Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Արվեստագետը պետք է ժողովրդի կողքին լինի

19:11, Понедельник, 09 Сентября, 2013 года

Զրուցակիցս է Պետական ակադեմիական երգչախումբի ղեկավար, ինչպես Հովհաննես Բաղրամյանն է նրան բնութագրել` «խմբերգային արվեստի մարշալ» Հովհաննես Չեքիջյանը: Ըստ մաեստրոյի երգչախմբի գլխավոր առաքելությունը` հայ ազգային երաժշտության տարածումն ու զարգացումն է, և խմբերգային արվեստի միջոցով աշխարհին հայ ժողովրդին ներկայացնելը: «Այսօր կարող եմ ասել, որ կյանքիս նպատակին հասել եմ» , - ասում է մաեստրոն: Մաեստրոյի հետ զրույցը ծավալվեց ոչ միայն արվեստի, այլ նաև հայի ու Հայաստանի ներկա ու ապագա վիճակի մասին:

-Հայ ժողովուրդը առանձնանում է իր անհատական մտածողությամբ, և ոչ, թե` կոլեկտիվ. ձեզ ինչպե՞ս է հաջողվում երգչախմբի բոլոր անդամներին մեկ գաղափարի շուրջ հավաքել և դարձնել մեկ մարմին:

-Այդ իմաստով դուք պատկերացնու՞մ եք իմ կրած դժվարությունները, պատկերացնում եք անշուշտ (ժպտում է) . դա արդեն երաժշտական արվեստի սահմաններից դուրս է: Կարող եմ հպարտանալ նրանով, որ ապացուցել եմ` հայ ժողովուրդը համախմբված փառահեղ գործեր կարող է անել: Թուլ տվեք ասել, որ դա արդեն այլ մասնագիտություն է, դա երաժշտությունից դուրս է: Այնպես պետք է անել, որ խմբի անդամները այնքան իրար հարգեն ու սիրեն, որ բոլորը մի մարդու նման երգեն, նույն վայրկյանին նույն բանը մտածեն, կողքինին լսելով երգեն, ոչ թե առանձնանան: Բավական բարդություններ կան այս գործում, այս տարիների ընթացքում ինձ հաջողվել է դա անել, և ոչ միայն` ստեղծել եմ կոլեկտիվ, որը համերաշխ է: Հավատացնեմ ձեզ մի բան, եթե արտիստներից երկուսը հանկարծ վիճաբանում են, երեկոյան համերգի ժամանակ նրանց ձայնը միասին չի ներդաշնակում, նման նրբություններ կան մեր աշխատանքում: Հետևապես ես այնպես պետք է անեմ և արել եմ, որ խմբի անդամները սիրով լինեն միմյանց նկատմամբ: Ասելը հեշտ է, անելը դժվար:

-Ի՞նչ հոգսեր ու խնդիրներ ունի այսօրվա արվեստագետը, փոխվել է արդյո՞ք ասելիքը կամ ասելիքի ձևը:

-Հիմնականում այն է, որ այսօր Հայաստանում ապրող արվեստագետը շատ քիչ է վարձատրվում, քան դրսում, դրա համար էլ բոլորը ձգտում են երկրից դուրս գնալ: Պետք է մեր ընդհանուր կենսամակարդակը բարձրացնել. մենք մեր երազին հասել ենք` անկախություն ենք ձեռք բերել, պետք է, որ դժվարություններին դիմանանք և դիմակայենք, ավելի կարևոր հարցեր կան, քան մեր հարցը: Մենք համբերությամբ սպասում ենք, որ մեր ամբողջ երկրի կենսամակարդակը բարձրանա, մեր աշխատավարձն էլ հետը բարձրանա: Ինչ ասեմ…

-Դուք ապրել եք երեք տարբեր ժամանակաշրջան` Ստամբուլ, Փարիզ, եկաք խորհրդային Հայաստան, հետո անկախ Հայաստան: Ի՞նչ կասեք, որևէ բան փոխվե՞լ է արվեստագետին ընկալելու, գնահատելու առումով:

-Ցավոք հիմա ամեն ինչը նյութականացված է և չափվում է ֆինանսով: Ամեն ինչի հիմքում նյութական հարաբերություններն են, որը, իհարկե, իր հետ բերում է մեծ դժվարություններ: Շուկայական հարաբերություններով հնարավոր չէ մեծ արվեստ ստեղծել: Այդ շուկայական շաբլոնը, որ դնում են մեզ վրա, սխալ է, որովհետև մեր խմբի ամեն մի համերգը պահանջում է հովանավոր. Իսկ ինձ համար շատ դժվար է ամեն մի համերգի համար հովահավոր գտնել: Կան մարդիկ, որ ասում են, թող շատ համերգ տան, չհասկանալով, որ ինչքան համերգ լինի, այնքան էլ վնաս կլինի: Չեն հասկանում: Առաջներում էլ դժվարություններ կար, բայց ոչ այսքան, իսկ ինչ վերաբերվում է հյուրախաղերին, դա հիմա ընդհանրապես խնդիր է, որովհետև մեծ գումարների հետ է կապված: Իսկ առաջ այդ ճանապարհածախսի հետ խումբը կապ չուներ:

-Արվեստագետ-հասարակություն և արվեստագետ- քաղաքականություն կապը ինչպե՞ս եք տեսնում:

-Այդ երկուսը, մեկը մյուսի հետ մեծ կապ ունեն, շաղկապված են, որովհետև հասարակությունը առանց քաղաքականության չի լինում, և հակառակը: Արվեստագետը պետք է ժողովրդի համար, և կողքին լինի, ոչ թե որոշ քաղաքականության համար: Մի կուսակցություն չի կարող տնօրինել, և արվեստը չի կարող մի կուսակցության գործիքը դառնալ, դա ժողովրդինն է: Այնպես, որ կա մեկ հասկացողություն` պետք է ծառայես ժողովրդիդ:

-Մեր այսօրվա իրականությունում ինչը՞ ձեզ դուր չի գալիս:

-Գիտեք ինչ, եթե կա մեկը, որին ամեն ինչը դուր է գալիս, ուրեմն նա խելապակաս է, միայն նրանք կարող են միշտ ուրախ լինել: Կյանքում եթե դառնություն չլինի, այդ ուրախության վայելքն էլ չի լինի, մարդը մինչև դժվարություն չտեսնի, մարդ չի դառնա: Հետևապես ես գոհ եմ, որ հարուստ չեմ (ժպտում է), բայց միևնույն ժամանակ էլ չգիտեմ, չեմ հասկացել. իմ կյանքը կամ շատ ճիշտ է կամ շատ սխալ, որովհետև այսօր ամեն մարդ ուզում է քիչ աշխատել, բայց շատ գումար ստանալ: Իսկ մեր այսպես ասած ասքեդական դրվածքը այնպիսին է, որ մենք միշտ պետք է աշխատենք ոչ թե, փողի, այլ ժողովրդի համար: Մի խոսքով իրար հակասող բաներ շատ կան, որից էլ առաջանում է դժգոհությունը:

-Հավատու՞մ եք հայ ժողովրդի ապագային:

-Գիտեք, մեր ապագայի հետ կապված, ես այսպես եմ հասկանում` նախ հանրապետության ղեկավարները շատ անելիքներ ունեն, որովհետև բավական է մի սխալ, որ ամեն ինչ տապալվի ու Աստված ոչ անի եղածն էլ կորցնենք: Մեր ղեկավարների աշխատանքը շատ ծանր է, ու շատ պատասխանատու: Շատ լավ գիտակցում ենք, որ նման փոքր հանրապետությունները մեծ ուժերի ազդեցության տակ են: Պետք է գտնել ժամանակը և այդ ժամանակը ճիշտ օգտագործել, երբեմն լինում է հակառակը և հաջողության չենք հասնում: Ես հույս ունեմ, որ բախտ կունենանք, որովհետև իսկսպես բախտը շատ կարևոր է: Բախտ ասելով նկատի ունեմ ժամանակի ճիշտ օգտագործումը, որպեսզի վերջապես հայ ժողովրդի վիճակը լավանա:

-Ըստ ձեզ ո՞րն է հայի ֆենոմենը:

-Հայի ֆենոմենը բացառիկ է բոլոր իմաստներով. և’ լավ, և’ վատ կողմերով…լավը այն է, ինչպես, որ ասում են քարից հաց հանողը` հայն է, իսկ վատը, որ մենք դարձել ենք շատ օտարամոլ: Եթե երաժշտության առումով նայենք, չնայած բոլոր կողմերով էլ նույն պատկերը կունենանք, մենք մերը մոռանում ենք և ավելի շատ սիրում ենք օտարինը:

-Ինչի՞ մասին կուզեիք խոսել, որ ես ձեզ չհարցրեցի:

-Այս տարի լրանում է իմ 85- ամյակը, հուսով եմ չեք մոռանա (ծիծաղում է):

- Խոստանում եմ:


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5159 | 0 | 0
Facebook