Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Համո Սահյան--- Նոր տարվա հետ նորանալով

20:49, Понедельник, 16 Декабря, 2013 года
    
    
    

ՆՈՐ ՏԱՐՈՒԱՅ ՀԵՏ ՆՈՐԱՆԱԼՈՎ
    
     ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ
    
    
     Հրաժեշտի ու հանդիպման
     Երանելի մի ակնթարթ ...
     Զրը՜նգ, զրը՜նգ, - ծոր է տալիս
     Ժամացոյցի զանգը հանդարտ:
     Սեղանների վրայ թողած
     Իր օրհնութիւնն ու իր բարին,
     Հարազատի յօժարութեամբ
     Հեռանում է յոգնած տարին:
     Մանուկ տարին իր սպիտակ
     Խանձարուրից աչքը բանում,
     Ուրախութիւն, ուրախութիւն,
     Ուրախութիւն է խոստանում:
     Ուրախանանք նոր տարու հետ –
     Նոր տարու հետ նորանալով,
     Հին հոգսի հետ մեր քունքերի
     Ճերմակն անգամ մոռանալով ...
     Եկէք մաղթենք – այսպէս կանգնած
     Սեղանների շուրջը հարուստ –
     Գնացողին՝ բարի ճամբայ
     Ու եկողին՝ բարի գալուստ:
     Խմենք կենացն այս նոր տարու,
     Մի քիչ բացուինք ու արթնանանք,
     Տխրութիւնը միշտ կը լինի,
     Այսօր մի լաւ ուրախանանք,
     Մեր սրտերում ուրախութեան
     Կրակն այսպէս թող ճարճատի,
     Որ ծիծաղներ ծաղկին՝ ծալ-ծալ
     Ակօսներում մեր ճակատի:
     Ուրախանանք նոր տարու հետ,
     Նոր տարու հետ նորանալով,
     Դալարելո՛վ մեր կեանքն ապրենք,
     Ոչ թէ դանդաղ չորանալով ...
     Խաղաղութիւն մաղթենք հողին,
     Մաղթենք՝ ամէն սար ու ձորում
     Բողբոջներին բացուելու բախտ
     Եւ ծիլերին՝ հասկաւորում:
     Սիրողներին մաքուր սիրոյ
     Հաւատ մաղթենք մի հաստատուն,
     Իմաստունին կորով մաղթենք,
     Եւ կտրիճին՝ իմաստութիւն:
     Մերձաւորին վստահութիւն,
     Մեծաւորին ներող հոգի,
     Բարուն ազատ թեւեր մաղթենք
     Եւ բարութիւն՝ ամէն ոքի:
     Բոլոր մարդկանց մաղթենք՝ իրար
     Ջերմացնող մի ջերմութիւն,
     Մի մտերիմ, մի մտերիմ,
     Մի մտերիմ մտերմութիւն:
     Ուրախանանք նոր տարու հետ
     Նոր տարու հետ նորանալով, -
     Մեզ աւելի լաւ ճանաչենք
     Մեր հուգու մէջ խորանալով...
     Եկէք խմենք մեր այս միակ,
     Անկրկնելի կեանքի կենաց,
     Մեր ձեռքերի ճարտարութեան
     Ու մեր արդար ջանքի կենաց,
     Այս նոր տարուայ առաջին ձեան
     Եւ առաջին ծաղկի կենաց ...
     Զարկենք թասերն ու դատարկենք
     Մեր այս սեղան-սինու կենաց,
     Քանի գինին մեզ չի խմել,
     Խմենք նաեւ գինու կենաց ...
     Մեր սրտերում ուրախութեան
     Կրակն այնպէս թող ճարճատի,
     Որ էլ հոգսի հետք չմնայ
     Կնճիռներում մեր ճակատի:
     Ուրախանանք նոր տարու հետ,
     Նոր տարու հետ զօրանալով, -
     Շտկենք սապատն այս աշխարհի,
     Թէկուզ մի քիչ կորանալով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
23762 | 0 | 0
Facebook