Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԱՆԿԱԽ ԼԻՆԵՆՔ

21:00, Суббота, 30 Июля, 2016 года
ԺԱՄԱՆԱԿՆ Է, ՈՐ ԼԻՈՎԻՆ ԱՆԿԱԽ ԼԻՆԵՆՔ
    
    

Ամեն անգամ անկախանալիս ձգտում ենք, որ մե՛նք լինենք մեր գլխի տերը: Փառքդ շատ, Տեր, անկախ ենք, լավից - վատից նորից պետականություն ունենք, և մեր երկրի դրոշը ծածանվում է ՄԱԿ - ի առջև: Լավ կլիներ, իհարկե, որ չհամարակալեինք որպես երրորդի ու չառանձնացնեինք որպես 25 տարվա կյանք ունեցողի, այլ, հասկանալով, որ մինչ այդ եղածն էլ մեր ազգի գլխով անցած կյանք է և ընդունելով նախորդների անգնահատելի լուման` համարեինք փորձություններ հաղթահարած մեկ Հայաստանի Հանրապետություն: Պատմություն է թե ներկա` մենք ենք, լավ թե վատ` մերն է ի վերջո: Մենք Թուրքիայից հատուցում ենք պահանջում Օսմանյան կայսրության ու քրդերի ոճրագործությունների համար, ուրեմն մենք էլ մե՛զ բաժին հասած երկրի ժառանգորդն ենք ու ժառանգողը: Մինչև մենք ինքներս չվերագնահատենք մեր արժեքները, մեր վերցրածն ու թողածը` առաջ չենք գնա: Որովհետև կա բարձրագույն արժեք, որը կոչվում է ազգ և բարձրագույն շահ, որը դարձյալ ազգն է: Իսկ ազգային արժեքները հազարամյակների պատմություն ունեն ու քանի՜ - քանի՜ հայկական պետականություն են տեսել… Հանրապետական կառավարման համակարգը 1918 -ից է հաստատվել և շարունակվում է առ այսօր: Անկախ, թե կախյալ՝ երեքն էլ հանրապետություն են, ոչ թե միապետություն: Ուրեմն առաջինից էլ հաշվենք մեր անկախության սկիզբը, մանավանդ որ Մայիսի 28 - ից չենք հրաժարվում և պաշտոնապես ենք նշում: Կարևորն իհարկե ազգային արժեքները պահպանելն է, բայց մենք, ախր, ինքնաճանաչման բացթողումներ ունենք և ինքնաօտարման մոլուցք: Մինչդեռ ազգը ազգ չէ, եթե չի կրում իր մեջ հավաքական քանքար, չի հպարտանում իր արժանապատվությամբ, իսկ երկիրը երկիր չէ, եթե չի խրախուսում այդ քանքարը կերտողներին ու չի փայփայում իրեն ավանդված արժեքները: Այլապես ամեն նոր նախագահի հետ ստիպված կլինենք ամեն ինչ նորից զրոյից սկսել: Հո չե՞նք անտեսում հայ մտքի նվաճումները, ինչ է թե դրանք ստեղծվել են ԽՍՀՄ – ի օրոք: Չէ՞ որ նորից անկախանալիս տներից ոչ ոք դուրս չթափեց խորհրդային արտադրության սառնարաններն ու հեռուստացույցները: Մինչդեռ հայի ձեռքով ստեղծված և նորանկախ երկրին այնքան անհրաժեշտ շատ բաներ սովետական պիտակավորմամբ աղբանոց նետվեցին:

Անկախանալուց ի վեր` 88-ի հայոց համազգային շարժման բուռն ալիքից մինչև պատերազմական տարիների կենցաղային նվազագույն պայմաններում հացի, ջեռուցման ու էլեկտրականության գրեթե բացակայությամբ ապրելը, բոլորս պայքարեցինք մի շնչով ու դիմացանք հույսով լի: Տոկացինք, որովհետև ընկրկել չէր կարելի: Որովհետև հայրենիքն էր վտանգված, որովհետև երկիր էինք կառուցում: Դիմացանք, որովհետև լի էինք մարդկային լույսով, ջերմությամբ, միմյանց օգնելու պատրաստակամությամբ, ապագայի հանդեպ խորը հավատով, մեր կյանքը լավացնելու, մեր ճակատագիրը ինքներս տնօրինելու, երկիրը շենացնելու և մեր երեխաներին մեր երազած պետությունն ու կյանքն ավանդելու անխորտակելի կամքով: Սակայն ինչքան բարձր ճախրեցինք մեր երազանքներում, այնքան մեծ եղավ մեր հիասթափությունը, քանզի ղեկավարումից հանելով պատասխանատվության կրումը և կառավարումը համարելով հնարավորակերպս իշխում` ԽՍՀՄ - ի ծանր վարագույրները բացվելիս ճանապարհին մամլվեց դարեդարյա արարչականը, և կուլիսներից բեմառաջ խուժեց ախտակիրը: Խաղացանկում` ջլատիչ ու պառակտիչ բարձրամբիոն ներկայացումներ ու ստորին ռեգիստրներում երգվող անմաքուր երգեցողություն: «Ամերիկայում լիքը հայ կա, Ամերիկային լավ ենթարկվենք, որ նա էլ մերոնց լավ նայի» (մեզ նրա Մեծի բերանին նայելն էլ բավական է), «Եվրոպայում լիքը հայ կա, Ռուսաստանում լիքը հայ կա, լավ ենթարկվենք, որ մեր ազգակիցներին չնեղացնեն»: Իսկ մեդալի մյուս երեսին նայող չեղավ, «Աշխարհում էդքա՜ն հայ կա, ամեն տեղ մի գործ անենք ազգի համար» ասող չեղավ: Աչքներս` էլի դեպի դուրս (որ սեռ ու հոգի փոխել տան), վզներս` էլի ուրիշի առաջ ծռած, որ մեր փողը տա (թեկուզ տեղ - տեղ դեմքներիս թքի կամ գոտուց ներքև զարկի) … Եվ բարոյական արժեքները փոխվեցին, չափորոշիչները շատ ցածրացան, ամենաթողությունն ու անպատժելիությունը Հայոց աղբյուրները գրեթե ցամաքեցրին: Անհնար է ասել, թե երբ էր ավելի դժվար՝ այդ մաքառման օրերի՞ն, թե՞ հետո, երբ արդեն լուսավորություն կար, իսկ լավ կյանքի հույսը գնալով մարում էր: Նորանկախ հայերից ամեն ոք յուրովի էր պատկերացնում երկրի հետագան, ճշմարիտ պայքարողներն ու ազատամարտիկներից շատերն անտեղյակ էին, թե ինչ էր դառնում կյանքը, քանի դեռ իրենք կենաց ու մահու կռիվ էին մղում… Եվ անկախ իրենց պատկերացումներից` բոլորն էին ուշադրության կարոտ. պայքարի ու պատերազմի մասնակիցները, ընկածների կամ զոհվածների ընտանիքները, վիրավորվածները, որբևայրի կանայք, ամուսնու բերկրանքը չճաշակած հարսներ, ծնողազուրկ երեխաներ, անարդար դատապարտվածներ… Ամեն մեկը յուրովի փորձեց կարգավորել իր չդասավորված կյանքի թնջուկը: Այսպես թե այնպես, անկախության համար պայքարն ու պատերազմն իրենց ազդեցությունը թողեցին բոլորիս վրա: Նախկին արդարամարտիկներն ու ազատամարտիկները հասկանում էին, որ կյանքը պիտի փոխվի, մտածում էին, որ իրենք պիտի շենացնեն այն և միամտորեն կարծում էին, թե իրենց ուսերին էր ծանրանալու այնքան թանկ գնով ձեռք բերած ազատության ճակատագիրը… Բայց բոլորը չէ, որ հասկանում էին, թե ամեն զինվոր գեներալ չի դառնում կամ որ կռիվը սպանություն չէ, իսկ փողն ու իշխանությունը չեն ազատում պատասխանատվությունից ու չեն ծնում ամենակարողություն… Շատերի կյանքն արդեն կյանքի նման չէ, բայց և ոմանց համար այնքան ծանր չի եղել ո՛չ մարտադաշտում, ո՛չ ամեն անգամ գործերը նորից զրոյից սկսելիս, որքան հայրենիքը լքելիս, քանզի արտագաղթողների մեջ կան հայրենիքի համար կյանքը տվողներ, ովքեր ստիպվա՛ծ են հեռացել: Ու դժվար է ասել, թե ում համար է ավելի ծանր… նրա՞նց, ովքեր բարձրագույն կրթությամբ սկսեցին վարորդ աշխատել, նրա՞նց, որ ոչինչ չեն անում, նրա՞նց, որ իրենց խմելու տվեցին, թե՞ նրանց, ովքեր լեզվի մաղձը հանդարտեցնելու ճար չեն գտնում… Պատմությունը և ճշմարտությունը պեղելու համար թերևս պետք է նախ դարերի փոշին նստի երկրի ընդերք ներծծված բոլոր անցքերի վրա, քանզի առավել նախընտրելի է փոշեհատիկների տակ թաքնված, բայց հազարամյակների փորձությամբ զտվածը պեղել, քան նույն ժամանակի մեջ կատարվածի այլափոխված մեկնաբանությունը ստանալ ու ապրել միամիտ անգիտությամբ: Զի պատմությունները շատ մարդիկ ոչ միայն հորինում են ըստ իրենց շահավետության, այլ նաև գրում են իրենց իմացածի, հասկացածի, տեսնել ցանկացածի ու սխալվելու կարողության: Ուստի իրականության մեջ ամեն ինչ դառնում է քաղաքականություն և դիտարկվում քաղաքական նկատառումներից: Այդպես Արցախում մտածում էին, որ Ղարաբաղի իշխանությունները դրածո են և ղեկավարվում են Հայաստանից (թեև Հայաստանի ղեկավարները ղարաբաղցի էին), հայաստանցին էլ ղարաբաղցի ասելով արտոնյալ խավ էր հասկանում (որը այնքան էլ հեռու չէր ճշմարտությունից): Իրականում երկուսն էլ նույն տաշտակի մեջ էին: Ցավալին այն է, որ նույն անջրպետը կա նաև քաղաքացու և գյուղացու միջև՝ իբր թե ամեն ինչ քաղաքին է տրվում, երբ միշտ էլ գյուղն է կերակրել քաղաքին: Բայց քաղաքի էլ ծախսն է մեծ, և անաշխատանք քաղաքացին գյուղմթերքներն ավելի թանկ է գնում: Մեր կյանքն է, մենք ենք ընտրել: Քանդել, մեր յուղում տապակվելով նորից կառուցում ենք ու փորձում ուտել մեր իսկ եփած շիլափլավը` վատ էլ, լավ էլ զգալով: Պատերազմից հետո սկզբի մի քանի տարին իներցիայի ուժով ապրեցինք` աչքներս լուսավորված շենքերին, գովազդներին… Խաբկանքը չընկալելով` քիչ - քիչ ընտելացանք գլխներիս կախված ահռելի վահանակներին ու մինչև հիմա գլխի չենք, որ ամեն փայլուն բան դեռ ոսկի չէ: Միայն այն զգացողությունը, որ աշխատանք ունենք, պահեց ամբողջ 25 տարի, համարձակություն տվեց երեխա ունենալ, իմաստավորել մեր գոյությունը: Մենք ենք ու մեր երկիրը: Նորից անկախանալուց ի վեր շատ արժեքներ են ետին պլան մղվել… Ռուսերենային մրից անգլերենի մրջուրն ենք ընկել (վախենամ` օրերից մի օր հայատառ ու հայերեն ցուցանակ չմնա, և եթե դարեր անց աղետ լինի, պեղումներն էլ չապացուցեն, թե գիր ենք ունեցել), և մեր երեխաների լսածը մեր մեծերի ձայնն ու երգեցողությունը չէ` շոուներն ա՛յլ սկզբունքով են գոյատևում: Մեր «փակ դռները» հենց բացվեցին, արդեն լճացած Եվրոպաներից ու Ամերիկաներից աղանդ ու դրամաշնորհներ, խղճի ու մարմնի ազատություններ, ինչ ասես, լավ ու վատ մեկեն հորդացին դեպի մեր բաց գիրկն ու հյուրընկալ տները: Լցվեցինք, համտեսեցինք, թաթախվեցինք հնարավորինս, կշտացանք, այլևս ժամանակն է նորից որոմը հնդրելու, թացը չորից զանազանելու, կողմնակի ազդեցություններից ձերբազատված ընտրելու, մեզ պետքականը ուրիշին տալու փոխարեն մեզ համար աշխատեցնելու, ամեն ինչ երկրի ու ազգի շահերին ծառայեցնելու… հատկապես՝ տնտեսության մեջ: Որովհետև այն արժեքները, որ աշխարհն այդպես արագ խփշկում է, նախևառաջ մեր երկրին են պետք: Իսկ ինչը որ անհրաժեշտ է տալ, հարկ է, որ ինքներս տանք, ոչ թե խփեն գլխներիս վերցնեն, մանավանդ այն, ինչը պետք չէր, որ մեզնից, ազգից կամ երկրից դուրս գար…

Չնայած ավելի շատ մեր ցավերից ենք խոսում, որովհետև ցավերն ավելի սուր են անդրադառնում մեզ վրա, այդուհանդերձ քիչ չենք նաև հաջողություն գրանցել. շատ տառապել, բայց չենք կոտրվել, չենք հանձնվել, լացել, բայց և ստեղծել ենք: Առաջին հերթին՝ Հայոց բանակ: Այնուհետև. Արցախը Նախիջևանի ճակատագիրը չունեցավ, աշխարհի հետ ինքնուրույն հարաբերվեցինք, օտարալեզու դպրոցների հաղթարշավը կասեցվեց, մայրենի լեզուն պարտադիր դարձավ պետականորեն, մե՛ր սերիալները ծնվեցին ու մեր կյանքը մեր առաջ տեսանք, մեր կյանքով ապրեցինք ու շատ - շատ հարցեր իրենց բնականոն զարգացումը պարտադրեցին: Ինչքան զարգացանք, այնքան խնդիրները բարդացան, ինչքան աչքներս բացվեցին, ինչքան մեր իսկ ծնած ու սնած անկախության սերունդը հասունացավ, այնքան մարդավայել գոյության պահանջը մեծացավ: Ու այսօր, պայքարի ու պատերազմի ծանր պայմաններում արյամբ ու քրտինքով, մարդկանց առողջության հաշվին ու չվայելած մանկությամբ, պատանեկությամբ կամ երիտասարդությամբ նվաճված մեր նոր անկախությունն ու թշնամու հանդեպ հաղթանակը ավելի թանկ են ու վեր են ամեն ինչից: Եվ հայը (իմա՝ հայի վերջին խելքը) չի զիջի այն ոչ ոքի` ինչքան էլ սպառնան Հայոց կարկաչահոս աղբյուրների քարատաշ պատերը հերթական անգամ ծածկել գորշ սվաղով՝ որպես տխուր իրողություն, թե իբր դեռ սպասված ապագան չի երևում: Իրականում մարդիկ արդարության հաղթանակման զգացողությունը չունեն, դա է պատճառը, որ վիճակը չի շտկվում: Ում բռունցքն ասես իջնում է մեր գլխին, իսկ Հայրական հոգատար մատը չկա, որ ամեն մեկին իր տեղը ցույց տա: Ու եթե ամեն ոք իր դիրքերում գործ անի, եթե ամեն ոք իր արժանի գնահատականը կամ պատիժը ստանա, շնորհաշատ հայի քանքարը հրաշքներ կգործի, ինչպես եղավ այս ապրիլին սահմանում, ուր կրկին հաստատվեց մեր բազմաչարչար ազգի լինելությունը: Ուր մեկ անգամ ևս ապացուցվեց, որ հայ զինվորն անպարտելի ոգի ունի և կարող է մի քար վերցնել ու տալ մինչև ատամները զինված ոսոխի ճակատին: Եվ սա հենց այն դեպքն էր, երբ զինվորի հեղած արյունը ուժեղացնում է մայր հողը և կապ հաստատում ամենաբարձրյալի հետ: Շատերի համար տարօրինակ, մեզ համար միանգամայն հասկանալի է խաղաղ օրերին երկիրը լքելը, իսկ պատերազմի ժամանակ ահագնացող հայրենասիրությամբ վերադառնալը, անկախ քաղաքական կամ այլ հայացքներից ու շահերից` մի բռունցք ու սիրտ դարձած ոտքի ելնելն ու հայրենիքի (այսքան թանկ գնով ետ նվաճած) անկախությունն ատամներով պաշտպանելը: Աշխարհն ականատես եղավ, որ մեզ պետք չէ թերագնահատել, արհավիրքի օրերին հայը համախմբվում է, պատնեշի նման կանգնում չար հեղեղի առաջ: Հպարտանանք, բայց և թույլ չտանք, որ սա էլ ուրիշն իր շահերին ծառայեցնի, այլ հասկացնենք, որ հային պետք չէ ձեռք տալ… Այս հարցում լիքը անելիք կա, և մենք բոլորս պիտի այսպիսի զինվոր լինենք մեր տեղերում, քանզի այսօր ոչ թե զինվորի, այլ մե՛ր բարոյահոգեբանական պատրաստվածության ու ռազմահայրենասիրական դաստիարակության մասին է պետք հոգալ, իսկ զինվորին… ուղղակի զենք է պետք տալ և բազկի թափը չկասեցնել…

Հայոց շատ բան տեսած լեռները ապառաժ համառությամբ անթեղել են ազգի բոլոր իրադարձություններն ու նայում են, թե ինչպես է հայը չճկվում: Պատմության քառուղիներում կոտորում են, կոտորվում է, ճնշում են, ճնշվում է, պակասում է, հարմարվում է, բայց չի կորչում և ի վերջո ազատվում է: Դիվանագիտության մեջ աստծո պահած ենք, բայց և բոլոր քաղաքակրթությունների առաջ մերկ ձեռքերով առյուծ ձևող հոր դյուցազնազարմ որդիներ ունենք, ովքեր աշխարհի որ ծագում էլ լինեն, հզորանում են, եթե սնվում են հայկական լեռնաշխարհի մեղր ու կարագով: Ուրեմն ժամանակն է ամեն ինչ, առաջին հերթին մեր անհագուրդ կրքերը, չափավորելու, աշխարհի հետ մեր տալիք - առնելիքը նժարավորելու, մեր ուժերն ու ռեսուրսները ճիշտ բաշխելու, որ կարողանանք մեր բնօրրանում մեր տքնաջան աշխատանքով ամեն մեկս մեր վար ու ցանքն անել, որպեսզի Վարդավառի արժանանանք ու հնարավորություն ստանանք մեր արդար քրտինքով մեր հողը ջրելու, մեր ուզած բերքը ստանալու և ազգովի խաղողօրհնեք անելու: Այլապես թվացյալ խաղաղությունը, հաղթանակները, 25 տարի կառուցածն ու ձեռք բերածը, ունեցած - չունեցածներս ոսկե ձկնիկից ստացածի նման հանկարծ կկորցնենք ու կրկին կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ: Անհրաժեշտ է, որ մեր կյանքը և երկիրը կանոնակարգենք, ոչ թե տարերայնորեն տրվենք հոսանքին ու տեսնենք, թե մեզ ուր կտանի: Նման խաղում որտեղ բարակ է, այնտեղ էլ կտրվում է: Մինչդեռ մենք պիտի ուղղորդենք մեր ճակատագիրը: Մենք ազգ ենք, մենք երկիր ունենք: Օրենքներ ու օրենսդիրներ ունենք, կառույց ենք, միջազգային հարթակում մեր տեղը ունենք, մնում է մի թեթև աշխատենք մեր դեմքի հարցում: Ընդամենը: Որպեսզի բարձրացնենք մեր երկրի հեղինակությունը և՛ մեր, և՛ օտարների աչքում: Մենք կարող ենք, քանզի մենք անպարտելի ենք, երբ գործում ենք: Մենք անպարտելի ենք պատերազմի դաշտում և եթե աշխատենք նպատակամղված ու ազգաշեն, մենք անպարտելի կլինենք նաև տնտեսության մեջ ու մյուս բոլոր բնագավառներում: Այո, մենք ամեն ինչ ունենք մեր երկիրը շենացնելու համար, և արդեն ժամանակն է, որ լիիրավ անկախ լինենք` նախ մեր մեջ, ապա և օտարներից: Մենք այլընտրանք չունենք, մենք մեր երկիրը պետք է հզորացնենք, քանի դեռ աշխարհը մեզնից գլուխ չի հանում: Եվ որպեսզի ավելի պաշտպանված լինենք, պետք չէ ուրիշներին շատ բացատրություններ տալ, սրտներս փռել առաջները և մեր հարստությունների տեղը ցուցանել: Մեր «ջուրն ուրիշ ջրեն է», օտարները մեզ չեն ուզենա հասկանալ, մեր «գիրն ուրիշ գրեն է», օտարները չեն ուզում կարդալ, որովհետև մեր տունը ավազի վրա չէ, մեր բունը քարեղեն է: Ուրեմն, լինենք այնքան երկիր, որ ոչ ոք չհամարձակվի մեզ թելադրել, թե մենք ազգային, մշակութային ու բարոյական ինչ արժեքներ համարձակվենք ունենալ, մեր հազարամյակների խորքերից ինչ աստծու պաշտենք, հանուն որոնց զոհվել ու մինչև օրս զոհվում ենք և թե ում արձանը կանգնեցնենք մեր կենտրոնում: Սա կախված է մեր վարքագծի ելակետից… Իմ գրականությունը արժեվորում է մարդուն` իր տանը և շրջապատում: Եվ հիմա, բնավ միտում չունենալով քննելու, թե ով ինչ է արել` պարտքս եմ համարում մտածել, թե ես ինչ եմ արել, և այդ ինչպես է լինում, որ հենց պատերազմը թեժանում է, ու ազգի գլխին վտանգ կա, ես, որ արձակագիր եմ, ինքնապաշտպանական խտացված ոգով սկսում եմ չափածո գրել: Իմ դիրքորոշումը սեփական շնորհով և ուժերով, կանխակալ կամ միակողմանի կողմնորոշման փոխարեն համակողմանի բարիդրացիական հարաբերություններ ստեղծելով` արժանապատիվ ելք գտնելն է: Բոլոր բնագավառներում: Մենք արարող զարմ ենք, նույնիսկ ռեպրեսիաներից հետո և հատկապես օտարի լծի տակ մեր հզոր գործիչներն ամենուր հայոց մշակույթը զարգացրել են, գիտական նվաճումներ ունեցել և տնտեսություն են առաջ մղել: Եվ ուրիշները հաշվի են նստել մեզ հետ: Մենք ստեղծագործող ենք ու անկախ ամեն ինչից, կառուցող երկիր ենք: Այսօր հորդում է շինարարությունն ու դեմն առնելու չի... Եվ Հայոց կյանքի անիվը միշտ «գեղ կանգնի, գերան կկոտրի» սկզբունքով է պետք առաջ մղել, ոչ թե թողնել, որ անհարթ ճամփան գլորի - տանի ուր պատահի: 25 տարին ի՞նչ է մեր ազգի կենսագրության մեջ, բայց և քիչ չէ երկիր շենացնելու համար: Հիմա, վերևից ներքև ու ներքևից վերև, տեսանք, թե ով ենք… Թվում էր՝ հուսալքվել ենք, չկանք… Սակայն մի ցնցումը բավական էր համոզելու, որ հույսներս ոչ մեկի վրա չպետք է դնենք` գիտենք բռուցքվել, ինքնուրույն որոշումներ կայացնել ու դառնալ անպարտելի: Դրա շնորհիվ այս ապրիլի 24 - ին երկինքը չարտասվեց՝ որպես նախախնամության հորդոր զարթոնքի ու հզորանալու: Զի աշխարհի աղը մենք ենք: Մենք այլընտրանք չունենք: ԽՍՀՄ - ի փլուզումով աշխարհում նոր շրջան սկսվեց, որի հիմնաքարը հենց մենք դրեցինք արցախյան շարժմամբ, ու եթե մեզ մի բան լինի, աշխարհն էլ կփլուզվի: Մենք պետք ենք աշխարհին, բայց… արնաքամ, ոչ թե հզոր: Ստացվում է՝ ուզենք - չուզենք, մենք ենք տանելու աշխարհի բեռը, մենք կարող ենք, որովհետև մեր արմատներն ամենախորն են, արիական՝ չարի դեմ կռիվ տվող, արմատներ են, ինչքան էլ մեր ճյուղերը կտրեն, կկանաչենք: Երիցս կեցցես հայ ազգ՝ որպես տարբեր ու շատ քաղաքակրթություններ տեսած ու աշխարհում քո առաքելությունը չավարտած դոնոր տեսակ: Հաջողություն քեզ, երկիր իմ Հայաստան, դու արժանի ես առաջինների մեջ լինելու: Այսքան մաքառել ենք, արդ, բավական է անկախություն - անկախություն խաղանք, ժամանակն է, որ լիովին անկախ լինենք:
    
     Անահիտ Արփեն
Источник: Գրական թերթ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4701 | 0 | 0
Facebook