Ի՞նչ է սուտն իմ պատկերացմամբ: Եթե այս հարցն ինձ ուղղեին դպրոցական տարիքում, ես կպատասխանեի, որ սուտը մարդու ներսում գտնվող մի մեծ պարկ է. ինչքան շատ ես սուտ խոսում, այնքան այդ պարկը մեծանում է և ի վերջո մի օր հնարավոր է, որ այն այնքան մեծանա, որ հանկարծակի պայթի:
Իսկ հիմա… Հիմա փոքր-ինչ դժվարանում եմ հստակ սահմանում տալ սուտ կոչվածին: Հիմա այլ կերպ եմ նայում ստին: Ինձ համար այժմ սուտը միայն ասելով կամ խոսելով չէ, որ սուտ է: Այսպես ասած միայն թեթև և ծանր սուտը չէ, որ սուտ է: Ինձ համար կա նաև ստի երրորդ տեսակ: Սուտ է կոչվում նաև անհույս հավատալը, անիմաստ սպասելը, անօգուտ համոզելը: Ասացեք ինձ, մարդի´կ, արդյոք սուտ չի կարելի համարել այն, երբ քեզ շատ հարազատ մարդն ուղղակի այլևս կողքիդ չէ, անունդ չի տալիս, բարի լույս կամ բարի գիշեր չի մաղթում, քեզ իր ստեղծած մականունով չի դիմում, դժվար պահիդ օգնության ձեռք չի մեկնում, ուրախությունդ և վիշտդ չի կիսում, բայց դու շարունակում ես հավատալ այն մտքին, որ ձեր ստեղծած աշխարհը կա, ապրում է դեռ: Դու հավատում ես, որ դեռ գալու է այն օրը, երբ միասին խենթանալու եք և միասին ծիծաղելու եք ձեր խենթությունների վրա: Երբ միասին կարոտելու եք, անասելի կարոտելու եք ձեր կորցրած ժամանակը: Երբ տխրելու եք և արտասվելու եք միասին: Երբ գիշերները քնելու փոխարեն, շարունակելու եք խոսել, խոսել ձեր ապագայի ծրագրերի մասին, ձեր անիրական թվացող երազանքների մասին: Երբ ստեղծելու եք ձեզ համար նապատակներ միասին դրանց հասնելու համար: Դու շարունակում ես հավատալ, որ դեռ շատ արկածներ եք ունենալու միասին, որ միշտ իրար պաշտպանելու եք: Աշխարհին ապացուցելու եք, թե որքան մտերիմ և կապված կարող են լինել երկու միմյանցից տարբեր և միևնույն ժամանակ միմյանց նման մարդիկ: Այ հենց այսպես դու ստեղծում ես ձեր աշխարհը` ձեր երկուսի աշխարհը: Ստեղծում ես այդ անիրական աշխարհն ու ապրում նրա մեջ: Ապրում ես անօգուտ երազելով, անհույս սպասելով, անիմաստ ինքնդ քեզ համոզելով, որ այն իրական է, որ այն կա` գոյություն ունի: Սակայն իրականում ոչինչ էլ չկա: Իրականում չկա երջանկություն թվացող այդ մտերմությունն ու կապվացությունը: Չկա փոխադարձ նվիրվածությունն ու հոգատարությունը: Կա միայն հորինված սուտ, որին հավատում ես` հեռանալով ցավոտ իրականությունից: Ստիդ մեջ կենսախինդ և երջանիկ ես, իրականում` անհույս, ուղղակի ապրում ես: Իրականում չկաս դու և նա: Չեմ ուզում այս մեծ աշխարհում ես մնալ մենակ: Ուզում եմ փակել աչքերս նորից և վերադառնալ ստի իմ աշխարհ: