Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Վ Ա Յ Ե Լ Ք /պատմվածք/

Aram Hovhannisyan
Автор:
Aram Hovhannisyan
20:00, Воскресенье, 27 Апреля, 2014 года
Վ Ա Յ Ե Լ Ք /պատմվածք/

Լանջն ի վեր փռվածը հեռվից մեծ, տարածուն ամպաքուլայի տպավորություն էր թողնում: Ձորի մյուս կողը լերկ էր, միայն տեղ-տեղ ճերմակ ծվեններ կային, որը ծերպից կախ, որն առվեզրին, որը՝ լքված արտի հազիվ նկատելի միջնակում: Ծառուտը ծաղկել էր, ձորը բերնեբերան լցվել նործիլ խոտի, խոնավության, խեժի, խնձորենու բուրմունքով:

Վերջին բողբոջը բացվեց, երևի, միջօրեին. թերթերը հուշիկ ետ գնացին, ու նա նույնպես տեսավ Լույսն անձկալի, երկինքը՝ Աստծո աչք, արևն ամենազոր և քույրերին, եղբայրներին, հարևան-բարեկամներին, ազգուերամին, թռչնակին նույնպես, որն երեկ հա՛ ծլվլում էր, քարեքար թռչում, մեղուներին տեսավ՝ դեղնափորիկ, դեղնատոտիկ, բզզոցը որոնց քուն էր բերում, կանաչափ առուն, կարկաչը որի ողջ գիշեր չդադարեց: Սկզբում թեթև գլխապտույտ զգաց. վերևում շա՜տ էր կապույտը, շուրջը՝ ճերմակը, և օդն էր մաքրամաքուր ու ջերմությունն ախորժելի: Գիշերը ողջ չէր քնել: Արհամարհելով այգաբացի ցուրտը՝ ուժ էր տվել՝ բացելու թերթերունքները: Չլիներ վաղորդայն ցողը, որ ծանրորեն նստեց կոպերին, գուցե թե կարողանար քակել կապանքները: Ստիպված դադար առավ՝ սպասելով արեգակին, գալուստը որի այնքա՜ն ցնծագին էին ընդունում քույրերն ու եղբայրները, մայրը, բնությունն ընդհանրապես: Նա պետք է որ բարի լիներ, որովհետև հայտնվեր թե չէ, շրջակայքում ամեն բան արթնանում էր. ճռվողել էին սկսում թռչունները, թևին տալ թիթեռները, և խավարն էր քաշվում, ու մայրն աննշմար կծկումներով հավասարապես հյութ ներարկում զավակներին՝ տերևներին կոկոն, կեղևին պիրկ, ընձյուղներին վերձիգ, ծաղկաբողբոջներին տռուզ:

Վերջապես եկավ և սպասված ժամը: Ցողը ցնդեց, ծանրության զգացողությունը վերացավ, ու երբ նա հարմար դիրք ընդունելու համար շարժեց առէջքները, կոպերն իր համար իսկ անսպասելի շտկվեցին… Օրն անցավ երջանիկ թմբիրի մեջ, աշխարհի հետ ծանոթությամբ, առանց պատահարի: Ամոթխած ժպտում էր քույրերին, եղբայրներին, ի նշան անհամաձայնության, մեղմիկ տարուբերում թերթիկները, երբ նրանք նազանքով հանձնվում էին մեղուներին ու նույնն առաջարկում իրեն: Որպեսզի չնկատվի, պինդ-պինդ գրկում էր մորը, քողարկվում նորելուկ տերևով: Ճիշտ է, այդ դիրքով շատ բան չէր տեսնում, և արևի ջերմությունն էր քիչ, բայց փոխարենը մեծերի ծիծաղը չէր շարժում, ու մեղուները փորձ չէին անում մոտենալ: Նման էր առաջին անգամ երեկույթի մասնակցող այն աղջնակին, որը սյան հետևից է դիտում պարահանդեսը: Այդպես էլ քուն մտավ՝ գոհ, որ աշխարհը կա, ապրում է ազատության, լուսնի ու իր իսկ լույսի մեջ՝ մերձավորների ընկերակցությամբ, մորը փարած: Երկնքում աստղերն էին, սյուքը խաղում էր թերթերի հետ, առուն խոխոջում, և օրոցք էր աշխարհը:

Էլի նույն պայծառ արևն էր, նույն առուն, լույսերով օծուն նույն ձորակը, մասրենիները՝ ծերպից կախ, միջնակում… Ոչինչ չէր փոխվել, բացի ծաղկաբողբոջից: Էլ չէր ամաչում, խրտնում կեսշշուկ ամեն խոսքից, թեթև ակնարկից, հպումից: Հասունացել էր, ասես, մեծացել: Կոպերը ցած բերելու հարկ չկար: Ամենևին: Թերթերը բացել էր, ձգվել, օծանելիք շաղ տվել վրան, դիմափոշի, շուրթերը ներկել բաց վարդագույն, և, կոնքին դեղին գոտի, սպասում էր: Բզզյունը բռնել էր այգին: Ծաղկափոշով թաթախուն մեղուներն իջնում-ելնում էին, մեկից չպրծած՝ նստում մյուսին, ագահաբար ծծում անարատ նեկտարը, կիսատ վայելքը շարունակում հաջորդի գրկում. արբունքի ժամ էր, հարսնության, ապագա բերքն էր սաղմնավորվում ծաղիկների զիստերում: Տե՞ղն էր անհաջող, տերևնե՞րն էին ստվերում, թե՞… Մեղուները նրան մոտ չէին գալիս, չէին նկատում: Ինչու՞: Ինչու՞: Ինչու՞: Մի՞թե մյուսներից վատն է ինքը, պակաս գեղեցիկ է, պակաս հրապուրիչ: Ծաղկաբողբոջը շփոթահար՝ օգնության ակնկալիքով շուրջը նայեց: Մայրը հազար-հազար զավակի մեջ նկատեց վերջնեկին, ժպտաց.

-Մի հուսալքվիր, -կարծես ասելիս լիներ, -քո հերթը նույնպես կգա: Դու ևս կապրես վայելքը, կմայրանաս, կլցվես, կկլորվես: Բախտիդ համար ապահով մնա, քանի դեռ պորտալարդ չի կտրվել, քանի ինձ հետ ես: Իսկ հետո… Թե ճակատագիրը ժպտա, ու հունդերիցդ գեթ մեկն ընկնի մայր հողի գիրկը, աշխարհ կգաս ծառ դարձած, արմատներդ, թևքերդ կփռես ու, տարի տարվա վրա հզորացած, կխշշաս՝ ի փառս մեր հինավուրց Տոհմի, ի փառս մեր ազնվազարմ Տեսակի:

Ծաղկաբողբոջը երևակայական հայելու առաջ մեկ անգամ ևս պտույտ եկավ և, զուգսեղենում ոչինչ պակաս չգտնելով, զվարթ թեքեց տեսադաշտը փակող տերևիկները: Քույրերից, եղբայրներից մի քանիսը սիրո խոնջենքից հետո թափել էին թերթերը, մի տեսակ ծերացել: Պորտալարերի մոտ նկատվում էին դեղնականաչավուն փորիկները: Մայր խնձորենու բնով իծաշարուկ ելնում էր մրջյունների զորասյունը, կոնքի մոտ բաժանվում ջոկերի, շարունակում ճամփան վեր՝ օգտվելու ճյուղերին, տերևներին կաթած նեկտարից /այդպես երբեմն մարդն է գոհանում այլոց սիրո կռճոնով/: Գրավված թիթեռնիկով՝ նա մի պահ մոռացավ մեղուներին: Այնքա՜ն գեղեցիկ էին նրանք, այնպես թեթև՜ էին թռչում, թևիկներն ասես ծաղկաթերթեր լինեին: Դադարի պահերին, հո, քույրերից, եղբայրներից տարբերել չի լինում: Նրանց վրա, սակայն, հույս դնել չի կարելի. կնճիթները շատ են կարճ՝ սերմնարանին հասնելու համար: Գոնե քամի ելներ: Այդ կերպ փոշոտվելու հավանականությունը թեև փոքր է, բայց… մեկ էլ տեսար:

Երբ արեգը թեքվեց մայրամուտ, ու ժայռի ստվերը երկարելով՝ կտրեց առուն, նա տրտմեց. Մի՞թե, մի՞թե, մի՞թե… Եվս հինգ-տասը րոպե, և ստվերը կհասնի իրեն: Իսկ մեղուներն արև, ջերմություն են սիրում: Նրանք գետնամերձ ճյուղերին էլ մոտ չեն գա: Ինքը ևս առանց կենարար ճառագայթների կկորցնի հրապույրը, հօդս կցնդի նեկտարը, կդադարի բուրել: Եթե ծառի կատարին ծնված լիներ, առաջին իսկ օրը կնկատվեր, կերջանկանար, իսկ հիմա… Գնալով վհատ տրամադրությունն առավել սաստկորեն համակեց նրան: Լավ է, մայրը կռահեց դստեր վիճակը.

-Զավակս, -շշնջաց նա, -մի դժգոհիր ճակատագրից: Եվ հետո՝ «Ինչ իմանաս ստեղծողի գաղտնիքները անմեկին»: Դու համբերիր միայն ու մի նախանձիր մյուսներին: Փափուկ կյանքով ապրելն ամենահեշտն է: Եթե իսկությունը խոսելու լինեմ, քո բախտը, հավատա, բերել է: Մերձությունն ինձ, հողին քեզ օգուտ տալ միայն կարող է: Մեզնից ուժ, խորհուրդ կառնես, կպատսպարվես ցրտից, կարկտից, մարդու, թռչնի հայացքից հեռու կլինես և կդիմակայես գալիք փորձություններին: Դու դեռ չգիտես կյանքում ինչե՜ր են լինում: Մրրիկ կա, որը երբ վրա է տալիս, ոսկորներս ճարճատում են, վշտից, ցավից հեծեծում եմ: Աստված կարկտից հեռու պահի, գալիս է, փշրում մատղաշ ընձյուղներս, հաշմում զավակներիս: Քանի՜սն են աչքիս առաջ զարկվել: Հայոց Հրոտից ամիս կա, դու՛ստր իմ, Հայաստան երկրի արև՝ այրում, կիզում է: Թե ջուրն այդ օրերին պակաս եղավ, պտուղս սեպտեմբեր չի տեսնի: Ա՛խ, ա՛խ.. Հապա անժամանակ ձյու՜նը, մարդը, որ փայտ, քար առած վրա է գալիս… Անուշս, ի՞նչ եղավ քեզ, չասի, որ սրտաբեկվես: Կայծակն էլ է առել ինձ, ու որդը կերել, փոթորիկն է տեղահան արել, կարկուտը՝ ճղակոտոր, ու մորեխն է վրա տվել՝ նեղաչք, տանձագլուխ, բայց, ինչպես տեսնում ես, կամ ու դարձյալ սքանչելի եմ, պինդ, այնպես որ…

Տե՛ս, տե՛ս, դեղնատոտիկ, դեղնափորիկ մեղուն քո կողմն է գալիս: Ասի, չէ՞: Դեհ, ժպտա, ժպտա, բաց սերմնարանդ ու առանց ամոթի, աներկյուղ ընդառաջ գնա նրան: Ապրիր հաճույքը, ճառագիր սիրուց և շարունակվիր ու շարունակիր ինձ՝ ի փառս մեր հինավուրց Տոհմի, ի փառս մեր ազնվազարմ Տեսակի:

Դստրի՜կս…
    
     Արամ Հովհաննիսյան, ԴԱԼՈՒԿ ԱՐԵՎ շարքից

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7746 | 0 | 0
Facebook