Ակնհայտ է թե անհայտ ես սիրում եմ քեզ
Սեգ սարերիդ վեհությամբ քո էությամբ հեզ,
Քո նորացող հնությամբ, քո պատմությամբ վեհ
Ու քո ընտրյալ սրբությամբ աստվածապարգև:
Ես սիրում եմ հողագործ ժողովրդիդ քաջ
Որ միշտ զինվոր է եղել թշնամու առաջ,
Որ դարերի խորության մշուշոտ հեռվից
Քեզ արյամբ է պահպանել ու հասցրել ինձ:
Հերոսներիդ եմ սիրում անվախ, անցնուրաց
Ովքեր կարում են անվերջ քո վերքերը բաց,
Թեև նրանց սարսափից ոսոխը գնաց
Քո հարազատ թշնամին սրտումդ մնաց:
Ավաղ բռնում եմ այսօր ճանապարհ երկար
Ու հեռանում եմ քեզնից` երկրներ օտար,
Ես արցունքոտ աչքերով պիտի նայեմ հետ
Արտագաղթում եմ այսօր, բայց կդառնամ ետ:
Թեև գնում եմ թողած տունս հայրենի
Դեմքիս առաջ կպահեմ միշտ մի հայելի
Որ նայելով աչքերին հայաստանալի
Վերադառնամ իմ անուշ հողը մայրենի:
Ֆեյսբուքյան Իմ օրագիրը էջից