Քաղվածքներ հրեաների «Միշնե Թորա»-ից
Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից խաղաղասեր: Պատճառն այն է, որ տղամարդիկ ստեղծված են փափուկ հողից, իսկ կանայք՝ կարծր կողոսկրից: *** Ռաբբի Մեիրն ասել է. «Մարդը պարտավոր է ամեն օր երեք անգամ օրհնանք բարձրաձայնել: Ահա՛ դրանք. «Օրհնյալ ես դու, որ ինձ հրեա արարեցիր, օրհնյալ ես դու, որ ինձ կին չարարեցիր, օրհնյալ ես դու, որ ինձ տգետ չարարեցիր»: *** Ոչ ուղղափառ Թալմուդյան տրակտատն ամուսնական պայմանագրերերի մասին ասում է. «Տղամարդը որքա՞ն հաճախ պետք է մերձենա կնոջը: Ռաբբի Եղիազարն ասաց. «Չզբաղված տղամարդը՝ ամեն օր, օրավարձու աշխատողը՝ շաբաթական երկու անգամ, էշավարները՝ շաբաթական մեկ անգամ, ուղտավարները՝ երեսուն օրը մեկ անգամ, նավաստիները՝ վեց ամիսը մեկ անգամ: *** Ուշա քաղաքում որոշում են կայացրել, որ եթե մարդը ցանկանում է զբաղվել բարեգործությամբ, ապա նա իրավունք ունի բարեգործության վրա ծախսել իր ունեցվածքի միայն հինգերորդ մասը և ոչ ավելի, որպեսզի հետո ինքը ուրիշի բարեգործությունից կախվածության մեջ չհայտնվի: *** Իր զավակի մահը տարած կնոջն այլևս ոչինչ չի կարող վախեցնել: *** Երկու վիճաբանողներից ճիշտը նա է, ով առաջինն է լռում: *** Հրեական սովորույթները խախտող կինը վտարվում է առանց դրամական փոխհատուցման...Ռաբբին Թարֆոնն ասում է. «Նաև որոտաձայն կինը»: Իսկ ի՞նչ է նշանակում «որոտաձայն»: Դա այն կինն է, որը երբ խոսում է իր տանը, հարևանները լսում են»: *** Ռաբբի Եգուդան ասում է. «Ով իր որդուն արհեստ չի սովորեցնում, նրան հանցագործություն է ուսուցանում»: Նրան հարցնում են. «Մի՞թե այդպես անմիջապես հանցագործություն»: Ռաբբի Եգուդան բացատրում է. «Նրան արհեստ չսովորեցնելը նույնն է, թե նրան գողություն անել ես սովորեցնում»: *** Ռաբբի Հունան այն համոզմանն է եղել, որ եթե մարդը քսան տարեկան է դարձել ու դեռ ամուսնացած չէ, ապա նա իր կյանքի մնացած մասը մեղքի մեջ է ապրելու: Մի՞թե նա նկատի է ունեցել իսկական մեղքը: Ոչ, նա համարել է, որ մարդը մտքում է մեղք գործելու: *** Եթե քեզ կասեն. «Փնտրեցինք, բայց չգտանք», - մի՛ հավատա: Եթե քեզ կասեն. «Չփնտրեցինք, բայց գտանք», - մի՛ հավատա: Եթե քեզ կասեն. «Փնտրեցինք ու գտանք», - հավատա՛»: *** Մի՛ անտեսիր տգետի օրհնությունը: Մի՛ անտեսիր տգետի նզովքը: *** Մարգարիտն ամեն տեղ մարգարիտ է: Եթե մեկն այն կորցրել է, ապա այն միայն նա է կորցրել: *** Թորայի գլանափաթեթը կարելի է վաճառել միայն հանուն կրթության և հանուն ամուսնության: *** Կրթությունը կարելի է ընդհատել միայն հանգուցյալին հուղարկավորելիս և հարսնացուին ամուսնական մահիճ ուղեկցելիս: *** Նա, որի հետ հրաշք է կատարվում, այդ մասին չգիտե: *** Մեծ մեղքը մոռացվում է, իսկ փոքրը՝ ոչ: *** Ներիր Իսրայելի որդիներին. նրանք եթե մարգարեներ չեն, ապա մարգարեների որդիներ են: *** Եթե ուզում ես կախվել, ապա գոնե բարձր ծառ ընտրիր: *** Ամուսնալուծվածի հետ ամուսնացած ամուսնալուծված՝ չորսը մեկ անկողնում: *** Շները, աքլորներն ու կրակապաշտ քրմերն իրար ատում են: Ոմանք ասում են. «Նաև անառակները»: Իսկ ոմանք էլ ասում են. «Նաև Բաբելոնի իմաստունները»: *** Գտի՛ր քեզ ուսուցիչ, ձե՛ռք բեր ընկեր և յուրաքանչյուր մարդու մեջ միայն լա՛վը տես: *** Կատարիր Նրա (Աստծու) կամքը որպես քո կամք. այդժամ Նա կկատարի քո կամքը որպես իր կամք: *** Եթե ես ինձ չպաշտպանեմ, ապա ո՞վ կպաշտպանի ինձ: Բայց եթե ես միայն ինքս ինձ համար լինեմ, ապա արժեք կունենա՞մ: Եվ եթե դրա պատասխանը հիմա չփնտրեմ, ապա՝ ե՞րբ: |