Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Լյուիս Քերոլ. նամակներ երեխաներին

15:28, Воскресенье, 03 Декабря, 2017 года
Լյուիս Քերոլ. նամակներ երեխաներին
    

Անգլիացի մանկագիր Լյուիս Քերոլը կամ նույն ինքը Չարլզ Դոջսոնը (1832 – 1898 թթ.) ՝ «Ալիսի արկածները Հրաշքների աշխարհում» սքանչելի ստեղծագործության հեղինակը, իր կյանքի ընթացքում գրեթե միշտ զբաղված է եղել ստեղծագործելով, հասցրել է շատ ու շատ հեքիաթներ, բանաստեղծություններ ու գիտական աշխատություններ գրել: Չնայած չափազանց զբաղվածությանը՝ նա նաև բազմաթիվ նամակներ է գրել երեխաներին:

«Ես շատ եմ զբաղված, ախր հարկադրված եմ կույտեր կազմող ու նույնիսկ սայլակները լցնող քանակության նամակներ գրել: Ես այնքան եմ հոգնում, որ արթնանալուց ուղիղ մեկ րոպե անց նորից պառկում եմ քնելու, իսկ երբեմն էլ՝ արթնանալուց մեկ րոպե չանցած…»:

Լյուիս Քերոլի կամ Չարլզ Դոջսոնի` երեխաներին հասցեագրած նամակները շատ նման են իր հրաշալի հեքիաթներին: Դրանցում այնքա՜ն առատ է հորինվածքն ու ֆանտազիան:


     Սիրելի՛ Ադա,

(Չէ՞ որ «Ադա» -ն քո անվան փոքրացված ձևն է: Ադելաիդա անունը շատ գեղեցիկ անուն է, բայց երբ մարդն անասելի զբաղված է, նա այդքան երկար բառեր գրելու ժամանակ չունի՝ հատկապես այն դեպքում, երբ նա սկզբում մի կես ժամ պիտի վերհիշի, թե ինչպես են գրվում այդ բառերը, և դրանից հետո բառարանի օգնությանը դիմի՝ պարզելու համար, թե արդյո՞ք ճիշտ է գրել, իսկ բառարանը, ինչ խոսք, հարևան սենյակի գրապահարանի ամենավերի դարակում է, որտեղ այն ամիսներ շարունակ անշարժ մնացել է ու գրեթե պատվել է փոշու հաստ շերտով՝ այնպես որ նախ՝ պետք է վերցնել փալասն ու այն մի լավ սրբել, բայց այդ դեպքում փոշու այնպիսի ամպ է կապում, որ դու քիչ է մնում շնչահեղձ լինես, և միայն դրանից հետո է, ի վերջո, հաջողվում պարզել, թե որտեղ է բառարանը և որտեղ է փոշին, հարկավոր է նաև վերհիշել, թե որտեղ է «Ա» տառը՝ այբուբենի սկզբո՞ւմ, թե՞ վերջում, քանի որ դու հաստատ հիշում ես, որ այն, համենայն դեպս, այբուբենի միջնամասում չէ, այնուհետև հերթական էջը շրջելուց առաջ դեռ պետք է գնալ ձեռները լվանալու, ընդ որում օճառն ինչ-որ տեղ է անհետացել, ջրամանը դատարկ է, իսկ սրբիչն ընդհանրապես չկա, և այդ իրերը գտնելու համար մեկ ժամից էլ ավելի պետք է ծախսել, այնուհետև պետք է գնալ նոր օճառ գնել. ես գիտեմ, որ, իմանալով այս բոլոր դժվարությունների մասին, դու չես առարկի, եթե ես փոքրացրած անունդ տամ ու, դիմելով քեզ, ասեմ. «Սիրելի՛ Ադա»): Նախորդ նամակում դու տեղեկացնում ես, թե ուզում ես իմ դիմանկարն ունենալ: Ուղարկում եմ իմ լուսանկարը: Հուսամ՝ այն քեզ դուր կգա;

Քեզ շատ սիրող՝ Լյուիս Քերոլ

*****

Սիրելի՛ Իզա,

Ձեզ՝ երեքիդ՝ Նելլիին, Էմսիին ու քեզ, հաճելի է ինձ միլիոնավոր գրկախառնություն ու համբուր հղելը: Բայց խնդրում եմ՝ հապա մտածիր, թե որքան ժամանակ է խլելու համբույրների ու գգվանքների այդ քանակությունը քո ծեր ու շատ զբաղված պապիկից: Փորձիր մեկ ժամվա ընթացքում րոպեն մեկ գրկել ու համբուրել Էմսիին, ու դու կհամոզվես, որ դա մեկ րոպեում 20 անգամից ավելի հնարավոր չէ: «Միլիոնավոր» -ը առնվազն 2 միլիոն է:

2 000 000 (գրկախառնություն և համբույր): 20 = 100 000 (րոպե):

100 000 (րոպե): 60 = 1666 (ժամ):

1666 (ժամ): 12 = 138 (օր՝ նկատի ունենալով, որ ցերեկվա տևողությունը 12 ժամ է):

138 (օր): 6 = 23 (շաբաթ):

Ես չեմ կարողանա ձեզ օրական 12 ժամից ավելի գրկախառնվել ու համբուրել ու չէի ուզենա կիրակի օրերը դրանցով զբաղվել: Արդյունքում, ինչպես տեսնում ես, միլիոնավոր համբույրների ու գրկախառնությունների վրա ես ստիպված կլինեի ծանր աշխատանքիս 23 շաբաթը ծախսել: Ո՛չ, իմ անուշիկ աղջնակ, ես պարզապես ի վիճակի չեմ այդքան թանկագին ժամանակը այդքան վատնողաբար ծախսել:

…Իմ լավագույն մաղթանքները փոխանցիր մայրիկիդ, 1/2 համբույր փոխանցիր Նելլիին, 1/200 համբույր՝ Էմսիին, իսկ քեզ վերցրու 1/2 000 000-ը:

Քեզ անկեղծորեն սիրող պապիկ՝ Չ. Դոջսոն

*****

Սիրելի՛ Մերի

Ես երկար ժամանակ եմ գլուխ կոտրել, թե ինչու ես դու, ինձ երկար ժամանակ չգրելու պատճառով, ինքդ քեզ զզվելի աղջիկ համարում: Զզվելի աղջի՞կ: Չէ՜ մի: Այդ ի՞նչ հիմարություն է: Մի՞թե ես ինձ զզվելի կանվանեի, եթե քեզ 50 տարեկանից հետո չգրեի: Ո՛չ մի դպքում: Ես իմ նամակը կսկսեի շարադրել սովորականի պես:

*****
     Սիրելի՛ Մերի,

Հիսուն տարի առաջ դու ինձ հարցրեցիր, թե ինչ պետք է անել, եթե փիսիկի ատամը ցավում է, իսկ ես հիմա նոր հիշեցի այդ մասին: Հիսուն տարում ցավը կարող է անցնել, բայց եթե առ այսօր փիսիկի ատամներըը դեռ ցավում են, ապա հետևյալն արա: Փիսիկին լողացրու եփված սերուցքում, հետո նրան հալված զմուռսի մեջ թաթախված ասեղների չորս բարձիկ տուր, իսկ նրա պոչի ծայրը տաք սուրճի մեջ մտցրու: Ցավը միանգամից կանցնի: Այս միջոցը միշտ իրեն արդարացրել է:

Հասկացա՞ր: Ահա՛ թե ինչպես պետք է նամակներ գրել…

Քեզ սիրող բարեկամ՝ Չարլզ Լ. Դոջսոն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10232 | 0 | 0
Facebook