Այսօր` մարտի 18-ին, 72 տարեկան հասակում մահացել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Ինչպես BRAVO.am-ին հայտնել են "Նաիրի" բժշկական կենտրոնից, նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ինսուլտ: Մահացել է քանդակագործ Արա Շիրազը BRAVO.am-ը ցավակցություն է հայտնում Արա Շիրազի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին: Արա Շիրազը ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երեւանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է: 1966թ. ավարտել է Երեւանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում: 1968թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է: Նրա աշխատանքները ցուցադրվել են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թբիլիսիում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում եւ այլուր: Նրա գործերից են "Պարույր Սեւակ" (1974թ.), "Եղիշե Չարենց" (1977թ.), "Ալեքսանդր Մյասնիկյան" (1980թ.), "Հովհաննես Շիրազ" (1989թ.), "Տիգրան Պետրոսյան" (1989թ.), "Վիլյամ Սարոյան" (1991թ.), "Վազգեն Առաջին" (2008թ.) եւ այլն: Նրա գործերի մեծ մասը պահպանվում են Հայաստանի Ժամանակակից արվեստի թանգարանում եւ Ազգային պատկերասրահում: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը, 1979թ.` ՀԽՍՀ պետական մրցանակի` Երեւանի "Դվին" հյուրանոցի զարդաքանդակների համար: Եղել է ԽՍՀՄ Նկարիչների միության քարտուղարության անդամ: 1987թ. ընտրվել է Հայաստանի Նկարիչների միության նախագահ: 2009թ. արժանացել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչմանը:
|