Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Պսակի խորհուրդը (հարց և պատասխան)

23:24, Суббота, 29 Октября, 2016 года
Պսակի խորհուրդը (հարց և պատասխան)
     Ի՞նչ է պսակը։
     – Պսակը այր ու կնոջ ամուսնության խորհուրդն է։
     Ինչո՞ւ է ամուսնությունը խորհուրդ։
     – Որովհետև այր և կնոջ միավորությունը օրհնվում և կնքվում է Աստուծո անունով. «Աստուծո միացրածը մարդը թող չբաժանի» [Մատթ. ԺԹ 5-6]։
     Պողոս առաքյալը այր և կնոջ ամուսնական միավորությունը նմանեցնում է Քրիստոսի՝ Իր Եկեղեցու հետ միությանը։
     Եվ իսկապես մարդկային ցեղի մաքուր և առողջ աճը, Քրիստոսի Եկեղեցու բարգավաճումն ու պայծառությունը կախված են օրինավոր ամուսնության արդյունքից։ Եվ որովհետև Քրիստոս և Իր Եկեղեցին իբրև մեկ մարմին նույնացած են, հարկ է, որ ամուսնացողները, իբրև աստվածային պատվերը («աճեցե՜ք և բազմացե՜ք») կատարողներ, կատարելապես գիտակ և հավատարիմ լինեն իրենց միավորման ուխտին և նպատակին։ Երկու էակների միությունն ինքնին խորհրդավոր է, և Եկեղեցին այն դարձրել է յոթ խորհուրդներից մեկը՝ հիմնվելով աստվածային պատգամի և օրհնության վրա։
     Ուրիշ ի՞նչ կարելի է ասել այս խորհուրդի մասին։
     – Ամուսնությունը հիմնված է ողջախոհության վրա, որովհետև նրա նպատակը որդեծնությունն է։ Այր և կին, իբրև իրենց Եկեղեցու ճշմարիտ անդամներ, պետք է մաքրակենցաղ լինեն, որպեսզի իրենց միությունն արդյունավոր լինի, տուն, ընտանիք կազմվի, և Եկեղեցին զորանա նոր ուժերով։
     Եվ որովհետև ամուսնությունը հիմնված է ողջախոհության վրա, այր ու կին պետք է զգուշանան բղջախոհությունից և չապականեն իրենց ամուսնական միության սրբությունը պոռնկությամբ և շնությամբ։
     Կարո՞ղ ես հիշել Պողոս առաքյալի խոսքերն ու խրատներն այս մասին։
     – Այո՜։ Եփեսացիների թղթում այր և կնոջ ամուսնական կյանքի պարտավորությունները և նրանց՝ իրար նկատմամբ պարտականությունները բացատրելիս նա ասում է. «Հնազանդվեցե՜ք միմյանց Քրիստոսի երկյուղով։ Կանայք թող հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը։ Որովհետև ամուսինն է կնոջ գլուխը, ինչպես Քրիստոս գլուխն է Եկեղեցու, և Ինքն է Փրկիչը այդ մարմնի։ Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին այնպես էլ կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Այրե՜ր, սիրեցե՜ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին և Իր անձը մատնեց նրա համար Ով սիրում է իր կնոջը, իրեն է սիրում Սրա համար այրը պիտի թողնի իր հորն ու մորը և գնա իր կնոջ ետևից, և երկուսով պիտի լինեն մեկ մարմին։ Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և Եկեղեցու վերաբերյալ» [Եփես© Ե 21-23]։
     Ինչպե՞ս է կատարվում Պսակի արարողությունը։
     – Մեր Եկեղեցում Պսակ կատարելու իրավունքը քահանայինն է։ Պսակվողները գալիս են եկեղեցի։ Աստուծո և հանդիսությանը ներկա մարդկանց առջև քահանան նրանց հարցնում է՝ իրենց ազատ կամքո՞վ են եկել պսակվելու և, հաստատական պատասխան ստանալով, միացնում է նրանց աջ ձեռքերն ու ճակատները և խրատում, աղոթում, օրհնում նրանց միությունը։
     Ամուսնական միությունը կարո՞ղ է քակվել կամ լուծարվել։
     – Ինչպես որ Քրիստոս չի զատվում Իր Եկեղեցուց, այնպես էլ պսակված ամուսինները չեն կարող բաժանվել միմյանցից։ Ուրիշ խոսքով, ամուսնական միությունը սկզբունքորեն անլուծելի է։
     Ըստ Ավետարանի՝ ամուսնալուծման օրինական պատճառ կարող է լինել միայն շնությունը։ Բայց Եկեղեցին վաղ ժամանակներից, նկատի առնելով ամուսնական կյանքում երևան եկող մի շարք լուրջ պատճառներ, որոնք արգելք են դառնում ամուսնական միությունն իրագործելուն կամ խանգարում են այդ միությանը, ընդունել է ամուսնալուծությունը՝ միությունն արգելակող օրինական պատճառները քննելուց և ստուգելուց հետո միայն։
     Այսօր աշխարհում նկատի ունենալով ամուսնության կարևորությունը և նրա վերաբերյալ խնդիրները հասարակական և քաղաքական կյանքի տեսակետից՝ ամուսնության արտոնությունը վերապահված է քաղաքային իշխանությանը։ Սա պետական օրենք է դարձել։ Այնպես որ երբ օրինապես չափահաս դարձածներն ուզում են ամուսնանալ, դիմում են քաղաքային իշխանությանը և հայտարարում, որ պիտի ամուսնանան։ Վկաների ներկայությամբ արձանագրվում են նրանց ինքնության և բնակության վերաբերյալ կարևոր տեղեկությունները։ Դրանից հետո նրանք ազատ են՝ կենցաղավարելու իբրև օրինավոր այր և կին։
     Բայց քրիստոնեական աշխարհում ամուսնացողները, հարգելով հանդերձ երկրի օրենքը, քաղաքային ամուսնության արտոնության ձևակերպությունները լրացնելուց հետո եկեղեցի են գնում՝ պսակադրությամբ օրհնելու իրենց ամուսնությունը։
     Որո՞նք են ամուսնության համար անհրաժեշտ պայմանները։
     – Չափահասություն, կանոնական հասություն, դավանական և ազգային նույնություն, փոխադարձ հոժարություն և սեր։
     Չափահասության տարիքը կախված է կլիմայից և երկրի օրենքներից։ Արբունքի չհասածները և անչափահասները չեն կարող ամուսնանալ։
     Կանոնական հասություն նշանակում է ազգականական որոշակի աստիճան։ Իբրև առողջ սերունդ ունենալու պայման՝ ամուսնացողներն ազգականությամբ ու արյունով որքան հեռու լինեն իրարից, այնքան հարգած կլինեն Եկեղեցու կանոնները, որոնք հիմնված են առողջապահական սկզբունքների վրա։ Հին կանոններով՝ տղան յոթ պորտ, յոթ ճյուղ կամ յոթ աստիճան հեռու պիտի լինի այն աղջկանից, ում հետ ամուսնանում է։
     Նախկինում նույնքան խիստ էին խնամիական և հոգևոր ազգականության (սանահայրություն կամ կնքահայրություն) աստիճանները, բայց այժմ դրանք գրեթե անուշադրության են մատնված, և ուշադրություն է դարձվում միայն ազգականական կամ արյունակցական կապի աստիճանին։
     Տղայի և աղջկա՝ միևնույն դավանության և ազգության պատկանելը շատ կարևոր է ընտանեկան կյանքի խաղաղության և երջանկության համար։
     Իսկ ամուսնացողների փոխադարձ հոժարությունն ու սերը անհրաժեշտ պայմաններ են՝ ամուսնության բնական և բարոյական պարտականությունները կատարելու համար։ Միայն այս պայմանը հարգելով են խափանվում բռնի ամուսնություններն ու այլ անպատեհությունները։
     Ամուսնությունը կրկնելի՞ է։
     – Այո՜, երբ կողմերից մեկը մեռնի, և երբ օրինական ամուսնալուծության հետևանքով մեկ կամ մյուս կողմն արտոնված լինի նորից ամուսնանալու։
     Եթե մարդը երկու անգամ կորցնում է կնոջը, եկեղեցական կանոնը թույլատրում է, որ նա երրորդ անգամ պսակվի։ Ավելին հակառակ է ոչ միայն կանոնի, այլ նաև բարոյագիտությանը։
     Երբ ամուսիններից մեկը որևէ պատճառով կորչի, ամուսնությունը լուծարվո՞ւմ է։
     – Այո՜, եթե ամուսիններից մեկը կորչի, և յոթ տարի որևէ լուր և տեղեկություն չլինի նրա մասին, մյուսը կարող է ամուսնանալ, եթե կամենա։ Եվ եթե յոթ տարի անցնելուց հետո կորած կողմը հայտնվի, նա ազատ է և կարող է ամուսնանալ ուրիշի հետ։
     Դարձյալ՝ եթե ամուսիններից մեկը փոխի իր քրիստոնեական հավատքը կամ խախտի ամուսնական կյանքի միության և խորհուրդի պայմանները, հոգևոր իշխանությունը կարող է մարդասիրական հատուկ կարգադրություններ անել։
     Ըստ Ավետարանի՝ *****ությունն ու շնությունը խախտում են ամուսնական միությունը և եղծում խորհուրդը, հետևաբար ամուսնությունը լուծվում է, իսկ հանցավոր կողմը դատապարտվում և զրկվում է վերստին ամուսնանալու իրավունքից։
     Եթե իրենց պսակի ապականության համար երկու կողմերն էլ մեղավոր են կամ եթե երկու կողմերն էլ ֆիզիկապես և բարոյապես ընդունակ չեն եղել ընտանիք կազմելու և գայթակղությունների տեղիք են տվել, ամուսնությունը լուծվում է, և երկուսն էլ զրկվում են վերստին ամուսնանալու իրավունքից։
     Ո՞վ է իրավասու լուծել ամուսնությունը։
     – Հոգևոր վերին իշխանությունը։ Եկեղեցին է պսակում և Եկեղեցին էլ լուծում է պսակը։ Քահանան պսակում է Եկեղեցու անունով, բայց լուծել չի կարող։ Ամուսնությունը լուծելը հոգևոր վերին իշխանության իրավասությունն է՝ օրինական քննություններ կատարելուց հետո, թե՜ ժողովների միջոցով, թե՜ ուղղակի։
     Իսկ հոգևոր իշխանությունը ներկայանում է եպիսկոպոսությամբ։ Նրանք, եթե առաջնորդական պաշտոն ունեն, կարող են զբաղվել ամուսնական խնդիրներով։ Բայց ամենից վերև կաթողիկոսն է, որ իշխանություն և իրավասություն ունի վերջին խոսքն ասելու և վճիռներ արձակելու՝ ամուսնական խնդիրներ լուծելու համար։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7126 | 0 | 0
Facebook