Идет загрузка...
Сегодня:  Пятница, 24 Мая, 2019 года

Статьи

Դանիել Վարուժան, Գողգոթայի ծաղիկներ

21:40, Понедельник, 10 Марта, 2014 года
    
    

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ
     Դանիել Վարուժան
     Փա՜ռք սարբինային. Քրիստոս կը պատարագե:
    
     1. ԱՍՏՈՒԾՈ ԼԱՑԸ
     Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին:
     ՌԸՆԱՆ
    
     Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր
     Դեռ Ոչընչությունն այս Տիեզերքին`
     Ես կարծեմ Աստված բան մը կ’որոներ`
     Որ դարման ըլլա տաղտուկի վերքին:
    
     Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն,
     Եվ հոն իրմե զատ բան մը չըգտավ.
     Էություն մ’ուզեց իր Էութենեն.
     Իր Էությունն իր արձագագն եղավ:
    
     Հետո դառնալով, տըխուր և մորմոք,
     Համըր լըռության և կույր Ոչինչին`
     Ան իրենցմե ինչ մ’ուզեց և անոնք
     Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին:
    
     Երբ Անհունն այդպես դատարկ գտավ Ան,
     Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ.
     Եվ Լըռության վրա ու Ոչընչության
     Հուսահատութենեն սըրտաբուղխ լացավ:
    
     Վարն իր արցունքներն ուզածը տըվին`
     Կազմելով մեյմեկ աստղեր երկընքին.
     Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ
     Որպեսզի ստեղծե` հարկ եղավ նախ լալ:
    
     2. ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ
    
     Ո՛վ մատնըված Հիսուս,
     Դու որ փըշապատ գըլուխ մ’ունեցար`
     Գըթա՛ իմ գըլխուս.
     Դերաներդ զայն քարկոծեցին հար
     Եկեղեցիին սալաքարերով:
     Վերքերես բըղխող ըղեըղ կերան
     Իշամեղուներն ամբարըշտության:
     Տե՛ս, մազերուս վրա եղյամն է նըստեր.
     Ես շա՜տ եմ տանջվեր:
    
     Տառապա՛ծ Հիսուս,
     Դուն որ ունեցար արտասվող աչքեր`
     Գըթա՛ աչքերուս.
     Անոնք ավելի արտո՛սր են քամեր
     Քան թե խըմեր լույս: Դագաղներու վրա
     Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շեջ
     Բիբերս են ընկեր վիշտի հորի՛ն մեջ:
     Տե՛ս, կոպերուս վրա աճյուն է ցանվեր.
     Ես շա՜տ եմ տըքներ:
    
     Ապտակվա՛ծ Հիսուս,
     Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ…
     Գըթա՛ ձեռքերուս.
     Ափերս են տաղեր պայտերով հրատապ,
     Եվ մատվըներս, ըստինքներու նման
     Արյունս են կթեր: Դաստերս ճաթած են
     Կըրելեն երկաթ, հողը փորելեն:
     Տե՛ս, եղունգներըս սիրտս ե հոշոտեր.
     Ես շա՜տ եմ խոցվեր:
    
     Թըքնըվա՛ծ Հիսուս,
     Դու որ ունեցար ձաղկըված կողեր`
     Գըթա՛ կողերուս.
     Անոնք աղբյուսի վըրա են պառկեր`
     Եվ վիշտը քունեն ճանչցրեր հաղթական.
     Բուծաներ են միշտ գըրկած Մահը կույր`
     Իրենց քաղցն անոր տալով կերակուր:
     Տե՛ս, փողոցի շուն մ’է կողըս պատռեր.
     Շա՜տ եմ հալածվեր:
    
     Մահապա՛րտ Հիսուս,
     Դու որ բևեռված ոտքեր ունեցար`
     Գըթա՛ ոտքերուս.
     Արյուն սըրսկելով թափառեցան հար
     Ավերակներու եղիճներուն մեջ:
     Զանոնք չըլըվաց ձեռք մը սիարկան
     Ո՛չ մեկ լալկանի մեջ ասպընջական
     Ոտնամաններս կ’հոսին մոխիրներ.
     Ես շա՜տ եմ քալեր:
    
     Ո՛վ խաչված Հիսուս,
     Դուն որ նիզակված սիրտ մը ունեցար`
     Գըթա՛ սըրտիս հույզ.
     Օր մ’որ անոր մեջ բաբախեց աշխարհ`
     Հույսին տեղ այսօր Ոչի՜նչը կ’ապրի:
     Սիրտըս սափոր մ’է, աճյունս` անոր մեջ,
     Զոր պիտի հովե՛րն առնեն մահես վերջ:
     Տե՛ս, տե՛ս, սըրտիս վրա դաշույն մ’է խըրվեր.
     Ես շա՜տ եմ սիրեր:
    
     3. ԼՈՒՅՍԸ
     Դուն կը փայլիս մեծության և զոհագործումին համար:
     ՌԻԿ-ՎԵՏԱ
    
     Կ’երթամ աղբյո՜ւրը լույսին…
     Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին
     Կայծքարերով, ցանկված` մուրտի փուշերով.
     Ուղին շեղ է ճառագայթի մ’հանգունակ:
     Անկե կ’ելլեմ` հենլով դողդոջ ծունկերուս,
     Եվ ծունկերես, զոր գամեցին եղբայրներս,
     Արյունըս տաք կը բըխի:
     Հևքն է` կուրծքիս, թարթիչներուս վրա` փոշին,
     Սիրտըս սափորն է դատարկ,
     Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…
    
     Լույսն աղվոր է, բարձրության մեջ հոսանուտ.
     Խոնարհումին մեջ` արդար:
     Օր մը տեսա էութենեն մաս մը սուրբ
     Մորս հոգվույն մեջ ճաճանչագեղ և ցաթած
     Մեր գյուղակին մեկ վաղեմի հերոսին
     Հողակույտին վրա դալար:
     Միջօրեին` զայն տեսա
     Որ` նըման մեծ թիթեռնիկի մ’ըսպիտակ`
     Կը քալեր գաղջ պատուհանիս քարին վրա,
     Որ մայթերեն կամ աղծապիղծ ճամբայեն,
     Ներողամիտ գըթությամբ,
     Կը հոսեր նոր կըթված կաթի մը պես եղկ,
     Որ իրիկունն, հորիզոնե հորիզոն,
     Կ’երիզանար գետերու պես հակինթի,
     Կամ կը կազմեր, երկինքնեուն վրա խաղաղ,
     Անըրջական ավազաններ, որոնց մեջ
     Կը բռընկեին նունուֆարե կըղզյակներ:
     Զայն ես տեսա՜ և հոգվույս մեջ արթընցավ
     Պանդուխտի տենչ մը անորոշ և լըլկիչ
     Դեպի գավառ մ’անծանոթ, լի արևով.
     Եվ արդ կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…
    
     Լույսն է Մըտքիս հարսը, աղջիկն` Աստուծո.
     Ան գինին է Տիեզերքի բերկրության,
     Որ իրիկուն մը, կողեն դուրս Հիսուսին,
     Հեղեղորեն հոսեցավ,
     Ներումի պես հոսեցավ, վա՛րը, Մեղքին
     Սեղանին շուրջը հավաքված մարդեուն
     Անհուսության ըսկիհներուն մեջ դատարկ,
     Լույսը արյո՛ւնն է բնության,
     Գիշերվան թագն, ու պատմուճանն է օրվան.
     Աստվածային Ակնին է`
     Որ` երկունքի մեջ մեռած մոր մը նման,
     Կը ստեղծե ի վախճանելու ժամանակ,
     Ակնին` հրեղեն բիբերով,
     Որուն հոգին ամեն գարուն կը տրոփի
     Հյուլեին մեջ և մարդկային մըտածման,
     Որուն համար զոհերով դեռ կը մըխան
     Նըվիրական ափերը հորդ Գանգեսին:
     Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…
    
     Լույսը մարմարն է երկնային հանքերուն,
     Որով Արվեստն, անմահական երազով,
     Կը քանդակե ձյունամարմին աստվածներ:
     Իր ծոցին մեջ կը ծընին
     Մռայլ Տանդեներն ու Հոմերները հըսկա,
     Իր ծոցին մեջ իմաստությունը երգ մ’է`
     Զոր գիշերվան մեջ խորին
     Բանաստեղծները կը խըմեն աստղերեն`
     Որ նըվագեն ցերեկվան մեջ` Մարդերուն:
     Ան ամենո՜ւն զինքը կու տա, ամենո՜ւն
     Կը բաժնըվի, և կը մընա անբաժան
     Նըշխարքին պես. ան նըշխարքն է` որ կ’իջնե
     Ամեն առտու, սեղաններուն վըրա մեր,
     Մարդեղության արյունլըվա խորհուրդին:
     Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը լույսին…
    
     Քանի՞ հազար, քանի՞ հազար տարիներ
     Պետք է որ ա՛յսպես քալեմ.
     Քանի՞ անգամ պետք է իյնամ կարեվեր,
     Ճանապարհիս վրա բացված
     Նըպատակիս ժայռափըշուր մուրճերով.
     Չըգիտե՜մ ես. միայն թե, ո՜վ եղբայրներ,
     Ո՛վ խաչ հանող եղբայրներ,
     Թողուցեք զիս ճամբորդությանս մեջ մինակ.
     Ա՛յնքան մինակ և ա՛յնքան լուռ, որ լըսեմ
     Տըրոփը սըրտիս, զոր ընտըրած նըվագս է
     Նըվագներուն մեջեն բյուր.
     Արևով լի և արևները տանող
     Ուղիիս վրա մի՛ սըփռեք
     Ձեր շուքը, մռայլ թևի մը պես ուրուրի:
     Եվ ոչ ալ զիս կանչեցեք
     Խընճույքներուն ձեր զըվարթ`
     Ուր ***ությունը կը զարնե նվագարան:
     Ընդունա՜յն է խոստանալ
     Սըրտիս կույսեր, սիտըս սափորն է դատարկ
     Ու ես կ’երթամ դեպի աղբյո՜ւրը Լույսին…
    
    
     4. ՏՐՏՈՒՆՋՔ
     Եղիա Տեմիրճիպաշյանին
    
     Տրտում է անձն իմ մինչև ի մահ.
     Հիսուս
    
     Այս իրիկուն լալագին, ո՜վ սիրելի Եղիա,
     Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել:
     Իմ վիշտըս դուն կըրեցիր, դուն կըրնաս զայն հասկընալ`
     Մարդիկներե ծանակված մահաբաղձիկ տրտմությունս
     Հանճար մը լոկ իր գութով կրնա վայրկյան մ’ըսփոփել:
     Ես չեմ ցանկար` քու սիրույդ ըլլալով պահ մ’արժանի`
     Անմահությանդ նշույլն իսկ մեռած սրտիս մեջ կըրել,
     Իմ կյանքս է լուռ մըխանքին, և մահըս ալ Ոչինչին:
     Երբոր բաշխել ուզեց Տերն իր գանձարանն երկնաճոխ
     Տաղանդներուն տվավ աստղերն, և արևն ալ հանճարին,
     Բայց սընափառ իմ ճակատս արտախուրել ուզեցի
     Ասուպներով` որոնք պահ մը շողացին ու մեռան
     Մեռան անդա՜րձ. բայց այսօր կը համառիմ հավատալ
     Թե ջախջախված լարերես և աճյունես գերիվեր
     Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսահատությունըս անմահ:
    
     Տե՛ս, գարունեն ես կու գամ, հայրենիքեն վարդերու.
     Օր մ’իմ շիրմիս առջև ալ մայիսն առույգ ծաղկեցավ.
     Աղավնիներս ըսպիտակ ավազանիս եզերքին
     Համբուրվեցան կարմրագեղ կտուցներով տարփահեղձ.
     Բայց տառափանքն անպատում շիրմաքարի մը պես սև
     Փակված էր սիրտըս ընդդեմ գարնանային ավիշին.
     Ու մայիսի վարդերեն ճակատիս շուրջ լոկ մընաց
     Փըշյա պըսակ մը խըրված մինչև ըղեղս արյունլվա:
     Դուն որ օր մը, ո՛վ Հընդիկ, բռնված ցավեն հանճարիդ
     Ծովակին մեջ Մոտայի, բուրումներով առլըցուն,
     Անհայտանալ ուզեցիր բուստերուն տակ լուսաշիթ,
     Բնավ երբեք չըտեսար` թե ինչպես շուրջըդ փարթամ
     Կը ծիծաղեր բընությունն, աքասիաներն եզերքին
     Կը ձյունեին ծաղիկներ անդունդներունվրա ծըռած.
     Ծիծառը դուն չըլսեցիր` թևն ալիքին թաթխելով`
     Երբ տափագին կը կանչեր քեզ վիհերու թովչանքեն
     Արևուն տակ փայլակող աստվածային խընճույքին.
     Չըխորհեցար դուն բընավ` թե կ’արժե՛ կյանքը ապրիլ,
     Կ’արժե նայիլ աստղերուն, և մըտածել Աստուծո,
     Կ’արժե՛ տալ սիրտ մը քընարին, և հետո զայն կըտակել
     Անմահական դարերու` քանի մը պարզ թըրթռումով:
     Այսպես ալ, ո՛վ Եղիա, կըրնաս դուն լավ հասկընալ
     Թե ա՜հ, ո՛րքան ահեղ է անցնիլ կյանքի գարունեն`
     Եվ միմիայն աչքերու մեջ արտասուք ունենալ,
     Քղանցքըդ քըսել վարդերու, ճակատըդ հըպել դափնիի,
     Եվ հուսկ վերքերը կըրել եղիճներուն դավադիր:
     Քեզի պես ես ալ նըստա ծովակներու ափունքին,
     Կամ նավեցի լըճին վրա բուրումնավետ իրիկունն,
     Բայց դեռ չըմպած անդորրանքն` անդունդը ես չափեցի,
     Եվ մաղթեցի որ մակույկն իսկույն դագաղըս ըլլար
     Եվ բըռնաշունչ մըրըրկե մ’Անծանոթին ծոցն հասներ:
    
     Սակայն կ’արժեր դեռ ապրի՜լ… ու փորձեցի ես սիրել.
     Սըրտիս տրոփյունն զգալու համար` կուրծքի մը փարիլ:
     Դուն չըրի՞ր նույնն, Եղիա՛, երբ հընդիկի փոստիդ վրա
     Կու գար նըստիլ Սըրբուհին և դրած գըլուխը ծունկիդ`
     Մըրըրկաշունչ նըվագներդ հրեշտակի պես կ’ունկնդրեր.
     Երբ դուն բուի աչքերով կը կարդայիր Ռիկ-Վետան`
     Անշուշտ գըտար իր գըլխիկը ավելի շնորհագեղ
     Քան թե լուտասը ծաղկած Մայայի լույս ծոցին մեջ.
     Ու երբ մազերն հորդառատ ջրվեժի պես թափեցան
     Գիրքիդ վըրա` անոնք քեզ հիշեցուցին անպատճառ
     Խորախորհուրդ ծըփանքներն անտառներուն հնդկական:
     Բայց օր մըն ալ Սըրբուհին հիացումին մեջ հոգնած`
     Մըտքիդ թըռիչն անհունին մեջ դիտելեն ձանձրացավ,
     Եվ չըհասավ համբուրել վըսեմ ճակատն արևուն.
     Ո՞ր գիրգ տատրակը արդյոք ատակեց ձուն արծիվին
     Թևերուն տակ ամփոփել, տալ կենդանի ջերմություն.
     Ո՞ր կընոջ սիրտը կըրցավ հանճար մ’ընել բարեբաստ:
     Սե՜րն ու հանճա՜րն` ըլլալով զույգ հաստիչներն Աշխարհի
     Երանության նպատակին բըռնակալներն են անհաշտ,
     Մին մըտքերու փոթորիկ, և մյուսը կրակ սըրտերու,
     Մին աստըղներ կը ստեղծե, կու տա մյուսն անոնց հուր,
     Տիեզերքի բարերար և իրարու ախոյան,
     Մեկըզմեկու արյունով անոնք Մեծե՜րն են ծըներ:
     Ա՜խ, բանաստե՛ղծ, ի՜նչպես քեզ պատմել եգերգը սերիս.
     Հիշելը զայն` վերըստին արյունիլ է ինձ համար:
     Ի՞նչպես ըսել թե ես ալ պաշտեցի կին մ’հրաշագեղ.
     Անոր հեղեղ մազերուն վըրա, քընար բյուրեղի,
     Մատերըս սեր նվագելով մեղրամոմի պես ծյուրան.
     Ամբողջ տարի մը նար բիբերու խորն ընկըղմած`
     Արյունթաթախ թըռիչներս արբշըռությամբ պարզեցի`
     Անեզրության մեջ ո՛րչափ ո՛ր կարելի է պարզել:
     Ամբողջ տարի մը եկավ աշխատության խուցիս մեջ
     Քնարիս լարերն հարդարել ու դըրած գլուխը կուրծքիս`
     Մեծ գաղտնիքներն երգերուս սըրտիս խորունկը փընտռել:
     Այն ատեն իր հետ դըռա՛նըս ծերպեն ներս ժըպտեցան
     Գարուններ բյուր դարերու, անցյալ վարդերը առույգ.
     Իսկ սըրբենի տատրակներն մեհյաններուն հինավուրց
     Վերադարձած ձեղունիս գերաններուն մեջ մըրոտ
     Տարածեցին եղկ հոտերն իրենց ճերմակ բույներուն:
     Սոսափն անոր քըղանցքին դեռ ըստորին սանդուխեն
     Տըվավ սըրտիս բաբախել և արյունիս պըղպըջալ.
     Ու պահ մը ես ըզգացի թե զըվարթուն մը կու գա
     Դուռիս մեջեն ավետել թե երջանիկն եմ երկրիս:
     Սակայն ի զո՛ւր մեր տարփանքն անմահանալ խոստացավ.
     Խիստ գգվելեն ա՛լ մեռած է թիթեռնիկն ափիս մեջ:
     Ի զո՛ւր անոր ծոցին մեջ դըրի գըլուխըս կոշկոճ,
     Եվ կուրծքիս տակ կանգ առնելն հավերժության ըզգացի
     Ի զո՛ւր ճապուկ թևերուն մատնեցի վիզըս հըլու.
     Ու գըլխիկոր պաշտեցի դավադրությունն իր սերին.
     Նեկտարաբուղխ բաժակին տակ` զոր առի հույր ձեռքեն`
     Իժ մը ծվարած մահվան թույն ատամներեն կը հեղուր:
     Ան կը դըրժեր, ու դըրժանքն համբույրը իր կը ծածկեր.
     Սիրտը` զոր ես բացի օր մ’ուրիշ բալլիք մ’էր կըղպած:
     Մինչ գլուխն իր ծունկիս դրած` կը սևեռեր նայվածքն իր
     Անծանոթի՛ մ’հոգվույն մեջ` որուն վըրա կը խորհեր:
     Եվ օր մ’ալ ես, ո՛վ վայրկյան հոգեվարքի պես տըխուր,
     Երբ լուսաբուղխ պորտին վրա ինկած` կասկածըս լացի`
     Տեսա որ փորը խայտաց գաղտ ծիծաղով մը խենեշ`
     Բերնիս վըրա համբույրն իր ուրի՛շ համբույր մ’համբուրեց.
     Սիրտը սըրտիս վրա ուրիշ սըրտի մ’համար բաբախեց:
     Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ`
     Իր մարմինեն ես օտար անկողինի մ’հոտ առի:
     Ամայությանմեջ հոգվույս հընչեց մըռունչ մ’այն ատեն.
     Որուն անմահ արձագագն է այս քերթվածն, Եղիա՜:
     Կինը լըքեց զիս հավետ, և աղմուկն իր քայլերուն
     Վիշտս հեգնելով հեռացավ փողոցներուն ընդմեջեն:
     Սարսափահար իմ սըտես և խուցես դուրս նետվեցա:
     Ապրիլ ամիսը մինչև շիրմիս վերև կը ծաղկեր.
     Գերեզմանատան լայն ուղին նոճիներուն մեջտեղեն
     Մարեմխոտի բույրերով քայլիս առջև կ’երկըննար:
     Այն ատեն ձայն մը կյանքիս ավերակեն լըսեցի`
     Որ ըսավ.– «Գնա՛ թափառիլ ոսկորներուն մեջ փըտած.
     Գարունն ի՛նչ փույթ, երբ չ’ըլլար սիրտըդ ծիծառը անոր:
     Վարդերն ի՛նչ փույթ, երբ միայն կրնան վերքերդ հիշեցնել.
     Գընա՛, անշուշտ կը գտնես փոս մը փորված ու պատրաստ,
     Եվ հողը վրադ լեցնելու ո՞ր կինը բնավ չի փութար:
     Մահվա՛ն համար մենք կ’ապրինք, բայց ա՛ն է լոկ երջանիկ,
     Որ մահվան որս կը տանի ավելի՛ նվազ գարուններ»:
     Ես այդ ձայնին ունկընդիր շիրիմներուն փութացի,
     Բայց դատարկ փոս չըգտա` որ խոնջ գըլուխըս թաղեմ.
     Նահատակնե՜րը զանոնք էին բոլոր լեցուցած:
     Գուցե ես վա՛տ մըն էի. ուզած էի սոսկ ապրիլ
     Սըրտի՛ս համար սեփական, զայն լեցընել բերկրանքով`
     Երբ ան արդեն ճաթա՛ծ էր արցունքներուս կըրակով:
     Թերևըս զիս ուրիշի՛ն համար բախտն էր սահմանած,
     Եվ իմ կյանքիս նըպատակն էր ուրիշ կյանք մը գուցե:
     Ու ես խաչիս վըրայեն խաչված Մարդուն նայեցա.
     Ինչպես դուն իքըդ ըրիր, բազմաչարչա՛ր Տեսանող,
     Երբ զոհի պես, Մեշճիդիդ չորս պատերուն մեջ կանգուն,
     Հոսեցուցիր բամբռահար աստեղնահուպ մատերեդ
     Սըրտիդ երգերն – ինչ կ’ըսեմ – սըրտիդ ծովերը` բոլոր
     Եղբայրներուդ ճակատին շըղթայի պես ողջակեզ:
     Եվ որպեսզի կըտակես սերունդներուն ապագա
     Վըշտախոս քնար մը թըրթռուն` սարսուռին պես մըրրկին`
     Զայն հանճարեդ իսկ առաջ` վըհատությամբըդ օծեցիր:
     Անհույսներուն անոր հունչն արդ քույր մըն է ըսփոփիչ.
     Ոմանք անով կ’ամոքվին, կ’օրինակեն ոմանք զայն.
     Բայց ա՛ն միայն կը զորե երգը երգիդ դաշնակցել`
     Ո՛վ որ կ’ըզգա թե սիրտն իր Տիեզերքին առանցքն է,
     Եվ արյունլվա գըլուխն իր Նիրվանային կը դիպչի:
     Նըվիրվի՜լ պետք է ինծի. ու ես տեսա այն ատեն
     Իմ վերքերես ավելի՛ խորունկ վերքեր ու ցավեր.
     Կը մորթեին Ժողովուրդ մ’որ առած մուրճը ձեռքին`
     Սա կավեղեն դարուն վրա կը նետեր դարը մարմար:
     Այն ժամանակ վհատ հոգիս կայծակներով պընդեցավ.
     Ու լեցվեցավ ամբուռքով դատարկությունը սըրտիս.
     Կամքս նվաճված իմ ցավով` կազդուրեց ցավն ուրիշին:
     Ժողովուրդ մ’ես ըզգացի` որ լանջքիս տակ կը տրոփեր.
     Աստված մը, ո՜հ, եկած էր քաոսիս մեջ բընակիլ,
     Եվ խորն հնոցիս` որ դատարկ էր սերերեն եսապաշտ`
     Նետեց անմահ Գաղափարն, ոսկեփըրփուր եռեփեց.
     Ա՛լ հոն էի` ուր մըրոտ խըրճիթներուն մեջ մարդիկ
     Կ’անիծեն լույսը վաղվան` որ պիտի հանկարծ սառի
     Իրենց քաղցեն նըվաղկոտ բիբերուն մեջ մահաբաղձ.
     Այնտե՛ղ էի` ուր բանվոր բազուկներ հանք կը պեղեն,
     Կը բանան ծոցն ոսկիին, և չարադեպ վըտանգով
     Գերեզմաննին կը գըտնեն, ունենալով զերդ պատանք,
     Պատառ պատառ շապիկնին պանդըխտորեն քըրտնաթոր.
     Այնտե՛ղ էի` ուր բախտին խորթ զավակները համուռ`
     Ապրելու մեծ ու արդար իրավունքին ի խընդիր`
     Բըռընկցուցին կատարներն ոստաններուն ցասումո՛վ:
     Փողոցներեն գրոհն իրենց` եղավ արշավն ամպրոպին`
     Որուն ճակտին ճայթեցավ խոսքըս նըման կայծակի.
     Հառաջ մըղեց կամ զըսպեց, մըխիթարեց կամ սաստեց,
     Եվ ամբոխին արգանդեն ճառագայթներ պոռթկացուց:
     Օ՜, խրոխտ զարկերը Եսիս միլեոններու սըրտին մեջ.
     Օ՜, շանթակուռ բազուկս իմ որ կըրակներ տեղացուց
     Ծովածավալ մարդերու գըլուխներուն վրա` ամբարձ.
     Օ՜, խոյացումըս վարազ` ամբոխներուն ուսին վրա.
     Ես ժողովուրդը հեծա նըման ձիու մ’ամեհի,
     Եվ լուսաղբյուր բիբերս իմ Նպատակին սևեռուն`
     Մըրըրկավար քըշեցի զայն գահերուն վըրայեն.
     Մերթ խոցեցի խթաններովս հըրաբորբոք կողերն իր,
     Մերթ մատերովս քընքույշ բաշերուն ուղխն օծեցի
     Մըտրակիս տակ ծառացած` երեք տարի ան վարգեց
     Օրենքներուն բըռնակալ ավերակին ընդմեջեն.
     Երեք տարի գանկերուն մեջ պայտերն իր թաթախեց,
     Եվ արյունի խոշյունով լանջքին այրիլն ան ըզգաց:
     Բայց օր մ’ալ խեթ եղավ ձին և խարազանըս խոտեց,
     Ու տակավին Փըրկության կատարին վրա ադամանդ
     Վըրընջյունն իր չարձակած` ահիպարան ոստումով
     Զիս վար նետեց գավակեն, ժայռին դեմ կողըս պատռեց:
     Եվ ահա, ո՛վ Եղիա, Նիրվանայիդ դըրան դեմ
     Արշավանքիս արյունն է` զոր ճակատս իմ կը դրոշմե:
     Ազատության սահմանված ազգը մընաց անմըտրակ.
     Ծառացումին մեջ հոգնած, ընտրեց սողալը անարգ
     Եվ որպեսզի ավելի ըստըրկության մեջ հեղգա՛
     Օձի շապիկն ըզգեցավ, խըլուրդին խուղը մըտավ.
     «Ի՜նչ փույթ, – ըսավ, – իմ կարթերս ապաժուժի մեջ թաթխել
     Լավագույն է տերերուս հըղփանքին սայլը քաշեմ.
     –Սայլ ո՛չ անբիծ մարմարով, ոսկի աղբով բեռցըված –
     Ի՜նչ փույթ, – ըսավ, – արևուն տակ քըրտընիլը ազատ,
     Ոտքիս շըղթան արգելք չէ` որ ես երբեմըն վերցնեմ
     Գանգուրներուն վրա ***իս գինվո բաժակըս փըրփրուն»:
     Ու, Եղիա՜, օր մը ես աստվածային հպարտությամբ
     Նախատինքիս եղիճով բաժակը այդ պսակեցի:
     Վարժ չեղավ ձեռքս սեղմել ձեռքն` որ տըրմուղ զենքերու`
     Ժանգոտ դըրոշմը կըրեց շըղթաներուն կամակիր:
    
    
     4. ՏՐՏՈՒՆՋՔ
    
     Լա՛վ էր այրույթն ամբոխին, տոնախըմբելը վատթա՛ր.
     Ու շանթերես վերջ ժըպիտս անոր դեմքին չըցաթեց:
     Եվ երբ անոնք իմ փառքիս համար դափնի հյուսեցին`
     Ես քամակիս ապառաժն անոնց շընթման դարձուցած`
     Հեռացա, հյուղըս մըտա, մարեցի հույսըս վերջին
     Ու պապակովը մահվան, Հընդի՛կ, քեզի՜ ձայնեցի:
     Այժըմ ընդդեմ Բընության, և՛ Նըվիրման, և՛ Սերին
     Դըռներս պինդ փակած եմ և վհատությամբըս կընքած:
     Լուսամուտներս հյուսված են բաղեղներով տըրտմական`
     Ուր վաղեմի բույնին մեջ չի՛ գար ծիծառն ալ երգել.
     Լուսինն ինծի չըհասած դուրսն որմիս տակ կը մեռնի,
     Եվ կը կոտրի փեղկերուս մեջ սյուքին թևն անուշակ,
     Ես իմ կյանքես հալածված` խավարին մեջ կ’արտասվեմ.
     Այժըմ հողին քացն ունիմ. ծարավ ունիմ Լեթեին.
     Եվ օդն` երակըս շարժող, և լույսն` աչքերս կիտվածող
     Ես կ’անիծե՜մ… և ահա խելահեղված կը զարնեմ
     Նիրվանայիդ աստղահեռ դուռն, ու շեմն իր կը կըրծեմ:
     Դեռ ապրի պե՞տք է, Ատո՛մ, հուս’հատությունն աննվաճ
     Ոսկի կըռվանն ոտքերուս երբ փոխած է մըղեղի.
     Սընուցանել հա՞րկ է դեռ այս փուճ մարմինն` հակառակ
     Սրտիս անմեռ սադրանքին, որ մահվան լոկ կ’ունկընդրե:
     Ո՛վ Տեսանող, թե ունի երջանկությունը գաղտնիք,
     Թե կըրնամ ես պընդանալ մտածումով մ’անծանոթ,
     Վերքերս օծել նոր աստղի մը մեղրակաթ շողյունով,
     Ըսպիանալ թե կըրանամ, թե կըրնամ ես զըմըռսվիլ,
     Հայտնե՛ ինծի… Սակայն դու աստվածորե՜ն կը լըռես.
     Լուսացայտ մատըդ միայն ինձ ցույց կու տա զոհանվեր
     Պարանը սուրբ` զոր քու մահդ իմ վախճանիս կըտակեց.
     Կը հասկընամ թե անոր շուլլվելով է միայն
     Որ սիրտս ըսփինքսը կ’ըլլա, վիշտըս գաղտնիքը անոր
     Եվ ես զոհի մը ցընթող ճենճերին պես կը հասնիմ
     Նիրվանայիդ և քեզի, հավերժակա՜ն Հանգիստին…
    
     5. ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ
    
     Յաղթանակի գիշերն է այս տօնական.-
     Հարս, եղ լեցուր ճրագին:
     Պիտի դառնայ տղաս կռիւեն յաղթական.-
     Հարս, քիթն առ պատրույգին:
    
     Սայլ մը կեցաւ դըան առջեւ, հորին քով.-
     Հարս, վառէ լույսը ճրագին:
     Տըղաս կուգայ ճակատն հըպարտ դափնիով.-
     Հարս, բեր ճրագը շեմին:
    
     Բայց...սայլին վրայ արի՞ւն եւ սո՞ւգ բեռցեր են...
     Հարս, ճրագդ ասդին երկարէ:
     Հերոս տղաս... հոն զարնուած է սըրտէն.-
     Ախ, Հարս, ճրագըդ մարէ...
    
     6. ԽԵՂԴՎԱԾ ՄԻՋԱՏԸ
    
     Գարնան բույրերեն արբշիռ` ինկար դուն
     Աչքիս մեջ` որ քեզ ծով մ’եղավ անհուն:
     Ափունքի մը հույսով ի զուր լըլկեցիր
     Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա`
     Որոնց տակ կ’ապրեր ցավը դավադիր,
     Ցա՛վն` որ քեզ ճըմռեց, ըրավ հեղձամահ:
    
     Հետո կոպս իջավ վըրադ` ամպի պես`
     Եվ բիբըս հոգվույս լույսով ողողված,
     Գերեզմա՛նդ եղավ: Նույն արցունքն ըզքեզ
     Ըսպաննեց, և նույն արցունքը ողբաց:
     Դուն հետաքըրքիր մեղքըդ քու մահով
     Քավեցիր, ես իմս` ակամա լացով:
    
     Գիտեմ թե քեզի եղավ ո՜րքան վիշտ
     Լուծվիլը հեռու կառերուն ծոցեն`
     Որոնց շուրջն ուրախ կը բըզզայիր միշտ`
     Կարծելով երգիդ ականջ կը դընեն
     Իրերը բոլոր, կամ քուկըդ է արփին
     Եվ տարափներուն մասրենին նըրբին:
    
     Եվ քուկըդ կ’ըլլար տիեզերքն անհուն`
     Երբոր կ’իշխեիր հորիզոններուն
     Մրըրկին թևին վրա: Ո՜վ կյանք երջանիկ,
     Կ’անցնեիր ծաղրով կարծես անտառին
     Գոռ ծըփանքներեն, երբ շուրջըդ` քաղցրիկ`
     Խիժոտ գիհերեն հար կը խընկեին:
    
     Բայց, ավա՜ղ, բախտիդ մարդն էր աչք տընկած,
     Եվ ահա քեզ այդ աչքին մեջ որսաց:
     Հոն մեռար: Վերջին բըզզյուներդ ողոք
     Մըտերիմ զեփյուռ մ’ի զո՜ւր կանչեցին
     Մահվանդ օգնության. ան չեկավ. ո՛չ ոք
     Իշխեց մոտենալ մարդկային աչքին:
    
     7. ԲԱՆՎՈՐՈՒՀԻՆ
    
     Պատուհանիս տակեն, ամեն առավոտ,
     Ուրվականի պես կ'անցնիս.
     Եվ կուսագեղ գլուխդ միակ կ'արտասվե
     Տերևաթափ վարդենիս:
    
     Լուռ թաղին մէջ կը լսեմ քայլդ, ու զարթնող
     Շունն՝ որ վըրադ կը հաչե՜.
     Կամ կը լսեմ քունիս մեջեն ձայնն հազիդ՝
     Որ ծոցդ աղվոր կը տանջե:
    
     Եվ կը խորհիմ թե քընատ ես և նոթի,
     Իրանդ հովեն կը դողա.
     Եվ կը նըստի գանգուրներուդ վըրա, քո՜ւյր,
     Եղյամն իբրև շափուղյա:
    
     Կամ մուճակներ են պատըռված, փողոցին
     Ջուրն անոնց մեջ կը ճողփա.
     Կամ ետևեդ շըվայտորեն կը սուլե
     Սըրիկա մը անոպա:
    
     Ես կը խորհիմ թե, տան մեջ, մայրդ է հիվանդ.
     Ցամքած է ձեթն ալ ճրագին.
     Ու դուն կ'երթաս գործատան մեջ աշխատիլ
     Լույսին համար ու կյանքին:
    
     Ես կը խորհի՜մ – և խենթի պես կը բաղձամ
     Վար իջնել, քո՜ւյր դալկադեմ,
     Քո՜վըդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
     Եվ հը****. – Քեզ կը սիրեմ: –
    
     Կը սիրեմ վիշտդ՝ որ իմ վիշտս է գերագույն,
     Կը սիրեմ կուրծքըդ քանդված՝
     Որուն մեջ դեռ կը համառի Սերդ երգել
     Արտույտի պես սըրարբած:
    
     Կը սիրեմ քու անոթույունդ ու ծարավդ,
     Եվ ոսկորներդ ուժասպառ.
     Ես կը սիրեմ կույս աղիքներըդ ցամաքած,
     Մազերուդ սուգն՝ ուսեդ վար:
    
     Եվ ես կ'ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
     Տատրակի պես տարագիր,
     Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
     Եվ ազգանունս անբասիր.
    
     Կուրծքըս վահան ընել կուրծիդ նըշավակ,
     Եվ քողն ըլլայ պատիվիդ,
     Գրանիտե բազուկիս տակ պաշտպանել
     Սեռըդ ու գեղդ անժըպիտ:
    
     Կ'ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըվավ,
     Ինչ որ խլեցի մարտերով,
     Քեզ պըսակել արյունիս գույնն ունեցող
     Հաղթանակիս վարդերով:
    
     Միայն թե դուն չըլլաս դըժգույն ու քաղցած,
     Արևուն տակ չըհազաս,
     Մորըդ վերև չըմարի ճրագն, ու, – ո՜վ քույր, –
     Դուն գործատուն ա´լ չերթաս:
    
     8. ՄԵՆԱՎՈՐ
    
     Դեկտեմբերի պայծառափայլ իրիկուն.
     Երկընքին տակ, ադամանդի նըման ցուրտ,
     Ուղեկորույս հովը կ’անցնի մայելով:
     Վըճիտ լույսերն աստղերուն
     Արյուն կու լա սառույցին վրա լճակին:
     Հոգիս կառչած մըտածումի մը համառ`
     Կը սպասե գոց պատուհանին ետև լուռ…
     Չեկա՜վ. – «Եվ ա՛լ պիտի չըգամ», – ըսավ ան:
     Որբ շեմիս վրա մըխիթարիչ քայլն անոր
     Պիտի բընավ չըծաղկի. և դեռ հոգիս կը սպասե՜:
     Ի՜նչ մենավոր սենյակ, ի՜նչ կյանք մոռացըված.
     Հիշատակի մեջ հանկարծ կը փըղձկի
     Սիրտըս տըրտում… Կը փըղձկի՜…
     Ըզգացումներն հանկարծ կուլան մութին մեջ,
     Քաղցըր, տըրտում, անհագո՜ւրդ:
     Եվ կը խըմեն շրթունքներես
     Արտասուքներս հոսանուտ:
     Ո՜հ, ի՛նչ ցուրտ է հոս, Տե՛ր իմ.
     Հանգեր է կայծը վերջին
     Կըրակարանիս մեջը քամի՜ն կ’ողբերգե:
     Կը զգամ եղյամն այս թողլըքված խուցին մեջ,
     Որ մազերուս վըրա սև
     Ձյունասպիտակ ծաղիկներն իր կը բանա.
     Բոլոր աստղերն, երկինքեն վար սառնաշիթ,
     Օրհասական յուղն օծման
     Ճակատիս վրա կը հեղուն:
     Կահերուն տակ թաքթաքուր
     Ամեն վայրկյան մութն ավելի կը բարդի,
     Կը տարածե անկողինիս վրա արդեն
     Դամբանական ծածկույթը իր սևաշղարշ:
     Ո՛հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն
     Լամբարիս լույսը մատնիչ.
     Վարագույրիս ժանյակներեն կաթկըթող
     Լուսնկան բա՛վ է ինծի:
     Մարդիկներուն շըռայլորեն տալե վերջ
     Ավյուն և սեր, ծաղիկներն իմ էության,
     Գըտնել զանոնք միշտ ծանծաղ,
     Գըտնել Աստված միշտ ըսփինքս
     Ոչնչությունը պըճնող,
     Եվ հեռացվիլ այն սիրելի էակեն`
     Որուն թարթափը կոպերուն կը բավեր
     Արծարծելու համար կրակներն արյունիս,
     Միսիս ճենճերն, սըրտիս բուրվառն հոտևան,
     Հիմա, ավա՜ղ, ի՞նչ կը մընա ալ ինծի.
     Մոխի՜ր, մոխի՜ր, և ավերա՜կ. և նույնիսկ
     Խորունկ սոսկում մ’իմ իսկ անձիս նայելու:
     Ո՜հ, չեմ ուզեր, ես չեմ ուզեր այս ժամուն
     Լամբարիս լույսը մատնիչ:
     Երբ ա՛լ դատարկ է հոգին
     Ահավոր է տեսնել հատակը անոր:
     Փլատակներուս կանգուն մնացած կատարին
     Լուսնին ոսկի ծեփող մեկ շողը բա՛վ է:
     Ես չե՜մ ուզեր լամբարիս լույսը մատնիչ.
     բայց լուսինն ալ, ավաղ, լուսինն ալ ահա
     Հո՛ն, դըրացի երդին ետև ծածկվեցավ:
     Հովը կու լա, կը կաղկանձե, կը թըռչի:
     Կրակարանիս մեջ պաղեր է մոխիրն իսկ:
     Հովը կ’ոռնա… հովը բացավ մեղմորեն
     Պատուհանիս փեղկը հին:
     Ո՜հ, ո՜վ Տեր իմ, ո՜վ Տեր իմ,
     Չայցելված ասյ սենյակը ո՜րքան ցուրտ է.
     Արցունք մ’ահա մարգարտի պես սառեցավ
     Ծայրին վըրա թարթիչիս,
     Եվ սիրտըս դեռ տըրտո՜ւմ տրտո՜ւմ կը փըղձկի:
    
     (


    


     9. ՄԻՋՈՆ
     Երիտասարդներուն մահը նավաբեկության մը կը նմանի
     ՊՂՈՒՏԱՐԳՈՍ
    
     Պատանի էր, հովերուն, ալիքներուն մեջ մեծցած,
     Իր հայրենիքն օվկիանն էր, և նավը իր օրորոց:
     Քամին հավետ կը լիզեր կուրծքն արևեն թըխացած.
     Նըստած էր ա՛ղը ծովուն ճակատին վրա քրտնազօծ:
    
     Միշտ ծըխամորճը բերնին մեջ կ’աշատեր անխըռով.
     Նավը բոպիկ կը լըվար, կայմին կ’ելլեր ժիրաժիր.
     Վեր կը քաշեր շանաձուկն` անոր քիթեն որսալով.
     Եվ ամբարի մուկերուն կու տար երբե՛մըն նախճիր:
    
     Ան մի առ մի կը ճանչնար աստղերն իրենց առաջնորդ.
     Կարծեմ նույնիսկ լըսած էր թընծկալն երկու Արջերուն:
     Ան կը ճանչնար լուռ դավերն ալիքներուն քինահորդ.
     Եթե անգամ մ’ականջ տար Շընիկ աստղին հաչելուն:
    
     Ան կըսիրեր ջուրին վրա երբ որ խարիսխ կը նետեր`
     (Ուր Միջոն սև բիբերով բոպիկ աղջիկ մ’էր սիրած)
     Արագաճեպ կը մագլեր թըռչարանեն դեպի վեր.
     Կը տընկեր դրոշն, հովերո՛ւն ճակտին մազերը տըված:
    
     Ու կայմեն վար հեղեղվող պարաններուն մեջ ծըփուն
     Ան կը լողար… ի՛նչ ճապուկ ճախրեր կ’ըներ այդ տղան.
     Մերթ կը սողար օձի պես, մերթ փորձելով վիհն անհուն,
     Թըռչարանին ճիշտ ծայրին կը թառեր ան բուի նման:
    
     Չըվաններուն գաղտնիքներն ո՛չ ոք կար իր չափ լուծող,
     Անոնք իր իսկ մատերուն կարծես ջիղերն ըլլային:
     Երբոր քամին կը հուզեր լարերը այդ լուսացող`
     Երգովն անոնց կ’արբենար, կը վերանա՜ր լուսինին:
    
     Վե՜րն էր դարձյալ, երբ շանթեց օր մը մրրիկն ախերոն.
     Նավուն ներքև կատաղի ցուլի պես ծովը խոպաց,
     Եվ ամպրոպի մ’հարվածով կոտերցավ կայմն, ու Միջոն
     Գըլորեցավ աստղերեն` անդունդի մեջ լայնաբաց:
    
     Անհունի՜ն էր միացած մասնիկը այդ Անհունին…
     Բայց երբ մարմինը դըպավ խարակներուն թըխերանգ`
     Դըժբախտ Միջոն ցանկացավ, հառած աչքերը նավին,
     Խուսող ճերմակ առագաստն… իր դիակին գեթ պատանք:
    
     10. ԴԱՇՏԵՐՈՒ ՏՂԱՆ
    
     Ուշ ատեն դուն որ կը թողուս ա՛լ մարմանդ
     Սիրտըդ` սըրտին, ձեռքըդ` ձեռքին մեջ մորկանդ,
     Պահ մը կանգ առ, ո՛վ մանուկ.
     Վեր վերցուցած ծաղկալի փեշդ` որ ինծի
     Ցույց կու տա մերկ սրունքներըդ գույն բըրընձի,
     Թո՛ղ, բա՛ց թևերըդ փափուկ:
    
     Գըրկե՛ հոգիս. ես օտար չեմ. չե՞ս տեսնար`
     Որ բացած է Բնությունը, մեր Մայրն արդար,
     Իր մատերով բոցագույն`
     Սիրտըս` ամենուն. սերս ամենուն կ’հոսի դեռ,
     Սերս` որ ոսկի ճանկ մը կ’նետե վարեն վեր,
     Ծաղիկներեն` աստղերուն:
    
     Քեզ գըրկելու տենչ մ’հոգվույս մեջ կ’հոսի,
     Դաշտերո՛ւ տղա. չէ՞ որ եղբայր եմ քեզի
     Մեր Մայր-Բնության կողմանե:
     Բուրումներուն մեջտեղ գարնան դաշտերուն,
     Կամ բլուրին վրա – ծաղկե՜ բագին – մեր անհուն
     Տիրոջ մեր զո՛հը նույնն է:
    
     Քեզմե` սըրտիկդ, ինծմե` քընարս: Ո՛վ հոգիս,
     Ճակտիդ համար համբույր մ’ունիմ շըրթունքիս.
     Այդ համբույրովս հոգեծին`
     Կը ցանկամ որ – իղձ` զոր մեկո՛ւն դեռ չըսի –
     Գեթ պահ մ’հոգիդ իմ հոգվույս մեջ սուզի
     Ինչպես կարապը` լիճին:
    
     Խոշոր աչքերըդ` որոնք մեն մի թարթափեն`
     Զիս իրենց մեջ կը նըկարեն ու կ’ավրեն,
     Շուշան ճակատդ որ մերին
     Ճակատներուն ցոլք մը հավետ կը ձըգե,
     Բերա՛նդ, այտե՛րդ արդյոք դաշտի ի՞նչ ծաղկե
     Կամ ի՞նչ խունկով երկնային
    
     Հորինված են: Եվ քու հոգիդ փողփողէջ`
     Ինչպես կայծոռը վարդենվույն ծոցին մեջ`
     Զեփյուռներով կ’արծարծի:
     Հողի՛ն հոտով խընկըված է քու արյունն.
     Հողին հոտո՛վ ծըծված ես կյանք և ավյուն,
     Դաշնակո՜ւմ մ’ես կարկաչի:
    
     Հազիվ բացիր մեղույշ բիբերդ արևուն`
     Քաղքեն հեռու` տեսար դաշտերը անհուն.
     Օտար ձեռք քու երակներ
     Շոշափած չէ: Լերան կողին, թաքթաքուր,
     Դուն տորոնի ծաղիկ մըն ես` որուն բույրն
     Ուրիշ բույր չի՛ խանգարեր:
    
     Մեջդ եղծված չէ դրո՛շմն Աստուծո սըրբանվեր,
     Զի սրբության` բնությունը չի վընասեր.
     Շո՛ղ մ’ես, երբ զով մարգին վրա,
     Շուքին, ծաղկին, ճյուղին մեջեն կը սահիս:
     Ամեն ձորակ աշխարհ մ’է քեզ, ո՛վ հոգիս,
     Քանի որ մեջդ Աստված կա:
    
     Քեզ բնությունն է կազմած, կամ դո՛ւն ես բնություն,
     Եթե ա՛յսօր – ներե՛ այս սև բառերուն –
     Մահն հողին տակ լուծե քեզ,
     Այտերըդ վա՛րդն առնե պիտի, սերդ` լուսնակ,
     Սիրտըդ պըլպուլն, երգըդ հովն, աչքերդ մանիշակ,
     Հոգիդ երկինքն, արցունքդ… ե՜ս:
    
     11. ՍՊԱՍՈՒՄ
    
     Ահավասիկ շուրջն ընդրիկի սեղանին
     Նըստան տղաքն ու կինը ծեր բանվորին:
     Մեջտեղը լուռ կը պաղի
     Ոսպապուրն իր գոլորշիին մեջ անդորր:
     Մայրը հացերը լեղի
     Իր սըրտին պես բաժնեց կըտոր առ կըտոր
     Տըղոցն համար և ամուսնույն` որ գործեն
     Պիտի դառնա… կը սպասեն…
    
     Մըխոտ ճրագին շառ լույսեն
     Հացերն ամբողջ կարմիր են.
     Կարծես անոնք թորեին
     Արյո՜ւն, նըման Քրիստոսի մը կողին,
     Ջուրը գույնով քացախի
     Կ’երազե հոն ըմպանակի մեջ մեծղի:
     Խաղաղավետ օրհնությունով մ’ընդհանուր
     Օծված սեղան, հաց և ջուր,
     Կ’ընեն աղոթքն ըսպասումի մը երկար
     Երբ իրիկուն հոգնած բանվորը չի՛ գար:
    
     Ի՜նքն է. ահա գոռ սանդալներ կը հընչեն
     Մայթին վըրա փողոցին…
     Ի՜նքն է. ո՛հ, ո՛չ. դըրացին`
     Որ տընակին առջևեն
     Կ’անցնի դանդաղ երգին հետ իր քայլերուն:
     Խե՜ղճ որդիներ, կի՜ն տըժգույն…
     Նորեն գըլուխնին կը խոնարհեն հուսակտուր
     Սեղանին վրա` ուր կը պաղի ոսպապուրն:
    
     Ո՛հ, ուշացավ ծերունին.
     Անոնք գիտեն` որ ունին
     Աշխատանքները վըտանգ.
     Ունի պայթում ամեն հանք.
     Անոնք գիտեն` որ սանդուխներն որմնադրին
     Մատնըչորեն կը կոտրին:
     Եվ մեքենան կը կասկե,
     Զինքը կըրթող թևը ժիր.
     Անոնք գիտեն` որ աշխատիլն է ոճիր
     Երբ լուսնկան երդիկին վրա կը հըսկե:
    
     Կու գա՜. ահա դուռն հյուղին
     Լալաճըռինչ բացվեցավ իր շեմին վրան.
     Ի՜նքն է. ո՛չ, ո՛չ. է քամին`
     Որ բոթաբեր դըրացիի մը նըման
     Ներս կը մըտնե, կը սողոսկի ճրագին մեջ`
     Որ բոցին տակ ծըխահարույց կը մեռնի:
     Նոթի տղաներն աղիողորմ աչքով գեջ
     Կը նային մորն երեսին տըխրունի…
     Ինչո՞ւ չեկավ… ո՞ր անիծված ընկերներ
     Զինքը իրենց ճամբուն մեջ են մոլորեր:
     Սուրբ զո՞հն եղավ բանթողի,
     Թե կը խըմե արդ օղի
     Գինետան մեջ, սեղանին տակ թըքնելով:
     Չեկա՜վ. ահա մորը կուրծքին վրա խորով
     Կրտսերագույնը լալեն
     Նընջեց… և դեռ կը սպասեն:
     Ո՞վ կը հազա դըրան առջև. ա՜ն է, ա՜ն:
     Անոնք հազն այդ կը ճանչնան:
     Կը ճանչնա կինն ամուսնույն
     Շուքն իսկ ջուրին վրա հոսուն:
     Ան կ’երևա՛ ավասիկ.
     Գլուխն է փոշոտ, փոշոտ լոդիկը բըզիկ.
     Եվ իր կապույտ տաբատն հին
     Շըպարն ունի շաղախին:
     Դըժնե բիբերը արյունի մեջ ի լող,
     Կը թավալին կոպերուն տակ շըլմորուն:
     Կը նետե մուրճը փողփող
     Օճախին մեջ. ու դըրան մեջը կանգուն
     Սեղմած կռուփները ջըղուտ
     Կ’աղաղակե կընոջ` մռունչով մ’առյուծի.
     – «Բո՛զ հերատուկ, չըսպասեցի՞ր դուն ինծի»:
     Շունչը լեցուն գինվո հոտով ժանտաժուտ`
     Կը հուզե հյուղն համորեն:
     Կինն ու տղաները զարհուր
     Կու լա՜ն… լացով կ’օծանեն
     Սեղանն` որուն վրա պաղե՜ր է ոսպապուրն:
    
     12. ԸՆԿԵՑԻԿԸ
    
     Բուքը կը մռընչե: Շըքեղ տան մ’առջև.
     Կես գիշերին, հո՛ն, մայրը առավ կանգ:
     Հույզեն կը դողա սիրտը, զերդ տերև.
     Մարմինը ձյունեն հագեր է պատանք:
    
     Կը նիրհե գըրկին մեջ դեռ երեխան.
     Գուցե անոթի, գուցե նըվաղած…
     Կթեն կաթիլ մը, մարգարտի նըման,
     Բերանին վըրա ցուրտեն է պաղած:
    
     Պետք է լըքե՛լ հոս: Ի՞նչ նըկուղի մեջ
     Ծընավ ծաղիկն այդ զարնված եղյամեն…
     Ունեցա՞վ շապիկ, կամ օրոցք մը գեջ…
     Հրեշտակ մ’իջավ վար` ժըպտելու իրեն:
    
     Հայր մ’հավատարիմ ունեցա՞վ արդյոք`
     Որ խառներ քըրտինքն իր արտասուքին.
     Թե կույս մը խաբված սիրով մը բորբոք
     Անոր մայր եղավ` նախ չեղած դեռ կին:
    
     Չըգիտեմ. միայն այդ մայրն է տըժգույն`
     Խոնավ քարին տակ բուսնող սեզին պես:
     Ոտքերն են բոպիկ, հասակը նըկուն`
     Զոր պիտի փըշրե ցուրտ քամին կարծես:
    
     Թոշնած են ծիծերն` ուրկե բըղխեցուց
     Սերը` կաթի տեղ` շիթ մը շարավի:
     Մերթ թափը հովին կուրծքը կու տա ցույց,
     Ուր վիշտն է պառկեր, ձյունը կը մաղվի:
    
     Պետք է լըքե՛լ հոս. կը դընե տըղան
     Ծածքին տակ քիվին, տանը շեմին վրա…
     Իր կանեփ շալով կը սքողե վըրան.
     Ինք երընքին տակ, մերկ, կը դողդըղա:
    
     Զայն կը համբուրե և կ’ուզե փախչի՜լ…
     Բայց սիրտը քայլին չի՛ հըպատակիր.
     Ո՜հ, ինչպե՛ս բաժնել, փետե՜լ հոգեխիլ
     Իր աղիքն որդվույն աղիքեն կարմիր:
    
     Եվ հոն կը սպասե մինչև արշալույս.
     Խելահեղ ուրուն կ’ըլլա գիշերվան.
     Ու երբոր տըղան կու լա սըրտահույզ`
     Մարմար շեմին վրա մերթ կ’օրորե զայն:
    
     Կը խորհի. գուցե ունենա որդին
     Վաղը այս կյանքեն կյանք մը լավագույն.
     Դըրվի օրորան. ծիծերն ըստընուին
     Իրեն ավելի՛ առատ կաթ մ’հեղուն:
    
     Ունենա գուցե նույնիսկ խաղալիք.
     Պուպրիկ մ’իրեն պես բեհեզներ հագած.
     Մարդիկ զայն կարծեն իշխան մը փոքրիկ.
     Եվ զայն իր հրեշտակն ընդունի Աստված:
    
     Ա՛յսպես կը խորհի մայրը դողդոջուն,
     Մայրը` հոն հագած պատանքը ձյունին…
     Այգը կը ծագի. փողոցներն համբուն
     Կյանքի շըշուկով տակավ կը լեցվին:
    
     Կ’երգե աքաղաղն, որդին կը ճըչա,
     Զի կոպերն անոնց շո՛ղն է համբուրած:
     Մայրը խելացնոր, մայրը ակամա,
     Ըշտապ կը փախչի՜… սիրտը հոն թողած:
    
    
     13. ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՍ
    
     Ֆերրա՜րա… երբ քու ամայի պալատներդ
     քար քարի վրա չմնան` քերթողի մը բանտը
     փառքիդ մեծագույն տիտղոսը պիտի ըլլա:
     ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ
    
     «Ըսե՛, ծիծեռնա՛կ,
     Ճանճ մը կըտուցիդ կ’երթաս ծաղկավետ ո՞ր այգեստաներ.
     Ո՞ր աշտարակն է` որ գաղջ արևու մեջ է ընկըղմեր.
     Ըսե՛, ծիծեռնա՛կ»:
     –Մետեխի բանտին պատին նորոգել կ’երթամ բույնս ամա`
     Որուն մեջ ձյո՛ւն է տեղացեր ձմեռն, ու այնտեղ հիմա
     Օձ մը ծըվարած, գլուխը պոչին տակ, լուռ կը մըրափե:
     Օձի շապիկով կ’երթամ կարկըտել բույնըս կանեփե:
     «Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, երգը կըտուցիդ:
     Միայնության մեջ մեծ եղբայր մ’ունինք մենք հոն կալանված.
     Թեզաններն ի վար կը հոսեն թոքերն արյուն մ’անձնուրաց,
     Հաց մ’են դրեր իր քով, մոխիրո՜րով թըրուն, դառնահամ բըլիթ,
     Եվ կուժ մ’որուն մեջ ծըռած կ’արտասվեն մողեզներ դեղին:
     Ծիծա՛ռ, շող մը տար լուսնեն` որ օծե բիբերն անժըպիտ,
     Երգ մ’որ ըսփոփե հոգին` ուր տրոփեց հողը մայր Երկրին:
     Ա՜խ, գընա՛, ծիծա՛ռ, համբույրըս կտուցիդ»:
    
     «Ըսե՛, իմ կըռո՛ւնկ,
     Դեպի հորիզոն նետի պես սլաքած վիզըդ բոցեղեն`
     Այսպես ո՞ւր կ’երթաս ուրախ կրկռոցով երդիքիս վրայեն.
     Ըսե՛, իմ կըռո՛ւնկ»:
     –Կովկասը լիճեր ունի` որոնց մեջ եղեգներ ջով ջով
     Բարձըր ուռճացած արև կը շնչեն փրփրուն կատարով:
     Ու լըքվածներու տընակներ կան հոն` որոնք կը բաղձան`
     Որ իրենց շեմին երգեմ, իրիկունն, երգերս ըսփոփման:
     Ա՜խ, գընա՜, կըռո՜ւնկ, հույսը կըտուցիդ:
     Բայց բանտի մ’երդին պահ մը ամփոփե թևեըդ հոգնած:
     Հոն Արվեստի քուրմ մը կա` որ նվագեց Վիշտն համատարած
     Ըստեղնաշարին վըրա աստղերուն` մատերով վըճիտ:
     Արդ իր գանկին ջահն արյուն կը ծեփե պատերն Ոճրի Տան:
     Կըռո՛ւնկ, պըսակ տար ի ջախջախ քնարին սա ճյուղը փըթիթ
     Զոր մենք ամենքնիս օծանեցինք մեր ողբովն հավիտյան:
     Ա՜խ, գընա՛, կըռո՛ւնկ, արցունքըս կտուցիդ:
    
     Ըսե՛, արագի՛լ,
     Գորտ մը, զմրուխտի նըման, բերնիդ մեջ ո՞ւր կու տաս խույս.
     Ո՞ւրտեղ օգոստոսն իրենց փոսերեն իժերն հանեց դուրս,
     Ըսե՛, արագի՛լ:
     –Հեռո՜ւն, կը տեսնեմ գլուխներն ադամանդ լեռներուն Կավկաս`
     Որոնց կողերեն ձորերը կ’հոսի արևն հըրամազ:
     Գարունն է պճներ հոն հարսի նըման բարտի մը վըսեմ.
     Իր սոսափյունին մեջ բույնս ուռիով ես պիտի հյուսեմ:
     Ա՜խ, գնա՛, արագի՛լ, կարոտը կըտուցիդ:
     Հոն կապանքի տակ Հայրենիքն ունի հանճար մ’ողջակեզ:
     Գրիչը մատերուն մեջ խորտակեցին ճառագայթի պես:
     Արագի՛լ, վրայեդ փետուր մը ձգե, բանտն իր մահառիթ`
     Ուր ան օրե օր իր գերեզմանին համար կ’հասուննա:
     Ի՜նչ փույթ թե խլված փետուրեն` թևադ այդ արյունի շիթ շիթ.
     Անով հաղթանակն ան պիտի գըրե իր Ուխտին հըսկա:
     Ա՜խ, գնա, արագի՛լ, սիրտըս կըտուցիդ:
    
     Ըսե՛, խրոխտ բազե՛.
     Ճեղքելով անտառը կայծակներուն, ամպերուն խորեն,
     Ինչ կատարի վրա կ’երթաս քըթվըտել պորտըդ լուսեղեն.
     Ըսե՛, խրոխտ բազե՛:
     –Ռուս հորիզոնեն գաղթող մրրիկներն ինձ հոտը բերին,
     Հոտ դիակներու, հունտերը կարմիր բեղուն ժանտախտին:
     Հըզոր թըռիչներես վար գաղջ արյուններ ես անձրևելով`
     Կ’երթամ արածիլ մարդկային բիբերն ու սիրտերն համով:
     Ա՜խ, գընա՛, բազե՛, կայծակը կտուցիդ…
     Բայց մեռելներն այդ` զոհերն են լույսի. անոնց մի՛ դըպչիր.
     Սիրտեր` որ վրեժեն չեն գիտեր պաղիլ. անոնց մի՛ դըպչիր:
     Այլ այնտեղ Պայքարն Առաքյալ մ’ունի բանտին մեջ կրանիթ.
     Թևերովդ հուժկու զա՛րկ, փըշրե՛ խախամն իր լուսամուտին,
     Եվ շանթը կտուցիդ` Հույսն երգե՛` թառած իր ուսին վըճիտ:
     Ըսե՛ թե շուտով մենք պիտի կանգնենք արձանն իր փառքին:
     Ա՜խ, գընա՛, բազե՛, դափնի՜ մը կտուցիդ:
    
     14. ՄԵՌՆՈՂ ԲԱՆՎՈՐ
    
     Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե
     Իբրև ահեղ դամբարան:
     Ծյուրախտավոր բանվոր մ’հոն կը վախճանի մազկըռինչ`
     Խարին վրա հոտևան:
    
     Հանո՜ւն պատառ մը հացի` գործատան մեջ թաղեց ան
     Ճառագայթներն հոգիին.
     Տըվավ փերթ փերթ որ ուտեն մեքենաները վիշապ
     Միսերն հուժկու կըռնակին:
    
     Անիվներուն ակռաներն ողնածուծո՛վն օծանեց,
     Եվ սըրբեց իր մազերով.
     Հընոցին դեմ` մերկալանջ, ժահրոտ օդին մեջ` մըղձկուկ
     Ապրեցավ միշտ մեռնելով:
    
     Արդ տապալող նոճիի հանգույն բան մ’է այդ տըղան,
     Այդ հա՛ղթ ռամիկն երբեմնի:
     Երկաթներու հետ պայքար մ’եղավ իր կյանքն հարատև.
     Արդ կը փըշրի զերդ վանի:
    
     Գերեզմանին դեղին հո՛ղն իր աչքերուն վրա կապույտ
     Սըփռեր է Մահն անժըպիտ.
     Մեղրամոմի պես մարմինն ահավասիկ կը հալի
     Մատերն ի վար շիթ առ շիթ:
    
     Ի զո՜ւր գարունն երազեց, և հովերուն մեջ ազատ
     Կաղնիացումն հասակին.
     Ի զո՜ւր տենչաց երգով լի շրթունքներն իր երկարել
     Աղբյուրներու ջինջ ակին:
    
     Արևուն տեղ` դալկություն, շուշաններու տեղ` մըրուր
     Պըսակեցին ճակատն իր:
     Սիրո երգին փոխարեն` եկավ փըրփրիլ շըրթունքին
     Հըրատապ հազ մը կարմիր:
    
     Արդ կը հազա՜, կը հազա՜ իր զոհի գլուխը դրած
     Ծոցին մեջ մո՛րն աղեկե՜զ`
     Որուն կուրցա՛ծ աչքերն իսկ արտասուք կը բըղխին`
     Հողեն պըտղող ջուրին պես:
    
     Վար կը կախվի սընարեն Հիսուսի խաչը կարմիր,
     Բայց ճակատին վրա չինկած
     Շիթ մ’Արյունեն փրկության-որ սառե՜ր է խաչին վրա–
     Ինք կը մեռնի, վաստակած:
    
     Քամին կ’ոռնա ու տընակն իր հիմերեն կը ցընցե
     Իբրև ահեղ դամբարան…
     Ու սև կատուն տընակին կը մըլավե՜ խելահեղ
     Ճանկըռթելով շեմքը դրան:
    
     15. ԽԱԲՎԱԾ ԿՈՒՅՍԵՐ
    
     Կ’աշխատեիք հյուղակին մեջ, ճըրագին տակ արդար,
     Հարուստներուն պատմուճան, մերթ ալ պատանք կարելով.
     Ասեղն հյուծած մատներուդ միջև ցուրտեն կը սարսռար…
     Հոգինիդ էր անվըրդո՜վ:
    
     Բայց հեշտությունն ամբարիշտ կը դավեր քա՛ղցը ձերին,
     Եվ ծախեց ձեր հոգիները` գընելով մարմիննիդ:
     Անմեղությունն անպաշտպան` կուրություն մ’է երկնային`
     Զոր խաբեցին ուխտն ու ժպիտ:
    
     Օ՜, այն հարուստ պարոններն, այն հըտպիտները շըքեղ,
     Որոնք ոսկի ցանեցին` որ ***ությունը հըձեն,
     Ձեր հյուղերեն ներս մըտան սիրահարի պես անմեղ,
     Եվ դուրս ելան քըրքջալեն:
    
     Ձեր սիրտն անոնց համար լո՛լ բաժակ մ’եղավ գինիի`
     Զոր, պարպելե վերջ, հարբածը կը կոտրե հաճույքով:
     Ու օր մ’ալ երբ մայր եղաք` անոնք ըրին ձեզ այրի
     Արցունքներու մեջ թողլով:
    
     Եվ փողոցնե՜րը ինկաք. Դուք օր մ’ազնիվ բյուրեղներ,
     Կոխոտվելով մարդերեն` եղած էիք այժըմ ցեխ:
     Սակայն ոճիրն հըտպիտին արգանդնուդ մեջ գոհար մ’էր,
     Եվ կը մեծնար սիրազեղ:
    
     Դուք կոչվեցած Գաթինա, և կամ Ֆանթին արտալած`
     Որ պաշտպանեց ***ությամբ իր մայրությունը անզեն.
     Մարգարիտա կոչվեցաք` Դըժոխքեն իսկ պըղծըված,
     Մարիամ` եղծված Երկինքեն:
    
     Ես կը տեսնեմ ձեզմե մին կեցած ահա հորին քով:
     Սըրտաճըմլիկ փորին վրա կիներ ծածուկ կը ժըպտին:
     Իրմե հեռուն կը խուսեն կույսերն անբիծ` զինք թողլով
     Իր դույլին հետ` առանձին:
    
     Ահա ուրիշ մը լըքված` խավարներուն մեջ հյուղին…
     Կը հանդերձե նորածինն իր վարսերով տըխրաշուք.
     Քըքույշ բերնին կը ճըմլե ծիծերն, ուրկե կը ծորին
     Կաթերու տեղ` արտասուք:
    
     Խարտիշուհի մ’հերատո՜ւկն ահա կ’ըլլա փողոցին,
     Եվ իր սերը կը դընե հացի մ’համար գըրավի:
     Ու օր մ’ալ` երբ ճարահատ` դուռը զարնե ***նոցին,
     Դըժո՛խքն իրեն կը բացվի:
    
     Եվ դուք, ծեփած սընգույրով բոլոր ամոթն այտերնուդ,
     Ահա կ’անցնիք բյուրավոր տըռփանքներուն ընդմեջեն.
     Ա՛լ միսերնիդ կը լըկտան` բաց ի ձերին մայրագութ
     Նվիրագործված ըստներեն:
    
     Ես կ’արտասվեմ ձեր վրա, ո՛վ տարաբախտ իմ Քույրեր.
     Ես ձեր այպանքը կու լամ` աչքերս այպեն փակելով.
     Գինետան հույր տակառին կատարն եք դուք պըսակեր
     Ձեր կուսության պըսակով:
    
     Զազրաթորմի ձեր մազերն հոգվույս վըրա կը սողան`
     Շընչելով քեն մ’արյունիս, օձերու պես թունավոր.
     Եվ ես քենո՛վ կ’անիծեմ դարուս կավատ Մարդկության
     Ոսկի Հորթերը բոլոր:
    
    
     16. ՄԵՔԵՆԱՆԵՐԸ
    
     Արեգակին մեջ ամրան, որուն բոցով կը մըրրկին
     Արծաթացոլ գըմբեթներն ու տանիքները Քաղքին,
     Կը ցըցվի բա՛րձըր կատարը գործատան մըշտագոռ:
     Մուխը բարդ բարդ կը պոռթկա բուխերիկեն լայնորկոր`
     Ճակատն երկնի ծեփելով կարծես կուպրով թանձրամած:
     Կը սողոսկին շոգիներ պատերուն շուրջը քըրտնած.
     Ու կը մըռնչե գործատունն ընդերքներեն բոցավետ:
     Մենք, ո՛վ Ընկեր ջահակիր, այնտե՛ղ մըտնենք քեզի հետ,
     Մենք սերմանող մըրըրկի, տառապանքի հընձողներ:
     Օ՜, ի՛նչ ժըխոր, ի՛նչ պայթում. ալիքն օդին ջերմաջեր
     Մարմինս ամբողջ ողողեց ծըծումբի պես հոսանուտ: :
     Ի՜նչ թավալում ահավոր զանգվածներու մառախլուտ…
     Հազարավոր բանվորներ մըկանունքով կը ստեղծեն`
     Ողջագուրված` պողպատին, բիրտ ուժին հետ համորեն,
     Կը ծառանան բոցին հետ, ու մոխիրին հետ կ’իյնան,
     Ու կը պըրկեն, կը կըրծեն, ու կը կըռփեն հաղթական`
     Մինչև որ նյութն ապստամբ գեղ ու արժեք կը ստանա,
     Հոն բուրդն ըլլա` լուսակիզ, քըրտինքն ըլլա` շափյուղա:
     Եվ կը մըռընչե Աշխատանքն, Աշխատանքն հոն կը ստեղծե
     Իբրև վիշապ` բըռնըված օձագալար երկունքե:
     Փողրակներուն ընդմեջեն, մինչև չորս ծագն Աշխարհին,
     Կը հոսին միշտ ծութ առ ծուփ տաք ալիքներն ոսկիին:
     Մեքենաներն հոս կ’իշխե՛ն ըղեղին վրա մարդերուն`
     Իբրև հրեշներ վիթխարի` որջի մը մեջ մըշտարթուն:
     Հաստ գըլաններ զուգարշավ, գըլուխներով ահագին,
     Մինչև ձեղուն խորդալով կը ծառանան. կ’ընկըղմին
     Հետո իրենց կըլանող անդունդին մեջ մըթապատ:
     Դատարկին մեջ սուլելով կը թավալին անընդհատ
     Հըսկայածիր անիվներ, ու ակռանին իրարու
     Լինդերու մեջ մըխըրճած` կ’ոռնան նըման շուներու:
     Փոկերը պիրկ կը ձըգվին ճախարակե ճախարակ,
     Ու կը հոսին խըժալուր` ջըրվեժներու պես արագ
     Լիսեռներու գոգավոր շըրջանակին ընդմեջեն.
     Մեքենական կազմվածքին անոնց ջիղերն են հրեղեն`
     Որոնցմե մին թե բեկտի` աշխարհներն այդ ներդաշնակ
     Կը ջախջախեն մեկըզմեկ, աստղափըշուր, եղերգակ,
     Գուժելով մահն Ոսկիին, և փըրկությունը Ույժին:
     Կարկահներու անհամար կըկոցներուն մոլեգին
     Մեջեն կ’անցնին պատառները բուրդերուն մեծաշահ.
     Գեղմը փափուկ, ձյունեղեն, ատամներով պողպատյա
     Կը հոշոտվի գեղագեղ` անբըծության նըմանակ.
     Եվ ծվենները թըռչուն թիթեռներու պես ճերմակ`
     Գըլաններու կատարին, պատերուն վըրա կը թառին,
     Եվ կամ կ’իջնան լույսի պես` բանվորներու գըլուխին:
     Թեռերն հետո նըրբոլոր, առեչներուն ընդմեջեն,
     Ճաճանչի նըման հապըշտապ կը խուսափին ուղխորեն,
     Եվ շար ի շար, լուսաբեկ, բյուրապատիկ թելերով,
     Կը ջըրվեժին ճախրին վրա ճախրակներուն մըշտահոլով`
     Որոնք արբշիռ կը դառնան, ու կը փաթթե՜ն, կը փաթթե՜ն
     Զանոնք իրենց հաստաբեստ իրաններուն վրա շըրջկեն:
     Մեկ ծայրեն մյուսը կ’եռա գործատունն այս հաղթակերտ,
     Մեկ ծայրեն մյուսը կ’ոռնան մեքենաները ժըմերտ
     Իրարու մեջ թավալող, և իրարմե արտալած
     Աշխարհներու հանգունակ, անհունին մեջ խենթացած:
     Կը զեռա վարը կաթսանգոլորշիով առլըցուն`
     Ընդհատ ընդհատ պուղլով մեծ կափարիչն: որմերուն
     Աղյուսներն հար արյուններ կը քըրտընին շոգիեն.
     Ձեղունն ի վար կը կաթին արտասուքներ օդեղեն:
     Կյանքը այստեղ կը ստեղծե խավարին մեջ մեռնելով…
     Վա՛րը, հընոցն անդադար դեռ կը կատղի բոցերով,
     Ոսկի՜, ոսկի՜ կը լափե, դուրս կը փըսխե միշտ մոխիր,
     Եվ ծուխին հետ միասին տարածելով լույս մը հիր`
     Կարծես արյուն կը ծեփե մեքենաներն ու մարդեր:
     Այս գեհե՜ն մ’է, գեհե՜ն մ’է, ուր կը հուսան, ո՛վ Ընկեր,
     Սա բանակները կըմախք, սա բանվորները ոսին.
     Եվ միշտ ի զո՜ւր կը խընդրեն ազատությունը օդին`
     Որուն մեջ խըլուրդն իսկ լույսով և բուրումով կ’արբենա.
     Ի զո՜ւր անոնք կ’երազեն հողին համբույրը հըսկա
     Զոր լիաբուռ սերմանողն` անմահության է հընձող.
     Ի զո՜ւր կ’ուզեն, ծիտի պես, լոգանքն երկնի լուսաշող.
     Աչքերն անոնց կը կուրնան արեգակի կարոտեն:
     Միշտ կա երկաթն իրենց շուրջ, երկաթի ժխորն համորեն:
     Մեքենա՛ն է իրենց տերն, իրենց օրենքը անեղծ,
     Որ կը մռընչե անդադրում հոգիներուն մեջ տըխեղծ,
     Որուն անոնք կ’աղերսե՛ն, կը ծառայե՛ն, կը հուսա՛ն,
     Եվ փոշիին կ’ըմպեն ուղխն` աղբյուրին տեղ ռոշնական:
     Հընոցին բոց երախեն, ժանիքներեն ճախրակին
     Որպեսզի հացը կորզեն` տըվեր են կյանք գարնային:
     Արդ կը տեսնեմ, ո՛վ Ընկեր, որ խորդացող այս գլաններ
     Պատերն ի վեր կը զգայռեն անմարսելի արյուններ.
     Եվ իրար մեջ թավալող անվակներն այս գահավեժ
     Կը հափըշտակեն իրարու լինդե միսեր գեղագեշ:
     Ես կը տեսնեմ այս պահուս` որ աղմուկն այս խելահեղ,
     Մըշտաթավալ, շոգեմուղ մեքենաները ժանեղ
     Դահիճի պես կարմի՜ր են և կը պոռթկան ձեղունին
     Զիրենք ճընշող մեծ Եղեռն, անպատմելի Եղեռն հին`
     Որ կը սողա կռանակուռ իրենց փորին մեջ անկուշտ:
     Երեկ, Ընկե՛ր, սըրատամ սա ճախարակն արյունռուշտ
     Կատաղորեն հափափեց, փըշրեց ոսկոր առ ոսկոր,
     Աչքերնին լի գարունով զույգ մը կտրիճ գործավոր:
     Ու դեռ կ’հոսին ծուփ առ ծուփ մինչև չորս դին Աշխարհին,
     Փողրակներուն ընդմեջեն տաք ալիքներն Ոսկիին:
    
     17. ՄԱՄՈՒՍ ԱՂՈԹՔԸ
    
     Լիալուսնին դմ նըստած
     Մամըս ալևոր կ’ընե աղոթքն իրիկվան:
     Գըլխուն վերև սև չըղջիկներ կը դառնան.
     Կ’ապրի սըրտին մեջ Աստված:
    
     Շըրթունքներն իր (սո՜ւրբ վարդեր
     Թոռմած առջևն Աստվածամոր խորանին)
     Կը շարժին ա՛յնքան մեղմորեն` որ հոգին
     Իր ըսածն ի՛նք չի լըսեր:
    
     Ցո՛ւրտ շողին տակ լուսինին
     Հանդարտորեն վար կը կախվի գլուխը ծե՜ր,
     Տըխրահա՜կ, խո՜նջ, իբրև նմանիլ ան ուզեր
     Մեր այս դարուն հավատքին:
    
     Հայր մեր… Բայց չի՛ դառնար ա՛լ
     Գարունն հին, մա՛մ, կալերուն երգը աղու.
     Արյուն ետ չի՛ շեղիր զարկեն. վայլելու
     Իղձդ արթընցավ, բայց մա՛հն ալ:
    
     Ողջույն… բայց միշտ պիտ’ պարապ
     Մընան ոսկրերդ ավյունի մեծ հոսանքեն,
     Եվ մերթ բեղուն կողերուդ մեջ
     Ա՛լ հին սերերն հըրատապ:
    
     Բայց ո՛հ, գիտեմ, դուն ծարավ
     Ես Երկինքին` որուն մինչ ցարդ հավտացիր,
     Որուն համար մարմինըդ միշտ ծընրադիր
     Հոգվույդ առջև ապրեցավ:
    
     Երկինքը քո՛ւկդ է, ո՛վ մամ,
     Քանի որ ծեր բիբերուդ մեջ դեռ անեղծ
     Մընաց անոր կապույտն` ամեն ամպե զերծ.
     Քանի որ, մայր բարեխնամ,
    
     Արյունիդ հետ միասին
     Ծիծերըդ հինգ զավակներու քամեցիր:
     Եղար աննենգ. և բարձեդ մաս չըտըվիր
     Օտարներու գըլուխին:
    
     Եվ հիմա որ, ո՛վ հանիս,
     Ճերմակ մազերդ լուսնին խառնած` մեր կրոնքին
     Փուլերուն վրա կանգուն կ’մեռնիս ծեր և կին`
     Պիտ’ վաղ կո՛ւյս վերածնիս:
    
     18. ՃԻՎԱՂԸ Կ'ԱՆՑՆԻ
    
     Գիշերվան մեջ, փողոցներեն ամայի
     Կ’անցնի սարսափ մը թևին հետ հովերուն,
     Եվ բարտիներն անհունորեն կը սարսռան
     Աստղերուն մեջ ընկըղմած:
     Շուն մը նըստած գերեզմնատան պատվարին`
     Քաղքին վերև միշտ կ’ոռնա,
     Ու երդին վրա խոշոր կատու մը ճերմակ
     Բուխերիկին տակե հանկարծ կու տա խույս`
     Կենալով մերթ ուշադիր
     Քայլի մ’ըշտապ` որ թևին հետ հովերուն
     Կ’անցնի կ’երթա փողոցներեն ամայի.
     Կենդանացած կմախ մ’է,
     Կմա՛խ մըն է լուսասփյուռ
     Քողի մը սև ալիքին տակ ծածկըված:
     Գերեզմանի դեղին հողերն հորդառատ
     Կապիճներուն խոռոչներեն կը հոսին.
     Ու ծընոտները մըսաթափ
     Լըռության մեջ կը կափկափեն չարախինդ:
     Ջուրի նըման` ոսկորներուն մեջ քամին
     Հորձանապտույտ կը մըռընչե ու կ’անցնի:
     Ճամբուն վըրա պառկող շուներն` ավելի՛
     Ցռուկնին իրենց պոչերուն տակ կը թաղեն:
     Գըլխուն վերև ճիվաղին
     Պատուհաններն շըռընդալից կը փակվին:
     Ան միշտ կ’անցնի. գարշապարներն ոսկրակուռ
     Մայթերուն վրա կը հընչեն`
     Ազդելով դողը մահվան
     Տուներուն մեջ հոգիներուն կըծկըված:
     Հոգիներուն դողահար:
     Քողին ծալքերը քամիեն փըքուռույց
     Փողոցն համայն կը ծածկեն,
     Եվ, ագռավի թևերուն պես, կը ծըփան
     Պատերն ի վեր լուռումունջ.
     Եվ կըմախքին անրակներուն ընդմեջեն
     Կը ջըրվեժին ժանտ թույներու փոշիներ:
     Օդը, աստղերը մինչև,
     Կը ժահրանա ու կը հեծե մահաբույր:
     Իր ժանտաժուտ շունչին տակ
     Վար կը թափին, թիթեռներու պես մեռած,
     Հիր ծաղիկները նըռենվույն գեղեցիկ:
     Ան միշտ կ’անցնի՜ կըրունկներով ոսկրակուռ…
     Պատուհանե պատուհան
     Ճրագներն ընդփույթ կը մարեն.
     Եվ գետակին սագերն, հանկարծ թևաբախ,
     Սարսափահա՜ր, սարսափահա՜ր կը կըռչեն:
     Բայց չի՛ կենար, կ’անցնի՛ ճիվաղն ահավոր…
     Մերթ ծիծաղով դիվահար
     Բաց մընացած դուռե մ’երկա՜ր կը նայի,
     Ու երբեմն ալ կը մըտնե նե՛րս:
     …Տունն այն խեղճ`
     Որ փողոցին ծայրը լըքված առանձին`
     Իբրև վանդակ մ’հովերուն մեջ կը դողա`
     Տեսավ անցնիլն իր շեմեն
     Սարսափելի ճիվաղին,
     Որ բարձրացավ սանդուխներեն զաղփաղփուն,
     Ընտըրեց քա՛ջն ամենեն`
     Որուն սըրտին բաբախյունները առույգ
     Կը լըսվեին լըռության մեջ գիշերվան:
     Մահասփյուռ քողն` իր ուսեն
     Անոր վըրա տարածեց.
     Ու համբույրով մ’ահավոր,
     Անկողնին մեջ, խեղդեց պարմանը կարշնեղ:
     Ժանտ շունչին տակ ածխացուց
     Արյունն, ու սիրտը լափեց…
     Հետո գընաց մըտնելու տուն մը ուրիշ`
     Անցքին վըրա թողլով բաց
     Հյուղակին դուռն, ու մարելով ներսն, ավա՜ղ,
     Տանը ճըրա՛գը պըլպլուն:
    
     Եվ դեռ նըստած գերեզմանատան պատին վրա
     Շուն մը կ’ոռնա քաղքին վերև անընդհատ:
    
     19. ԳԻՐՔԵՐՈՒՆ ՄԵՋ
    
     Խոժո՛ռ գիրքեր, մե՛ծ գիքեր,
     Ահա ճակատըս այսօր ձեր էջերեն
     Վեր կ’առնեմ, դեպի արև՜ն,
     Ու կ’անիծեմ րաբունորեն բոլորնիդ…
     Բայց երկանային շողն ինչո՞ւ
     Հանկարծակի աչքերուս մեջ կը սառի:
     Եվ քայլերս այս, որ գիտության կրանիդե
     Ապառաժեն վերամբառնալ իշխեցին,
     Մարգերուն վրա ինչո՞ւ համար կը դողան:
     Ո՛վ խաբեբա գիրքե՛ր, գիրքե՛ր մահաբույր,
     Ես կը տեսնեմ որ ինծի
     Ոչի՛նչ տըվիք, առիք ամե՛ն բան ինծմե,
     Առիք գարունս և գարունն իմ հասակիս,
     Առիք վարդերը ճակտիս`
     Ձեր էջերուն մեջ դալկորեն թափթըփած.
     Եվ ջընջեցիք Աստվածս` որուն հավատալն
     Եթե իրավ պատրանք է
     Սակայն ո՛չ կյանքն, այլ Մահվան
     Ճշմարտությունն է պարտըվողը միայն:
     Այսօր ահա, գըրկած նոճի մը տըրտում,
     Գերեզմա՜նն եմ իմ սըրտիս`
     Որ իր թույնով թունավորված զերդ կարիճ`
     Այրեցավ իր իսկ կրակեն:
     Հանդեսներու խընծիղներուն դեմ փակված
     Պատուհանես` չանցա՜վ զեփյուռն Ապրիլին:
     Արշալույսներն երգեցին
     Եվ սըրսկեցին մարգրիտներ,
     Հարսնևորները, թըմբուկով ջահակիր,
     Դընելով պըսակ մը շեմիս`
     Տանս առջեն կաքավեցին ու անցան:
     Դուռըս փա՛կ էր, մընաց փա՛կ
     Դամբարանի մը նըման`
     Ուր հեգ մեռելը պառկած
     Լըռության մեջ կը ծյուրի:
     Ես ծյուրեցա… ո՜վ խոլություն մարդկային…
     Որ մարմինիս կաթիլներովը լեցնեմ
     Հոգվույս բաժակը լուսեղ:
     Եվ այսօր որ ավանդական ժամուն հետ,
     Եկավ Աղջիկն ըսպասված
     Ծըռիլ ուսես, և գիրքիս վրա ժըպտիլ,
     Շըրթներուս վրա մեռա՜ծ է
     Վաղանցավոր կյանքիս համբույրը արդեն,
     Համբույրն` որ հեշտ նախերգն է
     Իմաստնագույն կյանքերուն,
     Եվ վերցնելու համար, վայրկյա՜ն մը գոնե,
     Ձեռքն իր քնքույշ, բայց ծանրացած` գարունով,
     Իմ ձեռքս է տկա՜ր, դողդոջո՜ւն…
     Եվ, ո՛վ վիճակ ահռլի,
     Սիրտըս ծովուն ափին լըքված խեփորն է`
     Որուն մեջի կենդանին
     Արդեն մեռա՜ծ է շատոնց:
    
    
     20. ԴԱԴԱՐ
    
     Միջօրեի դադարն է գեհենամռունչ գործատան.
     Ինչպես վիշապ մը թըմրած` կը նիրհե հընոցը տիտան,
     Բուխերիկին կլափին մեջ պահ մը ծուխն է խեղդըվեր.
     Ներսը գլանները արշավ, և անիվներն ընդհոլով
     Հանկարծ կեցեր են` իրենց ընթացքին մեջ խոկալով.
     Այդ անդորրին մեջ միա՛յն կարծես կ’ըլլան լըսելի
     Մեքենական ճախրանքին հոգնած հևքերն ահռելի:
     Ընկե՛ր, թույլ տուր շողշողա երկաթներուն գագաթին
     Բանվորներուն քիրտն առատ, գոհարն իրենց ճակատին.
     Թույլ տուր որ ներս մոռացվող արևուն մեջ, թռչըտուն,
     Զըմրուխտ ճանճերը բըզզան` հեգնելով կյանքը մարդուն,
     Կանգնե՛ դուն մայր-դըրան քով. Տե՛ս պատառուն շապիկով
     Անոնք փողոց կը խուժեն, ու կ’ընդլայնին իբրև ծով:
     Ռամիկ ուժին բանա՜կն է, հանճա՜րն է վաստակին
     Որ կըրեր է դարերու կոթողն իր հաղթ քամակին:
     Սա փոշիով և կուպրով ծեփված գլուխներըը տիտան`
     Որոնց վարսերը երբեք աստղերուն մեջ չըլոգցան`
     Կը կարկառվին, խենդի պես, դեպի հովերը քաղցրիկ,
     Գարնան բույրով կ’ողողեն իրենց բիբերը հըրձիգ:
     Ծերերն ունին կըռնակներ ծալլված մինչև գերեզման`
     Որոնց խորեն կը լըսվին ճարճատյուններ ողբական
     Համրորեն վար թավալող ողնային փուտ սյուներու:
     Եվ կույսերն են դալկահար, կմախներ թոռմած վարդերու,
     Թիթեռներուն թևին վրա զո՜ւր կը շողա թանկ փոշին,
     Հնոցին մոխի՜րն է ցանվեր իրենց երկար թարթիչին:
     Ահա մայրերն աղճատված, և արգանդները անբավ`
     Ուր սերմի հունտն արցունքի կաթիլներու փոխվեցավ,
     Ահա ծիծերը, քամված ողկույզներու հանգունակ,
     Որոնցմե բյուր սերունդներ խըմեցին մաղձ ու պատրանք:
     Հարյուր հազա՛րն են անոնք. բանակներն են զոհերու`
     Զոր կը տանին միշտ Ոսկյա Հորթին առջև մորթելու.
     Ունին տաղված դաստակներ, և կըռնակներ ողընտեռ.
     Այժըմ միայն թիթեղի կ’արձակեն փայլը աղոտ.
     Իրենց սըրտին ծաղիկներն են խամրած, ծղոտ առ ծըղոտ:
     Ճակատնե՜ր` լի խորշոմով, խորշոմնե՜ր` լի քըրտինքով.
     Արյունոտ հաց մ’են կերեր` իրենց հոգին ծախելով:
     Գիտեն որ այդ վաստակով պատանք մը լոկ կը ստանան.
     Բախտ մ’է սակայն ունենալ կուշտ փոր մը օրը մահվան:
     Հարյուր հազա՜րն են անոնք. անոնք են որ կանգնեցին
     Անմահությունն բուրգերուն, և խորհուրդներն ըսփինքսին:
     Կմախնին, մարմար առ մարմար, սանդուխ ելավ գահերուն`
     Ուրկե Դենպետն ու Արքան ելան մինչև աստղերուն.
     Մինչև այսօր, հիմին տակ պալատներուն, կը գըտնես
     Շուշանն անոնց կրծոսկրին, անբավ սրտերն ողջակեզ.
     Անոնց արյան շաղա՛խն են պատերը մռայլ Եըլտըզին.
     Անոնց լուսեղ քըրտինքին մարգրիտներով են ծեփված.
     Անոնց խոփին նախ հանձնեց կորդ բընությունը` Աստված.
     Կուռքերն անո՛նք դրոշեցին, և նույն անո՛նք զոհ եղան.
     Խաչն անոնցմով ճանանչեց, բայց ուրիշներ փըրկվեցան.
     Հըղկեցին միշտ իրենց հաղթ ոսկորներով կարծրացած
     Հաղթողներու նժույգներուն լայնշի պայտերը արծարծ:
     Փեռեկտեցան պարեխներն անոնց ուժին դեմ ռամիկ`
     Եվ հոսեցին ոսկիի և արյունի ջերմ ալիք,
     Եվ մեր դարուն Հաղթության Կամարն այսօր կը հանգչի
     Հարյուր հազա՜ր բանվորի ուսերուն վրա արճիճի:
     Ու երբ այսօր ելլելով գործատունեն` կը ցըրվին
     Կորագըլուխ, մերկալանջ, անոնք նըման են գերիին`
     Զոր աճուրդի կը հանեն տոնավաճառ օրերուն:
     Նըման գետին, որ ակեն դուրս ժայթքելով փրփըրուն
     Կը բաժնըվի սըրընթաց առվակներու անհամար,
     Անոնք կերթան ծավալիլ գռեհներուն մեջ հազար.
     Բյուրապատիկ գլուխներու անդընդածին ալիքով
     Քաղաքն ամբողջ կ’ողողեն` ամեն անկյուն հորդելով:
     Բոլոր քաղցա՜ծ են, քաղցա՜ծ, քոսոտած շան մը նըման`
     Զոր խաշնարածը հոտեն հալածեր է անգուման:
     Սակայն իրե՛նց է ինչ որ կ’իյնա կտուցեն վար ցինին.
     Իրե՛նց է խյուսը թեփին, բայց ո՛չ նըկանն ալյուրին.
     Խառնապուրներն իրե՛նց են զոր գըլխահակ կը լակեն
     Ճակատներե վար` անոնց մեջ քըրտինքներ հոսելեն.
     Նեխած միսերն իրե՛նց են, ու բորբոսները հացին`
     Զոր կը գնեն ումպ մը ջրով կըրպակներեն փողոցին.
     Երշիկն իրե՛նց է, լեցված ճարպով ծեր ջորիի,
     Հետո ծխարմո՜րճը սևցած, միակ ըսփո՜փն հոգիի:
     Ահա՛ բոլոր հույսն անոնց, երազն անոնց փորերուն`
     Զոր կ’երազեն գործատան միջօրեի հեշտ ժամուն…
     Ու կը քալե՜ն, կը քալե՜ն, փոշվով, կուպրով միշտ ծեփված
     Նեղ կու գան այդ ուղխերուն պողոտաներ լայնաբաց:
     Իրենց հորձանքը կարծես խուլ զայրույթով կը փորե
     Դղյակներու հիմունքներն ու սալարկներն որձքարե:
     Կարծես մեռե՜ր են Քաղքին մեջ մյուս կյանքերն ինքնագոհ
     Միայն Սարսափն այդ ահեղ բանակներուն` կու տա գրոհ.
     Սիրտերն հըզոր կը տրոփե՜ն, և միշտ կ’ըլլան լըսելի
     Սովալըլուկ կողերու բաբախյուններ ահռելի.
     Կը կըճըրտվին ակռանե՜ր, ու կը ծամվին լեզունե՜ր.
     Քաղցը ինքզինք կը կըրծե, գազանի պես շաղղակեր:
     Ախորժակներն, ավելի գըրգըռված եղկ արևեն,
     Կը զայրագնին ու քարեն իսկ հացի հոտը կ’առնեն:
     Դուն կը լըսե՞ս, ո՛վ Ընկեր, գըռեհներեն բյուրավոր
     Մըշտագալար փորերու խուլ աղաղակն ահավոր:
     Բիբերն հանկարծ կ’ընդլայնի՜ն, և ըղեղները կ’եռա՜ն.
     Կը սեղմըվին բըռունցքներն` ուր կը ձուլվի Ապագան.
     Ճարճատյունին ընդմեջեն կըմախներու տըրտմագին
     Աստվածային ոճիրներ կանչող ձայնե՛ր կը լըսվին:
     Օ՜, այս սիրտերը հըսկա, որոնց տրոփները, նըման
     Փոսապեղի մը բրիչին հարվածներուն, կը թընդան.
     Օ՜, բազուկներն այդ ստրուկ, խարանված բորբ երկաթով,
     Որոնք կարմի՜ր պիտ’ ըլլան օր մը գանկե՛ր դարբնելով.
     Օ՜, այդ քայլերն, որոնց բիրտ սանդալներուն հունչը գոռ
     Փողոցներուն թե՛ երգն է, թե՛ մահազանգն ահավոր.
     Օ՜, իրաններն այդ ռամիկ, այդ մարդակներն` որոնք ցանգ
     Աշխարհը վեր են բըռներ, ու փըտեր են անոր տակ…
     Ատոնք բոլոր մըրրի՛կ են, ատոնք բոլոր կայծա՛կ են`
     Որոնք գոռան պիտի օր մ’ու Մարդկությունը սարսեն:
     Վաղն, ո՛վ Ընկեր, պիտի այս ամբարտավան Քաղքին վրա
     Ճայթի Ամպրո՛պն, ու վառե հազար ջահերն իր հըսկա,
     Զի կը տեսնե՞ս գըռեհներն, հույր աղիքները անոր,
     Գետնահարկերը խոնավ, կոյուղիներն աղբաթոր.
     Եվ կը տեսնե՞ս անոնց մեջ Քաղցին ճիվաղն հոգնահեռ`
     Ով քինահույզ կը սողա, կուշտին կը կրե կայծակներ.
     Վաղն, ո՛վ Ընկեր, ո՛վ Ընկեր, Քաղաքին վրա այս գոռոզ
     Պիտի Ամպրո՜պը ճայթի, վառե ջահե՜ր բարբարոս:
    
     21. ՄԱՅԻՍ ՄԵԿ
    
     Քընարս այսօր կըտըրտելով լարերն իր,
     Ձե՜զ կը կանչե Արևելքեն Արևմուտք,
     Ո՛վ դուք
     Հաց՛ի զոհեր, որ ունիք միշտ արևու
     Պասուք:
    
     Այս առավոտ` գըտա հասակըս թաղված
     Հեղեղին մեջ շուրջըս ծաղկած վարդերուն.
     Եվ կանգուն`
     Խմեցի ավիշն հողին, երգերը բոլոր
     Բույներուն:
    
     Ինծի՛ եկեք, ես կախարդն եմ Մայիսին.
     Ձեր քըրտինքն ես կ’ընեմ գոհար ցողն անգին
     Վարդին.
     Կը հեղում ձեր ոսկորներուն մեջ ցամքած`
     Արփին:
    
     Ինծի՛ եկեք գործատունեն` ուր երկար
     Շաղվեցիք դուք մեր աշխարհին ցեցակեր
     Նո՛ր հիմեր.
     Փուռեն` որ ձեր գըլխուն, սըրտին վրա` մոխիր
     Է ցաներ:
    
     Ինծի՛ եկեք նավարանեն` ուր կռեցիք
     Նավեր, վաղվան ձեր դագաղները պողպատ
     Ելե՛ք արդ
     Աղիքներեն հողին, ճահճին արգանդեն,
     Դա՜շտն ու ա՜րտ:
    
     Ինծի՛, ինծի՛ եկեք այսօր բոլորնիդ.
     Սիրտս ա՜յնքան բոց ունի, հոգիս` ա՜յնքան լույս`
     Որ ձեր խյուս
     Ցեխերեն իսկ կը շաղվեմ նո՛ր Մարդկություն
     Եվ նո՛ր Հույս:
    
     Հերի՛ք հյուծաք նըկուղներուն մեջ խոնավ,
     Եվ ունեցաք միշտ կարոտ, նման խըլուրդի,
     Օդի,
     Եվ ժանգի պես երկաթներուն փարեցաք,
     Նոթի՜:
    
     Թող ձեր մուրճն ա՛լ չըկայծակե սալին վրա.
     Մըխված մընան թող ատամները սղոցին`
     Հեցին.
     Կոճղին խըրված` թող խեժերեն ժանգոտի
     Կացինն:
    
     Ի՛նչ փույթ թե որբ մընա շարժիչ մեքենան,
     Եվ գործատան մեջ ճիվաղներ սողան լուռ.
     Ի՛նչ փույթ ո՛ւր
     Դառնա ճախրակն, ու խորտակվին լույծ փոկերն
     Ընդհանուր:
    
     Դե՛հ քրտնաբույր ձեր շապիկներն հանեցեք.
     Թող ճենճոտած ձեր գըտակները նետվին
     Հնոցին.
     Գլուխնիդ այսօր պիտի սուզիմ արևուն
     Բոցին:
    
     Ինծի՛ եկեք, եկեք ինծի՛, Եղբայրնե՛ր,
     Ձեր ամենուդ այսօր տոնն է Մայիսի,
     Վասընզի
     Հողն ըստեղծիչ, ձեր ըստեղծիչ արյան լոկ
     Կը խոսի:
    
     Զեփյուռն ահա՛, ո՛վ տառապյալ հոգիներ,
     Ձեր կուրծքերուն բացե՛ք վերքերն` իր անգին
     Խունկին.
     Աղբյուրն ահա՛, թո՛ղ գըլուխնիդ իր լույսին
     Հակին:
    
     Դեղձին ահա՛, ծաղիկներն իր կ’անձրևե
     Ձեր կոշկոճված ձեռքերուն վրա արյունոտ.
     Եվ կարոտ
     Կը զգա մայրին` որ գըրկեք զինք թևերով`
     Վիրոտ:
    
     Ահա Արև՜ն, Արև՜ն ահա. լոկ ձեզի`
     Այսօր կ’նայի. կը համբուրե միայն ձե՛ր
     Ճակատներ.
     Ան` բոլոր մյուս ճակատներուն վրա իշխող
     Է թըքեր:
    
     Ձե՛րն են դաշտեր, ձե՛րն է Քաղաքն, որուն լուռ
     Փողոցներեն պետք է անցնի լոկ այսօր
     Ձե՛ր թափոր,
     Դրոշներ ծըփան, ծաղկին հույսեր, և գոռա
     Շեփոր:
    
     Հանգի՜ստ երգեն թող ձեր բոլոր արծիվներ.
     Հանգի՜ստ երգե քընարս, որուն, ձեզ համար,
     Իբրև լար,
     Ես արծիվի տըվի այսօր աղիքներ`
     Որ գոռար:
    
     Թող ձեր շեմերը ողողվին վարդերով:
     Երբ գա լուսինն ու իր բիբերը բոցե
     Հածե`
     Բալասանո՜վ թող այս գիշեր ձեր դուռներն
     Օծե…
    
     22. ՀՐԱՇՔԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ
    
     Աղջի՜կս, եկո՜ւր, քեզ տանիմ
     Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն
     Վըճիտ Աղբյուրն Հըրաշքին:
     Հիվանդներուն թափորն անոր կը դիմե
     Արևին տակ հազալով:
     Լուրթ ու կարմիր վարշամակով, խուռներամ,
     Կ’երթան դանդաղ. կը լըսե՞ս ձայնն աղոթքին
     Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն:
     Ձեռքդ ինծի տուր դո՛ւստըր, աչքերըդ ծածկե
     Ձյունասպիտակ քողիդ տակ`
     Որ ըզգաս խոր – մինչև դըպչիլը հոգվույդ –
     Արեգակին հոտն առողջ`
     Որ շուրջը մեր կը բարձրանա ավասիկ
     Անդորրավետ այգիեն:
     Տերևներուն տակ լայնշի
     Կը կարմըրին ողկույզներն, որքա՜ն ատոք.
     Որթատունկին կորակոր
     Կարծես գինին – որ աշնան
     Ծունկերուդ ուժ պիտի տա –
     Հողին վըրա պիտի թափի անհամբեր:
     Քալե՛, աղջի՛կըս, քալե՛,
     Մո՛տ է Աղբյուրն Հըրաշքին:
     Վատախտարակ ամբոխը զայն չըծածկած,
     Աղջի՛կըս, տե՛ս, ինչպե՜ս հըզոր կը բըղխի
     Ժայռին ծոցեն գուռին մեջ:
     Սարավանդեն թըխապըտուղ մորենին
     Անոր վըրա է կախվեր:
     Ո՜րքան մարգրիտ ակին մեջ.
     Եվ գուռին մեջ ո՜րքան լույս:
     Հովիտին խորը թագնված
     Ան ադամանդ ու երգ է,
     Երգ մըն է ան` մենության մեջ գըլգըլուն`
     Որուն ի լուր մայր բընությունը շուրջի
     Գիշերվան մեջ կ’ավշավետի, կը մեղմե
     Ծըլարձակման աշխատանքն իր ծանրակիր:
     Հեռուներե՜ն ու խորերե՜ն ան կու գա.
     Կ’անցնի թագուն անձավներե` ուր առկախ
     Շըթաքարեր կան լազվարթ
     Նայադներու աչքերուն մեջ արտասվող,
     Ուր կա սառույց բյուրեղյա`
     Որուն հազիվ կը հասնին
     Մայրիներուն վիմապատառ արմատներն.
     Հոն կան բրածո ադամանդյա խըլուրդներ,
     Մարգարտացած հին օձեր,
     Հոն կան հուրեր, լույծ ոսկիի լըճակներ,
     Լայնածավալ անտառներ`
     Իրենց մեջի մրրիկներով ածխացած…
     Հեռուներե՜ն ու խորերե՜ն ան կու գա:
     Եվ կը պատմեն թե առած է ա՛յն օրեն
     Պայծառությունն իր լուսեղ`
     Երբ սըրբուհի մը մոտակա գյուղերեն
     Եկավ անոր մեջ լըվալ
     Համեստ աչքերն այր մարդե բնա՛վ չհամբուրված:
     Ո՜հ, ջուրն է սուրբ, աղջի՛կս, ջուրը դեղ է`
     Գերեզմանի հոտ բուրող
     Ամեն տեսակ ախտերու:
     Հիվանդներու հոտն ահա
     Ի՜նչպես անոր լույսին վըրա կը հակի:
     Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և ջուրին մեջ կը հազան.
     Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և ջուրին մեջ կը տըքան:
     Կիներ են, տե՛ս, որ բընավ
     Վարդ շըրթունքներ և վարդ այտեր չունեցան.
     Ծըխախոտի արտերուն մեջ թունաբեր
     Ծառին բունին վրա բուսնող
     Սունկերուն պես դեղնեցան:
    
    
     22. ՀՐԱՇՔԻՆ ԱՂԲՅՈՒՐԸ (Շարունակելի)
    
     Իրենց արգանդը երբեք
     Բեղմնավորել չզորեց սերմն առնական:
     Կ’ըմպե՜ն, կ’ըմպե՜ն, և կը կապեն մաքրենի
     Մորենիին ճյուղերուն
     Հարսանեկան նուրբ նարոտնին իբըր նվեր,
     Ու ավասիկ պտուկներն իրենց ծիծերուն
     Անգամ մըն ալ կը թաթախեն Աղբյուրին
     Զովության մեջ, ու կ’ըմպե՜ն…
    
     Տըղաքներ են, պատանիներ ջլախտավոր,
     Գործատունի մեջ ծընած,
     Որոնց աչքին մեջ խուժեց
     Արյուն մ’հիվանդ ու տեռատես, կամ որոնց
     Թևն ու սըրունքը, մեքենան հաստաբեստ
     Իբրև վիշապ մ’ամեհի`
     Խըլեց, խառեց, կուռ ժանիքովը կասկեց.
     Կու գան ահա՛ նըվիրական ջուրին մեջ
     Լըվալ իրենց Աշխատանքի վերքերուն
     Բերանն հրաբորբ, և բիծերն
     Իրենց երկար թարթիչին:
    
     Կույսեր են, տե՛ս, ժանեկազարդ քույրեր են`
     Որ բարձին վրա հալեցան
     Փըրփուրներու պես անգայտ,
     Որոնց թոքին կեսն, ավա՜ղ,
     Դատարկեց որդը սիրո,
     Եվ արդեն իսկ պըտըղցուց
     Սըրտերուն վրա իր սողոսկյունը ցըրտին:
     Ահա լայնշի քողերուն տակ կը հակին
     Աղբյուրին վրա, կը խըմեն փա՜կ աչքերով.
     Ավերն իրենց դեմքերուն
     Չըտեսնելու համար խորունկը ջուրին`
     Կը խըմեն փա՜կ աչքերով:
     Եվ կը զոդեն մազերնեն փունջ մ’օծանուտ
     Մորենիին` արդեն նվերով բեռնավոր,
     Ու կը դառանան մըմունջներով աղոթքի
     Բլուրին գոտի եղող ճերմակ ուղիեն:
    
     Դո՛ւստըր, ահա մինակ ենք.
     Հավատքը թող տաք անձրևի մը նըման
     Մեր սըրտերուն մեջ ցողի:
     Եկո՛ւր, եկո՛ւր, ո՜վ իմին Սերս անուշակ,
     Զանակացոլ ավազուտին վըրա նուրբ
     Ծալլե ծունկերըս դողդոջ
     Եվ Աղբյուրին վրա ծըռե:
     Ահա ես քողդ ե՛տ առի. ո՜րքան լույս
     Ճառագայթեց դեմքիդ վրայեն` ակին մեջ:
     Կարծես բերնին մեջ Աղբյուրին` երկինքեն
     Աստըղ մ’ինկեր կը ցոլա:
     Ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե՛…
     Եվ թող կուրծքիդ տակ մեռնի
     Եղեռնավոր սերն այն հըպարտ պարմանին`
     Որ քեզ տվավ իր մատանին, սիրտը` ո՛չ:
     Մի՛, մի՛ հազար, ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե՛:
     Այս ջուրը ջինջ Աստվածամոր արտոսրով
     Է քաղցրացած, թախիծդ ընդհուպ կը բուժե.
     Նորեն այտերդ գինիի մեջ թաթախված
     Շուշանի պես` պիտ’ բուրեն
     Գեղ ու առույգ թարմություն.
     Եվ երբ քալես պիտի սըրսփա միսըդ հույր
     Բյուր ձևերով ներդաշնակ:
    
     Ըմպե՛, աղջի՛կըս, ըմպե.
     Եվ Աղբյուրին ձոնելու
     Նըվերըդ ահա՛, կը տըրոփի ափիս մեջ.
     Տատրա՜կն է այս Աստղիկին,
     Վարդ կըտուցով, փետուրներով ձյունաթույր
     Տատրա՜կն` որ միշտ թևածեց
     Շուրջը գըլխիդ, ըստինքներուդ վրա թառած`
     Խըմեց ջըրիկն իր անհագ
     Սըրտիդ ակեն վիրավոր:
     Այս` քու հիվանդ սիրույդ պատկերը, մորթե՛,
     Գուռին քարին վրա մորթե՛:
     Հերի՛ք ծոցիդ մեջ գըգվես
     Գըլուխը ժիր և մագիլներն իր խոցող:
     Հերի՛ք լուսեղ ափիդ մեջ
     Կերցընես կուտն իր անգին.
     Աստղիկի պես տատրակը վարդ կըտուցով,
     Գուռին մամռոտ քարին վրա,
     Մորթե՛, աղջի՛կըս, մորթե՛:
    
     23. ԼՔՈՒՄ
    
     Կորիցէ օրն` յորում ես ծնայ:
     ՀՈՎԲ
    
     Իրիկուն է: Մեր տան դըրան առջևի
     Պարտեզին մեջ բարտիներուն ըստվերներն
     Անհունորեն կ’երկարին:
     Իրիկուն է: Այնտեղ մինակ և տըրտում,
     Ջըրհորին եզրն արմըկած`
     Վար կը նայիմ, կը նայիմ խո՛րն ու կու լամ:
     Ներսը, տան մեջ, հանդարտավետ երգելով`
     Հանիիս հետ մայրըս խաղող կը հընձանե,
     Ու եղբայրներս, իր չորս դին,
     Ողկույզներուն բույրեն արբշիտ կը կայտռեն…
     Ո՛չ ոք, ո՛չ ոք գիտե վիշտն`
     Որ թոքերուս մեջ, զերդ խաշխաշ թունաբեր,
     Արագորեն կ’ուռճանա.
     Ո՛չ ոք գիտե թե ի՜նչ կերպ
     Հուսհատություն օրե օր զիս մահվան հետ
     Կ’ընդելացնե, թե կ’երթամ ի՛նչ ճամբայով
     Կյանքիս մոխիրն ես իմ ափիս մեջ կըշռել.
     Մահկանացու նայվածքներու վարագույր
     Պիտի ըլլա սարդի ոստայնը` զոր ես
     Լռությամբս հոգվույս ավերին վրա կը հյուսեմ:
     Դուն գիտես լոկ ճակատագիրս ահավոր,
     Ո՛վ Լուսնկա ուրվադեմ,
     Որ հուրին մեջ տըրտմաթախիծ կը ժըպտիս
     Եվ զիս քեզի՛ կը կանչես:
     Դո՛ւն գիտես լոկ թե ի՛նչ հողով թունավոր
     Թըրծըված է բաժակն այն`
     Որով կյանքս իմ խըմելու եմ սահմանված.
     Ու կը խոկաս բախտիս վըրա, կը գըթաս.
     Յուրաքանչյուր շիթն արցունքիս` որ կ’իյնա
     Խորության մեջ ջըրհորին`
     Կ’այլանդակե դեմքդ, ու հառաչել կու տա քեզ:
    
     Կանո՜ւխ է դեռ, իմ ձեռքերս իմ արյան մեջ
     Թաթխելու դեռ կանո՛ւխ է:
     Երբ շիրմաբույր իմ գոյությանըս կարոտ
     Սըրտերուն մեջ, սըրտերուն հետ նախ մեռնիմ.
     Եվ հանձնեմ քնարս աստվածներուն ոլիմբյան,
     Որ կը դարձնե դեռ հաճո
     Իմ կյանքս ուրիշ արեգնամոլ կյանքերու.
     Երբ հույսի Ուղտն, ալ խոնջ, ծալլե ծունկներն իր
     Անապատին մեջ օրերուս անծաղիկ,
     Այն ժամանակ, մըտերի՛մ հոր,
     Ամեն անոնք, որ ինձ դափնի կը քաղեն,
     Պետք է դառնան, թող դառնան,
     Շուրջն եզերքիդ, մեռելապսակս հյուսելու.
     Քանզի այն օրն, անիծելով հայրական
     Համբույրը կույր` որ եղավ
     Իմ սև սերմիս առաջնորդ,
     Դարձյալ քեզի՜ պիտի գամ,
     Քու երազկոտ, նիրվանական ջուրերո՜ւդ`
     Ուր ճակատեն կը սըրբըվի` արևուն
     Խարանը պիղծ, կը լըվացվի ամեն տարր
     Ու ամեն հոդ կը հաղթըվի, կը թողու
     Հոգին ազատ, հոգին մաքուր, մըտնելու
     Գիրկն Հանգիստին: Դարձյալ քեզի՜ պիտի գամ,
     Այսպես խաղաղ իրիկուն մ’երբ տնակին մեջ
     Մայրըս կ’երգե, ըզբաղած,
     Մահվան սաստիկ ծարավեն`
     Չըդընելով ուշ եզերքիդ բաղեղին`
     Որ գըթությամբ պիտի կառչի քըղանցքիս,
     Պիտի նետեմ մարմինս այս խոնջ, կարեվեր,
     Խորհուրդիդ մեջ… իմ հետին ճիչս օրհասի`
     Խորության մեջ դարձդարձիկ`
     Պիտի գանգյուն տա քարերուդ միջև թուխ,
     Որուն ի լուր` մերձակա
     Դըռնեն մայրս իմ լեղապատառ պիտ’ վազե.
     Սակայն զարթնուն պիտի քնացող ալիքներդ
     Ու զիս ընդհուպ ընկլուզեն.
     Հետո իրենց սովորական պըշնումով,
     Աղիտավոր գահավիժման ամեն հետք
     Պիտի ջընջեն: Լըռությունն` իր պատըռված
     Պատանքը վրաս պիտի հյուսե վերըստին
     Եվ Լուսնկան (որ պիտի փշրի անկումես
     Ծընունդ տալով հազարավոր աստղերու)
     Հետո դարձյալ, խաղաղիկ,
     Պիտի առնե ձևն իր նախկին, պիտ’ ըլլա
     Ջուրերուդ վրա` իմ անձնասպան հոգիես
     Բողբոջած մեծ արյունլըվա նունուֆար
     Մ’որույն արմատն ոչ ոք գիտե թե ո՛ւր է:
    
     24. ՍԻՐՏՍ Է ՀՈԳՆԱԾ
    
     Սիրտս է հոգնած, վիրավո՜ր.
     Ո՛չ մեկ գարնան ծաղիկներուն կը սպասե.
     Կին մը ապուշ մոլոցքով
     Զայն բըզըքտեց. արդ տասը լույս մատերեն
     Արյուններս են, որ հատերու պես նուռի,
     Կաթիլ կաթիլ կը ծորին…
     Սիրտս է հոգնա՜ծ,
     Ու սերս իր մեջ վիրավոր:
    
     Քնարս է տըրտում, փըշըրվա՜ծ.
     Կը սպասե ո՛չ մեկ տոնական գինիի.
     Կին մ’անգիտակ ոճիրով
     Անոր լարերն աղիքներուս մեջ փետտեց…
     Ու տոսախե պորտին մեջ
     Կըթեց թույներն իր ծիծերուն ու լեզվին…
     Քնարս է տըրտո՜ւմ,
     Ու երգս իր մեջ վիրավոր:
    


    
     25. ՎԱՐՈՒԺՆԱԿԻՍ
    
     Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս`
     Որ սըրտիս վրա բացվեցար,
     Եվ քեզի հետ բացիր հոգիս վըշտահեղձ
     Նոր երազի մը պայծառ:
    
     Հին օրորանն, որ թաղարի պես լըքված,
     Կ’ըլլար խըշտյակը սարդին,
     Կենդանացա՜վ ճըռվողյունով, բույնի պես
     Պաճուճվեցավ վերըստին:
    
     Արև մը նոր, շողերուն հետ աչքերուդ,
     Շեմիս վըրա ցաթեցավ.
     Եվ վանդակին մեջ կաքավս վիրավոր
     Կարկաջեց երգ մը անձկավ:
    
     Դուն սենյակե սենյակ թըռար դեդևուն
     Բույնեն ինկած ծիտի պես.
     Ձայնեդ դյութված` այցելեցին տընակիս
     Սերոբեներ լուսագես:
    
     Աղվո՜ր, աղվո՜ր, աղվո՜ր վարդն իմ Գարունիս,
     Եկուր նըստե` ծունկերուս.
     Թող լուսնակի պես` մըռայլ ծոցս ողողեն
     Ոսկի վարսերըդ սընդուս:
    
     Շըղթայե վիզըս այդ թևերովըդ քընքույշ
     Նըման ծաղկե մանյակի.
     Ժըպտե՛ ինծի, որ ցուրտ անդունդը սըրտիս
     Արշալույսո՛վ բըռընկի:
    
     Խոսե՛ ինծի, անծանոթ խոսքը, զոր դուն
     Երկինքեն հետըդ բերիր,
     Կը բան շողը` վարդն, իսկ շուրթը մանկան
     Աստուծո մատը կարմիր:
    
     Նայե՛ ինծի, լուսնակն ինչպես կը նայի
     Դամբանին խորը խավար.
     Սերըս մեռած` պիտի առնե հարություն
     Ու պիտ’ ապրի քեզ համար:
    
     Քեզի՜ համար, որուն միսն է գոյացած
     Շուշաններու թերթերեն,
     Մյուռանաբույր շապիկն հյուսված է թևով
     Թիթեռներու նըկարեն:
    
     Քեզի՜ համար, ո՛վ իմ քերթվածըս անմահ`
     Զոր արյունովս հըղացա,
     Զոր երգեցի` հպելով սըրտիս լարերուն
     Լարն ամենե՛ն դյուրազգա:
    
     Քու ձեռքըդ լոկ դեռ կը բըռնե զիս կանգուն
     Ավազներուն վրա փառքիս.
     Եվ մազիդ մեկ թելը բա՛վ է կապելու
     Տիեզերքին հետ` հոգիս:
    
     Վարուժնա՛կդ իմ, իմ փափկասո՛ւն Դիցուհիս,
     Ո՛վ քընարե դու հոգյակ,
     Թող որ արցունքս, որ այտերուդ վրա կ’իյնա,
     Ըլլա ծիծաղ կամ սուտակ.
    
     Բիբերուդ թող սըրսկեն աստղե՛րն երկընքին
     Իմ խորշոմած ճակատիս`
     Որ իր վըրա, թագի պես, բա՛րձըր բըռնեց
     Խոր ըսպիները սըրտիս:
    
     Զի ես անդո՛ւնդն եմ` որ կ’ըլլա երջանիկ
     Փոսուռայի մը լույսով.
     Անապա՛տն եմ, որ երկինքին կը ժըպտի
     Իր ծըլարձակ մե՛կ բույսով:
    
     26. ԱՆԻՇԽԱՆՈՒՀԻՆ
    
     Պիտի մեկնիս: Սև պարեգո՛տդ ես հագած.
     Ներքև քու այդ բաղեղնազարդ փեղույրին
     Դուն կը թըվիս զոհ մը ինծի` բարձրացած
     Մարմարակերտ բագինին:
    
     Զո՜ւր հուսացի օծումն հոգվույդ սիրահալ
     Դուն փափկությունը չունեցար կիներուն.
     Մատերդ հինա չըներկեցիր, և ոչ ալ
     Հավերուն կուտ տըվիր դուն:
    
     Միշտ սերտեցիր Մարգարեներն ռահվիրա
     Քու կուսական գիշերներուդ մեջ արդար.
     Եվ Բրյուտոմի եղեռնաբույր գանկին վրա
     Գարուններով թուխս նըստար:
    
     Դուն կըկեցիր դավեր և ռումբ շաղվեցիր.
     Գաղափարի հուրե՛րն աչքերդ բըղխեցան.
     Սև գանգուրներդ, ուսերուդ վրա ցանուցիր,
     Եղան դրոշակը Մահվան:
    
     Ռունգրըդ արդ կը բաբախեն բոցանուտ
     Հորիզոնին դեպի հովերը անհուն.
     Կը փըրփըրի մարմինիդ մեջ կենեղուտ
     Հըրդեհն հըզոր գահերուն:
    
     Բո՞ց կը տանիս պալատներուն` թե ժանտախտ…
     Ծըրարվեր են շանթեր սըրտիդ մեջ խորով.
     Օրենքներուն, թագերուն վրա ձեռքդ է լա՛խտ,
     Գիրգ ձեռքըդ` լի վարդերով:
    
     Հակառակ իմ տարփանքներուս կ’երթաս դու:
     Զո՜ւր տեղ ըզքեզ խընդրեցի հարսն իմ հյուղին.
     Սիրտդ է պըտուղ մը նըռնագեղ` որ կ’հեղու
     Թո՜ւյն` ափին մեջ բացողին:
    
     Գընա՜, և ես թող միամիտ հավատամ
     Թե պիտ’ դընեմ օր մը գըլուխիդ պըսակներ,
     Եվ ռումբը սա` զոր հիշատակ քեզ կու տամ`
     Օր մը Աշխա՜րհն է ջահեր:
    
     27. ԵՓՐԵՄ
    
     Դագաղն արդեն փակվեցավ. վըրան վարդեր Շիրազի,
     Սուր մը հըսկա, դեռ ջերմիկ, ուրկե արյո՛ւն կը հոսի:
     Կափարիչին տակ կը նիրհե, անմահությամբ սըրարբած,
     Շանթն Աստուծո` խորտակված:
    
     Զինվորներ լուռ կ’արտասվեն. թնդանոթները կ’ողբան
     Ահեղ անունը անոր, բարձունքներուն վրա լերան,
     Եվ ձորերուն մեջ` իրենց պողպատակուռ երախեն
     Կ’հեղուն արցունք հըրեղեն:
    
     Եփրե՜մ… անունդ ավասիկ քանդակվեցավ խորասույզ
     Արծիվներուն կուրծքին վրա, և ճակատին վրա դարուս,
     Անուն մ’որ միշտ կայծակո՛վ փորագըրված պիտի մնա
     Ազատության սուրին վրա:
    
     Երիվարիդ վրա անցար` ինչպես ամպրոպը կ’անցնի`
     Տանելով կրակն երկնային իր ծոցին մեջ հոլանի.
     Դուն լոկ պատանք ըզգեցար, սըփռեցիր քու ծիրանին
     Ժող’վուրդներու քամակին:
    
     Կարիպալտին` Հռովմինն է, և Բոնաբարդ` Ոճիրին.
     Կը պատկանիս դո՛ւն միայն Ազատության Ոգիին:
     Ըզքեզ խրճիթ մը ծընավ, հայ վիշտը քեզ օրորեց.
     Այդ վիշտին չափ եղար մեծ:
    
     Հայրենիքն այն, զոր քու մեծ ըստվերովդ իսկ լեցուցիր,
     Ի՛նչ փույթ թե օր մը հյուղիդ քարերն ըրավ ցանուցիր,
     Գերիներու շըղթան ա՛յժմ էր քավությունը ինքնին
     Հազկերտներու ոճիրին:
    
     Պատառ պատառ կը հոշվեր ձեռքերուն մեջ Բըռնության
     Հաֆըզներու երկիրն հեգ, սոխակներու Վարդաստանն:
     Հարկ էր փըրկել Գեղեցիկն ու Գաղափարը ցանված.
     Կապեց սուսերըդ` Աստված:
    
     Նըժույգդ հեծար, հեծար այդ կայծակնավազ կենդանին`
     Որուն չհասան քամիներն ու ետևեն հևացին.
     Մռունչը փողիդ թավալեց գոռոզ վաշտերն հըրեղեն`
     Եվ Ահրիմանն` երկինքեն:
    
     Քաղաքներուն ապըստամբ դըռներն ի փուլ բացվեցան
     Հրանոթներուդ կատաղիշունչին առջև հրահոսան:
     Խըլեցիր թագն Իպլիսին, ու զայն դըրիր վերըստին
     Մանուկի մ’հեզ գըլուխին:
    
     Փախան Շահե՛րն առջևեդ. Պատմուճաննին պատառտուն
     Հազիվ բավեց ըլլալու պատանքն իրենց զորքերուն:
     Սիրեց նըժույգդ հաղթական դընել անոնց գահին վրա
     Լուսաբուղխ պայտն արյունլվա:
    
     Դուն սիրեցիր ողջունել ծագող Արևն Իրանին
     Աստվածորեն միշտ կանգնած թընդանոթիդ կատարին,
     Կառքիդ ետև շըղթայած` բերիր գերի բանակներ
     Ժողովուրդիդ զերդ նըվեր
    
     Բայց ակոսն այն, զոր սուրովդ հողին լանջքին վրա բացիր
     Պետք ուներ քու արյունիդ` որ բողբոջեր լուսալիր.
     Եվ մարմարյա՛ ճակատեդ պոռթկաց Արյունդ հըրաշող
     Արշալույսին պես ծագող:
    
     Ինկա՜ր… նըման արծիվին որ կ’իյնա վա՛ր ամպերեն`
     Ճանկին մեջ շանթը շոպած, հոգվույնմեջ մաս մ’արևեն.
     Անհունին մեջ քու անկումդ` ինչպես նաև սըրտերու`
     Բացավ ակոս մ’ահարկու:
    
     Ով որ զարկիր թուրիդ տակ` դյուցա՛զ մ’ըրիր զանիկա:
     Դյուցազնացար մ’ավելի դուն քու մահովըդ հըսկա:
     Ա՜յս է վըճիռն, երբ Աստված կարկառե պսակը փառքի`
     Հանճարն հարկ է խոնարհի:
    
     Խոնարհեցար արյունլվա` խորության մեջ անոհւնին
     Ինչպես Արևն հըրավառ կ’ընկըղմի ծոցն օվկիանին.
     Մարմինս` Անդունդը առավ, սուրըդ առավ` Եհովան,
     Անունդ առավ` Ապագան:
    
     … Կ’երգե Իրանն հաղթանակ, արդեն կու գա նոր Գարուն,
     Եվ կը հյուսվի դափնիի ճյուղ մը` քնարիս լարերուն:
     Իսպահանի լիճերուն մեջ կարապներն աղվական
     Մարգրիտներով կը լոգնան:
    
     Զո՜ւր է, Եփրե՛մ. Մինչ ազատ Ժողովուրդները արդեն
     Պըղընձախյուսն արձանիդ Արշալույսով կը շաղվեն,
     Հո՛ն, շիրմիդ վրա, հերարձակ Մայր մը կա միշտ ցավագին
     Լըքվա՜ծ Վիշտին մեջ կըրկին:
    
     28. ՄԱՏՅԱՆՆ ԱՀԱ…
    
     Մատյանն ահա` զոր խոստացա… Երբ գըտնես
     Հոն դարերու կյանքին Երազն ահատակ,
     Եվ Բագոսի քըրմուհիներ վարդերես
     Որ կը պարեն բըլուրին վրա, լուսնին տակ,
    
     Եվ աստվածներ` որ կ’ուզեն սիրտն Հոմերին
     Դե ողջակեզ, կամ Մեսալին մ’հըրաչյա`
     Որ պատանքի տեղ կը սըփռե ծիրանին
     Սերեն մեռած ասպետներուն մարմնին վրա,
    
     Երբ հոն գըտնես Պոմպեյի գիշերներ,
     Նո՛ւռն` հրաբխին բերանին վրա հասունցած,
     Հետո այն Դարն` Հիսուսի պես կարեվեր`
     Արշալույսի մը երկունքեն բըռնըված:
    
     Երբ հոն գըտնես սիրտեր ճրագի պես մարող,
     Մաքառումներն երկաթներուն ու մարդուն,
     Ցեխեն կանգնող Ոճիրը խենթ, անսըքող,
     Որ կը խըմե արյունն անմեղ վարդերուն,
    
     Ո՛վ բարեկամ, խորհե թե Երգս է պատմեր
     Ցավն հաճույքին և հաճույքները ցավին.
     Սիրտն ըսկիհ մ’է` ուր երբ լեցվին գինիներ
     Աստվածներու սուրբ արյունին կը փոխվին.
    
     Խորհե թե սանձն արևաբիբ Բեգասիս
     Ոչ ոք կըրցավ իր ափին մեջ ամփոփել.
     Ագռավներուն կըռընչյուններն ամախեզ
     Խըրտչեցընել չըկըրցան վազն անարգել.
    
     Խորհե թե միշտ քըննադատն է միաչյա,
     Եվ ներքինի` բարոյագետը խոհեմ.
     Տառապած Սիրտն ո՞վ պիտի կշռել կարենա
     Նըժարին մեջ Տիեզերքին դեմ առ դեմ:
    
     Ա՛ն լոկ կըրնա ճանչնալ Երազը սրարբած`
     Ո՞վ կ’արբենա կյանքի դիրտովն ու խունկով,
     Ա՛ն որ Մարդն է` լույսով ցեխով թըրծըված,
     Ա՛ն որ Մարդն է` սըրբագործված արցունքով:
    
    
     Վ Ե Ր Ջ
    
    
    
    
Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
| | |
7219 | 0 | 0
Facebook