Նա փորձել է պահպանել իր երկրի ինքնիշխանությունը, որի համար կյանքով է հատուցել
1932-ից 1936 թվականը Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը ղեկավարել է Անանդին Ամարը, իսկ 1936-ից 1939 թվականը եղել է այս պետության վարչապետը: Ի դեպ, նա Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը գլխավորել է նաև 1928-ից 1930 թվականին: Խորհրդային ուժգնացող ճնշման պայմաններում նա փորձել է պահպանել իր երկրի ինքնիշխանությունը, որի համար կյանքով է հատուցել: Ամարը ծնվել է 1886 թվականին, աղքատացած ազնվականի ընտանիքում: Նա իր մայրենի լեզվից բացի սովորել է նաև մանջուրերերն ու դասական տիբեթերեն: Հետո, 1913-ից 1919 թվականը, աշխատել է անկախ Մոնղոլիայի արտաքին գործերի նախարարությունում: 1923 թվականին նա անդամագրվել է Մոնղոլիայի ժողովրդական կուսակցությանը, իսկ 1924-ի օգոստոսին ընտրվել է այդ կուսակցության Նախագահության (Քաղբյուրոյի) անդամ: 1923-ից 1928 թվականն Ամարը զբաղեցրել է երկրի փոխվարչապետի պաշտոնը, ինչպես նաև տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետական այլ պաշտոններ, այդ թվում եղել է արտաքին գործերի նախարար, ներքին գործերի նախարար և տնտեսական խորհրդի նախագահ: 1928 թվականի փետրվարին մահացել է վարչապետ Բալինգին Ցերենդորժը, և Ամարը փետրվարի 21-ին նշանակվել է վարչապետ: Մոնղոլիայում տիրոջ իրավունքով գործող խորհրդային կուրատորներին դուր չի եկել Ամարի բարձր հեղինակությունն իր երկրում, և նրանք սահմանափակել են նրա լիազորությունները և ուղարկել է Ձեռագրերի ինստիտուտում աշխատանքի: Վարչապետի պաշտոնում Ամարի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 1930 թվականի ապրիլի 27-ին: 1930 – 1932 թթ. նա եղել է երկրի գիտական աշխատանքները ղեկավարող հաստատության նախագահը և այդ ընթացքում երկու գիրք է գրել: 1932-ից 1936 թվականը, ինչպես արդեն ասվեց, նա զբաղեցրել է Մոնղոլիայի Փոքր խուրալի նախագահության նախագահի (պետության անվանական գլխի) պաշտոնը: 1934 թվականին նա գրել է «Մոնղոլիայի կարճառոտ պատմությունը» գիրքը: Քաղվածք՝ այդ գրքի նախաբանից. «Անտանելի տխրալի է, որ մոնղոլ էթնոսը, չնայած այն բանին, որ հնագույն ժամանակներից սկսյալ և հատկապես Չինգիս խանի ժամանակ զարգացման փառահեղ ճանապարհ է անցել, վերջին օրերին պիտի բաժանվեր բազում մասերի, որոնք չեն կարողացել պաշտպանել իրենց էթնիկ արմատները, սովորույթները, հողը և սեփականությունը՝ նախընտրելով օտարերկրյա հզոր կրթությունը, ընդ որում չունենալով իրենց սեփական գործերը վարելու, համապատասխան գործողություններ կատարելու ոչ մի իշխանություն կամ քաղաքականություն՝ ոչ միայն ենթարկվելով ուրիշների իշխանությանը, այլև փաստորեն ձգտելով իրականացնել օտարերկրյա օբյեկտների քաղաքականությունն ու շահերը: Իմպերիալիստական ազգերը, այնպիսիք, ինչպիսիք են մանջերը (մանջուրները) և հյատադները (չինացիները), որոնք պատմականորեն ջանացել են մոնղոլ ազգին վերածել իրենց առևտրական կրպակների և հաստատել իրենց միանձնյա գերիշխանությունը՝ սահմանելով իրենց քմահաճույքի գները շահագործման նպատակով, այժմ այդ նույն վիճակում են հայտնվել: Այս պահին նրանք պայքարում են մեկմեկու դեմ, որպեսզի ազգային առումով մեր ինքնատիպ Ներքին Մոնղոլիան դարձնեն առևտրային կրպակ: Եվ այնպես է ստացվել, որ մոնղոլ անասնապահ ազգը (Ներքին և Արտաքին Մոնղոլիայի) այնքան է նսեմացել, որ բախվել է ուրիշ ազգերի առևտրային կրպակի վերածվելու ճակառագրին»: 1936 թվականի մարտի 22-ին նա երկրորդ անգամ երկրի վարչապետ ու միաժամանակ արտաքին գործերի նախարար է նշանակվել, երբ այս երկու պաշտոններից հեռացվել է նրա հին հակառակորդը՝ Փելժիդին Գենդենը: Մինչ այդ, 1935 թվականին, Գենդենը հակադրվել է ՝ բուդդայական վանքերն արագ ոչնչացնելու Խորհրդային Միության պահանջին և, նույնիսկ, լինելով հարբած, մոնղոլական դեսպանությունում տեղի ունեցած ընդունելության ժամանակ թունդ հայհոյել էր Ստալինին: Թեպետ Ամարը դարձել է նոր վարչապետ, այնուամենայնիվ, Հարլոոգին Չոյբալսանն է եղել Ստալինի գլխավոր նախընտրելին և, լինելով նոր-նոր ստեղծված Ներքին գործերի նախարարը, դարձել է Մոնղոլիայի ամենաազդեցիկ անձնավորությունը: 1936 թվականի մայիսին Չոյբալսանն էականորեն ուժեղացրել է իր իշխանությունը, երբ կարողացել է Ներքին գործերի կոմիտեին աշխատանքային կարգում ուղղումներ կատարել: Այդ ուղղումները նրան հնարավորություն են տվել առանց նախնական խորհրդակցության քաղաքական ղեկավարության հետ կալանավորել բարձրաստիճան քաղաքական գործիչների: Այն բանից հետո, երբ նա դարձել է վարչապետ, իսկ Դանսանբիլեյգին Դոգսոմը՝ Փոքր խուրալի նախագահության նախագահ, նրանք սկսել են կատաղեցնել Չոյբալսանին ու Մոսկվային՝ Մոնղոլական հեղափոխության 15 ամյակի առթիվ ներում շնորհելով մի խումբ կալանավորների: Ամարի թշնամիները, հատկապես Չոյբալսանը, օգտագործել են այդ իրադարձությունը, որպեսզի նրան «Լհումբե» կոչված լրտեսական ցանցի հետ կապեն: Ամարին ավելի ու ավելի հաճախ են մեղադրել հակահեղափոխական գործունեության մեջ, որի պատճառով Չոյբալսանը բացականչել է. «Մենք պետք է ազատվենք խաղաղությունը խաթարող այդ ֆեոդալական անձնավորությունից՝ Ամարից»: Ամարն անզոր է եղել կանխելու 1937 – 1939 թթ. Այն լայնամասշտաբ հետապնդումները, որ սանձազերծել են Չոյբալսանն ու Խորհրդային Միության Ներքին գործերի նախարարությունից ուղարկված նրա կուրատորները: Առաջին ցուցադրական դատավարությունում, որն սկսվել է 1937-ի հոկտեմբերի 18-ին, մայրաքաղաքի Կենտրոնական թատրոնի շենքում, Ամարը չի կարողացել զսպել իրեն և լաց է եղել, երբ իր մերձավոր ընկերները մահապատժի են դատապարտվել: Քանի որ Ամարը Մոնղոլիայում մեծ ժողովրդականություն է վայելել, Ստալինը ձգտել է նրան վերացնել: Նա հանձնարարել է Չեյբոլսանին, որ կուսակցության առաջնորդ Դորժավին Լուվսանշարավը քարոզչական արշավ սկսի ժողովրդականություն վայելող վարչապետի դեմ: 1939 թվականի մարտի 6-ին Լուվսանշարավը Մոնղոլիայի ժողովրդահեղափոխական կուսակցության Կենտկոմի ընդլայնված նիստում մեղադրել է Ամարին, թե նա «օգնել է հակակառավարական դավադիրներին, ընդդիմացել է նրանց ձերբակալությանը և անտեսել է երկրի սահմանների պաշտպանությունը: Նա դավաճանել է իր պետությանը և դարձել է հեղափոխության մատնիչ»: Հենց որ Չոյբալսանը պաշտպանել է մեղադրանքը, Կենտրոնական կոմիտեի բոլոր անդամները միանգամից Ամարի դեմ են ելել: Ամարը խոսք է խնդրել, որպեսզի պաշտպանի ինքն իրեն: Նա ասել է. «Թեպետ ես հավատում եմ կրոնին, բայց ավելի շատ հավատում եմ, որ Մոնղոլիան պետք է ամուր կանգնի ոտների վրա, որպեսզի դառնա անկախ երկիր: Ես սիրում եմ իմ երկիրը: Ես դա ցույց եմ տվել իմ աշխատանքով: Ես եղել եմ առաջիններից մեկը, որն իրեն նվիաբերել է իմ երկրի զարգացման գործին, և իմ սիրտը պայթում է, երբ ես տեսնում եմ, թե ինչպես են ինձ անվանում դավաճան...»: Մեկօրյա կուսակցական քննարկումներից հետո Ամարին մեղավոր են ճանաչել: Նրան հեռացրել են վարչապետի պաշտոնից, հեռացրել են Մոնղոլիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, իսկ 1939 թվականի մարտի 1-ին կալանավորել են և ուղարկել են Չիտա, ապա՝ Մոսկվա: Ամարին պաշտոնանկ անելուց հետո Չոյբալսանը նշանակվել է վարչապետ ու դարձել է Մոնղոլիայի անվիճելի առաջնորդը՝ միաժամանակ զբաղեցնելով ներքին գործերի նախարարի, ռազմական նախարարի և Մոնղոլիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնները: Մոսկվայում Ամարին կտտանքների ենթարկելով՝ ստիպել են, որ ընդունի իր դեմ հորինված բոլոր մեղադրանքները: Ճակատագրի հեգնանքով՝ Մոսկվայի նույն բանտում բանտարկված է եղել նաև Լուվսանշարավին՝ այն նույն մարդը, որը նպաստել էր Ամարի կալանավորմանը, որից հետո նա ինքն էր դարձել Չոյբալսանի զոհը: 1941 թվականի հուլիսի 10-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի Ռազմական կոլեգիան Ամարին դատապարտել է գնդակահարության «հակահեղափոխական ազգայնամոլական կազմակերպությանն» անդամակցելու համար: Ամբողջ հետաքննության ընթացքում Ամարը պնդել է, որ եթե Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետությունը իսկապես անկախ պետություն է, ապա իրեն պետք է դատի մոնղոլական դատարանը: Նրա վերջին գրի առնված խոսքը հետևյալն է եղել. «Սովորաբար, երբ մեծ երկիրը գաղութացնում է փոքր երկիրը, նրա առաջնորդներին կալանավորում և հետապնդում են: Իմ անձնական փորձը վկայում է Մոնղոլիայի նկատմամբ ԽՍՀՄ-ի այդպիսի վերաբերմունքի մասին»: 1941 թվականի հուլիսի 27-ին Ամարին գնդակահարել են Լուվսանշարավի, Դարգսոմի և Շիժեեի հետ: Բայց կարծիք կա, որ նրա մահապատժի վայրն ու ամսաթիվն անհայտ են, իսկ մի քանի տվյալներ էլ վկայում են, որ նրա դիակն ինքնաթիռից նետել են ինչ-որ մի ամայի վայրում: |