Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են մայրաքաղաքի ներդրումային մի շարք ծրագրերի նախագծերին

Yerevan info
Автор:
Yerevan info
19:07, Суббота, 17 Июня, 2017 года
ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը ծանոթացել են մայրաքաղաքի ներդրումային մի շարք ծրագրերի նախագծերին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է «Դալմա Մոլ» համալիրի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
     Ներկայացնելով ծրագրի մանրամասները պատասխանատուները նշել են, որ նախատեսվում է ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների քաղաքային և գյուղական բնակավայրերի ազգային ավանդույթներին ու պատմականորեն ձևավորված ճարտարապետական դիմագծին բնորոշ ազգագրական թաղամաս՝ բնակելի տներով, հյուրանոցներով (հյուրատներով), ինչպես նաև նկարչությունն ու ազգային արհեստները (գորգագործություն, դարբնեգործություն, կավագործություն, հուշանվերների պատրաստում) ներկայացնող ցուցասրահներով: Ծրագրին նախորդել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունները՝ Հայաստանի տարբեր բնակավայրերին (Գորիս, Դիլիջան, Աշտարակ և այլն) բնորոշ «Հայկական տան» տիպերի վերաբերյալ: Նշվել է նաև, որ Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են և կառուցապատման ներդրումային ֆոնդն էլ ներկայում գտնվում է ձևավորման փուլում, որին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել հողամասերի սեփականատերերը և Երևանի քաղաքապետարանը:
     Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ «Հայկական Գյուղ» -ը կարող է դառնալ Երևանի զբոսաշրջային գրավչություններից մեկը, նպաստել մշակութային զբոսաշրջության հետագա զարգացմանն ու երկրի ճանաչելիության բարձրացմանը: Տեղում պատասխանատուներին հանձնարարվել է հնարավորին կարճ ժամանակահատվածում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով:
     Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանը և քաղաքապետ Տարոն Մարգարյանը միասին այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ ծանոթացել վերջինի արդիականացման ծրագրին, որով նախատեսվում է նոր մոտեցումներով ներկայացնել Երևանի հիմնադրման պատմությունը: Մասնավորապես նշվել է, որ նախատեսվում է ստեղծել մի միջավայր, որը, բացի պատմականությունը, կունենա նաև մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, չկորցնելով հնագիտական պատկերը, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով, ընդ որում՝ մեծ մասը շարժական հնարքներով։
     Կարևորելով ծրագրի իրականացումը Կարեն Կարապետյանն առաջարկել է այն կյանքի կոչել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:
     ՀՀ կառավարության ղեկավարն ու Երևանի քաղաքապետն այցելել են նաև Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաև Կարմիր Բլուր հնավայրի տարածքներ: Տեղում մանրակերտերի վրա ներկայացվել են վերոնշյալ տարածքների վերականգնման ու զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները: Կարևորելով ծրագրերի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նախաձեռնությունների նպատակը՝ մայրաքաղաքի հազարամյակների պատմությունը ինչպես երևանցիներին, այնպես էլ մայրաքաղաքի զբոսաշրջիկներին լիարժեք և պատշաճ ներկայացնելն է: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ առաջարկել է դրանք քննարկել միջազգային փորձագետների հետ, որպեսզի գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք առավելագույն կընդգծեն վերոնշյալ վայրերի զբոսաշրջային գրավչությունը:


    

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3034 | 0 | 0
Facebook