Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 21 Июля, 2024 года

Статьи

Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին

Lusin
Автор:
Lusin
17:51, Среда, 07 Сентября, 2016 года
Առաջին ալիքի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 12-ին
    
Հայաստանի հանրային հեռուստաընկերության այս աշնանային եթերաշրջանն առանձնահատուկ կարևորություն և նշանակություն ունի. սեպտեմբերի 12-ին կտրվի հոբելյանական 60-րդ եթերաշրջանի մեկնարկը, որով և կազդարարվի ավելի քան մեկ տասնյակ նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: Եթերացանցը կազմելիս գլխավոր մոտեցումը հետևյալն է եղել` հանրությանը ներկայացնել այնպիսի նոր հաղորդումներ, որոնք հետաքրքիր և ուսուցողական կլինեն ամենատարբեր տարիքի և նախասիրությունների մեր հայրենակիցներին: Զուգահեռաբար կներկայացվեն նաև արդեն սիրված ու հայկական եթերում իրենց կայուն տեղն ունեցող ծրագրեր` նոր մոտեցումներով և թարմ գաղափարներով:
Հայրենասիրական հաղորդումներ
Հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, մարտունակ բանակ ունենալու կարևորությունն ու մերօրյա իրական հերոսների մասին խոսելու և հանրության ամենալայն շերտերին ներկայացնելու, լավ օրինակը տարածելու անհրաժեշտությունը` Առաջին ալիքը Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ, Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ, կներկայացնի «Իմ բանակը» հաղորդաշարը: Հեռուստաֆիլմաշարը հանրությանը կներկայացնի հայ զինվորի ոգու առանձնահատուկ կերտվածքը, զինվորական ամենատարբեր մասնագիտություների առանձնահատկությունները:

    
Ցվետանա Պասկալևան այս եթերաշրջանում ևս իր «Նվիրյալները» հաղորդաշարով կշարունակի անդրադառնալ Արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին, երկու տասնամյակ անց կշարունակի պատմել և բացառիկ կադրեր ներկայացնել հաղթանակի և հաղթողների մասին:
Հասարակական-քաղաքական հաղորդումներ

    
«Կյանքը ափի մեջ» կհայտնվի, երբ հասարակական և մշակութային սիրված գործիչները հյուրընկալվեն դերասանուհի Լուիզա Ղամբարյանին՝ համանուն հաղորդման շրջանակում: Հերոսներից կպահանջվի անսահման անկեղծություն, չէ՞ որ կյանքն ափի մեջ է ներկայացվելու:

    

    
Ստեփան Զաքարյանը, ով հեռուստադիտողներին հայտնի էր իր «Հայաստանի առեղծվածներ» -ը հաղորդաշարով, այս եթերաշրջանում կփորձի բացահայտել «Մատենադարան. ձեռագրերի գաղտնիքները»: Ինչ են հուշում գրավոր աղբյուրները, որոնց հետևում ուշագրավ պատմություններ ու դեռևս չբացահայտված իրադարձություններ կան թաքնված, կփորձի ներկայացնել Ստեփան Զաքարյանը:

    
    
Հաղորդավար Էրիկ Անթառանյանը կշարունակի բացահայտել մեզ հայտնի սննդամթերքի իրական բաղադրությունն ու օգտակարությունը: «Համի որակ» -ի նոր եթերաշրջանում Էրիկին են միացել Ռուսաստանում հայտնի խոհարար, մեր հայրենակից Գայանե Բրեիովան, ով Առաջին ալիքի հեռուստադիտողին կներկայացնի հեղինակային և այլ կերակրատեսակներ: Իսկ ահա սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի խիստ հայացքից չեն վրիպի օրվա «հերոս» մթերքի վտանգավոր ու ոչ այնքան առողջարար հատկությունները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ:

    

    
Համեղ, օգտակար, յուրօրինակ և չկրկնվող կերակրատեսակներ պատրաստելու հարցում կօգնի Սարգիս Մկրտչյանը: Նա կկիսվի իր խոհարարական մոտեցումներով «Պատրաստենք միասին» ծրագրի շրջանակում:

    
    
    
Հանրային հեռուստաընկերության ամենաբանիմաց մայրիկ Մերի Ներսիսյանի ուշադրության կենտրոնում կշարունակեն մնալ երեխաները, ապագա մայրերը: Պահպանելով բովանդակային ձևաչափը` նոր եթերաշրջանում հաղորդումը եթեր կհեռարձակվի որպես ինտերակտիվ խաղ, քանի որ սովորելու լավագույն եղանակը խաղն է: Այսուհետև հնարավորություն կտրվի մոր և մանկան առողջությանը, երեխաների դաստիարակությանը, ծնողական հմտություններին վերաբերող գաղտնիքներ ստանալ հենց խաղի միջոցով, ինչպես նաև սովորել ու մրցել արդեն կուտակած գիտելիքներով:
Հաղորդավար Աննա Ավանեսյանն էլ կշարունակի անդրադառնալ մեր հայրենակիցների ճակատագրերին. եթե նախորդ երկու եթերաշրջաններում նրա հերոսները կանայք էին և ամերիկաբնակ մեր հայրենակիցները, ապա այս եթերաշրջանում նրա հյուրերը կլինեն երևանաբնակ հայտնիները:
Առաջին ալիքի նոր եթերաշրջանում լրատվական և վերլուծական ծրագրերին զուգահեռ, Հայաստանի քաղաքական անցուդարձը և ամենահրատապ հարցերն ու խնդիրները կլինեն Գևորգ Ալթունյանի «Հանրային օրակարգ» -ի և Արմեն Աշոտյանի «Եռանկյունու» առանցքում:
Ժամանցային հաղորդումներ
Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» երաժշտական նոր նախագծի ընթացքում կհանգուցալուծվի տարվա մրցութային գլխավոր ինտրիգը. ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2017» -ին: Ծրագրի յուրաքանչյուր թողարկում մասնակից-արտիստներին հնարավորություն կտա մոտենալ իրենց երաժշտական ամենանվիրական երազանքին և ապացուցել, որ հերթն իրենցն է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան նախագծի ժյուրիի 6 անդամների՝ Իվետա Մուկուչյանի, Արամ MP3-ի, Ինգա Արշակյանի, Հայկոյի, Անուշ Արշակյանի և Եսայի Ալթունյանի հետ որոշել, թե ով է ամենից արժանին Հայաստանը ներկայացնելու համաեվրոպական մրցույթին: Հաղորդումը կվարի Գոհար Գասպարյանը:

    
    
    
Եթե «Դեպի եվրատեսիլ» նախագծի շրջանակում հայտնի կդառնա, թե Հայաստանը ով կներկայացնի «Եվրատեսիլ-2017» -ին, ապա Առաջին ալիքի նոր «Ամենակարող երգիչ» նախագիծը հնարավորություն կընձեռի հեռուստադիտողներին բացահայտել նոր անուններ: Հեռուստատեսային այս հարթակում կմրցեն ռեստորանային այն երգիչները, որոնց կատարումները սովորաբար ուղեկցում են բոլորիս ուրախ առիթների ընթացքում: «Ամենակարող երգիչ» -ը հնարավորություն կտա նոր հայացքով և այլ հարթության մեջ դիտարկել երգիչ-երգչուհիներին` նրանց ուժերը յուրաքանչյուր շաբաթ փորձելով ամենատարբեր ժանրերում և թեմատիկ երգերում` սկսած ժողովրդականից մինչև հայրենասիրական ու միջազգային կատարումներ, շանսոնից մինչև երևանյան երգեր: Իսկ թե որքանով են նրանք «ամենակարող», կգնահատեն ժյուրիի հիմնական անդամներ Արթուր Գրիգորյանը, Նադեժդա Սարգսյանը, Գրիգոր Նազարյանը և հրավիրյալ անդամներ՝ հաղորդման թեմաներին համապատասխան: Նախագիծը կվարեն դերասան Աշոտ Ղազարյանը և երգչուհի Անի Քրիստին:

    

    
    
Երաժշտակենսագրական «Բենեֆիս» ծրագրի շրջանակում հայ երգիչ-երգչուհիները կներկայանան իրենց սիրված երգերով և կատարումներով, կանդրադառնան ինչպես ստեղծագործական, այնպես էլ անձնական գործունեությանը, ստեղծագործական ճանապարհին, որտեղ վերելքներ ու վայրէջքներ կան, հաղթանակներ ու պարտություններ, սեր և ցավալի բաժանումներ: Հաղորդումն այն մարդկանց մասին է, ում համար, անկախ բոլոր հանգամանքներից, առաջնայինը եղել է երգը: Նախագիծը կվարի Ավետ Բարսեղյանը, ով զուգահեռաբար կշարունակի ստուգել նաև հայ երգիչների երաժշտական գիտելիքները «Գուշակիր մեղեդին» ծրագրում:

    
Երաժշտասեր հեռուստադիտողները հնարավորություն կունենան նաև դիտել հայկական հեռուստաեթերի երկարակյաց և սիրված հաղորդումները՝ «Երգ երգոց» -ն ու «Երաժշտական փոստարկղ» -ը:

    
Մանուկների և պատանիների համար
Նոր եթերաշրջանում Առաջին ալիքի փոքրիկ հեռուստադիտողների համար ևս նոր անակնկալներ կան: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանուկների և դպրոցականների համար նախատեսված հաղորդումների ընտրությանը, որոնք կունենան կրթական և ճանաչողական նշանակություն, կնպաստեն երեխաների հետաքրքրասիրության, մտահորիզոնի ընդլայնմանը:
«Ուզում եմ դառնալ» հաղորդման շրջանակում Արեգը, ով դեռ դպրոցահասակ է և չի կողմնորոշվել ապագա մասնագիտության հարցում, կփորձի բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները: Նա իր հասակակից ընկերների հետ, ովքեր արդեն կատարել են իրենց ապագա մասնագիտության ընտրությունը, կծանոթանա մասնագիտություների գաղտնիքներին, ինչպես նաև կփորձի օգնել Առաջին ալիքի պատանի հեռուստադիտողներին կողմնորոշվել այդ շատ կարևոր հարցում:

    
«Արքիմեդիա» հաղորդաշարը կօգնի պատանի հեռուստադիտողներին ծանոթանալ գիտական փորձերին փորձարկել ֆիզիկայի օրենքներն ու հետևել, թե ինչ հետաքրքիր համադրություններ և փորձարկումներ կարելի է անել մի քանի նյութեր իրար խառնելով` կիրառելով դպրոցում ստացված գիտելիքները: Հաղորդումն իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Ծրագրի հաղորդավարը կլինի Հարություն (Տոշ) Դադուրյանը:
«Ինչուների մոլորակ» -ը կշարունակի օգնել բոլոր բալիկներին գտնել իրենց ինչուների պատասխանները. նույնիսկ այնպիսի հարցերի, որոնց մասին չեն էլ մտածել: Այս եթերաշրջանում «Ինչուների մոլորակ» -ի մշտական բնակիչները կլինեն Լիլիթ Թոխատյանը և Միկան, ով Հայաստանը ներկայացրեց «Մանկական եվրատեսիլ-2015» -ի ընթացքում: Հաղորդումն ունի մի շարք նոր խորագրեր, օրինակ՝ Լևոն Հարությունյանը (Իմաստունը), ով մի քիչ փնթփնթան է և շատ սիրում է հետաքրքրասեր ու խելացի մանուկներին, կօգնի երեխաներին գտնել իրենց հուզող հարցերի պատասխանները, իսկ ահա Աղասին (Ավագ ընկերը) կօգնի նրանց պատրաստել մի շարք հետաքրքիր իրեր:
Մեր փոքրիկ հեռուստադիտողները կշարունակեն հետևել «Հայ ասպետ» -ների պայքարին` այդպիսով թարմացնելով հայագիտական գիտելիքները:
Երեխաների համար Առաջին ալիքը հայերեն կրկնօրինակմամբ կներկայացնի նաեւ ՛՛Walt Disney՛՛ ընկերության արտադրության ամենահայտնի մուլտֆիլմերը:

    
Իսկ ահա ֆիլմասեր հեռուստադիտողները Առաջին ալիքի նոր եթերաշրջանում հնարավորություն կունենան դիտելու Universal Studios Entertainment, Paramount Pictures, Walt Disney Animation Studios, Metro Goldwyn Mayer, Warner Bros. Entertainment համաշխարհային կինոարտադրող ընկերությունների նոր և լավագույն ֆիլմերը:
Զուգահեռաբար կարևորելով նոր սերնդին հայկական կինեմատոգրաֆիայի օրինակներին պարբերաբար ծանոթացնելու անհրաժեշտությունը՝ Հանրայինի եթերում կշարունակվեն ներկայացվել հայ կինոյի լավագույն նմուշները:

    
Սոցիալական
Նոր եթերաշրջանում հեռուստադիտողները Առաջին ալիքի հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանին և Վահե Խանամիրյանին կտեսնեն բոլորովին նոր ձևաչափում: Այս ծրագրի հիմքում համոզմունքն է, որ որևէ խնդիր անլուծելի չէ, եթե համախմբվում են բոլորը: Իսկ երբ խոսքը վերաբերում է երեխաներին փրկելու փորձին, օգնելու պատրաստակամությանն ու բարի գործ անելուն, ապա բոլոր պայմանական եթե-ները վերածվում են գործի: Ծրագրի յուրաքանչյուր թողարկման շրջանակում հայտարարված դրամահավաքի արդյունքները կուղղվեն երեխաների բուժմանը: Իսկ արդեն բուժում ստացած երեխաների օրինակները կստիպեն երբեք չհանձնվել ու շարունակել պայքարը` հանուն ապագա ժպիտների:

    

    
    
Մասնագիտությամբ լրագրողներ Սոնա Աբրահամյանն ու Աելիտա Չիլինգարյանը կշարունակեն իրենց լրագրողական հետաքննությունները և հատուկ ռեպորտաժների միջոցով կանդրադառնան այն թեմաներին, որոնք դեռևս վերլուծելու կարիք ունեն:

    
«Հայն ու Հայաստանը» ծրագրով Տիգրան Դանիելյանը կշարունակի ներկայացնել մեր հայրենակիցների ապրուստն ու կենցաղը` ապրելու և աշխարհի ցանկացած անկյունում հայկականը ստեղծելու բացառիկ շնորհով: Նա կանդրադառնա դեպքերին ու դեմքերին, որոնք նորովի են ներկայացնում Հայաստան աշխարհն ու աշխարհասփյուռ հայերին:

    
Թե ինչպես է ապրում հայը Հայաստանում, օտար ափերում և ինչ խնդիրների առջև է նա կանգնած, ինչպիսի առօրյա և հետաքրքրություններ ունի, կշարունակի ներկայացնել Ռաֆայել Հովհաննիսյանը՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա», «Հայաստանի ճամփեքով», «Մերոնք» ծրագրերի շրջանակում:
Արթուր Բախտամյանը կշարունակի «Չակերտներ» ծրագրի ընթացքում ամենատարբեր թեմաներով զրուցել իր հյուրերի հետ՝ բացելով չակերտները: Իսկ ահա դասական երաժշտության սիրահարներին նոր գիտելիքներ կփոխանցի Արամ Աբրահամյանը:
Մարզական հաղորդումներ
Առաջին ալիքը նոր եթերաշրջանում ևս կշարունակի իր ձեռքը պահել մարզական իրադարձությունների զարկերակին` ներկայացնելով հայ մարզիկների մրցելույթները ամենատարբեր սպորտային միջոցառումների ընթացքում, ուրախանալ նրանց հաղթանակներով, ցավել` անհաջողությունների դեպքում: Մարզական բոլոր իրադարձությունները` Կարեն Գիլոյանի «Խաղից դուրս» և Ռոբերտ Գասպարյանի «Լրացուցիչ ժամանակ» ծրագրերի շրջանակում:

    
Բացի այդ, յուրաքանչյուր շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում կներկայացվի վավերագրական ֆիլմաշար «Հաղթանակ կերտողներ» -ի մասին, որոնցով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը, ում հաղթանակի ակնթարթները հուզել և հիացրել են բոլորին:
Օրվա դրական մեկնարկը յուրաքանչյուր աշխատանքային օր կտա «Առավոտ լուսո» -ն` հաղորդավարական նոր կազմով, բազում հետաքրքիր և ճանաչողական խորագրերով:
Այլ անակնկալների և նորություններ մասին կհաղորդենք հաջորդիվ. ավելին շուտով:
     https://www.facebook.com/notes/առաջին-ալիք/առաջին-ալիքի-հոբելյանական-60-րդ-եթերաշրջանի-մեկնարկը-սեպտեմբերի-12-ին/1087776087996523
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8124 | 0 | 0
Facebook