Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԿԱՐՏՈԼԻ ՓՈՒՌ (Hratch Beglaryan)

12:29, Суббота, 07 Октября, 2017 года
ԿԱՐՏՈԼԻ ՓՈՒՌ (Hratch Beglaryan)
    
     Չեմ ասում ՙկարտոֆիլի՚, քանի որ բառի այդ ձևը իր քաղաքակրթական շապիկն է հագցնում փռին ու փռից հանած կարտոֆիլը դառնում է անհամ` անատամ ծերունու մի կերպ լմլմացրած ու անհավես կուլ տված լավաշի նման:
     Իսկ կարտոլի փուռն ուրիշ է, մանավանդ, եթե աշնան գիշերը տաք ու չոր է, մանավանդ, եթե աթարը հարևանի կամ գյուղի ծայրին գտնվող համագյուղացու աթարի դեզից ես վերցրել առանց հարցնելու, կարտոլը հանել ես փռին ամենամոտ գտնվող արտից ու չես էլ հարցրել, թե ով է արտի տերը: Ցանքը չես փչացրել, ամեն բլից հանել ես մի երկու հատ ու երբևէ չես մտածել, որ արածդ գողություն է: Գողությունս ո՞րն է, կարտոլի դաշտից կարտոլ ես հանել: Մատով ՙմխտել՚ ես, բուլը, տակից հանել այնպես, ինչպես հավի տակից հավկիթն են վերցնում: Հավին ի՞նչ, թե իր ածած հավկիթն ով է ուտում` տանտիրուհի՞ն, թե՞ տան ճարպիկ երեխան, որ վերցնում է բնկալից, ծակում, ցախով խառնում ու խմում է որպես աշխարհի ամենահամեղ ըմպելիք:
     Փուռը…Փուռը աշնան երկնքի տակ երազանքների շտեմարան է դառնում, կանչում է աստղերին, որ գան, մասնակից լինեն բնության հետ ներդաշնակվելու խրախճանքին: Երբ աթարը վառվում, վերածվում է կեծ-կրակի, երբ ծուխը ցնդում կամ երազանքներիդ պարսը ծածկում է իրենով, որ ցնորքներդ չմրսեն, փայտով ետ ես տալիս ու շարում ես կարտոլները` հատ-հատ, ասես ձու ես դնում թխսի տակ: Ծածկում ես կեծ-կրակով ու աչքերդ աստղերին հառած` երազում: Ընկերներդ խոսում, ծիծաղում են, ընկերներդ երազանքներիդ փշրանքներն են հավաքում, իսկ դու…Լուսինը ծեր չէ, սիրած աղջկա դեմք է: Աղջիկ, որին մտքիդ մեջ ՙԼուսնյակ՚ ես կոչում: Ամբողջ աշխարհի համար աղջիկն ուրիշ անուն ունի, իսկ քեզ համար` ՙԼուսնյակ՚: Աստղերը, շնգացող հովը, ձորի խորքում առօրյա հոգսից հանգստանալ փարձող գետակը, որ դանթում է մեկ-մեկ` հսկող ճգնավորի նման, իսկ հետո հանկարծ վեր է թռչում, որ կապի աղոթքի կտրված թելը:
     Դիմացը Սրբի քարն է: Սուրբը…Սուրբը սուրբ է նրա համար, որ հասարակ մահկանացուները չհասկանան, բայց քննարկեն ու քննադատեն նրա վարք ու բարքը և զայրանան, որ նա իրենցից տարբեր է:
     Կարտոլի փուռ, որի մեջ կամաց-կամաց հասունանում է հողկիթը, սովորական կարտոլից վերածվում փռի կարտոլի: Հետո ընկերներիցդ մեկը մատով կրակի միջից կորզում է մի կարտոֆիլ, փորձում ու անկախ նրանից եփե՞լ է, թե ոչ բոլորդ հերթով սկսում եք կարտոֆիլ ՙգողանալ՚ փռից: Ուտում եք վրան աղ ցանելով: Հո ծեր չե՞ս, որ ճնշումը նեղի ու վախենաս շատ աղ օգտագործելուց: Երիտասարդ ես, երազանքներիդ փափուկ բեռն ուսերիդ, և չկա մի երազանք, որ քեզ ավելորդ կամ շատ թվա և չկա մի երազանք, որ քեզ անկատարելի կամ անիրագործելի թվա:
     …Գիշերը կիսվել է, բայց տանեցիք չեն անհանգստանում: Ի՞նչ անհանգստանան և ինչո՞ւ: Գիտեն, որ տանն ես ու քեզ վատ բան պատահել չի կարող: Դաշտը, սարը, հանդը…ամեն ինչ տուն է նրանց համար, ամեն ինչ հարազատ ու չդավաճանող:
     Լուսադեմին տուն եք գալիս երգելով: Երգում եք բոլորդ: Կարևոր չէ` ճի՞շտ եք երգում, թե սխալ, կարևոր չէ` լսո՞ւմ են, թե ցայգալուսին անկողնում խլվլացող գյուղը մի քիչ նեղվում է ձեր խենթությունից: Իբր, եթե չերգեիք, իրենք մի քանի կունք էլ կքնեին, բայց հոգու խորքում ամեն մեկն ուզում է, որ երգեք: Եթե չերգեք, այս անգամ էլ կդժգոհեն, որ չեք երգում: Չեն ասի, բայց հաստատ մի բան պակաս կթվա նրանցից ամեն մեկին:
     Հետո սարի հետևից ելնում է արևը, որ մեծ է ապրեցնող ու բառերով չնկարագրվող, քանզի ամեն օր տարբեր է, ամեն օր` գեղեցիկ:
     5-ը հոկտեմբերի 2017թ.
    
     #ՀՐԱՉ_ԲԵԳԼԱՐՅԱՆ
Источник: ԿԱՐՏՈԼԻ ՓՈՒՌ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10573 | 0 | 0
Facebook