Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ընթերցողի հոգեբանությունը նույնն է, ինչ նախնադարյան մարդունը

20:49, Среда, 30 Ноября, 2016 года
Ընթերցողի հոգեբանությունը նույնն է, ինչ նախնադարյան մարդունը
     Թերթում ես «Երկինք և երկիր» գիրքն ու ուզում տողերի տակ գտնել հեղինակի կորցրածը «որի անունը, պիտի որ հիշես, պիտի որ հիշես բայց էլ չես հիշում» ։ Սկսում ես հետաքրքրված թերթել ու, թերթել, գտնել հեղինակի կորցրածն ու գտածը, ու թևեր ես վերցնում, սկսում ճախրել դեպի մի աշխարհ, որտեղ ամեն բանաստեղծություն մի սիրո ապրում է։

Ու սկսում ես գտնել տողերի տակ սերերի շղթան ու խոսել նրանց հետ։ «Դու գիտես, որ քո անունը հավերժ փնտրում է աստղերի ճամփան» ․- ո՞ւմ է հեղինակն այսքան մեծարում, այսքան երկնային դարձնում։

Երկնքից իջնում ենք երկիր ու գնում ԲԱՆԱՍՏԵՂԾԻ հետքերով։

Բանաստեղծ, կինոսցենարիստ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյան։

Տպագրվել է դեռ 15 տարեկանից։ Իսպանալեզում երկրների ընթերցողը Սլավի-Ավիկ Հարությունյանին ընդունեց ու գնահատեց դեռ «Ուշացած հեռագրեր» -ով («Telegramas tardios»), ժողովածուն լույս է տեսել 2011 թվականին։

Հեղինակի մեկ այլ ժողովածու այժմ եվրոպական երկրների գրախանութներում ամենապահանջարկ ունեցող գրքերից է ։Եռալեզու ժողովածուի (իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն) ՝ «Անթռչուն երկինք» , տպագրությունը նախաձեռնել է իսպանական հայտնի «Carena» հրատարակչությունը` «ժամանակակից եվրոպական պոեզիա» ծրագրի շրջանակներում: Հրատարակչությունը մինչեւ 2020թ. ձեռք է բերել «Անթռչուն երկինք» գրքի հեղինակային իրավունքը, այդ ընթացքում ծրագրում է այն տարածել նաեւ Ֆրանսիայում, անգլալեզու երկրներում։2017 թվականի հունվարի 16-ին Բարսելոնայում տեղի է ունենալու գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսներ և քննարկումներ կազմակերպվելու են նաև եվրոպական այլ երկրներում։

Սլավի-Ավիկ Հարությունյանի գրչի մասին իսպանացի բանաստեղծ Խոսե Մեմբրիվեն ասել է. «Սլավի-Ավիկ Հարությունյանը ժամանակակից եվրոպական պոեզիայի առաջատար բանաստեղծներից մեկն է: Զարմանալիորեն նրան հաջողվում է սինթեզել կինոյի, թատրոնի դրամատուրգիան, վեպի կառույցը եւ մյուս արվեստների գեղարվեստական հնարքները, 21-րդ դարի կարճ հաղորդագրությունների ռիթմն ու ոճը: Այս հատկություններն էլ նրա պոեզիան դարձնում է նորարարական»: Խոսե Մեմբրիվեն ընդգծում է ․ «Բանաստեղծի տողերում, հողեղեն ու երկրային իմաստություն կա…Հայաստանը` իբրեւ անցյալի եւ ապագայի միջեւ հանդես եկող անդրադարձ շրջանակ, սեփական մարդկային ինքնության մետաֆոր է` մի անցյալով, որի սիրով գերվում ենք, եւ որի ապագայով դառնում ենք ազատ»: Իր խոսքը իսպանացի հեղինակը եզրափակում է․ «Սլավի-Ավիկ Հարությունյանը մի ոտքով ամուր կանգնած է հայ դասական պոեզիայի հիմքերին, մյուսով` խարսխված արդի քաղաքակիրթ Եվրոպայի մշակույթում» ։

-Շնորհակալություն, որ համաձայնվեցիք պատասխանել մեր հարցերին։

Մի ստիխում գրում եք․

Դու վերջին անգամ

խաղաղ

(թե՞ զուսպ)

կպատմես չկրկնվող օրերի

անհաջողակ բանաստեղծների մասին։

Ե՞րբ է բանաստեղծը դառնում անհաջողակ ։

-Բանաստեղծը` դառնում է անհաջողակ ամուսին, քաղաքացի.. երբ երևի սկսում է լավ գրել։

-Ով է այն մեկ թռչունը, որը՝

․․․ թողած երամն իր

հիմա խփվում է հենց այս սյունին

- այս ասֆալտին

- անճիչ։

Կոստան Զարյանի մասին իսպանացի մտածողներից մեկն ասել էր, որ նա եվրոպական մտածողներից առաջ է ուղիղ կես դար։ Ում էր պետք նրա ճիչը երբ Սևակը կասեր «ժամանակից առաջ են ընկնում, դրա համար էլ չեն ներում նրանց» ։

-Երևի Կոստանի մասին իտալացի ասած կլինի` Յուրաքանչյուր մարդ էլ միայնակ թռչուն է, որ ապրում ու մեռնում է մենակ: Երբեմն` մարդիկ հնարում են սեր ու գթություն այդ մենակությունից փախչելու համար: Չգիտեմ: Կարող է և այդպես չէ:
     -Չար լեզուներն ասում են, որ Ձեր թարգմանած իսպանացի բանաստեղծուհի Իզաբել Ռեզմոն Ձեր սերերից է եղել։ Ո՞վ էր այն բացառիկը ում ուզեցիք ծանոթացնել հայ ընթերցողի հետ։

-Ես իսպաներենից Լորկա էլ եմ թարգմանել: Ու վեց, թե` 7 արդի իսպանական բանաստեղծների (այս վերջինը հրաշալի թարգմանչուհի Ն.Այվազյանի հետ): Եթե ում թարգմանում են` պիտի սիրեն, ապա կամ ոչ մեկին չպիտի թարգմանել, կամ էլ` ամեն օր մեկին:

-Մենք ունե՞նք լավ ընթերցող։
     -Ունենք ընթերցող և ունենք գրող: Պարզապես, երբ մեր գիրքը չեն կարդում` մենք ասում ենք, որ չկա ընթերցող, մշակույթը հարգի չէ: Մի շաբաթ առաջ գյուղ էի գնացել: 2, 5 տարեկան Վիգենը համակրգչի առաջ կայծակի արագությամբ տարբեր կայքեր է մտնում.երաժշտություն միացնում, ինձ` հեռավոր քաղաքներից եկածին հարցնում է` դուրդ գալիս է այս երաժշտությունը, կամ` կոմիքսը: Ու` եթե մենք պիտի գրենք ինչպես Թումանյանը (Հե՜յ պարոններ, ականջ արեք թափառական աշուղիս. .), կամ` ասենք` ընկերներիս, թե քույրերիս հավաքեցի ու սերս երգեցի, կամ` տերյանականը նոր ողբարձագանքներով պիտի ասենք, ապա հաստատ` ընթերցող չունենք` Վիգենիկից սկսած մինչև քո աշակերտը: Շինարարը հասկանում է, որ 40 մետրանոց բնակարանի վերանորոգման համար ինքը պիտի ներկայացնի այնպիսի նախագիծ, որ մեր 45-ը 60 թվա, վարորդը` հասկանում է, որ կարճ ճանապարհը պիտի ընտրի, եթե գրողը սա չի հասկանում, չի ուզում հասկանալ, որ բառը` էլ բառ չէ, այլ նշանակիր միտք, որ ոտանավորը-օդան-գովքը վաղուց չեն հաղորդակցվում մարդու արագ փոփոխվող կյանքին, ուրեմն` պետք է ասենք, որ ընթերցող չկա: Բայց` արդյո՞ք չկա...


     -Գրողների միության անդամ եք եղել, , իսկ հիմա ոչ։ Ի՞նչն է պատճառը։


     -Գրողների միությունը Խորհրդային կառույց էր, նա կատարում էր որոշակի աշխատանք, հոգում էր ԳՄ անդամների տնտեսական, կենցաղային խնդիրները, հորդորում` որ գրողը Լենինյան ուղու վրա մնա: Ես եղել եմ այդ կառույցի անդամ 1988-ից: Բնականաբար` չեմ փոշմանում: Այդպիսին էին բարքերը, դա օգնում էր ի վերջո գրողին: Հիմա Ռուսաստանում եմ ապրում: Այս երկրի ԳՄ անդամ եմ, բայց մի տաս տարի անդամավճար չեմ մուծել ու տեղյակ էլ չեմ` դեռ ԳՄ անդամ եմ, թե` ոչ:

-Մեր օրերում թվում էր միակ բանը որ կարելի էր չհանդիպել, գրագողությունն է, նկատի ունեմ տեղեկատվական լայն հարթակները, կարդալու հազար ու մի հնարավորությունները։ Բայց տեսնում ենք, որ գրագողների թիվը ոչ թե պակասում այլ ավելի է մեծանում։ Ինչպե՞ս եք մոտենում գրագողներին։
     -Պոստմոդեռնի խաղի հիմնային պոստուլատը տարբեր տեքստերի համադրությունն է: Եվ` հեղինակի տեղը, առավել չափով, որոշարկում է օրենսդրական դաշտը` հեղինակային և հարակից օրենքներով: Եթե նկատի ունես պլագիատը, ապա դա միշտ էլ եղել է: Եթե այսօր համատարած է, ապա դա կարող է պայմանավորված լինել համացանցի հանրամատչելի լինելուց: Ինչքան հասանելի է ինֆորմացիան, այնքան` շատ է պլագիատը: Բայց դա սարսափելի չէ: Ի վերջո կարելի է գողանալ տողը, պատկերը․..բայց դե գրողին միայն դա չէ գրող կոչում: Կա կարևոր այլ հանգամանք: Դա գրողի սեփական ոճն է: Եթե գրողը չունի ոճ` ինչ տարբերություն, թե ումից ինչքան է թռցրել, կամ էլ` ոչ մի բառ:

-Ոճի մասին նշեցիք, Ձեր մոտ նկատելի է մեծատառերի և կետադրական նշանների սակավություն...ինչո՞ւ․․․ Սա նույնպե՞ս ոճի տարբերություն է։

-Միայն իմ մոտ չէ: Ավելին` դա վաղուց նորություն չէ: Դա էլ կարելի է ասել` առավել չափով, որ գեղարվեստական հնարքներից մեկն է: Յուրաքանչյուր բանաստեղծ ինքն է որոշում, թե ինչպես գրի և` ինչու: Իմ մոտ դա ինքնանպատակ չէ: Կան տեքստեր, որտեղ կանոնակարգվում է ըստ քերականական օրենքների, հաճախ` կապված գեղարվեստական նյութից, ես տեքստերը սարքում եմ "բաց".այս պարագայում ընթերցողը կարող է անգամ համահեղինակ լինել:


     -Ասում են ժամանակի մաղով կանցնի նաև մերօրյա գրականությունը, ու կթողնի միայն լավագույններին։ Նախորդ դարերի նկատմամբ արդյո՞ք արդար է եղել ժամանակի մաղը, և որքանով է անաչառ խոստանում լինել մեր դեպքում։


     -Ես իրոք չգիտեմ: Քանզի դժվար է կռահել, թե որն է լինելու վաղվա ինտերսուբեկտիվ չափանիշը: Իներցիայով դեռ մի քանի տասնամյակ կմնա այսօրվա գնահատականը: Բայց չեմ էլ մտածում, որ անցյալի փորձը անարդար է եղել: Անշուշտ եղել է 1937 թվական, ինչ-որ ժամանակահատվածում մենք Չարենց չենք ունեցել, Մահարի. ..ուրիշներ: Ամենաանարդարը երևի Կոստան Զարյանի ճակատագրին էր: Մենք 60-70-աականներին էլ լավ արձակ ունեինք: Այսօր կարծես մոռացությունից դուրս բերելու փորձ կա (Համենայնդեպս` Զորայր Խալափյանի դեպքում): Չգիտեմ: Կմնա այն, ինչ կկարդան: Զուգահեռ` հոբելյանական տարեթվեր կլինի դեռ նույն այսօրվա Իներցիայով, ինչ որ երեկոներ, բայց դա իրական գրական ընթացքի հետ կապ չի ունենա, ինչպես` չունի հիմա:
     — Մի կարճ ստիխում ասում եք, սիրելու համար պատճառ է պետք։ Գրականություն սիրելու համար ի՞նչ պատճառ է պետք։
     - Գրականությունը բացարձակ կատեգորիա չէ, հայրենիք չէ, ծնող չէ..այն ստեղծում են տաղանդավոր մարդիկ, գրչակներ, արհեստավարժներ: Ես էլ` գրականություն չեմ սիրում, ինչպես չեմ սիրում կինո, բայց` սիրում եմ Ֆոլկներ, Դոստոևսկի, Բերգման...
     -Ի՞նչ կցանկանայիք ընթերցողին։
     -Ընթերցողի հոգեբանությունը նույնն է, ինչ նախնադարյան մարդունը` երբ քարանձավներում խազագծեր էր տանում, կենդանիներ նկարում, կամ` մի այլ բան: Այս առումով` մարդը միշտ մոդելավորում է մի այլ զուգահեռ իրականություն: Ենթագիտակցորեն` նա գիրքը ձեռքը վերցնելով, փորձում է տեղափոխվել իր այդ` Հասկացած ու չհասկացած իրականությունը: Եթե իր այդ պատճառը համընկնում է գրքին, ֆիլմին, բեմադրությանը` .. և այլն, ուրեմն նա հեղինակի ռեցիպենտն է:
     Վերջաբանի փոխարեն պետք է գնահատել իրական գրականությունը, և այդ դեպքում գուցե․ «Մեր մեջ կշնչեր ծովը» ․․․

Источник: Asekose.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7392 | 0 | 0
Facebook