Երկու օր առաջ, դեպի առ Աստված ուխտի ճանապարհին, Սիսիանի զանգեր կոչվող տարածքից մի քանի հարյուր մետր այն կողմ, մերուխտավորների մեքենաներից մեկը խափանման պատճառով գլորվեց ճանապարհից ցած, ինչի հետևանքով ձեզ ժպտացող այս պայծառ աղջնակը` մեր հրաշք Անուշը ծանր ու լուրջ վնասվածքներ ստացավ։ Սիսիանի ԲԿ-ում առաջին անհրաժեշտ բուժօգնությունից հետո ուղղաթիռով Անուշը տեղափոխվեց Երևան և Աստծո մեծ ողորմությամբ կյանքի նկատմամբ սպառնացող վտանգը հաղթահարած քաջ աղջիկը այս պահին մեծ փորձություն է հաղթահարում Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում` նախապատրաստվելով երեք վիրահատության։ Վաղը ժամը 12-ին պետք է կատարվի ողնաշարի վիրահատությունը, մի քանի օրեր անց աջ ձեռքի և կոնքոսկրի վիրահատությունները։
Լինելով Արարատի մարզի Մխչյան (որի բնակիչ է Անուշիկը), Մրգավետ և Ջրաշեն բնակավայրերի հոգևոր հովիվը, հանձն եմ առել այս գրառմամբ բոլոր բարեսիրտ մարդկանց ուշադրությունը հրավիրել մեր` Մխչյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նվիրյալ երիտասարդներից Անուշիկի բուժման ու ապաքինման աստվածահաճո գործին։ Ապրել և կողքիդ ապրողի խնդրի, փորձության, նեղության նկատմամբ լինել անտարբեր հարիր չէ մարդուն և առավել ևս հայ քրիստոնյային։ Վստահ եմ, որ թե բազում սրտացավ մխչյանցիներ, թե բարեգութ մարդիկ, ինձ և ընտանիքին ճանաչող ընկերներ ու մտերիմներ, համայնքային մարմիններ ի սեր Աստծո և ի սեր մեր Անուշիկի, որի ողջ ընտանիքը եկեղեցական կյանքի անբաժանելի անդամներն են, բոլոր ձևերով ու կերպերով կկանգնեն ընտանիքի կողքին` ցույց տալով քրիստոնեական մեծագույն սիրո առանձնահատուկ դրսևորում...
Եթե Աստված փրկեց մեր լուսավոր աղջնակի կյանքը, մենք Տիրոջ գործի շարունակողները լինենք ո՜վ բարեգութ մարդիկ` ամեն մեկս մեր չափով աջակցելով, որ վերջինս ապաքինվելով ոտքի կանգնի և Աստծո տան մեջ շարունակի իր աղոթքներն առաքել առ Բարձրյալն Աստված նաև... Ձեր համար
«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց» -միայն այս մտքով իսկ Հիսուսն ավելին է ասել, քան բոլորդ` ձեր ողջ փիլիսոփայությամբ հանդերձ:
Ֆրիդրիխ Մեծ