Այսպես են անվանում արու առյուծներին՝ փարթամ բաշ ունեցող այն խոշոր գիշատիչներին, որոնք գերիշխում են իրենց ցեղակիցների բազմանդամ ընտանիքում։ Կենդանիների արքան միշտ առաջինն է սկսում որսը հոշոտել, որովհետև նրանն է ավարի «առյուծի բաժին» -ը, որովհետև կշտացած առաջնորդն առյուծների ընտանիքի հուսալի պաշտպան է։ Հավանաբար, առյուծին գազանների արքա են կոչել հռոմեացիները, որոնք առյուծներ են բերել Աֆրիկայից ամֆիթատրոներում կռվեցնելու և տոնավաճառային կրկեսներում ցուցադրելու համար: Արքա են կոչել իր հոյակապ (արքայական) արտաքինի, մեծ զորության և քաջության համար։ Ենթադրվում է, որ առյուծի մասին առաջին հիշատակումը որպես գազանների թագավոր, որպես առաջինը վայրի կենդանիների մեջ, հիշատակել է Սևիլիայի եպիսկոպոս Իսիդորը (մոտ 560-636), որն իր «Ստուգաբանություններ» բազմահատոր աշխատության մեջ (մոտ 620 թ.) գրել է. «Իսկ հունարենում և լատիներենում «առյուծ» բառը թարգմանվում է որպես «արքա» (ռեքս), քանի որ նա առաջինն է վայրի գազանների մեջ (princeps omnium bestiarum)»:
Եվրոպայի այլ ժողովուրդներ, օրինակ, գերմանացիները և կելտերը, վայրի կենդանիների մեջ արջին են «թագավոր հռչակել» ։ Սակայն ժամանակի ընթացքում առյուծը արջին տապալել է պատվանդանից (հիմնականում զինանշաններ ստեղծողների ջանքերի շնորհիվ, որոնք առյուծին պատկերել են միապետների զինանշանների վրա՝ որպես թագավորական իշխանության խորհրդանիշ) ։
2012 թվականին հրատարակված «Եվրոպական միջնադարի խորհրդանշական պատմություն» աշխատությունում, որի հեղինակն է նշանավոր հետազոտող Միշել Պաստուրոն, կարդում ենք.
«Առյուծը վերջնականապես բոլոր կենդանիների թագավորը կդառնա ավելի ուշ՝ 13-րդ դարում, երբ կգրվեն Թոմաս Կանտեմպրացու, Բարդուղիմեոս Անգլիացու և Վինսենթ Բովեցու ստեղծած մեծ հանրագիտարանները։ Նրանք երեքն էլ առյուծին անվանել են գազանների արքա (rex animalium) և երկար պատմություններ են նվիրել նրան՝ իրենց պատումներում բոլոր կենդանիներից առավել մեծ տեղ հատկացնելով հենց այս գիշատչին։ Հիշյալ հեղինակները միաբերան ընդգծել են առյուծի ուժը, քաջությունը, առատաձեռնությունն ու մեծահոգությունը՝ բոլոր այն հատկանիշները, որոնք, նրանց համոզմամբ, բնորոշ են թագավորներին»: