Идет загрузка...
Сегодня:  Вторник, 19 Марта, 2024 года

Статьи

Նոր անուն հայ երիտասարդ գրողների շարքում

12:19, Суббота, 25 Ноября, 2017 года
Նոր անուն հայ երիտասարդ գրողների շարքում

Քեզ կարելի էր ողջ մի կյանք սիրել,
     Ու հիասթափվել ի՜նչ-որ կիրակի...
     Բայց իմ շաբաթը
    
Վեց օր ունի լոկ։

Սյու Դալյան


    

Սյու Դալյան, այս անունը առաջին հայացքից օտարազգի ստեղծագործողի է հիշեցնում, բայց սա նոր անուն է հայ երիտասարդ ստեղծագործողների շարքում․

«Իսկզբանե գրական կեղծանուն ունենալս ուներ մեկ նպատակ՝ ստեղծագործել «ուրիշի» անվան տակ, տեսնել, թե ինչպես կարձագանքեն ինձ ծանոթ մարդիկ իմ ստեղծագործություններին, եթե չիմանան, որ դրանք իմն են: Հետագայում արդեն բացահայտվեց, որ Սյու Դալյանը ես եմ, նույն Սյուզի Ավդալյանը:

Շարունակեցի գրել այդ անվան մակագրությամբ», - առաջին անգամ ընթերցողների հետ հանդիպմանը ասում է Սյուզի Ավդալյանը՝ պատմելով մանկությունից մի դրվագ․ «Հիշում եմ, երբ դպրոցում առաջին անգամ ծանոթանում էինք մեր դասընկերների հետ, բոլորը հերթով ոտքի էին կանգնում անուն ազգանուն ասում ու նստում, իսկ երբ հերթը հասավ ինձ, ոտքի կանգնեցի ու ասացի. «Մի՞թե կարևոր է ինչ անուն ունեմ, կարևորը՝ կամ, շնչում ու ապրում եմ», ծիծաղով հիշում է Սյուզին: «Տարիներ հետո հասկացա, որ իրականում ոչ մի նշանակություն չունի, թե ինչ է մարդու անունը, իմ Սյու Դալյան անունն էլ մի բառ է, որը հետագայում դարձավ այցեքարտ ընթերցողներիս համար, ուղի դեպի իմ ստեղծագործությունները», ասում է Սյուզի Ավդալյանը:

Նրա գրերը չունեն հատուկ թեմատիկա, դրանք մտորումներ են, հույզեր, ապրումներ, որոնք դուրս են դասակարգման կանոններից․

«Եթե նախապես մտածեմ, թե ինչ եմ ուզում գրել, շատ կեղծ ու պաթետիկ բան կստացվի։ Չեմ գրում առանձին հայրենիքի, առանձին կարոտի, առանձին կյանքի մասին, գրում եմ այն ամենի մասին, ինչում սեր կա, կամ այն ինչը երբևէ չեմ ցանկանա զգալ: Եվ իսկապես սկզբում այդպես էր, գրում էի բաժանման ու տխրության մասին, որ կյանքում չապրեմ, գրում էի դավաճանության և խոր հիասթափության մասին, որ չունենամ: Իսկ վերջին շրջանի ստեղծագործություններումս, գրված է այն ինչ զգում եմ», -պատմում է երիտասարդ ստեղծագործը:

Սյուզի Ավդալյանը սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, սակայն ինչպես ինքն է պատմում, մասնագիտությունը առանձնապես չի օգնել ստեղծագործական կյանքում, այլ ընդհակառակը, երբեմն խանգարել է․

«Կար ժամանակ, երբ իմ ստեղծագործություններում ինքս ինձ չէի գտնում, որովհետև ինչ-որ չափով մեր գրողների ազդեցությունն էր նկատվում գրերումս։ Գրում էի ու մարդիկ ասում էին` «ոնց որ Սահյանինը լինի, Սևակինն է» և այլն։ Համեմատությունն ինչքան էլ հաճելի էր, միևնույն է ինքնաբավարարում չկար, որովհետև իմը չէր: Իսկ սեփական ոճս գտնելու համար, որոշեցի որոշակի ժամանականհատված այլ ստեղծագործություններ չկարդալ», -պատմում է Սյուզի Ավդալյանը, հավելելով, - «ինչքան էլ, որ գիրք կարդալը լինի ժամանակակից ու մոդայիկ, միևնույն է մարդ պետք է կարդա այն ժամանակ, երբ զգում է դրա պահանջը» ։

Սյու Դալյանը դեռ չի մտածում ժողովածու ունենալու մասին, բայց, եթե որոշի գիրք ունենալ, օնլայն հարթակում տարածված գրերը կմնան այդ տիրույթում․

«Դրանք թող մնան, որպես անտիպ նմուշներ ֆեյսբուքի իմ էջում», -ասում է նա։


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
20864 | 0 | 0
Facebook