
Նոր ինքնակալը, որին հայերը հաճախ Լևոն 3-րդ են ներկայացնում, իրականում երկրորդ Լևոնն է: Լևոն Առաջինը (1129 - 1137) ընդամենը բարոն է եղել: Կիլիկիայում հայոց թագավորությունը տասներկուերորդ դարի վերջում, այսինքն այս վերջին սենյորի ժամանակ է հաստատվել, որը դարձել է Լևոն Առաջին: Արդ, Հեթում Առաջինի որդին է Լևոն անունով առաջին հայոց թագավորը Կիլիկիայում: Այս իշխանի գահակալության շրջանը (1270 - 1289) միայն դժբախտությունների ժառանգման ժամանակաշրջան է եղել: Հեթումի կառավարման ժամանակաշրջանում թագավորական իշխանությունը մեծ ձախողումների պատճառով խիստ սասանվել էր, և շատ հայ իշխաններ նախընտրել էին հնազանդվել Եգիպտոսի կառավարչին, քան անհավասար պայքար մղել նրա մեծ բանակի դեմ: Մահմեդականներից վախն այնքան մեծ է եղել, որ հայ ազնվականները նույնիսկ օժանդակել են մամլյուքներին Կիլիկիան վերջնականորեն նվաճելու գործում: Լևոն թագավորը շատ թույլ է արձագանքել ավատատերերի այս հանցավոր քայլերին ու բավարարվել է նրանով, որ նրանց քշել է իրենց ամրոցներից: Բայց այս գործելաոճն է՛լ ավելի է խորացրել ատելությունը թագավորական իշխանության նկատմամբ: Մինչ թագավորը ջանացել է բարձրացնել իր ժողովրդի ոգին, հանկարծ, առանց աննշան իսկ պատրվակի, Բիբարսի ամիրաները մեծ բանակով նորից ներխուժել են Կիլիկիա: Միսիսն արագ գրավել են, բնակիչները սրի են քաշվել: Սիսը դիմադրել է, Տարսոնը նույնպես գրավվել է, որում գտնվող թագավորական պալատը և Սուրբ Սոֆիայի տաճարը հրկիզվել են, և եգիպտացիները տիրացել են պետության գանձերին: 15 հազար մարդ յաթաղանի կերակուր է դարձել, իսկ 10 հազար մարդ գերի է տարվել փարավոնների երկիր: Այասը նույնպես նույն ճակատագրին է արժանացել, և այնտեղի ամբողջ ֆրանկ և հայ բնակչությունը կոտորվել է: Դա մի սարսափելի աղետ էր, որի հիշողությունն անջնջելի է մնացել թե՛ սարսափահար եղած հայերի, թե՛ Կիլիկիայից հարստացած ու ցնծացող սրտերով հեռացած մահմեդականների մեջ:
Հայաստանը, սակայն, լիովին չի ջախջախվել, դաժան պայքարը շարունակվել է: Թուրքամանների աջակցությամբ Լևոնը որոշ հաջողությունների է հասել, բայց դրանից հետո Կիլիկիան նորից գրավվել է ու թալանվել: Ի վերջո Բիբարսը 1277 թ. հունիսի 30-ին մեռել է, բայց նրա մահը հայերի համար ընդամենը որոշ ժամանակով ռազմական գործողությունների դադար է նշանակել: Մանգու Թեմուրը, 50 հազար թաթարի գլուխ անցած, նաև աջակցությամբ 25 հազար հայերի ու կովկասցիների, Հոմս հարթավայրում ելել է Եգիպտոսի սուլթան Մելիք Մանսուրի և Դամասկոսի սուլթան Սոնքոր Աշքարի դեմ (1281-ի հոկտեմբերի 29): Ճակատամարտում թաթարները պարտվել են, և դա կործանարար հետևանքներ է ունեցել քրիստոնյաների ու նրանց դաշնակիցների համար: Հաղթողները հետապնդել են հայերին և մտել են Կիլիկիա: Նոր Հայստանի տաճարական ասպետների հրամանատարի միջնորդությամբ Լևոն 2-րդը հաշտություն է կնքել Եգիպտոսի հետ: Հաշտության պայմանագրի տևողությունը տասը տարի, տասը ամիս և տասն օր էր, բայց Կահիրեի սուլթանի թելադրած պայմանները շատ ծանր էին: Լևոնը պարտավորվել է տարեկան մեկ միլիոն դիրհեմ ռազմատուգանք վճարել, ազատ արձակել բոլոր մահմեդական վաճառականներին, փոխհատուցել նրանց կորուստները, վերադարձնել փախստական մահմեդականներին, վերադարձնել նաև ցանկացած ազգության ու դավանանքի ստրուկներին:
Նկարում՝ Հեթումի և Իկոնիայի սուլթանների անուններով դրամներ:
Ժակ դը Մորգան