալներ ատաղձագործ Ղևոնդին տան մեջ 400 ոսկի բռնեց․ ոսկին գրավեց, իսկ իրեն ազատ բաց թողեց։ Այսքան էլ մեղմությո՞ւն։ ⁕ Մեր հարևան Մակար բիձան ձայնը ձգեր է գլուխը, կպոռա։ Գիշերը իր արտաքնոցը մարդ է մտեր։ Կողպանքը կոտրեր, կարիքնին հոգացեր ու փախեր են։ Հանցագործություն մը, որ ներկա արտաքնոցային կրիզիսին ավելի խոշոր է, քան հարուստ տուն մը կողոպտելը։ Երկուշաբթի 10. ― Աշնան եղանակին անպատմելի փոշոտ են Երևանի փողոցները և երթևեկը չափազանց դժվար։ Միայն Չեկայի փողոցը լավն է, այն ալ շնորհիվ այն բազմահազար լացող կանանց արցունքի, որք իրենց բռնված մարդոց տեսության երթալու ատեն կթափին ճամբին։ Ջուր ցանելու ծախս չունի քաղաքապետարանը, կհասկնանք, բայց կրնա միջնորդել, որ ամեն փողոցի գլուխ Չեկա մը կառուցվի։ Ուրիշ կերպ՝ այսքան փոշին կշնչվի՞։ ⁕ Ներկայանալի չամաշոր չունենալու համար, սա երկու շաբաթ է կուզեմ բաղնիս երթալ, չեմ հաջողեր։ Երեքշաբթի 11. ― Ասկե տարի մը առաջ, սեղանի նստելուն, երբ ճաշը վատ ըլլար, 18֊ի սովը, անկե առաջ քաշած ծանր օրերը մտաբերելով, կերպ մը կուլ կուտայինք պատառը։ Երեկի մեր ճաշը, սակայն, մնաց առջևնիս ու ոչ մեկ հիշողությամբ վար չգնաց։ ⁕ Սա չորրորդ տարին է, որ Լուսժողկոմատը համատարած պարտադիր ուսում կհայտարարե՝ «կռիվ» հայտարարելով անգրագիտությանը։ Բայց ես ժամանակը հասած կնկատեմ, որ Լուսժողկոմատը զենքը վար դնե ու հաշտություն խնդրե, վասնզի այսպիսի կռիվը բնավ ձեռնտու չէ իրեն, և այսօր եթե պատահմամբ երկու մարդ գրագետ է մնացեր երկրին մեջ, ան ալ զոհ պիտի երթա այս անհավասար կռվին․․․ Չորեքշաբթի 12. ― «Պրավդայի» առաջնորդողը կըսե, որ հիմա ավելի հացահատիկ կարդյունաբերե Ռուսաստանը, քան նախապատերազմական շրջանը։ Այս տողերը կարդալով կմտածեմ՝ այսքան ուժեղ քամիին մեջ ինչքա՜ն դժվար պիտի ըլլա մեր հրեշեջներու գործը․․․ ⁕ Անցյալ տարի աշնանը, ընկույզի համեմատական առատության պատճառով, տղուս մինչև 80֊ը համրանք սորվեցուցի։ Այս տարի ընկույզին հատը հինգ կոպեկ կծախվե։ Բյուջեիս նայելով, այս տարի տղաս համրանքը պիտի մոռնա։ Բայց շատ չեմ մտածեր․ դժվարը մինչև 15 տարեկանն է։ 15 տարեկանեն, երբ սկսե կարդալ մեր օրաթերթերու սուտերը, ինչքան հաշվե՝ կա։ Ես, օրինակ, միլիարդի մասին գաղափար կազմեցի բացառապես խորհրդային թերթ կարդալով․․․ Հինգշաբթի 13. ― Երևանի «Հոկի» դռան քարերը, օրը ցերեկով խախտվեցավ, ու եթե անմիջապես սյուներ չդրվեր դռան մեջ՝ շենքը կրնար վնասվել, իր հետ վնասելով նաև մեջը եղող խուռը բազմությունը։ Իրիկունը «Հոկի» դուռը նեղ վանդակի էր նման, որոնց արանքներեն դուրս պրծան անկուսակցական պաշտոնյաները միայն։ Կուսակցականները անխտիր ներսը մնացին։ Բոլոր գաղափարներեն միայն կոմունիզմը կպարարտացունե մարդոց, և շատ իզուր է, որ ցայսօր մսագործները այս վարդապետությունը չեն օգտագործեր իրենց անասունները գիրցունելու համար․․․ ⁕ Այսօր ավարտվեցավ Երևանի հրշեջ նոր շենքը։ Հետաքրքիր է, հրշեջները կրնա՞ն իրենց շենքի հրդեհը հանգցունել, թե՞ հիվանդ բժիշկի նման ուրիշ հրշեջ պիտի կանչեն։ Ուրբաթ 14. ― Մեր կոոպերատիվ խանութները շատ նման են ծակ ռեզինի «շիներու» ։ Մեյ մըն ալ տեսար՝ պետություն, սովխոզ, կոլխոզ միացած փչեցին ուռցուցին, բայց դեռ ոտքը չքաշած՝ դատարկ է խանութը։ Կոլխոզին մեջ բարձված միրգի սայլը ինչքան ալ արագ քշես՝ անկարելի է, որ քաղաք հասնե․ միրգը կծծվե այնպես, ինչպես նվազ ջուրը ավազոտ առվի մեջ։ Շրջանեն քաղաք կհասնե միսը միայն, եթե անյուղ է, և պանիրը՝ եթե հոտած է։ ⁕ Այս երկու օր է կպտտցունեմ Ամերիկայեն նոր եկած հայրենակցի մը։ Ճաշարանին մեջ խեղճին հետույքը գամի առավ ու շատ անհարմար ձևով պատռվեցավ փանթալոնը։ Փողոցին մեջ ինչքան համոզեցի, որ չամչնա և ձիգ քայլե, որ խորհրդային երկրին մեջ նման բաներ ոչ միայն ամոթ չէ, այլև պատիվ՝ չեղավ։ Խեղճ մարդը իներցիայով միշտ ձեռքը պատռվածքին վրա կսեղմեր՝ կարծելով, Ամերիկա է․․․ Շանաթ 15. ― Այս ուղիղ շաբաթ մըն է ես «բանվորական դիկտատուրայի» տակ կապրիմ։ Մեր բակի շենքին մեջ բերեր կապրեցունեն 15 բանվորական ընտանիք, յուրաքանչյուրը վեց անձե բաղկացյալ։ Առտվնե պատուհանիս տակ կճչան 15 ծծկեր, 15 մանկապարտեզի, 15 դպրոցի հասակ ունեցող տղաներ։ Ամեն օր գողություն կա մեջերնին։ Մեյ մըն ալ տեսար 15 կին և 8 աղջիկ միացած «պատիվ» պահանջեցին «կասկածողե» մը։ Իրար խառնվեցան 25 կնկա ձայն, ոչ, բարկացած կնկա ձայն ըսեմ, որ հասկանալի ըլլա սարսափը։ Ժամը երեքին գործատեղեն կուգան բանվորներն ու իրենց հասունացած որդիները, հայհոյելով իրարու հոգի, մարմին, կին, տղա, մեռած ու կենդանի՝ հանաքով կամ լուրջ։ Երաժշտություն մը խժաձայն։ Հա։ Եկավ իրիկունը, ապա գիշերը։ Քունի մեջեն հանկարծ վեր թռնելով՝ երկինքը կնայիմ։ Պարզ է ու աստղալից, սակայն, աս ի՞նչ հորդաներ են կշառաչեն պատուհանիս տակ։ Իմ հարցին կպատասխանե արևը, առտուն թեթև հովի օգնությամբ պատուհանես ներս բերելով ահռելի միզահոտ մը․․․ Թեև բոլշևիկյան կառավարությունը կըսե՝ համայն Ռուսաստանը բանվորական դիկտատուրա կապրե, բայց բարեբախտաբար այդ սուտ է։ Կամ ո՞վ գիտե, գուցե և ճիշտ է։ Ես Ռուսաստանը չեմ տեսեր․ համենայն դեպս, եթե հավատանք այդ կուսակցության ըսածին, կնշանակե Ռուսաստան մտնելուն պետք է թաշկինակը քթին բռնել միշտ։ ⁕ Ամեն անգամ երբ Կենտկոմի քարտուղարին քով զրույցի կերթամ, կպահանջե խոսել սաստիկ կարճ, շտապ հեռագրի լեզվով, այնպես, որպես թե բառը մեկ ոսկի արժե, դուն ալ ամսական կես ոսկի կառնես։ ․․․ Եվ այ այն քարտուղարը, որուն խոսած ճառերը երբեք յոթ ժամեն պակաս չեն տևեր․․․ Երկրորդ անգամ գնալուս պիտի ըսեմ․ ― Ընկե՛ր, ճառիդ նոր արտահայտած միտքերը քեզի, նույն միտքերու երկրորդ, երրորդ, մինչև երեսուներորդ անգամ կրկնած միտքերն ալ քեզի, թող խոսեմ քո երեսունմեկերորդ անգամ կրկնածդ խոսքերուն չափով միայն․․․ ⁕ Միջնակ տղաս հետույք հայհոյել է սորվեր մեր բակի բանվորներեն ու չմոռնալու համար իր մորը ու փոքր եղբոր վրա գործածեց այդ հայհոյանքը։ Այսօր ալ իր դասը «Լենին պապին» է պատահաբար։ Այս եռանդով եթե կրկնելու ըլլա հայհոյանքը, դպրոց երթալուն հազիվ թե սոցիալիզմի առաջնորդը զոհ չերթա տղուս սորվելու եռանդին․․․ Կիրակի 16. ― Մեր դրացի Արշակը ասկե տարի մը առաջ կռվով բաժնվեցավ կնոջեն ու գնաց առանձին սենյակ փնտրելու։ Երբ սենյակ չգտավ, նորեն Նոյի աղավնու նման եկավ թառեցավ իր կնկան վրա։ Երեք ամիսեն նորեն ատեց Արշակն իր կնկան և նորեն հոս հոն գնաց սենյակ ճարելու։ Նորեն չճարեց ու կրկին իր կնոջ վրա եկավ։ Չորս֊հինգ ամիսեն, երբ մարդն համարյա բոլորովին մոռցեր էր իր ատելությունը և մինչև իսկ սաստիկ կսիրեր կնկանը, դիպվածով, հանկարծ տեղ մը սենյակ պարպվեցավ։ Ու Արշակը սաստիկ չուզելով, համարյա լալով բաժնվեցավ կնոջեն ու գնաց իր նոր տունը։ Կնոջն ատել միշտ կարելի է, իսկ սենյակ ճարելը, ով Երևան ապրեր է, գիտե թե ինչքան անկարելի է․․․ ⁕ ․․․ Բայց կինս իզուր տեղ կգանգատե մեր փոքրիկեն, որ ան խաղի մեջ անհարատև է։ Բոլշևիկները իրենց լոզունգներուն հետ երեք օր իրար վրա չեն խաղար և սա 12 տարվա մեջ 12 հազար լոզունգ փոխեցին, մինչդեռ մեր խեղճ Կարապետը սա մեկ տարի է իր ողորմելի փայտե ձին կնորոգե ու կխաղա։ Երկուշաբթի 17. ― Լսել էինք խանութպանին խնդրել՝ լավ ձմերուկ մը ջոկել, կամ կանաչ վարունգ ընտրել, բայց չէինք իմացեր, որ գրախանութին մեջ ալ գրքերը լավ կամ գեշ կըլլան։ Կարել՞ է օրինակ, գրավաճառին ըսել՝ բարեկամ, ինձի լավ «Համլետ» մը տուր։ Չի կարելի բնականոն երկրի մը մեջ, սակայն մեր երկիրը ամեն կարելիության երկիրն է․ հոս գրքերն ալ հասած պտուղին նման թարմ ու լխկված կըլլան։ Այսօր, երբ մտա Պետհրատի գրախանութը, Ռեմարկի «Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է» առնելու, մեկ գործակատարը մյուսին ըսավ կամացուկ․ ― Լավերեն տուր։ ― Գրքին վա՞տն ալ կա, ընկե՛ր, ― ըսի չհամբերելով։ ― Կա, ահա, ― ըսավ ան՝ պարզելով ինձի գիրք մը, որուն էջերը համարյա անընթեռնելի էին վատ թուղթին ու տպագրությանը համար։ Ու հանկարծ «Ամերիկային հասնելու ու անցնելու» բոլշևիկյան լոզունգն միտս ընկավ․․․ Ամերիկան, ուր որ այսօր գրքերն միատեսակ տպագրելե զատ կաշխատեն իրենց քաղաքացիները միատեսակ ծնեցունել։ Մեր երկրին մեջ ոչինչ կա միատեսակ ու ընդհանուր՝ տխմարութունեն զատ։ ⁕ Մահապատիժներու «կոմպանիան» վերջացավ, ասկե վերջ պետական գույքն ազատ կարելի է գողնալ։ Երեքշաբթի 18. ― Բանկոոպի համար 13 կոշիկի խանութը ամենեն ուշը պիտի փակվե։ Շատ կարելի է բնավ չփակվե։ Խանութն իր կոշիկները դեռ տարի մը առաջ է ծախեր, կմնա զույգ մը միայն, որոցմե մեկը մյուսեն 12 սանթիմով մեծ է։ Բանկոոպի վարչությունը հաստատ որոշում ունի, պահել խանութի գործակատարին և ամսական 80 ռուբլի ռոճիկ տալ մինչև այն ժամանակ, երբ գտնվե մեծ ու փոքր ոտք ունեցող գնորդ մը այդ հատուկ կոշիկին համար։ Պետությունն խնայողական ռեժիմի է անցեր, անիկա չի կրնար խոտան հայտարարել բոլորովին նոր զույգ մը կոշիկ, որք ընամենը 12 սանտիմի տարբերություն ունին իրարմե։ Ան իր նյութական միջոցները ջուրեն չի հանած, որ ջուրը լեցունե։ ⁕ Ըսենք, ճիշտը զրուցած՝ պետությունը չի հոս մեղավորը։ Խորհրդային գործարանին և գնորդին պահանջին միջև համաձայնություն չկա։ Փոխադարձ զիջողություններով միշտ կարելի է խոտանին վերջ տալ։ Օրինակի համար, եթե գործարանը անկարող է իր կաղապարը տաշել քիչ մը, ատոր փոխարեն կրնա մայր֊գնորդը քիչ մը անհամաչափ ոտներով տղա ծնանել։ Արդեն մենք սորվեր ենք ամեն զոհողություն մեր գործարաններեն պահանջել․․․ Համենայն դեպս, համար 13 խանութին գործակատարին շնորհավորել կարելի է յուր բախտավորությանը համար։ Անիկա այլևս անգործություն չի տեսնելու։ Այս օրինակով եթե բանկոոպի վարչությունը իր համար 14 խանութին մեջն ալ հատ մը շալվար կախե՝ ոտները մեկը մյուսեն 20 սանթիմ երկար, համար 15 խանութին մեջ ալ ակնոց մը՝ մեկ ապակին մյուսեն երկու անգամ խոշոր, կամ մեկը սև, մյուսը ճերմակ, իր խանութներեն ոչ մեկը չի փակվե ապրանքի սովեն։ Չորեքշաբթի 19. ― Շիրակին մեջ քաղվոր գյուղացի մը, անսալով կառավարության «հարվածային աշխատանք» կոչին, մի օրվա մեջ երկու օրվա գործ է կատարեր ու շնչահեղձ ինկեր մեռեր է։ Պաշտոնաթերթը տվավ հանգուցյալ «հարվածայինի» պատկերը և քաջալերեց հետևելու նրան։ Ճիշտ նույն թվին տրակտորիստ մը հանդիմանության կարժանանա մեքենան սովորականեն արագ քշելու համար․․․ Ասդին ալ «կենդանիները հովանավորող ընկերությունը» կարգելե ավանակներուն 50 քիլոյեն ավելի բառնալ։ Այս աղաղակող խտրության ի տես ի՞նչ կմնա մարդուն ընելու։ ― Պոչ մը առնել ու ավանակներու «կոլեկտիվին» մեջ մտնել․․․ ⁕ Ճապոնիա՛, եթե մտադրված ես Խորհրդային Ռուսաստանին զարնելու՝ զարկ։ Այսպես սպասողական ապրիլը չապրելեն գեշ է իրեն համար։ Հինգշաբթի 20. ― Դերասան Հովհաննես Աբելյանը, իր դերասանությանը վերջ տված, կովկասյան երեք հանրապետություններու մեջ իր հոբելյանը խաղալով ման կուգա՝ ի խնդիր քանի մը ռուբլիի։ Հիշյալ հանրապետությանց բոլշևիկ կառավարությունները, թեև համր ու խուլ դեպի ամեն տեսակ ազգային ու իսկական գեղարվեստական արժեքները, այնուհանդերձ «այլև այլք» ֆոնդեն քանի մը գրոշ կնետեն նման հոբելյարներուն։ Ճիշտ այնպես, ինչպես հայերեն չգիտցող անգլիացի մը կվարձատրե հայ բանաստեղծի մը։ ⁕ Բայց անկախ այս բոլորեն, ես հոբելյան ըսածդ բնավ չսիրեցի։ Մարդս ինչ արհեստի ալ ծառայելու ըլլա՝ պետք է իր սև օրվա համար մտածե։ Չէ նե երիտասարդ ժամանակը դրամն աջ ձախ վատնե ու ծերանալուն, անոթի կենա հասարակության առաջ, թե ստակ տուր ուտեմ։ Ապրելու այս ձևը ինչ անուն ալ կրելու ըլլա՝ մուրացկանություն է։ Ուրբաթ 21. ― Այսօր «կոլխոզ» խանութներու վարիչը շուկա իջած կողպեք կհավաքեր իր խանութները փակելու համար։ Պիտի ըսեք՝ ի՞նչ պետք կա փակելու խանութ մը, երբ դատարկ է։ Ընդհակառակը․ մեզ մոտ դատարկ խանութն ավելի փականքի պետք ունի, քան լեցունը։ Այսպես՝ Լեցուն խանութ գիշերանց մտնողը կմաքրե, մինչդեռ դատարկ խանութին այցելուն՝ կկեղտոտե։ Հոն կկատարվեն խորհրդավոր սպանություններ, ապօրինի ծննունդներ ու կհղանան «կույսեր» ։ Վերջապես ֆիզիկային ծանոթ յուրաքանչյուր մարդ գիտե, որ բնությունը դատարկություն չի սիրեր, անիկա բանկոոպ չէ։ ⁕ Լենինականի բանտային տեսուչը, որ կուսակցական էր և 72 տեսակ հանցագործություն միաժամանակ գործեր էր, փոխանակ պատժվելու, պաշտոնի բարձրացում ունեցավ։ Ինչպես հին Հունանստանին մեջ, փաստաբան մը, ****** կնոջ մը արդարացնելու համար հայտարարեց՝ «գեղեցկությունը ինքը օրենք է», անանկ ալ ես կհայտարարեմ․ «կոմունիստն ինքն արդարություն է մեր կարգերուն մեջ» ։ Շաբաթ 22. ― Բոլոր ամուսնացողները տարբեր ժամանակներու մեջ տարբեր հատկություններ են փնտրեր իրենց հարսնացուին մեջ։ Կուշտ դարերուն մեջ նրբահասակ, բարեձև կանայք կփնտրվեին, իսկ հիմա միայն պարարտ, միայն թիկնեղ։ Թիկնեղ, որ հերթերու դիմանան, պարարտ, որ առանց ուտելու գեթ ամիս մը ապրին։ ⁕ Մեր թաղային խանութի գործակատարուհին խոշոր գիրք մըն է վերցուցեր կարդալու ու մխրճվելու մեջը։ Գրքի ծավալին նայելով մեր թաղը այս ամսուն ստանալիք չունե․․․ Կիրակի 23. ― Ինչպես գիտեք, մինչև հիմա, երբ դեռ կոլխոզի գոմեր չէին շինված, կենդանիները գաղափար չունեին դժոխքի մասին և հանդերձյալ կյանքով չէին ապրեր, վասնզի ոչ մեկ կենդանի բնական մահով կմեռներ։ Կենդանին մահվան նշաններ ցուցնելուն պես կմորթվեր ու մաս֊մաս կտրտվելով կանէանար։ Հիմա սակայն, շնորհիվ նոր կարգերու, շատերը կենդանիներեն բնական մահով կմեռնեին ու փառքով կթաղվեին։ Այսպես՝ ենթադրենք հոտի մը մեջ 100 ոչխար հիվանդ են և հաստատ մտադրված են սատկել։ Մորթեր չես կրնար․ պետք է սարեն իջնես ու զեկուցես «բազայի» վարիչին այդ մասին։ Բազայի վարիչը խոմ բժի՞շկ չի, պետք է հեռագրով քաղաքեն անասնաբույժ կանչվե՝ «ակտ» կազմելու համար։ Հեռագիրը, չեմ գիտեր, գուցե Ամերիկային մեջ ավտոմոբիլով կճամբեն, բայց մեզ մոտ սայլով է, օրական 15 քիլոմեթր կերթա կպառկի։ Այս ձևով չորս օր հեռագիրը կերթա, չորս օրեն ալ բժիշկը կուգա, երբ կենդանիները չկրնալով ինքզինքին զսպել, մեռած են արդեն ու զետեղված «եղբայրական գերեզմանին» մեջ։ Է, կենդանի մը, երբ բնական մահով մեռած է և օրինական ձևով թաղված, բոլոր իրավունքն ունի հանդերձյալ կյանքին մեջ արքայություն կամ դժոխք պահանջելու։ Ու մեղավորները կոլխոզի գոմ կերթան, արդարները՝ մենատնտեսի։ ⁕ Հունաստանեն եկած բան․ թղթակից Մ․ Քիպապչյանը գյուղե֊գյուղ կշրջե և աջ ու ձախ դուրս մնացած կենդանիներու համար գոմեր կկառուցե․․․ թերթին մեջ։ Այսօր Եղվարդի կոլխոզ գոմի բացումը կավետե գյուղին։ Կենդանիները կգնահատեն վաստակավոր թղթակցին ջանքերը և բացման ժամանակ, կըսեն, պատկառելի եզներն անգամ, ետ֊ետ գնալով, գոմ մտնելու նախապատվությունը Քիպապչյանին տված են․․․ Երկուշաբթի 24. ― Սա ուղիղ մեկ շաբաթ է, կուսակցական պաշտոնաթերթը լեզվակը բռնած, կուսակցական ոգու անկումը կահազանգե իր էջերուն մեջ, վերեն ի վար։ Գիտե՞ք «կուսակցական ոգու անկում» ինչ կնշանակե։ Այդ կնշանակե, թե կուս֊մասսան զգացեր է, թե իրենց բռնած այս ճամբան դեպի սոցիալիզմ չի տաներ, հիասթափվեր է, զղջացեր ու կպատրաստվե ճշմարտությունը խոսելու, ու Կենտկոմը կուզե ոգին բարձրացունել։ Իսկ գիտե՞ք ինչ կնշանակե «ոգին բարձրացնել» ։ Այդ ալ կնշանակե՝ ուղեղը հանել մասսայի գլուխեն և զգայությանց նյարդերու ծայրերը տանել Ցեկա։ Բան մը բերան դնելուն պիտի հարցնես․ ― Ինչի՞ համ առնեմ։ Եթե Ցեկան սերկևիլի ըսավ, սերկևիլի համ պետք է առնես, եթե տանձի՝ տանձի։ Իսկ Ցեկայեն հեռու ինկած վայրերու համար կա ընդհանուր կանոն։ Կյանքին մեջ ինչ որ տեսնես հակառակը պիտի գործես։ Եթե գյուղի կոլխոզեն բոլորը դուրս են եկեր, բնավ մարդ չի մնացեր, պիտի գրես՝ «գյուղն ամբողջ կոլխոզ է մտեր, բնավ մարդ չի մնացեր դուրսը» ։ Եթե հոկտեմբերի տոնին ոչ ոք չկա փողոցը ու գերան ձգելու տեղ կա՝ պիտի ըսես՝ «այնքան բազմություն էր լեցվեր, որ ասեղ ձգելու ճար չկար» ։ Ահա այս էր կուսակցական ոգու անկում, և այս նույն ոգու բարձրացումը։ ⁕ Թաղի կանայք մեծ սարսափով և զգուշությամբ կհաղորդեն իրարու, որ Գևոյին կինը տղա է բերեր։ Այս դժբախտության շուրջ կարծիքներու միաբանություն չկա։ Ոմանք կդատապարտեն կինը «արսըզ» համարելով, այլք կարդարացունեն՝ ըսելով․ ― Ի՞նչ ըներ խեղճը, աղքատ կին, 20 ռուբլի ուրկե՞ գտներ վիժում կատարել տալու համար․․․ Երեքշաբթի 25. ― Սա անգլիական կերպաս հագնելն ալ հեշտ չի եղեր ու սարսափելի ծախսոց կկարոտե։ Ութ տարի առաջ քոստյում մը առի։ Երեք տարի անընդհատ հագա՝ չմաշվեց, բայց գույնը նետեց, ստիպված 13 ռուբլի ներկելու տվի։ Չորրորդ տարին ուտելիք ունեինք՝ գիրցա․ գիրցա ու ստիպված 20 ռուբլի դերձակի տվի քիչ մը լայնացնելու համար։ Անկե վերջ եկավ սա սոցիալիզմին շտապ հասնելու և Ամերիկային անցնելու շրջանը, երբ երկիրը աղքատացավ և ուտելիք չճարվելու հետևանքով՝ պզտիկ մարդ մը, կամ ավելի ճիշտ՝ պզտիկ կին մը կտեղավորվեր մարմնիս ու քոստյումիս միջև, այնքան նիհարեր էի։ Տվի 24 ռուբլի ալ նեղցունելու։ Սա խայտառակություն է, չէ՞։ Ափսոս չէի՞ն ռուսական կերպասները։ Երկու անգամ հագնես ու երթաս հացի հերթ կայնես՝ կոլորվի կերթա, առանց ծախս պատճառելու քեզի․․․ ⁕ Երեք ճոթի հերթին մեջ կին մը ու տղամարդ մը մարեցան։ Կոոպերատիվին վարչությունը իր տեղեկագիրին մեջ կըսե․ «անոնք նոր սիրահարներ էին, որք ուխտեր էին մեռնել միասին» ։ Կինը 83 տարու էր, մարդը 90։ Չորեքշաբթի 26. ― Այսօր սիրտս շատ էր լեցված։ Եթե Աստծու հավատայի, ծունկ չոքած պիտի աղոթեյի ու լայի։ Բայց այս անիրավ Աստվածաշունչին Աստվածն ալ շատ է առասպելական։ Կըսե Աստված առավ հող, թքեց վրան, շաղախեց ու ատկե մարդ շինեց, անունը Ադամ։ Եկեք խելքով դատենք։ Միջին ծանրության մարդ մը հինգ փութ կկշռե՞։ Այո՛։ Է, հինգ փութ ցեխ շաղախելու համար առնվազն երեք դույլ թուք է պետք։ Աստված քանի՞ օր թքե, որ այդքանը գոյացունե։ Իսկ մեկ անգամ թքածով շինված մարդն հազիվ բզեզի մեծությունն ունենա, ալ ինչպե՞ս անունը Ադամ կդրվե։ Չէ՛, եղբա՛յր, ես չեմ կրնար։ Այս տեսակ անհեթեթ սուտի հավատալու համար անպատճառ բոլշևիկ պիտի ըլլալ, պայմանով, որ սուտն ալ Ստալինը խոսե․․․ ⁕ Այսօր տղոցս դաստիարակության վերաբերյալ աննշան վեճ մը ունեցա կնկանս հետ և չկրնալով զսպել ինձի՝ «տգետ» անվանեցի զինքը։ ― Լավ, տգետ եմ, թող տուր ես մեռնիմ՝ գնա լուսավորյալ կին մը առ, ― ըսավ ինձի ու չկրնալով հուզմունքը պահել՝ լացավ դառնագին։ ― Լա՜վ, բան մըն էր ըսի, կնիկ, դուն ալ ինչո՞ւ կուլաս, ― զղջացած ըրածիս վրա՝ ըսի մոտենալով իրեն։ ― Չէ՛, ես տգետ եմ, ես պիտի մեռնիմ, ― կրկնեց կինս, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ սղմած։ ― Նախ՝ տգետները հիմա չեն մեռներ․ կնիկ, ― ըսի խնդալով, ― տգետները հիմա կապրին, և փառավոր կապրին։ Հիմա կմեռնին գիտունները․ անանկ որ, եթե որոշեր ես անպատճառ մեռնիլ, աշխատիր գիտություն ձեռք բերել․․․ Հինգշաբթի 27. ― Ազգերի լիգան Զվիցերիո մեջ կգումարվե սա երկու տարուց ի վեր է։ Բոլոր մեծ պետությունները կուգան կնստեն, կխոսեն իրարու հետ, շահավետ գործարքներ կկատարեն, երկիրներ կուտան, երկիրներ կառնեն, սակայն այդ մեծասուտններեն ոչ մեկը չի մտածեր քանի մը թիզ երկիր նվիրել Զվիցերիո, այդ պզտիկ ու աղքատ պետությանը, որ ողջ ժողովին աչքը տնկած՝ դիվանագետներու բերնին կնայե՝ բերնի թուքը կուլ տալով։ ⁕ Կոմկուսակցությունը կգանգատե, որ իր անդամները չեն աճեր։ 12 տարեկան հասակին մեջ կուսակցությունը իր արբունքը կվերջացունե ըսել է։ Եթե պառավական դեղերու հավատար, ես կառաջարկեի յախու փակցունել կռնակին․․․ Ուրբաթ 28. ― Տաճկաստանը և առհասարակ այն բոլոր երկրները, որք քաղաքակրթութունեն զուրկ, անկարող են իրենց բռնած տարածությունը օգտագործել հարյուր տոկոսով, և սակայն իրենց ագահ աչքերը տնկած են այս ու այն կողմեն նոր երկիրներ կորզելու, նման են այն պառաված ձիուն, որն ինչպես գարին կկլե՝ նույնությամբ կարտաթորե։ Ու ինչպես այդ անատամ ձիերուն ետևեն ճնճղուկներու տարմեր կշրջեն անոր թրիքն քջջելու ի խնդիր, անանկ ալ կոնցեսիոներ պետությունները կպտտեն Թուրքիո ու նման երկրներու ետևեն․․․ Տխմարներ, ամոթ չէ՞ ձեզի։ Զարկեք ձիու դնչին ու մաքուր գարին վայելեք։ ⁕ Ոչ մեկ ատեն Հայաստանին մեջ այսքան դպրոցներ չեն եղած, և սակայն ոչ մեկ ժամանակ ժողովուրդն այսքան տգետ չի եղած։ Այնպես ինչպես ճրագը, փոխանակ լույսի, ծուխ տա։ Շաբաթ 29. ― Դրամն ինկած, աշխատավարձը չնչին։ Առաջ տունեն մեկը աշխատեր՝ վեցը կուտեին։ Հիմա վեցն աշխատեն, մեկը չեն կրնար կերակրել։ Այդ պատճառով բոլորը աշխատանքի կերթան։ Երեկ փողոցեն անցածս ատեն, տեսա մայր մը իր ծծկեր երեխան «մսուրը» դրած գործի երթալ կուզեր։ Տղան ներսեն կուլար, մայրը՝ դուրսեն, իրարմե անջատվել չկրնալուն համար։ Տղուն դայակը ներսեն կհորդորեր չիլալ, մոր վերակացուն՝ դուրսեն։ Բայց ի՞նչ հորդոր։ Երկուսին լացը կտրելուն համար պետք էր կաթ տալ։ Իսկ կովը՝ ցամքած։ ⁕ Կսվի, թե երկրի ղեկը պիտի անցնե «աջերու» ձեռքը։ Սա կառավարությունն ալ երբեք երկու տարի մեկ կողքի չպառկեցավ, միշտ տարի մը աջ, տարի մը ձախ կողքի շուռ եկավ։ Ես ասանկ անհանգիստ կքնանայի ժամանակ մը, երբ իրիկունները կուշտ կուտեի․․․ Կիրակի 30. ― Բժիշկը պզտիկ աղջկաս համար ձկան յուղ է նշանակեր, բան մը, որ ինչ ըրինք չկրցինք խմցունել։ Այդ պատճառով մայրը ամեն կերակուրին մեջ քանի մը կաթիլ կլեցունե։ Երեկ բորանիին մեջ կերևի շատ էր լեցուցեր։ Մեյ մըն ալ տեսա որձկաց աղջիկս ու վրա՜ս, գլուխս ողջ բորանի շինեց․․․ Այսպես կվարվեն նաև այժմու վարժապետները։ Կուզե հաշվապահություն ավանդեն, կուզե քիմիա կամ աստղաբաշխություն, ամեն առարկայի մեջ պիտի «լենինիզմ» խառնեն, հակասական աշակերտի ճաշակին ու ախորժակին։ Սակայն թող զգույշ մնան վարժապետները իմ օրն չիյնալու օր մը․․․ Երկուշաբթի 31. ― Այսօր շատ ծանր բարձված ավանակի մը տեր առանց պատճառի սկսեց խարազանի տալ խեղճ կենդանիին գլուխը։ Այս տեսարանը, եթե քիչ մը գերեզմանոցի քովը կատարվեր, անկարելի էր, որ կենդանիներուն հովանավորող Հովհանես Մալխասյանը կարենար համբերեր իր գերեզմանին մեջ և չհարձակվեր իշապանին վրա։ ― Մա՛րդ, ինչո՞ւ կծեծես խեղճ կենդանիին, ― հանդիմանական դարձա իշապանին։ ― Ես ինքզինքս հարվածային եմ հայտարարեր, ընկե՛ր, այդ պատճառով կհարվածեմ։ ― Հա՜, ներողություն։ ⁕ Չոպանյանը նորեն Փարիզեն ելլեր կուգա կաթողիկոսական ընտրությանը մասնակցելու համար։ Ինչքան կհիշեմ՝ բոլոր կաթողիկոսական ընտրությանց մասնակցած է այս մարդը։ Այս անգամ լավ կընե, որ մեկ անգամեն երկուսն ընտրե, որ ամեն անգամ ստիպված չըլլա Փարիզեն ելլել Հայաստան գալ։ Հիմակվա կաթողիկոսները մեկ տարի չեն դիմանար, ըսես Խորհրդային ապրանք ըլլան․․․ Երեքշաբթի 1. ― Այսօր կերակուրիս պնակին մեջ միսի կտոր նշմարեցի ու մնացի զարմացած․ ― Կնիկ, կերակուրը միսո՞վ ես եփեր։ ― Խոմ նո՞ր չէ․ սա շաբաթ մըն է միս կուտես։ ― Հի՞։ Յա նախապես չըսե՞ս, որ քիչ մը սնունդ առնենք, կնիկ․․․ ⁕ Համառ կերպով կխոսվե, որ Հայառը Հայաստանի համայն քահանայության ֆարաջացու պիտի բաց թողու, կաթողիկոսական ընտրությանը հագնելու համար։ Բայց կհավատացնեմ ձեզի, որ ընտրութունեն վերջը պիտի հանե ֆարաջաները վրաներեն։ Ճիշտ այսպես պատահեցավ համաշխարհային պատերազմնին ատեն գերմանական բանակին հետ։ Երբ Վիլհելմը ճակատ կայցելեր, զինվորներին նորեր հագցուցին, գնալուն՝ անմիջապես հանեցին։ Չորեքշաբթի 2. ― Հայաստանի համալսարանի դասախոս պրոֆ․ երկրաբան Աբդալյանը, գաղտնի սահմանն անցնելով, Տաճկաստան փախավ։ Ժամանակ մը Սուլթան Համիդի երկրին հայերը Ռուսաստան կփախնեին ծածուկ։ Ժամանակ մըն ալ ցարական Ռուսաստանեն սահմանադրական Տաճկաստան փախան հայեր։ Ինչպես կտեսնեք, փախնողին ետևի կողմը միշտ բռնակալ մըն է եղեր նստած։ Բայց մի մոռնաք, որ Տաճկաստանը այն երկիրն է, ուր կոտորվեցավ մեկ միլիոն հայություն։ Ու այսօր, երբ հայ մը կփախնե այն երկիրը, ուր հայերը կկոտորվին, այդ նշան չէ՞, որ սահմանեն ասդին կոտորածեն ավելի գեշ բան մը տեղի կունենա։ ⁕ Ցմահ բանտարկությունը և մահվան պատիժն ամեն օրենսգրքերու մեջ համազոր պատիժներ են և իրարով փոխարինելի։ Մենք բանտարկված ենք այս երկրին մեջ և մեր կամքով թողնել անկարող ենք՝ մենք մահվան դատապարտվածներ ենք։ Հինգշաբթի 3. ― Այս տարի Աստվածածնի տոնին, կռվի հետևանքով երեք հոգի սպանվեցան։ Նույն ամսվա մեջ քաղաքի զանազան մասերուն մեջ 13 սպանության դեպք արձանագրվեցավ։ Կառավարությունը եթե իրոք կուզե սպանությանց դեմն առնել, պետք է օրենք մը հրատարակե, որով սպանողները պարտավոր են սպանվածներու թաղման հոգսը քաշել։ Թաղումը Երևանին մեջ այնքան դժվար է ու այնքան անտանելի, որ սարսափեն ոչ մեկը իր սուրը պատենեն չի հաներ։ Միայն նման օրենքի վատն այն կըլլա, որ կարող է պատահել, ճիշտ է, սպանելու ցանկությունը մեռնե ժողովրդին մեջ, բայց ատոր փոխարեն սպանվելու ցանկությունն ավելնա։ Դուք չեք գիտեր, թե որքան շահամոլ ու ծույլ է մեր ժողովուրդը․․․ ⁕ Բարեկամուհի մը ունիմ, որ տղա ունենալու համար սա երրորդ տարին է հանքային ջուրեր բուժվելու կերթա։ Իր չորրորդ երթին միայն, կես ճամբին միտը կիյնա, որ ախար մա՜րդ չունի ու ետ կդառնա։ Բայց ըստ իս, մարդ ունենալեն հետո ալ ծննդաբերության հարցը լիակատար չի կրնար լուծվել։ Պետք է նաև երրորդ պայման մը՝ այդ երեխան փաթթելու համար շոր ունենալն է։ Ասիկա ամենևին երկրորդական հանգամանք մը չէ, մեր երկրին մեջ ասիկա է առաջնակարգ հանգամանքը։ Առանց մարդու կարելի է բեղմնավորվել (Մարիամ Աստվածածին), հիվանդ արգանդով հնարավոր է հղանալ, բայց առանց բարուրի անհնար է։ Տվեք թոփ մը կտոր, և պատահած ամուլը ինն ամիսեն ձեզի երեխա մը կուտա․․․ Ուրբաթ 4. ― Անցյալներ կմեռնե անծանոթի մը կինը։ Կելնե վշտացյալին մխիթարանքի երթալու իր ընկերներեն մեկը։ Ու որովհետև դժվար էր, այդ պատճառով երկար ճամբան կընտրե մխիթարանքի որևէ խոսք գտնելու հույսով։ Տուն հասնելուն, միակ մխիթարանքը, որ կրցեր էր գտնել, այդ այն էր թե՝ ― Մի՛ մտածե, մենք մահկանացուներ ենք, շուտով իմ կինն ալ կմեռնի․․․ ― Հա՞, եթե այդպես է, հիմա գնա՝ նոր այն ատեն եկուր մխիթարանքի։ Ան ատեն ես իսկապես որ պիտի դժբախտանամ, ― կպատասխանե մեռածին ամուսինը․․․ ⁕ Քանի որ կենդանի մարդն ինքզինքը չի կրնար մեռած երևակայել, ու մեռած մարդն էլ ինքզինքը կենդանի տեսնել, ուրեմն մեռածն ու կենդանին ոչ միայն միևնույն անձը չեն, այլև անծանոթներ են։ Ես մեռնելես վերջ անծանոթ մըն եմ ինձի և ինձի չեմ ճանչնար։ Շաբաթ 5. ― Գրասեղանիս վրա բացիկ մը կա, որ Թունիս քաղաքը կներկայացնե։ Թեև երևելի տեղ մը չէ, բայց որովհետև մարդիկ հոն ազատ կապրեն, ուզենան կհարստանան, ուզենան կաղքատանան ու ոչ մեկ պատիժ չեն կրեր, այդ պատճառով ժամերով կնայիմ այդ նկարին ու երևակայությամբ կսլանամ Թունիս։ Բայց ետքեն զգալով, որ ըրածս հանդգնություն է և Չեկան կրնա հետևել ինձի․ կամացո՜ւկ մը հայացքս կհեռացունեմ բացիկեն․․․ Ես վախկոտ չեմ, բայց զգուշությունը աղեկ բան է․․․ ⁕ Այսօր կինս 200 ընկույզ էր առեր կոոպերատիվեն։ Ջարդեցինք ու երկու հարյուրեն միայն մեկը սաղ դուրս եկավ, ան ալ ես ետ դարձուցի, կարծելով թե խանութը սխալմամբ է տվեր։ Կիրակի 6. ― Նոր դպրոցը կտարբերվե հինեն նաև անով, որ տարեվերջին վերեն կհրահանգվե դպրոցներուն, թե ո՞ր դասարանը որքա՞ն թույլ աշակերտ է ունենալու (ճիշտ այնպես ինչպես գյուղերու մեջ կնախասահմանվե կուլակներու թիվը) ։ Անանկ որ, ուսումնական տարին ավարտելով, ուսուցիչը չի դներ աշակերտներու առաջադիմության նիշերը և կսպասե Լուսբաժնի հրամանին։ Այս սիստեմը թեև կհակասե իրականությանը, սակայն «պլանաչափություն» կմտցնե գործին մեջ, գաղափար մը, որուն համար հոգին կուտա սա կուսակցությունը։ Ասկե զատ թույլ աշակերտ «ունեցող» ուսուցիչը պարտավոր է ամառը պարապել ու հասցունել։ Բնական է, եթե թողնվեր ուսուցչի կամքին, անոնք բնավ թույլ աշակերտ չպիտի «ունենային» ՝ պարապելու վախեն դրդված։ Չէ՛, մի՛ ըսեք, լավ կողմեր շատ ունի աս ռեժիմը։ ⁕ Աս ամռան գյուղեն վերադարձին հետերնին հավ մըն են բերեր մերոնք։ Պատուհանես կնայիմ, հարևան թուրքի աքաղաղը խեղճ գեղջկուհիին երեսն անգամ չի ուզեր նայել։ Մի՞թե կենդանիներու մեջ ալ գյուղացի֊քաղաքացի կա․ միևնույն փետուրե կարված զգեստներ, միևնույն երկարությամբ պոչերը ետևնին․․․ Ու մեկեն հանկարծ կմտածեմ։ Եթե հավերն ալ մարդոց նման զգեստցու ձեռք բերելու համար կոոպերատիվի դռան հերթ կայնելու ըլլային՝ թեթև հրում մը շարքի ետևեն՝ ետևի կեցողին կտուցը առաջինին ետևը մտնելով, շղթայվեին պիտի իրար, կազմելով մեկ միացյալ հերթ։ Հետո ալ կմտածեմ։ Ի՜նչ լավ է, որ մարդիկ կտուց չունին։ Երևի Աստված այս անպատեհությունն ի նկատ ունենալով է, որ թռչուններուն փետուր է պարգևեր։ Հապա սոցիալի՞զմը։ Ինչպե՞ս պիտի «սոցիալիզմ» կառուցեն» թռչունները, երբ զրկված են հերթի կենալու հնարավորութենեն․․․ Երկուշաբթի 7. ― Գյուղացին քիլո մը կարագ կծախեր։ ― Քիչ մը մազ կա մեջը։ Մազերը ջոկեք՝ հրաշալի կարագ է, ― կըսեր ան մոտեցող հաճախորդուհուն։ ― Մազը հանե՞նք, ալ ի՞նչ կմնա մեջը, ― վրա բերավ մեկը։ ― Ախպե՛ր ջան, բերածը եթե իբրև բուրդ ծախես ավելի կշահես, քան կարագ, ― ավելցուց մյուսը։ ⁕ «Վնասարարությունն» այսպես կըլլա ահա։ Մեր պետական գործարանները այնքան բուրդ չունին, որ ծիտերու ու աղավնիներու բուները կքակեն՝ մեջի բուրդերը օգտագործելու, ասոնք մաքուր բուրդեր կբերեն քաղաք և իբրև յուղ կծախեն․․․ Երեքշաբթի 8. ― Լենինականեն Երևան գալուն, երկաթուղին ժամեր շարունակ տաճկական սահմանագիծը քերելով կանցնե։ Միջակ խոսող կոմունիստ ճառախոսի մը թուքը հեշտությամբ Թուրքիա կրնա ցայտել։ Այնքան մոտիկ է։ Ամեն անգամ այդ ճամբան անցնելուս կզարմանամ ու կապշեմ։ Ինչպե՞ս, այդ ինչպե՞ս կրնան այսքան ազատ ու այսքան բռնակալ երկրներ քով քովի ապրիլ, առանց զիրար հրմշտելու։ Կտեսնեմ Տաճկաստանի դաշտերու մեջ կարածեն ընտանի անասուններ ու կհարցնեմ ինքս ինձի․ ― Ծո, մի՞թե ազատ երկրին մեջ ալ անասուն կըլլա։ Երկրի մը մեջ, ուր մամուլի ազատություն կա, ուզածդ կրնաս կարծել առանց բանտարկվելու, այլ կուսակցության պատկանել՝ առանց գնդակահարվելու, ինչո՞ւ անասուն ըլլա։ Չէ՛, Տաճկաստանը լավ առևտրական չե․ ան պետք է իր երկրի բոլոր չորքոտանիներուն երկու ոտքի վրա կանգնեցունե, որ վայելեն քաղաքական ազատությունը, իսկ եթե անասունի կարիք ունի, կրնա ուզածին չափ ներմուծել իր «մեծ հարևանի» երկրեն։ Սահմանին ասդին Ստալինը 150 միլիոն անասուն ունի, որք կերի պակասեն կմենին․․․ ⁕ Եթե Թուրքիա իր անասունները լիկվիդացիայի ենթարկե, պոչը այնքան կառատանա, որ մեզ յուրաքանչյուրիս երկուսական պոչ կհասնի։ Չորեքշաբթի 9. ― Մաքսիմ Գորկու անվան դպրոցեն անցնելուս՝ տեսա ուսուցիչը կզբաղվեր թույլ աշակերտներու հետ։ Ուս․ ― Շաքարը ճերմակ բան մըն է, որ ջուրին մեջ կհալե․․․ Աշ․ ― Գիտենք։ Մեր բարբառով ձյուն կըսվե։ Ուս․ ― Ձյունն ուրիշ բան է։ Ձյունի լուծույթը անհամ է, իսկ շաքարինը՝ քաղցր։ Աշ․ ― Ընկե՛ր, «քաղցր» ի՞նչ ըսել է․․․ Ուս․ ― Քաղցրը տեսակ մը համ է․․․ Դուք մեղր տեսե՞ր եք։ Աշ․ ― Ոչ։ Ուս․ ― Չամի՞չ։ Աշ․ ― Ոչ։ Ուս․ ― Թո՞ւզ։ Աշ․ ― Ոչ։ Ուս․ ― Արմա՞վ։ Աշ․ ― Ոչ։ Ուս․ ― Ան ատեն «քաղցրն» տեսակ մը համ է, որ․․․ Հին ատենները, երբ մարդիկ թեյ կխմեյին, շատ ծանոթ գաղափար էր քացրությունը։ Աշ․ ― Թե՞յ։ Թեյի մասին ես լսեր եմ տատիցս։ Հիվանդները միայն կխմեին։ Ուսուցիչը գլուխը հուսահատ կտանե֊կբերե։ Ուս․ ― Տղա՛ք, դժվար է պարապել հետերնիդ, շա՜ը թույլ եք դուք։ Աշ․ ― Ինչպե՞ս թույլ չըլլանք, ընկե՛ր, առտվնե հաց չենք դրեր բերաննիս։ ⁕ Այսօր Ռոստովեն հին ընկերներես մեկը եկավ և խնդրեց քանի մը օր ապրիլ մեզ մոտ։ ― Խնդրե՜մ, ― պատասխանեցի ես սիրալիր, ― ապրելդ առանձին ծախս չի մեզի, ապրե ինչքան կուզես։ Միայն չխաբես․ ապրելու պատրվակով մտնես տունս ու հանկարծ․․․ մեռնիս։ Ատիկա անազնվություն է ու չեմ ընդուներ։ Մենք աղքատ մարդիկ ենք ու եթե դրամ ունենանք մենք ինքներս կմեռնինք․․․ Հինգշաբթի 10. ― Ես երկար կմտածեմ երբեմն ու չեմ կրնար հասկնալ, թե ինչո՞ւ մեկ տարի կանայք իրենց շրջազգեստները կիջեցունեն մինչև ոտքի ճաները, մյուս տարի հանկարծ ծունկներեն ալ վեր կհանեն։ Եթե մարդոց ճաշակին հարմարվել կուզեն, մարդիկ չեն ուզեր, որ կանայք առհասարակ որևէ զգեստ հագնեն։ ― Կանա՛յք, վերջնականապես կհայտարարեմ, որ այս է մեր ճաշակը, եթե չեք կրնար գոհացում տալ մեզի, այս թանկ ու կրակ տարին իզուր տեղ մի՛ կարճացունեք ու երկարացրեք շրջասզգեստներդ։ Խեղճ եք, մեղք եք։ ⁕ Ննջեցյալներու տերեր, ձեր սիրելիի գերեզմանը փորել տալու ատեն, լավ նայեցեք բոլորտիք չեկիստ թաղված չըլլա, ապա թե ոչ, ձեր սիրելին իր ողջ հանդերձյալ կյանքին մեջ բառ մը չպիտի խոսի․․․ վախեն։ Ուրբաթ 11. ― Թերթավաճառի կրպակ էի մտել այսօր այսօր թերթերը նայելու։ Հաճախորդ մը, մոտենալով 50 կոպեկ տվավ ու 10 օրինակ «Խորհրդային Հայաստան» պահանջեց, ու հետևյալ խոսակցությունը բացվեց մեջերնին։ ― Մեկե ավելի չի տրվեր, ― նկատեց խանութի վարիչը։ ― Բայց մենք լրագրի պետք ունինք։ ― Հիվանդ ունի՞ք տանը։ ― Ողջ ընտանյոք փորհարինքով կտառապանեք։ ― Թերթը ուրիշ նպատակներու չի գործածվեր։ ― Յա, ի՞նչ նպատակի կգործածվե։ ― Միայն կարդալու։ ― Կարդալո՞ւ, չեմ փորձած։ Կեցիր այսօր տանեմ փորձեմ։ ⁕ Անգլիացիք, ֆրանսիացիք ողջ երկրագունդը ճանչնալով, հիմա կաշխատեն արևի, լուսնի ու աստղերու հետ ծանոթանալ, իսկ հոս, Խորհրդային Միության մեջ ապրողներուս համար Անգլիան ու Ֆրանսիան իրենք մոլորակներ են՝ Նեպտունի ու Հրատի չափ հեռավոր ու անծանոթ։ Եվրոպացիք անծանոթները ծանոթանալով են զբաղված, մերոնք ծանոթները անծանոթանալով։ Շաբաթ 12. ― Մեր բակեն մեջ լվացքի չվան ենք կապեր 3-4 տակ, սեփական կարիքներու համար։ Հանրակացարանի բանվորները ամենայն օր կօգտագործեն այդ պարանը փռելով ամեն տեսակ լվացքի շորեր, ու ամեն երթևեկելուն պետք է գլուխդ խոնահես անոնց շապիկին, վարտիքին ու սավաններուն առջև։ ― Ի՞նչ խայտառակություն է սա, ― համբերությունս հատած, պոռացի վերջապես ես։ ― Է՜, ի՞նչ կպոռաս, ― ձայնեցին չորս կողմե լվացարարները, ասոնք բանվորի շորեր են և ամեն տեղ փռվելու իրավունք ունին։ Տեսա, որ հետները խոսել չեմ կրնար, ըսի փաստաբան մը տեսնեմ, թե դատով կրնա՞մ արգելել։ Փաստաբանը վախցավ իմ մտադրութենես ու բարեկամաբար խորհուրդ տվավ լռել։
― Անցուդարձիդ ոչ միայն պիտի խոնարհես անոր չամաշորին առջև, այլև երեսիդ խաչ հանես․․․ ⁕ Աստվա՛ծ, կարծեմ դուն Մովսեսին ըսած ես «ինձմե ի զատ ուրիշ Աստված չունենաք» ։ Այսօր կհայտարարեմ, որ ինձմե անկախ պատճառներով քեզի պաշտել չեմ կրնար։ Դուն բարկացար Ահարոնի շինած միակ ոսկի հորթին վրա։ Բարկություն ունեիր, թող պահեիր մեզի համար, մենք որ այսօր հորթի փոխարեն ողջ նախիր մը կպաշտենք։ Կիրակի 13. ― Սոցիալիզմը, ինձի կթվի, տաք երկրին մեջ ավելի կհաջողե, քան ցուրտ։ Սոցիալիստական Ռուսաստանն ամենեն շատ հագուստե կնեղվե, վասնզի ցուրտ է իր երկիրը։ Հասարակածային երկրին մեջ՝ մարդիկ միայն քանի մը սանթիմեթր ճոթի պետք ունին ամոթնին ծածկելու համար, իսկ Խորհրդային գործարանները այդքանը միշտ կրնային հայթայթել։ Կամ ամոթի զգացմունքը ի՞նչ տնտեսական ֆակտոր է որ․ դժվարն եկավ, կառավարությունը բոլորին աչքերը կհանե ամոթնին չտեսնելու համար։ Ըսեր եմ չէ՞, կարևորը նպատակն է։ Թող սոցիալիզմին հասնեն մարդիկ, թող կույր ըլլան։ Ավելին։ Կարելի՞ է սոցիալիզմին հասնել առանց կույր ըլլալու։ Կույր ոչ միայն աչքով, այլև մտքով։ Վասնզի չտեսնել մարդու հոգեբանության անհատական կառուցվածքը, սա կնշանակե կույր ըլլալ այն բոլոր զգայարաններով, որով մարդիկ կտեսնեն ու կիմանան։ ⁕ Եթե մեր պետությունն ըսե, թե սուտ չեմ խոսեր, գրպանես կհանեմ թղթադրամ ռուբլանոց մը և կըսեմ․ ― Հոս գրեր ես՝ «հավասար է ոսկե ռուբլու», մինչդեռ քսանհինգ թուղթը նոր մեկ ոսկի է։ Ուրեմն 25 անգամ սուտ կխոսիս միայն մեկ ռուբլիին մեջ։ Հաշվե՝ քանի՞ միլիարդ փող ես տպեր, այնքան միլիարդ անգամ ստախոս ես։ Երկուշաբթի 14. ― Այսօրվա թերթին մեջ նկարված էին Սարդարապատի այն գեղջկուհիներու պատկերները, որք հարյուր քիլո բամբակ են ժողովեր մեկ օրվա մեջ՝ ի քաջալերություն։ Նկարին մեջ բոլոր կանայք անխտիր, իրենց կամքեն անկախ կժպտան։ Կարծես մեկը հրացանը կրակի պատրաստ բռնած՝ «ժպտա», թե չէ կրակեցի» ըսեր է։ Անպատճառ։ Ու եթե կընդունենք, որ ժպտացնելու համար հրացան է քաշեր խմբագրությունը, ըսել է, թե 100 քիլո բամբակ հավաքելու համար թնդանոթ քաշած պիտի ըլլա ապաքեն․․․ ⁕ Հիմա, երբ նորածին մը աշխարհ գալով կճչա՝ կհասկնամ, բայց ես չեմ կրնար բացատրել, թե Ցարի ժամանա՞կն ինչու կսարսափեին կյանքեն։ Երեքշաբթի 15. ― Եթե ճշմարիտ է, որ ամբողջ Ռուսաստանը տափաստան է և ոչ մի քարի կտոր չկա՝ երանի անոնց հացի մեջ քար չկա կնշանակե։ Ճշմարիտ է՝ լեռը գեղեցկություն կուտա երկրին, բայց տեղական ժողովուրդին բերանն ալ ատամ չի ձգեր։ Դիպվածով մը օտար քաղաք ինկած կույր մը ինչպես գերագույն զգուշությամբ կխարխափե գետինը, անանկ ալ մենք ատամներով կխարխափենք մեր ծամած հացը։ Կույրը անդունդե կվախնա, մենք քարաժայռե։ Շատ անգամ կմտածեմ՝ ողջ ատամներս հանեմ պահեմ, ռեժիմը փոխվելուն նոր դնեմ գործածեմ։ Մեր պետությունը քրիստոնյա չըլլալուն, բոլոր իրավունքն ունի հաց ուզողին քար տալու։ ⁕ «Խորհրդային Հայաստանի» ճերմակ թերթ մը, երբ ոչինչ կա վրան գրված, արժե քսան կոպեկ, իսկ գրվելեն հետո՝ հինգ կոպեկ։ Մի՞թե լրագրին խոսքը լռելեն չորս անգամ պակաս արժե։ Սողոմոնը, որ կըսեր՝ լռելը հիմար զրույցեն ավելի արժե, ես չէի հավատար․․․ Չորեքշաբթի 16.― Անգրագիտությունը լիկվիդացիայի ենթարկելու նպատակով գյուղերու մեջ բացված են «լիկկայաններ», ուր գրաճանաչության կտրվեն մեծահասակ գյուղացիներ և կանայք։ ― Սա տարի մըն է կաշխատեմ, չեմ կրնար հասկցնել, որ «ա» ֊ն երեք ատամ ունի, ― կպատմե «լիկկայանի» վարժուհին։ ― «Ա» ըսելով անպատճառ եղան մը կպատկերացնեն իրենց միտքեն մեջ 80֊ամյա սանիկներս։ Իսկ անիծյալ եղանն ալ այդ ետ ինկած գյուղին մեջ երբեք բնական մատներ չունի։ Ոմանց մոտ չորս մատ ունի, ոմանց՝ հինգ կամ երկու։ Իմ կարծիքով, ― կըսե վարժուհին, ― եղանագործ հյուսներն ու տառերու նոր ձև մշակող հանրապետական հանձնաժողովը «ա» ֊ին ատամներուն թիվի մասին պետք է ընդհանուր համաձայնության գան։ Եղանին մատներն ալ պետք է երկաթե ըլլան, վասնզի հաճախ փայտե եղաններու ակռաները երեք կըլլան, և առաջին տարին գյուղացին «ա» ֊ն ճիշտ կսորվե, բայց երկրորդ ու երրորդ ավարտական տարին թափվելով կմնա մեկ ակոս եղանին վրա, ու գյուղացին, դպրոցն ավարտելով, կյանք կմտնի՝ տանելով իր հետ մեկ ատամանի «ա» մը․․․ ⁕ Անցյալ տարի ներկա էի Ջաթղռանի «լիկկայանի» ավարտական հանդեսին։ Նորավարտները նեղություն կքաշեն քիչ մը գրքին գլխիվայրն ու շիտակը որոշելուն վրա։ Եթե վարժուհին ուղիղ ձևով դներ ձեռներնին՝ ջուրի պես կկարդային․․․ Հինգշաբթի 17. ― Այլևս հագնելու շոր չունինք։ Անցյալներ կնկաս հետ նստեցինք և խորհեցանք, թե ի՞նչ պիտի ընենք։ Խնդիրը ծանրակշիռ էր, վասնզի ոչ դրամ ունինք, ոչ ալ կտոր կճարվի։ Վերջեն․ ― Կնիկ, ― ըսի, ― քանի կա, կհագնենք մինչև վերջին թելը, ապա տեսնելով, որ տկլոր պիտի մնանք, ընտանյոք հանդերձ ինքնասպան կըլլանք։ Այսօր կինս արցունքոտ աչքերով սենյակս մտավ և հայտնեց, որ այլևս վարտիք չունիմ։ ― Ինչպես, վարտիքը մեկե՞ն վար թափվեցավ, ― հարցուցի, ու պաղ քրտինքը մը սկսեց հոսել կռնակիս վրա։ ― Վերնամասը քրքրվեր է ամբողջովին։ ― Վերնամասը քրքրվեր է՝ վարեն թիզ մը կտրե, վերը կարկատե, քիչ մըն ալ ապրինք։ Չըլլա՞ր։ ― Կըլլա՞։ ― Ինչո՞ւ չըլլար։ Յա՜, պզտիկ ծակի մը համար ելնենք մեռնի՞նք։ Թիզ մը կարե, վեր կարկատե։ Մաշվեց, թիզ մըն ալ կարե, հետո՝ ևս մեկ թիզ, վերջեն՝ թիզ մըն ալ․․․ ― Եթե երկարահասակ մեկն ըլլայիր․․․ ընդամենը երեք թիզ վարտիք ունիս՝ կուզես չորս թիզ կարկատա՞ն հանել։ ― Օ՜ֆ, կնիկ։ Վարտիքը կարճ է՝ աջ մասը կտրե, ձախին վրա դիր, հետո ալ ձախ մասը կկտրես աջ ոտքին վրա կդնես, դուն մանևրել ըսածդ չգիտե՞ս։ Կոոպերատիվները ինչպե՞ս մեկ կաղամբի տոլման չորս խանութի մեջ կծախեն։ Վարտիքինը խոնջան է․ խոնջան որ եղավ, մնացյալը հոգ չէ։ Դուն խոնջան ամուր ըրե, կնիկ, տես ես դեռ անով քանի՜ տարի կապրիմ։ Օ՜հ, դեռ որքա՜ն քաղցր է կյանքն ինձ համար, դեռ արքա՜ն չեմ ուզեր մեռնիլ։ ⁕ Հայ թագավորը մեռնելուն ըսեր է․ «Ա՜խ, ո՞վ տայր ինձ գծուխն ծխանի և զառավոտն նավասարդի․․․» Թող ան ինձի զույգ մը շապիկ֊վարտիք տա, ես իրեն ուզածին չափ «ծուխ» և առավոտ տամ․․․ 1933 թվական Կիրակի 11. ― Պետական թատրոնը Շեքսպիրին «Վենետիկի վաճառականը» ներկայացնելու համար արտասահմանեն դերասան հրավիրել կուզի, վասնզի խորհրդային սահմաններում ֆունտ մը միս ունեցող դերասան չկա․․․ ⁕ Քաղաքիս մեջ բաղնիք չկա, ու ողջ բնակչությունը սաստիկ կնեղվե կեղտեն։ Կոմունալ տնտեսությունը չի կրցեր բաղնիքները ժամանակին վառելիքով ապահովել ու իր ամբողջ հույսը դրեր է Պողոս Աբելյանի, Գրիգոր Չուբարյանի ու Տիգրան Հախումյանի վրա։ Ճշմարիտ է, այս երեք մարդիկ զարմանալի լիզողներ են, կընդունենք, բայց ինչպե՞ս կարելի է 110 հազար ազգաբնակչության մաքրության գործը երեք լիզողներու վստահել․․․ ⁕ Ամաթեոս դաշնակցական Հովհանես Քաջազնունին, որ «Դաշնակցությունը ընելիք չունի» ըսելով, Խորհրդային Հայաստան եկավ՝ «ընելիք» ունեցող բոլշևիկյան կուսակցությանը օգնելու, այսօր տեսա հայառին խանութին մեջ, քափ ու քրտինքին մեջ կճզմվեր՝ ութ հարյուր գրամ հաց առնելու համար։ Կհարցնեմ․ ― Մի՞թե հերթին մեջ ցամաք հացի համար ժամերով ճզմվելը «ընելիք» է։ Մի՞թե դաշնակցությունն այդքան էլ անելիք չուներ, որ լքեց իր կուսակցությունը։ Երկուշաբթի 12. ― Այսօր դեղագործին հետ ահագին կռվեցա։ Ես իրմե աչքի դեղ կուզեմ, անիկա ականջի դեղ կառաջարկե։ ― Աղբա՛ր, ― կըսեմ, ― աչքի մեջ ականջի դեղ կլցվի՞։ ― Ի՞նչ կա որ, ― կըսե, ― աչքն ու ականջը ինչքա՜ն հեռու են իրարմե որ։ Ի՞նչ ընենք, որ աչքի դեղ չունինք․․․ Այս գիծը, կերևի առհասարակ, խորհրդային առուտուրին հատուկ է։ Անցյալները գյուղացի ուսուցիչ մը Մոլոտովի պատկերը կուզեր առնել, գրավաճառը Ռաձուտակինը կուտար՝ ըսելով․ ― Հոգ չէ, անոնք շատ մտերիմ ընկերներ են․․․ Նման առուտուր Աստվածաշնչի մեջ ալ կարելի է հանդիպել։ Կհիշե՞ք, որ Լաբանը Ռաքելին փոխարեն Լիան կառաջարկեր Հակոբին․․․ ⁕ Բայց շուտով դեղորեից վերաբերյալ բոլոր վեճերը վերջ կգտնեն։ Առբաժինը ստանդարտ դեղ մըն է հնարեր, որ հինգ զգայարանները միասին կբժշկե․․․ Երեքշաբթի 13. ― Բան մը, որ նշանակալից է արժե հիշատակել, այդ այն է, որ փողոցային շքերթները սա տարի մըն է դադարեր է։ Առաջներ, բավական էր, որ Ստալինը խոսք մը արտասաներ (որու մեջ ըլլար ենթակա, ստորոգելի ու լրացումներ), կուսակցությունը անմիջապես «ցուցմունք» կանվաներ ու բազմությունը փողոցը քշելով՝ զույգ֊զույգ կքալեցներ քաղաքի փողոցներուն մեջ, տոնել ուզելով այն։ Հիմա, Ստալինը նկատի ունենալով, որ ժողովուրդն ի վիճակի չի ոտքի կենալու, այդ պատճառով կա՛մ չի խոսեր, կա՛մ ալ, եթե խոսե, միտք չի դներ մեջը․․․ ⁕ Կուսակցությունը, վերջերս, նկատելի կերպով կխուսափե հավաքույթներե։ Այսպես անոթի, չորս մարդ իրար մոտ կանգնած պարագային, փորերնին ձայն կուտան իրարու և անանկ քառաձայն մը կկազմեն, որուն կրնա նախանձել առաջնակարգ կոմպոզիտորն անգամ։ Երաժշտությունն, այո, խորհրդային արվեստ է։ Չորեքշաբթի 14. ― Ամիս մը առաջ մեռավ մեր դիմացի տան թամբագործը, սրտի լայնացումեն։ Կինը սրտնեղած անկողին մտավ ու փոխանակ նորեն բժիշկ կանչելու, սկսեր է իր մեռած մարդուն դեղգիրները մեկ առ մեկ «ռեփեթե» ընել։ Կըսեն․ ― Կնիկ, ի՞նչ կընես, մարդդ սրտի լայնացումեն մեռավ, դուն սրտի նեղություն ունիս։ Միևնույն դեղը կարելի՞ է գործածել, սխալ տրված դեղը չէ՞ որ մահացու է։ ― Մեր դեղատանց դեղը ո՛չ կմահացնե, ո՛չ կառողջացունե․ ատիկա ջուր է՝ ջրե բժիշկներով մատուցված, ― կպատասխանե հիվանդ այրին՝ ավելցունելով, ― եթե ջրի ծորակի վրա հերթ չըլլար՝ դեղգիրը ծորակը կղրկեի ուղղակի, որի ջուրը ավելի մաքուր է, հետևաբար, և ավելի բուժիչ։ ⁕ Բայց կինը այդ դեղգիրներով առողջացավ։ Եթե հարցունեք, թե ինչպե՞ս եղավ, որ միևնույն դեղգիրը գործածելով մարդը մեռավ, կինն առողջացավ՝ կըսեմ․ ― Ինչպես միևնույն ծաղիկեն մեղուն մեղր կհավաքե, օձը՝ թույն, անանկ ալ միևնույն դեղով մեկը կրնա մահ գտնել, մյուսը՝ կյանք։ Հինգշաբթի 15. ― Առտու վեր ենք կեցեր մարդ ու կին, դեմ դեմի նստեր։ ― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսեմ ես։ ― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե կինս։ Եղբայրս Գանձակեն գրություն մըն է ղրկեր չորս վկաներով հաստատելու։ Կերթամ մեր նախկին պաշտոնակից Մամբրեի քով։ Առտվան ժամի ինն է արդեն։ Ներս կմտնամ սենյակը՝ Մամբրեն նստած կնկան դիմաց։ ― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե մարդը կնկան։ ― Ի՞նչ ուտենք այսօր, ― կվերադարձունե կինը մարդուն։ Ստորագրել տալով՝ երկրորդ վկա Ռուբենին տունը կերթամ։ ― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե մարդը կնկան։ ― Ի՞նչ ուտենք այսօր, ― կըսե կինը մարդուն։ ― Ժամը տասը կմոտիկնա, ու դեռ չե՞ք վերջացուցեր ձեր «ի՞նչ ուտենք այսօրը» ։ Գիշերս ո՞ւշ եք պառկեր, ինչ է, ― կհարցունեմ ու ստորագրել տալով՝ կառնեմ թուղթը Զավենին երթալու։ Զավենին հետ շատ մոտ չեմ։ ― Ներեցեք, ― ըսի, ― թուղթ մըն եմ բերեր ձեզի ստորագրելու, եթե ձեզի նեղություն չէ հարկավ․․․ ― Շտա՞պ է պետք, ― հարցուց Զավենը ու ետև դարձավ՝ բան մը ըսելու կնկանը։ Ըստ երևույթին խանգարեր էի իրենց խոսակցությունը, ուստի․ ― Ո՛չ, ― ըսի, ― ամենևին։ Ձեր «ի՞նչ ուտենք այսօր» ֊ը վերջացուցեք, նոր․․․ ― Ի՞նչ իմացար՝ ուտելու մասին կխոսեինք։ ― Ներեցեք, ինչո՞ւ այդպիսի բան կհարցնեք ինձի։ Ես ձեզ վրա շատ լավ կարծիք ունիմ և համարեր եմ օրինակելի մարդ։ Իսկ օրինավոր մարդը առտուն վեր կելնե ժամը ութին, կլվացվե, թարմ ուղեղով կնստե մտածելու, թե ի՞նչ պիտի ուտե այսօր։ Մարդը այլասեր էր․ վերցուց նախ թուղթս ստորագրեց, նոր «ի՞նչ ուտենքին» անցավ։ Չորրորդ վկան՝ Գրիգորը, կին չուներ, որ հարցուներ։ Խորասուզված նստած էր գրասեղանին առջև մեն մենակ։ Երբ ներս մտա իր սենյակը, անիկա հայացքը երեսիս նետեց ու վասնզի աչքերը շիլ էր, ուստի առանձին֊առանձին, յուրաքանչյուր աչքի մեջ կարդացի․ ― Ի՞նչ ուտենք այսօր։ ― Ի՞նչ ուտենք այսօր։ ⁕ Այսօր փողոցին մեջ, Հունաստանեն եկած գաղթական մը կծախեր հրաշալի փայլուն կոշիկ մը։ Այնպես որ բոլոր անցորդները ետև կդառնային ու կոշիկին կնայեին զարմացած։ Խեղճը, կերևի, Հայաստանը դրախտ է պատկերացուցեր և բերեր է հոս հագնելու, բայց դժոխք գտնելով՝ ոտեն հաներ կծախե։ Ուրբաթ 16. ― Աղբահանության խնդրով Քաղխորհուրդ մտա։ Նախագահին տեղակալը «հինգ րոպես սպասիր» ըսավ։ Այդ հինգ րոպեին մեջ, հաջորդաբար, վեց թերթերու լրահավաքներ ներս եկան ու ինֆորմացիա պահանջեցին։ ― Մենք այս տարի պիտի կառուցենք երեք հարկանի հյուրանոց մը, վաթսուն սենյակե բաղկացած։ Քաղաքին մաքրությանը համար վարձեր ենք վեց սայլ, և օրական տասնութ սայլ աղբ կերթա քաղաքեն դուրս։ Աբովյանին սալահատակումը սկսված է արդեն և շուտով կավարտվե։ Պողոս֊Պետրոս եկեղեցին տեղը շինվելու է կինո մը՝ 1500 մարդու համար, ― ըսավ տեղակալը մեկ շունչով և ճամբու դրեց առաջին թերթի լրահավաքին։ ― Մեզի ի՞նչ կուտաք, ― առաջացավ երկրորդ օրաթերթին աշխատակիցը, ծոցատետրը հանելով։ ― Ոչինչ, ― պատասխանեց տեղակալը, ― եղածը տվի արդեն, գնա դուն ալ նույնը գրե։ ― Մեր թերթը խոմ արտատպությամբ չի՞ զբաղվելու։ Մեզի ալ նորություն տվեք, ― ըսավ երկրորդ լրահավաքը սպառնական։ ― Նորություն որ չունինք, ի՞նչ տանք։ ― Ինչո՞ւ չունիք։ Կրնաք մեր թերթին մեջ հարկ մըն ալ դնել կառուցվող հյուրանոցի վրա և ընել չորս հարկանի։ Վեց սայլերը, երեք ոտք դառնալու փոխարեն, կրնան քիչ մը արագ շարժվել և տասնութի փոխարեն քսանչորս սայլ աղբ թափել․․․ մեր թերթին մեջ։ Քաղխորհուրդը խորհրդային թերթի մը բարգավաճումը և տարածումը չունի՞ նկատի։ ― Շատ աղեկ, գրե չորս հարկանի, և թող սայլապանները չորս ոտք դառնան օրական։ Լրահավաքը ուրախացած առավ լուրերը ու վազեց անմիջապես քաղաքին ավետելու այս բոլորը։ Առաջ եկավ երրորդ թերթին ռեպորտյորը․ ― Մեր լուրերն ալ կուտա՞ք։ ― Չունինք։ Այսքանով մեր այս տարվա շինարարությունը կավարտենք։ ― Չունի՞ք։ Ինչո՞ւ «Ավանգարդին» համար հարկ մը կավելցունեք հյուրանոցին վրա, որն ընդամենը ութ հարյուր բաժանորդ ունի, ինչո՞ւ չեք ուզեր հարկ մըն ալ մեր թերթին համար դնել վրան, որն 2500 բաժանարդի տեր է։ ― Շատ աղեկ, գնա հինգ հարկանի շինե հյուրանոցը։ ― Շնորհակալ եմ։ Իսկ աղբը․․․ ― Աղբը՝ դե, մեր անուժ եզներով օրը չորս ոտք հազիվ դառնա, պայթեցունե՞նք եզներն, ինչ է։ ― Ինչո՞ւ, կարելի է թեթև բառնալ քիչ մը և հինգ ոտք դառնալ։ ― Լավ, թող այդպես ըլլա, ― ձայնեց տեղակալը, և բեռ մը ազատվողի զվարթությամբ չորրորդ լրահավաքին դարձավ քաղցր ժպիտով։ ― Դուն ալ վաղը եկուր։ Քիչ մը շուտ։ Գիշերս կմտածեմ, թե ուրիշ ինչ կարելի է շինել, կաղաչեմ քեզի։ ― Իսկ այսօր պարա՞պ լույս ընծայենք թերթերնիս։ Կուզեք, որ դաշնակցությունը մատի փաթաթան շինե ան և տարիներով գրե, թե խորհրդային կառավարությունը բան մը չի շիներ։ ― Ի՞նչ տամ՝ չեմ գիտեր։ ― Մեզի ալ՝ հարկ մը հյուրանոց ու ոտք մը աղբ․․․ ― Վեց հարկանի հյուրանոց կըլլա՞։ ― Ինչո՞ւ չըլլար։ Ամերիկային մեջ իննսուն հարկանի տուն կշինեն։ Իսկ մենք կուզենք «հասնել ու անցնել» ․․․ զայն․․․ ― Լա՜վ, ըսենք հարկ մըն ալ ձեր թերթին համար շինեցինք, իսկ ա՞ղբը։ Տեսնենք դեռ քաղաքիս մեջ այդքան աղբ գոյություն ո՞ւնի։ ― Ի՜նչ կըսեք, ընկ․ Մելիքսեթյան, ― զարմացավ լրահավաքը։ Երևանն ամբողջովին աղբ է։ Եվ ըստ իս, պետք է ողջ քաղաքը կրել դուրս, ընտրել, եթե քանի մը մաքուր բան կա, ներս բերել, մնացյալը նույնությամբ թողնել տեղը․․․ Աղբի՞ն ինչ։ ― Շատ աղեկ, գնա տար, բայց ոչ բոլորը, ուրիշ թերթերու ալ թող քիչ մը․․․ Այս եղանակով բավարարվեցին նաև հինգերորդ, վեցերորդ լրահավաքները ու գացին։ Դուրս եկա տեղակալին առանձնասենյակեն ու կըսեմ ինքս ինձի․ ― Ափսոս՝ վեց օրաթերթ գոյություն ունի քաղաքիս մեջ։ Եթե, գեթ, քսան մը ըլլար՝ այսօր Երևան եկող օտարականը կրնար քսան հարկանի հյուրանոցի մը մեջ բազմել ու նայել մաքուր քաղաքին։ ⁕ Այսօր ակնոց առի։ Աչքիս լույսը տկարացեր է։ Սնունդ չկա։ Եթե այսպես շարունակենք ապրիլ, կուրանանք պիտի և խարխափելով պիտի երթանք դեպի սոցիալիզմը։ Արդեն սոցիալիզմի ճամբան կույրերը միայն կրնան գտնել։ Ստալինը եթե կույր չըլլար, դեպի սոցիալիզմ այսքան ճամբա չէր կտրե․․․ Շաբաթ 17. ― Դավալուի ոչխարաբուծական կայանը իր տեղեկագրով կիմացունե Սովխոզ վարչությանը, որ ոչխարները կուտեն֊կուտեն՝ չեն գիրանար։ Չեկան, քաղաքական բնույթ տալով խնդրին, քննություն կձեռնարկե, որմե կպարզվե, թե նախահաշվով ոչխարներու սահմանված խոտը․․․ վարչությունն է կերեր։ Հանցանք մը, որ եթե քննվեր քաղաքացիական դատարանին մեջ, վարչության անդամները խիստ պատժվեին պիտի։ Բայց վերջիններս արդարացան, և նույն օրն ևեթ մորթվեցան չորս ոչխար, որք բացարձակապես անմեղ էին (կամ անմեղները կպատժե, մեղավորները կարձակե) ։ ⁕ Անասնապահական սովխոզները, ինչպես կերևի, անտեղյակ են բոլշևիկյան տնտեսական քաղաքականությանը։ Եթե խոտը իրենց բերնեն չի ավելնա՝ ոչխարներին կերցունելու, կրնան «վարչական միջոցներու» դիմել՝ զանոնք գերցունելու։ Սովխոզը չի՞ տեսներ, թե ինչպե՞ս կոմիսարները մեղր ու կարագ կուտեն ու կստիպեն անոթի ժողովրդյան․․․ չաղանալ։ Կիրակի 18. ― Ուսուցիչ բարեկամ մը ունիմ, որ քանի ժամանակե ի վեր Աճառյանի «Արմատական բառարանը» գնել կուզե։ Բառարանն ալ սպառեր է ու չի ճարվեր այլևս։ Երեկ պատահեցա վարժապետիս, որն ուրախ֊ուրախ ազդարարեց, թե հայտնաբերեր է այդպիսի բառարան մը պառաված աղջկա մը քով, բայց նզովյալն այնքան թանկ կըսե, որ ինքզինքս եթե ծախեմ՝ անկարող պիտի ըլլամ գնելու։ Վերջը իմ օգնությունը կխնդրեր։ ― Դրամով չեմ կրնար օգնել քեզի, բայց խելքով կօգնեմ, ― ըսի։ ― Ինչպե՞ս։ ― Աղջիկը քանի՞ տարեկան է։ ― Քառասունհինգ կըլլա։ ― Գեղեցի՞կ է։ ― Ճիշտը խոսած, երեսին չնայեցա։ ― Անգամ մըն ալ այցելե, անանկ է նե, բառարանի տիրոջը, երեսին նայե, եթե քիչ մըն ալ քիչ դուրեկան ըլլա, մի նայե, ուղղակի առ այդ աղջկան։ Այսօր կոոպերատիվները հինգ կոպեկի պիտանի ապրանքին վրա տասնհինգ ռուբլու «դավեսկա» կդնեն։ Իսկ այդ աղջիկը այնքան անարժեք բան է, որ կարելի է առանց երկար մտածելու առնել․․․ ⁕ Այսօր պաշտոնատունես քսան գրամանոց բուլկի մը բերի տուն ու չեմ գիտեր որու տամ։ Իննսուն տարեկան մայրս կըսե՝ ինձի տուր ուտեմ, քիչ մը ուժ գա վրաս՝ մեռնիմ։ Երեք տղաներս՝ մեզի տուր, որ մեծնանք։ Միջանկյալ ըսեմ, որ մայրս իր մահամերձ դրությունը կչարաշահե հանդեպ խեղճ պզտիկներուս, որոնց հանդեպ ավելի պարտավոր կզգամ ինքզինքս՝ զանոնք աշխարհ բերելուս համար։ Մայրս անիրավացի է։ Ինչպես ներկա քիմիական պատերազմներուն մեջ այլևս «ճակատ» և «թիկունք» գոյություն չունի, և վերեն սավառնող օդանավը որպես սպառնալիք կախված է բոլորի գլխուն հավասարապես, անանկ ալ մահամերձ պառավին ու նորածին երեխայի մեջի տարբերությունն է վերացեր։ Ճիշտ է, սավառնակ չկա մեր գլխուն վրա, բայց ատոր փոխարեն, այսօր սոցիալիստական սովը կսավառնե մեր գլխավերևը՝ սպառնալով հավասարապես բոլորին։ Ու ես բուլկին մորս չտվի։ Կիրակի 18. ― Քաղաքիս միլիցիական ողջ կազմն, այս շաբաթ մըն է, ինչ Աբովյան փողոցին մեջտեղը կեցած, սուլիչ բերնին, երթևեկող բազմությանը դեպի պողոտային երկու կողմերի մայթերը կքշե, թրամվեյին ճամբան չխափանելու համար։ Երևանը Թիֆլիսը կկապե ասով։ Եթե Թիֆլիսին փողոցներու վրա քալելը կարգելվե, դա միանգամայն հիմնավոր է։ Քամիի արագությամբ իրար հաջորդող թրաամվեյի վագոններն ու օթոմոպիլները իրական վտանգ մըն են մայթեն շեղվող ճամբորդին համար։ Իսկ Երևա՞նը։ Երևանի թրամվեյին տակ ցանկանաս անգամ, չես կրնար իյնալ։ Ընդամենը չորս վագոն ունի, որն դքդքալով հազիվ ժամվա մը մեջ կերթա կայարանն ու կդառնա և կուզե, որ իր տակը մարդ իյնա․․․ Եթե ուշագնաց մը անգամ պառկած ըլլա իր ռելսերուն վրա, մեկ ժամեն դարձյալ ուշքի կուգա։ Ի ծնե կույրն անգամ, եթե կոմունիստ չէ, կրնա իր աչքը բանալ այդքան ժամանակվա մեջ։ Բայց որո՞ւ հոգ։ Միլիցիան կշարունակե շվացնել ու «քաղաքացի, մայթին անցիր» պոռալ։ Որոշված է «վարչական միջոցներով» Երևանը Թիֆլիս դարձնել։ ⁕ ․․․Հետո ալ կելնեն կըսեն, թե՛ Հայաստանն ու Վրաստանը եղբայրական ֆեդերացիա է, թե՛ մենք կուզենք մեր դիմացինը բախտավոր ըլլա ավելի, թե՛ չենք նախանձե զիրար․․․ Երկուշաբթի 19. ― Շատ ճիշտ է ասված՝ մինչև խելոքը մտածե, գիժը գետը կանցնե։ Դիվանագիտության մեջ այդ գիժը Ճապոնիան է։ Եվրոպայի չորս մեծ պետությունները մեռան Լոզանին մեջ Զվիցերիո կաթը խմել ու ճառեր արտասանել, թե ինչ է համաձայնության գան և քիչ մը ավար ձեռք բերեն։ Ճապոնիան խուլ ու համրի նման, լեզուն ատամի տակ սղմած, Չինաստան մտած՝ քաղաք քաղաքի ետևե կգրավե։ Ու երբ եվրոպացիք կհարցնեն՝ հե՜յ, ընկեր, ատ ի՞նչ կընես։ Ես ձեր լեզուն չեմ հասկնար՝ կըսե ան ու կշարունակե իր գրավումները։ Այս գրավումները, սակայն, ամենեն շատ Ամերիկայի շահերուն կզարնե, ու շատ շուտ Ամերիկան պատերազմ հայատարարեր պիտի Ճապոնիա․․․ Եթե Խաղաղ օվկիանոսը չըլլար իրենց մեջ ընկածը։ ⁕ Այսօր կինս շուկայեն կես քիլո հաց էր գներ, որն պանիրի համ կուտար։ Զարմացախառն ուրախությամբ, երբ կվերլուծեինք պատճառը, հասկցվեցավ, որ հաց ծախող գյուղացին մեթրո մը հեռու պանիր ծախող մըն է նստած եղեր, որմե ալ հացը պանիրի համ է առեր։ Կինս քիչ մը գաղտնիք պահել չի գիտեր։ Ինձի մնար՝ ես այս գյուտը ոչ մեկի չէի ըսի, ու օր մը պանիրի քով դրված հացեն կառնեինք՝ պանիրի համ կիմանայինք, օր մը յուղ ծախողի քովեն հաց կգնեինք և յուղի մասին գաղափար կունենայինք ու այս միջոցով մասնակից կըլլայինք ողջ աշխարհի բարիքին․․․ Երեքշաբթի 20. ― Աստված շատ իմաստուն կերպով է ստեղծել մարդուն։ Անիկա նախատեսելով գալիք էպոխան՝ երկու երես է ստեղծեր, մեկով կուսակցականի հետ խոսելու, մյուսով՝ անկուսակցականի։ Մեկով խնդալու, մյուսով լալու համար։ Երկու ականջ է տվեր, մեկով կուսակցականի «վերելքն» ունկնդրելու, մյուսով ժողովրդյան անկումի աղաղակը ըմբռնելու։ Երկու աչք է տվեր․ մեկով «խորհրդային շինարարությունը» տեսնելու, մյուսով երկրի ամայությունը դիտելու։ Ճշմարիտ է, մեկ քիթ է տվեր, բայց քիթն ունի երկու ծակ, որոցմե մեկով կրնաս հոտոտել խորհրդային ճաշարանը՝ ու «ֆո՜ւ, ի՜նչ գարշահոտություն» ըսել, մյուսով ձայնել՝ «փա՜, ի՜նչ պատվական հոտ, ի՜նչ համադամ կերակուրներ։ Բերանը միայն մեկ հատ է ստեղծեր Աստված, ան ալ մեծ սխալ մը չի գործածը։ Ես, զորօրինակ, հոժարակամ իմ բերանը կուսակցությանը կնվիրեմ։ Թող տան ինձի ուտելիք, ես ուտեմ՝ ամբողջ արդյունքը՝ իրենց․․․ ⁕ Հինգամյա Նաթանիս, որն կանգնած գրասեղանիս առջև կդիտի աշխատանքս, կըսեմ․ ― Բալա՛ս, դուն ալ որ մեծնաս, դպրոց երթաս՝ ինձի նման կկարդաս։ ― Յա՜, ― կըսե ան՝ չխաբվել աշխատելով, ― կարդալու համար դպրո՞ց է պետք, թե՞ ակնոց։ Ահա քեզի պզտիկ բոլշևիկ մը, որն գտել է գիտնական դառնալու կարճ ճամբան։ Չորեքշաբթի 21. ― Շատ բանի գաղափարը ավելի քաղցր է, քան բուն ինքն առարկան։ Ատոնցե մեկն է մոր գաղափարը։ Հիմա, երբ կերգեմ Շահազիզին «Ես լսեցի մի անուշ ձայն, իմ ծերացած մոր մոտ էր» երգը, մոր կարոտեն քիչ կմնա, որ լամ, սակայն, երբ կնայեմ կենդանի՝ իննսուն տարեկան մորս, իր դարն ապրած, եսասեր, փնթփնթան, կեղտոտ, որկրամոլ, բամբասող, երախտամոռ և անկարեկից այդ պառավին, որն օրն ի բուն թախտի ծայրին նստած է, ու որուն համար կյանք կնշանակե ուտել և քնել միայն՝ աչքս վեր դարձունելով կըսեմ․ ― Աստվա՛ծ, ի՞նչ կընես, գործերդ քիչ մը խելոք բռնե։ Ամեն անգամ, երբ կենսատու գարուն կբերես, աշնան խռիվները ծառերեն վար առ, որ տեղը նորը բողբոջի։ Այսօր ամենահետին, մինչև իսկ Հայաստանի համալսարանն ավարտող այգեգործը գիտե, որ տանձը, երբ հասավ, վար առնել պետք է։ Եթե քառասունհինգ կամ հիսուն տարեկան մարդ ես, մորդ սիրելու համար, անոր պատկերը առնվազն 25-30 տարի ետ տանելու ես, որ սիրելի ըլլա քեզի։ Մայրը դիտելու է մանուկի աչքերով միայն։ Հինգշաբթի 22. ― Եվ ինչո՞ւ միայն մոր գաղափարը։ Սոցիալիզմն ալ ինչքան հեռու ըլլա, այնքան քաղցր կուգա, ինչքան մոտիկ՝ այնքան գանելի։ Աստծո գաղափարն ալ այնպես չէ՞։ Մտածե՞ր եք այն անհարմար կացությանը մասին, երբ օր մը հանկարծ Աստվածը ելլի, փեշերը հավաքե ու իր անհաս հեռավորութենեն գա կողքդ նստե։ Սիրո ասպարեզին մեջ այդպես չէ՞։ Քեզմե հեռու փախչող աղջկանը դուն ավելի չե՞ս սիրեր, քան այն, որ իր ոտքովը կուգա գիրկդ իյնալու։ Առածը չի՞ ըսեր՝ «այնտեղ լավ է, ուր դու չկաս» ։ Սուրբերեն միայն Լենինն ու Ստալինը կենդանյոք պաշտվեցան։ Մնացյալները, օրինակ՝ Սուրբ Սարգիսը, Սուրբ Մինասը, Բարսեղ Կեսարացին, մինչև չմեռան, չպաշտվեցան։ ⁕ Պլատոնը շատ իրավացի է իր փիլիսոփայության մեջ։ Եթե խորը դիտողություն ունինք, դուք հանձինս առարկայի կամ նյութի՝ անոր իդեան է, որ կսիրեք։ Ուրբաթ 23. ― Այսօր երկու հարյուր գրամ շաքար տվին մեզի․ այնքան կարծր, որ իրիկունը թեյ խմելու համար առտունց շուտ պետք էր բերանը դնել։ Իսկ երբ մենք շաքար կունենանք, քիչ մը երկար կնստենք ու մանկավարժական վեճ մը կստեղծենք սովորաբար, քանի մը նույն հարցով շահագրգռված բարեկամներուս հետ։ Մենք մեր երեխաներուն կարգի հրավիրելու համար պառավով կվախեցնենք սովորաբար։ Ինչ֊որ ֆանտաստիկ պառավ մը՝ մեծ տոպրակ կողքին, որը կպտտե փողոցները ու որու տունեն լացի ձայն գա, ներս կմտնե, կդնե տոպրակն ու կտանե անհայտ ուղղությամբ։ Մեծ մասը ժողովականներեն դեմ կարտահայտվե մեզի՝ այն կարծիքն ունենալով, որ տղային վախով չպիտի կրթել, վասնզի, կըսեին, մանուկը փոքրուց վախի ազդեցությանը վարժված (այնպես ինչպես խմիչքին սովրածները այլևս չեն հարբեր), մեծանալով, այլևս Չեկայի սարսափները քիչ կուգան ազդելու, ու խեղճ Չեկան իր տրամադրության տակ չունենալով գնդակահարութենեն ավելի ազդու պատիժ մը՝ միանգամայն անճրկե պիտի ապագա սերունդը վախցնելու գործին մեջ։ Վեճը երկու ժամ կես տևեց։ Եթե նյութի սպառելուն կամ բերնի շաքարին հալելու նայեինք, մինչև լուսաբաց կրնայինք նստել դեռ։ Բայց քնել է պետք, որ առտու շուտ վեր կենանք և սկսենք խորհել՝ թե ի՞նչ ուտենք այսօր․․․ ⁕ Ես չեմ հասկնար, թե ինչո՞ւ բոլշևիզմի գաղափարական հակառակորդները կժխտեն մեկ երկրի մեջ սոցիալիզմ կառուցելու հնարավորությունը։ Ո՞վ ըսավ, որ մեկ երկրի մեջ սոցիալիզմ կառուցել չի կարելի։ Այսօր տեսա սատանի քամի։ Փողոցին մեջ ողջ օդը քարացած կանգնած էր, իսկ ընդամենը կես մեթրո տեղի վրա պտուտահողմը ահագին կենդանություն էր մտցուցեր՝ հավաքելով ու դեպի վեր տանելով աղբն ու փոշին այդ պզտիկ տարածության վրա։ Իսկ Ռուսաստանն ոչ թե կես մեթրո տեղ է, այլ աշխարհիս մեկ վեցերորդը։ Այդքան տարածության վրա, որ պտուտահողմն իջնա՝ երկրի կյանքն ամբողջ երկինք կհառնե․․․ Շաբաթ 24. ― Պետական թատրոնին ռեժիսոր Գուլակյանը Շեքսպիրին «Մակբեթը» ներկայացուց ամբողջովին «բարեփոխված» ։ Վարժապետ մը կատաղած, ներկայացման ավարտին սկսեր էր (միայն ստորոգելիներով) հայհոյել (ենթական գորությամբ հասկցնելու պայմանով) ու պոռալ․․․ ականջիս։ ― Աղբա՜ր, մենք եկանք Շեքսպի՞ր լսելու, թե Գուլակյան։ Այսքան անխիղճ փոփոխությո՞ւն կըլլա։ Լսվա՞ծ բան է, որ մեռած հեղինակի մը գործեր փոփոխության ենթարկվեն։ ― Իզուր ես այդքան տաքացեր, բարեկա՛մս, ― ըսի թևը մտնելով։ ― Փոփոխությունը այնքան քիչ է, որու մասին չարժե խոսել։ Շեքսիպիրի հերոսներու արտաքինն ու զգեստները անփոփոխ էին։ Բոլոր անձներն բեմ ելան իրենց սեփական քիթերով, ականջներով ու աչքերով։ Կմախքը հերոսներու անփոփոխ էր ամբողջովին, փոխված էր միայն․․․ լեզուն։ Այսքան պզտիկ բան, որու մասին չարժե խոսել։ ⁕ ․․․Եթե հանդերձյալ կյանք իրոք գոյություն ունի, և Շեքսպիրը անդիի աշխարհին մեջ կապրե տակավին, կերևակայեմ, թե ի՜նչ զայրույթով պիտի գա, Լենինին դուրս կանչե դժոխքեն ու անգլիական բոքսի հրավիրելով, քիչ մը «բարեփոխե» անոր կողերը, որ մյուս անգամ թույլ չիտա իր լեզուն Գուլակյանի ձեռքով «Մակբեթին» բերանը խոթելու․․․ 25.Կիրակի 25. ― Դուրս ելա այսօր քիչ մը զբոսնելու։ Ընդամենը հիսուն մեթրո տեղ էի քալել, երբ երեք խումբ զեղծարարներ, սվինավոր զինվորներով շրջապատված, դատի կտարվեն։ Բայց Երևանը քանի՜ փողոց ունի․․․ ⁕ Ամենաանճար զինագործն անգամ, երբ տեսնե, թե հրացանին անխտիր բոլոր գնդակները կվրիպեն նշանեն, փոխանակ փամփուշտները քանդելու՝ հրացանը ուսումնասիրության կառնե։ Երկուշաբթի 26. ― Ես դատ մը կհիշեմ, որ չնաշխարհիկ էր և խորհրդային պատմության մեջ անջնջելի պիտի մնա։ Ատիկա դաշնակցական Սահակ Ստեփանոսյանին հրապարակային դատն էր, որը կմեղադրվեր թքով իրեն կպցված սպանության մը մեջ։ Երբեք մեղադրյալ մը այնքան անմեղ, այնքան անվախ, այնքան պատկառելի, այնքան բարոյական ու պատրաստությամբ այնքան բարձր չի եղած զինքը դատողներեն, ինչպես Ստեփանոսյանը։ Պետական մեղադրող Արամայիս Երզնկյանը, իր խոզի դունչովը այնքան ցածր էր Սահակին տիտանական հասակն ի վեր ցեխ նետելու, որ ամբողջ ցեխը իր գլխուն կթափեր կրկին։ Բայց Ստեփանոսյանին մեկ վարքին չհավնեցա։ Անիկա, երբ տեսավ թե իր անճարակ դատավորները կուզեին անպատճառ դատապարտել զինքը ու կդժվարանային մեղադրանքը ձևակերպել, պետք է ինքը օգնության հասներ անոնց։ Վասնզի յուրաքանչյուր ասպետի պարտքն է օգնել իրեն թույլերուն․․․ ⁕ Թեև, այնուամենայնիվ, Ստեփանոսյանը դատապարտվեցավ նախ գնդակահարության, ապա տաս տարվա բանտարկության, բայց ուրիշ բան էր, եթե ձևակերպված հանցանքով մը ըլլար․․․ Երեքշաբթի 27. ― Առաջները կմեղադրեի Աստծուն, որ բոլշևիկներուն ալ իր կերպարանքով է ստեղծեր։ Հիմա, մանավանդ, երբ վերջիններս չեն հավատար Աստծո գոյությանը։ ― Լավ, ― կրնար ըսել Աստված, ― գոյություն չունիմ չէ՞, տվեք ուրեմն իմ կերպարանքն ինձ, գացեք ձեզի նոր կերպարանք ճարեք։ Բայց ես այսօր կտեսնեմ, որ Աստված ավելի բոլշևիկ է, քան ներկա բոլշևիկները։ Աստված կըսե՝ «ես վրեժխնդիր եմ ու մինչև յոթը պորտ վրեժ կհանեմ ձեր սերունդեն» ։ Մինչդեռ Ռուսաստանի բոլշևիկները միայն երկու պորտ վրեժխնդիր կըլլան՝ կուլակին կաքսորեն, տղուն դպրոցեն կարձակեն։ Եհովան կըսե՝ «ինձմե ի զատ ուրիշ Աստված չունենաս» ։ Մինչդեռ մեր բոլշևիկները իրավունք ունին երկու աստված ունենալու՝ Լենին ու Ստալին։ Աստված զոհի ատեն կսիրե ամենաընտիրը ու Կայենին ատեց միմիայն անոր համար, որ մաքուր ցորյան չբերավ իրեն։ Բոլշևիկ կոմիսարներն ալ կպահանջեն, որ բանկոոպ իջած ամենաընտիր ապրանքը իրենց տունը ղրկվե առանձին կարգով։ Աստված հանցավոր մարդկությանը ջրհեղեղով բնաջնջեց և մեկ ընտանիք միայն փրկեց, մինչդեռ բոլշևիկներու օրոք այսօր մեկե ավելի ընտանիքներ ողջ ու առողջ կպտտեն։ Աստված նույնպես դասակարգային կռվի սիրահար է եղեր՝ ստեղծելով առաջին մարդու կողքեն կին մը և օձ մը։ Աստծո որդի Քրիստոսը Մագդա մըն է սիրեր, մինչդեռ մերոնք՝ երկրի բոլոր գեղեցիկ կանանց․․․ Չէ՜, նմանությունը անհերքելի է, և Աստծո անունը «հին բոլշևիկներու» ցանկին մեջ չմտցնելը ցայսօր՝ զուտ վրիպակի արդյունք պետք է համարել․․․ ⁕ ․․․Չորնա՛ թող, սա մեր փողոց սալահատակող վարպետին ձեռքը։ Երեկվա կերածս դեռ չէի մարսած, ըսի լավ է, այսօր ալ գործի կերթամ՝ նոր վաղը կճաշեմ։ Բայց մեր սալահատակները այնքան խորդուբորդ են, որ կարելի՞ է անցնել առանց մարսելու։ Դեռ երկու քայլ չըրած՝ հանկարծ գխտացի ու ստիպված կես ճամբայեն տուն դարձա․․․ Չորեքշաբթի 28. ― Չէ՛, մի մեղադրեք բոլշևիկները, երբ իրենք մեղր ու կարագ կուտեն, իսկ մեզի երեք հարյուր գրամ քարի կաց կուտան։ Այսպիսի խտրություն մենք մեր տանին մեջ ալ կընենք։ Օրինակ՝ հայրս ես, ինքդ պապիրոսը բերնիդ, կծեծես հինգ տարեկան տղուդ, որ նույնպես ծխախոտը փաթթած լրագրի մը թուղթին մեջ ծխել կուզե։ Ինքդ ողջ որը կնկատ կհամբուրես, բայց տղադ, որ աղջկա մը ծուռը նայե, «դե՜» կպոռաս սպառնական։ Եթե պատճառաբանես՝ անոնք ալ արբունքի հասնելով և մեզի պես դառնալով, կվայելեն այդ բարիքները ապագային՝ ես ալ կըսեմ․ ― Մենք ալ, երբ զառամենք այնքան, որ ուղեղնիս թուլնա և ցնդենք բոլշևիկներու նման, ան ատեն մենք ալ մեղր, կարագ ու ճերմակ հաց ուտելու համար արբունքի կհասնենք․․․ ⁕ Այսօր ճաշին տպարանի բանվորական ճաշարանը գացի։ Պնակներն այնքան խորն էին ու գդալները այնքան կարճ, որ չկրցա իմանալ, թե․․․ քանի՞ բրինձ կար ապուրին մեջը։ Հինգշաբթի 29. ― Երևակայեցեք սոցիալիստական քաղաք մը, որ արտաքնոց չունի։ Հասարակական վայրերու, հասարակական գույքի մասին օրնիբուն ճառող պետություն մը, իր մայրաքաղաքին մեջ հասարակականորեն սնվող ժողովուրդին իր կերածը հասարակականորեն արտահայտելու հնարավորութենեն զրկեր է։ Մինչդեռ այդ հաստատությունը կրնար ամենաբանուկը ըլլալ պետական մյուս բոլոր հաստատությանց մեջ, ուր կյանքը տակավ կմեռնի արդեն։ Պետքարանը սոցիալիստական շինարարության մեջ մեծ դեր ունի կատարելիք։ Կուսակցությունը հիմա ո՛չ սպառնալիքով, ո՛չ դատով կրնա իր անդամներն բջիջի նիստին բերել։ Իսկ եթե վայելուչ պետքարան մը շինվի, որու ճամբի վրա շարված ըլլան բջիջի բոլոր ժողովարանները, այնպես, որ պետք ունեցող մը ստիպված ըլլա անպատճառ անցնել այդ ժողովասրահներեն, հետո Քաղխորհուրդն ալ իր տված հացին մեջ քիչ մը լուծողական խառնե (տեմպն արագացնելու համար) ՝ սոցիալիզմի կառուցումն ապահովված պիտի ըլլա անպատճառ և լսարանն ապահովված լսող կադրերով։ Ուրիշ բան է, թե կրնան պատահել մարդիկ, որք իսպառ հրաժարեն պետքարանեն և բարվոք համարեն իրենց վարտիքը կեղտոտել, քան գլուխը, սակայն, ատոնք բացառություններ կըլլան, իսկ բացառությունը օրենք չէ․․․ ⁕ «Պտուղբանջար» տրեստի զեղծարարներեն մեկուն, երբ դատարանը հարց կուտա․ ― Ի՞նչ ըրիր, արտասահման ուղարկվելիք (էքսպորտ) երեք արկղ ընտիր դեղձի քոնսերվը, երբ կես ճամբեն ետ վերադարձավ։ ― Մեկ արկղը ժողկոմխորհի նախագահ Տեր֊Գաբրիելյանին տունը ղրկեցի, մեկը՝ քարտուղար Խանջյանին, մեկալը՝ Երզնկյանին։ Հանցավորներ, որք, սակայն, նստած չեն դատապարտյալներու աթոռին։ Ինչո՞ւ։ Անշուշտ, ոչ խորհրդային դատարանին աչառությանը համար, այլ ամենայն հավանականությամբ աթոռ չըլլալու համար։ Վասնզի վերջերս մեղադրյալները ավելի շատ են, քան մեղադրյալի աթոռները, այդ պատճառով դատարանը կարգադրեր է, կըսեն, յուրաքանչյուր մեղադրյալ իր աթոռը հետը բերե․․․ Կիրակի 1. ― Այսօր ապրիլի մեկն է։ Առաջներ, երբ սուտ խոսելու սովորություն չկար, մարդիկ՝ սուտի գաղափարը աշխարհիս երեսեն ջնջելու համար, ապրիլի մեկին կխաբեին զիրար։ Հիմա ապրիլի մեկին խաբելն ավելորդ է դարձել այլևս։ Վասնզի անհատներն այլևս առնելիք֊տալիք չունին իրարու հետ, իսկ կառավարությունը, ոչ թե մեկ ամիս ու այն ալ ամսվա մեկ օր, այլ տարվա ամբողջ տասներկու ամիսը և ամսվա մեջ երեսուն օր կխաբե ժողովրդյան անդադար։ Հիմիկվա ռեժիմին կհարմարեր ապրիլի մեկին ոչ թե խաբել, այլ ճիշտը խոսել՝ տարվա մեջ գեթ օր մը իրականություն ըսած ըլլալուն համար, և, մանավանդ, ճշմարտախոսության գաղափարը գեթ անհետանալու վտանգեն ազատելու համար․․․ ⁕ «Տորգսինի» առաջ, ալյուր գնողների հերթին մեջ, մարդ մը ճզմվելով, մեռավ։ Ի՞նչ է «Տորգսինի» խանութ, գիտե՞ք։ Այդ խանութը կառավարությունը ստեղծեր է ժողովուրդեն ոսկի հանելու համար։ Ժողովուրդ՝ ավելի փխրուն ոսկեհանք, և ավելի քիչ տաքությամբ հալվող, քան Լենայի ոսկեհանքերը։ Երկուշաբթի 2. ― Գյուղացի մը կերթա Մոսկվա՝ կուսակցական համագումարի։ Հոնտեղ ճառախոսը կրակ կթափե բերնեն՝ խորհրդային շինարարության մասին։ Ավարտին, երբ կուզե գիտնալ, թե ունկնդրողներու կողմե հասկանալի եղա՞վ իր ճառը, դուրս կուգա մեր գյուղացին ու կհայտնե, թե ամեն բան հասկցավ, բացի «տեմպեն» ։ ― Տե՞մպ, ― կըսե ճառախոսը, ― այս րոպեիս բացատրեմ։ Բացեք պատուհանը։ Պատուհանը կբացվե, որկե կերևի խոշոր շինություն մը՝ ինը հարկանի։ ― Կտեսնա՞ս սա տունը, ― կդառնա ճառախոսը գյուղացուն, ― ասիկա նախկին ցարական ռեժիմեն օրոք մեկ տարվա մեջ կառուցվեցավ։ Հիշյալ գյուղացին գյուղը վերադառնալով, նույն ճառը նույնությամբ կզեկուցե գյուղական ժողովին մեջ։ Այստեղ կհայտնվե դարձյալ գյուղացի մը, որ կհայտնե, թե «տեմպը» չի հասկցեր։ Ան ատեն զեկուցողը բանալ կուտա պատուհանը, որն կբացվե գյուղի գերեզմանոցին վրա, կըսե՝ մատը դեպի գերեզմանոցը պարզելով․ ― Կտեսնես սա։ Նախկին կառավարությունների օրոք ասանկ գերեզմանոց մը հարյուր տարիեն հազիվ շինվեր, բայց մեր բոլշևիկյան կառավարությունը մեկ տարվա մեջ շինեց․․․ ⁕ Այսօր մեր պաշտոնյաներեն մեկուն հացի քարտերը կորսվեցավ։ Բարեկամները գունդ առ գունդ ցավակցության կուգան։ Չորեքշաբթի 3. ― Թիֆլիսին մեջ հայ մը ու վրացի մը կսկսեն իրենց ազգային պարծանքները հրապարակ բերել ու հպարտանալ անոնցմով։ ― Մենք, ― կըսե հայը, ― դերասան Փափազյան մը ունինք, որն երբ սկսե խաղա, 160 միլիոն ազգաբնակչություն միանգամեն կուլա։ ⁕ Հացի քարտը կորսնցնող պաշտոնակիցս այսօր կորսնցուցեր էր նաև իր գլուխը։ Հինգ անձ ընտանիք, որմե չորսը մանր երեխաներ, անոթի նստեր են տանը։ Վախեն ժամ մը անգամ ձեռքս ծոցս կտանեմ և կշոշափեմ քարտս։ Գիշերները ներքնակիս տակը կպահեմ, և հաճախ, ավելի ապահով ըլլալու համար․․․ երկուսով կպառկինք վրան։ Հինգշաբթի 4. ― Մոսկվային մեջ սկսվեցավ անգլիացի ինժեներներու դատը, որք կմեղադրվեն էլեկտրական ֆրոնտում վնասարարություն և պետական դավաճանություն կատարելու մեջ։ Կորա՜ն ոտով գլխով։ Չեկան դեռ անգլիացու արյունի համը չէ տեսեր։ Եվ իրոք որ, միշտ միևնույն ուտելիք ուտելը ախորժակը կփակե մարդու։ Չեկայի համար կյանքը ան ատեն միայն կսկսե, երբ իր ճաշացուցակին մեջ մտնե շաբաթվա մեկ օր ֆրանսիացի, օր մը գերմանացի, հետո առաջին տեսակը իտալացի, երկրորդը՝ չեխ (տես չխրթմա) ու իբրև դեսերտ՝ վրան ալ խումբ մը ֆինլանդացի, որոց համար վաղուց է ախորժակ սրեր։ Բայց դատն կերևի երկար պիտի տևե։ Համբերություն է հարկավոր։ Լավ չէ՞ր, նախ գնդակահարել «հանցավորները», ապա պարապ ժամանակը նոր սկսել դատել․․․ Ուրբաթ 5. ― Ես դեմ էի սոցիալիզմին մինչև օրս և այն կածիքն ունեի առհասարակ, որ կյանքը գոյության կռիվ է, և կենդանի արարածներն ստեղծված են զիրար ուտելու համար։ Այսօրվա կրկեսին մեջ, սակայն, անանկ մը երևույթի ականատես եղա, որ կարծես, կարծիքս սկսվեց տատանել։ Կրկեսին մեջ, գերմանացի դերասան մը, յոթն ամեհի առյուծներու մեջ, միևնույն վանդակում եղբայրաբար կապրեր ու կխաղար հետերնին, առանց այդ գազաններին կերակուր դառնալու։ Բան մը, որ ես երևակայել չէի կրնար։ Ու կհավատացունեմ, որ եթե գտնվի դերասան մըն ալ, որ վարժեցունե բոլշևիկներուն մարդ չսպանել, ես իմ համոզումը սոցիալիզմի հնարավորության մասին հիմնահատակ փոխեմ պիտի․․․ ⁕ Կառուցող բանվորներու ճաշարանեն կիմացունեն բանկոոպի վարչությանը, որ կերակուր եփելու համար ո՛չ միս ունեն, ո՛չ յուղ, ո՛չ ձեթ։ Վարչությունը ասոր վրա շտապ վարպետ կղրկե ճաշարանին պատերը ճերմակցնելու և առհասարակ մաքրությանը հոգ տանելու։ Ճիշտ այնպես, ինչպես այսօր բժիշկները ամեն տեսակ հիվանդության լուծողական կուտան հիվանդին դատարկ ստամոքսը մաքրելու համար․․․ Շաբաթ 6. ― Առինջ գյուղի հորթարածին կուսակցությունը հանկարծ «առաջ քաշեց» ։ Այնքան հանկարծ, որ խեղճը ժամանակ չունեցավ հետը վերցունել իր մախաղը, որուն մեջ կային՝ կայծքարը, հրահանը, սրինգն ու կարգ մը անհրաժեշտ իրեր։ Ատանկ հանկարծական առաջ քաշման կարելի է հանդիպել երկաթուղիի կամ թրամվեյի մեջ, երբ մեքենավարը առանց նախազգուշացնելու մեկեն կքշե մեքենան, հանկարծակի ցնցումեն թռցնելով ուղևորներու գլխարկը, կամ կեցողները նստողներու գոգը թափելով։ Հորթարածն այժմ հանուր Հայաստանի անասնապահական ֆերմայի դիրեկտորն է։ Առաջին ամիսը առաջ քաշված հովիվը ավտոն նստավ ավանակ հեծնելու նման։ Շատ անգամ մոռնալով, որ ինքը դիրեկտոր է արդեն, տեղ մը՝ փոխանակ ավտոյի, ոտքով կերթար կարգադրություն մը ընելու։ Ետքեն, հիշելով, որ ավտոյով պիտի գար, իր սխալն ուղղելու համար ետ կուգար և անգամ մըն ալ մեքենայով կերթար նույն կարգադրությունը կրկնելու։ Առաջին ամսին իր շարժուձևը կարգի բերելով, երկրորդ ամսուն սկսեց լեզուն մաքրել։ Պաշտոնական ժողովներուն «աղա Գևո» կամ «Գևո ջան» կըսեր բոլոր Գևորգներուն, փոխանակ կուսակցականներուն՝ «ընկեր», անկուսակցականներուն «քաղաքացի» ըսելու։ Կամաց֊կամաց, լավ էր, վարժվեցավ։ Առաջ, որ իր ավանակին փալան և հորթերուն վզկապ հազիվ կշիներ, այժմ շատ հաջող «սոցիալիզմ կշիներ» ապագա մարդկության համար։ ⁕ Եթե ամբողջ մեր պետական կազմն հովիվներե կազմված ըլլար՝ մենք փրկված էինք, վասնզի անոնք իներցիայով, մեզի ալ անասուն կարծելով, պիտի կերակրեին․․․ սխալմամբ։ Կիրակի 7. ― Սա չորս տարի է մեծ պետությանց ներկայացչությունը Լոզան կուգա զինաթափվելու, բայց ցայսօր ոչ մեկ պետություն զենք մը չնետեց գետին։ Մինչդեռ սա մեր ճաշարաններեն, ինքնաբերաբար, առանց կոնֆերանսի, դանակներն ու պատառաքաղները վերացան, այլևս կտրելիք և բերան տանելիք բան չունենալուն համար։ ⁕ Երկու քաղծացներ, վիճելով, փողոցեն կանցնեին։ Մեկը անոնցմե հույս չուներ, թե երբևիցե այս ժողովուրդը ընդունակ ըլլա ապստամբելու, մյուսը հակառակվելով՝ կըսեր․ ― Չէ՛, կսխալիս, կապստամբե, կեցիր թող դանակը ոսկորին հասնե։ Խե՜ղճ մարդ, չի գիտեր, որ կառավարությունը բոլոր «դանակները» հավաքեր է «ոսկորին» չհասնելու համար․․․ Երկուշաբթի 8. ― Անցյալ օր փողոցին մեջ պատասխանատու կոմունիստ մը տեսա ու հետը խոսեցի։ Այդ կուսակցականը ինձի հետ համաձայնեց, որ հիմա գրականություն գոյություն չունե Խորհրդային Միության մեջ, որ եղածը գրականություն չէ, այլ աղբ, որ պետք է դուրս թափել, որ այսպես երկիր կառավարել չի կարելի, որ ասիկա ոչ թե «վերելք» այլ սարսափելի վայրէջք է դեպի նախապատմություն, և այլն, և այլն։ Այսօր նույն կոմունիստը բեմին վրա գովեստով կխոսե խորհրդային գրականության նվաճումներուն վրա և իշխանությունը «բանվորական» ու ժողովրդին սիրելի կհռչակե։ Չեմ հասկնար։ Կնշանակե՝ այս մարդիկ գրամոֆոններ են, որոց ասեղի տակ ինչ եղանակ դնես, այն կերգեն։ Այդ վնաս չունե, թող այդպես ըլլա, պայմանով սակայն, որ իրենցմե կոմունիստական կուսակցության պատկանելու ստաժը հարցնելու ատեն՝ չըսեն «12 տարի», այլ տարրական ազնվությունը կպահանջե, որ այդ 12 տարիեն հանեն այն օրերը կամ ժամերը, երբ համաձայն են եղեր դաշնակցականներու, մենշևիկներու կամ էսեռներու հետ։ Եթե տակը բան մը մնաց, նոր կոմունիստ համարեն ինքզինքնին․․․ ⁕ Եղունգս երկարեր է՝ դանակ չունիմ, որ կտրեմ։ Ես գիտեմ, վաղ֊մյուս օր Չեկան բռնեց նե ինձի, հարցնե պիտի, թե ինչո՞ւ եղունգ կպահես․․․ առանց թույլտվության։ Երեքշաբթի 9. ― Այսօր Մոլորովն ու Ստալինը հրաման մըն են փակցուցեր օրաթերթերու ճակատին խոշոր տառերով, որով կարգելե կոլտնտեսական գյուղացոց գիշերներ ժողով գումարել և կհրահանգե առտուներ շուտ ելլել ու գործի կենալ, քանի գարնանացանը չի ավարտված։ Գարնանացանն ավարտելով, պետք է ջրվի արտերը, ուրեմն ջրելու ժամանակ ալ չի կարելի խոսել, ջուրն ավարտվեց՝ կուգա խաղի, կալսելու որևէ ժամանակ, եթե հաշվի առնենք, որ ձմեռն ալ գյուղացին կարպետ կգործե։ Ուրեմն ե՞րբ պետք է խոսե կոլտնտեսական գյուղացին։ Այս հրամանը չի՞ նշանակեր արդյոք, որ իրենք՝ այդ կոմունիստական զույգ առաքյալները, կխոստովանեն, թե ժողով, խոսք ու ճառ ավերող է այլևս, գործ, գործ է պետք։ Եթե կխոստովանեն այս, կնշանակե սխալ գրված շարադրության մը նման, վերեն վար գիծ պետք է քաշել տասն ու հինգ տարվա կոմունիստական կառավարությանը վրա։ Վասնզի այդ կառավարությունը տասն ու հինգ տարի միայն ժողով գումարեց, ճառեց ու խոսեց․․․ ⁕ Ծերունի գրող մը, գլուխը պատուհանեն հանելով, կըսե ինձի․ ― Մերկ եմ, ադամա մերկ, զգեստ չունիմ, որ դուրս գամ օդ առնելու։ ― Հոբելյանիդ խնդիրը դիր, ― կպատասխանեմ վարեն։ ― Ատով ի՞նչ կըլլա որ, զգեստ կուտա՞ն հոբելյարին։ ― Զգեստ չեն տար, բայց այնքան «Լենինի», «Ստալինի», «Աշխատանքի հերոսի», «Հարվածայինի» և այլ դրոշներ կկախեն վրադ, որ այլևս զգեստի կարիք չես ունենա։ ― Այդ դրոշները տաք կպահե՞ն մարդու։ Ինչո՞ւ չէ, կրնաս ձմեռային «պսմաչ», «կումաչ» դրոշներ պահանջել․․․ Չորեքշաբթի 10. ― Ինչպես գիտեք, ամեն կոլտնտեսական մեկ կթան կով անհատորեն պահելու իրավունք ունի, որն իր կոլեկտիվի մեջ դրած հինգ կովը մոռցած, հույսը սեփականին է դրեր։ Այս աշնան խոտի բերքը բաժնելու ատեն, ողջ բերքը կոլտնտեսականները բաժներ և տարել են տուն իրենց սեփական կովին համար ու մոռցեր են համայնական գոմին ալ բան մը ձգել։ Եվ ի՞նչ։ Այսօր համայնական կովերը ու եզները անոթութենե փրկելու համար, վարչությունը կոլտնտեսության անդամ գյուղացիներեն վերստին շուկայի գներով կգնե այդ խոտը և կկերակրե հանրային անասունները։ ⁕ Քաղաքացի մը իր ընկերոջ հետ տաք վեճի ժամանակ շարունակ ձեռքը ծոցը կտաներ։ Վիճակիցը վախնալով, որ իր ախոյանը կպատրաստվե ատրճանակ քաշել, միլիցիայի կդիմե։ Միլիցիան խուզարկելով այս «վտանգավոր» քաղաքացուն, հայտնաբերեց անոր․․․ հացի քարտը։ Հինգշաբթի 11. ― Դարվինի տեսակներու ծագման թեորիան եթե շիտակ ըլլար, հիմա արդեն մարդիկ փոքրիկ դույլերով պիտի ծնվեին, վասնզի հիմա առանց դույլիկի ոչ մեկը չի պտտեր, և դույլն այնպես անբաժան է մարդուց, ինչպես մարմնի որևէ վերջավորությունը։ Առանց գլխի կարելի է տունեն դուրս ելլել, ինչու որ գլուխի մեջ կերակուր չի լեցվի, բայց դույլն շատ կարևոր անդամ մըն է ճաշարանեն «կերակուր» բերելու համար։ Փողոցին մեջ կարելի է տեսնել մարդիկ, որք գլխարկի տեղ դույլեր դրած դեպի ճաշարան կվազեն։ Քանի՞ մարդ կգտնաս այս երկրի մեջ, որ դույլն ու գլխարկը զանազանելու չափ ուշք մնացած ըլլա գլխին մեջ․․․ ⁕ Ճապոնիան բարձրացեր է չինական պարիսպին վրա և կպատրաստվե արդեն թռչել ներս։ Չինական բանակը բոլոր կակուղ բաներն անդին կքաշե, որ վար թռնելուն ոտքը կոտրե․․․ Եվ այս գործողությունը բոլշևիկյան մամուլի բարբառով «կատաղի դիմադրություն» կկոչվե։ Ուրբաթ 11. ― Երևակայեցեք պզտիկ տղա մը կամ եթե պզտիկ երևակայել չեք կրնար, կարելի է մեծ, բայց խելագար երևակայել, որ կպահանջե քեզի վար առնել բարձր պատեն կախած ատրճանակը, որ անով քեզի․․․ սպանե։ Ես բոլշևիկյան Ռուսաստան չեմ տեսեր և անոր տարիքը չեմ գիտեր, բայց համենայն դեպս կամ երեխա, կամ խենթ ըլլալու է այդ պետությունը, վասնզի ճիշտ վերևը հիշածս պզտիկին նման, եվրոպացիներին, որք կապիտալիստներ են ու հակառակ իրենց «սոցիալիստական» ռեժիմին, իր երկիրը կկանչե, որ իր համար զենք պատրաստեն, իրենց կապիտալիստական ռեժիմը կործանելու համար։ Ասոնք ալ, այդ մասնագետները կուգան Ռուսաստան, կլրտեսեն երկիրը և խոշոր ամսականներ առնելով, իրենց երկիրը կերթան, փայտե հրացաններով զինելով այս մեծ երեխային։ Օրերս Մոսկվային մեջ տեղի ունեցող անգլիական ինժեներներու դատը այդ միայն կապացուցե։ ⁕ Այդ տարի քաղաքիս քանդվելիք տուներու ցանկին մեջ ընկեր է պետական շենք մը, որի կառուցումը տակավին չէր վերջացեր․․․ Հոս ես կհավնեմ արդեն Քաղխորհուրդին խելքը։ Իհարկե, ավելի աժան, ավելի ձեռնտու է պետությանը կիսավարտ շենքերը քանդել, քան շինել, լմնալեն վերջը․․․ Ասիկա «բոլշևիկյան ճկունություն կկոչվե», որն կկիրառե կուսակցությունը նաև իր ճառերուն մեջ՝ սա տարբերությամբ միայն, որ ջնջված ճառերը ձրի են, իսկ քանդված տուները մեկ֊երկու միլիոնի կնայե։ Շաբաթ 12. ― Նկատե՞ր եք, երբ մարդ կմոռնա իր ստամոքսին գոյությունը, այլևս անոթություն չի զգար։ Այսպես կպատահե ինձ հետ նաև ատամիս ու ականջիս ցավի ատենները։ Բնական է, երբ ոչինչ չունիս, ի՞նչդ պիտի ցավե։ Բայց ցավն այն է, որ վերջերս, քաղաքիս մեջ սպասվող որովայնային տիֆին պատճառով, առբաժինը սրսկումներ կկատարե, ու ամեն անգամ թերթը բացած ժամանակ, երբ աչքս կիյնա առբաժնի հայտարարության «որովայն» բառին, անմիջապես կքաղցեմ։ Ես սարսափով կերևակայեմ մարդակազմության դասատուներու վիճակը, երբ պաշտոնի բերմամբ, օրական առնվազն վաթսուն անգամ «ստամոքսը» հիշեն պիտի։ Իմ բանը խեր է, ես շաբաթ անգամ մը թերթը ձեռք կառնեմ, իսկ շաբաթ անգամ մը ուտելու չափով ուտելիքով ապահովված եմ։ ⁕ Քաղխորհուրդը քաղաքը մաքրող սայլապաններուն «դիրեկտիվ» է տվեր կես կանգունեն ավելի չփորել գետինը՝ «քաղաքը շատ փոս կիյնա» ըսելով։ Կիրակի 13. ― Եթե ուրիշ արգելքներ չըլլան, արտաքնոցը բավական է, որ սոցիալիզմ չիրականանա։ Ուղիղ մեր դիմաց պետական տուն մը կբարձրանա, որու բնակիչները բացառապես կոմունիստներ են ու կօգտվեն համայնական պետքարանեն։ Ոչ մեկը այդ օգտվողներեն իր պարտքը չի սեպեր հսկել պետքարանին մաքրությանը, և ամենայն օր կագ ու կռիվ կերթա մեջերնին, և յուրաքանչյուրը կաշխատե ավելի կեղտոտել ի հաշիվ իր դրացիի։ Եթե Լենինի խոսքով բնորոշենք, պիտի ըսենք․ «Մարդուն հատուկ եսասիրություն, գումարած կուլտուրական ցածր մակարդակ՝ հավասար է մեր դիմացի տան արտաքնոցը» ։ Սոցիալիզմն դուրսի, ցուցադրական զգացմունք կամ գաղափար է, բայց մարդս իր մեջ (կամ արտաքնոցում) միայն էգոիստ է։ Ինչպես ժողովրդին իրական կամքը միայն գաղտնի քվեարկությամբ կիմացվե, անանկ ալ մարդուս էությունը իր առանձնության մեջ միայն դիտե։ Եթե այսօր Ռուսաստանին մեջ գաղտնի քվեարկությամբ հարցվի ժողովրդյան, թե համաձա՞յն է ներկա ռեժիմին․ կհավատացունեմ ձեզի, որ ինքը՝ Ստալինը, սև քվե պիտի տա իր իսկ ռեժիմին․․․ ⁕ Ասով հարկավ ըսել չեմ ուզեր, թե սոցիալիզմն անհնար բան է։ Ո՛չ։ Սոցիալիզմն հնարավոր է, բայց միմիայն այն պարագային, երբ մարդիկ սկսեն ուրիշի բերնով ուտել՝ իրենք կշտանան և ընկերոջ շուրթերով սիրած կնոջը համբուրեն՝ իրենք սիրով արբենան․․․ Երկուշաբթի 14. ― Ինչպես Աստծո համար կլսվե «ամեն տեղ է», անանկ ալ մեր Բանգյուղտեսչությունը «ամեն տեղ» պիտի ըլլա, որ իր ֆունկցիան լրիվ կատարե։ Ճաշարանին մեջ տեսար մեկը մեծ պատառ տարավ բերանը։ ― Բանգյուղտեսչության ուշադրությունը կհրավիրեմ, ― հավա՜ր կկանչե մյուս օրը թերթը։ Դերձակներու արտելը վերարկուին մեկ գրպանը քիչ մը մեծ կարեց մյուսեն՝ ― Բանգյուղտեսչությո՜ւն, հասիր․․․ Պետհրատին գրախանութը մատիտին ծայրը քիչ մը երկար հանեց՝ ― Բանգյուղտեսչությո՜ւն, նայե պետական հարստությունը ինչպե՜ս կմսխվե։ Կոնսերվի գործարանի բանվորները դեղձը թանձր կկեղևեն՝ ― Բանգյուղտեսչությո՜ւն․․․ Բանգյուղտեսչությունը, որն եվրապական պետությանց մեջ Պետական կոնտրոլ կկոչվե, այնքան ասանկ պզտիկ խնդիրներով կզբաղեցունեն, որ այլևս ժամանակ չի ունենա հարյուր հազարներու հասնող զեղծմանց համար։ Եթե քեզի միևնույն ժամին յոթը տեղե ժողովի կանչեն, մեկը ընդունելով, վեցը մերժես պիտի, չէ՞։ Լա՜վ։ Երբ մտածես, թե վեց ժողովներու օգտակար չես կրնար ըլլալ, նեղսրտութենեդ յոթներորդն ալ չե՞ս մերժե ու հանգիստ նստես տունդ՝ կնկադ հետ զրույց ընելու։ Կընե՜ս։ Ահա այս է պատճառը, որ Աստվածն ու Բանգյուղտեսչությունը ոչ թե «ամեն տեղ», այլ «ոչ մեկ տեղ» ալ չեն ու տուներնին նստած զրույց կընեն իրեց կողակիցներու հետ․․․ ⁕ Այսօր բանկոոպը հին գինի էր ստացեր ու միայն «հին բոլշևիկներուն» կուտար։ Այս եղավ հակաքրիստոնեությո՞ւն։ Երեքշաբթի 15. ― Ատաղձագործ Գրիգորը՝ իմ նախկին աշակերտը և արդի կոմունիստը, հանկարծ առաջ քաշվեցավ որպես թերթի խմբագիր ու շվարեր կեցեր էր։ ― Եկուր քովս, ես կօգնեմ քեզի, ― ըսի իրեն՝ այսօր ճամբին պատահելով։ ― Ուրագ ու սղոց ալ բերե՞մ հետս, ― հարցուց անմեղ տղան՝ սիրտ առնելով։ ― Ոչ, ― ըսի, ― երկու ականջ միայն բեր հետդ և լսե՝ ինչ պիտի ըսեմ։ Ու երբ քովս եկավ որոշված ժամին․ ― Դու նախ և առաջ պիտի սորվես խմբագրականներ գրել, որք ստանդարտ մասերե բաղկանա պիտի, իրար միացած․․․ ― Պտուտակո՞վ, թե սոսինձով։ ― Ո՛չ պտուտակ, ո՛չ սոսինձ։ Չէ՞ որ խմբագրածդ օրաթերթ է, ու յուրաքանչյուր օր պիտի քանդես֊շարես։ Թուքով պիտի կպցունել։ Արդ՝ առաջին մասի մեջ կգրես, թե սոցիալիզմն ի՜նչ հաղթանակներ է տարեր Խորհրդային Միության մեջ և ինչպես կուլակները ճզմված են (կամաց ճզմե չմեռցունես, քիչ վարը անոնք «կատղեն» պիտի ու «սանձարձակ» դառնան) ։ Ճզմեցի՞ր, դե անմիջապես Լենինեն կամ Ստալինեն ցիտատ մը բեր այդ մասին։ Բերի՞ր՝ վերջացած է առաջին մասը։ Երկրորդ մասին մեջ ճզմված ու ջախջախված կուլակները հանկարծ գլուխ կբարձրացունեն ու կը «գազազեն» ։ Գազազեցա՞ն, բեր ցիտատ մըն ալ այդ մասին և փակե երկրորդ մասը։ Երրորդ մասին մեջ բեր օրինակներ, թե ինչպես կան կոմունիստներ, որք չեն նկատեր այս բանը, որք «կթերագնահատեն» կուլակային վտանգը։ Ապա չորրորդ մասին մեջ գրե այն «ընկերներու մասին», որք չեն թերագնահատեր, գովե հօրինակ այլոց, պահպանել մը ըսե ու վերջակետ դիր։ Խմբագրականը պատրաստ է։ Եվ դու կրնաս տարի մը ամբողջ այս խմբագրականը տպել՝ մասերն ետ ու առաջ դնելով։ ― Ամեն օր կուլակները «ջախջախվեն» ու «կատղե՞ն» ։ ― Ի՞նչ վնաս։ Ատիկա հաճելի մարմնամարզ մըն է, որ կուժովցունե անոնց մկանները, իսկ քուկինն էլ՝ գրիչը։ ⁕ Ժամանակե մը ի վեր կոմունիզմը, կպած Գերմանիո, կհյուծեր զանի։ Վարչապետ Հիտլերը սակայն, «ախտահանիչ կամերային» միջոցով հիմնապես մաքրեց երկիրը այդ պարազիտներե։ Ինչպես կըսեն՝ Գերմանիա «քրտնեց լավցավ» ։ Այո՛, առողջացավ Գերմանիա, ախորժակը բացվեցավ ու հիմա իր գաղութները կուզե, որ ուտե, կազդուրվե․․․ Չորեքշաբթի 16. ― Գյուղի կուսակտիվը, կուսակցության նոր «դերեկտիվի» համաձայն, «կարմիր անկյուններու» և «խրճիթ ընթերցարաններու» տարիներե ի վեր փակված դուռները բանալով, ականատես եղավ հետաքրքիր տեսարանի։ Սարդերը, առանց պետական օգնության, առանց բջիջի նիստերու, առանց համագումարներու և գործուղմանց՝ ավելի շատ թել էին հյուսեր այդ մոռացված հաստատությանց դուռ ու պատուհաններին, քան Լենինականի տեքստիլի մանարանը իր ողջ նորագույն կառուցմամբ։ Ավելին։ Այդ սարդերը, իրենց «շինարարության» ընթացքին, ավելի քիչ ճանճերու արյուն էին ծծեր՝ քան տեքստիլը կծծե իր բանվորներուն։ Մասնավոր ձևով այդքան հաջողությո՜ւն։ Եվ ասիկա դեռ գյուղական աննշան փոքրիկ «խրճիթներուն» մեջ։ Հապա վաղ մյուս օրը, եթե քաղաքի կուսակտիվը, սույն փորձեն քաջալերված, ըսկսե քաղաքիս կոոպերատիվ «փակ բաշխիչները» ուսումնասիրել կամ Կենտգործկոմի ու Գավգործկոմի նման հարյուրավոր գործածութենե ինկած պաշտոնատուներու դուռները բանա, կերևակայե՞ք, ինչպիսի՜ հարստություն կգտնե։ Ու եթե կառավարությունը սոցիալիզմ կառուցել չցանկանար, այլ միայն ժողովրդին բարօրությունը ցանկար՝ ես պիտի առաջարկեի անմիջապես փակել Լենինականի «Տեքստիլը», այն հաստատ համոզումով, որ տաս տարվա ընթացքին մեզի շապկացու մը չտվող «Տեքստիլը» սարդերու հանձնվելով՝ մենք մեկ տարիեն, շապիկ ալ կունենանք, վարտիք ալ․․․ ⁕ Մարդուս օրգանիզմը ժամացույցին ճիշտ հակառակն է։ Կանգնած ժամացույց աշխատեցունելու համար պետք է մաքրեն ներսը, իսկ կանգնած մարդուն աշխատեցունելու համար պետք է լեցունես ներսը․․․ Բոլշևիկները իրենց բանվորներուն ժամացույցի սիստեմով աշխատցունել կուզեն․․․ Հինգշաբթի 17. ― Եթե պատահի, որ ես խորհրդային վարժապետ դառնամ, և աշակերտներս հարցունեն ինձի՝ ի՞նչ բան է կոլտնտեսություն և խորհտնտեսություն՝ պիտի պատասխանեմ․ ― Սիրելի՛ աշակերտներ, կոլտնտեսությունն ու խորհտնտեսությունը այն կապույտ ակնոցն է, որ բոլշևիկյան կուսակցությունը կդնե ի ծնե կույր աչքերուն։ Չկա այդ տնտեսություններեն մեկը, որ ինքն իրեն կշտացունե, ալ չեմ խոսեր կառավարության բերք տալու մասին։ Չկա մեկը, դեպի մարդկության բարօրություն, հետևաբար, և դեպի սոցիալիզմ տանող ատ «ազդակներեն», որ իր չորս ցենտներ սերմացուն հինգ շինե և ինը ոչխարը տաս շինե։ Բայց բոլոր այդ տնտեսություներեն, իրենց նախապես տրված հարյուր ցենտներ ցորենը տասի են իջեցուցեր, հազար ոչխարեն քսանն են թողեր։ Չե՞ք հավատար, ահա ձեզի փաստ, բերված այսօրվա «Խորհրդային Հայաստանեն» ։ «Ղարաքիլիսեի Համզաչիմանի խորհտնտեսությունը, ― կըսե թերթը, ― անցյալ տարի ստացավ յոթ հազար փութ գարի, որմե երեք հազարը գողցվեցավ, հազարը վարչության անդամները բաժնեցին իրենց մեջ, իսկ երեք հազարը մնաց անձրևի տակ, ամբողջովին փտեց ու թափեցին։ Ուներ 350 ցեղական խոզ, որոցմե 200֊ը սատկեցավ մեկ ձմեռվա մեջ, 70֊ը կիսաքաղց, սատկելու կպատրաստվե, իսկ առողջներեն ոչ մեկը չծնեց՝ վարազ չունենալու պատճառով» ։ Սոցիալիստական այս բոլոր տնտեսությունները՝ սովխոզներն ու կոլխոզները, անվարազ խոզեր են ու հազիվ թե բոլշևիկ կառավարության համար խոճկոր մը մը ծնեն։ Ու այսքան պարզ ճշմարտություն մը չտեսնելու համար, կույր մը ապաքեն ի ծնե ըլլալու է և ծնված կույր ծնողներե․․․ ⁕ Աղթալայի գյուղատնտես֊պլանավիկը կմեղադրվե, որ իր կազմած «պլանին» մեջ առաջվնե կորոշե, թե 130 ոչխարեն, մեկ տարվա մեջ, քառասունն իրավունք ունին մեռնելու, մինչդեռ թիվը մեծ է, մեռնելու համար քսանն էլ կբավե։ Ասկե երկու բան։ Նախ կիմանամ, որ ոչխարներն ալ մահկանացու են (ոչխարին մեռածը չեն տեսեր, մորթվածն են տեսեր) ։ Երկրորդ՝ եթե գյուղատնտեսին որոշելովը պիտի մեռնե կամ չմեռնե ոչխարը, ինչո՞ւ անանկ պլան մը չգծել, որու մեջ ոչ մեկ ոչխար մեռնե․․․ Ուրբաթ 18. ― Այսօր կրկեսն իր տասնչորս առյուծները կերակրելու համար, թերթին մեջ տպված հայտարարությամբ մը, գործե ինկած անպետք ձիեր կուզե։ Արդեն սա շաբաթ մըն է, գերմանացի դերասանը չի կրնար մոտենալ իր առյուծներուն, կենդանիք անոթի են ու կվախնա հարձակում կրելե։ Բայց անպետք ձի․․․ հազիվ թե գտնի կրկեսը։ Ձիու միայն կաշին շատ բան արժե։ Կրկեսը, եթե կուզե իր առյուծներու կերակրման գործը հաստատուն հողի վրա դնել, պետք է Չեկայի ու Գերագույն դատարանի հետ պայման կապե, որ բոլոր մահապարտներու վճիռը իրեն տան «ի կատար ածելու» ։ Հիմա, երբ սկսված է «վնասարարներու» դատը և «օգոստոսի 7֊ի օրենքը», ծոծրակ քորելի ժամանակ չունի, հիմա, այդ զույգ հաստատությունները կրնան ոչ թե տասնչորս, այլ չորս հարյուր առյուծ կերակրել։ Պայմանով սակայն, որ հետագային կրկեսը իրեն հանդիսատես ճարե․․․ ⁕ Բայց վախկո՜տ գերմանացի դերասան։ Ընդամենը տասնչորս քաղցած առյուծ կվախնա խաղցունել այն ժամանակ, երբ Ստալինը 160 միլիոն քաղցած ժողովուրդ․․․ կխաղցունե։ Շաբաթ 19. ― Կառավարությունը որոշեր է «հարվածային» բանվորներուն լավ ճաշ տալ, ոչ հարվածայիններուն՝ վատ։ Եվ որովհետև լավ ճաշ գոյություն չունի, ապա ուրեմն թարգմանելով այս որոշումը մեր լեզվով՝ կստացվե հետևյալը։ Հարվածայիններուն վատ ճաշ տալ, մյուսներին ոչինչ չիտալ։ Այս է պատճառը, որ երեկ «հարվածային» մը, մեկ քարի տեղ երկուսը շալակած ըլլալուն համար, հինգ հարկանի շենքեն վար ինկավ։ Բայց կառավարությունը նորեն չէր դրժեր օր օրենքը՝ «լավ ճաշ կուտար» ․․․ եթե բանվորին բերանը հայտնի ըներ։ ⁕ Այնքան եմ սորված ժամացույցով ճաշել, որ սա երկու օր է ժամացույցս կանգ է առեր, ու ես անոթություն չեմ զգար․․․ Կիրակի 20. ― Ծեր գյուղացի մը ներս կանչեցի՝ մածուն առնելու։ Տեսնելով իննսունամյա մորս, իր հանգուցյալ պառավը հիշեց և մածունի պուտուկը ուսեն ցած դնելով՝ «դիրթլիմիշ» եղավ քիչ մը։ ― Ողորմի քեզի, պառա՛վ։ Ա՜խ, կըսեր, կարդալ, գրել սորվիմ, նոր մեռնիմ։ Ես ալ, տեսնելով իր սորվելու եռանդը, «Լիկկայան» ղրկեցի։ Ընդունակ էր շատ։ Տարվա մը մեջ սորվեցավ «ա» ֊ին երեք ատամ ունենալը։ Վարժուհին՝ չմոռնալու համար, մեր եղանն էր ցույց տվեր և ըսեր՝ «Նայե՛, եղանը քանի ատամ ունենա, «ա» ֊ալ՝ նույնքան» ։ Ու պառավս շատ ընդունակ էր։ Երբ ալ հարցնեիր իրեն՝ ― Գյուլնա՛ր, «ա» ֊ն քանի՞ ատամ ունի։ Անմիջապես փայտե եղանին նայելով՝ «երեք» կըսեր։ Դե, այն ատենները բոլշևիկը դեռ նոր էր մտեր մեր երկիրը, դեռ հարուստ էինք, ու մեր եղանը երեք ատամ ուներ։ Երկրորդ տարին, մեկ կողմեն աղքատությունը, մյուս կողմեն եղանը՝ դե փայտ է, ատամ կթափե, բան․․․ մնաց երկու ատամ ընդամենը։ Ու պառավիս «ա» ֊ն երկրորդ տարին արդեն երկու ատամ ուներ։ Երրորդ տարին գեշ էր՝ եղանին մեկ ակռան ալ թափվելու հետևանոք, Գյուլնարիս «ա» ֊ն մնաց մեկ ատամանի։ Իսկ չորրորդ տարին, երբ պիտի ավարտեր Լիկկայանը և վկայական առներ, մեր եղանին վրա այլևս ատամ չեր մնացեր․․․ Ա՜խ, անիծվի թող աղքատությունը, անիծվի։ Հարուստ չըլլա՞ս, որ հինգ ատամանի երկաթե եղան առնես, դնես կնկանդ առջև ու մինչև մահն ալ իր «ա» ֊ն հինգ ատամ ունենա․․․ Թեև, ըսենք, ան ալ բան մը չէր։ Այս տարի բոլոր հինգ ատամանի եղան ունեցողներուն իբր «կուլակ» Սիբիր ղրկեցին․․․ 1935 թվական Երեքշաբթի 20. ― Աղին կայարանին մեջ կգոցվե կնոջ մը ճամպրուկ՝ իրերով 4000 ռուբլու արժողությամբ։ Գողը կբռնվի։ Գյուղացի մըն էր, որն գուշակելով, թե իր ունեցվածքը վաճառվի պիտի ի հատուցումն գողացված ապրանքի, անմիջապես կհավաքե իր կայքն ու կոլխոզ կմտնե։ Կինը Թիֆլիս կապրեր։ Տասնութ անգամ երթալ գալով, դատը Երևան փոխադրելով ու 1300 ռուբլի ծախս կատարելով՝ վերջապես դատարանեն հետևյալ վճիռը կհաջողե ձեռք բերել։ Կոլխոզ մտցուցած անասուններուն ու գույքին ձեռք չի տալ։ Գողությունի արժեքը մաս֊մաս գանձել կոլխոզեն ստացած տարեկան եկամուտեն՝ 25 տոկոսի չափով․․․ Ու եթե հաշվենք, որ կոլխոզեն ստացած գողին եկամուտը լավագույն պարագային զերո է՝ կինն ստանա պիտի զերոյի մեկ չորրորդ մասը․․․ Ուրեմն, ո՛չ պատժել, ո՛չ կայքն «աճուրդի հանել» ։ Հետևաբար, ինչո՞ւ գողություն չպատահի մեր երկրին մեջ։ ⁕ Կխորհեմ՝ լավատեսությունն հոռետեսութենեն աղեկ է։ Կին մը տեսա, որ այսօրվանե՝ այսինքն՝ վաղ գարնանե, կալոշ կառներ ձմեռվա համար։ Ըսել է այդ կինն հույս ունի մինչև ձմեռն ապրիլ․․․ այս ռեժիմին տակը։ Չորեքշաբթի 21. ― Ըստ նոր օրենքի, ուրեմն, 12 տարեկանեն վեր հանցավոր երեխաները պիտի պատժվեն ինչպես50 տարեկան չափահասներ։ Այսինքն՝ չորս գործողության վերաբերյալ խնդրի մը մեջ 14 սխալ գործող աղեկ մը, պիտի հասկնա աշխարհիս չարն ու բարին այնպես, ինչպես կյանքն ամբողջովին ճաշակած 70-ամյա զառամյալը։ Պետք է սպասել ուրեմն, 13 տարեկան պզտիկներու շարան դեպի բանտ, աքսոր ու գնդակահարություն․․․ Ինչի արդյունք է սույն հակամարդկային «օրենքն» ՝ չեմ հասկնար։ Ամենայն հավանականությամբ բոլշևիկյան Մողոքը, ձանձրանալով հասակավորի միսին, մատղաշ միսի կարոտ է քաշեր․․․ Այլապես, պզտիկն համեմատած չափահասին՝ ինքնին սխալ մըն է արդեն։ Զանոնք կոտորելու համար պետք կա՞ նոր սխալներու սպասել։ ⁕ Ներկա ուտելիքի սովին ժամանակ ստամոքսին մեջ ճիճու ունենալը բնավ չի քաշվեր։ Տաժանելի աշխատանքով, ստորանալով ու ամեն տեսակ ցածությամբ սնունդ կլլես, որ որդերն ուտե՞ն։ Հինգշաբթի 22. ― Օպերայի դռանը ռուս մը տեսա, որ ամենապակասը 90 քիլո կկշռեր։ Եթե ի նկատի առնենք, որ 30 քիլո կշռողներն ալ «մարդ» կկոչվեն և կրնան մարդկային բոլոր բարեմասնություններն ունենալ, ապա, ուրեմն, ռուսին 60 քիլո ծանրությունն զուր բեռ է իր համար։ Վաթսուն քիլո ծանրությունն ամենազիջող բեռնակիրն վեց ռուբելն պակասով չի փոխադրեր շուկայեն տունդ, որ ընդամենը տասը րոպեի ճամբա է։ Երևակայեցեք՝ սա ռուսը քանի՞ միլիոն ռուբլի համալչեք կկորցունե՝ ամբողջ կյանքի տևեղությամբ այս բեռը կրելով․․․ ⁕ Գերմանիա, որ ասկե շաբաթ մը առաջ կպոռար, թե Արևելյան պակտը չեմ ստորագրեր, ես Ռուսաստանին վրա հարձակվեմ պիտի, սանկ֊նանկ, այսօր, երբ Ռուսաստանն Գերմանիո կողմ տանելով ականջին փսփսաց՝ կստորագրե Արևելյան պակտը։ Արդյոք ի՞նչ խոստացավ։ Ուրբաթ 23. ― Այսօր ոչ մեկ ընելիք ունիմ։ Պիտի նստեմ պատուհանս ու անցուդարձողներուն մտիկ ընեմ։ Ահա լայն վերարկուով ու երկար քիթով մեկը ամենաշտապ քայլերով կերթա ուր որ։ Երկու բան կրնա առիթ տալ նման քայլվածքին՝ կա՛մ աս մարդը զզված իր կնոջեն, Զագս կերթա զայն թողնելու, կա՛մ պահեստապետ մըն է ու մոռցել է դուրս գալեն առաջ դուռը կողպել։ Այլապես ի՞նչը առիթ տա պիտի այս մարդուն հապշտապ քալել երկրի մը մեջ, ուր մարդիկ հեռանկարնին կորսնցուցած, ո՛չ իրենց ուր երթալիքը գիտեն, ո՛չ ինչ ընելիքը։ ⁕ Ես այս քայլերով կհեռանամ այս երկրեն, եթե ճամբա տան։ Շաբաթ 24. ― Ժամանակ մը պետությունը տուներն համայնացուց ու տան֊տրեստին հանձնեց կառավարումը։ Տուն֊տրեստն տեսնելով, որ իրեն հանձնված այդ տուները հարբածներու նման իրար վրա կթավալեն տարեց֊տարի, ու ինքը այդքանի հենակներ հայթայթելն ալ անգամ չի կրնար, միջի նստողներուն կհայտարարե այսօր․ ― Տունը ձերն է, նորոգեցեք, նստեցեք։ Ասիկա շատ կնմանե այն բանին, ինչ որ անհույս, մեռնելու հիվանդներուն բժիշկները տուն՝ իրենց հարազատներուն կղրկեն՝ մեռնելու։ Այս օրինակով ընթանալով, հեռու չեմ տեսներ այն օրը, երբ կառավարությունը, «սոցիալիզմ շինելեն» հույսը կորցրած, ձեռք քաշե վերջապես անօգուտ փորձերե ու հայտարարե ժողովրդյան․ ― Ամեն մարդ իր համար սոցիալիզմ շինե՝ ապրե։ ⁕ Բայց մեր կառավարությունը իր սխալն խոստովանելու սովորությունը չունի։ Անիկա սխալ չի գործեր։ Ամեն բան միայն սոցիալիզմի համար կընե։ Ու եթե վաղը սոցիալիզմի համար պահանջվե, որ սոցիալիզմն իսպառ պետք է վերանա երկրեն, անմիջապես կհամաձայնե։ Ու ըստ ինձ ալ անանկ է։ Սոցիալիզմ կառուցելու ամենալավ ձևը սոցիալիզմն աշխարհեն վերացնելն է․․․ Կիրակի 25. ― Աներորդուս հանեցին իր բնակարանեն ու լրտեսի մը տվին այն։ Որոշված է գաղտնի։ Ամեն բակին մեջ լրտես մը բնակելու է՝ ժողովրդյան տրամադրությունը օր ավուր Չեկային հայտնելու համար։ Բայց լրտեսը ժողովրդին պինչը մտցնելն սխալ է։ Ինչպես սարի ստորոտ կեցած ճամբորդն չի կրնար լեռան մեծության վրա գաղափար մը կազմել, անանկ ալ ժողովրդյան զայրույթի մեծությունը միայն հեռվեն կարելի է տեսնել․․․ ⁕ Բժիշկ մը, անցյալ տարի չկրնալով տոկալ ռեժիմին, էլեկտրական հոսանքով ինքզինքը սպանեց։ Այս գարնանը, գերեզմանոցը քանդելու հետևանքով, երբ հարազատները կերթան դիակը փոխադրելու, սարսափով կտեսնեն, որ մեռյալն շուռ է եկեր բերանքսիվայր, ճեղքեր զգեստն ու երեսը ու բռնած դագաղի կողերը կամեցեր է դուրս գալ․․․ Այսօրվա ողջ քաղաքի խոսակցությունն այդ է։ Ամեն ոք բացատրություն մը կուտա, բայց ոչ մեկին չի կարելի հավատալ։ Ըստ իմ բացատրության՝ ննջեցյալ մը մեռնելով, գացեր սխալ ինֆորմացիա է տվեր խեղճ բժշկին, թե բոլշևիկյան կառավարությունը կործանվեր է, ու բժշկին մեջ բուռն ցանկություն է առաջացեր արթննալ ու գեթ օր մը ազատ ապրիլ, նոր մեռնիլ։ Սա ամենահավանական կթվի բոլոր հայտնված կարծիքներեն։ Երկուշաբթի 26. ― Այն հանգամանքն, որ ամիս անգամ մը Հայաստանի պրոլետ֊պոետները Մոսկվա կերթան՝ իրենց գրվածները «մասսայականացնելու», սաստիկ դժգոհություն է հարուցեր պրոլետ֊արձակագիրներու մեջ։ Անոնք կըսեն․ ― Պոետներուն ստեղծագործությունները ամբողջն ալ տասը, տասնհինգ ոտ ունեցող ոտանավորներ են, թող իրենք երթան, ինչո՞ւ հեղինակները տանեն։ Արձակագիրները պետք է Մոսկվա երթան, ինչու որ անոնք հեղինակներ են բացառապես ոտներե զուրկ ստեղծագործությանց։ Այա առթիվ կագ ու կռիվ Գրողներու տանը մեջ։ Բայց ըստ իս, արձակագիրներն իրավացի չեն։ Ինչո՞ւ։ Նախ այն բանի համար, որ ոտներ, այո՛, ունին պոետներուն ոտանավորները, սակայն պետք է ստուգել, թե արհեստական չե՞ն անոնք։ Հաշմանդամ զինվոր մը քալել կրնալու համար, ոտներեն գեթ մեկը բնական ըլլալու է։ Այդ՝ հետո ալ ի՞նչ նշանակություն ունի ոտք չունենալը՝ թրթուրները ոտք չունին, բայց տեղն եկած պարագային ոտանավորներեն ավելի արագ կերթան․․․ Եթե գրվածք մը հեղինակն ինքը պիտի մասսայականացունե, ըսել է՝ մենք հիմա անծանոթ պիտի ըլլայինք Շեքսպիրի գործերուն, վասնզի այդ գործերուն հեղինակը վաղուց չկա այլևս։ Երեքշբաթի 27. ― Ժողկոմխորհի նախագահ Ավ․ Գալոյանը իր մեծադիր լուսանկարը ծայրեծայր շարեր է Աբովյան փողոցի խանութներու ցուցափեղկերուն մեջը։ Կանցնեմ խանութներուն առջևեն, կնայիմ այդ նկարներին ու կըսեմ ինքս ինձ․ ― Ի՜նչ կատարելության է հասեր սա լուսանկարչական արհեստը, որ Գալոյանի նման պզտիկ մարդու մը նկարը հաջողած է այսքան խոշոր քաշել․․․ ⁕ Ֆրանսա բոլշևիկյան Ռուսաստանի հետ դաշն պիտի կապե եղեր Գերմանիո դեմ։ Ամբողջ դիվանագիտությունը ակնապիշ սա դաշնին կնայե, տեսնելու, Ֆրանսիա ինչպե՞ս պիտի գրկե սա ժանտախտը՝ առանց ինքզինքը վարակելու։ Չորեքշաբթի 28. ― Քաղխոհուրդին բուսապատման տրեստին քաղաքիս կանաչապատման վրա թափած տարիներու աշխատանքը, Տիգրան Մուշեղյանը, այսօր մեռնելով, բոլորը սրբեց տարավ՝ թույլ տալով, որ 80 պսակ դրվե իր վրան։ Եթե կոմունիստ պաշտոնյա չըլլար հանգուցյալը ու հալալ աշխատանքի ընդունակ՝ այսքան կանաչով աղվոր կով մը կրնար պահել անդիի աշխարհին մեջ։ Խոսքս միայն Մուշեղյանին չի վերաբերեր։ Տիգրան Մուշեղյանը ոչ միայն «անուն» ուներ, այլև ազգանուն, ու հետևաբար արժանի իրեն ցուցուցած բոլոր հարգանքին։ Կխոսեմ ընդհանրապես։ Միայն թե այս տարի այլևս կոմունիստ չի կրնար մեռնիլ, ինչու որ կանաչ չի մնացեր ծառին վրա։ Կզարմանամ։ Բոլշևիկյան կառավարությունը ամենահետին գյուղական կոլխոզներու համար որոշում ունի հանած, թե իր ունեցած անասուններեն քանի՞սն իրավունք ունին մեռնելու որոշյալ տարին, քանի՞սն ապրելու (պլան), իսկ ինչո՞ւ կծուլանա իր շարքայիններու մահվան ու կենաց խնդիրին մեջ օրինաչափություն մտցնելու, որպեսզի յուրաքանչյուրը անոնցմե, իր մեռնելուն փունջ մը կանաչ տանի հետը։ Բոլշևիկին՝ մեռած, թե կենդանի, անտառ է պետք․․․ Հինգշաբթի 29. ― Մեկական կիլոգրամ միս կուտան մեզի՝ Հայաստանի խորհրդայնացման 15֊ամյակն հավերժացնելու համար։ Տղամարդկանց հերթը, խանութեն ելած, քանի մը անգամ իր շուրջը պլլված հսկայական օձի կնմանե։ Կանանց հերթը խանութին երկրորդ դուռնեն կելնե ու կերթա անհայտ ուղղությամբ։ Հղի կանայք արտոնված են անհերթ առնելու։ Ստերջ կանայք նախանձով ու ափսոսանքով կնային այդ երջանիկներուն ու գլուխնին կերերցունեն։ Մոտեցա այդ դժբախտներեն միույն։ ― Ամուսնացա՞ծ ես, քույր, ― հարցուցի։ ― Այո՛, ― պատասխանեց։ ― Գնա տուն, հղացիր, եկուր։ ― Կհասցնե՞մ արդյոք, ― ըսավ կինն թերահավատ։ ― Հարյուր տոկոսով վստահ եղիր։ ― Անանկ է նե վազեմ։ ― Առանց վազելու, շատ դանդաղ, այլապես կրնաս հղացածդ չծնանել, նախքան որ հերթը քեզի գա։ Վասնզի, իրավ է՝ հղի կանանց հերթը կարճ է քիչ մը, բայց նորեն բավական բան է։ ⁕ Այսօր շատ տգեղ կին մը եկեր կքսմսվեր ինձի։ Որքան աշխատեցի, չկրցի սիրել։ Զայն սիրելու համար «բոլշևիկյան վճռականություն» էր պետք, որը չունեի․․․ Ուրբաթ 30. ― Երկու հեղինակ, խոսելով, Պետհրատ կերթային՝ հոնորար ստանալու։ ― Ես, ― կըսեր մեկ հեղինակը, ― առնելիքս գանձելու համար ամեն անգամ Պետհրատ գալուս փետուր մը կքաշեի միակ հավիս վրայեն, գիտնալու համար, թե որքա՞ն եմ գացեր եկեր։ Այսօր դեռ առնելիքս մեկ տասներորդը չառած․․․ հավիս վրա փետո՜ւր չի մնացեր։ ― Ափսոս հավը, ― պատասխանեց երկրորդ հեղինակը։ ― Պետհրատի նման աղքատ հաստատության մը համար հավը քիչ է, թավամազ կատու կամ ձմեռվա աղվես մը ձեռք ձգելու ես․․․ ⁕ Ֆրանսա֊խորհրդային դաշնությունը ստորագրվեցավ վերջապես։ Ալ դյուրին է երևակայել Ռուսաստանը Ֆրանսա այցելելուն որպեսի՜ զգուշություն է բանցունելու, որ բերնեն «կոմունիզմ» բառը չփախցունե։ Ֆրանսա երթա կապիտալիզմ փառաբանե, իր երկիր գա՝ կոմունիզմ քարոզե, չխախտելու համար յուրաքանչյուր երկրի օրենք։ Առտնին կյանքի վերածելով, ըսել է՝ գամ քո տուն, կնիկդ սիրեմ, գամ իմ տուն, կնիկս սիրեմ։ Շաբաթ 1. ― «Ձրի, ընդհանուր և պարտադիրը» մեր երկրին մեջ ոչ թե ուսումն է, այլ աղքատությունը։ Կառավարությունը չորս աչքով կհսկե, որ ժողովուրդն աղքատ ըլլա։ Բազմաթիվ անտուն մարդիկ քանի մը ռուբլի իրար բերած կուզեն պարտեզ մը կամ տուն մը առնել տեղավորվել՝ կվախնան դրամը դուրս հանել։ ― Ուրկե՞ քեզի այդ դրամը, ― հարցնե պիտի միլիցապետը, ու լեզուդ կապվի մնա։ Ծանոթ բեռնակիր մը գիտեմ, որ 15 տարվա չարքաշ խնայողությամբ 2700 ռուբլի էր գոյացուցեր ու պզտիկ տուն մը գներ։ Հաջորդ օրը անմիջապես միլիցիատուն կկանչվե բացատրություն տալու այդքան դրամի մասին։ Հանցավոր բեռնակիրը, պատմելով, որ կյանքին մեջ չի ծխեր, չի խմեր, *****ատուն չի գացեր ու իրմե անկախ, միանգամայն պատահական այդքան դրամ է խնայվեր, կխնդրե ներել իրեն։ Ու գործն կքննվե տակավին։ Արձանագրելով այս փաստը՝ կմտածեմ։ Ընդամենը 2700 ունենալու համար (որն ոսկով 5 ֆունտ անգլիական ըսել է) երբ մեկը կդատվե, ի՞նչ պիտի ըլլար Ռոտշիլդի կամ Ռոկֆելերի վիճակը, երբ հանկարծ մեր երկիրն իյնային։ Գուցե և անպատիժ մնային։ Վասնզի խորհրդային օրենսգիրքը դեռ այդքան խոշոր հանցանքի համար պատիժ չի նախատեսած։ Այո՛, ընդհանուր ու պարտադիր են աղքատությունը, թշվառությունը ու անխելքությունը։ Կիրակի 2. ― Մեռնելու համար մեր տարվա չորս եղանակները շատ անհարմար են։ Ձմեռը չես ուզեր մեռնիլ՝ վախնալով, որ հավիտյանս սրսռաս պիտի գերեզմանիդ մեջ, ամառը կվախնաս շնչահեղձ ըլլալ։ Գարունը ապրելու սեր կզարթեցունե մեջդ՝ աշունն արդեն իր բարիքներով մնացյալ երեք եղանակներու եզրակացությունն է ըսես, ինչպե՞ս կրնաս մեռնիլ։ Հինգերորդ՝ մեռնելու համար սանկ եղանակ մը եթե ստեղծեր Աստված, գեշ չէր ըլլա։ ⁕ Այսօր ֆրանս֊ խորհրդային դաշնության մանրամասները կար թերթին մեջ։ Ուրեմն ճիշտ է՝ կնքվեցավ։ Ողորմած մայրս միշտ կըսեր․ ― Ոչինչ կա աշխարհիս մեջ անպետք ու ավելորդ։ Աղբն անգամ պետք է պահել խնամքով, օր մը, երբ այգի կունենանք, պետք պիտի գա ձեզի։ Ամենայն հավանականությամբ Ֆրանսան այգի է առեր, որ այսօր բոլշևիկյան Ռուսաստանին պետքն ունեցավ․․․ Երկուշաբթի 3. ― Բեռնակիր մըն աթոռներու խոշոր կույտ մը շալկած, փողոցեն երթալուն ժամանակ, հանկարծ չվանը կտրեցավ ու աթոռները գետնին թափվեցան։ Այս նկատելով երթևեկող բազմությունը, անմիջապես չորս կողմեն վրան հարձակվեցավ ու մեյ մեկ աթոռ վերցնելով․․․ նստավ վրան։ Մեղադրյալները թեև բռնված ու դատի են տրված, իհարկե, բայց դատարանը ի՞նչ պիտի վճռե։ Չի կրնար ծեծել՝ շատ֊շատ բանտ նստեցունե պիտի։ Է՛, ժողովուրդին ցանկությունն ալ նստելն է՝ թող նստե, թող բանտը նստե։ Այնքան որ հոգնած է կայնելե, այնքան որ աթոռ չկա այս երկրին մեջ․․․ ⁕ Խորհրդային ունկնդիր մասսան այնքան է մեքենայացեր, միայն «Ստալին» բառը լսելուն այնքան կծափահարե, որ Կրեմլին մեջ արտասանած բուն իրեն Ստալինին այսօրվա ճառը ոչ մեկ ծափ չի վաստկեր։ Մինչդեռ այդ ճառը 800 բառերե կբաղկանար և ուրիշի մը բերնով արտասանելու ժամանակ, առնվազն 700 ծափ շահեր պիտի։ Բնական է, որ Ստալինը չկարողանա ինքզինքն «մեծ առաջնորդ» անվանել կամ «ինչպես մեր հանճարեղ ուսուցիչ Ստալինը կըսեր» ՝ գործածել։ Երեքշաբթի 4. ― Մեղա՜ քեզի, ինչպես մարդս անհիշաչար է դեպի մեռնողին պակասությունը։ Ժամանակով Ղազար անունով զզվելի տնատեր մը ունեինք։ Հայհոյաբան, կոնծող, գող ու ծակաչք։ Երկու ամիս անգամ մը տան վարձքին վրա հավելում մը բարդելու գեշ սովորություն ալ ուներ մանավանդ։ Հա՛, քանի մը օր առաջ լսեցի, որ մեռեր է Ղազարը։ Իր բոլոր պակասությունները «էհ, ինչ ընենք՝ Աստված իրեն այդպես է ստեղծեր» ըսելով՝ արդարացուցի և սրտանց ցավեցա իր մահվան առթիվ։ Այսօր, սակայն, տեսա Ղազարին սովորականի համաձայն իր ճերմակ ավանակը հեծած կդառնար այգիեն։ Սխալ էր, ըսել է, չէր մեռեր։ Ու որովհետև չէր մեռեր, արդարացումս ետ վերցուցի ու առաջվա նման սկսեցի ատել զինքը և իր մահը ցանկալ։ Զարմանալի բան։ Ուրեմն, կնշանակե, եթե այս ռեժիմն օր մը մեռնե, նույնպե՞ս պիտի արդարացունեմ իր ոճիրները ու ցավեմ վրան․․․ Օ՜, ո՛չ։ Եթե պիտի ափսոսամ, ավելի լավ է բնավ չմեռնե այս ռեժիմը, որ միշտ ոճրագործ համարեմ զինքը, ատեմ ամբողջ հոգովս ու ցանկամ, որ մեռնե․․․ ⁕ Ողնաշարս կցավի կոր։ Սա շաբաթ մը կաշխատեմ գիշերները քրտնել քիչ մը՝ չեմ հաջողեր։ Գիշերս, երբ անքուն, միտքս հոս֊հոն սավառնելով լուսացունել կճգնեի, ինքզինքս հանկարծ բոլշևիկ ենթադրեցի։ Ու քրտինքս սկսեց առվակի պես հոսել վրայես․․․ ամոթեն։ Այսօր ոսկորներս կրնամ շարժել արդեն։ Չորեքշաբթի 5. ― Այսօր կլրանա 47 տարիքս։ Այդ առթիվ երբ կանդրադառնամ կյանքին առհասարակ, երբ 47 տարու կյանքս շուռ կուտամ սեղանիս վրա՝ տեսնելու համար, թե մասնավորապես ինչե՞ էր բաղկացած այն, զարմանքես կշվարիմ։ Կտեսնեմ Ստեփան անունով ծերունի դարբին մը՝ իր ավանակին նստած, օրական երկու անգամ կանցնի մեր փողոցեն։ Հաստ ու խմորաձև քիթով, փոս ինկած աչքերով։ Ընկերոջս՝ Գասպարին, կտեսնեմ, որուն հետ յոթը տարի միևնույն նստարանին վրա նստեցինք քով֊քովի, ծխական դպրոցին մեջ։ Շուն մը ուներ՝ անունը Ալաբաշ, դրացիք թունավորեցին նախանձեն։ Ահա մեր թաղի հացթուխը, որ կկանչեր աքաղաղի պես։ Ապա աղջիկ մը Լուսիկ անունով, որուն ետևեն տարիներ ինկած բան մը կուզեի ըսել, չէի գիտեր ինչ, և որն նոր հիմա միտքս կուգա, երբ Լուսիկին ակռաներն թափվել է իսպառ ու 28 տարեկան տղայի մայր է արդեն ու որուն այլևս բան ըսելու հարկ չկա․․․ Ահա ութը ճերմակ, քնքույշ ճագարիկներ, որոնց սակայն պիտի մորթեի, պահելու հարմարութեննիս վերջացած ըլլալուն պատճառով։ Կգալարվիմ խճահարութունես, սակայն կմորթեմ։ Այնուհետև, նորեն աղջիկ մը, այս անգամ Գոհար անունով։ Եկեր առանց որևէ վարձի բնակություն է հաստատեր սիրտիս մեջ։ Մարդու կերթա Գոհարը, և ուրիշ աղջիկ մը կուգա տեղ բռնելու մեջս։ Ահա մեռավ մեր կրոնի ուսուցիչը ու դագաղին միջեն իր դուրս ցցված կոշիկները երբեք դուրս չեն գար մտքես։ Սա ամենախոշորներն են, կան ավելի մանր բաներ, որոնք գրչի վրա չեն գար։ Ուրեմն ի՞նչ։ Իմ մեջ ապրած են Ստեփան մը, Գասպար մը, հացթուխ, զանազան աղջիկներ, մեռելի կոշիկ, իսկ ես կարծեր եմ, թե ես եմ ապրած։ Ի՞նչ եմ ես ուրեմն։ Հյուրանոց մը։ Ո՜չ, հյուրանոցեն բան մըն ալ անդին։ Ես գոմ եմ եղած պարզապես՝ ավանակներու, շուներու ու ճագարներու։ Ա՜յդ է եղեր կյանքը․․․ ⁕ Ու այս րոպեիս մեր դիմացի տան թրքուհին, որ կտուրի կանաչին վրա իր փոշոտ գորգը թափ կուտա, ինչո՞ւ կվախնա վար գլորվելեն։ Թող գլորվե, թող փշրե իր գանգը բակի սալահատակին վրա․ չէ՞, մեռնիլ չի կրնար, քանի ես կենդանի եմ։ Այո՛։ Եթե հիմա հաջողեի ապրիլ 17 տարեկան գեղուհի մը սրտին մեջ, վերջ կուտայի կյանքիս, ավելի երկար ապրելու համար․․․ ⁕ Առօրյային մեջ ալ այդպես է։ Տնվորները ավելի երջանիկ կապրին հիմա, քան սեփական տուն ունեցողները։ Հինգշաբթի 6. ― Բավական ժամանակ է կաշխատեմ սկզբունք մը ունենալ, չեմ հաջողեր։ Իմ տառապանքը ոչ թե սկզբունքի սովեն կառաջանա, այլ անոնց առատութենեն։ Երբ Հայաստանին մեջ եմ, հայերով շրջապատված՝ կըսեմ․ ― Ի՞նչ տարբերություն հային ու տաճիկին միջև, մարդը մարդ է։ Ես ինտերնացիոնալիստ եմ։ Բայց ահա տաճիկներու մեջ կապրիմ, ու աչքս բնազդաբար հայ մը կփնտրե իր շուրջը, ականջը հայերեն բառ մը լսել կճգնե, ու չգտնելով ու չլսելով՝ հայի սաստիկ կարոտ կքաշեմ։ Ես նացիոնալիստ եմ։ Հետո։ Կտեսնեմ, թե ինչպես գործարանատեր մը հավաքած խումբ մը կյանքին մեջ չհաջողած մարդոց կաշխատցունե ու կապրեցունե զանոնք, ինքն ալ ապրելով միաժամանակ, հարկավ։ Կհավնիմ գործարանատիրոջը ու ես կապիտալիստ եմ։ Ապա գործերս անհաջող կերթան ու կմտնիմ այդ նույն մարդու գործարանը կաշխատեմ։ Առտուն կտեսնեմ անիկա ավտոմոբիլով գործարան կուգա, ես՝ ծակ կոշիկով։ Ան նստած կտանի իր գործերը, ես՝ կեցած։ Կնախաճաշե ութ տեսակեն, ես ունեմ հաց, պանիր ու սուրճ միայն։ Ամառ գալուն պես ամենաթանկ ամառանոցը կերթա իր ընտանիքին հետ, մինչ ես անկարող եմ հիվանդ երեխայիս լեռ տանել։ Ես սոցիալիստ եմ։ Բացի այդ, ձմեռը կուզեմ, որ տարին տասներկու ամիս ամառ ըլլա, իսկ ամառը, երբ լեզուս կանգուն մը կկախվե շոգեն, կըսեմ՝ է՛հ, ախպա՛ր, ափսոս չէ՞ ձմեռը։ Դե համմե՛, եկուր ու ընդհանրապես որոշե, չմե՞ռն է լավ, թե՞ ամառը, կապիտալի՞զմը, թե սոցիալիզմը, նացիոնալիզմը, թե ինտերնացիոնալիզմը։ Եվ ի՞նչ պետք կա, որ անպատճառ մարդս մեկ սկզբունք մը պիտի ունենա։ Շատեն ի՞նչ վնաս։ ⁕ Ատամներս կարգով կշարժեն բերանիս մեջ ու կսպասեմ տեսնելու, թե անգլիական դիվանագիտությունը ֆրանս֊խորհրդային բլոկի՞ն կողմը կհակե, թե Գերմանիո կողմը՝ ընդդեմ Խորհրդային Միությանը։ Վասնզի եթե Անգլիա Գերմանիո կողմը չպիտի հակե, Գերմանիան Խորհրդային Ռուսաստանին վրա չպիտի հարձակվե ու մենք չպիտի ազատվենք բոլշևիկներու լուծեն՝ չարժե զուր տեղ ատամնաբույժի երթալ ատամները ամրացնելու։ Ամրացնես՝ ի՞նչ ուտես այս սով երկրին մեջ։ Ուրբաթ 7. ― Մամուլն երեկվե սկսեր է արդեն «մասսայականուցնել» Ստալինի ճառը։ Իսկ «մասսայականացունելը» գիտե՞ք ինչ կնշանակե։ Ըսեմ։ «Մասսայականացունել» ըսել է՝ այդ ճառը փռել արևին տակ, աղվոր մը չորցունել, ապա ծեծել սանդի մեջ փոշի դարձունել ու այնուհետև արտասանված յուրաքանչյուր խոսքին մեջ մեկ թեյի գդալ ցանել, խոսվածքին Ստալինի համ հաղորդելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես կարմիր պղպեղը՝ կերակուրի համար։ Բայց պղպեղեն բանն ուրիշ է։ Անցյալ աշնան ֆունտ մը պղպեղ առի, ծեծեցի, այնքան ուժեղ է, որ փոքրիկ պտղունց մը հսկա կաթսա մը կերակուր կհամեմե։ Իսկ Ստալինի ճառը՝ չէ։ Անհամ է շատ։ Խոշոր կերակուրի գդալով անգամ ցանես՝ պզտիկ ճառ մը չի համեմեր․․․ ⁕ Կոշիկներս հնակարկատին տարա։ Գրիգոր է անունը և հոգու անմահությանը կհավատա։ ― Գրիգո՛ր, ― կըսեմ, ― կմեռնես ու կտեսնես, որ ատանկ բան չկա։ ― Եթե հավատքը հոգու անմահության մասին կրցա պահել մինչև մահվանս րոպեն, ալ անդին, անհոգ մնա, անմահ եմ ու անմահ։ Մեռնելեն ետքը մարդուս համոզումներն փոփոխության չեն ենթարկվեր այլևս, ― պատասխանեց վարպետն ու գործի անցավ։ Շաբաթ 8. ― Ես հաճախ դատարան կերթամ։ Հոն նկատած եմ՝ մարդ ու կնկա միջև եղած դատերեն իննսուն տոկոսը հօգուտ կանանց կվճռվին։ Վասնզի, դատավորներն էրիկ մարդիկ են բացառապես։ Տղամարդիկ, եթե դատը շահել կուզեն, պետք է անպատճառ կին դատավորներ նստեցունեն դատավորին աթոռին վրա, անմեղությունը չի փրկեր իրենց։ Կին դատավոր մը նստեցուր, ինքդ ալ դատի օրը աշխատիր քիչ մը սև աչք ու սև հոնք ունենալ ու վստահ կերպով դատարանը մտիր։ Ինչքան ալ ծեծած ըլլաս կնիկդ՝ իրավունքը քուկին կողմն է։ Իսկ եթե քիչ մըն ալ թիկնեղ ես՝ զարկ սպանիր կնկանդմ ավելի շատ կարդարանաս։ Երկրի մը մեջ, ուր օրենքները մարտի եղանակներու պես օրական տասն անգամ կփոփոխվեն ու ոչինչ չկա կայուն ու անփոփոխ, խոսքը կպատկանե միայն ու միայն դատողին անձնական նախասիրությանը ու ճաշակին։ ⁕ Այսօր քիլո մը թարմ ձուկ ինկավ ձեռքս։ Խանութեն տուն գալուս, մտքիս մեջ կտապակեմ ձկները, քանի մը տեսակ կանաչի կառնեմ, շիշ մը կարմիր գինի ու կպատրաստվեմ ուտել, երբ պոլսեցի գաղթական մը ձեռք կերկարի․ ― Ողորմեցե՜ք ինչով կրնաք, փոխարենը Աստված ձեզի արքայություն տա թող։ Ես ձուկը չեմ տար, բայց գինին և կանաչին սիրով կնվիրեմ կարոտյալին ու կանցնեմ առաջ։ Պիտի ըսեք ողորմությունդ երևակայական էր, բայց չէ՞ որ մուրացիկին խոստացած արքայությունը նույնպես գոյություն չունի․․․ Կիրակի 9. ― Կառավարությունը կազմակերպեր է շրջիկ առուտուր և զամբյուղները շաքարահացով լեցուցած՝ կպտտցունե փողոցները՝ քիլոն 13 ռուբլի։ Որպես թե ժողովուրդն, որ խմորեղեն չի գներ, ոչ թե անոր համար է, որ թանկ է, իր քսակին անմատչելի, այլ չի կրնար ճարել կամ հեռու տեղ անկարող է երթալ գնել։ Եվ այս բանն կհայտարարե թերթին մեջ իբր «միննեթ» ժողովրդյան վրա։ Ո՜վ աճապարար կառավարություն․․․ Դուն խմորեղենին քիլոն իջեցուր երեք ռուբլի ու տար քաղաքեն վեց քիլոմեթր հեռու դիր, գնորդը կերթա ու կտանե։ Իսկ 13 ռուբլով ոչ թե փողոցները, այլ իր բերանն ալ խոթես, չի կրնար կուլ տալ։ Այդ իսկ պատճառով չորս դին լեցուն է խմորեղենով։ Ու եթե միսին քիլոն 50 ռուբլի շինե ու չորս դին պտտցունե, միսով ալ պիտի լեցվի մեր երկիրը, ու մամուլը կրնա շեփորել, թե ժողովուրդն այնքան է կշտացեր միսեն, որ վրան չի նայեր այլևս։ Այնինչ բնակչությունը միս բառին վրա ամեն անգամ թուք կուլ կուտա․․․ ⁕ Կոտայքի Առինջ գյուղը, ուր «Ցարի հետամնաց ժամանակները» 283 կով կկթվեր, այսօր երկու կով միայն ունի․․․ Եվ այս բանը բոլշևիկյան բառով «վերելք» կկոչվե։ Երկուշաբթի 10. ― Այս չորս օր է աչք չենք բանար «Ստալինի ճառեն» ։ Առտվնե մինչև իրիկուն առանց րոպե դադարի՝ «Ստալինի ճառ» ։ Կտպվե տպարանին մինչև օրս ծանոթ բոլոր ձևի տառերով ու ծիածանի բոլոր գույներով։ Կխոսեն այդ մասին ոչ միայն օրաթերթեր, կխոսեն նաև շաբաթաթերթեր, որք շաբաթե մը առաջ չպիտի լեզու առնեին, կխոսեն ամսաթերթեր, որք ամիսե մը միայն պիտի լռեին այդ ճառի մասին, ինքնզինքնին չեն կրնար զսպել նույնիսկ տարեթերթեր, որք կպատրաստվեն օր առաջ լույս տեսնել, տպելու համար այս «դարագլուխ կազմող ճառը» ։ Մինչև օրս չեղավ Ստալինի բերնեն ելած խոսք մը, որ «դարագլուխ» չկազմեր։ Եվ որովհետև Ստալինը տարին երկու անգամ ճառ կխոսե, ըսել է՝ Խորհրդային տարին ունի երկու «դար» ՝ իր «գլուխներով» ։ Իսկ գիտե՞ք՝ ինչ է ճառին ողջ բովանդակությունը։ Կադրերը կորոշեն ամեն ինչ։ Ըսել կուզե՝ սոցիալիզմ շինելու համար պետք են իրենց գործին գիտակ մարդիկ։ Ահա բոլորը։ Եվ ասիկա «լողունգ մըն է, որ կստեղծե դարագլուխ» ։ Լոզունգ մը, սակայն, որն հասարակության ու աննշանության պատճառով ես ավելի «դարապոչ» կկոչեի, քան «գլուխ» ։ «Որպես հզոր մրրիկ մը տարածվեց մեր երկրի վրա ընկ․ Ստալինի ճառը», կգրե «Խորհրդային Հայաստանը» ։ Ճիշտ է, այո, եթե «մրրիկն» քամի հասկնանք՝ իսկը որ քամի, ու քամի են ա՛լ ավելի անոսր․․․ ⁕ Քանի կուսակցական մասսան կհիմարանա, Ստալինն այդքան կմեծնա, քանի մասսան կոչխարանա, այնքան Ստալինն կհավվանա․․․ Երեքշաբթի 11. ― Այսօրվա հեռագիրը լուր բերավ «Մաքսիմ Գորկի» խոշոր օդանավին աղետը Մոսկվային մեջ, որուն զոհ է գացեր 50֊ե ավելի մարդ։ Չորս դին ցավակցություն։ Կառավարությունը ինկած հերոսներու անունները հրամայել է արձանագրել կեդրոնական աերոակումբին հուշատախտակին վրա։ Ասանկ տախտակի մը ստեղծումը ենթադրել կուտա, թե կառավարությունը զոհերի նոր էջ մը կբանա, ու բոլոր օդաչուները կամաց֊կամաց պատրաստվեն պիտի օդեն վար գլորվելու։ Հետաքրքիր է մե՞ծ է այդ «տախտակը», թե՞ փոքր։ Երանի փոքր ըլլար։ Վասնզի մեծ տախտակ լեցնելու համար շատ զոհ է պետք․․․ Հետո։ Կառավարությունը իր թշնամիներուն ուրախանալ թույլ չտալու համար որոշեր է մեկի փոխարեն երեք «Մաքսիմ Գորկի» շինել՝ մեկը Լենինի անունով, մեկը՝ Ստալինի, մեկալը Մաքսիմ Գորկիին։ Ահա ձեզի աղետ մը, որ բախտավորության կփոխվե, մեկի փոխարեն երեք օդանավ պարգևելով կառավարությանը։ Լավ չըլլա՞ր, որ այդ շինվելիք երեքն ալ կործանենք ու տեղը ինը օդանավ կառուցենք․․․ ⁕ Ֆրանսական արտաքին գործերու մինիստր Լավալն եկավ Մոսկվա, բարեկամական դաշն կապեց Լիտվինովին հետ ու գնաց։ Հիմա բարեկամներ են։ Գերմանիո գլխի վրայեն Լավալը Լիտվինո՜վ կպոռա, Գերմանիայի աստիեն Լիտվինովը ջա՜ն կպոռա ի պատասխան։ Թող իր մեջ պատռվե Գերմանիան․․․ Չորեքշաբթի 12. ― Մենատնտես կույր մը կա, Խաչիկ անունով, առանձին կմուրա։ ― Խաչիկ, ― կըսեմ, ― ինչո՞ւ չես մտներ կույրերու պետական կոլեկտիվը։ ― Վասնզի հոն կստիպեն «տեսնել» սոցիալիստական շինարարությունը, ― կպատասխանե ի ծնե կույրը ու կավելցունե։ ― Շատ ուրախ եմ կույր ծնված ըլլալուս համար, քանի որ աչք ունեցողները սխալ կտեսնեն։ Իսկ, հարկավ, ավելի լավ է ոչինչ չտեսնել, քան սխալ ինչ տեսնել, ինչպես կըսե Սողոմոն Իմաստունը։ ⁕ Այն փաստը, որ հիմա բացառապես դերասաններն են սկսած պիես գրել (Ջանան, Վաղարշյան), կնշանակե ոչ թե բովանդակության հետ գործ ունինք այլևս, այլ՝ ձևի։ Այդ կնշանակե հավի չգոյության պատճառով՝ աքլորները կփորձեն ձու ածել։ Փաստաբանի հարցուցեք․ դերասանն իրավունք ունի՞ բովանդակություն ունենալ․․․ Հինգշաբթի 13. ― Հայկոոպի ակումբին մեջ Լենինի գիպսե ձուլված կիսանդրին տեսա, որի գագաթը կոտրած ըլլալով կերևար գլխի դատարկությունը։ Չգիտեմ ով է ձուլել կիսանդրին, բայց քանդակագործը անգերազանցելի հանճարեղությամբ ներսի կողմեն պատկերած է իրականը․․․ ⁕ Այնտեղ կդատվեն հայկոոպի քսանչորս զեղծարարները, որոց մեկ քանիսին կսպառնա մահվան պատիժ։ Զարմանալի բան։ Մարդուն մեկ քիլո աղ կերցնելեն վերջը, ըսենք, գետը կգցեն ու կպատվիրեն բերանն ամուր գոցել, որ պատահմամբ ջուր կուլ չիտա։ Բոլորը 3-4 երեխայի ու կնկա տեր, տված ամսական ռոճիկնին հինգ օրվա ապրուստ, կարոտ կաթիլ մը յուղի, կտոր մը շաքարի կամ պանիրի, կուզեն, որ հազարավոր քիլո այդ մթերքներեն ծախելու ժամանակ պատառ մը չդրվի բերաննին։ Եվ որովհետև դրած են, սպանվեն պիտի։ Եղա՞վ։ Ուրբաթ 14. ― Յենուկիձեն, 65 տարեկան, ամենահին բոլշևիկը, Կենտգործկոմի մեջ ամենապատասխանատու պաշտոնյան, Լենինի, Ստալինի, բարձակիցը, այսօր հանկարծ օդանավով արտասահման կփախչե հրաժարվելով իր քաղաքական դավանանքեն։ 65 տարեկան Յենուկիձեն մեկ տարեկան է հիմա, ըսել է։ Վասնզի նոր միայն մարդ դարձավ, նոր դպրոց պիտի մտնե ու սկսե մարդկային այբուբենեն։ Ըսեր եմ անգամ մը, կարծեմ, որ բոլշևիզմը երեխայի դավանանք է, որ կուսակցականի խելահաս դառնալուն պես կլքե։ Լենինը եթե կենդանի ըլլար՝ ան ալ պիտի փախչեր, ինչպես Տրոցկին։ Իսկ այն կուսակցականներն, որոնք հասակն առնելով հանդերձ, չեն խելափոխվեր, ատոնք «մոպս» ցեղի շուներ են, որք մեծնալու սովորություն չունին։ Բայց կուսակցությունն ինչպե՜ս ծածկվի պիտի այս ամոթը։ Յենուկիձեն նկարված է ոչ միայն առանձին, այլև Ստալինի կողքին, քով քովի։ Փորել հանել նկարը չըլլար, փորված աչքին նայելն անհարմար է քիչ մը։ Նորեն միակ ելքը կմնա կապել լաթով մը, ցույց տալու համար, որ ոչ թե փորված է աչքը, այլ կցավե ժամանակավոր․․․ ⁕ Հրաման լույս տեսավ, որ կուսակցական ժողովները Լենինգրադի, Մոսկվայի մեջ 12 ժամ տևեն, իսկ Խարկովի, Կիևի ու Օդեսայի մեջ՝ ութական ժամ։ Առ քեզի փախչել․․․ Շաբաթ 15. ― Գերմանիա բերանը փակ, գլուխը կախ Անգլիո, Ճապոնիո, Լեհաստանի հետ դաշինքներ կկնքե և լուրջ պատերազմի կպատրաստվե Ռուսիո դեմ, իսկ Ռուսիա անվերջ տարեդարձի հանդեսներով է զբաղված։ Գերմանիա անձայն օդանավ կկառուցե գիշերային հարձակման համար, Ռուսիա աղջիկներու ձեռք ծաղկեփունջ կուտա՝ Վորոշիլովին մատուցելու համար։ Գերմանիա Ափրիկեի մեջ լուրջ գործողությանց կպատրաստվե, Ռուսիա կհրամայե կուսակցական ժողովները տասներկու ժամ ըլլան։ Նախկին ծույլ, կալվածատիրական երկիրը ժամը 12֊ին վեր ելլեր անկողնեն, մեկին նախաճաշեր է, քներ, վեր ելլեր, ճաշեր։ Այս բավական չէր, սոցիալիզմ շինելն ալ վրա տվավ։ Այսքան արատով լեցված երկիրն իրավունք ունի՞ գոյություն ունենալ։ Կիրակի 16. ― Մեզի արգելված է օտարերկրացու հետ որևէ խոսք փոխանակել։ Եթե Եվրոպացի այցելուին հետ խոսել կամենաս՝ պիտի Չեկայեն մեկը պահանջես, իրեն հետ խոսես և խնդրես, որ թարգմանե։ Նույնը և օտարը քեզի հետ։ Առանց չեկիստ միջնորդի իրար հետ ո՛չ հազալ, ո՛չ փռշտալ․․․ Անցյալներ անգլիացի շատ գեղեցիկ տիկին մը կայցելե մեր թանգարանը։ Թանգարանին անկուսակցական վարիչը, ապշած այս գեղեցկութենեն, կուզե սիրո առաջարկ ընել, բայց ուղղակի խոսելն արգելված է իրեն։ Ուստի դառնալով թարգման չեկիստին՝ կխնդրե հայտնել իր սերը։ Տիկինն կընդունե հրավերը, բայց ի՞նչ օգուտ։ Չէ՞ որ ամեն տեսակ հարաբերություն արգելված է։ Ուստի, ճարահատ, ի՞նչ ընե խեղճ թանգարանապետը, կհանձնարարե չեկիստին տիկնոջ հետ պառկել ու ստացած տպավորությունը թարգմանել իրեն․․․ ⁕ Կոոպերատիվները կոճակ՝ որքան կուզես։ Բայց թե կոճակն առնե ժողովուրդն ինչի՞ վրա կարե, այդ չի գիտեր։ Երկուշաբթի 17. ― Լավալն եկավ Ռուսաստան հարսնատես։ Իրար կենաց կերան֊խմեցին և Ֆրանսան ու Ռուսաստանը նշանվեցան․․․ Երկու ամիս է անցեր, բայց Ֆրանսա իր հարսը տանելու խոսք չըներ։ Ծովերի թագուհին մատ է թափ տվեր ապաքեն։ Ու Ռուսաստանն շվարեր կեցեր է։ Չի գիտեր՝ սպասե՞ Ֆրանսային, թե՞ ուրիշի մը առնե։ ⁕ Քանի Ռուսաստանի դրությունը կվատթարանա՝ այնքան Ստալինն շատ կխնդա նկարներուն մեջ։ Բայց բոլոր նշաններեն կերևի, որ «մեծ առաջնորդն» դեմ է առեր փակուղիի ու առաջնորդելիք տեղ չունե այլևս։ Մեյ մըն ալ տեսար դարձավ իր հոտին թե՝ ― Ներողություն, ընկերներ, սխալ ճամբով եկանք, տասնյոթ տարի՝ ե՛տ։ Երեքշաբթի 18. ― Երկու մարդ խիտ սվինավորներով շրջապատած՝ Չեկա բերին։ ― Տեսնես՝ ի՞նչ հանցանք ունին խեղճերը, ― կհարցնեմ պատվական անցորդի մը։ ― Ի՞նչ պիտի, ― կպատասխանե անցորդը, ― մեզ մոտ հիմա միայն երեք հանցանք գոյություն ունի՝ կա՛մ կոոպերատիվի հաշիվը կեղծել, կա՛մ կնոջն սպանել, կա՛մ սահմանն անցնել։ Տարվողները վերջիններից էին, կճանչնամ։ Պոլսեցիներ էին, որք փախնելուն բռնվեր էին։ Խե՜ղճ մարդիկ։ Մեկն այնքան ծեր էր, որ ինքնիրան կգլորվեր։ Մեռնելու ժամանակը։ Բռնվելով՝ երևի մեռնիլ ալ չպիտի կրնա թշվառականը․․․ ⁕ Զարմանալի բան։ Չսիրած ամուսիններու թույլ կտրվի անմիջապես բաժանվիլ, չսիրած կառավարութենեն չեն ձգեր հեռանալ։ Չորեքշաբթի 19. ― Գերմանիա ու Ճապոնիա Ռուսաստանին պաշարման օղակը կսղմեն կոր։ Կարծես թե մոտ է ազատության ժամը։ Եթե ազատվեմ, անմիջապես եկեղեցի կերթամ կմկրտվեմ ու «մարդ» անունը կառնեմ վրաս։ Չորեքծաբթի 26. ― Շաբաթ մըն էր սար էի գացեր։ Օ՜հ, ինչպե՜ս բնական է հոն ամեն բան և որքան ազատ։ Հոն ծաղիկները իրենց ուրույն գույնն ու հոտը ունին, թռչունները սեփական լեզվով կճռվողեն, ու գայլերը առանց սոցիալիզմ կեղծելու՝ ուղղակի կլափեն իրենցմե անզոր գազաններուն։ Ու հիմա, որ քաղաք կիջնամ, պաղ ջուրը մտնողի մը նման կզզվեմ։ Հոս ոչ մեկը սեփական դեմքն ունի ու իր լեզվովը կխոսե․․․ Օ՛ն ուրեմն, սկսեմ ոչինչ չտեսնել ու ոչինչ չլսել։ ⁕ Ճապոնական զինվորները մտեր են մեր սահմանը և երկու հոգու սպաներ։ Բայց չի ըսեր, թե սա պատերազմ է։ Եթե ըսեր պատերազմ է, խորհրդային կառավարությունը գիտեր՝ ինչ կբերեր Ճապոնիո գլխուն․․․ Հինգշաբթի 27. ― Բան է, կըսեմ, եթե կարգերը փոխվեն, ու բոլոր «մեծ առաջնորդները» մկան ծակերը մտնեն, կսկսվի հայտարարություններ տպել թերթերուն մեջ հետևյալ բովանդակությամբ․ «Մկան ծակ մը, իր բոլոր հարմարություններով կփոխեմ նույն տարածությամբ ուրիշ մկան ծակի մը հետ։ Դիմել Ստալինին կամ ընկերներուն․․․» Կխորհեմ, թե լավ ընդունելություն պիտի ընեն մուկերը բոլշևիկներուն։ Եթե բոլշևիզմն, գետնի տակը անցնելով, հետը տանի նաև իր գրականությունը, մուկերը երկար սերունդներ կրծելու բան կունենան։ ⁕ Ժնևին մեջ տեղի ունեցող Ազգերու լիգայի խորհրդի նստաշրջանը վերջացավ, ու պետություններն արձակուրդի առթիվ տուներնին գացին։ Զարմանք բան։ Ողջ տարին «զինաթափվեցին» սա պետությունները, բայց զվիցերացի ծառան, երբ ավլե նիստերու դահլիճը՝ հավանաբար, զենքի կտոր իսկ չգտնե հատակին․․․ Ուրբաթ 28. ― Այսօր կլրանա իմ «զտման» ու «ստուգման» եռամյակը։ Ճիշտ երեք տարի առաջ, այսօր, ինձի բեմ հանած, կպոռային, կսպառնային ու կանպատվեին, որ «աշխարհայացք» չունիմ։ Որքան աղերսեցի, թե ի՞նչ ընեմ, աշխարհ չեմ ճանչնար, չեմ ճանչած, որ «հայացք» ունենամ վրան, չեղավ։ Չէ՛, պիտի ունենաս։ Առաջ դաշնակցական, ապա պիտի թքնես այդ «աշխարհայացքին» վրա ու ընդունես «մարքսիստականը» ։ Վահ։ Ինչե՜ր քաշեցի, մինչև հաջողեցա «աշխարհայացք» չունենա՛լ վերջապես․․․ ⁕ Նոր գերեզմանոց էին գացեր։ Ինչքա՜ն երկար է ու զարհուրելի ճամբան։ Կմտածեմ։ Այսքան ճամբա կտրելեն վերջը, արժե՞ արդյոք նորեն վերադառնալ դեպի կյանք։ Շաբաթ 29. ― Հիմա ալ հիվանդանոցը վիժում չի կատարեր։ Կուսակցության հրամանով՝ հղիները պարտավոր են անպատճառ ծնել, վասնզի ըստ Ստալինի՝ «մարդն ամեն ինչ է» ։ Լա՜վ, «ամեն ինչ է», ամա, ծնողները օրորոց դնելու տեղ չունին, այնքան սղմված կապրին։ Այս կապակցությամբ, ինչպես կիմանամ, մեր թաղի ութ հղիներ, որք այսօր֊վաղ են, դիմումով մը Քաղխորհրդի նախագահեն տեղ կպահանջեն՝ ծնվելիքները տեղավորելու։ Քաղխորհուրդը ժամանակ է խնդրած մտածելու։ Իսկ երբ Քաղխորհուրդը «կմտածե» ՝ տղաները ծնվելիք չունին, ըսել է։ Արգանդի բնակիչները այս տարի «կմնան» նույն դասարանին․․․ ⁕ Բայց նործաինները կրնան բնավ աշխարհ չգալ։ Ըստ դատական օրինաց, մեկը, եթե որևէ տեղ կապրե, ոչ մեկը իրավունք ունի վտարելու բնակչին իր տեղեն։ Կիրակի 30 ― Շիրվանզադեի մահվանը, Խորհրդային Հայաստանի կառավարության պետ Ա․ Գալոյանը հայտարարեց, թե «Շիրվանզադեն մերն է» (ըսել ուզելով, որ դաշնակցությանը չէ) ։ Բայց իմ կարծիքով սխալ հայտարարություն է սա, վասնզի գրողը ոչ թե կուսակցությանց մեջ կբաժանվե, այլ բացառապես իր ընթերցողներուն։ Եթե անգամ կուսակցությանց մեջ բաժնենք, ամենաքիչը կոմկուսակցությանը կպատկանե։ Շիրվանզադեն գրած է մարդկայնորեն, մարդկային բաներու մասին։ Խորհրդային կուսակցությանը կրնա պատկանել գրողի մարմինը միայն, վասնզի վերջի ինը տարին կեցուց֊խմցուց։ Սակայն, անդին 50 տարի ալ Բաքվի բուրժուազիան պահեց։ Միևնույն մարմնին մեջ կոմունիստն ու բուրժուան ինչպե՞ս կրնան միաժամանակ մաս ունենալ։ Չեմ հասկնար։ Համենայն դեպս, Շիրվանզադեն Խորհրդային կառավարությանը չի կրնար պատկանել։ Խորհրդային կառավարությունը այսօր կա, վաղը չկա, իսկ Շիրվանզադեն հավիտյան կապրի։ Երևակայեցեք՝ երեք օրվա կյանք ունեցող թիթեռը իր սեփականությունը հռչակե 100 տարի ապրող փղին․․․ ⁕ Այսօր սեխ մը առի, չափազանց անհամ դուրս եկավ։ Ես ալ կերա որպես վարունգ։ Երկուշաբթի 1. ― «Մեծ պետություն» Իտալիան սանձերը կտրած Հաբեշստանի վրա հարձակվել կուզեր։ Անգլիա, Ֆրանսա, Ճապոնիա սկիզբը լռեցին, Իտալիո ահագին պատրաստութենեն վերջը նոր ցուցամատը բարձրացուցին։ Զարմանալի մարդիկ։ Չէիք ցանկա՝ սկզբեն ըսեիք․ խեղճ Իտալիա ինչու ծախսոց տակ նետեցիք։ Երեքշաբթի 2. ― Քաղաքիս մեջ աթոռ չի ճարվեր։ Հինգ հոգի երկու աթոռ միայն ունինք։ Ճաշելուն երեքը միշտ կկայնե։ Իսկ կայնած վիճակով գիտե՞ք որքան շատ կուտվե․․․ Անթվագիր թերթի պատառիկ Երկուշաբթի 27. ― Կառավարությունը կզիջե բանտարկության տարիները այն բանտարկյալներուն, որք կուզեն ֆիզիկական աշխատանք տանել իր համար, օրական 10 ժամ։ Էժան վաճառք։ Ո՞ր 15 տարին վճռած բանտարկյալը հինգ տարի չի աշխատե՝ նույնիսկ 12 ժամ օրական։ Եթե քեզի 100 տարի բանտ որոշեն, 50 տարի չե՞ս աշխատե բանտարկողներու համար։ Կաշխատես։ Կառավարությանը կմնա չվնասվելու և քիչ մը ավելի շահելու համար՝ բռնած հանցավորին 200 տարու վճիռ տալ, որ գեթ հարյուր տարու աշխատանքը ապահովե յուրաքանչյուր բանտարկյալին․․․ Չորեքշաբթի 28. ― Պողոս աղային գացի։ Կտրել են խեղճի երկու ոտքերը ամբողջովին, և երբ աթոռին նստե այսուհետ, այլևս ոչինչ չունի վար կախելու․․․ Մեռավ Պողոս աղային ուղիղ կեսը։ Ու ամեն անոնք, որ մտադիր են վերջնույս մահվան դեպքին դամբանական խոսելու, պարտավոր են ըսելիքին կեսը արդեն արտասանել։ Տալ ոտներու բաժինը հիմա՝ ըսել կուզեմ։ Վասնզի տարբերություն դնել գլխուն ու ոտին միջև, ան ալ մեր ապրած ռեժիմին մեջ, իսպառ անհնար է։ Հիմա մարդիկ կապրին ավելի իրենց ոտներուն, քան գլխին շնորհիվ։ Ոտներն են, որ ողջ օրը հերթերու մեջ կկոխրտվին ու կտրորվին՝ փշուր մը հաց, կտոր մը օճառ ու սանթիմ մը ճոթ ձեռք բերելու համար։ Խե՜ղճ, խե՜ղճ Պողոս աղա, աղվոր խոհարար, քանի՜ անգամներ վայելած եմ քո ֆստախով փիլավները։ Ինչո՞վ պիտի ապրես այսուհետ։ ․․․Թշվառական բժիշկ, եթե անպայման կուզեիր կտրել անկե, ավելի աղեկ չէ՞ր փոխանակ ոտնին, կտրեիր անոր վերի վերջավորութենեն բան մը։ Հինգշաբթի 29. ― Այգին պտույտի ելած պահուն չգիտնալով՝ կեղտոտության վրա նստեցա։ Իրիկունը, երբ մեկ կողմե կնիկս կեղտը կմաքրեր, մյուս կողմե սաստիկ վեճ մը փրթավ մեր մեջ, վճռելու համար, թե այգիին մեջ ես մարդո՞ւ, թե՞ անասունին կեղտոտության վրա եմ նստեր։ Զննության տվյալները հոգուտ երկու տարբեր կարծիքներու ալ հավասարապես կխոսեր, և մենք պառկեցանք առանց եզրակացության։ Ինչո՞ւ տարբեր «ելույթ» ունենան մարդն ու կենդանին, երբ միևնույնը կուտեն․․․ Խե՜ղճ կենդանիներ, դուք ալ մարդու նման անտերության մատնվեցաք․․․ Ուրբաթ 30. ― Կարգ մը հակահեղափոխականներ, ի նկատի առնելով այն հանգամանքը, որ պատասխանատու կոմունիստները իրենց հատուկ խանութեն կստանան ճերմակ հաց, մեղր, յուղ, ձու, բրինձ, շաքար, զգեստ, կոշիկ և այն բոլոր բարիքները, որ ստեղծեր է Աստված, ան ատեն, երբ մնացյալ ժողովուրդը կստանա միայն 300 գրամ կուպրե հաց, սկսեր են տարածել այն կարծիքը, որպես թե կոմունիստները իրենց այս վարքով կատեն իրենց իսկ դավանած հավասարության գաղափարը։ Սակայն, ես սխալ կգտնամ սա վերաբերմունքը, ըստ իս սպանել մեկը չի նշանակեր ատել զայն։ Կապիկները, օրինակի համար, իրենց սրտին վրա սեղմելով, կսպանեն իրենց ձագերուն, ոչ թե ատելուն, այլ զանոնց սաստիկ սիրելուն համար․․․ ⁕ Երկու տեղ միայն Երևանին մեջ ամեն օր ժամացույցի ճշտությամբ միս կգտնվե՝ գազանանոցը և «պատասխանատուներու» խանութը։ Հինգշաբթի 2. ― Երեկ զորահանդեսին մեր կառավարությունը հանդես բերավ զարհուրելի ուժ։ Այսօր նույն կառավարությունը ազգաբնակչության հացի օրական նորման 200 գրամի իջեցուց։ Ասանկ սոված կառավարություն մը, երբ սուր կշողցունե արտաքին թշնամիին դեմ, պարզապես ըսել կուզե․ ― Դուն հանգիստ տեղդ նստե, ես ինքս ինձի կսպանեմ․․․ ― Այո՛, բնաջնջվելու համար թշնամիին «միննեթը» չի քաշեր, ըսել կուզեմ․․․ Առածը կըսե՝ Աստված, որ մեկին կործանել ուզե, նախ խելքը կառնե գլուխեն։ Ինչպես կտեսնամ, առածները իրենց բոլոր ըսածները չեն կատարեր, վասնզի սա 13 տարի է Աստված բոլշևիկներու խելքն առեր է, բայց չի կործաներ․․․ Շաբաթ 16. ― «Ի լրումն» խորհրդային կառավարության երկու տարի առաջ հրատարակած «մսի արգելքի» ՝ այսօր կհայտարարվի «մսի ազատություն» ։ Ըստ այդ օրենքի՝ գյուղացին իր անասունի տերն է։ Ուզենա կմորթե, ուզենա կծախե։ Կատարյալ ազատություն այն ժամանակ, երբ երկրին մեջ այլևս անասո՜ւն չի մնացեր։ Նման այն ներման, որ կուտա բռնավոր մը, տարի մը առաջ կախված մեկ հանցավորին։ Ասոնց ռեժիմն է այդ․ «սոցիալիստական շինարարություն» անունը տալով քանդել երկիրը հիմն ի վեր, ապա ի «լրումն» ֊ով մը կապիտալիստական կարգեր հաստատել, որ քիչ մը զինվե՝ ուրիշ խոսքով անանկ մը կվարվեն, որ միշտ քանդելիք բան մը ունենան երկրին մեջ։ Դրություն մը հար և նման այն հեծյալին, որ տեսնելով ավանակին դադրելը, քանի մը կանգուն տեղ վար կիջնե և ետևեն կքաշե կենդանիին՝ ետքեն ավելի խիստ հեծնելու կամ բոլշևիկյան լեզվով՝ սոցիալիստական շինարարության անցնելու համար։ |