Ամենացավո՜տը -
Քո խենթ ձեռքերից հեռացած Սերն է,
Ամենացանկալին՝
Շուրթերդ ետ մղող մատները Նրա,
Ամենահեռո՜ւն քո երազներն են,
Որ մեկ բացակա են, մեկ ներկա:
Ամենակրքո՛տը՝
Մատներն են քեզ սիրող կնոջ,
Ամենաքնկո՜տը՝ շուրթերը փակված,
Ամենաբարդը՝ հոգոցն անորոշ,
Ամենատա՛քը -
Նրա համբույրն է վերնաշապիկիդ օձիքին դաջված:
Ամենաերեկո՜ն -
Հուշիկ քայլերով դեպի քեզ եկող Նրա ոտնաթաթն է,
Ամենագիշե՜րը՝
Քեզնով մեկ փռված վարսե՛րը Նրա,
Ամենաառավոտը սուրճի ա՛յն բաժակն է,
Որ Նրա մատներից պատահմամբ
Ընկնում է վրադ…
Ամենաթեթևը՝
Ձախ ուսիդ հենված Նրա գլուխն է,
Երբ ուսդ չի զգում ծանրություն Նրա գլխի տակ,
Ամենադաժա՜նը պահարանի ճռացող դո՛ւռն է
ու զգեստակախիչը դատարկ…
Ամենալի՛քը դո՛ւ ես՝
Քո հոգի՛ն, կարոտով լեփ-լեցուն,
Ամենախաղալիքը քո մարմի՜նն է-
Նրա դողացող ձեռքերում:
Ամենակատարյա՜լը Նրա կուրծքն է՝
Մոգակա՜ն, չքնա՜ղ տեսարան,
Ամենադատա՛րկը
Անկողնուդ ա՛յն հատվածն է,
Որտեղ անցյալում սիրել ես Նրան: