Ընթերցողիս գրասեր ու կարոտ աչքը մշտապես փնտրում է մի նոր հեղինակ, մի նոր շունչ, ասելիքի և ձևի մի համադրություն, որը կլցնի պոեզիայի պակասն ու դատարկությունը ժամանակակից գրականության մեջ:
Տպավորություն կա, որ ամենուր գրում են. չգրողները, այլ գրիչները շատ են, իսկ ասվածը քիչ ու քիչ:
Արա Ալոյան, այս հեղինակը այն քչերից է, եզակիներից, ովքեր լցնում են այդ դատարկները: Նրա ստեղծած արվեստը բառաշարան չէ, հանգի ու մտքի համադրում չէ, այլ սրտի զարկերի հնչյունավորում: Նրա ստեղծագործության մեջ հրաշալի ներդաշնակվում են ասելիքը, ձևն ու բառը...հոգին` մարդու, ստեղծաագործության ու բառի:
Իսկ անդրադարձիս մղիչը առավել քան ուրախալի լուր է. վաղը` հունվարի 17-ին ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում` Իսահակյան 16 ա հասցեում, տեղի կունենա Արա Ալոյանի «Մի լուսացիր» և «Ոտնահետքեր ջրաներկով» բանաստեղծությունների ժողովածուների շնորհանդեսը: Հրավիրելով հետաքրքրվածներին նշենք նաև, որ շնորհանդեսի օրը յուրաքանչյուր գիրքը կվաճառվի ընդամենը 1500 դրամով:
***
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո ժպիտը տեսնելու համար`
Պետք է հավատալ հյուսիսափայլին…
Ե’րբ է սառուցյալ օվկիանը հալչել…
Չէ, դու ուրիշ ես,
Երբ նույնիսկ մերկ ես` անկարելի է տեսնել մարմինդ,
զի գեղեցիկ է այն որպես հագուստ…
Գիշերն ամենից շքեղ շորն է քո:
Չէ, դու ուրիշ ես,
Ու այդ ամենը ասելու համար բառերը քիչ են,
Ինչպես ավազը հին ժամացույցի…
Երջանիկները ժամացույց չունե’ն…
Չէ, դու ուրիշ ես,
Եվ քո հեռացող ոտնաձայները
Համահնչում են մեղեդու նման…
Ես դրանց արդեն խոսքեր եմ գրել:
Չէ, դու ուրիշ ես,
Եվ դրանից է բառը երգ դառնում,
Դրանից է, որ երգը բառ չէ լոկ…
Ուրիշ ե’ս:
Ես եմ նույնը մնացել`
Քեզ անվերջ ուրի՜շ, ուրի՜շ կոչելով…
***
Կվերադառնա կարոտն իր բույնը,
Այնտեղ, ուր չկա խաբկանք կարեվեր,
Ուր հեշտ է մարդուն լռին բարևել,
Որտեղ թղթեր են, ամեն ինչ նույն է:
Կվերադառնա, զարկված հավքի պես,
Կլսվի գունատ մի շնչառություն,
Կլինի արև ու չի լինի ձյուն,
Այնտեղ, որ մարդու ոտքը չի դիպել:
Կվերադառնա միայնակ, հպա՜րտ,
Իր մեռելատանն ինքը կլինի,
Սենյակում այդ մութ, ուր ծուխ է, գինի՛,
Կգա, կմեռնի կարոտը անբախտ..
***
Անձրևների նման, անձրևներից անկախ,
չդադարեց հոգուս հառաչանքը անծես,
ախ, անձրևներ, հիմա, չունեմ աչքեր մանկան,
որ հիանամ ձեզնով, որ սպասեմ ես ձեզ:
Անձրևներից առաջ ու անձրևից անդին,
Նույն աշունն է հիվանդ, մերձամահի կսկիծ,
Եղանակն է անանց, հոգու, անամսաթիվ,
Որ ունեցել է թա՜ց, անձրևային մի սկիզբ:
Անձրևներից հետո, անձրևների ելքով,
Մերժելու՞ ես մի պահ անձրևներդ, գոնե,
Շոյելու՞ եմ մի օր …ծիածանը ես քո,
Որ զգեստն է քո նոր կամ մարմինդ գունեղ…
Արա Ալոյան
Նյութի հեղինակ` Յէթէր