Ամենուրեք, ամեն քայլափոխի լսում եմ հետևյալ արտահայտությունները «դարը պղծված է, մարդս մարդ չէ, իսկական ընկերներ, մտերիմներ չկան այս դարում» և այսպես շարունա՜կ... Երբեմն պահ է գալիս արդեն ինքդ քեզ ես սկսում կասկածել, քո և նրանց իրական լինելը, թերահավատորեն ես մոտենում թե՛ քեզ, թե՛ քեզ շրջապատողներին և ամեն ինչ դնում ես կասկածի տակ: Մի պահ փակում ես աչքերդ ու կյանքդ փորձում պատկերացնել առանց «ընկերներ» կոչվածների: Դուք էլ փորձեք, մի պահ պատկերացնել, որ մենակ եք, չկան նրանք, շատերի կարծիքով այսպես ասած անիրական ու ոչ իսկականները: Պատկերացրեցի՞ք, անգույն էր չէ՞... Այ նույնքան անգույն է ինձ համար կյանքն առանց իմ խենթ ընկերների... Ես հավատացնում եմ, որ այս դարում, այս պիղծ դարում, երբ ամեն բան կեղծ է, այնուամենայնիվ կան ինձ շրջապատող իսկականներ: Մարդիկ, ովքեր կարող են սովորական օրդ տոնի վերածել: Մարդիկ, ովքեր միասին մեկ ամբողջություն են կազմում ու կյանքիդ ամեն մի ակնթարթը լցնում խինդով ու ծիծաղով: Մարդիկ, ում հետ պատրաստ ես անել ամեն տեսակ խենթություն: Ու իրենց հետ անցկացրած ամեն մի պահն ստիպում է քեզ գիտակցել, թե որքան բարեհաճ է Աստված գտնվել քո նկատմաբ՝ նման անփոխարելիներ քեզ պարգևելով: Զգում ես, թե որքան հարուստ ես դու, որքան հաջողակ ու բախտավոր: Աննկարագրելի բան է իսկական ընկերությունը: Անասելի հրաշք զգացողություն է, լինել միմյանցից տարբեր, բայց միևնույն ժամանակ այնքան նման, որ մի քայլ, մի ժեստ, մի հայացք և դուք հասկանում եք իրար: Գտե՛ք ձեր նման-տարբերներին, գտե՛ք ձեր իսկական ընկերներին ու ամու՜ր պահեք նրանց ձեր կողքին: Նրանք իրոք մեծ պարգև են ամենքիս ընձեռնված: Ու հիշե՛ք, դարի ընդհանուր պատկերն ստեղծողները մենք ենք ու մենք մեր պարզ ու շիտակ ընկերների հետ միասին կարող ենք փոխել պղծված աշխարհը: Իսկ շիտակ ու անկեղծ ընկերներ իրոք գույություն ունեն այս դարում, ուղղակի նրանց փնտրել ու գտնել է պետք: Ես գտել եմ ու հարուստ եմ նրանցով: Փնտրե՛ք դուք նույնպես ու հիշե՛ք միիշտ, որ «Եթե բախտը առանձնապես բարեհաճ է մարդու նկատմամբ և ուզում է շնորհել նրան աշխարհում մեծագույն երջանկությունը, նրան հավատարիմ ընկեր է տալիս»: