Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ի՞նչ է «բուլլա»-ն

23:22, Понедельник, 04 Декабря, 2017 года
Ի՞նչ է «բուլլա»-ն

«Բուլլա» -ն իտալերեն եզր է և նշանակում է «պղպջակ», իսկ պղպջակը, ինչպես գիտեք, ջրի նուրբ թաղանթով պատված օդի գնդիկաձև մասնիկ է, որը գոյանում է եռացող ջրի կամ այլ հեղուկի մակերեսին, հետո պայթում է ու գոլորշու է վերածվում: Իսկ օճառի պղպջակն այն ծիածանվող թափանցիկ գունդը կամ գնդիկն է, որը գոյանում է օճառաջուրը փչելիս: Լատիներենի հենքի վրա առաջացած լեզուներում նաև «բուլլ» է անվանվում մաշկի վրա գոյացած այն բշտիկը կամ բուշտը, որը լցված է շիճկային կամ այլ հեղուկով:


     Վերոհիշյալ լեզուներում «բուլլ (ա)» են անվանվում նաև միապատյան խեցեմորթներն ու որովայնաոտները:

«Bulle d'or» («Ոսկեղեն գունդ») է կոչվել այն ոսկեղեն կամ արծաթյա գնդաձև կախազարդը, որը կրել են պատերազմներում հաղթած զորավարները և հռոմեական պատրիկների որդիները: Իսկ քաղաքացիները կաշվից և հասարակ մետաղից պատրաստված և յուղով լցված կամ էլ սնամեջ գնդեր են կախել իրենց պարանոցից՝ որպես հմայիլ:

Եվ, ի վերջո, «բուլլա» են անվանվել նաև Հռոմի քահանայապետների՝ մագաղաթի վրա գրված և կապարակնիքով (հատուկ դեպքերում` ոսկյա կնիքով) կնքված սրբազան (փաստա) թղթերը կամ հրովարտակները՝ հասցեագրված հավատացյալներին ու քրիստոնյա պետությունների ղեկավարներին: Կապարակնիքը բոլորաձև է, և դրա մի երեսին Պետրոս և Պողոս առաքյալների պատկերներն են, իսկ մյուս երեսին` տվյալ Բուլլան հրապարակած պապի անունը:

Բուլլային կարմի և սպիտակ մետաքսյա թելերով կցվող կնիքին դաջվել է լատիներեն «SPSP» կամ «SPASPE» (սուրբ Պետրոս և սուրբ Պողոս) հապավումը:

Ներկայում միայն խիստ առանձնահատուկ դեպքերում է բուլլային մետաղյա կնիք կցվում, իսկ փաստաթղթի գլխամասում, պապի անունից հետո, գրվում է.

«episcopus, servus servorum Dei

Salutem et benedictionem apostolicam» («եպիսկոպոս, Աստծո ծառաների ծառա

Առաքելական ողջույն և օրհնություն» ) ավանդական խոսքը:

Բուլլան, սովորաբար, ստորագրում է Վատիկանի պետական քարտուղարը, իսկ առանձնահատուկ դեպքերում` պապը:

Կաթոլիկ եկեղեցու գոյության ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ պապական Կոնդակը լատիներեն չի գրվել: Դա տեղի է ունեցել 1603 թվականին: Հարավային Ամերիկայում ճիզվիտական առաքելություն իրականացնող քարոզիչ Դիեգո դե Տորես Բոլիոյի նախաձեռնությամբ` հիշյալ թվականին պապական Բուլլա է հրապարակվում` ոչ թե լատիներենով, այլ` կեչու լեզվով: Կլիմենտոս 8-րդ պապն այդ Բուլլան հասցեագրել էր ներկայիս Պերուում գտնվող ինկերի Կուսկո քաղաքի «Հիսուսականների միաբանությանը» և ինկերի ավագանուն:

15-րդ դարից հետո բուլլաներ հազվադեպ են հրապարակվել:

Նկատի առնելով, որ լրատվական տիրույթում, երբ անդրադարձ է լինում պապական Բուլլաներին, այն երբեք չի թարգմանվում, անհրաժեշտ համարեցի տեղեկացնել, որ պապական «Բուլլա» -հրովարտակի հայերեն համարժեքը «Կոնդակ» եզրն է:


     Նկարներում՝ Ուրբանոս 8-րդ պապի Բուլլան (Կոնդակը):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9907 | 0 | 0
Facebook