Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐԹԸ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
12:09, Четверг, 05 Февраля, 2015 года
ՎԵՐՋԻՆ ՈՒՂԵՐԹԸ /պատմվածք/

Շարժվելու ժամն էր: Եթե մի քիչ էլ սպասեր, ուղևորները վրա կտային: Ավտոբուսը լեցուն էր, նստատեղերի միջև ընկած տարածքում ևս մարդիկ կային, որը` կանգնած, որը` կռթնած թիկնակին, կախված բռնաձողից, նստած կործած դույլի, արկղի կամ թե կաթսայի վրա, որոնցով առավոտները միրգ, ձու, կաթնեղեն եւ էլի ինչ իմանաս ինչ էին բերում շուկա ու հիմա ետ պիտի տանեին` հաջորդ օրը նույնը կրկնելու համար:

Առաջնականգառին էր մոտեցել մեկ ժամ շուտ: Գնալու տեղ չուներ, բացի դա` տարիների ընթացքում սովորույթ էր դարձել. կանգնում էր, շարժիչը բզբզում, թուլացած պնդօղակ-բան էր լինում` ձգում, յուղը չափում... Հին, ժամկետն անց ավտո էր` վրան չկար թերությո՞ւն: Համ էլ` մարդկանց հետ էր գործը, ինչո՞ւ արևի, ձյան, անձրևի տակ մնային, ի վերջո, իր ապրուստը նրանց միջոցով էր դատում:

Վերջին ուղերթն էր: Պետք է հասներ Գառնի ու ետ դառնար, գնալ-գալը` մեկուկես ժամ: Թե ճամփան էր ծանոթ, թե միջակա գյուղերի կանգառները, թե նստածների մեծ մասն ու թե հայտնի` օրվա մոտավոր վաստակը, եթե ճամփին ավտոտեսուչ չկանգնեցներ կամ «Լազը» փչանար և ստիպված` ժողովրդին իջեցներ:

Շարժիչը գործի էր գցել, երբ կողահայելու մեջ նշմարեց մոտեցող մարդկանց:

- Չգնա՛ս, - առաջին հասածը ձեռնափով զարկեց ետևի դռանը:

Վարորդը մատը տարավ սեղմակին, կարծեց ուշացած ուղևորներ են, թեև հագուկապը, հասցրեց նկատել, ավտոբուս նստողների չէր:

- Սեղմվեք, տեղ տվեք մտնեն, - ձայնեց ետնամասում խմբվածներին և ոտքն արգելակին` սպասեց:

Բարձրանալու փոխարեն նրանք առաջացան, ապա մեկը, շրջանցելով մեքենան, բացեց խցիկի դուռը:

- Անջատի՛ր:

- Ի՞նչ կա, - ակամա ենթարկվեց կարգադրությանը:

- Հրես կիմանաս, - մարդը ձգվեց, որպեսզի հասնի բանալուն:

- Ձեռդ, - վարորդը թևքով փակեց ճամփան:

Սա կախվելով ղեկից` փորձեց ելնել վերև:

- Դե հերի՛ք եղավ, - վարորդը հրելով նրան` կտրուկ ձգեց դուռը:

Հավանաբար ներքևից դժվար էր, որովհետև մարդը, չդիմանալով ճնշմանը, տեղի տվեց:

- Սեթո, ովքե՞ր են, - հարցրին խցիկին մերձ կանգնածները:

- Շա՜տ գիտեմ, - Սեդրակը դուրս հանեց գլուխը: - Ի՞նչ ես ուզում:

- Ցա՛ծ իջիր, - մարդը քաշեց բռնակից:

- Գիշերվա երազ է, - հետո տեսավ` շատ է քաշքշում, վերևից թեթևակի խփեց մատներին: - Թո՛ղ, արա, կպոկես:

Երկրորդը, որ նույնպես մոտեցել էր, ընկերոջը մի կողմ տարավ.

- Սողո, հանգիստ:

- Թող իջնի, - Սողոմոն կոչվածը, այդուհանդերձ, ենթարկվեց:

- Քեզ չեն ասե՞լ, - ներքևից վերև տիրաբար հարցնողը փողկապով էր, թխադեմ, աչքերի տակ` տոպրակներ:

- Ո՞վ, ի՞նչ...- հակադարձեց, սակայն ուշադրությունը շեղվեց, երբ հայելու մեջ տեսավ ետևի դռնից մտնողին:

Նրա կողմից վտանգ, թվում էր, առայժմ չկա: Մարդը, եթե մինչևիսկ կամենար, չէր կարող առաջանալ, այնքան խիտ էր պատվարը:

Սրահում հայտնվածն սկզբում իսկապես էլ նման մտադրություն չուներ, որովհետև սկսեց ինչ-որ բան բացատրել խիտ կանգնածներին:

Սեդրակը տեղից ելավ.

- Արանք բացեք, տեսնեմ ուզածն ի՞նչ է:

- Ասում է` մարշրուտկեքով գնացեք...

- Ոչ ոք չիջնի, - նա վճռական սեղմեց դռները փակող կոճակը: - Մեկնումեկդ պինդ հրեք:

Հացավանցի ուսանողը մեջքով հենվեց դռանը: Փեղկերը ճնշման տակ շրխկոցով վրա եկան: Մարդը, իհարկե, մնաց ներսում: Նա զայրագնած բղավեց, թե ինչ` ժխորում լսելի չեղավ:

Խցիկի դուռն ամբողջ ընթացքում ծեծում էին: Սեդրակը գրգռված` ցած նայեց.

- Ու՞մ մասին էիք հարցնում, ո՞վ պիտի բան ասեր:

- Խուլ ե՞ս, - բանալին հանել փորձողը հարցին կարևորություն չտվեց, - թե՞ չես հասկանում:

- Թողնո՞ւմ եք, որ...

- Տնօրինությունից քեզ չեն ասե՞լ, որ այսօրվանից էլ չքշես, - փողկապավորի պահվածքը պարտադրում էր իրեն պատասխանել:

- Այսինքն...

- Գիծը գնված է: Ամսի մեկից ուրիշինն է:

- Չհասկացա...

- Այս գծում երթուղային է աշխատելու:

- Քանի՞սը, - հարցնողը սրահի պատուհանից գլուխը հանած ուղևոր էր:

- Երեք մեքենա` դա սկզբնական փուլում, քսան րոպեն մեկ կշարժվեն, - հետևեց պատասխանը:

- Ուրիշները ևս, կողմ հրելով ապակինները, կախվեցին լուսամուտներից.

- Ու գինը ինչքա՞ն կլինի:

- Սրան որքա՞ն եք վճարում:

- Նայած ով` որտեղ է իջնում, - հապաղումով արձագանքեցին:

- Խոսքը վերջին կանգառի մասին է` Գառնի գնացողների:

- Երկու հարյուր հիսուն դրամ, - պատասխանեց զրույցի մեջ ներքաշվածը:

- Այդքան էլ տաքսուն կտաք:

- Փոխարենը նստած կգնաք` մարդավարի: Սա վիճա՞կ է:

Սեդրակը շրջվեց: Ուղևորասրահի մարդը ճամփա էր բացում:

- Քո տունն ակոռի, կամաց, ոտս տրորում ես, - դժգոհեց տարեց ողջաբերդցին, ով միշտ կաթ-մածուն էր քաղաք բերում: - Քա, բանկեքս ջարդեց:

Մարդը պատասխանի չարժանացրեց. նրա նպատակակետը խցիկն էր` վարորդին հասնելը:

- Որ փակեցիր, կարծում ես պրծա՞ր:

- Ինչի՞ց:

- Քեզ ապուշի տեղ մի դիր:

- Տխմարն ինքդ ես, - Սեդրակը բռնկվեց: - Տավարի մեկը...

- Դռները, երիտասարդ, բաց` մարդիկ իջնեն, - վերստին դրսից լսվեց փողկապավորի հորդորը, ապա նա նշանացի կարգի հրավիրեց ներսում գտնվողին:

Գծի տերն է կամ թե չէ` քաղաքապետարանի, նախարարության ներկայացուցիչը, - մտածեց Սեդրակը, իսկ բարձրաձայն նետեց.

- Սա պետական ավտոբուս է:

- Չասինք` մասնավոր է:

- Թուղթ ունե՞ք, պաշտոնական գրություն, - գիծը, աշխատանքը կորցնելու հետ չէր հաշտվում Սեդրակը:

- Կա, ամեն բան օրենքով է, հանգիստ մնա:

- Հանգի՞ստ թողիք...- նա ձեռքը սեղմակին տարավ: - Ժողովուրդ, ով ուզում է` իջնի:

- Չիջնեք, հոր գինը հետո կդնեն վրան: Խաբում են...- առարկեց գեղադիրցի Շուշանը` նույնպես իր մշտական ուղևորներից. սա լավաշի գործով էր շուկա գալիս:

- «Գազելներն» անցումի բերանն սպասում են, երեքն էլ` նոր, մրցույթով անցած, - սրահի մարդն իջավ, ետքից` մի քանիսը: - Մյուսներդ... Մարդ չմնա:

- Պահ, դու չես որոշողը: Սեթո, քշի, օրը պրծավ, - գեղադիրցի կինը հաստատապես վճռել էր թիկունք կանգնել վարորդին:

- Կա՞ ուրիշ ցանկացող, շարժվում եմ...

Առպահ երկբայելուց հետո վերջին դռնից ևս հինգ-վեցն իջան:

- Գնացինք, - Սեդրակը գործարկեց շարժիչը: - Դռները փակեցի:

Երկու երիտասարդ նույնպես հասցրին ընթացքում ցատկել:

- Չփոշմանես, - ուղևորասրահի մարդը, որ իջել էր, մատը թափ տվեց, - քթիցդ եմ բերելու:

Շարժիչը հռնդաց: Մյուսները, ծխախեղդ չլինելու համար, ընկրկեցին, և «Լազը» ծանրորեն պոկվելով տեղից` խառնվեց պողոտայի հոսքին:

Ուղևորասրահում, պարզ է, խոսակցությունն ինչի շուրջ էր:

- Էնքան գնան-գան` հոգիները դուրս գա...

- Մրցույթով... Չէ մի` փողը տվել, գիծն առել են...

- Թե էդ ջահելներն ինչո՞ւ իջան...

- Երկու հարյուր հիսուն... Հավատալս չի գալիս... Կամ էլ բոլորից նույն գումարը կառնեն, կուզես Ողջաբերդում իջիր, կուզես` Հացավանում...

- Դաչեքի ժողովուրդը, հո, հացը կերավ, - երբ Ջրվեժի ամառանոցների մոտ ավտոբուսը կանգառեց, կեսլուրջ-կեսկատակ նկատեցին: - Չեն էլ թողնի մոտ գնաք:

Մարդ իջավ: «Լազը» փնչոցով հաղթահարել սկսեց անտառպուրակի զառիվերը: Հաջորդը Ողջաբերդն էր:

Սրընթաց «Մերսեդես» անցավ, քիչ անց` ճերմակ «Գազել»: Թվաց` ղեկին ավտոբուս բարձրացածն է: Մինչ կանցներ ելիվերի շարունակությունը կազմող ոլորանն ու կմոտենար Չարենցի կամարին, վազանց կատարած մեքենաները մտան գյուղ:

Անորոշ տագնապ համակեց Սեդրակին: Լսել էր, որ շատ գծեր այսօր-վաղը աճուրդի են հանելու: Հավաքակայանը ծանր օրեր էր ապրում. պարտքի մեջ խրված ձգձգում էր հոգեվարքը` ի վիճակի չլինելով որակյալ սպասարկում ապահովել: Միկրոավտոբուսի կարգի ավտոներն օր-օրի շատանում էին, աշխատելը` գնալով դառնում դժվար: Բայց թե Սեդրակը Գառնիի գծի համար վտանգ առայժմ չէր զգում. տնօրենն ասել էր` այդ ու էլի մի քանիսը` օդակայան, Էջմիածին, կպահենք, քանի որ ապագայում գնացող-եկողը շատ է լինելու, պետությունը, հույսը զբոսաշրջության լավանալու վրա դրած, ձեռքից չի կամենում բաց թողնել:

Ողջաբերդին հաջորդեց Գեղադիրը, այնուհետ` Հացավանը: Մնաց տասնհինգ-քսանի չափ մարդ` բոլորը գառնեցի: Դրանց էլ կիջեցնի տաճարին մերձ կանգառում ու ետ կդառնա: Գուցե թե` տնօրենը գնացած չլինի. կպարզի` ինչն ինչոց է:

Գառնիի խնձորուտների մոտ հանդիպեց պոչ-պոչի դարձող «Մերսեդեսին» ու «Գազելին»: Նրանք էին` ավելի շատվոր: Ուղևորները ևս ճանաչելով` վերստին աշխուժացան: Ավտոբուս բարձրացածն այս անգամ ոչ թե մատ թափ տվեց, այլ բռունցք: Կանանցից ոմանք, ի պատասխան, չանչեցին:

- Զգույշ կլինես, - շատերն էին խորհուրդ տալը պարտք համարում: - Ի՞նչ իմանաս` ովքեր են:

- Պահ, դրանցից պիտի վախենա՞մ, - վճռական արձագանքեց: - Թող փորձեն:

- Արտաշատի կողմով գնա, - հորդորեց Մացոն. սա կրպակ ուներ տաճարի մոտ ու երբեմն-երբեմն գալիս էր քաղաք` ծխախոտ, ծամոն, էլի ուրիշ մանր-մունր բաներ առնելու: - Ճամփադ կերկարի, սակայն անվտանգ է:

- Բանի վրա ես, - Սեդրակը պատրաստվեց շրջադարձի: - Անհոգ գնացեք...

Քաղաք եկող, կարծես, չկար: Սովորաբար ուշ աշնանն այդպես էր. դարձի ճամփան, մինչև Ջրվեժի ամառանոց, մենակ էր կտրում, եթե պատահական ուղևորներ չհանդիպեին կամ գյուղի օտար լեզվի ուսուցչուհին ժողովի-բանի պատճառով չմնար վերջին ավտոբուսի հույսին. նա Երևանից էր ու շաբաթվա չորս-հինգ օրը գնում-գալիս էր:

Դպրոցին չհասած` ականջը սուլոց որսաց, մինչ կկանգներ, հևիհև մոտեցավ ուսուցչուհին:

- Սեթո, բարև՜, - աստիճանահարթակից բղավողը պահակն էր: - Գործերը լա՞վ են:

- Բոլորի նման, - Սեդրակը բութ մատը կախեց: - Դու քո մասին ասա, Սահակ ապեր:

- Էլի ինձ պես` ոնց գիտեիր, - նա կամեցավ հումոր անել: - Մեր դասատուին քեզ եմ վստահում, տես, հա՜...

- Կարգին մարդ է, - ուսուցչուհու տեղավորվելուց հետո խոսք բացեց: - Ինչո՞ւ հեռու նստեցիր: Թե՞ տեղ չկա:

- Մեկ չէ՞, - նա տեղափոխվեց առաջին շարք` դռան մոտ:

- Էլի՞ ժողով էր: Էսօր ի՞նչ հարց էիք քննում:

- Ծնողներին էի աշակերտության հետ կանչել. հանդեսի ենք պատրաստվում:

- Ինչքա՞ն ես ստանում չարչարանքիդ դիմաց, - հարցախույզը շարունակեց Սեդրակը:

- Երեսունհինգ հազար:

- Էդ, հո, գնալ-գալուդ ծախսը հազիվ հանի:

- Ճանապարհի համար գյուղապետարանն է վճարում` առանձին:

- Դա որքա՞ն է:

- Տասը հազար:

- Միասին անում է հարյուր դոլար: Գոնե աշակերտ պահո՞ւմ ես:

- Չէ: Դասերից հետո երբեմն մեկ-երկուսը մնում են, սակայն անվճար է. փող կա՞ ձեռքերին, որ տան:

- Բարտերով աշխատիր, - Սեդրակը ծիծաղեց, - խնձոր, պոպոք... Ապրանքի դիմաց` գիտելիք:

- Լավ էլ տեղյակ ես, - աղջիկը պայուսակից ընկույզ հանեց: - Վերցրու, ծնողներից մեկն էր բերել: Ինչ արեցի, վրան չկարողացա. ձեռիցս խլեց, լցրեց մեջը:

- Քեզ պահի, ձեռքերս զբաղված են:

- Նվիրում եմ, - ուսուցչուհին բուռը պարզած` սպասեց:

-Առաջին նվերդ է, կպահեմ, - Սեդրակն ընկույզը թաքցրեց նստարանի կողագրպանում:

- Սեթո, այսօր մի տեսակ ես, բան չի՞ եղել:

- Չէ, - ասաց ու նույն պահին նկատեց ասֆալտի լայնքով կանգնած «Գազելը», «Մերսեդեսը» տեղ էր զբաղեցրել ճամփեզրին:

Ստիպում են կանգնել. մտքներին կեղտոտ բան կա, - կռահեց Սեդրակը:

Ձախ կողմում ձորակ էր, մնում էր աջը: Զառիթափը ասֆալտից բաժանող խանդակը լի էր վերևից թափված քար-ավազով: Նա ճամփի այդ հատվածը լավ գիտեր: Հետաքրքրության համար մինչևիսկ մի քանի անգամ կանգնել էր, ուշադիր դիտել: Ժամանակին լանջը կտրել էին, և պարզորոշ նկատելի էր գլաքարի, կավի, ավազի նստվածքը: Շերտերն անառարկելի ապացույց էին, որ տարածքը, ով գիտե քանի միլիոն, միլիարդ տարի առաջ, օվկիանոսի հատակ է եղել:

Չեմ կանգնի, - վճռեց Սեդրակը, - ծանր ավտո է, շուռ չի գա, միայն թե լայնքը հերիք անի:

- Քեզ պինդ պահի, - ասաց ու արիաբար քշեց:

«Մերսեդեսից» մարդիկ թափվեցին, մեկը վազեց դեպի «Գազելը»: Հասնելով միկրոավտոբուսին` Սեդրակը ղեկը կտրուկ աջ թեքեց, այնուհետ, որպեսզի քթով չզարկվի զառիկողին, նույն արագությամբ ուղղեց: Միայն մի տեղ ավազի նստելու պատճառով «Լազը» երերաց: Դա բավական էր, որպեսզի աջակողմյան հայելին թեթևակի դիպչելով գահավանդի ելուստին, շյուղի փափկությամբ ծալվի, իսկ ետնամասն առավ «Գազելի» կոտոշին ու, մի մեծ փերթ ճանկռելով, պոկեց: Հարվածից միկրոավտոբուսը դեմքով շրջվեց դեպի քաղաք:

Հայհոյանքներին, ազդանշանային անընդմեջ կանչերին, ետքից շպրտվող քարերին կարևորություն չտալով` Սեդրակը մեքենան հանեց ճանապարհի բանուկ մաս և գազ տվեց:

Հետապնդումից չէր վախենում: Թույլ չի տա առաջ ընկնեն, իսկ ետևից, ոչինչ, թող գան: Թե չկարողացավ քաղաքում պոկվել, կքշի Արեշ` իրենց թաղ կամ` ուղիղ հավաքակայան: Թող մոտենան...

Ուսուցչուհին լռում էր: Սեդրակը հայելու մեջ բռնեց նրա ոչ այն է` սփրթնած, ոչ այն է` դժգոհ հայացքը:

- Հը՞...

- Դու ասա, - հնչերանգը կատարվածի պարզաբանում էր պահանջում:

- Գիծը մրցույթով շահել են, իրենք պիտի աշխատեցնեն:

- Ես մեկին ճանաչեցի` պատգամավոր է:

- Հա՞, - Սեդրակը գլխի էր, ում մասին է խոսքը:

- Պարզ է` չեն թողնի:

- Ինձ են փորձում:

- Օրենքն իրենց կողմն է:

- Ես հլա որ գործի մեջ եմ, ղեկավարությունից բան չեն ասել:

- Աշխատիր լեզու գտնել, թե չէ` գիտես, ոստիկանության ձեռքը կգցեն:

- Ինչպե՞ս...

- Թող մեքենան քեզ տան` դու քշիր:

- Այսքանից հետո` էլ ուշ է...

- Իսկ դու համառիր, - ապա հավելեց, - քեզնից աչքաբա՞ց. բոլորին ճանաչում ես, հետները լեզու գտած...

Սեդրակը չարձագանքեց: Գեղադիրում նախիրը լանջն ի վար գյուղ էր մտնում: Հասցրեց անցնել: Գծատերերը, եթե հետապնդելու միտք ունենան էլ, ստիպված առժամանակ կկանգնեն: Ահագին կշահի:

-Պատգամավորը քեռուս շենքում է ապրում: Մոտիկ են, կասեմ` կխոսի. ընտրությունների ժամանակ վստահված անձերից էր:

- Պետք չէ:

- Մի տաքացիր: Դեռ չգիտես` մեքենան ինչքան է վնասվել: Տվիր ջնջխեցիր, քոնը` իր հերթին...

- «Լազին» դժվար բան եղած լինի: Համ էլ ողջ տեղ չի մնացել:

- Բոլոր դեպքերում...

Ամառանոցի կանգառում, ինչպես սովորաբար, տուն դարձողներ կային: Սեդրակը դաստակները խաչելով` հասկացրեց, որ չի կարող արգելակել:

- Ու՞ր տանեմ, - երբ Ջրվեժն անցան, հարցրեց:

- Ապահովության համար քեզ հետ մինչև վերջ կգամ: Մարդ ես` մեկ էլ տեսար, երևացին: Հետո ինձ տուն կուղեկցես, հա՞:

- Սիրով:

- Ասա` մեծ սիրով, - աղջիկը զվարթուն ժպտաց:

- Շատ մեծ սիրով, - բացվեց Սեդրակը: - Եվ ոչ միայն այսօր:

- Դու չարաճճի աշակերտ ես, իսկը` երեխա:

- Grand enfent, mademoiselle Sona.

- Parles-tu fransais, monsieur Sedrak?


    
    
    

1. Ֆրանս. - Մեծ երեխա, օրիորդ Սոնա:

2. ֆրանս. - Դու ֆրանսերե՞ն ես խոսում, պարոն Սեդրակ:


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6217 | 0 | 0
Facebook