Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Որոշ մանրամասներ Դիզակի մելիք Եգանի, նրա կնոջ ու Վարանդայի մելիք Հուսեինի դուստր Գայանեի մասին

18:37, Среда, 15 Ноября, 2017 года
Որոշ մանրամասներ Դիզակի մելիք Եգանի, նրա կնոջ ու Վարանդայի մելիք Հուսեինի դուստր Գայանեի մասին

Աշխարհակալ Նադիր շահի ժամանակ Խամսայի կամ Ղարաբաղի մելիքները սերտորեն համագործակցել են պարսից տիրակալի հետ, օգնել նրան Օսմանյան կայսրության դեմ պատերազմներում: 1733 թվականին մելիքները կարողանում են հաջողությամբ իրականացնել դավադրական մի գործողություն օսմանյան բանակի դեմ:
    
    
Թուրքերի գլխավոր հրամանատար Սարը-Մուստաֆա փաշան հասել էր դաշտային Ղարաբաղ. ինքն ու իր բարձրաստիճան սպաները տեղավորվել էին Գանձակ քաղաքում, իսկ զորքը տեղաբաշխվել էր մերձակա գյուղերում: Օսմանցիները ոչ մեկին չէին վնասել, բայց Ղարաբաղի մելիքները, օգտվելով այս բարենպաստ հանգամանքից, որոշում են նրանց կոտորել: «Բարեկամաբար» հյուրընկալում են, պատվում ու բոլոր գյուղացիներին հանձնարարում են իրենց տներում նրանց գիշերելու տեղ հատկացնել: Կեսգիշերին, երբ բոլոր թուրք զինվորները քնած էին, դավադրությունը գլխավորողը՝ մելիք Ավանը, կոտորածի ազդանշան է տալիս, և յուրաքանչյուր տանտեր սպանում է իր տանը գիշերած ասկյարին: Այս կերպ ամբողջովին կոտորվում է օսմանյան բանակը, իսկ փաշան Երևան է փախչում:

Իսկ ավանդությունն էլ ասում է, թե այս մելիք Ավանը Դիզակ գավառի տեր մելիք Եգանն էր՝ Մելիք Եգանյանների տոհմի հիմնադիրը Տող գյուղից, բայց, դարձյալ ըստ ավանդապատման, մելիք Եգանի ծրագրած դավադրությունը ղեկավարել է Վարանդայի մելիք Հուսեինի դուստր Գայանեն:

Ավանդազրույցը հետևյալն է պատմում. Վարանդայի գյուղերում տեղավորված օսմանյան զորքերի հրամանատար Սուլեյման բեկը, որ հաստատվել էր Ավետարանոցում, տեսնելով գեղանի օրիորդին, որոշում է նրան կին վերցնել: Քրիստոնեական դաստիարակություն ստացած Գայանեն պատրաստվում է իր անձը զոհել, որպեսզի մահմեդականի կինը չդառնա: Ավանդությունը հավատացնում է, թե նա է մելիք Եգանին ներշնչել մի գիշերում թշնամի զինվորներին կոտորելու գաղափարը: Ավետարանոցում ու Վարանդայի գյուղերում իրականացվելիք դավադրությունը հաջողելու համար նա առերես համաձայնում է Սուլեյման բեկի կինը դառնալ, որպեսզի բեկն արտոնի հայերին, իրենց հին սովորության համաձայն, Բարեկենդանի վերջին գիշերը կրակ վառել, հրացանազարկեր տալ՝ որպես նշան Ուտիսի ավարտի ու Մեծ պահքի սկզբի: Այդ գիշերն էլ այդ ազդանշանով պետք է տեղի ունենար կոտորածը: Ավետարանոցի կոտորածը Գայանեն ինքն է ղեկավարում ու ինքն էլ սպանում է Սուլեյման բեկին:

Նադիր շահի և մելիք Եգանի միջև շատ ջերմ հարաբերություններ են եղել: Մուղանի դաշտում կազմակերպված մեծ հանդեսներին, ըստ Աբրահամ կաթողիկոսի վկայության, մասնակցել է նաև մելիք Եգանը և, ինչպես երևում է նկարագրությունից, բավականին բարձր դիրք է ունեցել պարսիկ ավագանու մեջ: Տեղական թուրք տարեգիրներից մեկը` Միրզա Ադիգյոզալը, ասում է, թե Մուղանի դաշտում գտնվելու ամբողջ ընթացքում մելիք Եգանն էր կերակրում շահական ամբողջ բանակը: Այդ մտերմությամբ հպարտացող ղարաբաղցիները մեկմեկու հետևյալն են պատմել.

Շահը մելիք Եգանին հրամայում է տասը լիտր (երևի՝ մոտավորապես 10 կիլոգրամ) սունկ բերել, և Եգանը հանձնառու է լինում հրամանը կատարել: Բայց մելիքի հպատակները նրան հարցնում են, թե հանուն ինչի՞ է նա հանձն առնում այս հրամանը կատարել, երբ խորը ձմեռ է և հնարավոր չէ սունկ գտնել: Եգանը պատասխանում է, թե ինքը գիտի իր անելիքը: Հետո գնում է Նադիրի մոտ ու նրան հայտնում է, թե մարդ է ուղարկել այն վայրը, որտեղ սունկ է աճում, բայց իր հանձնակատարները տեսել են, որ այդ տեղը ծածկված է եղել ձնով: Շահն այս պատասխանի վրա ծիծաղել է ու ասել. «Ես էլ գիտեմ, որ ձմռանը սունկ չի բուսնում, պարզապես փորձում էի քեզ՝ համոզվելու համար, որ հնարամիտ ես ու պատրաստակամ, որովհետև երբ մյուսներին նույնը հրամայեցի, ոչ ոք հանձն չառավ»:

Եթե այս պատմությունը ճիշտ է, ապա պերճախոս վկայությունն է այս մելիքի ստրկամտության ու հաճկատարության:

Մեկ այլ առասպել էլ ուզում է հավատացնել, թե այս ստորաքարշ մելիքի կինը շատ համարձակ է եղել: Մի օր նրան ճաշկերույթի են հրավիրվում շահական կանանոց: Նա հնազանդորեն գնում է շահի պալատ, հարճերի հետ սեղան է նստում, բայց ուտեստներին ձեռք չի տալիս: Նրան սկսում են թախանձել՝ հիշեցնելով, որ արքայական խորտիկներից հրաժարվելը վիրավորանք է շահին, բայց, օ՜ համարձակություն, նա դարձյալ հրաժարվում է՝ պատճառաբանելով, թե հիմա քրիստոնյաների համար պահոց շրջան է ու ինքը չի կարող ուտիսվա կերակուրներ բերանը դնել: Ըստ առասպելը հորինողների ու տարածողների՝ այս պատասխանը շատ մեծ տպավորություն է թողնում շահի հարճերի վրա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10837 | 0 | 0
Facebook