Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Հավատում եմ քեզ, զինվո´ր

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
20:31, Пятница, 01 Августа, 2014 года
Հավատում եմ քեզ, զինվո´ր

Ես Սոնան եմ` ամենասովորական մի հայ դպրոցական աղջիկ, որն իր մասնագիտության հարցում կողմնորոշված` գիշեր ու զօր պարապում է, որ բուհ ընդունվի:

Համարյա ամեն օր, դասերով ու պարապմունքներով ընկած, այնքան եմ հոգնում, որ բավական է գլուխս հասնի բարձին, ու արդեն քնած եմ:

Բայց այսօր մի տարօրինակ օր է: Ինչ-որ մի բան սիրտս ալեկոծում է: Ամբողջ օրը դասերիս ուշադիր չէի, պարապմունքներս էլ չէի կարողանում անել. Ցրված էի:

Որոշեցի, որ վատառողջ եմ և սովորականից շուտ պառկեցի քնելու:

Էս եղանակն էլ մի կողմից հանգիստ չի տալիս: Ո՞վ է տեսել` փետրվար ամսին ամպերը գոռան, ու անձրև գա… Բայց չէ´, ամպերը չեն գոռում: Սա հրանոթների կրակոց է: Էս ինչ է կատարվում: Մեր գյուղն ամբողջությամբ կրակի ու ծխի մեջ է, մարդիկ դես ու դեն են վազում, ու ամենուրեք զինվորներ են` օտար համազգեստով զինվորներ: Տե´ր իմ Աստված, պատերա˜զմ է, ամենաիսկական պատերազմ: Ի՞նչ անեմ: Ու՞ր գնամ: Ինչո՞վ օգնեմ ահաբեկված մարդկանց…

Ցնորվածի նման այս ու այն կողմ եմ վազում, ու մեկ էլ մի ձայն, մի շատ հարազատ ձայն ինձ կանչում է.

-Այստե´ղ արի: Ի՞նչ ես շփոթվել:

Շուռ գամ ինչ տեսնեմ` պապիկս է, ավելի ճիշտ, պապիկիս հայրը, որն անհետ կորել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Ես նրան միայն նկարով եմ տեսել, այն միակ նկարում, որը միշտ կախված է մեր տան պատից:

Ես միշտ էլ զգում էի, որ պատից կախված այդ հավերժ զինվորը կենդանի ու ջերմ հայացք ունի և միշտ հսկում է մեր տան անդորրը:

Եվ հիմա, երբ պահն եկել է, դուրս է եկել նկարից ու ինձ իր մոտ է կանչում:

-Գալի˜ս եմ պապի´կ, գալի˜ս…

Փարվում եմ նրա կրծքին ու հեկեկում: Հետո արագ ուշքի եմ գալիս ու հարցերի տարափ ուղղում նրան.

-Սա ի՞նչ է, պապի´կ: Էս ի՞նչ պատերազմ է: Բա հիմա ի՞նչ է լինելու: Ո՞վ է մեզ պաշտպանելու: Չէ որ մենք զենք չունենք, իսկ նրանք չար աչքեր ունեն ու զինված են:

Պապիկս բազմանշանակալից հայացքով նայեց ինձ, ժպտաց և թևերը դանդաղ վեր բարձրացրեց իր կանաչ խունացած թիկնոցի ծայրերը բռնած:

Այ քեզ հրա˜շք: Նա քիչ-քիչ մեծացա˜վ, մեծացա˜վ ու դարձավ ամպերին հասնող մի հսկա` իր թիկունքում ծածկելով ինձ, մեր տունը, մեր գյուղը, մեր հայրենիքը…

Թշնամու զինվորները փոքրացա˜ն, փոքրացա˜ն ու անհետ կորան:

Քամի փչեց ու ծխից գոյացած ամպերն իր հետ տարավ: Սարերի ետևից էլ արևը շողաց: Արևի շողերով ողողված` պապիկս հանգիստ, դանդաղ քայլերով ուղևորվեց դեպի պատից կախված նկարը:

-Պապի´կ, ու՞ր ես գնում: Ես վախենում եմ: Բա որ նրանք էլի գա՞ն, ու դու այստեղ չլինե՞ս, մենք ի՞նչ կանենք:

-Մի´ վախեցիր: Ես միշտ քո կողքին եմ: Լսու՞մ ես: Արթնացի´ր, Սոնա´: Ես քեզ կպաշտպանեմ…

Աչքերս բացեցի ու երկար ժամանակ ոչինչ չէի հասկանում: Գլխավերևումս նստած էր եղբայրս` Գևորգը: Նա զինվորի հագուստով էր: Այդ շորերը մայրիկն էր կարել, որպեսզի Գևորգը մասնակցի մեր բանակի կազմավորման տասնիններորդ տարեդարձին նվիրված դպրոցական միջոցառմանը:

Իմ «զինվոր» եղբայրը զարմացած գրկել էր ինձ ու հանգստացնում էր.

-Ինչու՞ ես լալիս, ա´յ դմբո: Մի´ վախեցիր: Ես միշտ քո կողքին եմ: Քեզ միշտ կպաշտպանեմ:

Իսկ ես ավելի բարձր էի հեկեկում ու «զինվոր» եղբորս սեղմում կրծքիս:

Ուզում էի ասել, բղավել. «Գևո´րգ ջան, գիտե´մ, գիտե´մ, որ հայ զինվորն իմ կողքին է: Որ ցանկացած պահի նա կբարձրացնի իր թևերն ու կմեծանա, կհզորանա… Իսկ թշնամին կդառնա ավազահատիկ ու կկորչի անհետ»:

Ուզում էի ասել, բայց մի բան սեղմում էր կոկորդս: Դա երևի հպարտության ու երախտագիտության զգացումն էր:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7097 | 2 | 0
Facebook