Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Անվերադարձ

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
18:05, Пятница, 30 Января, 2015 года
Անվերադարձ


     Օրեր առաջ եկել էի մոտդ: Եկել էի քեզ տեսնելու: Ինչպես միշտ նստել էի անկողնուդ մոտ ու ձեռքդ բռնել: Նայում էիր ինձ: Անթարթ նայում էիր ու ոչինչ չէիր ասում: Հայացքիդ մեջ կարոտ էի զգում, անհագ կարոտ: Երևի նրանից էր, որ երկար ժամանակ ինձ չէիր տեսել: Ես էլ էի կարոտել քեզ շատ: Երկուսիս մոտ կարծես նույն զգացողությունն էր և միայն իրար ուղղված լուռ ու ջերմ հայացքներ: Նստել էի մոտդ ու պատմում էի քեզ իմ մասին, դասերիս մասին, ինչպես անում էի ամեն շաբաթավերջին քեզ այցելելիս: Ու այս անգամ էլ, երբ ասացի, որ դասերս լավ են և շուտով քննություններս են սկսելու, մեղմ ժպտացիր ու գրեթե անլսելի ձայնով սկսեցիր բարեմաղթանքներ ասել: Հազիվ էիր խոսում, ձայնդ չկար, չէր լսվում: Թեկուզ անլսելի էր, մեկ է ես արդեն անգիր էի արել մաղթանքներդ: Միշտ ասում էիր, որ ուզում ես ինձ լավ, առողջ ու երջանիկ տեսնել և, որ ուսման մեջ հաջողությունների հասնեմ: Այդ օրն էլ բացառություն չէր, նույն խոսքերն էիր ասում, ուղղակի արդեն անձայն:

Փոխվել էիր… Արտասովոր էիր՝ դու դու չէիր ու դա ծանր էր ինձ համար: Ծանր էր նայել հարազատ մեկին, ով ինքն էր, բայց միևնույն ժամանակ ինքն իրեն նման չէր: Երկար չկարողացա մնալ մոտդ: Հաջողություն ասացի ու գնացի. Պիտի քննություններիս պատրաստվեի:

Երեկո էր: Շտապեցի մոտդ: Մտա ննջարանդ, որ ուրախացնեմ քեզ, որ իմանաս խրատներիդ հետևում եմ: Սենյակում պառկած ծանր շնչում էիր: Մտածեցի քնած ես, բայց ախր աչքերդ բաց էին: Կանչում էի քեզ, ձայն տալիս, խոսում հետդ՝ չէիր արձագանքում: Հասկանում էի, թե ինչ էր կատարվում, բայց չէի ուզում ընդունել: Չէի ուզում հավատալ, որ էլ ինձ խրատներ չես տալու… Երկար չթողեցին մոտդ մնալ, քեզ հանգիստ էր հարկավոր: Դուրս եկա ննջարանիցդ, բայց այնպես էի ուզում խոսել հետդ: Ավա՜ղ արդեն ուշ էր, ուշացել էի… Միայն մի բան էի ուզում քեզ հիշեցնել, որ քեզ շատ եմ սիրում: Չհասցրեցի…

Ես գիտեմ, որ հիմա լսում ես ինձ, հա՛, ինչպես ես քո անլսելի ձայնն էի լսում, այնպես էլ դու ես ինձ լսում: Ուզում եմ իմանաս, որ էլի ամեն շաբաթավերջին այցելելու եմ քեզ: Ծաղիկներ եմ բերելու քեզ ու առաջվա պես պատմելու եմ ինձնից… Ցավոք արդեն ոչ քո ննջարանում…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4643 | 0 | 0
Facebook