Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Նա պաշտել է կոկայինն ու կանանց

17:27, Среда, 24 Мая, 2023 года
Նա պաշտել է կոկայինն ու կանանց

Անանասի նմանվող երես ունեցող այս անձնավորությունը մի քանի տասնամյակ բոլոր թմրավաճառների նման անառակ կյանք վարող, փողերի մեջ լող տվող, շքեղ վիլլաներում բարձր երաժշտության ներքո կոկայինային երեկույթներ անցկացնող Մանուել Նորյեգան է՝ Պանամայի դիկտատորը:

Առ այսօր շատերը զարմացած են, թե ինչպես է այս մարդուն հաջողվել երկու աթոռի նստել. մի կողմից նա աշխատել է թմրադեղերի արտահանության ու վաճառքի դեմ պայքարող ամերիկյան հետախուզության համար, մյուս կողմից՝ ամերիկյան գաղտնիքները վաճառել է ԱՄՆ թշնամիներին ու թմրաբիզնեսով զբաղվող կարտելներին նախազգուշացրել է նրանց սպառնացող վտանգների մասին: Հետազոտողները պարզել են, որ նա Կուբայի կառավարության գաղտնիքները փոխանցել է ԱՄՆ կառավարությանը, իսկ Ֆիդել Կաստրոյին վաճառել է հազարավոր պանամական անձնագրեր, որոնք Կուբայի հատուկ ծառայությունների գաղտնի գործակալներն օգտագործել են տարբեր հանձնարարություններ կատարելիս: Նա այս «բիզնեսով» միլիարդներ է կուտակել:

Հետնախորշերից եկած բռնակալը

Մանուել Նորյեգան ծնվել է Պանամայի մայրաքաղաք Պանամայում, 1934 թվականի փետրվարի 11-ին: Նրա հայրը հաշվապահ է եղել, մայրը՝ խոհարարուհի և լվացարար: Նրանց ընտանիքն ապրել է աղքատներով բնակեցված և հանցագործություններով հայտնի Տերպլեն շրջանում: Այդ շրջանը երկրի նախագահական պալատից բավականին մոտ է եղել: Հենց այդ ժամանակ է մանկահասակ Մանուելը համակվել աղքատության ճիրաններից ազատվելու և շքեղ կյանք վարելու ցանկությամբ:

Ծնողների մահից հետո նրա դաստիարակության և կրթության հոգսն ստանձնել է մասնագիտությամբ ուսուցիչ իր կնքամայրը, որը պահանջել է, որ նա դպրոցն ավարտի և բժշկի մասնագիտություն ձեռք բերի: Բժշկակակն դասընթացներին հաճախելու ընթացքում նա ծանոթացել է սոցիալիստական հայացքներ ունեցող ուսանողների հետ, որոնք կարողացել են նրա համար ուսանողական կրթաթոշակ «պոկել»: Բայց, ինչպես պնդում են նրա կենսագիրները, շնորհակալության փոխարեն, նա Պանամայի սոցիալիստական կուսակցության ծրագրերը պատմել է ԿՀՎ-ի գործակալներին:

Կենսագիրները նաև ասում են, թե հենց ամերիկացիներն են օգնել, որպեսզի նա մեկնի Պերու և ընդունվի զինվորական դպրոց: Լիմայից վերադառնալով՝ նա սկսել է արագ բարձրանալ կարիերայի աստիճաններով: Քանի որ Լատինական Ամերիկայում զինվորականները մեծ հեղինակություն ունեն, Նորյեգան որոշել է օգտվել այդ հանգամանքից:

Իսկական հաջողությունը նրան այցելել է 1960-ականների վերջերին. նրան նկատել է այդ ժամանակվա Պանամայի դիկտատոր Օմար Տորիխոսը: Նորյեգան արագ դարձել է գեներալի մերձավոր օգնականը և մասնակցել է 1968 թվականի զինվորական հեղաշրջմանը: Ղեկավարելով երկիրը՝ Տորիխոսը Մանուելին գնդապետ է դարձրել և հանձնարարել է գլխավորել ռազմական հետախուզության և հակահետախուզության վարչությունը: Նորյեգան սկսել է հետապնդել քաղաքական ընդդիմախոսներին և, ըստ շշուկների, սկսել է էլ ավելի սերտորեն համագործակցել ամերիկյան հետախուզության հետ:

Կենսագիրներն համոզված են, որ ԿՀՎ-ի համար աշխատանքը նրան 10 միլիոն դոլար եկամուտ է ապահովել: Նոր պաշտոնն ու համագործակցությունը Վաշինգտոնի հետ Մանուելին դարձրել են հարուստ ու ազդեցիկ անձնավորություն: Բայց դա նրան քիչ է թվացել: 1981 թվականին առեղծվածային հանգամանքներում կործանվել է այն ինքնաթիռը, որում եղել է Տորիխոսը: Դրանից չորս տարի առաջ նրան հաջողվել է պայմանավորվել ամերիկացիների հետ Պանամայի ջրանցքը Պանամային հանձնելու շուրջ:

Իր հովանավորի մահից հետո Պանամայում իշխանության ղեկին տանող ճանապարհը Նորյեգայի համար այլևս բաց էր: Ինքն իրեն գեներալ և Ազգային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար կարգելով՝ նա ձեռք է բերել անսահմանափակ իշխանություն և դարձել է Պանամայի փաստական դիկտատոր: Նա աստիճանաբար ամրապնդել է իր իշխանությունը՝ երկրի խորհրդարանում ապահովելով իր թեկնածուների համար տեղեր: Ամերիկյան իշխանությունները Նորյեգային համոզել են անցկացնել տնտեսական բարեփոխումներ, որոնք մշակել է Միջազգային վալյուտային հիմնադրամը: Նա իրականացրել է այդ բարեփոխումները, որի հետևանքով երկրի բնակչությունն էլ ավելի է աղքատացել: Տեսնելով այդ բարեփոխման վնասները՝ Նորյեգան փոխել է քաղաքական կուրսը, երես է դարձրել ԱՄՆ-ից ու հարաբերությունները խորացրել է Կենտրոնական Ամերիկայի պետությունների հետ:

Հենց այդ ժամանակ էլ նա իր համար «ուժեղ մարդ» մականունն է հորինել, բայց ժողովրդի մեջ արդ անունը տարածում չի գտել, և քանի որ նրա դեմքը չեչոտ է եղել, պանամացիները նրան «անանասային մռութ» մականունն են տվել: Իսկ նրա կապերը թմրավաճառների հետ է՛լ ավելի են խորացել ու ամրապնդվել:

Պանաման թմրավաճառների համար վաղուց հանդիսացել է հարմար վայր, որի հարյուրավոր բանկերից գոնե մեկը պատրաստ է եղել կեղտոտ փողեր ընդունել: Այս երկրի ցանկացած ղեկավար ավել կամ պակաս չափով ներքաշված է եղել թմրաբիզնեսում, իսկ Նորյեգան որոշել է դրանում անհամեմատ ակտիվ մասնակցություն ունենալ:

(շարունակելի)

Նորյեգան, «Միսս ԱՄՆ»-ը և «Միսս Պանամա»-ն. 1986-ի հուլիս:
Նորյեգան, «Միսս ԱՄՆ»-ը և «Միսս Պանամա»-ն. 1986-ի հուլիս:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
645 | 0 | 0
Facebook