Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Պետք է շարժվես առանց կանգնելու ու հետ նայելու

20:49, Пятница, 27 Сентября, 2013 года

Գեղանկարիչ և խեցեգործ Վան Սողոմոնյանին, որը արդեն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Գերմանիայում, մտահոգում է Երևանի այսօրվա դիմագիծը և շատ այլ խնդիրներ կապված հայրենիքի հետ:

-Վերջերս Ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց ձեր անհատական ցուցահանդեսը, որի համար շնորհավորում եմ: Գրեթե ամեն տարի լինում եք հայրենիքում, բայց ցուցահանդես չէիք բացում. և կարելի է ասել, որ դրսում ավելի ճանաչում ունեք, քան հայրենիքում, ո՞րն է պատճառը:

-Անկախ Հայաստանում սա արդեն իմ երորրդ ցուցահանդեսն է` առաջինը Ազգային պատկերասրահում, երկրորդը` Նկարիչների միությունում և այս վերջինը` Ժամանակակից արվեստի թանգարանում: Ինչու Ժամանակակից արվեստի թանգարանում, որովհետև երեսուներեք տարի առաջ, երբ այդ թանգարանը մի քանի տարվա պատմություն ուներ և ընդհանրապես իր տեսակով նորություն էր և առաջինն էր խորհրդային երկրներում, ես բացեցի իմ ցուցադրությունը: Այսօր այս թանգարանը գտնվում է ողբալի և պատիվ չբերող վիճակում, որի համար ես ափսոսում եմ, և հույս ունեմ, որ կառավարությունը վերջապես կընդառաջի, և շենք կտրամադրի այս թանգարանին: Իսկ ցուցահանդես ունենալը, իհարկե, միշտ էլ հաճելի շփում է արվեստակից ընկերների և հասարակության հետ: Ես այդ հաճույքը այս օրերին ապրեցի:

-Ապրում, ստեղծագործում եք Հայաստանից դուրս, ինչը՞ ձեզ տարավ հայրենիքից հեռու, և ի՞նչն է պահում դրսում:

-Գերմանիայիում` ցուցահանդես բացելու հրավերը ինձ տարավ հայրենիքից հեռու: Այն դժվար տարիներն էին, և ինձ առաջարկեցին մնալ և ստեղծագործել իրենց երկրում. այդպես ստացվեց … շատ թե քիչ ծնոթ էին իմ աշխատանքներին, և շատ հարգանքով ընդունեցին ինձ: Ես, իհարկե, Հայաստանի քաղաքացի եմ, քաղաքացիությունս չեմ փոխել, բայց արդեն քսան տարի է Գերմանիայում եմ ապրում:

-Իսկ չե՞ք ուզում հայրենիք վերադառնալ:

-Վերադարձած եմ (ժպտում է), ամեն տարի գալիս եմ. նկարիչը, արվեստագետը ինչքան ազատ ապրի, տարբեր երկրներում լինի, այնքան ավելի լավ է իր արվեստի համար: Ես նույն տեղում չեմ մնում, շատ եմ ճամփորդում տարբեր երկրներ, դա ինձ համար մեծ դիապազոն է. ստեղծագարծող մարդու համար դա շատ կարևոր է, կյանքի փորձ ես ձեռք բերում, արվեստումդ էլ փոփոխություն է լինում: Իմ արվեստում նմանություն չկա, հաճելի է, երբ միշտ շարժման մեջ ես… միշտ գնում ես, գնում ես առանց կանգնելու ու հետ նայելու: Ինչ խոսք, սա իմ երկիրն է, հարազատներս, թոռներս, մտերիմներս այստեղ են ապրում, ես ինձ այլ տեղ չեմ էլ պատկերացնում: Բայց դա չի նշանակում, որ պետք է նույն տեղում մնամ և չշարժվեմ:

-Եթե գնահատելու լինեք, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի այսօրվա մշակութային դաշտը, նաև մշակութային կյանքը:

-Անկեղծ ասած շարժում նկատվում է, կամաց- կամաց հայ փողատերերը հասկանում են, որ առանց մշակույթի ընդհանրապես որևէ ազգ չի կարող գոյություն ունենալ: Բայց ցավոք այսօր մեր մայրաքաղաքը կորցնում է իր դեմքը. քաղաքին պետք է մեկը, դա կլինի գլխավոր նկարիչ, թե ուրիշ մի մարդ, որ կարողանա կազմակերպել քաղաքը, որովհետև այսօր շատ վատ վիճակում է գտնվում մեր քաղաքը:

-Գլխավոր ճարտարապետ, գլխավոր նկարիչ…

- Գիտեք, ինչքան շատ կոչումներ լինեն, այնքան չեն իմանա իրենց անելիքը. օրինակ, հարցնում եմ, թե ում որոշմամբ է Առնո Բաբաջանյանի արձանի տարածքում տեղադրվել այդ բազմազան կանաչապատ երաժշտական գործիքները, ոչ ոք չգիտի, որովհետև ո’չ մշակույթի նախարարությունը, ո’չ քաղաքապետարանը պատասխանատվություն չեն կրում ու չես հասկանում, թե դրանք ում որոշմամբ են կայանում: Շատ անհասկանալի և անճաշակ ձևավորվում է կատարվում Երևանում: Շատ լուրջ պետք է վերաբերվեն այդ հարցին, գուցե համապատասխան պաշտոնը զբաղեցրած անձի ճաշակը այն չէ, բայց նա պետք է իր կողքին ունենա առաջնակարգ մասնագետներ, ովքեր գործից հասկանում են: Ահռելի գումարներ են ծախսվում այդ ամենի համար… ի՞նչ են անում…Արվեստակից ընկերներիս հետ շատ ենք քննարկել այս հարցը, մամուլում էլ է գրվել, բայց կարծեք թե ասածը մնում է օդի մեջ, ոչ ոքի չի հետաքրքրում: Շարունակում են ողբալի քանդակներ դնել աթոռների վրա, շատ ուրախ եմ, որ Չարենցի արձանը կոտրվեց, Աստված տա, որ բոլորն էլ կոտրվեն (ժպտում է) դա բարբարոսություն չէ:

-Հայաստանի համար հիմա այնքան էլ հեշտ ժամանակաշրջան չէ, երբևէ՞ հետաքրքրվում եք Հայաստանի ներքին և արտաքին խնդիրներով:

-Այո, այլ կերպ չեմ էլ կարող: Կարծում եմ, որ միշտ էլ դժվար է եղել ու դժվար կլինի: Այնպիսի երկիր չկա, որ դժվարություն չունենա. մենք ընդամենը քսան տարի է, որ գոյություն ունենք առանց գլխավոր (կրեմլի), մեր գլխի տերն ենք, մեզ տվել են չակերտավոր ազատություն . որովհետև բացարձակ ազատություն չի լինում ընդհանրապես: Քսան տարին շատ քիչ է, շատ թերություններ կան, հուսանք, որ կամաց-կամաց ամեն ինչ կշտկվի, որովհետև փայլուն երիտասարդություն է գալիս, այս վերջին դեպքերի հետ կապված նրանք ապացուցեցին, որ պայքարող և մարտնչող ոգի ունեն: Մի քանիսը կարող են արդեն վախենալ իրենց պաշտոններից:

- Այսինքն, տեսնու՞մ եք Հայաստանի ապագան կապված երտասարդության հետ:

- Այո, հակառակ դեպքում ինչու ենք ապրում, ստեղծագործում, և ընդհանրապես…

Առաջ, եթե իմ աշխատանքների տակ գրվում էր սովետմիություն և ամենաներքևում փոքր տառերով Երևան, հիմա` գրվում է Հայաստան: Դա ուրիշ հասկացողություն է, բոլորը պետք է հասկանան դրա նշանակությունը, որտեղ գնում ես, երկրիդ դեսպանն ես, և պետք է աշխատես բարձր պահել երկրիդ անունը: Ես միշտ աշխատում եմ, որ առավելևս դրսում որևէ սխալ քայլ չանեմ:

-Երբ տարիների հեռվից նայում եք, ի՞նչն է մեզ մոտ անդառնալիորեն փոխվել, որ ափսոսում եք ու չէիք ուզենա, որ այդպես լիներ:

-Լավ տեղաշարժ եմ նկատում մարդկային վերաբերմունքում, օրինակ մի քանի տարի առաջ Երևանում, եթե փորձեիր փողոցն անցնել մեքենան ուղիղ վրադ էր գալիս, իսկ հիմա վարորդները ճանապարհ են տալիս, որը շատ ողջունելի է: Լավ փոփոխություններ կան: Բայց տխուրն այն է, որ աշխատանք չկա ու մարդիկ գնում են, օտար երկրում են կառուցում, օտարին են շենացնում. ինչքան էլ դրսում կառուցեն, միևնույն է դա մերը չէ: Մենք մեր հողի վրա պետք է կառուցենք: Վատն այն է, որ արժեքներն են փոխվել, հերիք է կառուցեն սուպերմարկետներ, խաղատներ ու նման բաներ և խայտառկությունն այն է, որ հեռուստաէկրաններից ամբողջ օրը այդ խաղատներն ու գիշերային ակումբներն են գովազդվում: Եվրոպական երկրներում չեն համարձակվում նման բան անել: Մենք պետք է հասկանանք, թե որն է մեզ համար կարևորը, որ վաղը ապագա ունենանք:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5896 | 0 | 0
Facebook