Հեղափոխական պրոլետարիատի տասներկու սեռական պատվիրանները. իններորդ պատվիրան
9. Սեռական ընտրությունը պետք է կառուցվի դասակարգային, հեղափոխական-պրոլետարական նպատակահարմարության հենքի վրա: Սիրային հարաբերություններում չպիտի լինեն սիրախաղի (ֆլիրտ), սիրաշահման, կոտրատվելու և հատուկ սեռական նվաճման նպատակով գործածվող նմանատիպ այլ մեթոդներ: Դասակարգը սեռական կյանքը դիտարկում է որպես սոցիալական, այլ ոչ թե նեղ անձնական ֆունկցիա, և այդ իսկ պատճառով սիրային կյանքում պետք է հաղթեն սոցիալական, դասակարգային արժանիքները, և ոչ թե ֆիզիլոգիական-սեռական խայծերը, որոնք մեծի մասամբ մեր նախակուլտուրական վիճակի մնացորներ են, կամ էլ կյանքի շահագործողական պայմանների նեխող ներգործության արդյունք: Սեռական հակումն ինքնին կենսաբանորեն բավականաչափ ուժեղ է, որպեսզի կարիք չլինի այն էլ ավելի գրգռել հավելյալ այլ եղանակներով: Քանի որ ամբողջ մարդկությանը կործանումից փրկող հեղափոխական դասակարգի սեռական կյանքը բովանդակում է սերնդի միջոցով հասարակությանն առողջացնելու հեղափոխական-կոմունիստական խնդիրներ, ակնառու է, որ որպես սեռական ամենազորեղ գրգռիչներ պիտի իրենց դրսևորեն ոչ թե դասակարգային-անպտուղ «գեղեցկություն» -ը, «կանացիություն» -ը, կոպիտ «մկանուտ», «բեղավոր» առնականությունը, որոնք քիչ տեղ ունեն և որոնցից օգուտը քիչ է արդյունավետականացող, ինտելեկտուալ և ընկերային դարձող մարդկության մեջ, այլ ժամանակակից մարտիկ-մարդը պետք է ունենա նուրբ ու ճշգրիտ ինտելեկտուալ ապարատ, սոցիալական մեծ ճկունություն ու զգացողություն, դասակարգային համարձակություն և հաստատակամություն, և կարևոր չէ, թե այդ մարդը տղամարդ է, թե կին: Անուժ և փխրուն «կանացիություն» -ը, որը հանդիսանում է կանանց հազարամյակներ տևած ստրկական վիճակի ծնունդ և որը կանացի կոկետության և ֆլիրտի միակ մատակարարն է, և Ճիշտ այդպես էլ «բեղավոր», «մկանուտ» և «ուժեղ բռունցք» ունեցող առնականությունը, որն ավելի շատ հարկավոր է բեռնակրին կամ նախահրազենային ժամանակաշրջանի ասպետին, քան շրջահայց և տեխնիկական կրթություն ունեցող ժամանակակից հեղափոխականին, իհարկե, նվազագույն չափով են համապատասխանում հեղափոխության և հեղափոխական սեռական ընտրության կարիքներին: Գեղեցկության, առողջության մասին հասկացություններն այժմ արմատապես վերանայվում են մարտիկ- դասակարգի կողմից դասակարգային նպատակահարմարության տեսակետից, և մարդկության պատմության շահագործողական ժամանակաշրջանի դասակարգային անպտուղ «գեղեցկություն» -ը, «ուժ» -ը անխուսափելիորեն ջնջվելու և փոշիացվելու են ամենաարգասաբեր հեղափոխական նպատակահարմարությամբ: Իզուր չէ, որ գեղեցկության և ուժի իդեալները սոցիալական տարբեր շերտերում խորապես տարբերվում են, և բուրժուական ինտելիգենցիայի էսթետիկան ամենևին հարգանք չի ներշնչում պրոլետարիատին: Բայց պրոլետարիատը դեռ իր էսթետիկան չունի, այն ստեղծվում է իր հաղթական դասակարգային պայքարի գործընթացում, և այդ պատճառով հրեշավեր սխալ կլիներ դասակարգային նոր սեռական մեթոդների ընտրության ճանապարհին օգտվել հին, դասակարգային պիտանելիության առումով նեխած սեռական հրապուրման ձևերից: Դասակարգային առումով ինչպիսի՞ն կլինի այն ծնողների ստեղծած սերունդը, որոնց գլխավոր արժանիքները (որոնք նախկինում եղել են հիմնական սեռական գրգռիչները) մոր ուժազուրկ, կոտրատվող ու կեղծ կանացիությունը և հոր «թիկնավետությունն ու մկանոտությունն» են համարվել: Հեղափոխությունը, ինչ խոսք, դեմ չէ թիկնեղությանը, բայց նա, վերջին հաշվով, այդ ուսերով չի հաղթում, և ոչ էլ դրանց վրա պիտի կառուցվի հեղափոխական սեռական ընտրությունը: Կնոջ անզոր փխրունությունը նրան ոչնչով օգտակար չէ. տնտեսապես և քաղաքականորեն, այսինքն նաև ֆիզիոլոգիապես, ժամանակակից պրոլետար կինը պետք է մոտենա և էլ ավելի մոտենա տղամարդուն: Պետք է ձգտի հասնել ֆիզիկական առողջության և դասակարգային ստեղծագործական արժեքների այնպիսի ներդաշնակ կոմբինացիայի, որոնք ամենանպատակահարմարն են պրոլետարիատի հեղափոխական պայքարի շահերի տեսակետից: Այդ կոմբինացիայի մարմնավորումն էլ կլինի պրոլետարական սեռական ընտրության իդեալը: Սեռական հիմնական խայծերը պիտի լինեն դասակարգային հիմնական արժանիքները, և միայն դրանց վրա հետագայում կստեղծվի սեռական միությունը: Դրանք էլ իրենցով կսահմանեն նաև գեղեցկության, առողջության դասակարգային ըմբռնումը: Իզուր չէ, որ ոչ միայն «գեղեցկություն» հասկացությունը, այլև «կենսաբանական նորմա» հասկացությունն այժմ ենթարկվում են գիտական կրքոտ քննարկումների: |