Երբ ընթերցեք Հին կտակարանի՝ «Թագավորություններ Ա» գրքի՝ ստորև ներկայացված գլուխները, կնկատեք, որ հին հրեաների պատմության մեջ եղել է մի ժամանակաշրջան, որի իրադարձություններն իրենց ներքին տրամաբանությամբ շատ նման են 2018-ին մեր երկրում տեղի ունեցածին: Ահավասի՛կ...
Թագավորություններ Ա
8 Երբ Սամուէլը ծերացավ, իր որդիներին Իսրայելի դատավորներ կարգեց։ 4Նրա որդիները, սակայն, չգնացին իրենց հոր ճանապարհով, այլ, ընչաքաղցության հետևից ընկնելով՝ կաշառք էին վերցնում և իրավունքը ծռում էին։ 5Բոլոր իսրայելացի տղամարդիկ հավաքվեցին, եկան Սամուէլի մոտ՝ Ռամա, և ասացին նրան. 6 «Դու, ահա, ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրա մի թագավոր դի՛ր, որ մեզ դատե, ինչպես բոլոր ազգերի մոտ է» ։ 7Այս բանը Սամուէլին դուր չեկավ, քանզի ասել էին, թե՝ «Մեզ թագավոր տո՛ւր, որ մեզ դատե» ։ 8Սամուէլն աղոթեց Տիրոջը, և Տերն ասաց Սամուէլին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ նա ասի քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։ 9Նրանց Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր նրանք ինձ լքեցին ու պաշտեցին օտար աստվածներ։ Եվ ինչ որ արեցին իմ նկատմամբ, նույնը կ՚անեն քո նկատմամբ։ 10Արդ, դու լսի՛ր նրանց խոսքը, բայց նրանց տեղյակ պահի՛ր, բացատրի՛ր թագավորի իրավունքները, որ իշխելու է իրենց վրա» ։ 11Սամուէլը Տիրոջ բոլոր պատգամները հաղորդեց իրենից թագավոր խնդրող ժողովրդին։ 12Նա ասաց. «Ձեզ վրա իշխող թագավորը հետևյալ իրավունքներն է ունենալու. նա պիտի վերցնի ձեր որդիներին և նրանց կառապաններ, հեծյալներ ու իր մարտակառքերի առջևից վազող սուրհանդակներ պիտի դարձնի։ 13Նրանց իր հազարապետներն ու հարյուրապետները պիտի դարձնի, նրանք իր հունձը պիտի հնձեն, այգիները քաղեն, իր զենքերն ու մարտակառքերի մասերը պիտի պատրաստեն։ 14Ձեր դուստրերին անուշահոտություն պատրաստողներ, խոհարարներ ու հացթուխներ պիտի դարձնի, 15ձեր անդաստանները, ձեր այգիներն ու ձեր ընտիր ձիթենիները վերցնելով՝ իր ծառաներին պիտի տա։ 16Ձեր հանդերից ու ձեր այգիների բերքից նա տասանորդ պիտի ստանա և տա իր ներքինիներին և ծառաներին։ 17Ձեր ծառաներն ու աղախինները, ձեր ընտիր արջառներն ու ավանակները ձեզնից պիտի վերցվեն և իր համար տասանորդ պիտի լինեն։ 18Ձեր հոտերից նա տասանորդ պիտի ստանա, և դուք նրա ծառաները պիտի դառնաք։ 19Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանզի դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք» ։ 20Ժողովուրդը չուզեց լսել Սամուէլին և ասաց նրան. «Ո՛չ, թող մեկը թագավորի մեզ վրա։ 21Մենք ևս այլ ազգերի նման լինենք, թող մեր թագավորը մեզ դատի, մեր առջևից ընթանա և մեզ պատերազմի առաջնորդի» ։ 22Սամուէլը լսեց ժողովրդի բոլոր ասածները և դրանք հայտնեց Տիրոջը։ 23Տերն ասաց Սամուէլին. «Լսի՛ր նրանց և նրանց վրա թագավո՛ր դիր» ։ Սամուէլն ասաց իսրայելացիներին. «Թող ամեն ոք իր քաղաքը գնա» ։
9 Բենիամինի որդիներից սերված Կիս անունով մի ուժեղ մարդ կար…2Նա Սավուղ անունով բարի ու թիկնեղ մի որդի ուներ։ Իսրայելացիների մեջ նրանից բարետես մարդ չկար, բոլոր մարդիկ մեկ գլխով ցածր էին նրանից։ 3Մի անգամ կորան Սավուղի հոր ավանակները։ Կիսն ասաց իր որդի Սավուղին. «Վերցրո՛ւ ծառաներից մէկին, և ելե՛ք, գնացե՛ք ավանակները փնտրելու» ։ 4Նրանք գնացին, հասան Սիփ, Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Արի՛ վերադառնանք…» ։ 6Ծառան ասաց նրան. «Այս քաղաքում է ապրում Աստծու մարդը։ Նա պատվավոր մարդ է և ինչ որ ասում է, անպայման կատարվում է։ 7Արի՛ գնանք նրա մոտ, թերևս մեզ ցույց տա այն ճանապարհը, որով պէտք է գնանք» ։ Սավուղն ասաց իր հետ եկած ծառային. «Եթե գնանք, ի՞նչ տանենք Աստծու մարդուն, չէ՞ որ մեր ամաններից հացը պակասել է, և մի ավելի բան չունենք, որ տանենք Աստծու մարդուն» ։ 8Ծառան նորից պատասխան տալով Սավուղին՝ ասաց. «Ես ունեմ քառորդ սիկղ արծաթ։ Այն կտաս Աստծու մարդուն, և նա ցույց կտա մեր ճանապարհը» ։ 9 (Հին ժամանակներում երբ իսրայելացիները գնում էին Աստծուց խորհուրդ հայցելու, այսպես էին ասում. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին «տեսանող» էր անվանում) ։ 11Եվ նրանք գնացին այն քաղաքը, ուր գտնվում էր Աստծու մարդը։ … երբ մտան քաղաքամեջ, Սամուէլը հանդիպեց նրանց։ 15Սավուղի գնալուց մի օր առաջ Տերը Սամուէլին հայտնել էր նրա մասին ու ասել. «Վաղը այսինչ ժամին Բենիամինի երկրից մի մարդ պիտի ուղարկեմ քեզ մոտ, որ նրան Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան օծես։ 16Նա իմ ժողովրդին պիտի փրկի այլազգիների ձեռքից, քանզի ականատես եղա ժողովրդիս տառապանքներին, և նրա աղաղակը ինձ հասավ» ։ 17Սամուէլը տեսաւ Սավուղին, և Տերն ասաց նրան. «Ահավասիկ սա է այն մարդը, որի մասին ասել եմ քեզ, թե՝ «Նա է ղեկավարելու իմ ժողովրդին» ։ 18Սավուղը քաղաքամիջում մոտենալով Սամուէլին՝ հարցրեց. «Ասա՛ ինձ, ո՞րն է տեսանողի տունը» ։ 19Պատասխան տվեց Սամուէլը և ասաց Սավուղին. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջևից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կ՚ուտես, իսկ վաղը քեզ կարձակեմ, և ամեն ինչ, որ սրտումդ կա, կպատմեմ քեզ։ 20Երեք օր առաջ կորցրած քո ավանակների համար մի՛ մտածիր, քանզի դրանք գտնվել են։ 21Եվ ո՞ւմ է պատկանում Իսրայելի փառքը, եթե ոչ քեզ և քո հոր ամբողջ տոհմին» ։ Պատասխան տվեց Սավուղն՝ ասելով. «Չէ՞ որ ես Իսրայելի ամենափոքր ազգատոհմին պատկանող մի հեմինացու որդի եմ, և Բենիամինի ցեղի մէջ իմ տոհմը ամենակրտսերն է։ Ինչո՞ւ ես ինձ այդ բաներն ասում» ։ 22Սամուէլը Սավուղին ու նրա ծառային տարավ ճաշասրահ, նրանց նստեցրեց շուրջ երեսուն հյուրերի ամենավերին շարքում։ 23Սամուէլն ասաց խոհարարին. «Բե՛ր ինձ այն բաժինը, որ քեզ տվի ու պատվիրեցի, որ քեզ մոտ պահես» ։ 24Խոհարարը եփեց ազդրը՝ վրայի մսով և այն դրեց Սավուղի առջև։ Սամուէլն ասաց Սավուղին. «Ահավասիկ այս է մնացել, առջևդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայություն լինի ժողովրդի առաջ, և կրծի՛ր» ։ Այդ օրը Սավուղը Սամուէլի հետ կերավ։ 25Նա Բամայից իջավ քաղաք։ Սավուղի համար տանիքի վրա անկողին գցեցին, ու նա քնեց։ 26Երբ առավոտյան նրանք զարթնեցին, Սամուէլը Սավուղին տանիքից կանչելով՝ ասաց. «Ե՛կ, արձակելու եմ քեզ» ։ Սավուղն իջավ, և ինքն ու Սամուէլը տնից դուրս եկան։ 27Երբ նրանք հասան քաղաքի սահմանին, Սամուէլն ասաց Սավուղին. «Ասա՛ քո ծառային, որ մեզանից առաջ անցնի» ։ Եւ նա առաջ անցավ։ Սամուէլն ասաց Սավուղին. «Դու այսօր այստեղ կմնաս, որ լսես Տիրոջ պատգամները» ։
10 Սամուէլն առավ յուղի սրվակն ու թափեց նրա գլխին։ Նա համբուրեց նրան և ասաց. «Մի՞թե Տերը չէ, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության, իր իսրայելացի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ 2Եվ թող այս նշան լինի, թե Տերն է քեզ օծողը. ինձնից հեռանալուց հետո երկու մարդ պիտի գտնես Ռաքելի գերեզմանի մոտ, Բենիամինի լեռան վրա, որոնք արագավազ պիտի գան ու պիտի ասեն քեզ. «Գտնվեցին այն ավանակները, որ փնտրելու էիր գնում, իսկ հայրդ, ավանակների հոգսը թողած, ձեր մասին է մտածում ու ասում. «Ի՞նչ անեմ իմ որդու համար» ։ 3Երբ այնտեղից կգնաս և կհասնես մինչև Դեբորայի կաղնին, այնտեղ երեք մարդու կհանդիպես, որոնք Աստծու մոտ՝ Բեթել են գնում։ Մեկը երեք ուլ է տանում, մյուսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։ 4Քո առողջությունը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կնվիրեն, և դու կառնես նրանց ձեռքից։ 5Ապա կհասնես Աստծու բլուրը, ուր այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից դուրս եկող մարգարեների խմբին, որոնց առաջ կան սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ, իսկ իրենք մարգարեություն են անում։ 6Քո Տիրոջ հոգին կշարժվի քեզ վրա, դու էլ մարգարեություն կանես նրանց հետ և ուրիշ մարդ կդառնաս։ 7Երբ այս նշանները քեզ վրա կատարվեն, ինչ որ ձեռքիցդ գա, բոլորն էլ արա՛, քանզի Աստված քեզ հետ է։ 8Ինձանից առաջ Գաղգաղա պէտք է իջնես։ Այնտեղ ես կգամ քեզ մոտ, որպեսզի ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցեմ։ Յոթը օր կսպասես, մինչև որ գամ քեզ մոտ և հաղորդեմ քեզ, թե ինչ ես անելու» ։ 9Երբ նա շուռ եկավ, որ գնա Սամուէլի մոտից, Աստված նրան ուրիշ սիրտ տվեց, և նույն օրը այդ բոլոր նշանները կատարվեցին։ 10Երբ նա մոտեցավ բլրին, մարգարեների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրա Աստծու հոգին շարժվեց, և նա նրանց մեջ մարգարեություն արեց։ 11Երբ նախկինում նրան տեսնողները բոլորն էլ ճանաչեցին իրեն, թե ինչպես նա մարգարեների մեջ մարգարեություն է անում, մեկը մյուսին հարցրեց. «Ի՞նչ է պատահել Կիսի որդուն, մի՞թե Սավուղը ևս մարգարեների մեջ է» ։ 12Նրանցից մեկը պատասխանեց և ասաց. «Ո՞վ է նրա հայրը, եթե ոչ՝ Կիսը» ։ Այս առթիվ ասացվածք ստեղծվեց, թե՝ «Սավո՞ւղն էլ մարգարեների մէջ է» ։ 13Մարգարություն անելը վերջացնելուց հետո նա բարձրացավ բլուրը։ 14Սավուղի ազգականը հարցրեց նրան ու նրա ծառային. «Ո՞ւր էիք գնացել» ։ Նրանք պատասխանեցին. «Ավանակները փնտրելու։ Բայց երբ տեսանք, որ չկան, մտանք Սամուէլի մոտ» ։ 15Ազգականն ասաց Սավուղին. «Պատմի՛ր ինձ, Սամուէլը քեզ ի՞նչ ասաց» ։ 16Սավուղն ասաց իր ազգականին. «Նա մեզ հայտնեց, որ ավանակները գտնվել են» ։ Նա, սակայն, թագավորության մասին Սամուէլի ասածները նրան չհայտնեց։ 17Սամուէլը ամբողջ ժողովրդին հավաքելով Տիրոջ առաջ, Մասեփաթում, իսրայելացիներին ասաց. 18 «Այսպես խոսեց Իսրայէլի Տեր Աստվածը և ասաց. «Ես եմ, որ իսրայելացիներին հանեցի Եգիպտոսից, փրկեցի ձեզ եգիպտացիների արքա փարավոնի ու ձեզ ճնշող բոլոր թագավորների ձեռքից, 19բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկել է ձեր շուրջը գտնվող ու ձեզ նեղություն պատճառող ժողովուրդներից։ Իսկ դուք ասացիք. «Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր» ։ Արդ, կանգնեցե՛ք Տիրոջ առջև ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ազգատոհմերի և ըստ ձեր հազարյակների» ։ 20Սամուէլն Իսրայելի բոլոր ցեղերին իրար մոտ բերեց, և վիճակն ընկավ Բենիամինի ցեղին։ 21Նա մոտ բերեց Բենիամինի ցեղին ըստ ազգատոհմերի, և վիճակն ընկավ Մատտարիի ազգատոհմին։ Նա մոտ բերեց Մատտարիի ազգատոհմին, և վիճակն ընկավ Կիսի որդի Սավուղին։ 22Նա փնտռեց նրան, բայց չգտավ։ Սամուէլը կրկին հարցրեց Տիրոջը. «Արդյո՞ք այդ մարդն էլի այստեղ կգա» ։ Տերն ասաց. «Ահավասիկ նա թաքնված է կարասիների միջև» ։ 23Նա վազեց ու նրան այնտեղից առնելով՝ կանգնեցրեց ժողովրդի մէջ։ Բոլոր մարդիկ Սավուղից մի գլխով ցածր էին։ 24Սամուէլն ասաց ամբողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ձեր ամենքի մէջ նրա նմանը չկա» ։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՛ արքան» ։ 25Սամուէլը ժողովրդին հայտնեց թագավորի իրավունքները, գրեց մատյանում և դրեց Տիրոջ առաջ։ Սամուէլն արձակեց ամբողջ ժողովրդին, և ամեն մարդ գնաց իր տեղը։ 26Սավուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զորեղ մարդիկ, որոնց սրտերը Տերը դրդել էր, որ լինեն Սավուղի հետ։ 27Բայց կային նաև չար մարդիկ, որոնք ասում էին. «Ո՞վ է սա, որ մեզ պիտի փրկի» ։ Եվ նրանք քամահրեցին նրան ու ընծաներ չմատուցեցին։
11 Մէկ ամիս անց Նաաս Ամոնացին եկավ Գաղաադի Յաբիս քաղաքի շուրջը բանակ դրեց։ Յաբիսի բոլոր բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Մեզ հետ դաշինք կնքի՛ր, և մենք կծառայենք քեզ» ։ 2Նաաս Ամոնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանեք ձեր աջ աչքը։ Եվ ես դրանով ամբողջ Իսրայելի վրա նախատինք դրած կլինեմ» ։ 3Յաբիսի բնակիչները ասացին Նաասին. «Մեզ յոթը օր ժամանակ տո՛ւր, որ պատգամավորներ ուղարկենք Իսրայելի բոլոր սահմանները, և եթե մեզ փրկող չլինի, քեզ անձնատուր կլինենք» ։ 4Պատգամավորները եկան Գաբաա, Սավուղի մոտ և այդ խոսքերը հաղորդեցին ժողովրդին։ 5Ժողովուրդն իր ձայնը բարձրացրեց ու լաց եղավ։ Սավուղն առավոտյան գալով դաշտից՝ հարցրեց. «Ի՞նչ է պատահել, որ ժողովուրդը լաց է լինում» ։ Նրան հայտնեցին հաբիսեցիների խօսքերը։ 6Երբ Սավուղը լսեց այս բանը, Տիրոջ հոգին շարժվեց նրա վրա, և նրա բարկությունը սաստիկ բորբոքվեց։ 7Նա մի զույգ եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով Սավուղի և Սամուէլի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները» ։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես անվախ վրա վազեցին։ 8Սավուղը Բեզեկում զորահավաք արեց. Իսրայելի բոլոր մարդիկ վեց հարյուր հազար հոգի էին, իսկ Յուդայի ցեղի մարդիկ՝ յոթանասուն հազար։ 9Նա ասաց եկած պատգամավորներին. «Այսպես կասեք Գաղաադի Յաբիս քաղաքի բնակիչներին. «Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կփրկվեք» ։ Պատգամավորները եկան քաղաք ու դա հաղորդեցին Յաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։ 10Յաբիսի բնակիչներն ասացին Նաաս Ամոնացուն. «Վաղը ձեզ անձնատուր կլինենք, և մեզ հետ վարվեցեք այնպես, ինչպես հաճելի է ձեզ» ։ 11Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի։ Առավոտյան նրանք մտան նրանց բանակի մէջ և ամոնացիներին կոտորեցին մինչև արևի ջերմացնելը։ Կենդանի մնացածները փախուստի դիմեցին այնպես, որ նրանցից երկու հոգու իրար մոտ չէիր գտնի։ 12Ժողովուրդն ասաց Սամուէլին. «Այդ ո՞վ էր ասում, թե Սավուղը չի կարող թագավորել մեզ վրա, մեզ հանձնի՛ր այդ մարդկանց, որ սպանենք նրանց» ։ 13Սամուէլն ասաց. «Այսօր ոչ ոք չի սպանվելու, որովհետև Տերն այսօր փրկություն պարգևեց Իսրայելին» ։ 14Սամուէլը խոսելով ժողովրդի հետ՝ ասաց. «Գնանք Գաղգաղա և թագադրության տոնակատարություն անենք» ։ 15Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ, Գաղգաղայում, Տիրոջ առջև Սամուէլը Սավուղին թագավոր օծեց։ Խաղաղության զոհեր մատուցեցին Տիրոջ առաջ, և Սամուէլն ու ամբողջ ժողովուրդը շատ ուրախացան: