Ֆրանսիացի նշանավոր հայագետ Ժակ դը Մորգանը Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն 2-րդի հաջորդների մասին (3)
Այս հայ իշխանավորին վիճակվել էր թողնել իր արքունական պալատը, անցնել Ասիայի բոլոր մահմեդական երկրներով, որպեսզի Սիբիրից եկած բարբարոսների մոտ դեսպանի դեր կատարեր: Եվ հարաբերություններ են հաստատվել բուն Հայաստանն ամայացրած բարբարոս հեթանոսների հետ: Հեթումը մոնղոլներին համարել է իր բնական դաշնակիցները: Երբ Մանգու խանը, ասում է ժամանակագիրը, լսեց Արմենիայի թագավորի խնդրանքը, կարգադրեց հավաքել արքունիքը և հրամայեց կանչել Արմենիայի թագավորին իր մոտ և բոլորի առաջ այսպես ասաց. «Քանի որ Արմենիայի թագավորը եկել է...Քեզ՝ Արմենիայի թագավոր, պատասխանում ենք...որ բարեհաճորեն կկատարենք քո բոլոր խնդրանքները…Իմ իշխանության տակ գտնվողներին կմկրտենք, որովհետև նրանք հավատում են: Բայց ոչ ոք չի կարող դա բռնությամբ անել, քանի որ հավատն ու համոզմունքը չեն կարող ուժով պարտադրվել: Երկրորդ հարցին մենք պատասխանում ենք, որ մենք խաղաղությունն ու բարեկամությունը հավերժական ենք տեսնում, մենք և մեր ժողովուրդը քրիստոնյաներից առաջ ենք անցած: Որպես քրիստոնեական եկեղեցի և որպես հոգևորականություն, ինչ վիճակ էլ լինի՝ կրոնական, թե աշխարհիկ, եկեք ազնիվ ու անկեղծ լինենք: Մեր անկեղծ ցանկությունն է նվաճել Սուրբ երկիրը: Բայց քանի որ մենք շատ այլ կարիքներ ունենք, մենք պարտավոր ենք ենթարկվել մեր հպարտ Ալաոնին (Հուլաու խանին), և նա կկատարի այդ հանձնարարությունը և Սուրբ Երուսաղեմը կազատի անհավատների ձեռքից ու այն կվերադարձնի քրիստոնյաներին… Եվ մեր եղբայրը թող քնի այն վստահությամբ, որ կտեսնի Դամասկոս քաղաքը նվաճված, և որ նա պարտավոր է ոչնչացնել խալիֆին, որը դարձել է մեր ոխերիմ թշնամին»: Հեթումը կատարում է այդ քայլը, քանի որ ամպրոպի ալիքն ամբոջ Առաջավոր Ասիայի վրա էր թափվում: 1257 թվականին Հուլաու ահեղ խանը շարժվեց Փոքր Ասիայի կենտրոն, տապալեց Իկոնիայի սուլթանների իշխանությունը, այնուհետև գրավեց Բաղդադը, 1258 թվականի փետրվարի 4-ին մորթեց Մոթասամ խալիֆին ու նրա երկու որդիներին: Արաբական մայրաքաղաքում 40 օր շարունակ կոտորած էր տեղի ունենում: Իր ամբողջ ճանապարհին Հուլաուն միայն ավերակներ էր թողնում. Էրզրումը, Իրզինջան (Երզնկա), Սեբաստիան, Կեսարիան, Իկոնիան, Մարտիրոպոլիսը, Հալեպը, Դամասկոսը, Եդեսիան, Խառանը, Ամիդը ամայացվեցին, և ամենուրեք բնակչությունը կոտորվեց: Քրիստոնյաները, սակայն, մուսուլմանների համեմատ, ամենաքիչը տուժեցին այդ հսկայածավալ կոտորածներ ժամանակ՝ շնորհիվ Դոքուզ խաթուն արքայադրստեր միջամտության ու նաև այն պատճառով, որ մոնղոլների դաշնակից Հեթումը կռվում էր նրանց զորքերի կազմում: Հուլաուին հետ է դարձրել նրա եղբայր Մանգուի մահը, և նա հեռացել է Փոքր Ասիայից: Նա, սակայն, այստեղ է թողել հսկայական հորդաներ, որոնք շարունակել են մահ սփռել, շարունակել այն գործը, որն սկսել էր իրենց սարսափազդու առաջնորդը: Բայց հորդաները նվազ վտանգավոր են եղել, որովհետև գործել են առանց միասնական ղեկավարման և ուղղորդման: Հենց այդ ժամանակ է, որ ասպարեզ է իջնում Եգիպտոսի սուլթան Բիբարսը, որն օգտվելով այն խառնակ վիճակից, որ ստեղծվել էր մոնղոլների ղեկավարի հեռացումից հետո, որոշում է ոչնչացնել լատինական իշխանությունները: Օգտվելով այն հանգամանքից, որ թաթարները հեռու են, նա ներխուժում է Կիլիկիա, ջախջախում է Հեթումի Լևոն և Թեոդորոս որդիների հապշտապ հավաքած բանակը: Թորոսը մարտում զոհվում է, իսկ առաջինը գերի է ընկնում (1266-ի օգոստոսի 24): Տաճարականների քաղաք Ադուան, ինչպես նաև Կիլիկիայի Սիս, Ադանա, Այաս, Տարսոն քաղաքներն ընկնում են մամլյուքների տիրապետության տակ: Նրանք ավերում են այդ քաղաքները, իսկ տեղի բոլոր բնակիչներին կոտորում են: Ի վերջո, 1268 թվականի մայիսի 19-ին, խաչակիրները կորցնում են Անտիոքը: Այս քաղաքի տղամարդկանց կոտորելուց հետո հաղթողը կանանց բաժանում է իր զինվորներին: Դա վիթխարամասշտաբ թալան էր, որի նմանը հազվադեպ կարելի է տեսնել: Վերջ ի վերջո Հեթումը շատ թանկ գնով խաղաղություն է ստանում հաղթողից: Նրա որդի Լևոնը վերադարձվում է, փոխարենը նա հանձնում է Հալեպի պաշարման ժամանակ Հուլաուի ձեռքն ընկած Շամս ադ դին Սոնքոր ալ Աշխարին՝ Բիբարսի սիրելիին: Արքայազն Լևոնի վերադարձից հետո թագավորը հրաժարվում է գահից՝ հօգուտ նրա և մեկուսանում է երկրի վանքերից մեկում, որտեղ էլ 1270-ի հոկտեմբերի 28-ին մահանում է: Վերին նկարում՝ Հեթումի դրամը: (շարունակելի) |