Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
08:56, Пятница, 10 Февраля, 2017 года
ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ /պատմվածք/

Տաքսուն վճարեց, իջան: Մուտքը փողոցից էր՝ ոչ մյուսների նման, և պարապ հարևաններից տեսնվելու վտանգ չկար: Ուրիշ ժամանակ կնեղսրտեր անապակի դռան, խազխզած դժգույն պատերի տեսքից, իսկ հիմա ուշադրությունն այլ տեղ էր, թեև ջանում էր ցույց չտալ:

Վերելակը ժամանակին եկավ: Փոքր ինչ ընկրկեց, որպեսզի հյուրն առաջինը մտնի, սեղմեց կոճակը: Տասներորդ հարկ էին բարձրանալու, և երկար լռելը պատշաճ չէր:

-Մրսե՞լ ես, -այլ հարմար բան չգտնելով՝ հարցրեց:

Ձա՞յնն էր սիրագորով, տեսադաշտ չլինելու պատճառով հայա՞ցքն ակամա հառեց աչքերին, թե… Համենայնդեպս պատասխանը, որ ընդամենը գլխի մեղմիվ տարուբերում էր, մեկից հուզեց տղամարդուն: Համարձակությունն ընդամենը հերիքեց վերելակից ելնելիս ձեռքը հպել ուսին, սակայն ոչ այնքան ուժգին, որպեսզի ուղեկիցն զգա:

Հանկարծահաս խռովքի մեջ էլ բացեց դուռը: Ամոթխած բնավորություն պատճառով վերարկուն հանելիս չկողմնորոշվեց և, բաց թողնելով պահը, հույսը հետոյի վրա թողեց՝ իբրև արդարացում մեջտեղ հանելով պատրաստի փաստարկը. չարժե խրտնեցնել: Այդ կերպ մտածողը ցանկասեր արուն էր, իսկ մյուսը, ով ներս՝ հյուրասենյակ էր հրավիրել կնոջը, որպեսզի իր իսկ աչքին ապաբարոյական չերևա, այլ պատճառաբանություն գտավ. գործընկերներ են, շաբաթ օրով պատահաբար հանդիպեցին փողոցում, հրավիրեց սուրճ ըմպելու, չմերժեց: Դա իրավունք տալի՞ս է խենեշ բաներ մտածել, ո՞վ ասաց, թե երբ տղամարդն ու կինը մենակ են, պետք է պարտադիր առաջին պլան մղվի կիրքը:

-Մեկ սենյականո՞ց է, -հյուրը դիտում էրկահավորանքը:

-Եթե պատշգամբը չհաշվենք, հա: Ապակեպատել եմ, ննջասենյակ դարձրել, -տանտերը վարժ շարժումով մի կողմ տարավ վարագույրը: Նույն պահին աչքով ընկան նախորդ օրվա գուլպաները, որ մոռացել էր հատակին: Ոտքով հրեց մահճակալի տակ: Կինը, սակայն, չառաջացավ, հավանաբար, չուզեց կամ հարմար չգտավ:

-Դու տեղավորվիր, ես՝ հիմա, -միացրեց էլեկտրասալիկը, ետ եկավ: -Սոված կլինես: Թե՞ սրճենք՝ նոր…

Գործընկերուհին վերստին դիմախաղի անցավ, ինչը կարելի էր և «այո» հասկանալ և «ոչ»:

-Կոնյակ էլ ունեմ, -ժպտաց:

-Վատ չես ապրում:

-Քեզ դու՞ր է գալիս, -հարցը դրական պատասխան էր ակնկալում:

-Կարևորը՝ անկյուն ունես:

-Եթե մեռնեմ, ուրիշի տնից չեն հանի, -տեղին չէր, բայց բերնից թռցրեց:

-Չեմ ծիծաղում:

-Ուրեմն՝ անհաջող կատակ էր: Ներողություն և՝ փակենք թեման: Դու սուրճ դիր, իսկ ես տեսնեմ ինչ կա ուտելու:

Մտան խոհանոց: Աղացում պատրաստի սուրճ կար: Սեղանին դրեց շաքարամանը, գավաթներ, գդալ: Սրճեփն անլվա էր, պտտեց ծորակը:

-Վստահեցիր, ուրեմն՝ ինձ թող, -խոսքի տոնը հեգնանքի թեթևակի երանգ ուներ, սակայն ոչ վիրավորական:

-Սխալ սխալի հետևից եմ թույլ տալիս: Շփոթմունքից է, -անկեղծացավ:

-Ես էլ հավատացի: Այս խոհանոցում քանի՞ կին է սուրճ եփել:

Գայթակղիչ էր առաջարկված փորձառու տղամարդու դերը, բայց խառնվածքը թույլ չտվեց:

-Ոչ ոք: Քրոջս, բարեկամներիս եթե նկատի չունենանք:

-Առանձի՞ն են ապրում:

-Տունը քանդելիս երկու պայմանագիր կնքեցինք: Եթե ամուսնացած լինեի, երկսենյականոց կհասներ:

-Փոշմանե՞լ ես:

- Չէ, բայց էլ իմաստ չունի ձգելը:

-Մեկը ևս վատ չէ, -կինը շաքարը երկու կես արեց: -Սպասիր հիշեմ՝ դու դառն ես խմում:

Խոսակցության նման ընթացքն անսպասելի էր: Դիմացինի ուշադրությունից քիչ էր մնում նվաղի: Հուզմունքը թաքցնելու համար բացեց սառնարանը: Ապխտած երշիկ ուներ, պանիր: Բախտը բերեց. մնում էին ամանորի առիթով մոր ուղարկած ձիթապտղի մի մասը, պասուց տոլման և շերտավոր գաթան, որ շատ փուխր լինելով՝ երեսից փշրվել էր, կորցրել տեսքը: Մտմտում էր՝ տոլման ևս դնի՞ սեղանին: Ի վերջո, հրաժարվեց: Վատն այն էր, հաց չկար՝ ոչ մի պատառ:

-Հաց չունեմ:

Այնքան անմիջական, անճարակ հնչեց խոսքը, որ կինը քրքջաց.

-Ինչպիսի՜ ողբերգություն:

-Գնամ խանութ:

-Կարիք չկա:

-Մոտիկ է՝ շենքի մյուս ծայրին:

-Սովա՞ծ ես:

-Հա:

-Եթե պնդում ես… Չուշանա՛ս:

Մինչ կգար, գործընկերուհին սեղանին սփռոց էր գցել՝ զետեղելով ուտեստը, ափսեները: Թաղարով մանուշակը՝ նոր բացված, տեղավորել էր անկյունում: Սիրուն, ջերմ բան կար ողջում և ճաշակ, ինչը նման խառնվածք ունեցողը՝ զգայուն, նկատել, գնահատել կարող էր: Կոնյակ լցրեց: Հիշեց՝ ծիրանի հյութ ունի: Բերեց, հենց երեք լիտրանոցով դրեց սեղանին:

-Երևում է՝ միայնակ արջի կենցաղով երկար ես ապրել:

-Հինգ տարի:

-Ու չէիր ասում, -զգաց՝ շատ է, մեղմեց տպավորությունը: -Կոլեկտիվով քանի՜ անգամ ենք շվարած կանգնել՝ չիմանալով ուր գնալ:

-Չեմ սիրում նման հավաքներ: Եթե նկատել ես, հնարավորինս խուսափում եմ:

-Ես նույնպես:

Խմեցին: Տանտերը վերստին լցրեց:

Խոսակցությունը գրոծընկերների շուրջ էր, աշխատանքի: Ժամանակն անցնում էր, իսկ թեման փոխել, վերստին մտերմիկ հուն մղել չէր լինում: Դրանից տրամադրությունն ընկել, ունկնդրի դերում էր: Չէր օգնում և կոնյակը, շիշը որի կես էր ընկել: Երկուսն էլ, թվում էր, ինչ-որ բանի էին սպասում:

-Երաժշտություն, եթե կարելի է, ի՞նչ ունես:

-Սովորական նվագարկիչ է: Միացնե՞մ, -ու չսպասելով պատասխանի՝ ելավ:

Ունեցածը դասական երաժշտություն էր, ազգագրական և հին երգեր՝ հիմնականում մոռացված էստրադային երգիչների, ովքեր նրա ուսանելու տարիներին էին մոդա: Երկմտանքի մեջ չէր կարողանում ընտրություն կատարել:

-Պիաֆ, Վիսոցկի, Բիթլզ… ի՞նչ դնեմ, -հերթով շրջում էր ձայնապնակները:

-Մեղմ բան, թեկուզ՝ պարեղանակ:

Հարմար բան չգտնելով՝ Ազնավուր միացրեց:

-Բոլորովին չես ուտում:

-Անհոգ մնա:

Ամեն ինչ կտար՝ կարդալու դիմացինի մտքերը: Դաստիարակությունը տանտիրոջ պահվածք էր պարտադրում, կիրթ վարմունք, բայց կար սեռի բնազդ, որի թելադրած լուծումն այլ էր: Հեշտ չէր, անշուշտ: Եթե հավատալու լիներ գրքերին, առաջնորդվեր ընկեր-ծանոթների պատմածով, պիտի նախահարձակ լիներ, սակայն դրա համար փորձ էր հարկավոր, վճռականություն, նաև վստահություն, որ հիմար վիճակում չի հայտնվի: Մինչ նա երկվության մեջ էր, հյուրը քայլ առաջարկեց.

-Արի պարենք:

Տղամարդը գոտկեց մեջքը, սկսեցին մեղմիվ ճոճվել:

-Շա՞տ եմ անճարակ:

Կինը ժպտալով՝ ուղղեց գլուխը.

-Ի՞նչ իմաստով ես հարցնում:

Իբրև պատասխան, հայացքը թաղեց պարընկերուհու աչքերում: Վերջինս ընդառաջ չգնաց, խրախուսող շարժում չարեց:

-Չե՞ս ձանձրանում:

-Ամենևին:

-Ուրիշ գործեր ունե՞ս այսօր, -հարցրեց ու փոշմանեց:

Պատասխանն անորոշ էր.

-Գործ միշտ էլ կա:

-Այսօր իմ հյուրն ես:

Ցավալիորեն անժամանակ ավարտվեց մեղեդին, և նա ինքնաբերաբար թողեց պարըկերուհու կոնքը: Նստելու պահին սկսվեց հաջորդ երգը, բայց արդեն ուշ էր. կինը թիկնեց բազմոցին:

-Մի-մի բաժակ ըմպենք՝ հետո, -ելքը գտավ տղամարդը:

-Ես՝ չէ, գլուխս սկսեց պտտվել:

Գործընկերուհու շրջազգեստի կողաձևվածքը ետ էր գնացել, և նկատելի էր գուլպայի ձգված վերջույթը: Ստիպողաբար շեղում էր հայացքը, սակայն պիրկ ազդրը՝ մոտիկ և անհասանելի, բաց վարդագույն գուլպայի տակ մագնիս էր:

-Վերջին գավաթն է: Այնպիսի կենաց եմ ասելու, չես մերժի, - այն մտքից, որ երազուն օրը վտանգի տակ է, հարկադրում էր հարձակման անցնել:

-Իսկապես, էլ չեմ կարող, բայց կենացդ ասա, -փոքր ինչ տեղի տվեց հյուրը:

-Խմում ենք առանց խոսքի, ամեն մեկս մեր մտքինի կենացը, -ասաց, հետո զգաց՝ անհեթեթ է հնչում՝ ծիծաղելիորեն ոչ իրական:

-Ինքնատիպ է, խոսք չունեմ, -կինն ափերում տաքացնում էր ընպանակը: Փորձառու լինելով՝ հավանաբար գիտեր. ծեծված, հյուսիսի քաղաքներում տարածուն կենաց է:

-Չե՞ս ուզում, -ըմպելուց հետո տեսնելով՝ չի խմում, խռովկան նետեց տղամարդը:

-Փոխարենը կպարեմ, -նա մեկնեց ձեռքը:

Տանտերը խենթավուն ձգվեց դեպի նա, հենց կանգնած տեղում գրկեց: Կինը հիմա զուսպ էր: Տղամարդը դիմադրություն էր զգում, մարմինը հեռու պահելու ճիգ, բայց ոչ այնքան նկատելի, որպեսզի զուգընկերը նեղանա: Ճակատը թաղեց նրա մազերի մեջ, վերջինս խուսափեց:

-Ներող եղիր:

-Գլխապտու՞յտ ունես:

-Ուրիշ պատճառ կա, -դառնությամբ ժպտաց:

-Շատ խմեցինք, -չհասկանալու տվեց հյուրը:

-Չսրճե՞նք:

-Կարելի է, -բայց ես հետո կգնամ, -նա թողեց պարելը:

Սթափ լինելու դեպքում գուցե թե կարողանար հանկարծակի փոփոխության համար բացատրություն գտնել, բայց հիմա շփոթ էր գլխում:

-Ինչու՞ ես շտապում, -ընդամենը հարցրեց: -Նեղացրի՞:

-Պարզապես շատ է ուշ, -կինը ձեռքն առավ աղացը: -Սուրճ չկա:

-Ինձ տուր, -վերցնելով ՝ սկսեց կատաղի արագությամբ պտտել: Թափից բռնակը դուրս պրծավ՝ քերծելով ցուցամատի ծալոսկրի մաշկը:

-Խենթ, ի՞նչ արիր, -հյուրի ձայնը մեկից փոխվեց, կրկին դարձավ գորովագութ: -Սպասիր տեսնեմ:

-Ոչինչ, -նա լեզվով մաքրեց արյունը:

-Թող, պետք կապվի:

-Հարկ չկա, -բայց թե՝ չփախցրեց ձեռքը, թույլ տվեց բռնի:

-Յոդ կճարվի՞:

-Քո անհանգստությունն էլ հերիք է, -վերջին բառերը հուզմունքից կերկեր հնչեցին:

Կինըը փորձեց ազատել ձեռքը, որը հիմա տղամարդն էր բռնել:

-Խմա՞ծ ես:

-Գինով՝ գուցե:

-Սուրճ չե՞նք ըմպելու:

-Տունը քոնն է, ինչպես կամենաս, -այս անգամ խոսքը բնական հնչեց:

-Նվիրու՞մ ես, -հյուրը ժպտաց:

-Քեզ իմ խուցը դուր է գալիս, ճի՞շտ է: «Չէ» չասես՝ կնեղանամ:

Պատասխանը գլխի շարժ էր:

-Ուրեմն՝ մնա:

-Բա որ վաղը փոշմանե՞ս:

-Չկարծես հարբած եմ: Այսչափ անկեղծ երբևէ չեմ եղել, - ճշմարտությունն էր ասում: Խառնվածքին հավատարիմ՝ ուղեղից վանել էր ամեն կասկած՝ ընդառաջ գնալով խորքում ալիք տվող, ճողփացող սիրուն:

-Թողնենք ուրիշ օրվա այս խոսակցությունը, հա՞:

-Ավելի շքեղաշուք օր չենք գտնի: Ես քեզ ամուսնության առաջարկ եմ անում, -կնոջ երկու ձեռքն առավ ափերի մեջ:

-Լրջացիր, դու ինձ ամենևին չես ճանաչում:

-Մի շարունակիր, մնում ես և՝ վերջ, - փորձեց համբուրել:

-Ոչ այսօր, -կինը լուրջ էր:

-Բայց ինչու՞:

-Հարցեր կան. չի կարելի:

Տղան մտադիր չէր զիջել:

-Դու գնա հյուրասենյակ, ես սուրճը կբերեմ, -մեղմ առաջարկեց հյուրը:

Տանտերը երջանիկ՝ տեղը չէր գտնում: Կինը մատուցարանով սուրճը դրեց սեղանիկին: Տղամարդը ժպտաց: Կինը փախցրեց հայացքը: Փոխադրվելով բազմոցին՝ մատներով ետ տարավ կնոջ դեմքը փակող մազափունջը:

-Խնդրում եմ:

Տանտերն ընկրկեց:

-Քանի՞ տարեկան ես:

-Երեսունհինգ, - ամաչեց տարիքի համեմատ անփորձ լինելուց:

-Իսկ ես՝ երեսունյոթ:

Տղամարդը թեթևակի ցավ զգաց, բայց անմիջապես վրա տվեց.

-Ի՞նչ անենք:

-Եվ՝ ամուսնացած-բաժանված:

Նման բան լսել էր, բայց թե ինչու էր ամուսնալուծվել, ով էր եղել ամուսինը, չգիտեր:

-Ասածներդ կարևոր չեն:

-Որեմն՝ լուրջ չես, բոլորի պես օգտվել ես կամենում:

Տղամարդը մինչև ոգու խորխորատը վիրավորվեց.

-Մի համեմատիր ուրիշների հետ: Եթե անգամ պարզվի, երեխաներ կան մեջտեղում, միևնույն է, կամուսնանամ:

-Իսկ ձերո՞նք:

-Վճռողը ես եմ:

-Ինձ ժամանակ տուր, նույնը քեզ եմ խորհուրդ տալիս:

Չարձագանքեց:

-Ես գնամ, հա՞:

Օգնեց, որպեսզի հյուրը հագնվի:

-Չուղեկցես, խնդրում եմ, -նա, ասես, փախչելիս լիներ:

Տանտերը ձեռքը երկարելով՝ ուղղեց մուշտակի օձիքը, մատներն ինքնաբերաբար խրեց հյուրի պարանոցը ծածկող մազերի մեջ: Նա չէր արգելում: Քնքշանքից, հոգին պարուրած բարությունից աչքերն արցունքակալեցին:

-Ես կամուսնանամ քեզ հետ, հավատա:

Կինը ոտքով իջավ՝ չսպասելով վերելակի գալուն: Տանտերը երկա՜ր չէր փակում դուռը: Հետո վերադարձավ սենյակ: Շշում կոնյակ էր մնացել: Լցրեց գավաթը:

-Անուղղելի ապուշ, -ասաց, թափով ըմպեց:

Հ.Գ.- Ի՞նչ եղավ հետո, հայտնի չէ: Խա՞ղ էր, որ հարյուր-հազարավոր տարբերակներով ամեն օր խաղացվում է գոց դռների ետևում, թե՞ իսկապես սեր, որ հանկարծաբար ծաղկում է, թեկուզ դրսում ցուրտ է, հունվար, ինչպես գրվածքում, որն ընթերցելու նեղություն կրեցիր:


    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7336 | 0 | 0
Facebook