Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Ի՞ՆՉ ՇԱՀԵՑԻՆՔ

13:23, Воскресенье, 18 Сентября, 2016 года
Ի՞ՆՉ ՇԱՀԵՑԻՆՔ

Չքննարկենք, թե ՊՊԾ գնդի գրավման և դրա առնչությամբ ծավալված իրադարձություններում ով էր ճիշտ, ով՝ սխալ: Չքննարկենք նաև հետո շրջանառված ասեկոսեները, թե ում կազմակերպածն էր ու թե այդպիսի մի գնդակով քանի նապաստակ կարելի էր խփել: Առավել ևս անիմաստ է փորփրել, թե իրո՞ք ինչ - որ մեկը դավաճանեց «Սասնա ծռերին», ու ինչ - որ ուժեը, իրո՞ք, խաբեցին, չմիացան նրանց պայքարին… Բեմադրված թե հանպատրաստից, մենակ թե համագործակցով՝ հարցն այն է, որ երկրում տեղի ունեցավ դեպք, որն իր մեջ առավ բնակչությանը: Իրադարձություններն ինչպես էլ ծավալված լինեին, փաստ է, որ ազատամարտիկներն այդ քայլով իրենց անձը կամուրջ էին դարձնում՝ պահանջելով ընդամենը երկխոսություն հայի ու հայի միջև: Խեղաթյուրված արժեքների մեր ժամանակներում, երբ այնքա՜ն դժվար է սեփական եսից ու վայելքներից հրաժարվելը, այս մարդիկ, որպեսզի ժողովրդավարական երկրում իրենց ձայնը տեղ հասցնեն, ցավալի է, որ սա էին միակ ձևը տեսել ու ստիպված այս քայլին էին դիմել: Ճիշտ էին արել, թե սխալ, պետք էր հաշվի նստել իրողության հետ: Այդ մարդիկ հաց չէին ուզում, պաշտոն չէին ուզում, փող չէին ուզում (ինչպես սովորաբար շատ միտինգավորներ ու ընդդիմություններ), նրանք մոլագար չէին, թմրամոլ չէին, ընդամենը մտահոգված էին ազգի ճակատագրով ու եթե սխալվել էին, ու նրանց հետ էլ միանգամից խելքները թռցրել էին իրենց տներում հանգիստ նստած հազարավոր ուրիշ մարդիկ, միևնույն է, նրանց ասե՛լ էր պետք, որ իրենք սխալվում են և թե ինչու են սխալվում: Ճիշտ - սխալ, ասեինք, որ տարածքներ ու Արցախ չեն նվիրվել Ադրբեջանին: Ասեինք՝ մարդիկ հանգիստ մնային, փողոց դուրս չգային, բացատրեինք, որ Սեֆիլյանին ձերբակալելու շատ լուրջ հիմքեր կան, այդ պատճառով էլ նա մեկուսացվել է: Ասեինք, որպեսզի հարցը չհասներ հրաժարական պահանջելու: Ասեինք, որ նոր փորձանք չծնեինք, քանզի ինչ լինի, ժողովուրդն է ընկնում կրակի բերան… Ու ցավ կա, անզգայացման աստիճանի մեծ ցավ, որի կայծերը բոցկլտում են և օջախի կրակ մնալու, չհանգելու համար ճար ուզում, սակայն ուժ գործադրողները դրանք ցխելով ու ցրելով՝ տարածում են ու հրդեհի վերածում: Հրդեհ, որը մինչև մարվելը կլանում է երախն ընկածը: Մենք միատարր ենք, ուրեմն, ժողովուրդ չէ, մենք ազգ ենք: Ու եթե հայտարարում ենք, թե հայը հայի հանդեպ բռնություն չպետք է կիրառի, ապա ընդունե՛նք, որ դա փոխադարձ է և երկուստեք պարտավորեցնող: Ու թե բռնությունն անթույլատրելի է, անթույլատրելի է բոլորին և բոլոր հանգամանքներում, առավել ևս՝ զինված ու պաշտպանության կարիք չունեցող ուժային կառույցներին, որոնք կարող էին բավարարվել միայն անզեն մարդկանց բերման ենթարկելով, և բնավ կարիք չկար ծեծուջարդ սարքելու և օգնության հանելու չեթեներ հիշեցնող բանդիտների: Մեր այս վարքագիծը վարկաբեկեց երկրի հեղինակությունը և միայն արդարացում եղավ ՊՊԾ գնդի տարածքի գրավմանն ու ցույցերին: Ու եթե հիմա նույնիսկ բոլորն անդամահատվեն կամ գնդակահարվեն, նրանք, ճիշտ թե սխալ, պայքարում էին և վաղը հերոսացվելու և սրբացվելու են: Առավել ևս՝ եթե նահատակվեն: Մեր երկիրն է հեղինակազրկվում: Կարելի է իհարկե դրությունը մի քիչ շտկել առաջիկա հոբելյանական համաներումներում, որովհետև խժդժություններ, տարաձայնություններ, խռովություններ ու գործադուլներ բոլոր երկրներում էլ լինում են, հարցն այն է, թե որ կողմը ինչպես է իրեն դրսևորում և անկասկած պատասխանատվություն իշխանություններն են կրում՝ որպես ղեկավար, որպես տեր: Անսպասելի՞ էր արդյոք տիրոջ համար դեպքերի այսպիսի ընթացքը, իհարկե ոչ (գուցե չէինք սպասում կամ պատկերացնում, բայց չէ՞ որ հնարավոր էր), քանզի պատճառներն ու դրդապատճառները բոլորին են հայտնի:

1994 թվականի «զինադադարից» ի վեր Ադրբեջանն ամեն պատեհ - անպատեհ առիթով հոխորտում էր, որ հարձակվելու է, իսկ մենք չէինք սպասում, որ լուրջ կհարձակվի՞: Մանր ու մեծ հարամում էր հայկական սահմանամերձ շրջանների կյանքը, մարտական գործողություններ էին բռնկվում - կերկերում, անպայման զոհեր էին լինում, էլի հարձակման չէի՞նք սպասում: Եթե հաշվենք, երևի «զինադադարում», խաղաղ պայմաններում մեր զոհերն ավելի շատ կլինեն, քան պատերազմական այդ չորս օրերին եղան: Եվ, բնականաբար, շարունակվում են: Կյանքը գնալով փակուղի է մտնում, մենք դեռ զարմանում ենք, թե էս ի՞նչ են անում ոմանք՝ հայը հայի դե՞մ: Տպավորություն է ստեղծվում, թե մենք միայն անուններ կպցնելու առաքելություն ունենք՝ քառօրյա պատերազմ, տեռոր… (Այդպես մեծ «ախպեր» կայսերապետություններն են միշտ անմիջապես պիտակներ փակցրել մեր ազգային ողբերգությունների շարանին: Ադրբեջանը Սումգայիթ ու Բաքու էր սարքում, բայց մեզ էին էքստրեմիստ ասում, հիմա էլ մեր ազգի հերոսին ֆաշիստ են ասում:) Մինչդեռ առկա է եղել խնդիր, որը կարգավորում էր պահանջում: Բայց ուրիշից ի՞նչ պահանջես, երբ մենք, պարզվում է, երկխոսության ընդունակ չենք անգամ մեր տանը (դե էլ ի՞նչ պիտի խոսենք դրսերում): Մենք բոլորս ծայրահեղական ենք մեր դիրքորոշումներում: Գունդը գրավողները ազատագրական պայքարի անբիծ կենսագրություն ունեն, ժողովուրդը մարտիմեկյան փորձ, և կյանքը ցույց է տալիս, որ առաջին հերթին հենց հեղափոխություն անողներն են դժգոհ մնում իրենց իսկ պաշտպանած առաջնորդներից ու իրենց կարգած կառավարություններից: Սա էլ է օրինաչափ դարձել, ու ոչ մի երաշխիք չկար, թե նույնը չէր կրկնվելու նաև այս անգամ: Մանավանդ որ ժողովրդի շահերը պաշտպանելու կոչված ազգային ժողովի պատգամավորներն, ինչպես միշտ, հիմնականում չցանկացան իրենց ամառային հանգիստը թողնել ու իրավիճակին հաղորդակից լինել: Չցանկացանք անգամ շփման եզր գտնել, որ արյուն չթափվի: Բայց չէ՞ որ արտաքին թշնամու դեմ կռվում էլի մենք ենք իրար թիկունք լինելու, ախր մենք դեռ պետք ենք միմյանց: Թուրքի հետ փոխզիջումը հնարավոր է, միմյանց հետ ո՞չ: (Ժամանակին ազատամարտիկները ռազմաճակատում էին հաղորդակցվում թուրքի հետ, հիմա՝ ի պաշտոնե պաշտոնյաները:) Մենք այնպես չարեցինք, որ միմյանց չվստահելու պատնեշը գոնե մի քիչ երերար: Այլ որոշեցինք, որ եթե գլուխը ցավում է, կտրել է պետք:

Հպարտանում ենք, որ քրիստոնեությունը պետականորեն աշխարհում առաջինը ընդունած երկիրն ենք, բայց մտքներովս անգամ չանցավ գործել քրիստոնեաբար, գթասրտություն, հաց ու բժիշկ, բանակցություն ողորմալ գոնե ձևականորեն: Անվերջ խոսում ենք դեմոկրատիայից ու մարդասիրությունից, բայց ինքներս լսել չցանկացանք բողոք ունեցողին, ինքներս ուլտիմատումներով պահանջներ դրեցինք ու հարցերը բռնությամբ լուծեցինք՝ իրավիճակն ավելի սրելով: Մի կողմից բանականությունից դուրս նվիրվածություն, մյուս կողմից անհոգ անտարբերությո՞ւն: Էքստրեմիստ չենք, բա ի՞նչ ենք: Մինչդեռ հանուրին բավարարող մոտեցում չէր կարող չլինել: Գտնեի՛նք: Որովհետև՝ Աստված վատթարից ազատի: Գտնեինք, եզրահանգումներ անեինք, ոչ թե անուններ կպցնեինք ու ձեռքներս լվանայինք, քաշվեինք մի կողմ: Մեր ծննդյան փուչ օրից սկսած՝ մանրումեծ տեռորի գերի ենք. հոգեբանական, սոցիալական, սեռական, քաղաքական, աշխարհաքաղաքական, ազգամիջյան, միջազգային և այլն: Ստիպել, որ իշխողը հրաժարական տա, տեռոր է, բայց և ստիպելով ընտրվելն ու իշխելն էլ է տեռոր: Երբ ԱՍԱԼԱ - ն էր ահաբեկչություն անում, հպարտանում էինք, երբ մեր բոստանն են քար գցում, դատապարտում ենք: Ամեն քայլափոխին տեռորը իշխում է մեզ, մենք՝ իրեն: Եվ մենք, քաղաքակրթության չգիտեմ որ հազարերորդ դարում, նախամարդու նման դեռ միմյանց հետ խոսում ենք հենց տեռորի լեզվով: Ջայլամը, ասում են, վտանգի դեպքում գլուխը մտցնում է ավազների մեջ, բայց իրականում նա իր գլխի միջատներին է մաքրում տաք ավազի միջոցով: Եվ ամեն անգամ տուժում է ազգը, ազգի անհատականությունը, սերը, մինչդեռ հայն առանց սեր տալու հայ չէ: Փաստորեն թուրքերից չենք վախենում, միմյանցից վախենում ենք կամ խուսափում: Իսկ ձերբակալություններով մեր խնդիրները չեն վերանում: Գուցե ավելի են շատանում: Որովհետև փոխանակ դա այնպես անեինք, որ, մեղմ ասած, դժգոհողները խոսելու տեղ չունենային, որ բողոքի ծայրահեղ քայլի դիմածները սխալ դուրս գային, ամեն ինչ արեցինք, որ դժգոհությունը սրվի, երկխոսություն չլինի ու բանակցությունները վիժեցվեն (ո՞վ սպանեց ոստիկանական կարդոնի ներսում՝ աղաղակելով. «ով մեզ հետ չէ…», ո՞վ կարող էր սպանել մարդկանց դեմ դուրս չեկած ոստիկանին): Ինչո՞ւ: Որ քնածներն արթնանա՞ն ու նոր դժգոհողնե՞ր ծնվեն: Որ ի՞նչ… Որ ապացուցեինք, թե ինչքան անտարբեր ենք մենք մեր մեջ առկա հարցերի նկատմամբ ու ինչքան թշնամական մեր բոլոր բնույթի խնդիրների հանդե՞պ: Թե՞ որ ուժ ցույց տալու, աչք վախեցնելու, ավելի խեղճացնելու ևս մի ավելորդ առիթ ու արդարացում ունենանք: Բայց չափից ավելին միայն թեժացնում է ըմբոստությունը, նեղացնում ճգնաժամային իրավիճակի փակուղին, և օղակը, ի վերջո, բոլորի պարանոցն է խեղդելու: Մինչդեռ կարելի էր մի քիչ գոնե կապանքները թուլացնել, որ հնարավոր լիներ շնչել, որպեսզի հայ մարդը (էլ չեմ ասում լրագրողը) ոչ թե ընկներ հիվանդանոց՝ ծեծված, այրված ու աչքից, ոտքից զրկված կամ դավադիր զոհվեր, այլ գնար աշխատեր և կերակրեր իր երկիրը: Ոստիկանն էլ է հայ մարդ ու առաջնագծի զինվոր… Եվ, ողբերգություն է, եթե զոհվում է, առավել ևս՝ զոհաբերվում…

Սովորաբար, կոնֆլիկտներից միշտ օգուտ է քաղում մի երրորդ կողմ: Ե՛վ ներքին, և՛ արտաքին: Մեթոդների խստացմամբ է՛լ ավելի բարձր հոխորտալու պատճառ ենք մատուցում թշնամուն: Եթե մենք միմյանց հետ լեզու գտնել չենք կարողանում, ի՞նչ երեսով կամ ողնաշարով ենք ոտք դնում միջազգային ասպարեզ ու հույս փայփայում, թե օտարները մեզ ավելի հարգալից կվերաբերվեն կամ պետության տեղ կդնեն: Տեռոր էր, բողոքի ակցիա, թե ինչ, երևույթն առկա էր, և արժանապատի՛վ արձագանք էր պետք տալ, հարցը քաղաքակիրթ լուծել: Պատկերավոր ասած՝ այս «գայլաձկան, խեցգետնի ու կարապի» եռակողմ բախումը՝ «Սասնա ծռեր», իշխանություն ու թաքուն ծիկրակող- հրահրող ուժ, իշխանության և «Սասնա ծռերի» երկխոսությամբ կարելի էր կամ գուցե դեռ կարելի է հարթել: Կամ այլ դասակարգմամբ ասենք՝ արտերկիր, իշխանություն և ազգ կոնֆլիկտը (ազգի նժարն անհամեմատ ծանր է մնացած բոլորից և վեր է աշխարհում ամեն ինչից) ի օգուտ ազգի ու պետականության է պետք լուծել, դարձյալ՝ երկխոսությամբ (ամեն անգամ իր տեղում), ոչ թե՝ միայն իշխանապետական քարոզի, որ այսպիսի հանգամանքներում ուժ չի ունենում, այլ հակառակ ազդեցությունն է թողնում: Այլապես միայն զարգացվում է այն մտայնությունը, թե եթե իշխանություն է, ուրեմն ժողովրդի դեմ է: Ինչո՞ւ չէր կարելի լավից վատից մի բացատրություն տալ, լեզու թրջել հավաքված մարդկանց հետ: Ո՞վ չի հասկանում, որ եթե տեռորի դիմած «Սասնա ծռերը» ոստիկաններին բաց թողեցին, բուժաշխատողների վրա ձեռք չէին բարձրացնի, ո՞ր մի տեռորիստը սոված կնայեր, թե ինչպես է ուրիշն ուտում ու ձեռք չէր տա այն հացին, որը բժիշկների համար էր, իր համար չէր ուղարկված (ուտող - խմող, կյանքը վայելողները սա չեն հասկանա) … Տեռորիստը կխփշկեր անմիջապես (ուտող - խմող, կյանքը վայելողները սա լավ կհասկանան):

Դե ի՞նչ, բոլորովին վերջերս մեզ ու Ադրբեջանին էին հորդորում երկկողմանի խաղաղություն պահպանել, հիմա էլ մենք էինք միմյանց նման բան հորդորում: Տեղին է հիշել, թե ինչու էինք մենք ոչ անաչառ, ավելին՝ անարդար համարում ու դժգոհում հակամարտող ուժերիս միջև միջազգային հանրության հավասարության նժար դնող վերբերմունքից, երբ հորդորողները շատ լավ էլ գիտեին ու հասկանում էին, թե ինչումն է խնդիրը: Ապրիլյան հետախուզականից հետո լայնամասշտաբ պատերա՞զմ էր սպասվում, սա եղավ՝ մեկ անգամ ևս արդարացնելով թշնամու հասկացածն այն մասին, որ իրենք չենք կարողանում հային ծնկի բերել, թող հայերն իրար վերացնեն: Այս խնդրում բոլորս ենք պատասխանատու. գրող ու շինարար, իշխող ու ենթարկվող, մեծ ու փոքր, բոլո՛րս: Հարց կլուծվի, եթե բոլոր հանգամանքներում իրողությունների հետ հաշվի նստելու և պատվախնդրությամբ լուծելու քաջություն ունենանք: Ոչ թե հերթական անգամ բամփ իջեցնենք իրար գլխի, տեռորիստների դեմ հարուստ փորձ ունեցող Ռուսաստանի ուղղաթիռներ երևացնենք մեր երկնքում (հիշեցնելով «պերեստրոյկայի ծիծեռնակների» իրավիճակը) և սրտներս անհոգի փակենք մեր իսկ ցավերի հանդեպ: Միայն պահանջելով սայլը տեղից չի շարժվում, մի բան էլ քաշողին է պետք տալ, որ ուժ ունենա քաշելու… Թե չէ դռներ ենք բացում սադրանքների համար, պղտոր ջրում տակից իրենց գործն անողների համար, որոնք զարմ ու իշխանություն, պետություն ու կառավարություն չգիտեն, իսկ անբարո գործերում ու ամբոխում իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Մինչդեռ այս բազմաչարչար ժողովրդի հետ երկխոսելու համար պետք է ընդամենը «Մի բույլ նայվածք, քուրա մը խոսք…», ու սրտից թույլ հայը անմիջապես մեղմանում է, «ծռերը» փափկում են: Չտվեցինք սիրո այդ փշրանքը միմյանց, երկխոսություն տեղի չունեցավ խաղաղ ցուցարարների հետ, բարձրաձայնված բողոքներին էլ բանի տեղ դնող չեղավ: Ընդամենը, ջուր լցնելով օտարի ջրաղացին, առիթ ունեցանք մարդկանց ջարդելու և բանտերը խցկելու: Արդյունքում՝ նորից հուսախաբ ժողովուրդ, ու թե ինչ շահեցինք, հայտնի չէ դեռ: Լեզու չթրջեցինք միմյանց հետ, արդյունքում՝ երևույթը փողոցից ընդամենը անցավ կալանավայր, Հայաստանից դուրս եկավ արտերկիր: Ավելի վատ: Մեր երկիրը կորցրեց մի փայլուն շանս՝ աստվածահաճո և մարդավայել դրսևորվելով դեմոկրատ ներկայանալու, թշնամուց բարձր կանգնելու, մենք բառիս բուն իմաստով ջուրը նետեցինք մեր 25 - ամյա ձեռքբերումները, որ արձանագրել էինք ժողովրդավարության ասպարեզում և հայտնվեցինք նախորդ ելակետում: Այսօր աշխարհում ամեն ոք ու ամեն պետություն իր պարտքն է համարում քար նետել մեր պետության վրա: Իսկ «Սասնա ծռերը» իրենց առաջ դրած խնդիրը, ըստ էության, կատարել են, և գուցե դեռ ուրիշ արհավիրքի փոխարեն հարված վերցրել իրենց վրա, ի՜նչ իմանաս: Ու այսօր նրանց մասին ասքեր, երգեր են գրվում, նրանք արդեն օտար պետության լծից ազատագրության շարժման խորհրդանիշ են դառնում: Ճշմարտությունը մախաթ է, պարկում չի մնում: Թե ինչ «շահեցինք» մենք, մեր պետությունն ու պետականությունը, կերևա ի վերջո: Եվ թող Աստված հայի՛ն զորավիգ լինի:
    
     Անահիտ Արփեն


    
    

Источник: Գրական թերթ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4642 | 0 | 0
Facebook