Մի բուռ…
-Էլի գժվեցի՞ր: Ինչե՞ր ես խոսում: -Ասա՛, կտա՞ս: -Չէ՜, աչքիս մոտդ էլի դեպրեսիա է… Ես գնացի: - Էդպես ես ասում, որովհետև դու էլ չես կարող տալ: Դե ասա՛, ասա՛, որ երեխա եմ, ասա՛, որ այսքան տարի անցավ ու ես էլի երեխա մնացի, ասա՛, որ երբեք էլ չեմ մեծանա ու նույն միամիտը կմնամ, դե ասա՛, ինչու՞ ես լռում: - Ըհ… Քանի կար մաքրությունից ու պարզությունից էիր խոսում, հիմա էլ անցար երեխա լինելուն… Ի՞նչ է եղել քեզ չեմ հասկանում: - Գնա հա՛… Մեկ է էլի չես հասկանալու ինձ: - Արի խոսենք, ասա՛ տեսնեմ ի՞նչ է եղել: - Ոչ մի բան, գնա՛: - Լավ, ինչպես կուզես: Հաջող: - Ըհը՛… Լավ մնա… Ու միշտ նույնն է … Ամեն օր, ամեն քայլափոխի հանդիպում ես քեզ անծանոթ մի սառնության, ձևականության ու ստի: Ու դա էլ անվանում են մեծանալ: Չկա մեկն, ով կջերմացնի քեզ, ում կարող ես վստահել, ումից կստանաս մի բուռ պարզություն… Չէ՛, չէ՛, ինչ եմ խոսում, հիմա մարդկանց հետ շփվելիս պիտի այնքան զգույշ լինես, որ մի պատմություն գլխիդ չսարքեն: Ոչ բարությունդ է անցնում, ոչ ջերմությունդ ու անկեղծությունդ գնահատվում: Հիմա բարև տալուց էլ պիտի վախենաս, որ հանկարծ ասածդ չփոխեն ու սարքեն սուտ… Ու սա էլ մեծերի աշխարհն է… Բա ու՞ր կորավ մի բուռ մաքրությունը: Ո՞նց կարելի է մարդկային շփում ստեղծել հաշվարկների վրա հիմնված: Չէ՛, չեմ հասկանում, անընդունելի է, չեմ հասկանում… Նայում ես դիմացինիդ ու ընկալում նրան քո ստեղծած կերպարով, քո մտքերով ու հետո լրիվ այլ բան է դուրս գալիս: Ո՛չ հավատ կա, ո՛չ ազնվություն, ո՛չ նվիրվածություն, ո՛չ պարզություն, ո՛չ էլ գրողի տարած այդ մի բուռ մաքրությունը… Ու գալիս է մի պահ, երբ զգում ես, որ շնչահեղձ ես լինում… հա՛, հա՛, օդը չի հերիքում, որովհետև լցված է կեղծավորությամբ ու ստով… Ամենուրեք դա է… - Հը՞… Ուշքի եկա՞ր: Դզվեցի՞ր: - Ինձ ոչինչ էլ չէր եղել: Ես լավ եմ: - Փաստորեն դեռ ոչ… Նույնն ես… - Ու չեմ էլ փոխվելու… Հա՛, չեմ փոխվելու… Թեկուզ լինեմ ծեր տատիկ, մեկ է, լինելու եմ քո ասած երեխան: Եթե մարդկանց հավատալն ու վստահելը նշանակում է երեխա լինել, ուրեմն ես երեխա եմ… Եթե դիմացինիդ նվիրվելն ու բարի լինելը միամտություն է, ուրեմն թող լինեմ միամիտ… Եթե սեփական ես-իդ մեջ պարզություն ու անկեղծություն է ու դիմացինիդ մեջ էլ փնտրում ես ընդամենը մի բուռ մաքրություն ու դա քեզ համար նորմալ չի, ուրեմն, հա՛, ես խենթ եմ: Վե՛րջ, գո՞հ ես: Դե գնա՛, ի՞նչ գործ ունես հետս… Գնա՛ դու էլ հաշվարկով շփվիր շրջապատիդ հետ, չէ՞ որ դու մեծ ես, ինձ հետ ի՞նչ գործ ունես: Ես միամիտ երեխա եմ, ով այդպես էլ չմեծացավ: Գիտես մենակ մի բան եմ հասկացել այսքան ժամանակ, որ երբեք ոչ մեկից չեմ ստանա այդքան ցանկալի մի բուռ մաքրությունը, պարզությունն ու անկեղծությունը… Դու էլ չես տա… Դու էլ ես մյուսների նման… |